Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 88
  • Հարուստն ու Ղազարոսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարուստն ու Ղազարոսը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իրավիճակները փոխվում են
  • Հարուստ մարդու և Ղազարոսի հանգամանքները փոխվում են
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ովքե՞ր էին հարուստ մարդն ու Ղազարոսը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ընթերցողների հարցերը
    2013 Դիտարան
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 88

Գլուխ 88

Հարուստն ու Ղազարոսը

ՔԻՉ առաջ Հիսուսն իր աշակերտների հետ խոսում էր նյութական հարստության ճիշտ գործածման մասին՝ բացատրելով, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ ծառայել և՛ հարստությանը, և՛ Աստծուն։ Փարիսեցիները, որոնք նույնպես լսում էին նրան, սկսում են քմծիծաղել, քանի որ նրանք փողասեր են։ Ուստի Հիսուսն ասում է նրանց. «Դո՛ւք եք, որ ձեզ մարդկանց առաջ արդար եք հայտարարում, բայց Աստված գիտի ձեր սրտերը. որովհետև ինչը որ բարձր է մարդկանց մեջ, Աստծու աչքին նողկալի է»։

Ժամանակն է, որ մեծահարուստների, քաղաքական գործիչների և կրոնական առաջնորդների իրավիճակը փոխվի։ Նրանք պետք է նվաստանան։ Սակայն այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, պետք է բարձրանան։ Հիսուսը մատնանշում է այս փոփոխությունը՝ շարունակելով ասել փարիսեցիներին.

«Օրենքն ու Մարգարեները մինչև Հովհաննես [Մկրտիչն] էին։ Դրանից հետո Աստծու թագավորությունն է հռչակվում որպես բարի լուր, և ամեն տեսակ մարդ իր ողջ ուժով ջանում է հասնել դրան։ Իրոք որ, ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անհետանան, քան Օրենքի տառի մի մասնիկը չիրականանա»։

Դպիրներն ու փարիսեցիները հպարտանում են, որ հետևում են Մովսիսական օրենքին, թեև դա անում են կեղծավորությամբ։ Հիշիր, որ երբ Հիսուսը Երուսաղեմում հրաշքով բուժեց մի կույր մարդու, նրանք պարծեցան. «Մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ»։ Սակայն այժմ Մովսիսական օրենքը կատարել է իր նպատակը, որն էր՝ խոնարհ մարդկանց առաջնորդել դեպի Աստծու կողմից նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը։ Ուստի Հովհաննեսի ծառայությունը սկսվելուն պես բոլոր մարդիկ, հատկապես խոնարհներն ու աղքատները ջանք են գործադրում, որպեսզի դառնան Աստծու Թագավորության հպատակները։

Քանի որ Մովսիսական օրենքը շուտով կիրագործի իր նպատակը, ուստի այն պահելու պարտավորությունը պիտի վերանա։ Օրենքը թույլատրում է ամուսնալուծվել տարբեր պատճառներով, սակայն Հիսուսն այժմ ասում է. «Յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում. և նա, ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում»։ Անշուշտ, այս խոսքերը սաստիկ զայրացնում են փարիսեցիներին, քանի որ նրանք թույլ են տալիս ամուսնալուծվել բազում պատճառներով։

Փարիսեցիներին ուղղված իր խոսքերը շարունակելով՝ Հիսուսը մի առակ է պատմում երկու մարդկանց մասին, որոնց դիրքը, կամ՝ իրավիճակը ի վերջո լիովին փոխվում է։ Կարո՞ղ ես որոշել, թե ում են ներկայացնում այդ մարդիկ, և ի՞նչ է նշանակում նրանց իրավիճակի փոփոխումը։

«Մի հարուստ մարդ կար,— սկսում է Հիսուսը,— և նա ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղության մեջ զվարճանում էր։ Եվ մի մուրացկան մարդ էլ կար՝ Ղազարոս անունով, որին բերում էին նրա դարպասների մոտ, և նա խոցերով լիքն էր։ Նա ուզում էր կշտանալ այն բաներով, որ ընկնում էին հարուստի սեղանից։ Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը»։

Հարուստ մարդը ներկայացնում է հրեա կրոնական առաջնորդներին, որոնց թվում են ոչ միայն փարիսեցիներն ու դպիրները, այլև սադուկեցիներն ու ավագ քահանաները։ Նրանք հարուստ են այն առումով, որ հոգևոր առանձնաշնորհումներ ու առավելություններ ունեն և իրենց պահում են առակի միջի հարուստ մարդու պես։ Այն, որ նրանք շքեղ ծիրանի են հագնում, ներկայացնում է իրենց առանձնաշնորհյալ դիրքը, իսկ սպիտակ բեհեզը պատկերում է իրենց ինքնահավան լինելը։

Հարուստների այս հպարտ դասակարգը լիակատար արհամարհանքով է վերաբերվում աղքատ ու հասարակ մարդկանց՝ կոչելով նրանց ամ հաարեց, կամ՝ հողի մարդիկ։ Այսպիսով՝ մուրացկան Ղազարոսը ներկայացնում է այն մարդկանց, որոնց կրոնական առաջնորդները մերժում են հոգևոր սնունդ և առանձնաշնորհումներ տալ։ Ինչպես որ Ղազարոսն է խոցերով ծածկված, այնպես էլ հասարակ ժողովրդին են դիտում որպես հոգևորապես հիվանդ և միայն շների հետ շփվելու արժանի։ Սակայն «Ղազարոս» դասակարգի մարդիկ հոգևոր առումով սոված են ու ծարավ և դարպասների մոտ են՝ փորձելով ստանալ հոգևոր սննդի այն փշրանքները, որ կարող են ընկնել հարուստ մարդու սեղանից։

Այժմ Հիսուսը շարունակում է նկարագրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում հարուստ մարդու և Ղազարոսի իրավիճակներում։ Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ի՞նչ են ներկայացնում։

Իրավիճակները փոխվում են

Հարուստ մարդը ներկայացնում է կրոնական առաջնորդներին, որոնք հոգևոր առանձնաշնորհումներ և առավելություններ ունեն, իսկ Ղազարոսը պատկերում է հասարակ ժողովրդին, որը հոգևորապես սոված է։ Հիսուսը շարունակում է իր պատմությունը՝ նկարագրելով այդ մարդկանց հանգամանքների կտրուկ փոփոխությունը։

«Որոշ ժամանակ անց,— ասում է Հիսուսը,— մուրացկանը մահացավ, և հրեշտակները նրան տարան Աբրահամի գիրկը։ Հարուստը նույնպես մահացավ և թաղվեց։ Եվ գերեզմանում, մինչ տանջանքների մեջ էր, նա բարձրացրեց իր աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին և նրա գրկում նաև Ղազարոսին»։

Քանի որ հարուստ մարդն ու Ղազարոսը իրական մարդիկ չեն, այլ խորհրդանշում են մարդկանց դասակարգեր, տրամաբանական է, որ նրանց մահը նույնպես այլաբանական է։ Ի՞նչ է խորհրդանշում, կամ՝ ներկայացնում նրանց մահը։

Հիսուսը քիչ առաջ մատնանշեց իրավիճակների այդ փոփոխությունը՝ ասելով, որ «Օրենքն ու Մարգարեները մինչև Հովհաննեսն էին, բայց դրանից հետո Աստծու թագավորությունն է հռչակվում»։ Ուստի Հովհաննեսի և Հիսուս Քրիստոսի քարոզչությամբ էր, որ ինչպես հարուստ մարդը, այնպես էլ Ղազարոսը մահանում են իրենց նախկին հանգամանքների, կամ՝ իրավիճակների առումով։

«Ղազարոս» դասակարգի խոնարհ և զղջամիտ մարդիկ մահանում են իրենց նախկին հոգևորապես չքավոր իրավիճակի առումով և Աստծու հաճությունը վայելող դիրք ստանում։ Եթե նախկինում նրանք նայում էին, թե ինչ փշրանքներ կընկնեին կրոնական առաջնորդների հոգևոր սեղանից, ապա այժմ Հիսուսի կողմից տրված սուրբգրային ճշմարտությունները բավարարում են նրանց կարիքները։ Այսպիսով՝ նրանք բերվում են Մեծ Աբրահամի՝ Եհովա Աստծու գիրկը, կամ՝ առանձնաշնորհյալ դիրք ստանում։

Մյուս կողմից՝ «հարուստ մարդ» դասակարգի անդամները չեն ստանում Աստծու հավանությունը, քանի որ ոչ մի կերպ չեն ընդունում Հիսուսի սովորեցրած Թագավորության պատգամը։ Այդպիսով նրանք մահանում են իրենց նախկին առանձնաշնորհյալ դիրքի առումով։ Իրականում նրանց մասին ասվում է, որ այլաբանական տանջանքների մեջ են։ Այժմ լսիր, թե ինչ է ասում հարուստ մարդը.

«Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և Ղազարոսին ուղարկի՛ր, որ իր մատի ծայրը ջրի մեջ թաթախի և լեզուս հովացնի, որովհետև տառապում եմ այս կրակի բոցի մեջ»։ Աստծու կրակոտ դատաստանական պատգամը, որը հռչակում են Հիսուսի աշակերտները, տանջում է «հարուստ մարդ» դասակարգի առանձին անհատներին։ Նրանք ուզում են, որ աշակերտները դադարեցնեն հռչակել այս պատգամները՝ ինչ–որ չափով թեթևացում բերելով իրենց տանջանքներին։

«Իսկ Աբրահամն ասաց. «Որդյա՛կ, հիշի՛ր, որ քո կյանքի ընթացքում դու լիովին ստացել ես քո բարիքները, և նմանապես էլ Ղազարոսը՝ չարիքները։ Սակայն հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տառապանքի մեջ ես։ Եվ այս ամեն բաներից բացի՝ մի մեծ անդունդ է հաստատվել մեր և ձեր միջև, այնպես որ եթե մեկը ուզենա այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են մեզ մոտ անցնել»»։

Որքա՜ն արդար և որքա՜ն տեղին է այսպիսի փոփոխությունը «Ղազարոս» և «հարուստ մարդ» դասակարգերի միջև։ Իրավիճակների փոփոխությունը տեղի է ունենում մի քանի ամիս հետո՝ մ. թ. 33–ի Պենտեկոստեին, երբ Օրենքի հին ուխտը փոխարինվում է նոր ուխտով։ Փաստորեն, բոլորովին ակնհայտ է դառնում, որ ոչ թե փարիսեցիներն ու մյուս կրոնական առաջնորդներն են վայելում Աստծու բարեհաճությունը, այլ Հիսուսի աշակերտները։ «Մեծ անդունդը», որը այլաբանական հարուստ մարդուն բաժանում է Հիսուսի աշակերտներից, ներկայացնում է Աստծու անփոփոխ և արդար դատաստանը։

Այնուհետև հարուստ մարդը խնդրում է «հայր Աբրահամին». «[Ղազարոսին] ուղարկիր իմ հոր տունը, որովհետև ես հինգ եղբայր ունեմ»։ Այսպիսով՝ հարուստ մարդը խոստովանում է, որ սերտ փոխհարաբերություններ ունի մեկ այլ հոր հետ, որը Բանսարկու Սատանան է։ Նա խնդրում է, որ Ղազարոսը մեղմացնի Աստծու դատաստանական պատգամները, որպեսզի նրա «հինգ եղբայրները», այսինքն՝ կրոնական համախոհները, չընկնեն «տանջանքի այդ վայրը»։

«Սակայն Աբրահամն ասաց. «Նրանք Մովսեսին ու Մարգարեներին ունեն. թող նրանց լսեն»»։ Այո, եթե «հինգ եղբայրները» ուզում են ազատվել տանջանքներից, ապա պետք է ուշադրություն դարձնեն Մովսեսի և Մարգարեների գրվածքներին, որոնք Հիսուսին բնորոշում են որպես Մեսիայի, և ապա դառնան նրա աշակերտները։ Այնուհանդերձ հարուստ մարդը առարկում է. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, այլ եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, նրանք կզղջան»։

Բայց Աբրահամն ասում է. «Եթե նրանք չեն լսում Մովսեսին ու Մարգարեներին, ապա չեն էլ համոզվի, եթե մեկը մահացածների միջից հարություն առնի»։ Ինչ խոսք, Աստված առանձնահատուկ նշաններ կամ հրաշքներ չի անի մարդկանց համոզելու համար։ Եթե նրանք ուզում են Աստծու հավանությունը ստանալ, ապա պետք է կարդան Գրությունները և կիրառեն։ Ղուկաս 16։14–31; Հովհաննես 9։28, 29; Մատթեոս 19։3–9; Գաղատացիներ 3։24; Կողոսացիներ 2։14; Հովհաննես 8։44։

▪ Ինչո՞ւ է հարկավոր հարուստ մարդու և Ղազարոսի մահը այլաբանորեն հասկանալ, և ի՞նչ է պատկերվում նրանց մահով։

▪ Ըստ Հիսուսի խոսքերի՝ Հովհաննեսի ծառայությունը սկսվելուն պես ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում։

▪ Հիսուսի մահից հետո ի՞նչը պետք է վերանա, և ինչպե՞ս է դա անդրադառնալու ամուսնալուծության հարցին։

▪ Հիսուսի առակում ո՞ւմ են ներկայացնում հարուստ մարդը և Ղազարոսը։

▪ Ի՞նչ են ներկայացնում հարուստ մարդու տանջանքները, և ի՞նչ միջոցով է նա ցանկանում թեթևացում ստանալ։

▪ Ի՞նչ է ներկայացնում «մեծ անդունդը»։

▪ Ո՞վ է հարուստ մարդու իրական հայրը, և ովքե՞ր են նրա հինգ եղբայրները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը