Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 178–180
  • Աստվածաշնչի գիրք համար 35. Ամբակում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 35. Ամբակում
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Որքա՞ն դեռ պիտի գոյատևի չարությունը
    2000 Դիտարան
  • Ապավինիր Եհովային և ապրիր
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեր փրկության Աստծովն ենք ուրախանում
    2000 Դիտարան
  • Եհովան չի ուշանա
    2000 Դիտարան
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 178–180

Աստվածաշնչի գիրք համար 35. Ամբակում

Գրողը՝ Ամբակում

Գրվելու վայրը՝ Հուդա

Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 628թ. (?)

1. Ի՞նչ մեծ ճշմարտություններ են ընդգծվում «Ամբակում»-ի մարգարեությունում։

«ԱՄԲԱԿՈՒՄ» գիրքը ևս Եբրայերեն Գրությունների այսպես կոչված փոքր մարգարեներից է։ Սակայն Աստծու ներշնչմամբ գրված Ամբակումի տեսիլքներն ու ազդարարությունները բոլորովին էլ փոքր նշանակություն չունեն Աստծու ժողովրդի համար։ Լինելով քաջալերական ու զորացնող՝ նրա մարգարեությունը Աստծու ծառաներին օգնում է դիմանալու կյանքի հարվածներին։ Գիրքն ընդգծում է երկու մեծ ճշմարտություն. առաջին՝ Եհովան Տիեզերքի Գերիշխանն է, և երկրորդ՝ արդարն իր հավատով կապրի։ «Ամբակում» գիրքը նաև նախազգուշացում է Աստծու ծառաների հակառակորդների և այն անհատների համար, ովքեր ձևացնում են, թե պատկանում են նրա ժողովրդին։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի Եհովայի հանդեպ ամուր հավատը, որն արժանի է ամենայն գովաբանության։

2. Ի՞նչ է հայտնի Ամբակումի մասին։

2 Ամբակումի գիրքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Պատգամը, որն Ամբակում մարգարեն տեսավ տեսիլքում» (Ամբ. 1։1)։ Ո՞վ էր Ամբակում մարգարեն, որի անունը (եբրայերեն՝ Խավակկուկ) նշանակում է «ջերմ գրկախառնություն»։ Ոչինչ հայտնի չէ Ամբակումի ծագման վերաբերյալ՝ որ ցեղից է եղել, կամ որոնք են նրա կյանքի ու մահվան հետ կապված մանրամասները։ Հնարավոր չէ ստույգ ասել նաև, թե արդյոք նա եղել է տաճարի ղևտացի երաժիշտ, թեպետև նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով գրքի վերջում եղած մակագրությունից. «Նվագավարին՝ իմ լարային նվագարաններով»։

3. Հուդային առնչվող ո՞ր հանգամանքների շնորհիվ կարող ենք որոշել «Ամբակում» գրքի գրվելու ժամանակը։

3 Ե՞րբ է Ամբակումը հռչակել իր մարգարեական պատգամը։ Վերոհիշյալ մակագրությունն ու «Եհովան իր սուրբ տաճարում է» արտահայտությունը ցույց են տալիս, որ այդ ժամանակ Երուսաղեմի տաճարը դեռ կանգուն էր (2։20)։ Հիմնվելով այս երկու փաստերի, ինչպես նաև մարգարեության պատգամի վրա՝ կարելի է ենթադրել, որ ազդարարություններն արվել են մ.թ.ա. 607թ. Երուսաղեմի կործանումից ոչ շատ առաջ։ Բայց քանի՞ տարի առաջ։ Թերևս աստվածավախ Հովսիա թագավորի իշխանությունից հետո (մ.թ.ա. 659–629թթ.)։ Հենց այդ մարգարեությունն է մեզ օգնում այս հարցում՝ նշելով «մի այնպիսի գործի» մասին, որին Հուդայի ժողովուրդը չէր հավատա, եթե նրան պատմեին։ Ի՞նչ «գործ»։ Աստված մտադիր էր Հուդայի հավատուրաց թագավորությանը պատժել քաղդեացիների (բաբելոնացիների) միջոցով (1։5, 6)։ Սա մեզ բերում է կռապաշտ Հովակիմ թագավորի իշխանության սկզբները, երբ երկրում հավատուրացություն ու անարդարություն էր տիրում։ Հովակիմին գահ էր բարձրացրել Նեքաո փարավոնը, և ժողովուրդը Եգիպտոսի տիրապետության տակ էր գտնվում։ Նման հանգամանքներում մարդիկ կարող էին մտածել, որ հիմք չունեն հավատալու, թե Բաբելոնը կարող է հարձակվել իրենց վրա։ Սակայն մ.թ.ա. 625-ին Նաբուգոդոնոսոր թագավորը Կարքեմիշի ճակատամարտում պարտության մատնեց Նեքաո փարավոնին, ինչը թուլացրեց Եգիպտոսի ազդեցությունը։ Ուստի Ամբակումն իր մարգարեությունը պետք է որ ազդարարած լիներ նախքան այդ իրադարձությունը։ Այսպիսով՝ փաստերը մատնանշում են Հովակիմի թագավորության սկիզբը (սկսել է իշխել մ.թ.ա. 628-ից), ինչից էլ իմանում ենք, որ Ամբակումը Երեմիայի ժամանակակիցն է եղել։

4. Ի՞նչն է փաստում, որ «Ամբակում» գիրքը ներշնչված է Աստծուց։

4 Ինչի՞ հիման վրա կարելի է եզրակացնել, որ գիրքը ներշնչված է Աստծուց։ Եբրայերեն Գրությունների հնագույն ցուցակները հաստատում են «Ամբակում»-ի կանոնականությունը։ Ու թեև դրանցում գիրքն անվանապես հիշատակված չէ, սակայն ակներևաբար ընդգրկված է այնտեղ նշված «տասներկու փոքր մարգարեների» մեջ, հակառակ դեպքում գրքերի թիվը 12 չի լինի։ Պողոս առաքյալը «Ամբակում» մարգարեությունը դասել է ներշնչված գրքերի շարքում և ուղղակի մեջբերում կատարել 1։5 համարից՝ գրելով, որ մեջբերում է «Մարգարեների գրվածքներում ասվածը» (Գործ. 13։40, 41)։ Իր նամակներում Պողոսը բազմիցս մեջբերումներ է կատարել «Ամբակում»-ից։ Ի լրումն այս ամենի՝ Հուդայի ու Բաբելոնի ժողովրդի դեմ Ամբակումի հռչակած մարգարեությունների կատարումները ցույց են տալիս, որ նա Եհովայի ճշմարիտ մարգարեն է եղել, որի անունով և որի փառքի համար էլ խոսել է։

5. Համառոտ կերպով ամփոփիր «Ամբակում» գրքի բովանդակությունը։

5 «Ամբակում» գիրքը բաղկացած է երեք գլխից։ Առաջին երկուսը երկխոսություն են գիրքը գրողի ու Եհովայի միջև։ Դրանք պատմում են քաղդեացիների զորության և ապա այդ ազգին սպասող դժբախտության մասին, քանի որ նա շատացնում է այն, ինչ իրենը չէ, անազնիվ շահ է ստանում իր տան համար, արյունով է շինում քաղաքը և քանդակված կուռքեր է պաշտում։ Երրորդ գլխում անգերազանցելի հզորությամբ ու պատկերավորությամբ նկարագրվում է Եհովայի մեծությունը պատերազմի օրը։ Այս գլուխը ողբերգի տեսքով աղոթք է, որի մասին ժամանակին ասվել է. «Քան այս յաղթական երգը բարձր և պերճ բան մը չկայ նոյն իսկ Եբրայական բանաստեղծութեան մէջ»a։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

6. Ի՞նչ իրավիճակ է տիրում Հուդայում, և դրա հետևանքով ի՞նչ ապշեցնող բան է անելու Եհովան։

6 Մարգարեն աղերսում է Եհովային (1։1–2։1)։ Հուդայի անհավատությունը հարցեր է առաջացնում Ամբակումի մեջ։ «Ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես»,— հարցնում է նա։ «Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա» (1։2, 3)։ Օրենքը կորցրել է իր ուժը, ամբարիշտը շրջապատել է արդարին, և արդարությունն աղավաղվում է։ Այդ պատճառով Եհովան մի այնպիսի գործ է կատարելու, որ ապշահար կանի, մի բան, որի մասին «նույնիսկ եթե պատմեին [ժողովրդին], չէին հավատա»։ Նա «վեր է կացնելու քաղդեացիներին»։ Իսկապես սոսկալի է այս կատաղի և սրընթաց մոտեցող ազգի մասին տեսիլքը, որ տալիս է Եհովան։ Քաղդեացիները բռնություն են անում և «ավազի չափ գերիներ հավաքում» (1։5, 6, 9)։ Այս ազգին ոչ ոք չի խանգարի. ո՛չ թագավորները, ո՛չ բարձրաստիճան պաշտոնյաները, քանի որ նա ծիծաղում է այդ բոլորի վրա։ Նա գրավում է ամեն ամրություն։ Այս ամենը դատաստան ու հանդիմանություն է Եհովայից՝ «Սրբից» (1։12)։ Ամբակումն անհամբերությամբ սպասում է, թե ինչ կասի Աստված։

7. Եհովան ինչպե՞ս է մխիթարում Ամբակումին։

7 Տեսիլք, որում հինգ վայ է հայտարարվում (2։2-20)։ Եհովան պատասխանում է. «Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր»։ Նույնիսկ եթե թվում է, թե այն հապաղում է, անպատճառ պիտի կատարվի։ Եհովան մխիթարում է Ամբակումին հետևյալ խոսքերով. «Արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի» (2։2, 4)։ Մեծամիտ թշնամին չի հասնի իր նպատակին, թեև իր մոտ է ժողովում ազգերին և ժողովուրդներին։ Չէ՞ որ նրանք բոլորը առակներով կխոսեն նրա դեմ ու հինգ անգամ վայ կհայտարարեն նրան։

8, 9. Ինչպիսի՞ մարդկանց դեմ են ուղղված տեսիլքի հինգ վայերը։

8 «Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ»։ Նա ավար կդառնա։ Կկողոպտվի «մարդկային արյուն թափելու և երկրի.... հանդեպ բռնություն անելու համար» (2։6, 8)։ «Վա՜յ նրան, ով անազնիվ շահ է ստանում իր տան համար»։ Քանի որ նա շատ ժողովուրդների է բնաջինջ արել, նույնիսկ նրա տան քարն ու գերանը աղիողորմ կաղաղակեն (2։9)։ «Վա՜յ նրան, ով արյունով է շինում քաղաքը»։ Եհովան ասում է, որ ժողովուրդները զուր են տքնելու, լոկ կրակի համար։ «Որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (2։12, 14)։

9 «Վա՜յ նրան, ով իր մերձավորներին խմիչք է տալիս՝ դրան խառնելով իր.... բարկությունը, որպեսզի.... տեսնի նրանց ամոթալի տեղերը»։ Եհովան նրան կխմեցնի իր աջ ձեռքում գտնվող բաժակից՝ փառքի վրա անարգանք բերելով «մարդկային արյուն թափելու և երկրի.... հանդեպ բռնություն գործադրելու համար»։ Ի՞նչ օգուտ կա արհեստավորին իր քանդակած պատկերից. չէ՞ որ փուչ աստվածները համր են (2։15, 17)։ «Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ արթնացի՛ր և համր քարին. «Զարթնի՛ր։ Մեզ խրա՛տ տուր»»։ Ի հակադրություն այդ անկենդան աստվածների՝ «Եհովան իր սուրբ տաճարում է։ Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր» (2։19, 20)։

10. Ի՞նչ ակնածալից գործերով է ուղեկցվում Եհովայի հայտնվելը պատերազմի օրը։

10 Եհովան պատերազմի օրը (3։1–19)։ Ջերմագին աղոթքում Ամբակումը պատկերավոր նկարագրում է Եհովայի ակնածալից գործերը։ Երբ Եհովան հայտնվեց, «նրա վեհությունը ծածկեց երկինքը, և երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ» (3։3)։ Նրա պայծառությունը լույսի պես էր, և նրա առաջից համաճարակ էր գնում։ Նա կանգ առավ, ինչի հետևանքով երկիրը ցնցվեց, ազգերը վեր թռան, և հավերժական լեռները ջարդուփշուր եղան։ Եհովան ձի էր հեծել զորեղ ռազմիկի նման՝ մերկացված աղեղով, փրկություն բերող կառքերով։ Լեռներն ու ջրերի անդունդը տագնապեցին։ Արևն ու լուսինը կանգ առան։ Լույսի պես էին թռչում նրա նետերը, և կայծակի պես փայլատակում էր նրա նիզակը, երբ նա քայլում էր երկրով մեկ՝ բարկությամբ կալսելով ազգերին։ Նա դուրս եկավ իր ժողովրդի և իր օծյալի փրկության համար և որ կտոր-կտոր անի ամբարշտին՝ քանդելով նրա հիմքը «մինչև կտուրը» (3։13)։

11. Ինչպե՞ս է տեսիլքը ազդում Ամբակումի վրա, բայց ի՞նչ է վճռել նա։

11 Մարգարեն ցնցվում է, երբ տեսնում է նախկինում Եհովայի կատարած զորեղ գործերը և այն գործերը, որոնցով նա դեռ կցնցի աշխարհը։ «Ես լսեցի, և ներսս դող ընկավ։ Այդ լուրից շուրթերս դողացին, ոսկորներիս մեջ փտություն մտավ, այդ ժամանակ տագնապահար եղա։ Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան, որը գալու է և հարձակվելու է ժողովրդի վրա» (3։16)։ Սակայն Ամբակումը վճռել է, որ չնայած վատ ժամանակներին, որոնցով հարկավոր է անցնել, երբ ոչ մի ծաղիկ չի լինի թզենու վրա, ոչ մի պտուղ՝ որթատունկի վրա, ոչ մի հոտ չի լինի փարախներում, միևնույնն է, կցնծա Եհովայով և կուրախանա իր փրկության Աստծով։ Ամբակումը եզրափակում է վեհաշուք իր երգը հետևյալ խոսքերով. «Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է. նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի և ինձ բարձր տեղերով կքայլեցնի» (3։19)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

12. Պողոսն ինչպե՞ս կիրառեց Ամբակում 2։4-ը։

12 Երեք տարբեր առիթներով Պողոս առաքյալը մեջբերել է Ամբակում 2։4-ից, ինչով էլ ցույց է տվել, որ նրա մարգարեությունը օգտակար է ուսուցման համար։ Ընդգծելով այն միտքը, որ բարի լուրն Աստծու զորությունն է ի փրկություն հավատ ունեցող յուրաքանչյուր անհատի՝ Պողոսը հռոմեացի քրիստոնյաներին գրեց. «Որովհետև հավատի շնորհիվ բարի լուրի միջոցով հայտնի է դառնում Աստծու արդարությունը, և դա ամրացնում է հավատը, ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»»։ Գաղատացիներին գրելիս նա շեշտեց, որ օրհնություն կարելի է ստանալ միայն հավատի միջոցով. «Ակնհայտ է, որ օրենքի միջոցով ոչ ոք Աստծու առջև արդար չի հայտարարվում, որովհետև «արդարը հավատի շնորհիվ կապրի»»։ Իսկ եբրայեցիներին ուղղված նամակում Պողոսը կրկին նշեց, որ քրիստոնյան պետք է կենդանի հավատ ցուցաբերի հոգին փրկելու համար, և նորից անդրադարձավ Ամբակումի միջոցով Եհովայի ասած նույն խոսքերին։ Սակայն այստեղ նա ոչ միայն մեջբերեց Ամբակումի խոսքերը՝ «իմ արդարն իր հավատի շնորհիվ կապրի», այլ նաև նշեց հունարեն «Յոթանասնից»-ում գրված այդ խոսքերի շարունակությունը. «Եթե նա նահանջի, իմ հոգին նրան չի հավանի»։ Ապա իր միտքն ամփոփեց՝ ասելով. «Հավատ ունենք՝ մեր հոգին կենդանի պահելու համար» (Հռոմ. 1։17; Գաղ. 3։11; Եբր. 10։38, 39)։

13. Հուդայի և Բաբելոնի դեմ Ամբակումի մարգարեությունների ճշգրիտ կատարումը Աստծու դատաստանների վերաբերյալ ի՞նչ է ընդգծում։

13 Ամբակումի մարգարեությունն այսօր հատկապես օգտակար է այն քրիստոնյաների համար, ովքեր զորության կարիք են զգում։ Գիրքը սովորեցնում է ապավինել Աստծուն։ Այն օգտակար է նաև Աստծու դատաստանների մասին մարդկանց նախազգուշացնելու համար. չպետք է մտածել, որ Եհովայի դատաստանները ուշանում են։ Դրանք «անպատճառ պիտի կատարվեն» (Ամբ. 2։3)։ Բաբելոնի ձեռքով Հուդայի կործանումն իրոք վրա հասավ։ Բաբելոնը, ինչպես և մարգարեացվել էր, նույնպես տապալվեց, երբ մ.թ.ա. 539թ.-ին մարերն ու պարսիկները գրավեցին քաղաքը։ Ի՜նչ զգուշացում է սա բոլորիս համար, որ հավատանք Աստծու խոսքերին։ Պողոսը օգտակար համարեց հիշատակել Ամբակումի խոսքերը, երբ իր օրերի հրեաներին զգուշացնում էր անհավատ դառնալու վտանգի մասին։ Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա Մարգարեների գրվածքներում ասվածը. «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, զարմացե՛ք ու չքվեցե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, մի այնպիսի գործ, որին դուք ոչ մի դեպքում չեք հավատա, նույնիսկ եթե մեկը մանրամասնորեն պատմի ձեզ»» (Գործ. 13։40, 41; Ամբ. 1։5)։ Անհավատ հրեաները չլսեցին Պողոսին, ինչպես դրանից առաջ չէին հավատացել Երուսաղեմի կործանման վերաբերյալ Հիսուսի արած նախազգուշացմանը, ուստիև քաղեցին անհավատության դառը պտուղները, երբ հռոմեական զորքերը մ.թ. 70-ին ավերեցին Երուսաղեմը (Ղուկ. 19։41–44)։

14. ա) Ամբակումի մարգարեությունն այսօր ինչպե՞ս է քաջալերում քրիստոնյաներին, որ ամուր պահեն իրենց հավատը։ բ) Ինչպես նշվում է մարգարեության մեջ, արդարություն սիրողները այժմ ինչո՞ւմ կարող են վստահ լինել և ինչի՞ համար կարող են ցնծալ։

14 Ամբակումի մարգարեությունն այսօր ևս խրախուսում է քրիստոնյաներին ամուր պահել իրենց հավատը, քանի դեռ ապրում են բռնությամբ լի այս աշխարհում։ Մարգարեությունն օգնում է նրանց, որ ուսուցանեն մարդկանց և պատասխանեն շատերի տված հարցին. «Արդյոք Աստված հատուցելո՞ւ է չար մարդկանց իրենց արած գործերի համար»։ Կրկին ուշադրություն դարձնենք Ամբակումի մարգարեական խոսքերին. «Սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Ինչպիսի խառնաշփոթ իրավիճակներ էլ որ տիրեն աշխարհում, Թագավորության ժառանգորդների օծյալ մնացորդն իր մտքում վառ է պահում Ամբակումի խոսքերը Եհովայի վրեժխնդրության մասին, որը նա արել էր անցյալում. «Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, որպեսզի փրկես օծյալիդ» (3։13)։ Իսկապես, Եհովան նրանց համար «Սուրբ» է հնուց ի վեր, նրանց «Վեմն» է, որը անարդարին առանց հանդիմանության չի թողնի ու կյանք կպարգևի այն անհատներին, որոնց սիրում է։ Բոլոր նրանք, ովքեր արդարություն են սիրում և գիտեն Եհովայի Թագավորության ու գերիշխանության մասին, կարող են ցնծությամբ ասել. «Ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով, կուրախանամ իմ փրկության Աստծով։ Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է» (1։12; 3։18, 19)։

[ծանոթագրություն]

a «Բառարան Սուրբ Գրոց», 1881, էջ 27։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը