Գլուխ 23
Ավելի շատ հրաշքներ Կափառնայումում
ԻՐ ԱՌԱՋԻՆ չորս աշակերտներին՝ Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին ու Հովհաննեսին կանչելուց հետո շաբաթ օրը Հիսուսը նրանց հետ գնում է Կափառնայումի ժողովարաններից մեկը։ Այնտեղ նա սկսում է ուսուցանել, և հավաքվածները զարմանքով են լցվում, որովհետև Հիսուսը ոչ թե դպիրների նման է սովորեցնում, այլ իշխանություն ունեցողի նման։
Այդ օրը ժողովարանում մի դիվահար մարդ կա։ Մի որոշ ժամանակ անց նա բարձրաձայն բղավում է և ասում. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, ո՛վ Հիսուս նազովրեցի։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»։
Դևը, որի իշխանության տակ գտնվում է այս մարդը, իրականում Սատանայի հրեշտակներից մեկն է։ Սաստելով դևին՝ Հիսուսն ասում է. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»։
Դևը ցնցում է մարդուն և, ամբողջ ձայնով գոռալով, դուրս է գալիս նրա միջից՝ առանց որևէ վնաս հասցնելու։ Ներկաները ապշահար հարցնում են. «Սա ի՞նչ է։ Նա նույնիսկ անմաքուր ոգիներին է իշխանությամբ հրամայում, և հնազանդվում են նրան»։ Այս մասին լուրը տարածվում է ամբողջ շրջակայքում։
Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսն ու իր աշակերտները գնում են Սիմոնի, այսինքն՝ Պետրոսի տուն։ Պետրոսի զոքանչը հիվանդ է՝ բարձր ջերմություն ունի։ Հիսուսին խնդրում են, որ օգնի նրան։ Նա մոտենում է կնոջը, բռնում է նրա ձեռքից և ոտքի կանգնեցնում։ Կինը իսկույն ապաքինվում է և սկսում է նրանց համար ուտելիք պատրաստել։
Ավելի ուշ, երբ արևն արդեն մայր է մտել, ամեն տեղից մարդիկ գալիս են Պետրոսի տուն՝ բերելով իրենց հիվանդներին։ Շատ չանցած՝ ամբողջ քաղաքը հավաքվում է տան դռան առջև։ Հիսուսը սկսում է բուժել բոլոր հիվանդներին՝ անկախ այն բանից, թե ինչ հիվանդությամբ են նրանք տառապում։ Նա նույնիսկ դիվահարներին է ազատում դևերից։ Դուրս գալով այդ մարդկանց միջից՝ դևերն աղաղակում են. «Դու Աստծու Որդի՛ն ես»։ Բայց Հիսուսը սաստում է նրանց և թույլ չի տալիս խոսել, քանի որ դևերը գիտեն, որ նա է Քրիստոսը։ Մարկոս 1։21–34; Ղուկաս 4։31–41; Մատթեոս 8։14–17։
▪ Չորս աշակերտներին կանչելուց հետո շաբաթ օրը ի՞նչ է տեղի ունենում ժողովարանում։
▪ Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը ո՞ւր է գնում և ի՞նչ հրաշք է գործում այնտեղ։
▪ Ի՞նչ է պատահում այդ նույն օրը երեկոյան։