Գլուխ 4
Չամուսնացած, բայց հղի
ՄԱՐԻԱՄՆ արդեն երեք ամիս է, ինչ հղի է։ Թերևս հիշում ես, որ իր հղիության առաջին ամիսները նա անցկացրեց Եղիսաբեթի մոտ, բայց այժմ վերադարձել է տուն՝ Նազարեթ։ Շուտով Մարիամի վիճակի մասին իր հայրենի քաղաքում բոլորը կիմանան, և նա, անշուշտ, շատ է անհանգստանում։
Իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ Մարիամը նշանված է Հովսեփ անունով մի ատաղձագործի հետ։ Մարիամը գիտի, որ եթե նշանված կինը իր կամքով սեռական հարաբերություն է ունենում մեկ ուրիշ տղամարդու հետ, համաձայն Իսրայելին տրված Աստծու օրենքի՝ պետք է քարկոծվելով սպանվի։ Այժմ նա ինչպե՞ս պիտի բացատրի Հովսեփին, թե ինչպես է հղիացել։
Քանի որ Մարիամը երեք ամիս բացակայել է տնից, վստահաբար Հովսեփը շատ է ուզում տեսնել նրան։ Երբ նրանք հանդիպում են, ամենայն հավանականությամբ, Մարիամը հայտնում է նրան եղելությունը։ Նա ամեն կերպ փորձում է բացատրել, որ Աստծու սուրբ ոգու միջոցով է հղիացել։ Սակայն կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է Հովսեփի համար հավատալ նման բանի։
Հովսեփը գիտի, որ Մարիամը լավ համբավ ունի, և անշուշտ շատ է սիրում նրան։ Սակայն ինչ էլ որ Մարիամն ասի, միևնույնն է, թվում էր, թե նա հղի է մեկ ուրիշ տղամարդուց։ Բայց նույնիսկ այդ դեպքում Հովսեփը չի ուզում, որ Մարիամը քարկոծվի կամ ժողովրդի առաջ խայտառակվի։ Ուստի որոշում է գաղտնի բաժանվել նրանից։ Այն օրերում նշանված մարդիկ դիտվում էին որպես ամուսնացածներ, և նշանադրությունը չեղյալ համարելու համար հարկավոր էր ամուսնալուծվել։
Այս խառը մտքերով տարված՝ Հովսեփը գնում է քնելու։ Երազում Եհովայի հրեշտակը հայտնվում է նրան և ասում. «Մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանել, որովհետև նրա մեջ հղիացվածը սուրբ ոգուց է։ Նա մի որդի կծնի, և դու պիտի նրա անունը Հիսուս դնես, քանի որ նա կփրկի իր ժողովրդին նրա մեղքերից»։
Երբ Հովսեփն արթնանում է քնից, նրա սիրտը երախտագիտության զգացումով է լցված։ Առանց հետաձգելու՝ նա անում է ճիշտ այնպես, ինչպես որ հրեշտակն էր պատվիրել. Մարիամին իր տուն է տանում։ Այս քայլը ամուսնական արարողություն է համարվում և նշան է այն բանի, որ Հովսեփն ու Մարիամն այժմ պաշտոնապես ամուսնացած են։ Բայց քանի դեռ Մարիամը Հիսուսով հղի է, Հովսեփը սեռական հարաբերություն չի ունենում նրա հետ։
Արդեն Մարիամի ծննդաբերելու օրերն են, սակայն Հովսեփը նրան նստեցնում է ավանակի վրա։ Ո՞ւր են նրանք գնում։ Ինչո՞ւ են պատրաստվում ճանապարհ ընկնել, երբ Մարիամը ուր որ է պետք է ծննդաբերի։Ղուկաս 1։39–41, 56; Մատթեոս 1։18–25; Բ Օրինաց 22։23, 24։
▪ Իմանալով, որ Մարիամը հղի է՝ ի՞նչ է մտածում Հովսեփը և ինչո՞ւ։
▪ Ինչպե՞ս կարող է Հովսեփը բաժանվել Մարիամից, երբ նրանք դեռ ամուսնացած չեն։
▪ Ի՞նչ քայլի է դիմում Հովսեփը, որը ամուսնական արարողություն է համարվում։