Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 105–111
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
    2006 Դիտարան
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • «Չե՛մ թողնի անարատությունս»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Եհովան ամոքեց նրա ցավը
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 105–111

Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ

Գրողը՝ Մովսես

Գրվելու վայրը՝ անապատ

Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 1473թ.

Ընդգրկված ժամանակահատվածը՝ ավելի քան 140 տարի՝ մ.թ.ա. 1657 թ. և 1473թ. միջև

1. Ի՞նչ է նշանակում «Հոբ» անունը, և ի՞նչ հարցերի է պատասխանում «Հոբ» գիրքը։

ԱՅՍ գիրքը Աստվածաշնչի ամենահին գրքերից մեկն է, գիրք, որը մարդիկ շատ են արժևորում, որից հաճախ մեջբերումներ են անում, սակայն որում շատ բան այդպես էլ հանելուկ է մնում նրանց համար։ Ինչո՞ւ է գրվել այս գիրքը և ինչո՞վ է օգտակար մեզ համար։ Պատասխանը գտնում ենք հենց «Հոբ» անվան նշանակության մեջ, որն է՝ «թշնամանքի առարկա»։ Գիրքը պատասխանում է երկու կարևոր հարցերի՝ «ինչո՞ւ են անմեղ մարդիկ տառապում» և «ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ երկրի վրա չարություն լինի»։ Այս հարցերի պատասխանները կստանանք, եթե ուսումնասիրենք Հոբի տառապանքների և նրա մեծ տոկունության մասին պատմությունը։ Այս ամենը գրի է առնվել, ինչպեսև ցանկանում էր Հոբը (Հոբ 19։23, 24)։

2. Ի՞նչն է փաստում, որ Հոբը իրական անձնավորություն էր։

2 Հոբը դարձել է համբերության և տոկունության խորհրդանիշ։ Բայց արդյոք իրականում եղե՞լ է Հոբ անունով մարդ։ Չնայած Սատանան ամեն բան արել է պատմության էջերից ջնջելու անարատության այս օրինակին, պատասխանը հստակ է. Հոբը պատմական անձնավորություն է։ Եհովան հիշատակում է նրան իր վկաներ Նոյի և Դանիելի կողքին, մարդիկ, որոնց իրական լինելը Հիսուս Քրիստոսը կասկածի տակ չի դրել (Եզեկ. 14։14, 20; համեմատի՛ր Մատթեոս 24։15, 37)։ Հին հրեա ազգը Հոբին իրական անձնավորություն էր համարում։ Քրիստոնյա աշակերտ Հակոբոսն իր նամակում նշեց Հոբի տոկունության մասին (Հակ. 5։11)։ Միայն իրական անձնավորությունը կարող էր Աստծու ծառաներին վստահեցնել, որ հնարավոր է անարատություն պահել բոլոր հանգամանքներում։ Դեռ ավելին, «Հոբ» գրքում ընդգրկված ազդեցիկ և հույզերով հագեցած զրույցներն ու խոսքերը փաստում են, որ կատարված իրադարձությունները իրական են եղել։

3. Ի՞նչն է փաստում, որ «Հոբ» գիրքը ներշնչված է Աստծուց։

3 «Հոբ» գրքի վավերականությունը հաստատվում է նրանով, որ հին հրեաները այն միշտ ընդգրկել են Աստվածաշնչի կանոնի մեջ։ Այս փաստը ուշագրավ է, քանի որ Հոբը իսրայելացի չէր։ Եզեկիելից և Հակոբոսից բացի, «Հոբ» գրքից մեջբերում է արել նաև Պողոս առաքյալը (Հոբ 5։13; 1 Կորնթ. 3։19)։ Գրքի ներշնչված լինելու անժխտելի ապացույց է նրա ապշեցուցիչ ներդաշնակությունը գիտական ապացուցված փաստերի հետ։ Որտեղի՞ց գրողը կարող էր իմանալ, որ Եհովան «երկիրը կախում է ոչնչի վրա», եթե հնում մարդիկ ֆանտաստիկ պատկերացումներ ունեին երկրի հենարանի մասին (Հոբ 26։7)։ Դրանցից մեկն այն էր, թե երկիրը պահում են հսկայական ծովային կրիայի վրա կանգնած փղերը։ Իսկ ինչո՞ւ «Հոբ» գրքում նման անհեթեթություն չկա։ Քանի որ գիրքը գրվել է Եհովայի՝ Ստեղծչի ներշնչմամբ, հետևաբար միայն վստահարժան տեղեկություն է պարունակում։ Երկրի և նրա հրաշալիքների, վայրի կենդանիների, թռչունների ու նրանց բնական միջավայրի մասին նկարագրություններն այնքան ճշգրիտ են, որ դժվար չէ եզրակացնել՝ միայն Եհովա Աստված կարող էր լինել «Հոբ» գրքի Հեղինակըa։

4. Որտե՞ղ և ե՞րբ են տեղի ունեցել «Հոբ» գրքում արձանագրված իրադարձությունները, ու ե՞րբ է ավարտվել գրքի գրությունը։

4 Հոբն ապրում էր Հուսի երկրում, որը, որոշ աշխարհագրագետների կարծիքով, գտնվում էր Արաբիայի հյուսիսում՝ եդոմացիների երկրի մոտ և Աբրահամի սերնդին խոստացված երկրից դեպի արևելք։ Հարավում սաբայեցիներն էին ապրում, արևելքում՝ քաղդեացիները (1։1, 3, 15, 17)։ Հոբի փորձությունը տեղի է ունեցել Աբրահամի օրերից շատ տարիներ անց։ Այն ժամանակներում Հոբի նմանը չկար երկրի վրա՝ «անարատ, ուղղամիտ» (1։8)։ Հավանաբար, դա եղել է Հովսեփի՝ բացառիկ հավատի տեր մարդու մահից հետո (մ.թ.ա. 1657թ.) և այն ժամանակից առաջ, երբ Մովսեսը սկսեց իր կյանքի անարատ ընթացքը։ Այդ օրերին Իսրայելը պղծված էր Եգիպտոսի դիվապաշտական կրոնով։ Իսկ Հոբը կառչած էր մաքուր երկրպագությանը։ «Հոբ» գրքի առաջին գլխում նշված սովորույթները և այն, որ Աստված Հոբին համարում էր իր ճշմարիտ ծառան, մատնանշում են նահապետական ժամանակները և ոչ թե ավելի ուշ՝ մ.թ.ա. 1513-ից հետո ընկած շրջանը, երբ Աստված միայն առնչվում էր Օրենքի տակ գտնվող Իսրայելի հետ (Ամոս 3։2; Եփես. 2։12)։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Հոբը երկար է ապրել, կարող ենք եզրակացնել, որ գիրքն ընդգրկում է այն ժամանակաշրջանը, որ ընկած է մ.թ.ա. 1657-ից մինչև մ.թ.ա. 1473-ը, այն տարին, երբ մահացավ Մովսեսը։ Գրքի գրությունը Մովսեսն ավարտել է Հոբի մահից հետո, երբ իսրայելացիները դեռ անապատում էին (Հոբ 1։8; 42։16, 17)։

5. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մովսեսն է գրել «Հոբ» գիրքը։

5 Ինչո՞ւ ենք ասում, որ գիրքը Մովսեսն է գրել։ Այս կարծիքը հիմնված է հրեական և վաղ քրիստոնյա գիտնականների ամենահին ավանդության վրա։ «Հոբ» գրքում օգտագործված եբրայերեն պոեզիային հատուկ կենդանի ոճից երևում է, որ գրքի սկզբնական տեքստը հին եբրայերենով է գրվել, որով խոսում էր Մովսեսը։ Գիրքը չէր կարող մեկ այլ լեզվից թարգմանված լինել, օրինակ՝ արաբերենից։ Բացի այդ, գրքի արձակ տեքստը ավելի շատ նման է Հնգամատյանին, քան Աստվածաշնչի մյուս գրքերին։ Գրողը, անկասկած, իսրայելացի է եղել, ինչպիսին որ Մովսեսն էր, քանի որ «Աստծու սրբազան պատգամները [հրեաներին] վստահվեցին» (Հռոմ. 3։1, 2)։ Հասուն տարիքում Մովսեսը 40 տարի ապրեց Հուսից ոչ հեռու գտնվող Մադիամի երկրում, որտեղ կարող էր մանրամասներ իմանալ այն դեպքերի վերաբերյալ, որ արձանագրեց «Հոբ» գրքում։ Հետագայում, երբ Իսրայելը 40 տարի դեգերում էր անապատում, Մովսեսը անցնում էր Հոբի հայրենի վայրերի կողքով և կարող էր իմանալ դեպքերի վերաբերյալ վերջին տվյալները և գրի առնել դրանք։

6. Ի՞նչ առումներով է «Հոբ» գիրքը գրական գլուխգործոցից ավելին։

6 «Նոր բրիտանական հանրագիտարանը» նշում է, որ «Հոբ» գիրքը հաճախ «համաշխարհային գրականության գլուխգործոցների շարքում են դասում»b։ Սակայն այս գիրքը գրական գլուխգործոցից ավելին է։ Այն առանձնանում է Աստվածաշնչի մյուս գրքերից, քանի որ յուրահատուկ կերպով է գովաբանում Եհովայի զորությունը, արդարությունը, իմաստությունը և սերը, ինչպես նաև հստակեցնում է տիեզերքում բարձրացված վիճաբանական հարցը։ Այն լույս է սփռում Աստվածաշնչի ուրիշ գրքերում, հատկապես «Ծննդոց», «Ելք», «Ժողովող», «Ղուկաս», «Հռոմեացիներ» և «Հայտնություն» գրքերում տեղ գտած շատ տեղեկությունների վրա (համեմատի՛ր Հոբ 1։6–12, 2։1–7-ը Ծննդոց 3։15, Ելք 9։16, Ղուկաս 22։31, 32, Հռոմեացիներ 9։16–19 և Հայտնություն 12։9 համարների հետ, նաև Հոբ 1։21, 24։15, 21։23–26, 28։28-ը՝ Ժողովող 5։15, 8։11, 9։2, 3 և 12։13 համարների հետ)։ Այս գրքում ենք գտնում կյանքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։ «Հոբ» գիրքը իրոք որ Աստծու ներշնչված Խոսքի անբաժանելի մասն է և օգնում է այն ավելի լավ հասկանալու։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

7. Նախաբանից ի՞նչ ենք իմանում Հոբի մասին։

7 Նախաբան (1։1–5)։ Հոբը «անարատ և ուղղամիտ մարդ է, վախենում է Աստծուց ու հեռանում չարից»։ Նա յոթ որդիների ու երեք աղջիկների երջանիկ հայր է։ Հոբը հարուստ հողատեր է, որն ունի բազմաթիվ նախիրներ ու հոտեր։ Նա շատ ծառաներ ունի և «բոլոր արևելցիների մեջ ամենամեծն է» (1։1, 3)։ Սակայն նյութապաշտ չէ, քանի որ չի ապավինում իր նյութական ունեցվածքին։ Հոբը նաև հոգևորապես է հարուստ, հարուստ է բարի գործերով, միշտ պատրաստ է օգնելու հարստահարվածին, նեղության մեջ գտնվողին և հագուստ տալու նրան, ով չունի (29։12–16; 31։19, 20)։ Բոլորը հարգում են Հոբին։ Նա երկրպագում է ճշմարիտ Աստված Եհովային։ Ի տարբերություն հեթանոս ազգերի՝ նա չի խոնարհվում արևի, լուսնի և աստղերի առաջ, այլ հավատարիմ է Եհովային, պահում է իր անարատությունը ու մտերիմ փոխհարաբերություններ ունի նրա հետ (29։7, 21–25; 31։26, 27; 29։4)։ Հոբը որպես քահանա է ծառայում իր ընտանիքի համար։ Նա կանոնավորաբար ողջակեզներ է մատուցում՝ մտածելով, որ տնեցիներից մեկը գուցե մեղք է գործել։

8. ա) Սատանան ինչպե՞ս է կասկածի ենթարկում Հոբի անարատությունը։ բ) Ինչպե՞ս է Եհովան պատասխանում նրա մարտահրավերին։

8 Սատանան մարտահրավեր է նետում Աստծուն (1։6–2։13)։ Զարմանալիորեն բարձրանում է վարագույրը, որը ծածկում է անտեսանելի ոլորտը, որպեսզի տեսնենք, թե ինչ է տեղի ունենում երկնքում։ Աստծու բոլոր ծառաները հավաքվում են, որ ներկայանան Եհովայի առաջ։ Սատանան էլ է գալիս ու կանգնում նրանց մեջ։ Եհովան ուշադրությունը հրավիրում է իր հավատարիմ ծառա Հոբի վրա, բայց Սատանան կասկածի է ենթարկում Հոբի անարատությունը՝ մեղադրելով նրան, որ ծառայում է Աստծուն, քանի որ նյութական օգուտներ է ստանում նրանից։ Եթե Աստված թույլ տա Սատանային զրկել նրան այդ բաներից, Հոբը կթողնի իր անարատությունը։ Եհովան ընդունում է մարտահրավերը, բայց արգելում է Սատանային դիպչել նրան։

9. ա) Ի՞նչ դաժան փորձությունների է բախվում Հոբը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ նա պահում է իր անարատությունը։

9 Հոբի գլխին անսպասելիորեն իրար հետևից բազում աղետներ են գալիս։ Սաբայեցիներն ու քաղդեացիները հարձակվում են ու թալանում նրա մեծ հարստությունը։ Փոթորիկը սպանում է նրա որդիներին ու աղջիկներին։ Չնայած այս դաժան փորձությանը՝ Հոբը չի անիծում Աստծուն ու երես չի թեքում նրանից։ Ընդհակառակը՝ նա ասում է. «Թող Եհովայի անունը օրհնյալ լինի» (1։21)։ Սատանան, որը պարտվում ու ստախոս է դուրս գալիս, կրկին ներկայանում է Եհովայի առաջ ու հայտարարում. «Մորթի փոխարեն մորթ. մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն» (2։4)։ Սատանան պնդում է, որ եթե իրեն թույլ տրվի դիպչել Հոբի մարմնին, նա կարող է ստիպել նրան երես առ երես անիծել Աստծուն։ Քանի որ նրան թույլ է տրվում ամեն ինչ անել Հոբին, բացի նրա կյանքը վերցնելուց, նա սարսափելի հիվանդությամբ է հարվածում վերջինիս։ Նրա մարմինը «որդեր ու հողի կոշտուկներ է հագնում», և նրա մարմինն ու շնչառությունը նողկալի են դառնում իր կնոջ ու ազգականների համար (7։5; 19։13–20)։ Բայց Հոբը շարունակում է պահել իր անարատությունը, ինչը երևում է նրա կնոջ խոսքերից. «Դեռ կառչա՞ծ ես քո անարատությունից։ Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ Հոբը հանդիմանում է նրան և «իր շուրթերով մեղք չի գործում» (2։9, 10)։

10. Ի՞նչ լուռ մխիթարողներ է ուղարկում Սատանան։

10 Այդ ժամանակ Սատանան դրդում է Հոբի երեք ընկերներին գալ և «մխիթարել» նրան։ Նրանց անուններն են Եղիփազ, Բաղդատ և Սոֆար։ Հեռվից նրանք չեն ճանաչում Հոբին։ Հետո բարձր ձայնով լաց են լինում ու իրենց գլխին փոշի են շաղ տալիս։ Նրանք նստում են նրա առաջ հողի վրա, և ոչ մեկը մի խոսք անգամ չի ասում։ Յոթ օր ու յոթ գիշեր նրանք լուռ «մխիթարում» են Հոբին։ Ի վերջո, Հոբը խախտում է լռությունը և երկար զրույց սկսում իր՝ այսպես կոչված մխիթարիչների հետ (2։11)։

11-13. Հոբն ինչպե՞ս է սկսում զրույցը, ինչո՞ւմ է Եղիփազը մեղադրում նրան, և Հոբը ի՞նչ է համարձակորեն պատասխանում։

11 Զրույցի առաջին մասը (3։1–14։22)։ Սկսած այս պահից՝ դրամա է զարգանում։ Այն գրված է բանաստեղծական ոճով, որը համարվում է եբրայական պոեզիայի լավագույն գործերից։ Հոբը անիծում է իր ծնված օրը և հարցնում, թե ինչու է Աստված թույլ տվել իրեն ապրել։

12 Ի պատասխան՝ Եղիփազը մեղադրում է Հոբին, որ անարատ չէ։ Նա պնդում է, որ ուղղամիտները երբեք չեն կորչել։ Եղիփազը հիշում է գիշերվա մի տեսիլք, որում մի ձայն ասաց նրան, որ Աստված իր ծառաներին չի հավատում, հատկապես նրանց, ովքեր կավից են ստեղծվել, հողի փոշուց։ Նա ասում է, որ Հոբի տառապանքները խրատ են Ամենակարող Աստծու կողմից։

13 Հոբը համարձակորեն պատասխանում է Եղիփազին։ Նա բղավում է այնպես, ինչպես կբղավեր դժբախտությունների ու նեղությունների մեջ ընկած մարդը։ Նա ասում է, որ մահը մխիթարություն կլիներ իր համար։ Հոբը կշտամբում է ընկերներին իր դեմ չարիք ծրագրելու համար և ասում. «Սովորեցրեք ինձ, և ես լուռ կմնամ, բացատրեք ինձ, թե ինչ սխալ եմ թույլ տվել» (6։24)։ Հոբը Աստծու՝ «մարդկանց Դիտողի» առաջ պայքարում է իր արդարության համար (7։20)։

14, 15. Ի՞նչ է ասում Բաղդատը, և Հոբն ինչո՞ւ է վախենում, որ տանուլ կտա իր դատական գործը Աստծու դեմ։

14 Զրույցի մեջ է մտնում Բաղդատը։ Նա ակնարկում է, որ Հոբի որդիները մեղք են գործել, և որ Հոբը ուղղամիտ չէ, հակառակ դեպքում Աստված կլսեր նրան։ Նա խորհուրդ է տալիս Հոբին առաջնորդություն փնտրել անցած սերունդներից և ուշադրություն դարձնել այն բաներին, որ քննել են նրանց հայրերը։

15 Հոբը պատասխանում է, որ Աստված չի կարող անարդարացիորեն վարվել և հաշվետու չէ մարդուն, քանի որ «նա մեծ բաներ է անում, որ անըմբռնելի են, և սքանչելի բաներ, որ թիվ չունեն» (9։10)։ Հոբը չի կարող շահել գործը Եհովայի՝ իր դատական հակառակորդի դեմ։ Նա միայն կարող է Աստծու հաճությունը աղերսել։ Այդուհանդերձ, արժե՞ արդյոք ձգտել ճիշտն անել։ «Ինչպես անարատին, այնպես էլ ամբարշտին նա բնաջինջ է անում» (9։22)։ Երկրի վրա արդար դատաստան չկա։ Հոբը վախենում է, որ տանուլ կտա իր դատական գործը Աստծու դեմ։ Նա միջնորդի կարիք ունի։ Հարցնում է, թե ինչու է փորձվում, և խնդրում է Աստծուն հիշել, որ իրեն «կավից» է ստեղծել (10։9)։ Նա գնահատում է նախկինում իր հանդեպ Աստծու դրսևորած բարությունը, բայց ասում է, որ եթե վիճի, ապա նույնիսկ եթե ճիշտ լինի, Աստված ավելի շատ կբարկանա իր վրա։ Երանի՜ Հոբը մեռներ։

16, 17. ա) Սոֆարը հանդգնորեն ի՞նչ խորհուրդ է տալիս։ բ) Հոբն ի՞նչ է մտածում իր «մխիթարիչների» մասին և ի՞նչ ամուր հույս է արտահայտում։

16 Զրույցին միանում է Սոֆարը։ Նա, ըստ էության, հետևյալն է ասում. «Հո երեխա՞ չենք, որ դատարկ խոսքեր լսենք։ Դու ասում ես, որ մաքուր ես, բայց եթե Աստված խոսեր, նա հայտնի կդարձներ քո հանցանքները»։ Սոֆարը Հոբին հարցնում է. «Կարո՞ղ ես ըմբռնել Աստծու խորունկ բաները» (11։7)։ Նա Հոբին խորհուրդ է տալիս հեռացնել չար գործերը, որովհետև ով այդպես վարվի, օրհնություններ կստանա, իսկ «ամբարիշտների աչքերն այլևս չեն տեսնի» (11։20)։

17 Հոբը հեգնանքով բացականչում է. «Արդարև, միայն դուք եք մարդիկ, և իմաստությունը ձեզ հետ կմեռնի» (12։2)։ Գուցե նա ծաղրի առարկա է դարձել, բայց նրանցից ստորադաս չէ։ Եթե նրա ընկերները նայեն Աստծու ստեղծագործությանը, ինչ-որ բան կսովորեն։ Ուժն ու իմաստությունը Աստծու մոտ են, որը ղեկավարում է բոլոր բաները, նույնիսկ «մեծացնում է ազգերը, որ կործանի նրանց» (12։23)։ Հոբը Աստծու հետ բանավիճելուց հաճույք է ստանում, բայց իր երեք «մխիթարիչներին» ասում է. «Դուք ստություն եք քսում, դուք բոլորդ անպետք բժիշկներ եք» (13։4)։ Իմաստուն կլինի, որ նրանք լռեն։ Նա վստահությամբ ասում է, որ իր դատական գործը արդար է, և կանչում է Աստծուն, որ լսի իրեն։ Հոբը ուշադրություն է դարձնում այն բանին, որ «կնոջից ծնված մարդու կյանքը կարճատև է ու տագնապներով լի» (14։1)։ Մարդը ծլած ծաղկի ու ստվերի պես արագ անցնում է։ Հնարավոր չէ, որ անմաքուրից մաքուր ծնվի։ Նա աղոթում է, որ Աստված գերեզմանում ծածկի իրեն, մինչև իր բարկությունը անցնի։ Հոբը հարցնում է. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ի պատասխան՝ նա իր ամուր հույսն է արտահայտում. «Պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա» (14։13, 14)։

18, 19. ա) Իր խոսքի երկրորդ մասում ի՞նչն է ծաղրում Եղիփազը։ բ) Ինչպե՞ս է Հոբը արձագանքում իր ընկերների տված «մխիթարությանը» և ինչո՞ւ է իր հայացքը Եհովային ուղղում։

18 Զրույցի երկրորդ մասը (15։1–21։34)։ Իր խոսքի երկրորդ մասում Եղիփազը ծաղրում է Հոբի գիտելիքները՝ ասելով, որ նա «իր որովայնը արևելյան քամիով է լցրել» (15։2)։ Կրկին նա թերագնահատում է Հոբի խոսքերը իր անարատության մասին՝ պնդելով, որ ո՛չ մահկանացու մարդը, ո՛չ երկնքում սուրբ հրեշտակները Եհովայի առաջ չեն կարող հավատարիմ լինել։ Նա անուղղակիորեն Հոբին մեղադրում է, որ փորձում է Աստծուց գերազանց երևալ, ասում է, որ նա հավատուրաց է, կաշառակեր ու խաբեբա։

19 Հոբը առարկում է՝ իր ընկերներին ասելով, որ նրանք «վշտացնող մխիթարողներ են», որոնք «դատարկ խոսքեր» են ասում (16։2, 3)։ Եթե նրանք իր փոխարեն լինեին, նա չէր վատաբանի նրանց։ Ամբողջ սրտով ցանկանալով արդարացվել՝ Հոբն իր հայացքը Եհովային է ուղղում, որը ամեն բան գիտի իր մասին ու վճիռ կկայացնի իր գործի հետ կապված։ Հոբը տեսնում է, որ իր ընկերները իմաստություն չունեն։ Նրանք հույսի նշույլ անգամ չեն թողնում։ Նրանց խոսքերը «մխիթարություն» կոչել նույնն է, ինչ ցերեկը գիշեր անվանել։ Միակ հույսը գերեզման իջնելն է (17։15, 16)։

20, 21. Ինչո՞ւ է Բաղդատը բարկացած, ի՞նչ է ասում Հոբը, և ինչո՞ւմ է նա վստահ։

20 Վեճը թեժանում է։ Բաղդատը բարկացած է, քանի որ մտածում է, թե Հոբը իր ընկերներին համեմատում է հասկացողություն չունեցող անասունների հետ։ Նա Հոբին հարցնում է. «Մի՞թե հանուն քեզ երկիրը պիտի լքված լինի» (18։4)։ Բաղդատը զգուշացնում է Հոբին, որ կընկնի սարսափելի որոգայթի մեջ, և դա օրինակ կլինի ուրիշների համար։ Հոբը սերունդ չի ունենա։

21 Հոբը պատասխանում է. «Մինչև ե՞րբ եք հոգիս վրդովեցնելու և խոսքերով ինձ ջախջախելու» (19։2)։ Նա կորցրել է իր ընտանիքն ու ընկերներին, նրա կինն ու տնեցիները երես են թեքել իրենից, իսկ ինքը «հազիվ է մահից պրծել» (19։20)։ Բայց Հոբը համոզված է, որ իրեն փրկողը կհայտնվի և հարցն իր օգտին կլուծի, ու նա ի վերջո «Աստծուն կտեսնի» (19։25, 26)։

