Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 144–146
  • Աստվածաշնչի գիրք համար 25. Ողբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 25. Ողբ
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Ուշագրավ մտքեր «Երեմիայի ողբերը» գրքից
    2007 Դիտարան
  • «Իմ խոսքերը քո բերանում դրեցի»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Ողբ | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Աստվածաշնչի գիրք համար 24. Երեմիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 144–146

Աստվածաշնչի գիրք համար 25. Ողբ

Գրողը՝ Երեմիա

Գրվելու վայրը՝ Երուսաղեմի մերձակայք

Գրության ավարտը՝ մ.թ.ա. 607թ.

1. Ինչո՞ւ կարելի է ասել, որ «Ողբ» գիրքը համապատասխան անուն ունի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ այս գիրքը իրոք որ համապատասխան անուն ունի։ Սա մի խոր վիշտ արտահայտող ողբ է Աստծու ընտրյալ ժողովրդի վրա եկած աղետի մասին, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 607-ին, երբ Երուսաղեմը կործանվեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով։ Եբրայերեն բնագրում գիրքն անվանված է այն բառով, որով սկսվում է՝ Էհխահ, հայերեն՝ «Ինչպե՜ս»։ Հունարեն «Յոթանասնից»-ի թարգմանիչները գիրքը վերնագրել են Տրենոյ, որ նշանակում է «սգո երգեր, ողբերգեր»։ Բաբելոնական Թալմուդն օգտագործում է Քինոթ բառը, որը թարգմանվում է «սգո երգեր, եղերերգեր»։ Հերոնիմոսը լատիներեն թարգմանության մեջ օգտագործել է Լամենտացիոնես բառը, որից էլ մի շարք լեզուներում առաջ է եկել գրքի անվանումը։

2. Աստվածաշնչի ո՞ր մասում է «Ողբ» գիրքը։

2 Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում «Ողբ» գիրքն անմիջապես հաջորդում է «Երեմիա» գրքին, սակայն Եբրայերեն Գրությունների կանոնում այն սովորաբար «Գրություններ» կոչվող բաժնում է «Երգերի երգը», «Հռութ», «Ժողովող» և «Եսթեր» գրքերի հետ մեկտեղ, և այս փոքրիկ մասը հայտնի է հինգ Մեգիլոթ (փաթույթներ) անվանումով։ Եբրայերեն լեզվով Աստվածաշնչի որոշ նոր հրատարակություններում «Ողբ» գիրքը գտնվում է «Հռութ» և «Ժողովող» կամ «Եսթեր» և «Ժողովող» գրքերի միջև, բայց կարծիք կա, որ հին ձեռագրերում այն հաջորդել է «Երեմիա» գրքին, ինչպես որ այսօր Աստվածաշնչի ժամանակակից թարգմանություններում է։

3, 4. Ի՞նչն է փաստում, որ Երեմիան է գրել «Ողբ» գիրքը։

3 Գիրքը չի հիշատակում գրողի անունը, սակայն հավանականությունը մեծ է, որ դա Երեմիան է։ Հունարեն «Յոթանասնից»-ում այն սկսվում է հետևյալ նախաբանով. «Իսրայելի գերությունից և Երուսաղեմի ավերածությունից հետո էր, երբ Երեմիան նստած լաց էր լինում և այս ողբերն ասում Երուսաղեմի վրա»։ Հերոնիմոսն այս տողերը համարել է ավելացված և չի թարգմանել իր թարգմանության մեջ։ Այդուհանդերձ, հրեաները ավանդաբար «Ողբ» գրքի գրությունը վերագրում են Երեմիային, և դա հաստատում են ասորերեն «Պեշիթո»-ն, լատիներեն «Վուլգատա»-ն, «Հովնաթանի թարգումը» և Բաբելոնական Թալմուդը։

