Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ նյութեր
Դաս համար 2. Ժամանակը և Սուրբ Գիրքը
Աստվածաշնչում օգտագործվող ժամանակի չափման միավորներ, այսօր գործածվող օրացույցներ, աստվածաշնչյան ժամանակագրության մեջ ուղենիշային թվականներ, հետաքրքիր փաստեր՝ կապված ժամանակի ընթացքի հետ։
1, 2. Ի՞նչ է Սողոմոնը գրել ժամանակի վերաբերյալ, և ինչպե՞ս պետք է տնօրինենք ժամանակը՝ հաշվի առնելով, որ այն արագ է անցնում։
ՄԱՐԴԸ զգում է ժամանակի ընթացքը։ Ժամացույցի սլաքի ամեն մի հարվածով նա մի քայլ առաջ է շարժվում ժամանակի միջանցքով։ Իմաստուն մարդը կարողանում է ճիշտ տնօրինել ժամանակը։ Սողոմոն թագավորը գրել է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա. ծնվելու ժամանակ և մահանալու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու ժամանակ, սպանելու ժամանակ և բուժելու ժամանակ, քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ, լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ» (Ժող. 3։1–4)։ Պետք է ընդունել, սակայն, որ ժամանակը թռչում է։ Մարդու կյանքի միջին տևողության 70 տարիները շատ քիչ են, որ անհատը ձեռք բերի ամեն տեսակի գիտելիքներ, փորձի այն բոլոր հրաշալի բաները, որ Եհովան պարգևել է իրեն։ «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժող. 3։11; Սաղ. 90։10)։
2 Ժամանակը, սակայն, իշխանություն չունի Եհովայի վրա, քանի որ նա ապրում է հավիտենության մեջ։ Բայց ինչ վերաբերում է իր ստեղծած արարածներին, ապա նա կամեցել է, որ նրանք գտնվեն ժամանակի մեջ։ Հրեշտակները, անգամ ըմբոստ Սատանան գիտակցում են, որ ժամանակը կանգնած չէ (Դան. 10։13; Հայտն. 12։12)։ Մարդկանց վերաբերյալ ասվում է, որ «ժամանակ ու պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Որքա՜ն երջանիկ է այն մարդը, ով միշտ հիշում է Աստծուն և ընդունում է «ճիշտ ժամանակին» տրված կերակուրը (Մատթ. 24։45)։
3. Ի՞նչ ընդհանուր բան կա ժամանակի և տարածության մեջ։
3 Ժամանակը մեկ ուղղությամբ է ընթանում։ Թեև ապրում ենք ժամանակի մեջ, ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է այն։ Ինչպես տարածությունը, ժամանակը նույնպես անըմբռնելի է։ Ո՞վ կարող է ասել, թե որտեղից է սկիզբ առնում ժամանակը և թե ուր է ընթանում։ Այս ամենը Եհովայի վերահսկողության տակ է, նրա, որի գիտելիքները անսահման են, և ում մասին խոսվում է որպես Աստծու, որը «հավիտենից մինչև հավիտյան» է (Սաղ. 90։2)։
4. Ի՞նչ կարելի է ասել ժամանակի ընթացքի մասին։
4 Սակայն ժամանակը որոշ առանձնահատկություններ ունի, որոնք մեզ հասկանալի են։ Ժամանակը հնարավոր է չափել։ Բացի այդ, ժամանակը ընթանում է մեկ ուղղությամբ։ Ինչպես միակողմանի երթևեկող մեքենաները, այն անդադար առաջ է շարժվում, միշտ առաջ։ Եվ անկախ շարժման արագությունից՝ անհնար է ժամանակը շրջել հակառակ ուղղությամբ կամ հետ բերել։ Մենք ապրում ենք մի ակնթարթում, որը կոչվում է ներկա։ Բայց ներկան էլ իր տեղում կանգնած չէ, անընդհատ ընթացքի մեջ է և անմիջապես անցյալ է դառնում, ու այդպես շարունակ։
5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ անցյալը կա՛մ ձեռքբերում է, կա՛մ կորուստ։
5 Անցյալ։ Անցյալը մնացել է հետևում, այն այլևս չի կրկնվի։ Այն արդեն պատմություն է դարձել։ Փորձել հետ բերել անցյալը նույնն է, ինչ ուզենալ այնպես անել, որ ջրվեժը վեր բարձրանա, կամ հրամայել արձակված նետին վերադառնալ աղեղին։ Սխալները, որ անում ենք, իրենց հետք են թողնում ժամանակի հոսքի մեջ, և այդ հետքը վերացնել կարող է միայն Եհովան (Ես. 43։25)։ Մարդու բարի գործերը նույնպես անհետ չեն անցնում. նրա բարությունը «իրեն կվերադառնա» ու օրհնություններ կբերի Եհովայից (Առակ. 12։14; 13։22)։ Հետևաբար, այս իմաստով անցյալը դառնում է կա՛մ ձեռքբերում, կա՛մ կորուստ։ Փոխել որևէ բան հնարավոր չէ։ Ամբարիշտների մասին ասվում է. «Նրանք շուտով կչորանան խոտի պես և դալար խոտի նման կթառամեն» (Սաղ. 37։2)։
6. Ինչո՞վ է տարբերվում ապագան անցյալից, և ինչո՞ւ այն առանձնակի նշանակություն ունի մեզ համար։
6 Ապագա։ Բոլորովին այլ բան է ապագան։ Այն միշտ մեզ ընդառաջ է գալիս։ Աստծու Խոսքի օգնությամբ մենք կարող ենք տեսնել, թե ինչ խոչընդոտներ կան մեր ճանապարհին, ու պատրաստ լինել դրանք հաղթահարելու։ Մենք կարող ենք «գանձեր դիզել երկնքում» (Մատթ. 6։20)։ Այդ գանձերը չեն կարող կորչել ժամանակի մեջ։ Դրանք կմնան ողջ հավիտենության ընթացքում։ Ուստի պետք է իմաստնորեն օգտագործենք ժամանակը, քանի որ դրանից է կախված մեր ապագան (Եփես. 5։15, 16)։
7. Եհովան ժամանակի ի՞նչ հաշվիչներ է ստեղծել։
7 Ժամանակի հաշվիչներ։ Այսօր ժամանակի հաշվիչ են համարվում ժամացույցները, որոնց օգնությամբ չափում ենք ժամանակը։ Նմանապես, Եհովան՝ Արարիչը, ստեղծել է ժամանակի հսկայական հաշվիչներ. Երկիրը, որը պտտվում է իր առանցքի շուրջ, Լուսինը, որը պտտվում է երկրագնդի շուրջ, և Արեգակը։ Դրա շնորհիվ երկրի վրա գտնվող մարդը իր դիրքից կարող է ճշգրտորեն որոշել ժամանակը։ «Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում, որպեսզի ցերեկն ու գիշերը բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան ու ցույց տան տարվա եղանակները, օրերն ու տարիները»» (Ծննդ. 1։14)։ Ուստի այս բոլոր երկնային մարմինները, որոնք շարժվում են իրենց կատարյալ ուղեծրերում, անսխալ ու անխախտ չափում են ժամանակը, որը ընթանում է մեկ ուղղությամբ։
8. Աստվածաշնչում «օր» բառը ի՞նչ իմաստներով է օգտագործվում։
8 Օր։ Մարդիկ «օր» բառը տարբեր իմաստներով են օգտագործում։ Նույնը կարելի է ասել աստվածաշնչյան գործածության մասին։ Կատարելով մեկ լրիվ շրջապտույտ՝ Երկիրը իր առանցքի շուրջ պտտվում է մեկ օրվա ընթացքում՝ 24 ժամում։ Այս իմաստով օրը կազմված է 24 ժամից՝ ցերեկ ու գիշեր (Հովհ. 20։19)։ Սակայն «օր» են համարվում նաև ցերեկային ժամերը, որոնք միջին հաշվով տևում են 12 ժամ։ «Աստված լույսը կոչեց Ցերեկ, իսկ խավարը՝ Գիշեր։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր առաջին» (Ծննդ. 1։5)։ Եվ հենց այստեղից էլ ժամանակի հետ կապված մեկ ուրիշ հասկացություն է առաջանում՝ «գիշեր», այսինքն՝ մթության ժամանակահատված, որը միջին հաշվով տևում է 12 ժամ (Ելք 10։13)։ «Օր» բառը մեկ ուրիշ իմաստ էլ ունի. այն ժամանակահատվածը, որը համընկնում է հայտնի որևէ անհատի կյանքի հետ։ Օրինակ՝ Եսայիան տեսիլք տեսավ «թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի ու Եզեկիայի օրերում» (Ես. 1։1)։ Իսկ Նոյի ու Ղովտի օրերը հիշատակվում են որպես մարգարեական նշանակություն ունեցող ժամանակներ (Ղուկ. 17։26–30)։ «Օր» բառի մեկ այլ փոխաբերական իմաստ գտնում ենք Պետրոսի նամակում. «Եհովայի համար մեկ օրը հազար տարվա պես է» (2 Պետ. 3։8)։ «Ծննդոց» գրքում նշված ստեղծագործական օրերը շատ ավելի մեծ ժամանակահատված են ընդգրկում՝ հազարավոր տարիներ (Ծննդ. 2։2, 3; Ելք 20։11)։ Հետևաբար, Աստվածաշնչում «օր» բառի իմաստը կարող ենք որոշել՝ հաշվի առնելով համատեքստը։
9. ա) Որտեղի՞ց է առաջ եկել օրը 24 ժամի բաժանելու և ժամը 60 րոպեի բաժանելու համակարգը։ բ) Եբրայերեն Գրություններում ի՞նչ բառեր են օգտագործվել ժամանակը նշելու համար։
9 Ժամ։ Օրը սկսել են բաժանել 24 ժամերի դեռ հին Եգիպտոսում, իսկ այն, որ այսօր ժամը բաժանում են 60 րոպեի, կապված է վաթսունական հաշվման համակարգի հետ, որը գոյություն է ունեցել Բաբելոնում (հաշվման այս համակարգը հիմնված է 60 թվի վրա)։ Եբրայերեն Գրություններում նշված չէ, որ օրերը բաժանվում էին ժամերիa։ Ժամանակը նշելու համար այնտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «առավոտ», «կեսօր», «իրիկնադեմ» (Ծննդ. 24։11; 43։16; 2 Օրենք 28։29; 1 Թագ. 18։26)։ Գիշերը բաժանվում էր երեք մասի, որոնք կոչվում էին «գիշերվա պահեր» (Սաղ. 63։6)։ Դրանցից երկուսի մասին կոնկրետ է նշվում Աստվածաշնչում՝ «գիշերվա երկրորդ պահ» (Դատ. 7։19), «առավոտյան պահ» (Ելք 14։24; 1 Սամ. 11։11)։
10. Հիսուսի օրերում հրեաները օրը ժամերի բաժանելու ի՞նչ համակարգ են ունեցել, և ինչպե՞ս է դա օգնում մեզ իմանալու, թե երբ Հիսուսը մահացավ։
10 Սակայն Քրիստոնեական Հունարեն Գրություններում «ժամ» բառը հաճախ է օգտագործվում (Հովհ. 12։23; Մատթ. 20։2–6)։ Ժամերը հաշվում էին արևածագից՝ մոտավորապես առավոտվա 6-ից։ Աստվածաշունչը նշում է «երրորդ ժամի» մասին, որը առավոտվա մոտ ժամը 9։00-ն էր։ Երբ Հիսուսը կախված էր տանջանքի ցցից, մոտ «վեցերորդ ժամին», ինչը այսօր համապատասխանում է ցերեկվա ժամը 12։00-ին, Երուսաղեմի վրա խավար իջավ։ Հիսուսը մահացավ տանջանքի ցցի վրա «իններորդ ժամին», այսինքն՝ մոտ 15։00-ին (Մարկ. 15։25; Ղուկ. 23։44; Մատթ. 27։45, 46)b։
11. Ինչպե՞ս է առաջ եկել «շաբաթ» ժամանակամիջոցի չափման միավորը։
11 Շաբաթ։ Վաղուց ի վեր մարդիկ ժամանակը հաշվում են՝ բաժանելով այն յոթ օրից կազմված շաբաթների։ Այդպես մարդիկ ընդօրինակել են իրենց Արարչին, որը նշել է յոթ օրերի մասին, որոնցից վեց օրվա ընթացքում նա ստեղծագործել է, իսկ յոթերորդ օրը սկսել է հանգստանալ։ Նոյը նույնպես հաշվել է օրերը յոթօրյա ժամանակամիջոցով։ Եբրայերեն «շաբաթ» բառը բառացի նշանակում է ժամանակամիջոց, որը բաղկացած է յոթ մասից (Ծննդ. 2։2, 3; 8։10, 12; 29։27)։
12. Ի՞նչ է լուսնային ամիսը, և ինչպե՞ս է այն տարբերվում մեր օրացույցի ամիսներից։
12 Լուսնային ամիս։ Աստվածաշնչում նշվում է «լուսնային ամիս» արտահայտությունը (Ելք 2։2; 2 Օրենք 21։13; 33։14; Եզր. 6։15)։ Այսօրվա օրացույցում ամիսների տևողությունները հավասար չեն Լուսնի փուլերի կրկնման պարբերությանը, այդ պատճառով դրանք լուսնային ամիսներ չեն։ Տասներկու ամիսները մեր օրացույցում պարզապես տասներկու ժամանակահատվածներ են, որոնցից կազմված է արեգակնային տարին։ Լուսնային ամիսը սկսվում է նորալուսնով։ Լուսնի չորս փուլերի կրկնման պարբերությունը միջին հաշվով կազմում է 29 օր, 12 ժամ և 44 րոպե։ Լուսնի ձևից կարելի է մոտավորապես իմանալ լուսնային ամսվա օրը։
13. Ինչի՞ շնորհիվ է ճշգրտորեն արձանագրվել Ջրհեղեղի տևողությունը։
13 Նոյը տեղեկությունները, ըստ ամենայնի, արձանագրել է ոչ թե լուսնային ամիսներով, այլ 30 օր տևողություն ունեցող ամիսներով։ Տապանում կատարած նրա գրառումների շնորհիվ մենք գիտենք, որ Ջրհեղեղի ջրերը ծածկել են երկիրը հինգ ամիս, կամ՝ «հարյուր հիսուն օր»։ 12 ամիս և 10 օր հետո երկիրը չորացավ, ու մարդիկ կարողացան դուրս գալ տապանից։ Ուստի մենք ունենք ճշգրիտ ժամանակագրական տվյալներ, որոնք վերաբերում են այս կարևոր իրադարձություններին (Ծննդ. 7։11, 24; 8։3, 4, 14–19)։
14. ա) Ինչպե՞ս է Եհովան ստեղծել տարվա եղանակները։ բ) Որքա՞ն ժամանակ է գոյություն ունենալու այս կարգը։
14 Եղանակներ։ Երկիրը մարդկանց համար պատրաստելիս Եհովան, սեր ու իմաստություն դրսևորելով, հաստատեց տարվա եղանակները (Ծննդ. 1։14)։ Տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23,5°)։ Արդյունքում հարավային և հյուսիսային կիսագնդերը հերթով՝ յուրաքանչյուրը վեց ամիսների ընթացքում, թեքվում են դեպի Արեգակը։ Այսպես տարվա եղանակները հերթափոխում են իրար։ Այս երևույթը մեր կյանքի մեջ զանազանություն է մտցնում, ինչպես նաև կանոնավորում է ցանքի և հնձի ժամանակները։ Աստծու Խոսքը հավաստիացնում է մեզ, որ այս կարգը շարունակվելու է հավիտյան։ «Որքան ժամանակ որ երկիրը գոյություն ունենա, սերմնացանն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի» (Ծննդ. 8։22)։
15, 16. ա) Քանի՞ շրջանի կարելի է բաժանել անձրևների սեզոնը Ավետյաց երկրում։ բ) Նկարագրիր, թե ինչպես են անձրևային սեզոնները կապված հողամշակման հետ։
15 Ընդհանուր առմամբ տարին Ավետյաց երկրում կարելի է բաժանել երկու սեզոնի՝ չոր և անձրևային։ Մոտավորապես ապրիլի կեսից մինչև հոկտեմբերի կեսը անձրևներ հազվադեպ են գալիս։ Անձրևների սեզոնը կարելի է բաժանել երեք շրջանի՝ վաղ, կամ՝ «աշնանային» անձրևներ (հոկտեմբեր-նոյեմբեր), ձմեռային հորդառատ անձրևներ, որոնց ժամանակ ցուրտ է լինում (դեկտեմբեր-փետրվար) և ուշ, կամ՝ «գարնանային» անձրևներ (մարտ-ապրիլ) (2 Օրենք 11։14; Հովել 2։23)։ Ինչ խոսք, այսպիսի բաժանումը պայմանական է, քանի որ Ավետյաց երկրի տարբեր շրջաններում կլիման մի քիչ տարբերվում է, և տարվա մի եղանակը մյուսից սահմանազատելը բավականին դժվար է։ Վաղ անձրևը փափկացնում է չոր հողը, ու հոկտեմբեր-նոյեմբերին սկսվում են «հերկումը» և «սերմնացանը» (Ելք 34։21; Ղևտ. 26։5)։ Դեկտեմբերից փետրվար՝ ձմեռային հորդառատ անձրևների սեզոնին, ձյուն հաճախ է գալիս, իսկ հունվարին ու փետրվարին բարձունքներում օդի ջերմաստիճանը զրոյից իջնում է։ Աստվածաշնչում նշվում է, որ Բանեան՝ Դավթի խիզախ ռազմիկներից մեկը, առյուծ սպանեց, «երբ ձյուն էր գալիս» (2 Սամ. 23։20)։
16 Մարտն ու ապրիլը (մոտավորապես համընկնում են նիսան և իյյար ամիսներին) «գարնանային անձրևների» ամիսներ են (Զաք. 10։1)։ Այս ուշ անձրևները անհրաժեշտ են, որ աշնանը ցանված հացահատիկը աճի և լավ բերք տա (Օս. 6։3; Հակ. 5։7)։ Հենց այդ ժամանակ է առաջին բերքահավաքը։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ նիսանի 16-ին իրեն բերեն բերքի առաջին խուրձը (Ղևտ. 23։10; Հռութ 1։22)։ Գարունը տարվա գեղեցիկ ու հրաշալի եղանակն է։ «Ծաղիկները հայտնվել են երկրի վրա, որթատունկը էտելու ժամանակն է հասել, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։ Թզենու վրա հասել են առաջին թզերը, որթատունկերը ծաղկել են, իրենց բուրմունքն են արձակում» (Երգ 2։12, 13)։
17. ա) Ինչի՞ շնորհիվ են գյուղատնտեսական կուլտուրաները չոր սեզոնին խոնավություն ստանում։ բ) Տես «Իսրայելացիների տարին» աղյուսակը և ցույց տուր այն սեզոնները, որոնց մասին նշվեց 15–17-րդ պարբերություններում։ գ) Ե՞րբ են հավաքում հացահատիկը։ Ե՞րբ է ավարտվում ամբողջ բերքահավաքը։ Այս իրադարձությունների հետ կապված ի՞նչ տոներ են նշվում։
17 Մոտավորապես ապրիլի կեսին սկսվում է չոր սեզոնը, և այդ ամբողջ ընթացքում, հատկապես մերձափնյա հարթավայրերում և արևմտյան լանջերին առատ ցող է լինում, ինչը խոնավություն է ապահովում գյուղատնտեսական կուլտուրաներին (2 Օրենք 33։28)։ Մայիսին հավաքում են հացահատիկը, իսկ ամսվա վերջում տոնում են Շաբաթների տոնը (Պենտեկոստե) (Ղևտ. 23։15–21)։ Հետո, երբ եղանակը ավելի է տաքանում, ու հողը չորանում է, հասնում է խաղողը։ Հավաքում են նաև ամառային այլ պտուղներ, օրինակ՝ ձիթապտուղ, արմավ, թուզ (2 Սամ. 16։1)։ Երբ ավարտվում է չոր սեզոնը, և սկսվում են վաղ անձրևները, ողջ բերքը հավաքված է լինում, և այդ ժամանակ տոնում են Տաղավարների տոնը (մոտավորապես հոկտեմբերի սկզբին) (Ելք 23։16; Ղևտ. 23։39–43)։
18. ա) Ինչո՞ւ է եբրայերեն բառի իմաստը տեղին «տարի» բառի համար։ բ) Ի՞նչ է արեգակնային տարին։
18 Տարի։ Ժամանակի վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված մեր ուսումնասիրությունը բերեց մեզ «տարի» հասկացությանը։ Այս հասկացության մասին նշվում է մարդկության պատմության հենց սկզբից (Ծննդ. 1։14)։ Եբրայերենում «տարի» բառը՝ շանահ, ծագում է «կրկնել, նորից անել» բառից և ունի ժամանակային ցիկլի իմաստ։ Սա տեղին է, քանի որ ամեն տարի կրկնվում է տարվա եղանակային ցիկլը։ Երկրի վրա տարին հավասար է այն ժամանակին, որի ընթացքում Երկիրը կատարում է լրիվ պտույտ Արեգակի շուրջ։ Սա կոչվում է արեգակնային, կամ՝ արևադարձային տարի։ Միջին հաշվով այն կազմում է 365 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան, կամ՝ մոտավորապես 365 և 1/4 օր։
19. ա) Ե՞րբ էր սկսվում տարին աստվածաշնչյան ժամանակներում։ բ) Ի՞նչ է սուրբ տարին, որը հետագայում հաստատեց Եհովան։
19 Աստվածաշնչյան տարի։ Աստվածաշնչյան տարեգրության համաձայն՝ հնում տարին սկսվում էր աշնանը։ Սա հարմար էր գյուղատնտեսական տեսանկյունից. տարին սկսվում էր հերկումով ու սերմնացանով՝ մեր օրացույցով հոկտեմբերի սկզբին, և ավարտվում էր բերքահավաքով։ Նոյը նույնպես տարվա սկիզբը հաշվում էր աշունից։ Նա գրի է առել, որ Ջրհեղեղը սկսվել է «երկրորդ ամսում», այսինքն՝ հոկտեմբերի երկրորդ կեսին և նոյեմբերի առաջին կեսին (Ծննդ. 7։11, ծնթ.)։ Առ այսօր շատ ազգեր իրենց տարին սկսում են հենց աշնանը։ Եգիպտոսից դուրս գալիս՝ մ.թ.ա. 1513-ին, Եհովան իսրայելացիներին պատվիրեց աբիբ (նիսան) ամիսը համարել «ամիսների սկիզբը». այդպես հաստատվեց սուրբ տարի, որը սկսվում ու ավարտվում էր գարնանը (Ելք 12։2)։ Սակայն այսօր հրեաները օգտագործում են օրացուցային տարի, կամ՝ գյուղատնտեսական տարի, որի համաձայն՝ տարին սկսվում է աշնանը՝ տիշրի ամսին։
20. Ինչպե՞ս է լուսնային տարին համաձայնեցվում արեգակնայինի հետ, և ի՞նչ է լուսնա-արեգակնային տարին։
20 Լուսնա-արեգակնային տարի։ Մինչև Քրիստոսի ժամանակները շատ ազգեր մեծ ժամանակամիջոցները հաշվելու համար օգտագործել են լուսնային տարիներ։ Լուսնային տարին արեգակնային տարվա հետ համապատասխանեցնելու համար օգտագործվում էին տարբեր մեթոդներ։ Սովորաբար լուսնային տարին 354 օր է և կազմված է 12 լուսնային ամիսներից։ Ամիսը ունենում է 29 կամ 30 օր՝ կախված նորալուսնի հայտնվելուց։ Հետևաբար, լուսնային տարին 11 և 1/4 օր կարճ է արեգակնային տարվա տևողությունից, որը 365 և 1/4 օր է։ Հրեաները հետևում էին լուսնային օրացույցին։ Աստվածաշնչում չի նշվում, թե ինչպես են նրանք լուսնային տարին համաձայնեցրել արեգակնայինի և տարվա եղանակների հերթափոխի հետ, բայց, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում նրանք ավելացրել են լրացուցիչ ամիսներ։ Մ.թ.ա. 5-րդ դարում ստեղծվեց օրացուցային ցիկլ, որը հայտնի է Մեթոնի շրջան անունով։ Դրա շնորհիվ լրացուցիչ ամիսներ ավելացնելը համակարգվեց։ Այս համակարգի համաձայն՝ յուրաքանչյուր 19 տարվա օրացուցային ցիկլի մեջ յոթ անգամ ավելացվում է լրացուցիչ ամիսը։ Հրեական օրացույցում լրացուցիչ ամիսը ավելացվում էր 12-րդ ամսից՝ ադարից հետո, և կոչվում էր վե-ադար, որը բառացի նշանակում է «երկրորդ ադար»։ Այն տարին, որին Արեգակի շարժումը և Լուսնի փուլերը համաձայնեցնելու համար պարբերաբար ավելացնում են 13-րդ ամիսը, կոչվում է լուսնա-արեգակնային տարի։
21. ա) Ի՞նչ է հուլյան օրացույցը։ բ) Ինչո՞ւ է գրիգորյան օրացույցը ավելի ճշգրիտ համարվում։
21 Հուլյան և գրիգորյան օրացույցներ։ Օրացույցը երկարատև ժամանակահատվածների հաշվարկի համակարգ է, որի հիմքում ընկած են բնության պարբերական երևույթները։ Հուլյան օրացույցը գործածության մեջ է մտել մ.թ.ա. 46թ.-ին Հուլիոս Կեսարի ռեֆորմի շնորհիվ, որպեսզի լուսնային օրացույցը, որ օգտագործում էին հռոմեացիները, փոխարինվի լուսնա-արեգակնային օրացույցով։ Հուլյան օրացույցի համաձայն՝ տարին բաղկացած էր 365 օրից, իսկ ամեն չորրորդ տարին (նահանջ տարի) հաշվում էին 366 օրով՝ ավելացնելով մեկ օր։ Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ հուլյան օրացույցով տարին մոտ 11 րոպե երկար է արեգակնային տարուց։ Մ.թ. 16-րդ դարում արդեն կուտակվել էին տասը լրացուցիչ օրեր։ 1582թ.-ին Հռոմի պապ Գրիգոր XIII-ը մի փոքր փոփոխություն մտցրեց առկա օրացուցային համակարգում, և ուղղված օրացույցը կոչվեց գրիգորյան։ 1582թ.-ին օրերի թիվը տասը օրով առաջ տրվեց, և հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Նպատակահարմար գտան նահանջ տարի չհամարել երկու զրոյով վերջացող այն տարիները, որոնք չեն բաժանվում 4-ի։ Օրինակ՝ 1900-ը չհամարվեց նահանջ տարի, քանի որ 19-ը չի բաժանվում 4-ի, իսկ 2000 տարին նահանջ տարի էր, քանի որ 20-ը բաժանվում է 4-ի։ Այսօր գրիգորյան օրացույցը գործածական է շատ երկրներում։
22, 23. Որքա՞ն է տևում մարգարեական տարին։
22 Մարգարեական «տարի»։ Աստվածաշնչյան մարգարեություններում «տարի» բառը հաճախ նշանակում է ժամանակահատված՝ բաղկացած 12 ամսից, որոնցից յուրաքանչյուրը 30 օր է, ընդհանուր առմամբ՝ 360 օր։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է մի հեղինակավոր աշխատություն մեկնաբանում Եզեկիել 4։5, 6 համարները. «Պետք է ենթադրել, որ Եզեկիելը ժամանակը հաշվել է 360 օրերից բաղկացած տարիներով։ Տարվա այսպիսի տևողությունը չի համաձայնեցվում ո՛չ արեգակնային տարվան, ո՛չ էլ լուսնային տարվան։ Դա այսպես ասած «միջին» տարի է, որի յուրաքանչյուր ամիսը ունի 30 օր»c։
23 Մարգարեական տարին նաև կոչվում է «ժամանակ»։ Ուսումնասիրելով Հայտնություն 11։2, 3 և 12։6, 14 համարները՝ տեսնում ենք, որ մեկ «ժամանակի» տևողությունը կազմում է 360 օր։ Որոշ մարգարեություններում տարին խորհրդանշաբար ներկայացվում է որպես «օր» (Եզեկ. 4։5, 6)։
24. Ինչպե՞ս են հնում մարդիկ սկսել հաշվումը։
24 Զրո տարվա բացակայություն։ Հնում մարդիկ, օրինակ՝ հույները, հռոմեացիները, հրեաները չեն ունեցել զրո թվի հասկացություն։ Ցանկացած հաշվում նրանք սկսել են մեկ թվից։ Հիշո՞ւմ ես, որ դպրոցում հռոմեական թվանշանները անցնելիս (I, II, III, IV, V, X և այլն) ուսուցիչը քեզ սովորեցրած լինի գրել զրո թիվը։ Ո՛չ, քանի որ հռոմեացիները այդպիսի թիվ չեն ունեցել։ Այդ պատճառով մեր թվարկությունը սկսում ենք հաշվել ոչ թե զրոյից, այլ 1 թվից։ Արդյունքում առաջ եկան դասական թվականներ, օրինակ՝ առաջին (1-ին), երկրորդ (2-րդ), երրորդ (3-րդ), տասներորդ (10-րդ), հարյուրերորդ (100-րդ) և այլն։ Այսօր մաթեմատիկայի մեջ հաշվումը միշտ սկսվում է զրոյից։ Զրոն հավանաբար ստեղծվել է հնդուականների կողմից։
25. Ինչո՞վ են դասական թվականները տարբերվում քանակական թվականներից։
25 Ուստի երբ օգտագործում ենք դասական թվականներ, պետք է միշտ մեկ թիվ հանենք, որ ամբողջական թիվ ստանանք։ Բերենք օրինակ։ Խոսում ենք 20-րդ դարի ինչ-որ տարեթվի մասին։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ անցել է 20 լրիվ դար։ Ո՛չ, անցել է 19 լրիվ դարեր և մի քանի տարի։ Աստվածաշնչում լրիվ թվերը նշելու համար, ինչպեսև ժամանակակից մաթեմատիկայի մեջ օգտագործվում են քանակական թվականներ, օրինակ՝ 1, 2, 3, 10, 100 և այլն։ Դրանք կոչվում են նաև «ամբողջ թվեր»։
26. Ինչպե՞ս կարելի է հաշվել, թե քանի տարի է կազմում մ.թ.ա. 607թ. հոկտեմբերի 1-ից մինչև մ.թ. 1914թ. հոկտեմբերի 1-ը։ բ) Ինչպե՞ս ենք հաշվում 2520 տարիները մ.թ.ա. 607թ. հոկտեմբերի 1-ից։
26 Քանի որ մեր թվարկությունը սկսվում է ոչ թե զրո, այլ մ.թ. 1 թվականից և մեր թվարկությունից առաջ եղող տարիները նույնպես չեն հաշվվում զրո թվականից, այլ մ.թ.ա. 1 թվականից, հետևաբար ցանկացած թիվ, որը տարեթիվ է մատնանշում, դասական է։ Որպես օրինակ՝ բերենք մ.թ. 2000 թվականը։ Այս տարեթիվը նշանակում է, որ մեր թվարկության սկզբից անցել են 1999 լրիվ տարիներ։ Իսկ եթե նշենք 2000 թվականի հուլիսի 1-ը, ապա կնշանակի 1999 տարի և գումարած կես տարի։ Նույն սկզբունքն է կիրառվում մեր թվարկությունից առաջ եղող թվականների պարագայում։ Օրինակ՝ որպեսզի իմանանք, թե քանի տարի է անցել մ.թ.ա. 607 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև մ.թ. 1914 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա 1913 տարիներին (և հաջորդ տարվա առաջին ինը ամիսներին) պետք է գումարենք 606 տարի (և նախորդ տարվա վերջին երեք ամիսները)։ Ստացվում է 2519 տարի (և 12 ամիս), այսինքն՝ 2520 տարի։ Իսկ որպեսզի իմանանք, թե որ տարին կլինի, եթե հաշվենք 2520 տարի մ.թ.ա. 607թ. հոկտեմբերի 1-ից, պետք է հիշենք, որ 607 թվականը ներկայացված է որպես դասական թվական, հետևաբար մատնանշում է 606 լրիվ տարիներ։ Եվ քանի որ չենք հաշվում մ.թ.ա. 607թ. դեկտեմբերի 31-ից, այլ մ.թ.ա. 607թ. հոկտեմբերի 1-ից, 606-ին պետք է ավելացնել մ.թ.ա. 607թ. վերջին երեք ամիսները։ Այժմ 2520-ից հանում ենք 606 և 1/4։ Ստացվում է 1913 և 3/4։ Փաստորեն, եթե մ.թ.ա. 607թ. հոկտեմբերի 1-ից հաշվենք 2520 տարի, կստացվի 1913 և 3/4 տարի (արդեն մեր թվարկության)։ 1913 լրիվ տարիները մեզ բերում են մ.թ. 1914թ. սկիզբը, որին ավելացնելով 3/4 տարի՝ կստանանք մ.թ. 1914թ. հոկտեմբերի 1-ըd։
27. Ի՞նչ են ուղենիշային թվականները, և ինչո՞ւ են դրանք կարևոր։
27 Ուղենիշային թվականներ։ Աստվածաշնչյան վստահելի ժամանակագրությունը հիմնված է որոշ ուղենիշային թվականների վրա։ Ուղենիշային թվականը պատմական օրացուցային տարեթիվ է, որի ճշգրտությունը կասկածներ չի առաջացնում, և որը համապատասխանում է Աստվածաշնչում նկարագրված կոնկրետ իրադարձության։ Դա կարող է օգտագործվել որպես ելակետ, ըստ որի՝ մենք կարող ենք որոշել աստվածաշնչյան շատ իրադարձությունների ժամանակը։ Այլ հաշվարկների համար հիմք են հանդիսանում Աստվածաշնչի ճշգրիտ տեղեկությունները, օրինակ՝ մարդկանց կյանքի տևողության տվյալները կամ թագավորների իշխանության տևողության ժամանակները։ Հետևաբար, սկսելով կոնկրետ տարեթվից և օգտագործելով Աստվածաշնչի վստահելի ժամանակագրական տվյալներ՝ կարող ենք որոշել շատ իրադարձությունների ժամանակը, որոնք նկարագրվում են Սուրբ Գրքում։
28. Ո՞ր տարեթիվն է ուղենիշային Եբրայերեն Գրությունների համար։
28 Ուղենիշային թվական Եբրայերեն Գրությունների համար։ Կարևոր իրադարձությունը, որը արձանագրված է թե՛ Աստվածաշնչում, թե՛ պատմական աղբյուրներում, համարվում է Բաբելոնի գրավումը մարերի ու պարսիկների կողմից Կյուրոսի գլխավորությամբ։ Աստվածաշնչում այս մասին գրված է Դանիել 5։30 համարում։ Պատմական տարբեր աղբյուրների համաձայն (օրինակ՝ Դիոդորոս Սիկիլիացու, Աֆրիկանոսի, Եվսեբիոս Կեսարացու, Պտղոմեոսի աշխատությունների, ինչպես նաև բաբելական սեպագիր սալիկների համաձայն)՝ Կյուրոսը Բաբելոնը գրավել է մ.թ.ա. 539թ.-ին։ Նաբոնիդի տարեգրությունը տեղեկացնում է այդ իրադարձության ամիսն ու օրը (տարին նշված չէ)։ Հետևաբար, պատմիչների նշած Բաբելոնի անկման տարեթիվը մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 11-ն է հուլյան օրացույցով կամ հոկտեմբերի 5-ը գրիգորյան օրացույցովe։
29. Ե՞րբ Կյուրոսը հրաման արձակեց հրեաներին ազատ արձակելու վերաբերյալ, և դրա շնորհիվ ի՞նչ հնարավոր դարձավ։
29 Նվաճված Բաբելոնի վրա իշխելու առաջին տարվա ընթացքում Կյուրոսը, ինչպես որ լավ հայտնի է, հրաման արձակեց, որ հրեաները վերադառնան Երուսաղեմ։ Ըստ աստվածաշնչյան արձանագրության՝ կարելի է եզրակացնել, որ հրամանը արձակվել է մ.թ.ա. 538թ. վերջում կամ մ.թ.ա. 537թ. գարնանը մոտ։ Դա ներդաշնակ է այն բանին, որ «յոթերորդ ամսում»՝ տիշրի, կամ՝ մ.թ.ա. 537թ. մոտ հոկտեմբերի 1-ին հրեաները, որոնք արդեն հասցրել էին վերաբնակվել իրենց հայրենի երկրում, հավաքվեցին Երուսաղեմում՝ ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու համար (Եզր. 1։1–4; 3։1–6)f։
30. Ինչո՞ւ մ.թ. 29թ. կարող ենք համարել ուղենիշային թվական Քրիստոնեական Հունարեն Գրությունների համար։
30 Ուղենիշային թվական Քրիստոնեական Հունարեն Գրությունների համար։ Քրիստոնեական Հունարեն Գրությունների համար ուղենիշային թվական է համարվում Տիբերիոս կայսեր իշխանության գլուխ անցնելու տարեթիվը, որը հաջորդեց Օգոստոս կայսրին։ Վերջինս մահացավ մ.թ. 14 թվականի օգոստոսի 17-ին (ըստ գրիգորյան օրացույցի), իսկ մ.թ. 14 թվականի սեպտեմբերի 15-ին Հռոմի սենատը Տիբերիոսին կայսր հռչակեց։ Ղուկաս 3։1, 3 համարներում նշված է, որ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր ծառայությունը Տիբերիոսի իշխանության 15-րդ տարում։ Եթե հաշվենք Օգոստոսի մահից, ապա Տիբերիոսի իշխանության 15-րդ տարին սկսվել է մ.թ. 28 թվականի օգոստոսին և ավարտվել է մ.թ. 29 թվականի օգոստոսին։ Իսկ եթե հաշվենք այն պահից, երբ սենատը Տիբերիոսին կայսր հռչակեց, ապա 15-րդ տարին սկսվել է մ.թ. 28 թվականի սեպտեմբերին և ավարտվել մ.թ. 29 թվականի սեպտեմբերին։ Այս դեպքից շատ չանցած՝ Հիսուսը, որը վեց ամսով փոքր էր Հովհաննես Մկրտչից, եկավ մկրտվելու, երբ «մոտ երեսուն տարեկան» էր (Ղուկ. 3։2, 21–23; 1։34–38)։ Սա ներդաշնակ է Դանիել 9։25 համարի մարգարեությանը, որի համաձայն՝ պարիսպները ու «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց» մինչև Մեսիայի գալը անցնելու էր 69 «շաբաթ» (քանի որ մարգարեական շաբաթը բաղկացած է 7 տարիներից, ստացվում է 483 տարի)։ «Հրամանը» տրվեց մ.թ.ա. 455թ.-ին Արտաքսերքսեսի (Երկայնաբազուկ) կողմից և հենց այդ տարվա երկրորդ կեսին կատարվեց Նեեմիայի կողմից, որը այդ նպատակով գնաց Երուսաղեմ։ 483 տարի հետո՝ մ.թ. 29թ. երկրորդ կեսին, Հիսուսը մկրտվեց Հորդանանում և միևնույն ժամանակ օծվեց Աստծու սուրբ ոգով։ Այդպիսով նա դարձավ Մեսիա, կամ՝ Օծյալ։ Այն, որ Հիսուսը մկրտվեց ու իր ծառայությունը սկսեց մ.թ. 29թ. երկրորդ կեսին, ներդաշնակ է մեկ այլ մարգարեության, ըստ որի՝ նա պետք է մահվան հանձնվեր «շաբաթվա կեսին», այսինքն՝ շաբաթ-տարիների կեսին, ինչը կազմում է երեք ու կես տարի (Դան. 9։27)։ Քանի որ Հիսուսը մահացավ գարնանը, երեք ու կես տարի տևած նրա ծառայությունը պետք է որ սկսված լիներ մ.թ. 29թ. աշնանըg։ Տեղին է նշել, որ ապացույցների այս երկու գիծը նաև փաստում են, որ Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 2թ. աշնանը, քանի որ Ղուկաս 3։23 համարը ցույց է տալիս, որ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ սկսեց իր ծառայությունըh։
31. ա) Ինչո՞ւ է մարդկանց թվում, որ ժամանակը տարբեր արագությամբ է առաջ ընթանում։ բ) Այդ առումով ի՞նչ առավելություն ունեն երիտասարդները։
31 Ինչու է ժամանակը արագ թռչում։ Մի հին ասացվածք կա. «Երբ կանգնում ես թեյնիկի գլխին, այն չի եռում»։ Եվ իրոք, երբ հետևում ենք ժամանակին, անընդհատ ժամացույցին նայելով ու ինչ-որ բանի սպասելով, այն շատ դանդաղ է առաջ գնում։ Բայց երբ ինչ-որ գործով ենք զբաղված, ժամանակը աննկատ թռչում է։ Երեխաներին թվում է, թե ժամանակը դանդաղ է առաջ ընթանում, մինչդեռ չափահաս ու տարեց մարդկանց հակառակն է թվում։ Ինչո՞ւ է դա այդպես։ Երբ մեկ տարեկան երեխան ևս մեկ տարի է ապրում, նրա կյանքի փորձը ավելանում է 100 տոկոսով։ Իսկ երբ 50-ամյա անհատն է ևս մեկ տարի ապրում, նրա կյանքի փորձը ավելանում է միայն 2 տոկոսով։ Երեխաներին տարին շատ երկար է թվում։ Իսկ հասուն տարիքի մարդկանց, եթե նրանք գործունյա են և առողջ, թվում է, թե տարիները ավելի ու ավելի արագ են թռչում։ Նրանք ավելի խորն են հասկանում Սողոմոնի խոսքերը. «Արեգակի տակ ոչ մի նոր բան չկա»։ Մյուս կողմից՝ թվում է, թե երիտասարդների առջև դեռ երկար ժամանակ կա, ձևավորման տարիներ, որոնք արագ չեն անցնի։ Ուստի նյութապաշտական ոգով լցված այս աշխարհում «քամու հետևից» վազելու փոխարեն՝ նրանք կարող են այդ տարիները լավագույնս օգտագործել՝ հոգևոր անգին փորձ հավաքելով։ Նրանց համար տեղին են Սողոմոնի հետևյալ խոսքերը. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում, քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը կամ չեն հասել այն տարիները, երբ կասես՝ «դրանցից հաճույք չեմ ստանում»» (Ժող. 1։9, 14; 12։1)։
32. Ինչպե՞ս մարդիկ կարող են ավելի լավ հասկանալ Եհովայի տեսակետը ժամանակի վերաբերյալ։
32 Ժամանակը և հավիտենական կյանքը։ Ինչևէ, առջևում ուրախ ժամանակներ են, երբ այլևս ծանր օրեր չեն լինի։ Նրանք, ովքեր արդարություն են սիրում, և որոնց օրերը Եհովայի ձեռքում են, կարող են ուրախությամբ սպասել Աստծու Թագավորության ներքո հավիտենական կյանքին (Սաղ. 31։14–16; Մատթ. 25։34, 46)։ Մահ այլևս չի լինի (Հայտն. 21։4)։ Կվերանան հիվանդությունները։ Տխրությունը, ձանձրույթն ու դատարկության զգացումը անցյալի գիրկը կանցնեն։ Բոլորը կվայելեն հետաքրքիր աշխատանք, որի համար գործի կդնեն իրենց կատարյալ ունակությունները, և բավականության զգացում կունենան։ Տարիները թերևս ավելի ու ավելի արագ կանցնեն՝ երախտագետ մարդկանց կատարյալ հիշողության մեջ ավելի շատ հաճելի ու պայծառ հուշեր թողնելով։ Մինչ հազարամյակները կմնան հետևում, մարդիկ ավելի լավ կհասկանան Եհովայի տեսակետը ժամանակի վերաբերյալ. «Հազար տարին քո աչքին երեկվա պես է, որ անցավ» (Սաղ. 90։4)։
33. Եհովան ի՞նչ օրհնություններ կթափի մարդկանց վրա։
33 Թեև այսօր մեր կյանքը կարճատև է, մեզ մխիթարում է Աստծու խոստումը արդար նոր աշխարհի մասին, որի առնչությամբ ասվում է. «Եհովան պատվիրեց, որ այնտեղ օրհնություն լինի և կյանք հավիտյան» (Սաղ. 133։3)։
[ծանոթագրություններ]
a «Արարատ» թարգմանության մեջ Դանիել 4։33; 5։5 համարներում օգտագործված է «ժամ» բառը։ Սակայն մի աշխատության մեջ արամերեն բնագիր բառը ունի «հայացք, այսինքն՝ պահ» իմաստը (Strong’s Concordance, Hebrew and Chaldee Dictionary)։
b Տե՛ս այս համարների ծանոթագրությունները։
c «Biblical Calendars», 1961, Ջ. վան Գուդովեր, էջ 75։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 458 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 453, 454, 458; հատ. 2, էջ 459 (անգլ.)։
f «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 568 (անգլ.)։
g «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 899–902 (անգլ.)։
h «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 56–58 (անգլ.)։
[Աղյուսակ 307-րդ էջի վրա]
ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԻՆ
Ամսվա անվանումը Նիսան (աբիբ)
Համապատասխանում է Մարտ - ապրիլ
Սուրբ տարի 1-ին ամիս
Գյուղատնտեսական տարի 7-րդ ամիս
Մեջբերված է Ելք 13։4; Նեեմ. 2։1
Տոներ Նիսանի 14 Պասեք
Նիսանի 15–21 Անթթխմոր հացերի տոն
Նիսանի 16 Առաջին պտղի ընծա
Ամսվա անվանումը Իյյար (զիվ)
Համապատասխանում է Ապրիլ - մայիս
Սուրբ տարի 2-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 8-րդ ամիս
Մեջբերված է 1 Թագ. 6։1
Ամսվա անվանումը Սիվան
Համապատասխանում է Մայիս - հունիս
Սուրբ տարի 3-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 9-րդ ամիս
Մեջբերված է Եսթ. 8։9
Տոներ Սիվանի 6 Շաբաթների տոն
(Պենտեկոստե)
Ամսվա անվանումը Թամուզ
Համապատասխանում է Հունիս - հուլիս
Սուրբ տարի 4-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 10-րդ ամիս
Մեջբերված է Երեմ. 52։6
Ամսվա անվանումը Աբ
Համապատասխանում է Հուլիս - օգոստոս
Սուրբ տարի 5-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 11-րդ ամիս
Մեջբերված է Եզր. 7։8
Ամսվա անվանումը Իլուլ
Համապատասխանում է Օգոստոս - սեպտեմբեր
Սուրբ տարի 6-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 12-րդ ամիս
Մեջբերված է Նեեմ. 6։15
Ամսվա անվանումը Տիշրի (անթանի)
Համապատասխանում է Սեպտեմբեր - հոկտեմբեր
Սուրբ տարի 7-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 1-ին ամիս
Մեջբերված է 1 Թագ. 8։2
Տոներ Տիշրիի 1 Փող հնչեցնելու օր
Տիշրիի 10 Քավության օր
Տիշրիի 15–21 Տաղավարների տոն
Տիշրիի 22 Հանդիսավոր հավաքույթ
Ամսվա անվանումը Մարշեսվան (բուլ)
Համապատասխանում է Հոկտեմբեր - նոյեմբեր
Սուրբ տարի 8-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 2-րդ ամիս
Մեջբերված է 1 Թագ. 6։38
Ամսվա անվանումը Քասղև
Համապատասխանում է Նոյեմբեր - դեկտեմբեր
Սուրբ տարի 9-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 3-րդ ամիս
Մեջբերված է Նեեմ. 1։1
Ամսվա անվանումը Թեբեթ
Համապատասխանում է Դեկտեմբեր - հունվար
Սուրբ տարի 10-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 4-րդ ամիս
Մեջբերված է Եսթ. 2։16
Ամսվա անվանումը Սեբաթ
Համապատասխանում է Հունվար - փետրվար
Սուրբ տարի 11-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 5-րդ ամիս
Մեջբերված է Զաք. 1։7
Ամսվա անվանումը Ադար
Համապատասխանում է Փետրվար - մարտ
Սուրբ տարի 12-րդ ամիս
Գյուղատնտեսական տարի 6-րդ ամիս
Մեջբերված է Եսթ. 3։7
Ամսվա անվանումը Վե-ադար
Համապատասխանում է (Լրացուցիչ ամիս)
Սուրբ տարի 13-րդ ամիս