22, 23. ա) Ինչո՞ւ է Սոֆարը վիրավորվում և ի՞նչ է ասում Հոբի թվացյալ մեղքերի մասին։ բ) Ի՞նչ ծանրակշիռ փաստարկ է բերում Հոբը։

22 Սոֆարին, Բաղդատի նման, հաճելի չէ լսել Հոբի «վիրավորող հորդորը» (20։3)։ Նա կրկնում է, որ Հոբն իր մեղքերի պատճառով է տառապում։ Ըստ Սոֆարի՝ ամբարիշտը միշտ ստանում է իր պատիժն Աստծուց, և նույնիսկ եթե բարգավաճում է, հանգիստ չունի։

23 Հոբը պատասխանում է՝ ծանրակշիռ փաստարկ բերելով. եթե Աստված միշտ պատժում է ամբարիշտներին, այդ դեպքում ինչո՞ւ են նրանք ապրում, ծերանում և ուրիշներին գերազանցում հարստությամբ։ Իրենց օրերը նրանք զվարճությունների մեջ են անցկացնում։ Քանի՞ անգամ է աղետ եկել նրանց վրա։ Մեռնում են թե՛ հարուստները, թե՛ աղքատները։ Բայց ամբարիշտը հաճախ մեռնում է «անհոգ ու հանգիստ», մինչդեռ արդարը «դառնացած հոգով կմեռնի» (21։23, 25)։

24, 25. ա) Ինքնահավան Եղիփազը ինչո՞ւմ է զրպարտում Հոբին։ բ) Ի պատասխան՝ Հոբն ինչպե՞ս է հերքում իր դեմ ուղղված մեղադրանքները և ի՞նչ մարտահրավեր է նետում։

24 Զրույցի երրորդ մասը (22։1–25։6)։ Եղիփազը հարձակվում է Հոբի վրա և ծաղրում նրան, որ այդքան վստահ է, թե անարատ է Ամենակարողի առաջ։ Նա զրպարտում է Հոբին և ասում, որ վերջինս չար է, շահագործել է աղքատներին, քաղցածից խնայել է հացը և վատ է վերաբերվել այրիներին ու որբերին։ Եղիփազն ասում է, որ Հոբի կյանքը այդքան էլ անարատ չէ, ինչպես որ նա է ներկայացնում, և այդ պատճառով է Հոբը այսպիսի վատ իրավիճակում հայտնվել։ «[Բայց] եթե վերադառնաս դեպի Ամենակարողը,— բարբաջում է Եղիփազը,— նա կլսի քեզ» (22։23, 27)։

25 Հոբը հերքում է Եղիփազի վիրավորական մեղադրանքը՝ ասելով, որ կցանկանար, որ Աստված քններ իր դատական գործը, որը լավ գիտի իր բռնած արդար ուղին։ Կան մարդիկ, ովքեր հարստահարում են որբին, այրուն, աղքատին, մարդ են սպանում, գողություն են անում ու շնություն գործում։ Կարճ ժամանակով նրանք բարգավաճում են, բայց անպատճառ կստանան իրենց վարձը։ Նրանք ոչնչի կվերածվեն։ «Հիմա ո՞վ ինձ ստախոս կհանի»,— մարտահրավեր է նետում Հոբը (24։25)։

26. Ուրիշ ի՞նչ են ասում Բաղդատն ու Սոֆարը։

26 Բաղդատը կարճ պատասխան է տալիս՝ շարունակելով պնդել, որ ոչ մի մարդ չի կարող Աստծու առաջ մաքուր լինել։ Սոֆարը զրույցի երրորդ մասին չի մասնակցում։ Նա ասելիք չունի։

27. Հոբն ինչպե՞ս է գովաբանում Ամենակարողի մեծությունը։

27 Հոբի եզրափակիչ խոսքը (26։1–31։40)։ Հոբի այս խոսքը ստիպում է լռել իր ընկերներին (32։12, 15, 16)։ Հեգնանքով նա ասում է. «Օ՜, որքա՜ն օգնեցիր անզորին.... Որքա՜ն խորհուրդներ տվեցիր իմաստություն չունեցողին» (26։2, 3)։ Սակայն Աստծու աչքից հնարավոր չէ ծածկվել ոչ մի տեղ, նույնիսկ գերեզմանում։ Հոբը խոսում է Աստծու իմաստության մասին, որի շնորհիվ գոյություն ունեն տիեզերքը, երկիրը, ամպերը, ծովն ու քամին. այն, ինչ հայտնի է մարդուն։ Բայց սրանք Ամենակարողի ճանապարհների եզրերն են, և ընդամենը նրա մեծության շշուկը։

28. Անարատության վերաբերյալ ի՞նչ է ասում Հոբը։

28 Վստահ լինելով իր անմեղության մեջ՝ նա ասում է. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (27։5)։ Հոբը ոչինչ չի արել, որ նման դժբախտությունների մեջ ընկնի։ Ինչ մեղադրանքներ էլ հարուցեն նրա ընկերները, Աստված կվարձատրի անարատություն պահողներին։ Ամբարիշտների դիզած հարստությունը կժառանգեն արդարները։

29. Ի՞նչ է ասում Հոբը իմաստության մասին։

29 Մարդիկ գիտեն, թե որտեղ և ինչպես հայթայթել երկրի գանձերը (արծաթ, ոսկի, պղինձ), «սակայն իմաստություն... որտեղի՞ց է այն գալիս» (28։20)։ Այն հնարավոր չէ գտնել ողջերի երկրում, հնարավոր չէ գտնել ծովում, այն հնարավոր չէ գնել ոսկով կամ արծաթով։ Աստված է, որ հասկանում է իմաստությունը։ Նա տեսնում է ամեն բան մինչև երկրի ու երկնքի ծայրերը, չափում է քամին ու ջրերը և ղեկավարում է անձրևն ու մրրկաբեր ամպերը։ Հոբը ամփոփում է. «Ահա Եհովայի հանդեպ վախն է իմաստությունը, և չարիքից հեռանալն է հասկացողությունը» (28։28)։

30. Ի՞նչ է ցանկանում Հոբը, բայց ի՞նչ իրավիճակում է այժմ գտնվում։

30 Հոբը վշտացած հիշում է իր անցած կյանքը։ Նա ցանկանում է կրկին մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ, ինչպես այն ժամանակ, երբ նրան հարգում էին նույնիսկ քաղաքի առաջնորդները։ Նա փրկում էր հարստահարվածին և աչքեր էր դարձել կույրի համար։ Նա լավ խորհուրդներ էր տալիս, և մարդիկ սպասում էին նրա խոսքերին։ Բայց հիմա հարգանք ու պատիվ այլևս չունի։ Նրա վրա ծիծաղում են նույնիսկ նրանք, ովքեր իրենից երիտասարդ են օրերով, ում հայրերին նա կհրաժարվեր իր հոտի շների հետ դնելուց։ Նրանք Հոբի դեմ են տրամադրված ու թքում են նրա երեսին։ Նույնիսկ այս դժվարին օրերին նրանք հանգիստ չեն տալիս իրեն։

31. Ո՞ւմ դատին է ապավինում Հոբը և ի՞նչ է ասում իր ապրած կյանքի մասին։

31 Հոբն ասում է, որ ինքը նվիրված մարդ է ու խնդրում է, որ իրեն Եհովան դատի. «Նա ինձ ճշգրիտ կշեռքով կկշռի, և Աստված կիմանա իմ անարատությունը» (31։6)։ Հոբը ասում է, որ նախկինում ոչ մի վատ բան չի արել։ Նա շնություն չի գործել և չարիք չի ծրագրել ուրիշների դեմ։ Կարիքավորներին միշտ օգնության ձեռք է մեկնել։ Թեև Հոբը հարուստ մարդ է եղել, բայց չի ապավինել իր հարստությանը։ Նա չի երկրպագել արևին, լուսնին ու աստղերին, որովհետև «դա նույնպես հանցանք կլիներ, որը դատավորների կողմից պետք է քննվեր, քանի որ ուրացած կլիներ ճշմարիտ Աստծուն, որ վերևում է» (31։28)։ Հոբն առաջարկում է իր դատական հակառակորդին մեղադրել իրեն իր ապրած կյանքի համար։

32. ա) Ո՞վ է այժմ խոսում։ բ) Ինչո՞ւ է Եղիուսի բարկությունը բորբոքվում Հոբի ու նրա ընկերների դեմ, և ի՞նչն է մղում նրան խոսելու։

32 Խոսում է Եղիուսը (32։1–37։24)։ Եղիուսը լսում է այդ զրույցները։ Նա Նաքորի որդի Բուզի հետնորդներից է, ուստիև Աբրահամի հեռու բարեկամը։ Մինչ այս պահը նա սպասել է, քանի որ մտածել է, որ տարիքով մեծերը շատ գիտելիքներ ունեն։ Սակայն ոչ թե տարիքն է հասկացողություն տալիս, այլ Աստծու ոգին։ Եղիուսը սաստիկ բարկանում է Հոբի վրա, «քանի որ նա իր հոգին Աստծուց ավելի արդար է համարում»։ Բայց նրա բարկությունը ավելի բորբոքվում է Հոբի երեք ընկերների դեմ, որովհետև նրանք այնքան անխոհեմ էին, որ Աստծուն ներկայացրին որպես հանցավորի։ Եղիուսը «խոսքերով լեցուն» է, և Աստծու ոգին մղում է նրան արտահայտվելու՝ առանց կողմնապահություն անելու և «մարդուն տիտղոսով» դիմելու (Հոբ 32։2, 3, 18–22; Ծննդ. 22։20, 21)։

33. Ինչո՞ւմ է սխալվել Հոբը, սակայն ինչպե՞ս Աստված հաճություն ցույց կտա նրա հանդեպ։

33 Եղիուսն անկեղծորեն է խոսում՝ ընդունելով, որ Աստված իր Արարիչն է։ Նա ցույց է տալիս, որ Հոբը ավելի շատ մտահոգված է իր անձի և ոչ թե Աստծու գերիշխանության արդարացմամբ։ Աստված պարտավոր չէր պատասխանել Հոբի բոլոր խոսքերին, ասես պետք է արդարացներ իր գործողությունները, այդուհանդերձ Հոբը մրցել է Աստծու հետ։ Սակայն երբ Հոբի հոգին մահվան է մոտենում, Աստված հաճություն է ցույց տալիս նրա հանդեպ ու մի պատգամաբեր ուղարկում՝ ասելով. «Ազատի՛ր նրան և մի՛ թող, որ փոսը գնա, ես փրկանք եմ գտել։ Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33։24, 25)։ Արդարը կվերականգնվի։

34. ա) Ուրիշ ի՞նչ հանդիմանություններ է տալիս Եղիուսը։ բ) Սեփական արդարության վրա կենտրոնանալու փոխարեն՝ Հոբն ի՞նչ պետք է անի։

34 Եղիուսը կոչ է անում իմաստուններին լսել իր խոսքերը։ Նա հանդիմանում է Հոբին այն բանի համար, որ ասում է, թե շահ չկա անարատություն պահելու մեջ. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի։ Նա մարդուն կհատուցի նրա արած գործերի համաձայն» (34։10, 11)։ Աստված կարող է վերցնել շունչը, և այդ ժամանակ ամեն մարմին կմեռնի։ Նա դատելիս կողմնապահություն չի անում։ Հոբը չափից շատ է ուշադրություն դարձնում իր սեփական արդարությանը։ Նա անխոհեմ բաներ է ասում, բայց միտումնավոր չի անում, նա «առանց իմանալու է խոսում», և Աստված համբերատար է նրա հանդեպ (34։35)։ Հօգուտ Աստծու դեռ շատ խոսքեր կան ասելու։ Աստված իր աչքերը չի հեռացնի արդարից, այլ կշտկի նրան։ «Ոչ մի ամբարշտի նա կենդանի չի թողնի, բայց հարստահարվածներին արդարադատություն կտա» (36։6)։ Քանի որ Աստված մեծագույն Ուսուցիչն է, Հոբը պետք է մեծարի նրա գործերը։

35. ա) Հոբն ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի։ բ) Եհովան ո՞ւմ հանդեպ հաճություն ցույց կտա։

35 Եղիուսը ակնածանք է զգում՝ հետևելով մոտեցող փոթորկի նշաններին, և խոսում է Աստծու արած մեծ գործերի և այն մասին, որ նա ղեկավարում է բնության ուժերը։ Հոբին նա ասում է. «Կանգ առ և ուշադիր եղիր Աստծու զարմանահրաշ գործերի հանդեպ» (37։14)։ Նայիր ոսկե շքեղությանը և Աստծու՝ ակնածանք ներշնչող մեծափառությանը. մարդը չի կարող դրանք ըմբռնել։ «Նա բարձր է զորությամբ և արդարադատությունն ու արդարության առատությունը չի նսեմացնի»։ Եհովան հաշվի կառնի նրանց, ովքեր վախենում են իրենից, և ոչ թե նրանց, «ովքեր սրտում իրենք իրենց իմաստուն են համարում» (37։23, 24)։