4 Քննադատներից ոմանք փորձել են ապացուցել, որ «Ողբ»-ի գրողը Երեմիան չէ։ Սակայն մի աշխատությունում ուշադրություն է դարձվում «2-րդ և 4-րդ գլուխներում Երուսաղեմի վառ նկարագրություններին, որոնք կարող էր անել միայն դեպքերի ականատեսը, խոր կարեկցանքին, մարգարեական ոգուն, որով աչքի են ընկնում այս պոեմները, ինչպես նաև ոճին, դարձվածաբանությանը, մտքերին, որոնք այդքան բնորոշ են Երեմիային»a։ «Ողբ» և «Երեմիա» գրքերում բազմաթիվ զուգահեռ արտահայտություններ կան, օրինակ՝ ծանր վշտից «աչքերիցս ջրեր [արտասուք] են հոսում» խոսքերը (Ողբ 1։16; 2։11; 3։48, 49; Երեմ. 9։1; 13։17; 14։17), նույնատիպ են նաև այլասերված մարգարեների ու քահանաների մասին խոսքերը, ովքեր անօրեն էին դարձել (Ողբ 2։14; 4։13, 14; Երեմ. 2։34; 5։30, 31; 14։13, 14)։ Երեմիա 8։18–22 և 14։17, 18 համարները վկայում են, որ Երեմիան տիրապետում էր ողբերգերի ոճին, որը հատուկ է «Ողբ» գրքին։

5. Ի՞նչն է օգնում որոշելու, թե երբ է գրվել գիրքը։

5 Համարվում է, որ գիրքը գրվել է մ.թ.ա. 607թ. Երուսաղեմի կործանումից շատ չանցած։ Երեմիան դեռ հիշում էր քաղաքի սարսափելի պաշարումը, նրա աչքերի առաջ հրի մատնված քաղաքն էր։ Դա է պատճառը, որ մարգարեն իր սրտի մորմոքը այդքան վառ կերպով է արտահայտել։

6. Ինչո՞վ է հետաքրքիր «Ողբ»-ի ոճն ու կառուցվածքը։

6 «Ողբ»-ի կառուցվածքը գրավել է աստվածաշնչագետների ուշադրությունը։ Այն բաղկացած է հինգ գլխից՝ հինգ լիրիկական պոեմներից։ Առաջին չորսը ակրոստիքոսներ են։ Առաջին, երկրորդ և չորրորդ գլուխներում 22 համար կա, որոնցից յուրաքանչյուրը, ըստ հերթականության, սկսվում է եբրայերեն այբուբենի 22 տառերից մեկով։ Երրորդ գլուխը ունի 66 համար, այդ պատճառով այբուբենի յուրաքանչյուր տառով երեք համար է սկսվում։ Հինգերորդն ակրոստիքոս չէ, թեև նույնպես բաղկացած է 22 համարից։

7. Ինչի՞ համար է վիշտ արտահայտում Երեմիան, բայց ի՞նչ հույս է մնացել։

7 «Ողբ»-ում խոր վիշտ է արտահայտված Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի պաշարման, զավթման ու կործանման համար։ Իր վառ լեզվով ու զգացմունքների ուժգնությամբ գիրքը գերազանցում է ցանկացած այլ գրական ստեղծագործություն։ Գրողը ողբում է՝ տեսնելով ավերվածություն, խառնաշփոթ ու թշվառություն։ Սուրը, սովը և քաղաքի վրա եկած այլ սարսափելի ցավեր Աստծու կողմից պատիժ են ժողովրդի, մարգարեների և քահանաների գործած մեղքերի համար։ Բայց Երեմիան շարունակում է հուսալ ու հավատալ Եհովային, և հենց նրան են ուղղված վերականգնման մասին աղոթքները։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

8. Ի՞նչ ամայացման մասին է նկարագրվում առաջին պոեմում, բայց ի՞նչ է ասում Երուսաղեմը։

8 «Ինչպե՜ս է միայնակ նստել նա՝ նախկինում մարդկանցով լի քաղաքը»։ Այսպես սկսվում է առաջին պոեմը։ Սիոնի դուստրը իշխանուհի էր, բայց նրան սիրողները թողել են նրան, և նրա ժողովուրդը գերության է գնացել։ Դարպասներն ամայացել են։ Եհովան պատժել է նրան բազմաթիվ հանցանքների համար։ Նա կորցրել է իր շքեղությունը։ Թշնամիները ծիծաղում են նրա խորտակման վրա։ Նա ծայրաստիճան նվաստացած է, և ոչ ոք չի մխիթարում նրան, իսկ մնացած ժողովուրդը սոված է։ Երուսաղեմը հարցնում է. «Արդյոք կա՞ մի ցավ իմ ցավի նման»։ Նա տարածում է իր ձեռքերը և ասում. «Արդար է Եհովան, որովհետև ես նրա պատվերների դեմ ապստամբեցի» (1։1, 12, 18)։ Նա խնդրում է Եհովային, որ աղետ բերի իր վրա ուրախացող թշնամիների գլխին և որ նրանց հետ վարվի այնպես, ինչպես որ իր հետ է վարվում։

9. ա) Երուսաղեմի վրա ումի՞ց է աղետ եկել։ բ) Ըստ Երեմիայի՝ ի՞նչ անարգանքի է արժանանում քաղաքը, և ի՞նչ սարսափելի բաներ են տեղի ունենում նրանում։

9 «Ինչպե՜ս է Եհովան իր բարկությամբ ամպերով ծածկում Սիոնի դստերը» (2։1)։ Երկրորդ պոեմը ցույց է տալիս, որ հենց Եհովան է գցել Իսրայելի գեղեցկությունը երկրի վրա։ Նա մոռանալ է տվել տոնն ու շաբաթը և մերժել է իր զոհասեղանն ու սրբարանը։ Օ՜, ի՜նչ սրտաճմլիկ տեսարան է դարձել Երուսաղեմը։ Երեմիան բացականչում է. «Աչքերս մաշվեցին արտասուքից։ Աղիքներս գալարվում են։ Լյարդս գետին է թափվել, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է» (2։11)։ Ո՞ւմ նա կնմանեցնի Երուսաղեմի դստերը։ Ինչպե՞ս նա կմխիթարի Սիոնի աղջկան։ Նրա մարգարեների տեսիլքները անօգուտ ու դատարկ էին։ Անցորդները արհամարհանքով ծիծաղում են նրա վրա և ասում. «Սա՞ է այն քաղաքը, որի մասին ասում էին՝ «գեղեցկության կատարելություն, ամբողջ երկրի ցնծություն»» (2։15)։ Թշնամիները նրա վրա իրենց բերաններն են բացել, նրանք սուլում են, ատամներն են կրճտացնում՝ ասելով. «Մենք նրան կուլ կտանք։ Ահա՛ այն օրը, որին սպասում էինք»։ Նրա երեխաները սովից ուշաթափ են լինում, և կանայք իրենց զավակներին են ուտում։ Փողոցներում դիակներ են ընկած։ «Եհովայի ցասման օրը մի ազատվող կամ փրկվող չեղավ» (2։16, 22)։

10. Որպես հույսի հիմք՝ Երեմիան Աստծու ո՞ր հատկություններն է նշում։

10 Երրորդ պոեմը, որը բաղկացած է 66 համարից, ընդգծում է Սիոնի հույսը, որ Աստված ողորմություն կդրսևորի իր հանդեպ։ Բազմաթիվ փոխաբերություններով մարգարեն ցույց է տալիս, որ ազգի վրա եկած աղետը՝ գերություն և ամայացում, Եհովան է բերել։ Գտնվելով այս դառը իրավիճակում՝ գրողը խնդրում է Աստծուն, որ հիշի իր տառապանքները, և իր հավատն է արտահայտում Եհովայի սիրառատ բարության ու ողորմության հանդեպ։ Իրար հետևից երեք համար սկսվում են «բարի է», «լավ է» բառերով և ցույց տալիս, որ ճիշտ է սպասել Եհովայից եկող փրկությանը (3։25–27)։ Թեպետ Եհովան վիշտ է պատճառել, սակայն ողորմություն ցույց կտա։ Բայց հիմա թեև մարդիկ խոստովանում են, որ ապստամբել են, Եհովան նրանց չի ներում։ Նա ծածկել է իրեն, որ իր ժողովրդի աղոթքը չհասնի իրեն, և նրանց «աղբ ու թափթփուկ է դարձրել» (3։45)։ Դառը արցունքներով մարգարեն հիշում է, որ թշնամիները ջանացին որսալ իրեն, ասես մի թռչնի։ Բայց Եհովան մոտեցավ Երեմիային, երբ նա գուբի մեջ էր ու ասաց. «Մի՛ վախեցիր»։ Նա խնդրում է Եհովային, որ պատասխանի թշնամիների նախատինքին՝ ասելով. «Դու, Եհո՛վա, բարկությամբ կհետապնդես նրանց ու բնաջինջ կանես քո երկնքի տակից» (3։57, 66)։

11. Եհովայի բորբոքված բարկությունն ինչպե՞ս է թափվել Սիոնի վրա և ինչո՞ւ։

11 «Ինչպե՜ս է խամրել փայլող ոսկին, ընտիր ոսկին» (4։1)։ Չորրորդ պոեմը ողբ է Եհովայի տաճարի թառամած փառքի մասին, որի քարերը թափված են փողոցներում։ Սիոնի պատվական որդիները կավե սափորների նման անարժեք են դարձել։ Ո՛չ ջուր կա, ո՛չ հաց, և շքեղության մեջ մեծացածները «մոխրակույտեր են գրկում» (4։5)։ Պատիժը, որ տրվել է ժողովրդին, ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի դիմաց տրված պատիժը։ Մի ժամանակ «ձյունից մաքուր, կաթից սպիտակ» ուխտավորների տեսքը հիմա «մրից էլ սև է», և բոլորի մաշկը կնճռոտվել է (4։7, 8)։ Սրից սպանվողների համար ավելի լավ էր, քան սովից մեռնողների համար, երբ կանայք եփում էին իրենց զավակներին։ Եհովան թափել է իր բորբոքված բարկությունը։ Անհավատալի բան է եղել. թշնամին Երուսաղեմի դարպասներից ներս է մտել։ Ինչո՞ւ։ «Նրա մարգարեների մեղքերի և նրա քահանաների անօրենությունների պատճառով», որոնք արդարների արյուն են թափել (4։13)։ Եհովան այլևս չի նայի նրանց վրա։ Սակայն Սիոնի դստեր անօրենության դիմաց պատիժը իր ավարտին է մոտեցել, և նա այլևս գերության չի տարվի։ Այժմ քո հերթն է, ո՛վ Եդոմի դուստր, որ խմես Եհովայի բարկության դառը բաժակը։

12. Ի՞նչ խոնարհ խնդրանք է պարունակում հինգերորդ պոեմը։

12 Հինգերորդ պոեմը սկսվում է Եհովային ուղղված խնդրանքով, որ հիշի իր որբացած ժողովրդին։ Այն պատմվում է Երուսաղեմի բնակիչների անունից։ Նրանց հայրերն են մեղք գործել, բայց նրանց անօրենության պատիժը ժողովուրդն է այժմ կրում։ Ծառաներն են իշխում նրանց վրա, և նրանք սովից տանջվում են։ Նրանց սրտի ուրախությունը դադարել է, ու պարը սգի է փոխվել։ Նրանց սրտերը հիվանդացել են։ Նրանք խոնարհաբար ընդունում են Եհովային՝ ասելով. «Բայց դու, ո՛վ Եհովա, հավիտյան կնստես քո գահին։ Քո գահը սերնդից սերունդ է»։ Նրանք բացականչում են. «Մեզ հե՛տ բեր քեզ մոտ, ո՛վ Եհովա, և մենք իսկույն հետ կգանք։ Թող ամեն ինչ լինի առաջվա պես։ Բայց դու բոլորովին մերժել ես մեզ։ Խիստ բարկացած ես մեզ վրա» (5։19–22)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

13. Ի՞նչ վստահություն է արտահայտված «Ողբ» գրքում, և ինչո՞ւ է օգտակար, որ գրքում ցույց է տրվում Աստծու խստությունը։

13 «Ողբ» գրքում արտահայտված է Երեմիայի կատարյալ վստահությունն առ Աստված։ Վշտի ու հուսահատության ծանր պահին, մարդկանցից մխիթարություն ստանալու որևէ հույսից զուրկ՝ մարգարեն փրկության համար իր աչքերը հառում է տիեզերքի Աստծուն՝ Եհովային։ «Ողբ»-ը Աստծու ճշմարիտ երկրպագուներին մղում է հնազանդ ու անարատ մնալու, միևնույն ժամանակ խիստ նախազգուշացում է պարունակում այն անհատների համար, ովքեր արհամարհում են տիեզերքի մեծագույն անունն ու նրան, ով կանգնած է այդ անվան հետևում։ Պատմությունը չի հիշատակում մեկ այլ քաղաք, որի կործանումը ողբացել են այսքան աղիողորմ ու վշտագին։ Այս ստեղծագործությունը ցույց է տալիս, թե ինչ խստությամբ է Աստված վերաբերվում նրանց, ովքեր ըմբոստ են, խստապարանոց ու չեն զղջում։

14. Ո՞ր նախազգուշացումների ու մարգարեությունների կատարումն է ցույց տրվում «Ողբ»-ում, և ինչպե՞ս է այդ գիրքը կապված ներշնչված այլ գրքերի հետ։

14 «Ողբ»-ը օգտակար է նաև այն առումով, որ ցույց է տալիս, թե ինչպես են կատարվել Աստծու կողմից արված մի շարք նախազգուշացումներ ու մարգարեություններ (Ողբ 1։2 — Երեմ. 30։14; Ողբ 2։15 — Երեմ. 18։16; Ողբ 2։17 — Ղևտ. 26։17; Ողբ 2։20 — 2 Օրենք 28։53)։ «Ողբ»-ը նաև վառ ապացույցն է այն բանի, որ կատարվել են 2 Օրենք 28։63–65-ում արձանագրված խոսքերը։ Բացի այդ, գիրքը մի քանի անգամ հղում է Աստվածաշնչի այլ գրքերին (Ողբ 2։15 — Սաղ. 48։2; Ողբ 3։24 — Սաղ. 119։57)։ Դանիել 9։5–14 համարները հաստատում են Ողբ 1։5 և 3։42-ում արձանագրված խոսքերի ճշմարտացիությունը՝ ցույց տալով, որ աղետը վրա է հասել ժողովրդի վրա նրա հանցանքների պատճառով։

15. «Ողբ» գրքում ի՞նչ օրերի մասին է խոսվում։

15 Ծանր է, ինչ խոսք, Երուսաղեմին բաժին հասած ողբալի վիճակը։ Բայցևայնպես, «Ողբ» գրքում վստահությամբ է խոսվում այն մասին, որ Եհովան սիրառատ բարություն, ողորմություն ցույց կտա, կհիշի Սիոնին ու հետ կվերադարձնի նրան (Ողբ 3։31, 32; 4։22)։ Գիրքը հույս է արտահայտում, որ «ամեն ինչ առաջվա պես» կլինի՝ այն ժամանակների պես, երբ Դավիթն ու Սողոմոնն էին իշխում Երուսաղեմում։ Դավթի հետ Եհովայի կապած ուխտը հավիտենական թագավորության վերաբերյալ ուժի մեջ է մնում։ «Անսպառ է նրա ողորմությունը։ Ամեն առավոտ այն նորանում է»։ Եհովան կշարունակի ողորմություն դրսևորել իրեն սիրողների հանդեպ, մինչև կգա այն օրը, երբ նրա արդար Թագավորության ներքո ապրող ամեն մի արարած խորին երախտագիտությամբ կբացականչի. «Եհովան է իմ բաժինը» (5։21; 3։22–24)։

[ծանոթագրություն]

a «A Commentary on the Holy Bible», 1952, Ջ. Ռ. Դամելոուի խմբագրությամբ, էջ 483։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը