Գլուխ 32
Ի՞նչն է օրենքով թույլատրելի շաբաթ օրը
ՄԵԿ ուրիշ շաբաթ օր Հիսուսը գալիս է Գալիլեայի ծովի մոտ գտնվող մի ժողովարան։ Այնտեղ նաև մի մարդ կա, որի աջ ձեռքը չորացած է։ Փարիսեցիներն ու դպիրները ուշադրությամբ դիտում են Հիսուսին, թե արդյոք նա կբուժի հիվանդին։ Ի վերջո նրանք հարցնում են. «Արդյոք օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բժշկել»։
Հրեա կրոնական առաջնորդների կարծիքով՝ շաբաթ օրով բուժելն օրենքով թույլատրելի է միայն այն դեպքում, եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Օրինակ՝ նրանք սովորեցնում են, որ շաբաթ օրը չի կարելի դուրս ընկած ոսկորը տեղը գցել կամ վերքի վրա վիրակապ դնել։ Դրա համար էլ փարիսեցիներն ու դպիրները հարցեր են տալիս Հիսուսին, որպեսզի նրան մեղադրելու առիթ գտնեն։
Սակայն Հիսուսը գիտի, թե նրանք ինչի մասին են խորհում։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ նրանք ոչ սուրբգրային ծայրահեղ հայացքներ ունեն այն մասին, թե որ աշխատանքն է խախտում շաբաթ օրվան վերաբերող օրենքը։ Ուստի Հիսուսը պատրաստվում է բանավեճի. նա ասում է չորացած ձեռք ունեցող մարդուն. «Վե՛ր կաց ու մեջտե՛ղ արի»։
Ապա շրջվելով դեպի փարիսեցիներն ու դպիրները՝ ասում է. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և շաբաթ օրը նա փոսն ընկնի, չի բռնի ու դուրս չի հանի նրան»։ Քանի որ ոչխարը եկամուտ է բերում, նրանք չէին թողնի, որ նա փոսում մնար մինչև հաջորդ օրը, այլապես ոչխարը կարող էր հիվանդանալ, և նրանք կորուստ կունենային։ Բացի դրանից, Գրություններում ասվում է. «Արդարը գիտի իր անասունի հոգսը»։
Զուգահեռ անցկացնելով՝ Հիսուսը շարունակում է. «Ուրեմն որքա՜ն ավելի թանկ արժե մարդը ոչխարից։ Ուստի Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել»։ Սա լսելով՝ կրոնական առաջնորդները պապանձվում են, քանի որ չեն կարողանում հերքել այսպիսի տրամաբանական, կարեկցանքով լի փաստարկը։
Համառ փարիսեցիների հիմարության վրա տրտմած ու զայրացած՝ Հիսուսը նայում է շուրջը, ապա հիվանդ մարդուն ասում. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա մեկնում է իր ձեռքը, և այն ապաքինվում է։
Փոխանակ ուրախանալու, որ մարդու ձեռքն առողջացավ՝ փարիսեցիները դուրս են գնում և Հերովդեսի կողմնակիցների հետ անմիջապես խորհուրդ անում, թե ինչպես սպանեն Հիսուսին։ Հավանաբար, այս քաղաքական կուսակցության անդամների թվում են նաև սադուկեցիները։ Այս կուսակցության անդամներն ու փարիսեցիները առհասարակ բացահայտ հակառակորդներ են, սակայն երբ հարցը վերաբերում է Հիսուսի դեմ դուրս գալուն, նրանք միասնական են։ Մատթեոս 12։9–14; Մարկոս 3։1–6; Ղուկաս 6։6–11; Առակաց 12։10; Ելից 20։8–10։
▪ Ի՞նչն է պատճառը, որ Հիսուսի և հրեա կրոնական առաջնորդների միջև բանավեճ է սկսվում։
▪ Ի՞նչ տեսակետ ունեն հրեա կրոնական առաջնորդները շաբաթ օրը բուժումներ անելու վերաբերյալ։
▪ Ի՞նչ օրինակ է բերում Հիսուսը, որ հերքի նրանց սխալ հայացքները։