36. Ինչպե՞ս է Եհովան հարցերի միջոցով սովորեցնում Հոբին։

36 Եհովան պատասխանում է Հոբին (38։1–42։6)։ Հոբը խնդրել էր Աստծուն, որ խոսի իր հետ։ Եվ ահա հիմա Եհովան փառահեղ կերպով պատասխանում է նրան փոթորկի միջից։ Նա Հոբին մի շարք հարցեր է տալիս, որոնք ինքնին դաս են այն մասին, թե որքան փոքր է մարդ արարածը, և որքան մեծ է Աստված։ «Որտե՞ղ էիր, երբ ես գցում էի երկրի հիմքը.... Ո՞վ դրեց նրա անկյունաքարը, երբ առավոտյան աստղերը ուրախությունից միասին բացականչում էին, և Աստծու բոլոր որդիները բարձրաձայն գովաբանություն էին անում» (38։4, 6, 7)։ Դա տեղի է ունեցել Հոբի ծնվելուց շատ առաջ։ Եհովան իրար հետևից Հոբին հարցեր է տալիս՝ մատնանշելով ծովը, ամպը, որը որպես հագուստ է տրվել նրան, լուսաբացը, մահվան դարպասները, լույսն ու խավարը, և դրանցից ոչ մեկին նա չի կարողանում պատասխանել։ «Մի՞թե դա իմացել ես շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակ արդեն ծնվել էիր, և որ շատ է քո օրերի թիվը» (38։21)։ Իսկ գիտի՞ նա արդյոք ձյան ու կարկուտի շտեմարանների, մրրիկի, անձրևի, ցողակաթիլների, սառույցի, եղյամի, երկնային զորեղ համաստեղությունների, կայծակների, ամպային շերտերի, գազանների ու թռչունների մասին։

37. Ո՞ր հարցերն են լիովին խոնարհեցնում Հոբին, և ի՞նչ է նա մղվում անելու։

37 Հոբը խոնարհաբար ընդունում է. «Ահա ես ոչնչություն եմ։ Քեզ ի՞նչ պատասխան տամ, ձեռքս բերանիս եմ դրել» (40։4)։ Եհովան պատվիրում է նրան պատասխանել իրեն։ Նա կրկին դժվար հարցեր է տալիս Հոբին, որոնք ցույց են տալիս, թե որքան մեծ են իր արժանապատվությունը, գերազանցությունն ու զորությունը, որոնք արտացոլված են բնության ստեղծագործությունների մեջ։ Նույնիսկ բեհեմոթն ու լևիաթանը Հոբից շատ ավելի զորեղ են։ Լիովին խոնարհված՝ Հոբն ընդունում է իր սխալ տեսակետը և որ խոսել է առանց գիտելիքի։ Նա ականջով էր լսել Աստծու մասին, բայց հիմա տեսնում է նրան հասկացողության աչքերով, այդ պատճառով խոսքերը հետ է վերցնում ու «փոշու և մոխրի մեջ զղջում է» (42։6)։

38. ա) Եհովան ինչպե՞ս է վարվում Եղիփազի ու նրա ընկերների հետ։ բ) Ինչպե՞ս է Եհովան իր հաճությունը ցույց տալիս Հոբի հանդեպ և ինչպե՞ս է օրհնում նրան։

38 Եհովայի դատաստանն ու օրհնությունը (42։7–17)։ Հետո Եհովան մեղադրում է Եղիփազին ու նրա երկու ընկերներին, որ ճշմարտությունը չեն խոսել իր մասին։ Նրանք պետք է զոհեր մատուցեն ու խնդրեն Հոբին, որ աղոթի իրենց համար։ Դրանից հետո Եհովան վերջ է դնում Հոբի նեղություններին և կրկնակի օրհնում է նրան։ Նրա եղբայրները, քույրերն ու նախկին ընկերները նվերներով գալիս են նրա մոտ։ Եհովան օրհնում է նրան՝ տալով կրկնակի ոչխարներ, ուղտեր, եզներ ու էգ էշեր։ Հոբը կրկին տասը երեխա է ունենում, և ամբողջ երկրում նրա երեք աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չեն լինում։ Նրա կյանքի օրերը հրաշքով ավելանում են 140 տարով, և նա տեսնում է իր հետնորդների չորս սերունդ։ Հոբը մահանում է «ծերացած ու իր օրերից կշտացած» (42։17)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

39. Ինչպե՞ս է «Հոբ» գիրքը փառաբանում ու գովաբանում Եհովային։

39 «Հոբ» գիրքը փառաբանում է Եհովային և մեծարում է նրա անսահման իմաստությունն ու զորությունը (12։12, 13; 37։23)։ Այս գրքում Աստված 31 անգամ անվանվում է Ամենակարող՝ ավելի հաճախ, քան Աստվածաշնչի մնացած գրքերում։ Գիրքը գովաբանում է Աստծու հավիտենականությունն ու բարձր դիրքը (10։5; 36։4, 22, 26; 40։2; 42։2), ինչպես նաև նրա արդարությունը, սիրառատ բարությունը և ողորմությունը (36։5–7; 10։12; 42։12)։ Այն ընդգծում է, որ Եհովայի գերիշխանության արդարացումը մարդկանց փրկությունից շատ ավելի կարևոր է (33։12; 34։10, 12; 35։2; 36։24; 40։8)։ Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ներկայացվում է նաև որպես Հոբի Աստված։

40. ա) «Հոբ» գիրքը ինչպե՞ս է գովաբանում Աստծու արարչագործությունը։ բ) Ինչպե՞ս է այն ներդաշնակ Քրիստոնեական Հունարեն Գրություններում հետագայում ընդգրկված ուսմունքներին։

40 Գիրքը գովաբանում է Աստծու արարչագործությունը (38։4–39։30; 40։15, 19; 41։1; 35։10)։ Այն ներդաշնակ է «Ծննդոց» գրքին, որում ասվում է, որ մարդը հողի փոշուց է ստեղծված և մեռնելուց հետո կրկին հող է դառնում (Հոբ 10։8, 9; Ծննդ. 2։7; 3։19)։ Գրքում օգտագործվում են «փրկող», «փրկանք» և «դարձյալ ապրել» բառերը, որոնք կարևոր ուսմունքների հիմքում են ընկած, ուսմունքներ, որոնք հետագայում ընդգրկվեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունների մեջ (Հոբ 19։25; 33։24; 14։13, 14)։ Մարգարեները և Հունարեն Գրությունները գրողները այս գրքից շատ արտահայտություններ են օգտագործել կամ զուգահեռներ անցկացրել դրա հետ։ Համեմատի՛ր Հոբ 7։17 —  Սաղմոս 8։4; Հոբ 9։24 —  1 Հովհաննես 5։19; Հոբ 10։8 —  Սաղմոս 119։73; Հոբ 12։25 —  2 Օրենք 28։29; Հոբ 24։23 —  Առակներ 15։3; Հոբ 26։8 —  Առակներ 30։4; Հոբ 28։12, 13, 15–19 —  Առակներ 3։13–15; Հոբ 39։30 —  Մատթեոս 24։28c։

41. ա) Աստծու կողմից սահմանված ի՞նչ սկզբունքներ կան «Հոբ» գրքում։ բ) Հատկապես ինչո՞վ է մեզ համար առանձնահատուկ Աստծու ծառա Հոբի օրինակը։

41 Գրքի շատ հատվածներում նկատելի են Եհովայի արդար չափանիշները։ Այն խստորեն դատապարտում է նյութապաշտությունը (Հոբ 31։24, 25), կռապաշտությունը (31։26–28), շնությունը (31։9–12), չարախնդությունը (31։29), անարդարությունն ու կողմնապահությունը (31։13; 32։21), եսասիրությունը (31։16–21), անազնվությունն ու սուտը (31։5) և ցույց է տալիս, որ այդ ամենը դրսևորող անհատը ո՛չ Աստծու հաճությանը կարժանանա, ո՛չ էլ հավիտենական կյանք կստանա։ Եղիուսը կարող է մեզ համար հիանալի օրինակ լինել. նա ուրիշների հանդեպ խոր հարգանք էր դրսևորում, համեստ էր, բայցև քաջ էր ու համարձակ և ակնածում էր Աստծուց (32։2, 6, 7, 9, 10, 18–20; 33։6, 33)։ Հոբը՝ որպես ընտանիքի գլուխ, հրաշալի օրինակ է իր պարտականությունները կատարելու, ընտանիքի անդամներին հոգ տանելու և հյուրասիրություն ցուցաբերելու հարցում (1։5; 2։9, 10; 31։32)։ Սակայն ամենից շատ Հոբը հայտնի է իր անարատությամբ ու տոկունությամբ։ Դարեր շարունակ նրա օրինակը զորացրել է Աստծու ծառաների հավատը և հատկապես զորացնում է այսօր, երբ մեր հավատը լուրջ փորձությունների է ենթարկվում։ «Դուք լսել եք Հոբի տոկունության մասին և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11)։

42. Թագավորության հետ կապված ո՞ր գլխավոր վիճաբանական հարցն է պարզաբանվում «Հոբ» գրքում, և այս հարցի հետ կապված ի՞նչ է բացատրվում։

42 Թեպետ Հոբը Աբրահամի սերնդից չէր, որին տրվել էին Թագավորության խոստումները, սակայն նրա անարատության մասին արձանագրությունն օգնում է ավելի լավ հասկանալու Թագավորության հետ կապված Եհովայի նպատակները։ Գիրքը Աստծու կողմից ներշնչված արձանագրության կարևոր մասն է, քանի որ բացահայտում է Աստծու և Սատանայի միջև բարձրացված գլխավոր վիճաբանական հարցը, որը վերաբերում է մարդու անարատությանը Եհովայի՝ իր Գերիշխանի հանդեպ։ Այն ցույց է տալիս, որ երկրից և մարդուց առաջ ստեղծված հրեշտակները նույնպես մեծ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչ է տեղի ունենում երկրի վրա, և թե ինչպես է լուծվում այդ հարցը (Հոբ 1։6–12; 2։1–5; 38։6, 7)։ «Հոբ» գրքից իմանում ենք, որ վիճաբանական հարցը բարձրացվել է դեռևս մինչև Հոբի օրերը, և որ Սատանան իրական ոգեղեն անձնավորություն է։ Եթե «Հոբ» գիրքը գրել է Մովսեսը, ապա Եբրայերեն Գրություններում այստեղ է առաջին անգամ գործածվում հաս Սատան արտահայտությունը, որն ավելի շատ լույս է սփռում «առաջին օձի» ինքնության վրա (Հոբ 1։6, ծնթ.; Հայտն. 12։9)։ Գիրքը նաև փաստում է, որ մարդկանց տառապանքի, հիվանդությունների և մահվան պատճառը Աստված չէ, ինչպես նաև բացատրում է, թե ինչու են արդարները հալածվում, և ինչու է Եհովան թույլ տալիս, որ չար մարդիկ ու ամբարշտությունը գոյություն ունենան։ Բացի այդ, բացատրվում է, որ Աստված մտադիր է մեկընդմիշտ լուծել վիճաբանական հարցը։

43. Ի՞նչ պետք է անեն բոլոր նրանք, ովքեր ձգտում են ստանալ Աստծու Թագավորության օրհնությունները։

43 Հիմա է ժամանակը, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են ապրել Աստծու Թագավորության ներքո, պատասխան տան Սատանային՝ «մեղադրողին», իրենց անարատ ընթացքով (Հայտն. 12։10, 11)։ Նույնիսկ «այրող կրակի պես» փորձությունների ներքո անարատություն պահողները պետք է շարունակ աղոթեն Աստծու անվան սրբացման համար և խնդրեն, որ նրա Թագավորությունը գա ու ոչնչացնի Սատանային ու նրա ստոր սերնդին։ Եվ այդ ժամանակ՝ Աստծու «կռվի ու պատերազմի օրից» հետո, կլինեն թեթևացում և օրհնություններ, որոնք հույս ուներ ստանալ Հոբը (1 Պետ. 4։12; Մատթ. 6։9, 10; Հոբ 38։23; 14։13–15)։

[ծանոթագրություններ]

a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 280, 281, 663, 668, 1166; հատ. 2, էջ 562, 563 (անգլ.)։

b «Նոր բրիտանական հանրագիտարան», 1987, հատ. 6, էջ 562 (անգլ.)։

c «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 83 (անգլ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը