Գլուխ 35
Ամենահռչակավոր քարոզը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ արձանագրված ամենահիշարժան տեսարանն է. Հիսուսը, նստած լեռան լանջին, իր հանրաճանաչ Լեռան քարոզն է ներկայացնում։ Դա տեղի է ունենում Գալիլեայի ծովի մոտ, հնարավոր է Կափառնայումի շրջակայքում։ Ողջ գիշերն աղոթքով անցկացնելուց հետո Հիսուսն իր աշակերտների միջից հենց նոր ընտրել է 12–ին որպես առաքյալներ։ Իսկ հետո նրանց բոլորի հետ միասին իջել է լեռան այս հարթ տարածությունը։
Գուցե մտածես, թե այժմ Հիսուսը շատ հոգնած է և քնել է ուզում։ Բայց շատ ժողովուրդ է հավաքվել. ոմանք եկել են անգամ Հրեաստանից ու Երուսաղեմից՝ կտրել–անցնելով մոտ 100 կիլոմետր հեռավորություն։ Ուրիշներն էլ եկել են հյուսիսային ծովամերձ Տյուրոս և Սիդոն քաղաքներից։ Նրանք եկել են Հիսուսին լսելու և բուժվելու իրենց հիվանդություններից։ Նրանց մեջ կան նաև այնպիսի մարդիկ, որոնց անհանգստացնում են դևերը՝ Սատանայի չար հրեշտակները։
Երբ Հիսուսը իջնում է, հիվանդները մոտենում են, որ դիպչեն նրան, և Հիսուսը նրանց բոլորին բժշկում է։ Այնուհետև նա, ըստ երևույթին, բարձրանում է մի բարձր տեղ, նստում է և սկսում ուսուցանել ժողովրդին, որ գտնվում է իր առջև՝ հարթ տարածության վրա։ Փորձիր մի պահ պատկերացնել. այժմ ողջ բազմության մեջ չկա գեթ մի մարդ, որը տառապի որևէ լուրջ հիվանդությամբ։
Մարդիկ փափագում են լսել ուսուցչին, որը կարողանում է նման սքանչելի հրաշքներ գործել։ Հիսուսը, սակայն, իր քարոզը մասնավորապես ուղղում է աշակերտներին, որոնք հավանաբար նրա շուրջն են հավաքված։ Բայց որպեսզի մենք նույնպես կարողանանք օգուտներ քաղել այդ քարոզից, Մատթեոսն ու Ղուկասը գրի են առել այն։
Լեռան քարոզի մասին արձանագրությունը Մատթեոսի Ավետարանում գրեթե չորս անգամ ավելի երկար է, քան Ղուկասի Ավետարանում։ Բացի դրանից, եթե համեմատենք Մատթեոս 6։9–13-ը Ղուկաս 11։1–4-ի և Մատթեոս 6։25–34-ը Ղուկաս 12։22–31-ի հետ, ապա կտեսնենք, որ Մատթեոսի արձանագրություններից որոշ հատվածներ Ղուկասը ներկայացնում է որպես մեկ ուրիշ առիթով Հիսուսի կողմից ասված խոսքեր։ Սակայն դա չպետք է մեզ զարմացնի։ Ակներևաբար, Հիսուսը մեկ անգամ չէ, որ միևնույն բաների մասին սովորեցրել է, և Ղուկասը դրանց մի մասը արձանագրել է տարբեր դեպքեր նկարագրելիս։
Լեռան քարոզը արժեքավոր է ոչ միայն իր խորը հոգևոր մտքերով, այլև այն պարզությամբ ու հստակությամբ, որով Հիսուսը ներկայացնում է այդ ճշմարտությունները։ Նա կյանքից վերցրած, մարդկանց քաջ ծանոթ օրինակներ է բերում, և դրա շնորհիվ իր ուսմունքները դյուրըմբռնելի են դառնում բոլոր նրանց համար, ովքեր ընտրում են կյանքի լավագույն ուղին՝ ձգտում են ապրել Աստծու կամքին ներդաշնակ։
Ովքե՞ր են իսկապես երջանիկ
Բոլորն են ցանկանում երջանիկ լինել։ Գիտակցելով այս փաստը՝ Հիսուսն իր Լեռան քարոզը սկսում է՝ նկարագրելով նրանց, ովքեր իսկապես երջանիկ են։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են նրա խոսքերն անմիջապես գրավում իր մեծաթիվ ունկնդիրների ուշադրությունը։ Բայցևայնպես, նրա բացման խոսքերը շատերին կարող են հակասական թվալ։
Դիմելով իր աշակերտներին՝ Հիսուսն ասում է. «Երջանիկ եք դուք՝ աղքատներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը։ Երջանիկ եք դուք, որ հիմա քաղցած եք, որովհետև պիտի կշտանաք։ Երջանիկ եք դուք, որ հիմա լաց եք լինում, որովհետև պիտի ծիծաղեք։ Երջանիկ եք դուք, երբ որ մարդիկ ատեն ձեզ.... Ուրախացե՛ք այն օրը և ցնծացե՛ք, որովհետև ահա ձեր վարձատրությունը մեծ է երկնքում»։
Այսպես է ներկայացնում Ղուկասը Հիսուսի քարոզի ներածական խոսքերը։ Բայց համաձայն Մատթեոսի արձանագրության՝ Հիսուսը նաև ասում է, որ երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, ողորմած, սրտով մաքուր և խաղաղարար։ Այսպիսի մարդիկ երջանիկ են, քանի որ, ինչպես Հիսուսն է նշում, նրանք կժառանգեն երկիրը, նրանց հանդեպ ողորմություն ցույց կտրվի, նրանք կտեսնեն Աստծուն և Աստծու որդիներ կկոչվեն։
Սակայն երջանիկ ասելով՝ Հիսուսը նկատի չունի այն ուրախությունն ու զվարթությունը, որ մարդ սովորաբար ունենում է զվարճանալիս։ Իսկական երջանկությունն ավելի խորը զգացում է. այն ընդգրկում է գոհունակության, բավարարվածության և լիարժեքության զգացում։
Ուստի Հիսուսը ցույց է տալիս, որ իսկապես երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները և տրտմած են իրենց մեղավոր վիճակից, ովքեր ճանաչում են Աստծուն և ծառայում նրան։ Այսպիսի մարդիկ երջանիկ են նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ատում կամ հալածում են Աստծու կամքը կատարելու համար։ Նրանք երջանիկ են, քանի որ գիտեն, որ հաճեցնում են Աստծուն և ստանալու են հավիտենական կյանքի պարգևը։
Այնուհանդերձ, Հիսուսի ունկնդիրներից շատերը, ինչպեսև մեր օրերում որոշ մարդիկ կարծում են, որ երջանիկ է այն մարդը, որը հարուստ է և իր հաճույքներով է ապրում։ Հիսուսը գիտի, որ դա այդպես չէ և, ի զարմանս իր ունկնդիրներից շատերի, նրանց կարծիքին հակառակ խոսքեր է ասում.
«Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք։ Վա՜յ ձեզ, որ հիմա կշտացած եք, որովհետև պիտի սովածանաք։ Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք։ Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին»։
Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը։ Ինչո՞ւ է «վայ» ասվում նրանց, ովքեր հարուստ են, սիրում են զվարճանալ և մարդկանց հավանությունն ունեն։ Որովհետև այն անհատը, որն ունի այդ ամենը և սրտով կապված է դրանց, իր կյանքում բացառում է Աստծու ծառայությունը, ինչը միակ բանն է, որ իսկական երջանկություն է բերում։ Մյուս կողմից՝ Հիսուսը չի ուզում ասել, որ աղքատ, սոված և սգացող լինելը մարդուն երջանիկ է դարձնում։ Բայց շատ հաճախ հենց այսպիսի մարդիկ են արձագանքում Հիսուսի ուսմունքներին և արդյունքում իսկական երջանկություն գտնում։
Ապա խոսքն ուղղելով իր աշակերտներին՝ Հիսուսն ասում է. «Դո՛ւք եք երկրի աղը»։ Ինչ խոսք, այս բառերը չպետք է բառացի հասկանալ։ Աղը պահպանիչ հատկություն ունի։ Եհովայի տաճարի զոհասեղանի մոտ աղի մեծ կույտ կար, որից օգտվում էին այնտեղ ծառայող քահանաները՝ զոհերին աղ անելու համար։
Հիսուսի աշակերտները «երկրի աղն» են այն իմաստով, որ պահպանիչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Այն լուրը, որ նրանք քարոզում են, կարող է պահպանել բոլոր այն մարդկանց կյանքերը, ովքեր դրականորեն կարձագանքեն։ Այդ պատգամը այսպիսի մարդկանց կյանքերում առաջ կբերի հարատևություն, հավատարմություն և անձնվիրություն, ինչպես նաև նրանց կպահպանի հոգևոր կամ բարոյական քայքայումից։
«Դո՛ւք եք աշխարհի լույսը»,— ասում է Հիսուսն իր աշակերտներին։ Ճրագը դնում են ոչ թե գրվանի տակ, այլ ճրագակալի վրա։ Ուստի նա ավելացնում է. «Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առջև»։ Հետևելով այս խոսքերին՝ Հիսուսի աշակերտները հրապարակորեն քարոզում են մարդկանց և փայլուն օրինակ թողնում այն բանում, թե ինչպես կարելի է ապրել Աստվածաշնչի սկզբունքների համաձայն։
Բարձր չափանիշ՝ իր հետևորդների համար
Կրոնական առաջնորդները Հիսուսին համարում են Աստծու Օրենքը զանց անող ու նույնիսկ փորձում են սպանել նրան։ Շարունակելով իր Լեռան քարոզը՝ Հիսուսը բացատրում է. «Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ Մարգարեները կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու»։
Հիսուսը մեծ հարգանք է տածում Աստծու Օրենքի հանդեպ և ուրիշներին էլ քաջալերում է նման վերաբերմունք ունենալ։ Նա ասում է. «Ուստի ով որ այս պատվիրաններից ամենափոքրը խախտի և մարդկանց այդպես սովորեցնի, նա «ամենափոքրը» կկոչվի երկնքի թագավորության համար» (այսինքն՝ այդպիսի մարդը ընդհանրապես չի մտնի Աստծու Թագավորություն)։
Հիսուսը ոչ միայն չի արհամարհում Աստծու Օրենքը, այլև նույնիսկ դատապարտում է այնպիսի մտածելակերպը, որը կարող է դրդել մարդուն խախտելու այն։ Հիշատակելով, որ Օրենքն ասում է «մի՛ սպանիր»՝ Հիսուսն ավելացնում է. «Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա դատարանի առաջ»։
Քանի որ ընկերոջ վրա բարկացած մնալը այնքան վտանգավոր է, որ կարող է նույնիսկ մարդասպանության դրդել, Հիսուսը ցույց է տալիս, թե խաղաղություն հաստատելու համար ինչ է հարկավոր անել։ Նա ասում է. «Եթե քո [զոհաբերական] ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ–որ բան ունի, թո՛ղ ընծադ զոհասեղանի դիմաց և գնա՛, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո, երբ վերադառնաս, մատուցիր քո ընծան»։
Ներկաների ուշադրությունը հրավիրելով Տասը պատվիրաններից յոթերորդի վրա՝ Հիսուսը շարունակում է. «Լսել եք, որ ասվեց. «Մի՛ շնացիր»»։ Սակայն Հիսուսը դատապարտում է նույնիսկ շնություն գործելու հանդեպ մշտական տրամադրվածությունը. «Ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում»։
Հիսուսն այստեղ չի խոսում պարզապես անցողիկ անբարոյական մտքի մասին, այլ «շարունակ նայելու»։ Շարունակ նայելու դեպքում մարդու մեջ կրքեր են բորբոքվում, ինչն էլ հարմար առիթի դեպքում կարող է շնության հանգեցնել։ Ինչպե՞ս է հնարավոր դա կանխել։ Հիսուսն ակնառու կերպով ցույց է տալիս, թե դա անելու համար ինչ ծայրահեղ միջոցների թերևս անհրաժեշտ լինի դիմել. «Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և մի կո՛ղմ գցիր.... Եվ եթե քո աջ ձեռքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր այն և մի կո՛ղմ գցիր»։
Իրենց կյանքը փրկելու համար մարդիկ հաճախ պատրաստ են զոհելու մարմնի հիվանդ անդամը։ Սակայն ինչպես երևում է Հիսուսի խոսքերից, ավելի կարևոր է «մի կողմ գցել» ցանկացած բան, նույնիսկ այնպիսի թանկ բան, ինչպիսին աչքն է կամ ձեռքը, որպեսզի խուսափենք անբարո մտքերից ու գործերից։ Հակառակ դեպքում, ինչպես բացատրում է Հիսուսը՝ այդպիսի մարդիկ կնետվեն գեհենը (Երուսաղեմից ոչ հեռու գտնվող աղբանոցը, որտեղ մշտապես կրակ էր վառվում), որը խորհրդանշում է հավիտենական կործանում։
Հիսուսը նաև բացատրում է, թե ինչպես վարվել այն մարդկանց հետ, ովքեր նախատում կամ վիրավորում են մեզ. «Մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է,— խորհուրդ է տալիս նա,— այլ ով որ ապտակում է քո աջ երեսին, մյո՛ւսն էլ նրան դարձրու»։ Հիսուսն ի նկատի չունի, թե մարդը առհասարակ չպետք է պաշտպանվի, երբ ինքը կամ իր ընտանիքը հարձակման է ենթարկվում։ Սովորաբար ապտակում են ոչ թե ֆիզիկական վնաս հասցնելու նպատակով, այլ ավելի շուտ վիրավորելու համար։ Ուստի Հիսուսի խոսքերը պետք է հասկանալ հետևյալ կերպ. երբ ինչ–որ մեկը փորձում է կռիվ կամ վիճաբանություն բորբոքել՝ լինի դա բառացի ապտակելով, թե վիրավորական, խայթող խոսքեր ասելով՝ սխալ կլինի նույն ձևով նրան հատուցել։
Մարդկանց ուշադրությունը հրավիրելով Աստծու այն օրենքի վրա, որ հարկավոր է սիրել մերձավորին՝ Հիսուսը շարունակում է. «Բայց ես ասում եմ ձեզ. շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար»։ Այնուհետև նա համոզիչ պատճառ է բերում, թե ինչու պետք է այդպես վարվենք. «Որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա»։
Հիսուսը եզրափակում է իր քարոզի այս հատվածը՝ հորդորելով. «Ուստի կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»։ Հիսուսը չի ուզում ասել, որ մարդիկ կարող են բացարձակապես կատարյալ լինել։ Այլ ընդօրինակելով Աստծուն՝ նրանք կարող են սիրել նույնիսկ իրենց թշնամիներին։ Ղուկասի զուգահեռ հաղորդագրության մեջ բերվում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն էլ ողորմած է»։
Աղոթել և վստահել Աստծուն
Շարունակելով իր քարոզը՝ Հիսուսը դատապարտում է այն մարդկանց կեղծավորությունը, ովքեր իրենց երևակայական աստվածապաշտությունն են ցուցադրում։ «Երբ ողորմության նվերներ ես տալիս,— ասում է նա,— քո առջևից փող մի՛ հնչեցրու, ինչպես որ կեղծավորներն են անում»։
«Նաև երբ աղոթում եք,— շարունակում է Հիսուսը,— մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն»։ Նա պատվիրում է. «Երբ աղոթում ես, մտիր քո սենյակը և դուռը փակելուց հետո աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է»։ Հիսուսն ինքն էլ մյուսների ներկայությամբ աղոթել էր, ուստի նա չի դատապարտում հրապարակորեն ասված աղոթքները։ Խոսքը վերաբերում է այն աղոթքներին, որոնք ասվում են լսողներին տպավորելու և նրանցից հիացական հաճոյախոսություններ ստանալու նպատակով։
Այնուհետև Հիսուսը հետևյալ խորհուրդն է տալիս. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ ուրիշ ազգերի մարդիկ են անում»։ Հիսուսը չի ուզում ասել, թե կրկնելը ինքնին սխալ է։ Մի անգամ աղոթելիս ինքն էլ «նույն խոսքերը» կրկնեց։ Բայց Հիսուսը հավանություն չի տալիս «նորից ու նորից» անգիր արված խոսքեր կրկնելուն, ինչպես անում են, օրինակ, տերողորմյա քաշելիս։
Որպեսզի իր ունկնդիրներին սովորեցնի աղոթել, Հիսուսը նրանց տալիս է տիպար աղոթքը, որը բաղկացած է յոթ խնդրանքից։ Առաջին երեքը ընդգծում են Աստծու գերիշխանության ու նրա նպատակների կարևորությունը։ Այդ խնդրանքներն այն մասին են, որ սրբացվի Աստծու անունը, գա նրա Թագավորությունը և կատարվի նրա կամքը։ Մնացած չորսը անձնական խնդրանքներ են՝ օրվա հացի, մեղքերի ներման, կարողությունից ավել չփորձվելու և Չարից ազատվելու մասին։
Շարունակելով իր խոսքը՝ Հիսուսը բացատրում է, որ նյութականի վրա չափից դուրս կենտրոնանալը կարող է որոգայթ դառնալ։ Նա պատվիրում է. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են, և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են»։ Այսպիսի գանձերը ոչ միայն անցողիկ են, այլ նաև չեն բարձրացնում մեր արժեքը Աստծու աչքում։
Ուստի Հիսուսն ասում է. «Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում»։ Մենք այսպիսի գանձեր կհավաքենք, եթե Աստծուն ծառայելը մեր կյանքում առաջին տեղում դնենք։ Այդ դեպքում ոչ ոք չի կարող նվազեցնել Աստծու աչքերում մեր արժեքը կամ զրկել մեզ նրա խոստացած մեծ վարձատրությունից։ Այնուհետև Հիսուսն ավելացնում է. «Որտեղ որ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի»։
Նյութապաշտության որոգայթն ընկնելու մասին հավելյալ բացատրություն տալով՝ Հիսուսը հետևյալ օրինակն է բերում. «Մարմնի ճրագը աչքն է։ Ուստի եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի»։ Լավ տեսնող աչքը մարմնի համար մութ տեղում վառվող ճրագի պես է։ Բայց պարզ տեսնելու համար աչքը պետք է պարզ լինի, այսինքն՝ պետք է կենտրոնացած լինի մի բանի վրա։ Եթե աչքը հստակ չի տեսնում, անհատը սխալ է արժևորում իրերը. նա նյութական ունեցվածքը Աստծուն ծառայելուց առաջ է դասում և հետևանքը լինում է այն, որ «ամբողջ մարմինը» խավարում է։
Հիսուսն ընդգծում է այս միտքը՝ համոզիչ օրինակ բերելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։
Այս խրատը տալուց հետո Հիսուսը վստահեցնում է իր ունկնդիրներին, որ եթե նրանք Աստծու ծառայությունը առաջին տեղում դնեն, ապա հարկ չի լինի նյութական կարիքների համար մտահոգվելու։ «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին,— ասում է նա,— որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, մինչդեռ ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց»։ Ապա հարցնում է. «Չէ՞ որ դուք ավելի թանկ եք, քան նրանք»։
Այնուհետև Հիսուսն ուշադրությունը հրավիրում է դաշտի շուշանների վրա և ապա ասում. «Նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։ Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ»։ Հիսուսը հետևյալ եզրահանգումն է անում. «Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով՝ «ի՞նչ պիտի ուտենք», կամ՝ «ի՞նչ պիտի խմենք», կամ՝ «ի՞նչ պիտի հագնենք»։.... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։ Ուրեմն, շարունակեք նախ թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»։
Ճանապարհ դեպի կյանք
Ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, Հիսուսի ուսմունքների համաձայն ապրելն է։ Բայց դա հեշտ չէ անել։ Օրինակ՝ փարիսեցիներն անողոքաբար դատում են ուրիշներին, և շատերն ընդօրինակում են նրանց։ Ուստի շարունակելով Լեռան քարոզը՝ Հիսուսը հորդորում է. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նույն դատաստանով էլ կդատվեք»։
Վտանգավոր է հետևել չափից դուրս քննադատական ոգի ունեցող փարիսեցիների առաջնորդությանը։ Ըստ Ղուկասի արձանագրության՝ Հիսուսն այս վտանգը նկարագրում է համեմատության միջոցով. «Մի՞թե կույրը կույրին կարող է առաջնորդել։ Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»։
Ուրիշներին չափազանց քննադատաբար վերաբերվելը՝ նրանց սխալները մեծացնելը և դրանք մատնացույց անելը, լուրջ հանցանք է։ Ուստի Հիսուսը հարցնում է. «Ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թո՛ւյլ տուր հանեմ աչքիդ միջի շյուղը», երբ քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել»։
Այս խոսքերը, սակայն, չեն նշանակում, թե աշակերտները չպետք է խորաթափանց լինեն ուրիշների հետ առնչվելիս, քանի որ Հիսուսն ասում է. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ո՛չ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ»։ Աստծու Խոսքի ճշմարտությունները սուրբ են։ Նրանք նման են մարգարիտների։ Բայց եթե որոշ անհատներ շների կամ խոզերի պես չեն գնահատում այդ թանկարժեք ճշմարտությունները, Հիսուսի աշակերտները պետք է թողնեն նրանց և փնտրեն այնպիսի մարդկանց, ովքեր կարձագանքեն այդ ճշմարտություններին։
Թեև Հիսուսն իր Լեռան քարոզում արդեն խոսել է աղոթքի մասին, սակայն այժմ նա շեշտում է նրանում հարատևելու անհրաժեշտությունը։ «Շարունակե՛ք խնդրել,— ասում է նա,— և կտրվի ձեզ»։ Ցույց տալու համար, որ Աստված պատրաստ է պատասխանել աղոթքներին, Հիսուսը հարցնում է. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որի որդին եթե նրանից հաց խնդրի, քար կտա նրան։.... Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք լավ նվերներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից»։
Այնուհետև Հիսուսը մարդկանց վարքին վերաբերող մի կանոն է սահմանում, որը հայտնի է «Ոսկե կանոն» անվանումով։ Նա ասում է. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց»։ Այս կանոնի համաձայն ապրել նշանակում է ուրիշների համար բարի գործեր անել՝ վարվելով նրանց հետ այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին։
Այն, որ դեպի կյանք տանող ճանապարհով քայլելը հեշտ չէ, երևում է Հիսուսի հետևյալ հրահանգից. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են նրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները»։
Մոլորվելու վտանգը մեծ է, ուստի Հիսուսը զգուշացնում է. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են»։ Հիսուսը նշում է, որ ինչպես լավ և վատ ծառերը կարող են ճանաչվել իրենց պտուղներից, այնպես էլ սուտ մարգարեները կարող են ճանաչվել իրենց գործերից և ուսմունքներից։
Հիսուսը բացատրում է, որ ոչ թե անհատի խոսքերն են վկայում իր աշակերտը լինելու մասին, այլ գործերը։ Ոմանք պնդում են, թե Հիսուսն իրենց Տերն է, բայց եթե նրանք չեն կատարում նրա Հոր կամքը, այդպիսի մարդկանց Հիսուսն ասում է. «Նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»»։
Վերջապես, Հիսուսը եզրափակում է իր քարոզը հիշարժան խոսքերով։ Նա ասում է. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված»։
Սակայն Հիսուսը շարունակում է. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և հարվածեցին այդ տանը, և այն փուլ եկավ, ու նրա փլուզումը մեծ էր»։
Երբ Հիսուսն ավարտում է իր քարոզը, ժողովուրդը շատ է զարմանում նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև նա իշխանություն ունեցողի պես է սովորեցնում և ոչ թե իրենց կրոնական առաջնորդների պես։ Ղուկաս 6։12–23; Մատթեոս 5։1–12; Ղուկաս 6։24–26; Մատթեոս 5։13–48; 6։1–34; 26։36–45; 7։1–29; Ղուկաս 6։27–49։
▪ Որտե՞ղ է գտնվում Հիսուսը, երբ ներկայացնում է իր հանրահայտ քարոզը, ովքե՞ր են ներկա, և ի՞նչ է տեղի ունեցել քարոզը սկսելուց կարճ ժամանակ առաջ։
▪ Ինչո՞ւ հարկ չկա զարմանալու, որ Ղուկասը Լեռան քարոզի որոշ ուսմունքներ արձանագրել է ուրիշ դեպքեր նկարագրելիս։
▪ Ի՞նչն է Հիսուսի քարոզը այդքան արժեքավոր դարձնում։
▪ Ովքե՞ր են իսկապես երջանիկ և ինչո՞ւ։
▪ Հիսուսն ո՞ւմ է ասում «վայ» և ինչո՞ւ։
▪ Հիսուսի աշակերտներն ի՞նչ իմաստով են «երկրի աղը» և «աշխարհի լույսը»։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը մեծ հարգանք ցույց տալիս Աստծու Օրենքի հանդեպ։
▪ Հիսուսն ի՞նչ պատվեր է տալիս մարդասպանությունն ու շնությունը արմատախիլ անելու համար։
▪ Ի՞նչ ի նկատի ունի Հիսուսը՝ խոսելով «մյուս երեսն էլ դարձնելու» մասին։
▪ Ինչպե՞ս կարող ենք Աստծու նման կատարյալ լինել։
▪ Ի՞նչ հրահանգներ է տալիս Հիսուսը աղոթքի վերաբերյալ։
▪ Ինչո՞ւ են երկնային գանձերը ավելի արժեքավոր, և ինչպե՞ս է հնարավոր դրանք ձեռք բերել։
▪ Ի՞նչ օրինակներ է բերում Հիսուսը, որ օգնի խուսափել նյութապաշտությունից։
▪ Հիսուսն ինչո՞ւ է ասում, որ պետք չէ մտահոգվել։
▪ Հիսուսն ի՞նչ է ասում ուրիշներին դատելու մասին, բայց միևնույն ժամանակ ինչպե՞ս է ցույց տալիս, որ իր աշակերտները պետք է խորաթափանց լինեն մարդկանց հետ առնչվելիս։
▪ Հիսուսն ի՞նչ է ասում աղոթքի վերաբերյալ և վարքի ինչպիսի՞ կանոն է սահմանում։
▪ Հիսուսի ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ դեպի կյանք տանող ճանապարհով ընթանալը հեշտ չի լինելու, և որ մոլորության մեջ ընկնելու վտանգ գոյություն ունի։
▪ Հիսուսն ինչպե՞ս է եզրափակում իր քարոզը, և ի՞նչ ազդեցություն է այն թողնում մարդկանց վրա։