Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 118–124
  • Աստվածաշնչի գիրք համար 20. Առակներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 20. Առակներ
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Ուշագրավ մտքեր «Առակաց» գրքից
    2006 Դիտարան
  • ‘Իմաստությամբ՝ մեր օրերը կշատանան’
    2001 Դիտարան
  • «Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել»
    2001 Դիտարան
  • Ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 118–124

Աստվածաշնչի գիրք համար 20. Առակներ

Առակախոսները՝ Սողոմոն, Ագուր, Լեմուել

Գրվելու վայրը՝ Երուսաղեմ

Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 717թ.

1. Ո՞ւմ իմաստությունն է պարունակում «Առակներ» գիրքը։

ԵՐԲ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, նա իր աղոթքում Եհովայից «իմաստություն ու գիտելիք» խնդրեց ժողովրդին դատելու համար։ Ի պատասխան՝ Եհովան Սողոմոնին «իմաստություն ու գիտելիք» և «հասկացող սիրտ» տվեց (2 Տար. 1։10–12; 1 Թագ. 3։12; 4։30, 31)։ Արդյունքում Սողոմոնը «երեք հազար առակ խոսեց» (1 Թագ. 4։32)։ Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Քանի որ Սողոմոնը դրսևորում էր հենց այն իմաստությունը, որը «Աստված դրել էր նրա սրտում», «Առակներ» գիրքը ուսումնասիրելիս մենք, փաստորեն, ուսումնասիրում ենք Եհովա Աստծու իմաստությունը (1 Թագ. 10։23, 24)։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։

2. Ինչո՞ւ էր Սողոմոնի իշխանության ժամանակաշրջանը նպաստավոր, որ Աստված առաջնորդություն տար «Առակներ» գրքի միջոցով։

2 Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին, որ Աստծու կողմից այդպիսի առաջնորդություն տրվեր։ Սողոմոնը «Եհովայի գահին» էր նստած։ Այդ ժամանակ Իսրայելի աստվածապետական թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում, և Սողոմոնին անգերազանցելի «թագավորական փառք» էր շնորհվել (1 Տար. 29։23, 25)։ Դա խաղաղության, լիության և ապահովության ժամանակաշրջան էր (1 Թագ. 4։20–25)։ Այնուամենայնիվ, նույնիսկ աստվածապետական կառավարության ներքո մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին (1 Թագ. 3։16–28)։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։

3. Ինչպե՞ս է կազմվել «Առակներ» գիրքը։

3 Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն է գրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա «խոսեց» առակներ, նաև՝ «նա.... ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համար (1 Թագ. 4։32; Ժող. 12։9)։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ (2 Սամ. 20։25; 2 Թագ. 12։10)։ Մենք չգիտենք, թե արդյոք այդ դպիրները արձանագրել և խմբավորել են Սողոմոնի առակները, բայց այդպիսի արժանիքների տեր ցանկացած կառավարչի խոսքերը պետք է որ խոր հարգանքով ընդունվեին, և դրանք սովորաբար գրի էին առնվում։ Համարվում է, որ գիրքը ուրիշ ժողովածուներից քաղված առակների ժողովածու է։

4. ա) Քանի՞ մասի կարելի է բաժանել «Առակներ» գիրքը։ բ) Ո՞վ է ասել առակների մեծ մասը։

4 «Առակներ» գիրքը կարելի է բաժանել հինգ մասի։ 1) 1–9-րդ գլուխները սկսվում են «Դավթի որդու՝ Իսրայելի թագավոր Սողոմոնի առակները» խոսքերով, 2) 10–24-րդ գլուխները ներկայացված են որպես «Սողոմոնի առակներ», 3) 25–29-րդ գլուխները սկսվում են այսպես՝ «սրանք նույնպես Սողոմոնի առակներն են, որոնք արտագրեցին Հուդայի թագավոր Եզեկիայի մարդիկ», 4) 30-րդ գլուխը ներկայացված է որպես «Հակեայի որդի Ագուրի խոսքեր», և 5) 31-րդ գլուխը բովանդակում է «Լեմուել թագավորի խոսքերը՝ այն ծանրակշիռ պատգամը, որով նրա մայրը կրթեց նրան»։ Հետևաբար, առակների մեծ մասը Սողոմոնն է ասել։ Ինչ վերաբերում է Ագուրին և Լեմուելին, ոչ մի հստակ տեղեկություն չկա նրանց մասին։ Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ հնարավոր է՝ Լեմուելը եղել է Սողոմոնի մեկ այլ անունը։

5. Ե՞րբ է գրվել ու կազմվել «Առակներ»-ը։

5 Ե՞րբ է գրվել ու կազմվել «Առակներ»-ը։ Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.), նախքան նա կշեղվեր ճշմարիտ երկրպագությունից։ Քանի որ Ագուրի և Լեմուելի մասին հստակ տեղեկություն չկա, հնարավոր չէ որոշել, թե երբ են գրվել նրանց վերագրվող մասերը։ Հավաքածուներից մեկը կազմվել է Եզեկիա թագավորի օրոք (մ.թ.ա. 745–717թթ.), ուստի հնարավոր չէր, որ գիրքն ամբողջությամբ կազմված լիներ մինչև նրա կառավարումը։ Արդյոք վերջին երկու մասերը նույնպե՞ս կազմվել են Եզեկիա թագավորի օրերում։ Հարցի պատասխանը տալիս է Առակներ 31։31-ի ծանոթագրությունը, որը կարելի է գտնել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության մեջ (անգլ.)։ Այնտեղ գրված է. «Եբրայերեն տեքստի որոշ հրատարակություններում հանդիպում է խեթ, զային, քոֆ (חזק) տառերից բաղկացած եռագրությունը՝ որպես Եզեկիա թագավորի ստորագրություն, որով նա հաստատում էր գրագիրների կողմից արված կրկնօրինակումը՝ ցույց տալով, որ գործն ավարտվել է»։

6. Ի՞նչ է առակը, և ինչո՞ւ է տեղին գրքի եբրայերեն անվանումը։

6 Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝ միշլեհ, որը նշանակում է «առակներ»։ Միշլեհ բառը եբրայերեն մաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։

7. Ինչո՞վ է առանձնահատուկ «Առակներ»-ի ոճը։

7 Գրքի ոճական առանձնահատկությունները նույնպես շատ հետաքրքիր են։ Առակները գրված են բանաստեղծական ոճով։ Սակայն հին եբրայերեն պոեզիայում բացակայում է մեզ համար սովորական հանգավորումը։ Գրքում գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոցներից հիմնականում գործածվում է զուգահեռականությունը։ Ռիթմը ստեղծվում է ոչ թե տողերի կամ համարների վերջավորությունների հանգավորմամբ, այլ իմաստային զուգահեռների և հարակից տողերի ռիթմավորմամբ։ Ռիթմավորված մտքերը խոսքին ուժ և գեղեցկություն են հաղորդում համեմատության կամ հակադրության շնորհիվ։ Զուգահեռականության միջոցով հնարավոր է խոր մտքեր արտահայտել, լրացնել դրանք և փոխանցել ճիշտ իմաստը։ Հոմանիշային զուգահեռականությունների օրինակներ կարելի է կարդալ Առակներ 11։25; 16։18 և 18։15 համարներում, իսկ ավելի հաճախ հանդիպող հակադրական զուգահեռականություններ կան Առակներ 10։7, 30; 12։25; 13։25 և 15։8 համարներում։ Գրքի վերջին գլուխը ոճական այլ կառուցվածք ունի (Առակ. 31։10–31)։ Այդ գլխի 22 համարները գրված են այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը սկսվում է եբրայերեն այբուբենի հերթական տառով։ Բանաստեղծական այս ձևը կոչվում է ակրոստիքոս, որը գործածվել է նաև մի քանի սաղմոսներում։ Ակրոստիքոսը իր գեղեցկությամբ անզուգական է հնագույն գրականության մեջ։

8. Ինչպե՞ս է այն հանգամանքը, որ առաջին դարի քրիստոնյաները օգտվել են «Առակներ» գրքից, փաստում դրա վավերականությունը։

8 «Առակներ» գրքի վավերականությունը փաստվում է նաև այն բանով, որ վաղ քրիստոնյաները վարքի կանոններ հաստատելիս հաճախ դիմել են այդ գրքին։ Ակներևաբար, Հակոբոսը քաջատեղյակ էր «Առակներ» գրքին, և քրիստոնյաների վարքի վերաբերյալ խորհուրդներ տալիս օգտվել է առակների հիմնական սկզբունքներից (համեմատի՛ր Առակներ 14։29 և 17։27-ը Հակոբոս 1։19, 20-ի հետ; Առակներ 3։34-ը Հակոբոս 4։6-ի հետ; Առակներ 27։1-ը Հակոբոս 4։13, 14-ի հետ)։ Մեջբերումներ արվել են հետևյալ համարներում՝ Հռոմեացիներ 12։20 —  Առակներ 25։21, 22, Եբրայեցիներ 12։5, 6 —  Առակներ 3։11, 12, 2 Պետրոս 2։22 —  Առակներ 26։11։

9. Ինչպե՞ս է «Առակներ»-ը ներդաշնակ Աստվածաշնչի մյուս գրքերին։

9 Բացի այդ, «Առակներ»-ի բովանդակությունը ներդաշնակ է Աստվածաշնչի մյուս գրքերին, ինչը ցույց է տալիս, որ այն «ամբողջ Գրքի» մեկ մասն է։ Եթե «Առակներ» գիրքը համեմատենք Մովսիսական օրենքի, Հիսուսի ուսմունքների և նրա առաքյալների ու աշակերտների գրվածքների հետ, մտքերի նույնություն կնկատենք (տե՛ս Առակներ 10։16 —  1 Կորնթացիներ 15։58 և Գաղատացիներ 6։8, 9; Առակներ 12։25 — Մատթեոս 6։25; Առակներ 20։20 — Ելք 20։12 և Մատթեոս 15։4)։ Նույնիսկ երբ խոսքը վերաբերում է մարդկության բնակության համար երկիրը նախապատրաստելուն, առակագիրների և Աստվածաշնչի մյուս գրողների միջև տարակարծություն չկա (Առակ. 3։19, 20; Ծննդ. 1։6, 7; Հոբ 38։4–11; Սաղ. 104։5–9)։

10, 11. Ուրիշ ի՞նչն է փաստում, որ գիրքը ներշնչված է Աստծուց։

10 «Առակներ» գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված, ինչը երևում է այն բանից, որ գիտական տեսանկյունից ճշգրիտ է, անկախ նրանից՝ խոսքը քիմիական օրենքների մասին է, թե բժշկության կամ առողջության հետ կապված սկզբունքների։ Առակներ 25։20-ը ակներևաբար նկատի ունի թթու-ալկալային ռեակցիաները։ Առակներ 31։4, 5-ը ներդաշնակ են ժամանակակից գիտական տվյալներին, որոնց համաձայն՝ ալկոհոլը բթացնում է մտածելու ունակությունը։ Շատ բժիշկներ և դիետոլոգներ ընդունում են, որ մեղրը օգտակար է, ինչը հիշեցնում է մեզ հետևյալ առակը. «Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն լավ է» (Առակ. 24։13)։ Ժամանակակից դիտարկումները հոգեմարմնական բժշկության մեջ նորություն չեն։ «Առակներ» գրքում գրված է. «Ուրախ սիրտը բուժիչ է» (17։22; 15։17)։

11 «Առակներ» գիրքն այնքան մանրամասնորեն է շոշափում մարդկային կարիքները և առօրյա կյանքի տարբեր իրավիճակները, որ մի աստվածաշնչյան բառարանում նշվում է. «Չկա կյանքի մի ոլորտ, որին համապատասխանող խորհուրդ չլինի։ Բարու և չարի ցանկացած դրսևորում կա՛մ խրախուսվում է, կա՛մ դատապարտվում։ Մարդկային գիտակցությունն անընդհատ դիմում է Աստծուն.... և մարդը իր ճանապարհներում անընդհատ զգում է իր Արարչի և Դատավորի ներկայությունը.... Այս հին գրքում շատ տարբեր մարդիկ են նկարագրվում։ Ու թեև գրվել է երեք հազար տարի առաջ, սակայն այնքան հոգեհարազատ է մեր կյանքին, որ կարծես պատկերները ներկայիս կյանքից են վերցված»a։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

12. ա) Պոետիկ ի՞նչ պատմություն է «Առակներ» գրքի առաջին մասը։ բ) Ի՞նչ է այն սովորեցնում իմաստության ու մարդու վարվելակերպի մասին։ գ) Առակներ 1։7-ում նշված խոսքերն ինչպե՞ս են շունչ հաղորդում ողջ գրքին։

12 Առաջին մաս (1։1–9։18)։ Սա պոետիկ պատմություն է, որն այնպես է կազմված, ասես հայրը որդուն կարճ պատմություններ է պատմում այն մասին, թե որքան կարևոր է, որ իմաստությունը առաջնորդի սիրտը, կամ՝ անհատի ներքին էությունը, և նրա ցանկությունները։ Այն սովորեցնում է, թե ինչ արժեք ունի իմաստությունը և թե ինչ օրհնություններ է բերում՝ երջանկություն, բավարարվածություն, խաղաղություն ու կյանք (1։33; 3։13–18; 8։32–35)։ Իսկ իմաստության բացակայությունը, ընդհակառակը, տառապանք է պատճառում և ի վերջո մահվան տանում (1։28–32; 7։24–27; 8։36)։ Առաջին մասում կյանքից վերցված բազմաթիվ իրավիճակներ են քննվում, և ընթերցողը պատկերացում է ստանում մարդու վարվելակերպի մասին և հասկանում է, թե այն ինչպիսի հետևանքներ կունենա հիմա և ապագայում։ Առակներ 1։7-ում նշված խոսքերը շունչ են հաղորդում ողջ գրքին. «Եհովայի հանդեպ վախը գիտելիքների սկիզբն է»։ Անհատի բոլոր գործերը պետք է ցույց տան, որ նա հաշվի է առնում Եհովային։ Նորից ու նորից կրկնվում է այն միտքը, որ կարևոր է չմոռանալ Աստծու օրենքները, կատարել նրա պատվիրանները ու չթողնել դրանք։

13. Ի՞նչ գլխավոր թելերից է հյուսված «Առակներ» գրքի առաջին մասը։

13 Գլխավոր թելերը, որոնցից հյուսված է այս պատմությունը, իմաստությունը, գիտելիքը, Եհովայի հանդեպ վախը, խրատն ու խորաթափանցությունն են։ Նախազգուշացումներ են նաև տրվում, թե որքան վտանգավոր է վատ մարդկանց հետ շփվելը, Եհովայի խրատը մերժելը և օտար կանանց հետ անթույլատրելի կապի մեջ մտնելը (1։10–19; 3։11, 12; 5։3–14; 7։1–27)։ Երկու անգամ ասվում է, որ իմաստությունը հանրային վայրերում է, ինչը նշանակում է, որ այն հասանելի ու մատչելի է (1։20, 21; 8։1–11)։ Անձնավորված իմաստությունը աղերսագին դիմում է անփորձներին և նույնիսկ որոշ չափով լույս է սփռում Երկրի արարման վրա (1։22–33; 8։4–36)։ Ի՜նչ զարմանահրաշ գիրք է սա։ Առաջին մասն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր. «Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է» (9։10)։ «Առակներ»-ը վստահեցնում է մեզ, որ Եհովային մեր բոլոր ճանապարհներում հաշվի առնելը, նրա արդարությանը կառչելը կյանքի այն ճանապարհն է, որը կարող է պաշտպանել մեզ բազմաթիվ խնդիրներից ու անցանկալի բաներից։

14. Ի՞նչն է օգնում մեր մտքում դաջելու «Առակներ» գրքի ուսմունքները։

14 Երկրորդ մաս (10։1–24։34)։ Այս մասում ընդգրկված են բազմաթիվ հրաշալի, բայց իրար հետ չկապակցված առածներ, որոնցում իմաստությունը կիրառվում է կյանքի խրթին իրավիճակներում։ Սովորեցնելով ճիշտ կիրառել իմաստությունը՝ գրքի այս հատվածը օգնում է մեզ ավելի երջանիկ ու բավարարված կյանքով ապրելու։ Հակադրական զուգահեռականությունների շնորհիվ այդ ուսմունքները դաջվում են մեր մտքում։ Ահա ընդամենը մի քանի թեմաների ցանկ, որոնց մասին խոսվում է երեք՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ գլուխներում։

սեր — ատելություն

իմաստություն — հիմարություն

ազնվություն — խաբեություն

հավատարմություն — զրպարտություն

ճշմարտություն — սուտ

առատաձեռնություն — ժլատություն

աշխատասիրություն — ծուլություն

անարատության մեջ քայլող մարդ — իր ճանապարհները ծռող մարդ

լավ խորհուրդ — հմուտ առաջնորդության բացակայություն

առաքինի կին — ամոթալի վարք ունեցող կին

արդարություն — ամբարշտություն

համեստություն — հանդգնություն

Քննելով առօրյա կյանքին վերաբերող այս ցանկը՝ մենք կհամոզվենք, որ «Առակներ» գիրքն իսկապես գործնական է։

15. Ի՞նչ թեմաների մասին է խոսվում «Առակներ» գրքում։

15 Այս մասի մնացած գլուխները (13։1–24։34) հիշեցումներ են Եհովայի չափանիշների մասին, որպեսզի ըմբռնողականություն և խորաթափանցություն ձեռք բերենք։ Նկարագրված բազմաթիվ իրավիճակներ, որոնց մեջ հայտնվում են մարդիկ, ցույց են տալիս, թե ինչ լայն կիրառություն ունի այս գիրքը։ Նրանում օգտակար խորհուրդներ ենք գտնում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կեղծավորությունը, հանդգնությունը, խոսքը պահելը, խորագիտությունը, ընկերակցությունները, երեխային խրատելն ու կրթելը, ճշտի վերաբերյալ մարդու տեսակետը, բարկանալու մեջ դանդաղ լինելը, հարստահարվածների հանդեպ հաճություն ցույց տալը, խաբեությունը, աղոթքը, ծաղրանքը, անհրաժեշտ բաներով բավարարվելը, հպարտությունը, անարդար եկամուտ ստանալը, կաշառքը, կռիվները, ինքնատիրապետումը, մեկուսանալը, լուռ լինելը, կողմնապահությունը, վեճերը, խոնարհությունը, ճոխությունը, ծնողների հանդեպ հոգատարությունը, ոգելից խմիչքը, խարդախությունը, կնոջն անհրաժեշտ հատկությունները, նվերները, պարտք վերցնելը, պարտք տալը, բարությունը, վստահությունը, սեփականությունը, ընտանիքը ամրացնելը, նախանձը, հատուցումը, ունայնությունը, մեղմ պատասխանը, խորհրդածությունն ու իսկական ընկերությունը։ Իսկապես, խորհուրդների անհուն գանձարան առօրյա կյանքի բոլոր իրավիճակների համար։ Գուցե թվարկվածներից որոշ բաներ անկարևոր թվան, սակայն դրանցից երևում է, որ Աստվածաշունչը չի անտեսում մեր կարիքները նույնիսկ փոքր հարցերում։ Իրոք, «Առակներ» գիրքը հնարավոր չէ թերագնահատել։

16. Ի՞նչ խորհուրդներ կան «Առակներ» գրքի երրորդ մասում։

16 Երրորդ մաս (25։1–29։27)։ Այս մասում ընդգրկված են գործնական խորհուրդներ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ պատիվ, համբերություն, թշնամիներ, հիմարների հետ վարվելակերպ, կատակներ, նախանձ, ընկերոջ կողմից վիրավորանք, սով, զրպարտություն, ճիշտ վերաբերմունք պարտականությունների հանդեպ, տոկոսներ վերցնել, մեղքերը խոստովանել, անարդար ղեկավարման հետևանքներ, ամբարտավանություն, արդար ղեկավարման բերած օրհնություններ, երեխաների սխալ արարքներ, ծառաների հանդեպ վերաբերմունք, հասկացողություն և տեսիլքներ։

17. ա) Ի՞նչ «ծանրակշիռ պատգամ» է հայտնում Ագուրը։ բ) Ի՞նչ չորս բաներ, իրավիճակներ ու արարածներ է նկարագրում նա։

17 Չորրորդ մաս (30։1–33)։ Այս «ծանրակշիռ պատգամը» վերագրվում է Ագուրին։ Խոնարհաբար ընդունելով իր աննշան լինելը՝ գրողն ասում է, որ մարդն անկարող է ստեղծել երկիրը և նրա վրա եղող բաները։ Նա Աստծու Խոսքը զտված է կոչում և ասում է, որ Աստված վահան է։ Ագուրը խնդրում է, որ սուտ խոսքը հեռացվի իրենից և որ իրեն ո՛չ աղքատություն տրվի, ո՛չ էլ հարստություն։ Նա նկարագրում է անմաքուր, գոռոզ և ագահ սերունդը, որն անիծում է իր ծնողներին։ Ագուրը նշում է, թե որ չորս բաները չեն ասում՝ բավական է, և թե ինչ չորս բաներ կան, որոնք անչափ դժվար է հասկանալ (30։15, 16)։ Այս մասում խոսվում է նաև շնացող կնոջ մասին, որը անամոթաբար արդարացնում է իրեն։ Այնուհետև նկարագրվում են չորս իրավիճակներ, որոնց երկիրը չի կարողանում դիմանալ, չորս փոքր արարածներ, որոնք բնազդային իմաստությամբ են օժտված, և չորս արարածներ, որոնք վսեմ քայլվածք ունեն։ Տեղին համեմատությունների միջոցով գրողը զգուշացնում է, որ «բարկությունը բորբոքելուց վեճ է բռնկվում» (30։33)։

18. Լեմուել թագավորն ի՞նչ է ասում ա) անբարո կնոջ և բ) առաքինի կնոջ մասին։

18 Հինգերորդ մաս (31։1–31)։ Ահա մեկ այլ «ծանրակշիռ պատգամ», որը վերագրվում է Լեմուել թագավորին։ Այն գրված է երկու ոճով։ Գլխի սկզբում ասվում է, որ անբարո կնոջ հետ կապը բերում է կործանման, նախազգուշացում է տրվում, որ ոգելից խմիչքը կարող է խեղաթյուրել դատական գործը, և կոչ է արվում արդար դատ անել։ Դրան հետևում է ակրոստիքոս, որը նկարագրում է, թե ինչ արժեք ունի առաքինի կինը։ Մանրամասնորեն խոսվում է, թե որքան թանկ է այդպիսի կինը, թե ինչքան է նրա ամուսինը վստահում նրան, և թե ինչպես է կինը բարիքով հատուցում ամուսնուն։ Նրա լավ հատկություններն են աշխատասիրությունը, վաղ արթնանալու պատրաստակամությունը, լավ գնումներ կատարելու կարողությունը, աղքատների հանդեպ բարությունը, ինչպես նաև հեռատեսությունն ու իմաստուն խոսքը։ Առաքինի կինը ճարպիկ է, նրա երեխաները հարգում են նրան, իսկ ամուսինը՝ գովում։ Բայց ամենակարևորը, նա վախենում է Եհովայից։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

19. Ի՞նչ է ասվում «Առակներ» գրքում իր գրվելու նպատակի մասին։

19 «Առակներ» գրքի նպատակի մասին գրված է առաջին խոսքերում. «Որ մարդը ձեռք բերի իմաստություն և խրատ, ըմբռնի խորիմաստ խոսքերը, ստանա խրատ, որը տալիս է ըմբռնողականություն, արդարություն, արդարադատություն և ուղղամտություն, որ անփորձները խորագիտություն ձեռք բերեն, երիտասարդները՝ գիտելիք և խորհելու կարողություն» (1։2–4)։ Հետամուտ լինելով այդ նպատակին՝ գիրքը ընդգծում է գիտելիքների, իմաստության և հասկացողության կարևորությունը, հատկություններ, որոնք օգտակար են։

20. «Առակներ» գիրքը ի՞նչ է ասում գիտելիքների մասին։

20 1) Գիտելիքներ ստանալը շատ անհրաժեշտ է մարդու համար, և տգետ լինելը լավ չէ։ Առանց Եհովայի հանդեպ վախ ունենալու՝ մարդը չի կարող ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել, քանի որ գիտելիքների սկիզբը այդպիսի վախն է։ Գիտելիքները ընտիր ոսկուց գերադասելի են։ Ինչո՞ւ։ Դրանց շնորհիվ են ազատվում արդարները. գիտելիքները մեզ պաշտպանում են անմտածված քայլեր անելուց և մեղք գործելուց։ Որքա՜ն անհրաժեշտ է գիտելիքներ որոնելը և ձեռք բերելը։ Դրանք թանկագին են։ Ուրեմն «ականջ դիր ու լսիր իմաստունների խոսքերը, որպեսզի սիրտդ իմ գիտելիքներին ուղղես» (22։17; 1։7; 8։10; 11։9; 18։15; 19։2; 20։15)։

21. Աստծու Խոսքն ի՞նչ է սովորեցնում իմաստության մասին։

21 2) Իմաստությունը, այսինքն՝ Եհովային փառաբանելու նպատակով գիտելիքները ճիշտ ձևով կիրառելու կարողությունը, «Առակներ» գրքում «գլխավոր» բանն է համարվում։ Ձե՛ռք բեր այն։ Եհովան է դրա Աղբյուրը։ Կյանք պարգևող իմաստությունը սկսվում է Եհովա Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելուց և նրա հանդեպ վախ ունենալուց. ահա՛ իմաստության գաղտնիքը։ Ուրեմն վախեցիր Աստծուց և ոչ թե մարդուց։ Անձնավորված իմաստությունը բոլորին կոչ է անում ուղղել իրենց ճանապարհները։ Իմաստությունը բարձրաձայն կանչում է փողոցներում։ Եհովան կոչ է անում բոլոր անփորձ ու անխոհեմ անհատներին թողնել իրենց ընթացքը և ուտել իմաստության հացը։ Եհովայի հանդեպ վախ ունենալով՝ մարդիկ երջանիկ կլինեն, նույնիսկ եթե ունևոր չեն։ Իմաստության օրհնությունները շատ են, օգուտները՝ անսահման։ Իմաստությունն ու գիտելիքները անհրաժեշտ են խորհելու կարողություն զարգացնելու համար, հատկություն, որը կպաշտպանի մեզ։ Ինչպես մեղրն է օգտակար և հաճելի, այնպես էլ իմաստությունը։ Իմաստությունն ավելի արժեքավոր է, քան ոսկին. կյանքի ծառ է այն։ Մարդիկ կործանվում են առանց իմաստության, քանի որ այն պահպանում է կյանքը։ Այն կյանք է նշանակում (4։7; 1։7, 20–23; 2։6, 7, 10, 11; 3։13–18, 21–26; 8։1–36; 9։1–6, 10; 10։8; 13։14; 15։16, 24; 16։16, 20–24; 24։13, 14)։

22. Ինչի՞ց է պաշտպանում հասկացողությունը։

22 3) Գիտելիքից և իմաստությունից բացի, կարևոր է հասկացողությունը, հետևաբար, «ինչ էլ որ ձեռք ես բերում, դրա հետ միասին հասկացողություն ձեռք բեր»։ Հասկացողությունը իրերի միջև գոյություն ունեցող կապը տեսնելու կարողությունն է, այսինքն՝ կարողություն տեսնելու ողջ պատկերը, ոչ թե առանձին մասերը։ Հասկացողությունը խորաթափանցությունն է։ Խորաթափանց մարդը միշտ հաշվի է առնում Աստծու տեսակետը, որովհետև չի կարող իր հասկացողությանը ապավինել։ Հնարավոր չէ հասկացողություն կամ խորաթափանցություն դրսևորել՝ վարվելով Աստծու կամքին հակառակ։ Հասկացողություն ձեռք բերելու համար հարկավոր է այն փնտրել եռանդով, ինչպես կփնտրեինք թաքցված գանձերը։ Ինչ-որ բան հասկանալու համար պետք է գիտելիքներ ունենալ։ Երբ հասկացող անհատը գիտելիքներ է փնտրում, նրա ջանքերը վարձատրվում են, և նա իմաստություն է ստանում։ Նա պաշտպանվում է այս աշխարհի բազում վտանգներից, օրինակ՝ չար մարդկանցից, որոնք գուցե փորձեն մոլորեցնել իրեն, որպեսզի նա իրենց հետ ընթանա խավարի ճանապարհով։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք Եհովա Աստծուն՝ կենարար գիտելիքների, իմաստության և հասկացողության Աղբյուրին (4։7; 2։3, 4; 3։5; 15։14; 17։24; 19։8; 21։30)։

23. Ի՞նչ իմաստուն խորհուրդներ ենք քննելու։

23 Իր նպատակին ներդաշնակ՝ «Առակներ» գիրքը պարունակում է բազում իմաստուն և Աստծուց ներշնչված խորհուրդներ, որոնց օգնությամբ ձեռք ենք բերում հասկացողություն և պաշտպանում ենք մեր սիրտը, «որովհետև դրանից են կյանքի աղբյուրները» (4։23)։ Տեսնենք, թե ինչ իմաստուն խորհուրդներ են տրվում «Առակներ» գրքում։

24. Ի՞նչ է ասվում ամբարշտի ու արդարի մասին։

24 Ամբարիշտները հակադրվում են արդարներին։ Ամբարիշտը կբռնվի իր ծուռ ճանապարհներում, և նրա հարստությունը իրեն չի փրկի ցասման օրը։ Արդարը կանգնած է կյանքի ճանապարհին, և նրա հատուցումը Եհովայից կլինի (2։21, 22; 10։6, 7, 9, 24, 25, 27–32; 11։3–7, 18–21, 23, 30, 31; 12։2, 3, 7, 28; 13։6, 9; 14։2, 11; 15։3, 8, 29; 29։16)։

25. «Առակներ» գիրքը ի՞նչ է ասում անբարոյության մասին։

25 Բարոյական մաքրության կարևորությունը։ Սողոմոնը շարունակ զգուշացնում է անբարոյությունից հեռու մնալու մասին։ Ամուսնական հավատարմությունը խախտողները դժբախտանում են և անպատվություն են բերում իրենց վրա։ Նրանց նախատինքը չի ջնջվի իրենց անվան վրայից։ «Գողացված ջրերը» կարող են քաղցր թվալ երիտասարդին, սակայն մարմնավաճառ կինը իջնում է դեպի մահ և իր հետ տանում անփորձ զոհերին։ Անբարոյության խոր փոսն ընկածները դատապարտվում են Եհովայի կողմից (2։16–19; 5։1–23; 6։20–35; 7։4–27; 9։13–18; 22։14; 23։27, 28)։

26. Ի՞նչ է ասվում ինքնատիրապետման մասին։

26 Ինքնատիրապետման կարևորությունը։ Հարբեցողությունն ու որկրամոլությունը դատապարտվում են։ Աստծու հավանությունն ունենալու համար պետք է չափավոր լինել ուտելու և խմելու հարցում (20։1; 21։17; 23։21, 29–35; 25։16; 31։4, 5)։ Ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է, և նա ավելի մեծ է, քան քաղաք գրավող հզոր մարդը (14։17, 29; 15։1, 18; 16։32; 19։11; 25։15, 28; 29։11, 22)։ Ինքնատիրապետումը օգնում է խուսափելու նախանձից, որը փտություն է ոսկորների համար (14։30; 24։1; 27։4; 28։22)։

27. ա) Ո՞րն է անխոհեմ խոսքը։ բ) Ինչո՞ւ է կարևոր իմաստությամբ օգտագործել մեր շուրթերն ու լեզուն։

27 Խոսքի իմաստուն և ոչ իմաստուն գործածությունը։ Ծուռումուռ խոսքեր ասողը, զրպարտողը, կեղծ վկան և ստախոսը կբացահայտվեն, քանի որ գարշելի են Եհովայի համար (4։24; 6։16–19; 11։13; 12։17, 22; 14։5, 25; 17։4; 19։5, 9; 20։17; 24։28; 25։18)։ Եթե անհատի բերանը բարի բաներ է խոսում, դա նրա համար կյանքի աղբյուր է, մինչդեռ հիմարի բերանը արագացնում է նրա կործանումը։ «Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են, և նրան սիրողը նրա պտղից կուտի» (18։21)։ Զրպարտությունը, ստախոս լեզուն, շողոքորթությունը և անմտածված խոսքերը դատապարտելի են։ Ճշմարտությունն ասելը և Աստծուն պատվելը իմաստության ճանապարհն են (10։11, 13, 14; 12։13, 14, 18, 19; 13։3; 14։3; 16։27–30; 17։27, 28; 18։6–8, 20; 26։28; 29։20; 31։26)։

28. Ի՞նչ հետևանքներ է ունենում հպարտությունը, բայց ի՞նչ օգուտներ է բերում խոնարհությունը։

28 Հպարտության անմտությունը և խոնարհության կարևորությունը։ Հպարտ մարդը բարձրացնում է ինքն իրեն, բայց իրականում նա բարձր չէ ուրիշներից, ուստի հպարտությունը կործանման է տանում։ Սրտով հպարտները գարշելի են Եհովայի համար, բայց խոնարհներին նա իմաստություն, փառք, հարստություն և կյանք է տալիս (3։7; 11։2; 12։9; 13։10; 15։33; 16։5, 18, 19; 18։12; 21։4; 22։4; 26։12; 28։25, 26; 29։23)։

29. Ինչպե՞ս է հարկավոր վերաբերվել ծուլությանը, և ի՞նչ արժեք ունի ժրաջանությունը։

29 Ժրաջանություն, ոչ թե ծուլություն։ «Առակներ»-ում շատ նկարագրություններ կան ծույլ մարդու մասին։ Ծույլը պետք է գնա մրջյունի մոտ ու նրանից սովորի, որպեսզի իմաստուն դառնա։ Իսկ ժրաջան մարդը միշտ հաջողություն կունենա (1։32; 6։6–11; 10։4, 5, 26; 12։24; 13։4; 15։19; 18։9; 19։15, 24; 20։4, 13; 21։25, 26; 22։13; 24։30–34; 26։13–16; 31։24, 25)։

30. «Առակներ»-ում ի՞նչ է ասվում լավ ընկերակցության մասին։

30 Լավ ընկերակցություն։ Եհովայի հանդեպ վախ չունեցող, ամբարիշտ, հիմար, բամբասող, շուտ բորբոքվող կամ որկրամոլ մարդկանց հետ ընկերակցելը անմտություն է։ Ուստի ընկերակցենք իմաստունների հետ և ավելի իմաստուն կլինենք (1։10–19; 4։14–19; 13։20; 14։7; 20։19; 22։24, 25; 28։7)։

31. Հանդիմանության վերաբերյալ ի՞նչ իմաստուն խորհուրդներ են տրվում։

31 Հանդիմանության և ուղղելու կարևորությունը։ «Ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է», և ով ուշադրություն է դարձնում նրա խրատին, փառքի ու կյանքի ճանապարհով է ընթանում։ Իսկ հանդիմանությունն ատողի վրա անպատվություն կգա (3։11, 12; 10։17; 12։1; 13։18; 15։5, 31–33; 17։10; 19։25; 29։1)։

32. Ի՞նչ է խորհուրդ տրվում առաքինի կին լինելու վերաբերյալ։

32 Խորհուրդներ, թե ինչպես լինել առաքինի կին։ «Առակներ»-ը բազմիցս զգուշացնում է, որ կինը չպետք է լինի կռվարար և ամոթալի վարմունք ունեցող։ Խոհեմ, առաքինի, աստվածավախ կնոջ լեզվի վրա սիրառատ բարության օրենք կա. այսպիսի կին գտնողը Եհովայի բարեհաճությունն է վայելում (12։4; 18։22; 19։13, 14; 21։9, 19; 27։15, 16; 31։10–31)։

33. Երեխաների դաստիարակության վերաբերյալ ի՞նչ օգտակար խորհուրդներ են տրվում։

33 Երեխաների դաստիարակություն։ Աստծու պատվերները հարկավոր է կանոնավորաբար ուսուցանել երեխաներին, որպեսզի նրանք «չմոռանան» դրանք։ Մանուկ հասակից հարկավոր է սովորեցնել նրանց Եհովայի հրահանգները։ Հարկ եղած դեպքում գավազանը չպետք է խնայել. երբ ծնողները սիրով են կրթում երեխային, գավազանն ու հանդիմանությունը իմաստություն են տալիս նրան։ Եթե ծնողները երեխային դաստիարակեն Աստծուն հաճելի ձևով, կմեծացնեն իմաստուն զավակ, որը ուրախություն և մեծ հաճույք կպատճառի իր հորն ու մորը (4։1–9; 13։24; 17։21; 22։6, 15; 23։13, 14, 22, 24, 25; 29։15, 17)։

34. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ ուրիշներին օգնելով։

34 Ուրիշներին օգնելու պարտականությունը։ Այս մասին հաճախ է շեշտվում «Առակներ»-ում։ Իմաստուն մարդը պետք է գիտելիքներ տարածի ուրիշների օգտի համար։ Անհատը պետք է առատաձեռնորեն հաճություն ցույց տա աղքատին։ Վարվելով այդպես՝ նա Եհովային պարտք է տալիս, որն անպայման կհատուցի նրան (11։24–26; 15։7; 19։17; 24։11, 12; 28։27)։

35. Բացահայտելով մեր խնդիրների արմատը՝ ի՞նչ խորհուրդ է տալիս «Առակներ» գիրքը։

35 Եհովային ապավինել։ «Առակներ» գիրքը բացահայտում է մեր խնդիրների արմատը, երբ խորհուրդ է տալիս ամբողջությամբ ապավինել Աստծուն։ Մենք պետք է մեր բոլոր ճանապարհներում հաշվի առնենք Եհովային։ Մարդը ծրագրում է իր ընթացքը, բայց Եհովան է նրա քայլերին ուղղություն տալիս։ Եհովայի անունը ամուր աշտարակ է, որտեղ փախչում է արդարը և պաշտպանություն գտնում։ Հույսը պետք է Եհովայի վրա դնել և առաջնորդության համար դիմել նրա Խոսքին (3։1, 5, 6; 16։1–9; 18։10; 20։22; 28։25, 26; 30։5, 6)։

36. Ի՞նչ առումներով է «Առակներ» գիրքը արդիական, գործնական և օգտակար։

36 Որքա՜ն օգտակար է «Առակներ» գիրքը թե՛ մեզ, թե՛ ուրիշներին սովորեցնելու և խրատելու համար։ Մարդկային հարաբերությունների ոչ մի ոլորտ անտեսված չէ։ Աստծուն երկրպագողներից կա՞ մեկը, որ մեկուսանում է իր հավատակիցներից (18։1)։ Բարձր դիրքի տեր անձնավորությունը որևէ հարց լուծելիս արդյոք առանց երկու կողմին լսելո՞ւ է որոշում կայացնում (18։17)։ Արդյոք որևէ մեկը շարունակ վտանգավոր կատակնե՞ր է անում (26։18, 19)։ Ինչ-որ մեկը աչառություն անելու հակո՞ւմ ունի (28։21)։ Խանութի վաճառողը, դաշտում աշխատող հողագործը, ամուսինն ու կինը, երեխաները՝ բոլորն էլ կարող են օգտակար խորհուրդներ ստանալ «Առակներ» գրքից։ Ծնողներին այն օգնում է տեսնելու, թե ինչ ծուղակներ կան իրենց երեխաների ճանապարհին։ Իմաստուն մարդիկ կարող են սովորեցնել անփորձներին։ Այս գրքում տեղ գտած պատվերներն ու խորհուրդները գործնական են բոլոր մարդկանց համար։ Այդ խորհուրդները երբեք չեն հնանում։ Մի անգամ կրթության բնագավառում աշխատող ամերիկացի Ուիլիամ Լայըն Ֆելփսը ասել է, որ ««Առակներ» գիրքը ավելի արդիական է, քան այս առավոտ լույս տեսած օրաթերթը»b։ Այո՛, «Առակներ»-ը արդիական, գործնական և սովորեցնելու համար օգտակար գիրք է, քանի որ Աստծու ներշնչմամբ է գրված։

37. Ինչպե՞ս է «Առակներ»-ը ներդաշնակ Մեծ Սողոմոնի ուսմունքներին։

37 Օգտակար լինելով մարդկանց քայլերն ուղղելու համար՝ «Առակներ»-ը, որի մեծ մասը Սողոմոնն է ասել, օգնում է մարդկանց մոտենալու Ամենակալ Աստծուն։ Այդպիսի օգնություն է ցուցաբերել նաև Հիսուս Քրիստոսը, որի մասին Մատթեոս 12։42-ում խոսվում է որպես «Սողոմոնից էլ մեծի»։

38. «Առակներ» գիրքն ինչպե՞ս է խորացնում մեր երախտագիտությունը Աստծու Թագավորության և նրա արդար սկզբունքների հանդեպ։

38 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ այսպիսի իմաստուն անձնավորության է ընտրել որպես Թագավորության Սերունդ։ Նրա գահը «արդարությամբ կհաստատվի» և նրա խաղաղ կառավարման փառքը Սողոմոնի թագավորության փառքից ավելի մեծ կլինի։ Թագավորության մասին ասելու են. «Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և սիրառատ բարությամբ նա հաստատում է իր գահը»։ Այդ ժամանակ ողջ մարդկության համար կսկսվի արդար կառավարման ժամանակաշրջան, որի մասին «Առակներ»-ում նաև ասվում է. «Եթե թագավորը խեղճերին ճշմարտությամբ դատի, նրա գահը ընդմիշտ հաստատուն կլինի»։ Անչափ ուրախալի է իմանալ, որ «Առակներ» գիրքը ոչ միայն լուսավորում է մեր ճանապարհը ու տալիս գիտելիքներ, իմաստություն, հասկացողություն և հավիտենական կյանք, այլև ամենակարևորը, մեծարում է Եհովային՝ որպես ճշմարիտ իմաստության Աղբյուրի. այդ իմաստությունը նա տալիս է Հիսուս Քրիստոսի՝ Թագավորության Ժառանգի միջոցով։ «Առակներ» գիրքը խորացնում է մեր գնահատանքը Աստծու Թագավորության և այն արդար սկզբունքների հանդեպ, որոնցով այդ Թագավորությունն իշխում է այսօր (Առակ. 25։5; 16։12; 20։28; 29։14)։

[ծանոթագրություններ]

a «Սմիթի աստվածաշնչյան բառարան», 1890, հատ. 3, էջ 2616 (անգլ.)։

b «Treasury of the Christian Faith», 1949, Սթաբերի և Կլարկի խմբագրությամբ, էջ 48։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը