Գլուխ 80
Ոչխարների փարախները և Հովիվը
ՀԻՍՈՒՍԸ եկել է Երուսաղեմ Նվիրման (Հանուկա) տոնի առթիվ։ Այդ տոնին նշվում է տաճարի երկրորդ նվիրումը Եհովային։ Մոտ 200 տարի առաջ՝ մ. թ. ա. 168–ին, Անտիոքոս IV Եպիփանեսը գրավել էր Երուսաղեմը և պղծել տաճարն ու զոհասեղանը։ Բայց երեք տարի անց Երուսաղեմը կրկին գրավել էին, և տաճարը դարձյալ նվիրվել էր Եհովային։ Դրանից հետո ամեն տարի տեղի էր ունենում նվիրման տոնակատարությունը։
Հրեական օրացույցով Նվիրման այս տոնը նշվում է քասղևի 25–ին, որը ժամանակակից օրացույցով համընկնում է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին։ Այսպիսով՝ հարյուր օրից քիչ ժամանակ է մնացել մինչ 33 թ. նշանակալից Պասեքը։ Քանի որ հիմա եղանակը ցուրտ է, Հովհաննես առաքյալը ասում է, որ ձմեռ է։
Այժմ Հիսուսը մի առակ է պատմում, որտեղ խոսում է ոչխարների երեք փարախների մասին, ինչպես նաև որպես Բարի Հովիվ՝ իր ունեցած դերի մասին։ Իր պատմած առաջին փարախը ներկայացնում է Մովսիսական օրենքի ուխտը։ Օրենքը ցանկապատ էր հանդիսանում, որը հրեաներին բաժանում էր այն մարդկանց ապականված գործերից, ովքեր Աստծու հետ այս հատուկ ուխտի մեջ չէին գտնվում։ Հիսուսը բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով որ ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ։ Բայց ով որ դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է»։
Եղել են մարդիկ, ովքեր եկել և պնդել են, թե իրենք Մեսիան, կամ՝ Քրիստոսն են, սակայն ճշմարիտ հովիվը նրանք չէին, ում մասին Հիսուսը շարունակում է ասել. «Դռնապանը բաց է անում նրա համար, և ոչխարները լսում են նրա ձայնը, և նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց։ .... Օտարի հետևից նրանք երբեք չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։
Առաջին փարախի «դռնապանը» Հովհաննես Մկրտիչն էր։ Որպես դռնապան՝ նա «բաց արեց» Հիսուսի համար՝ նրան ճանաչեցնելով այն այլաբանական ոչխարներին, որոնց նա առաջնորդելու էր դեպի արոտավայր։ Այս ոչխարները, որոնց Հիսուսը անունով է կանչում և առաջնորդում է, վերջիվերջո բերվում են մեկ այլ փարախ, ինչպեսև նա բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ե՛ս եմ ոչխարների դուռը [այսինքն՝ նոր փարախի դուռը]»։ Երբ Հիսուսը նոր ուխտ է հաստատում իր աշակերտների հետ և հաջորդ Պենտեկոստեի ժամանակ նրանց վրա երկնքից թափում է սուրբ ոգին, նրանք բերվում են նոր փարախ։
Շարունակելով բացատրել իր դերը՝ Հիսուսն ասում է. «Ե՛ս եմ դուռը. ով որ իմ միջով մտնի, կփրկվի, և կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի։ .... Ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան, և այն առատությամբ ունենան։ .... Ե՛ս եմ բարի հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և իմ ոչխարներն էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ Հորն եմ ճանաչում. և ես իմ հոգին տալիս եմ ոչխարների համար»։
Վերջերս Հիսուսը մխիթարել էր իր հետևորդներին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա»։ Փոքր հոտը, որի թիվը կազմում է 144 000, մտնում է այս նոր՝ երկրորդ փարախը։ Բայց Հիսուսը շարունակում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ ու մեկ հովիվ կլինեն»։
Քանի որ «ուրիշ ոչխարները» «այս փարախից չեն», նշանակում է, որ նրանք մեկ ուրիշ՝ երրորդ փարախից են։ Այս վերջին երկու փարախներին տարբեր բաներ են սպասվում։ Փարախներից մեկում գտնվող «փոքր հոտը» Քրիստոսի հետ իշխելու է երկնքում, իսկ մյուս փարախի «ուրիշ ոչխարները» ապրելու են դրախտային երկրում։ Թեև ոչխարները երկու տարբեր փարախներում են, սակայն իրար չեն նախանձում, ոչ էլ մեկուսացած են զգում։ Դրա համար էլ Հիսուսն ասում է, որ նրանք կլինեն «մեկ հոտ» «մեկ հովվի» առաջնորդության ներքո։
Բարի Հովիվը՝ Հիսուս Քրիստոսը, իր կյանքը հոժարակամորեն տալիս է երկու փարախների համար էլ։ «Ես ինքս եմ տալիս,— ասում է նա։— Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու։ Այս պատվիրանը ես իմ Հորից եմ ստացել»։ Նրա խոսքերից հետո հրեաների մեջ բաժանում է առաջանում։
Շատերն ասում են. «Նա դև՛ ունի, նա խելագա՛ր է։ Ինչո՞ւ եք նրան լսում»։ Իսկ մյուսները պատասխանում են. «Դրանք դիվահարի խոսքեր չեն»։ Այնուհետև, թերևս նկատի ունենալով այն, որ մոտ երկու ամիս առաջ նա բուժել էր ի ծնե կույր մի մարդու, նրանք ավելացնում են. «Մի՞թե դևը կարող է կույր մարդկանց աչքերը բացել»։ Հովհաննես 10։1–22; 9։1–7; Ղուկաս 12։32; Հայտնություն 14։1, 3; 21։3, 4; Սաղմոս 37։29։
▪ Ի՞նչ է Նվիրման տոնը, և ե՞րբ են այն նշում։
▪ Ո՞րն է առաջին փարախը, և ո՞վ է նրա դռնապանը։
▪ Ինչպե՞ս է դռնապանը բացում դուռը Հովվի համար, և որտե՞ղ են այնուհետև բերվում ոչխարները։
▪ Ովքե՞ր են մտնում Բարի Հովվի երկու փարախների մեջ, և քանի՞ հոտ են դառնում։