Գլուխ 101
Սիմոնի տանը՝ Բեթանիայում
ՀԵՌԱՆԱԼՈՎ Երիքովից՝ Հիսուսը գնում է Բեթանիա։ Օրվա մեծ մասը անցնում է ճանապարհին, քանի որ այն մոտ 19 կիլոմետր ձգվող դժվարանցանելի զառիվեր ճանապարհ է։ Երիքովը ծովի մակարդակից մոտ 250 մետր ցածր է գտնվում, մինչդեռ Բեթանիան ծովի մակարդակից մոտավորապես 760 մետր բարձր դիրքում է։ Թերևս հիշում ես, որ Ղազարոսն ու նրա քույրերը Բեթանիայում են ապրում։ Այս փոքր գյուղը Երուսաղեմից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա է և գտնվում է Ձիթենյաց լեռան արևելյան լանջին։
Շատերն արդեն եկել են Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու։ Նրանք շուտ են եկել, որպեսզի ծիսականորեն մաքրվեն, քանի որ գուցե դիպչել են դիակի կամ արել են մի բան, ինչը նրանց անմաքուր է դարձրել։ Այդ իսկ պատճառով նրանք կատարում են մաքրման արարողությունները, որպեսզի պատշաճ ձևով տոնեն Պասեքը։ Մինչ շուտ եկողները հավաքվում են տաճարում, շատերը մտածում են, թե արդյոք Հիսուսը կգա Պասեքին։
Երուսաղեմը Հիսուսի մասին վիճաբանությունների օջախ է դարձել։ Շատերը գիտեն, որ կրոնական առաջնորդներն ուզում են բռնել ու սպանել նրան։ Իրականում, նրանք հրաման են արձակել, որ եթե ինչ–որ մեկը իմանա նրա գտնվելու վայրը, անպայման տեղեկացնի իրենց։ Վերջին ամիսների ընթացքում արդեն երեք անգամ՝ Տաղավարների տոնին, Նվիրման տոնին և Ղազարոսի հարությունից հետո, այս առաջնորդները փորձել են սպանել Հիսուսին։ Ուստի ժողովրդին հետաքրքրում է՝ արդյոք Հիսուսը ևս մեկ անգամ կհայտնվի՞ հանրության մեջ։ «Ի՞նչ եք կարծում»,— հարցնում են մարդիկ իրար։
Հրեական օրացույցի համաձայն՝ Պասեքը նշվում է նիսանի 14–ին։ Հիսուսը հասնում է Բեթանիա Պասեքից վեց օր առաջ՝ ուրբաթ երեկոյան, այսինքն՝ նիսանի 8–ի սկզբում։ Նա չէր կարող շաբաթ օրը գնալ Բեթանիա, որովհետև շաբաթ օրը (ուրբաթ արևամուտից մինչև շաբաթ արևամուտ) ճամփորդելը արգելված է հրեական օրենքով։ Հիսուսը հավանաբար գնում է Ղազարոսի տուն, ինչպես որ անում էր առաջ, և ուրբաթ գիշերն անցկացնում է այնտեղ։
Բեթանիայի բնակիչներից մեկը շաբաթ երեկոյան Հիսուսին և նրա ուղեկիցներին հրավիրում է ընթրելու։ Այդ մարդը Սիմոնն է, որը նախկինում բորոտ է եղել և հավանաբար բուժվել է Հիսուսի կողմից։ Իր աշխատասեր բնավորության համաձայն՝ Մարթան ծառայում է հյուրերին։ Իսկ Մարիամը իրեն բնորոշ կերպով ուշադրություն է ցույց տալիս Հիսուսին, սակայն այս անգամ նրա արածը վիճաբանության պատճառ է դառնում։
Մարիամը բացում է մի ալաբաստրե անոթ, որի մեջ մոտ կես լիտր «ազնիվ նարդոսից» պատրաստված անուշահոտ յուղ կա։ Այն շատ թանկ արժե։ Նրա արժեքը հավասար է մոտ մեկ տարվա աշխատավարձին։ Երբ Մարիամը այդ յուղը լցնում է Հիսուսի գլխին ու ոտքերին և իր մազերով սրբում նրա ոտքերը, ամբողջ տունը լցվում է անուշահոտ բուրմունքով։
Աշակերտները բարկացած հարցնում են. «Ինչի՞ համար եղավ այս վատնումը»։ Այնուհետև միջամտում է Հուդա Իսկարիովտացին. «Ինչո՞ւ համար այս անուշահոտ յուղը չվաճառվեց երեք հարյուր դինարով և չտրվեց աղքատներին»։ Սակայն Հուդայի մտահոգությունը աղքատները չեն. իրականում նա գողություն է անում աշակերտների մոտ գտնվող դրամների արկղից։
Բայց Հիսուսը պաշտպանում է Մարիամին։ «Հանգի՛ստ թողեք նրան,— պատվիրում է նա։— Ինչո՞ւ եք անհանգստացնում։ Նա բարի գործ արեց ինձ համար։ Որովհետև աղքատներին դուք միշտ ունեք ձեզ հետ և երբ որ ուզենաք, միշտ էլ կարող եք նրանց բարիք անել, բայց ինձ միշտ չէ, որ ունեք։ Նա արեց այն, ինչ որ կարող էր. անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նախապես մարմինս պատրաստեց թաղման համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար»։
Արդեն ավելի քան 24 ժամ է, ինչ Հիսուսը Բեթանիայում է, և նրա ներկայության մասին լուրը տարածվել է ամենուրեք։ Ուստի շատերը գալիս են Սիմոնի տուն, որ տեսնեն Հիսուսին, ինչպես նաև Ղազարոսին, որը նույնպես այնտեղ է։ Դրա համար էլ ավագ քահանաները խորհուրդ են անում սպանել ոչ միայն Հիսուսին, այլև Ղազարոսին։ Պատճառն այն է, որ շատ մարդիկ հավատ են ընծայում Հիսուսին, երբ տեսնում են, որ նախկինում մահացած մարդը կենդանի է։ Իսկապես, որքա՜ն չար են այս կրոնական առաջնորդները։ Հովհաննես 11։55–12։11; Մատթեոս 26։6–13; Մարկոս 14։3–9; Գործեր 1։12։
▪ Ի՞նչ զրույցներ են պտտվում Երուսաղեմի տաճարում և ինչո՞ւ։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը Բեթանիա գնում ոչ թե շաբաթ, այլ ուրբաթ օրը։
▪ Երբ Հիսուսը գնում է Բեթանիա, հավանաբար որտե՞ղ է անցկացնում շաբաթ օրը։
▪ Մարիամի ո՞ր արարքն է վիճաբանության պատճառ դառնում, և ինչպե՞ս է Հիսուսը պաշտպանում նրան։
▪ Ինչի՞ց է երևում ավագ քահանաների ծայրաստիճան չարությունը։