Գլուխ 119
Տարվում է Աննայի, ապա Կայիափայի մոտ
ՀԻՍՈՒՍԻՆ՝ իբրև սովորական հանցագործի, կապված տանում են նախկին քահանայապետի՝ Աննայի մոտ, որը մեծ ազդեցություն ունի հրեաների մեջ։ Երբ Հիսուսը 12 տարեկան էր և տաճարում իր իմաստությամբ զարմացրել էր ռաբունական ուսուցիչներին, այդ ժամանակ Աննան էր քահանայապետ։ Հետագայում որպես քահանայապետ ծառայեցին Աննայի որդիներից մի քանիսը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրա փեսան՝ Կայիափան։
Հավանաբար, Հիսուսին սկզբում տանում են Աննայի տուն, քանի որ երկար ժամանակ այդ ավագ քահանան մեծ դեր է ունեցել հրեաների կրոնական կյանքում։ Մինչ նրանք գտնվում են Աննայի տանը, քահանայապետ Կայիափան ժամանակ է ունենում հավաքելու Սինեդրիոնը՝ 71 անդամներից բաղկացած հրեական գերագույն ատյանը, ինչպես նաև գտնելու կեղծ վկաներ։
Այժմ ավագ քահանա Աննան հարցուփորձ է անում Հիսուսին իր աշակերտների և ուսմունքների մասին։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Ես աշխարհի հետ հրապարակորեն խոսեցի։ Միշտ սովորեցնում էի ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և գաղտնի ոչ մի բան չխոսեցի։ Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս։ Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ես ինչ եմ խոսել իրենց հետ։ Ահա սրանք գիտեն, թե ես ինչ եմ ասել»։
Այդ ժամանակ պահապաններից մեկը, որը կանգնած է Հիսուսի կողքին, ապտակում է նրան և ասում.
— Այսպե՞ս ես պատասխան տալիս ավագ քահանային։
— Եթե սխալ բան ասացի,— պատասխանում է Հիսուսը,— վկայի՛ր այդ սխալի մասին, բայց եթե ճիշտ ասացի, այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ խփում։
Դրանից հետո Աննան Հիսուսին կապված ուղարկում է Կայիափայի մոտ։
Այժմ բոլոր ավագ քահանաները, երեցներն ու դպիրները, այո, ամբողջ Սինեդրիոնը սկսում է հավաքվել։ Նրանց հանդիպման վայրը, ակներևաբար, Կայիափայի տունն է։ Պասեքի գիշերը այդպիսի դատավարություն անելը միանշանակ դեմ է հրեական օրենքին։ Սակայն այդ հանգամանքը ետ չի պահում կրոնական առաջնորդներին իրենց չար մտադրությունը իրագործելուց։
Շաբաթներ առաջ, երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, Սինեդրիոնը արդեն վճռել էր, որ նա պետք է մահանա։ Եվ ընդամենը երկու օր առաջ էր՝ չորեքշաբթի օրը, որ կրոնական առաջնորդները խորհուրդ արեցին խորամանկությամբ բռնել և սպանել Հիսուսին։ Միայն պատկերացրու. մինչև դատավարությունը Հիսուսի դատավճիռն արդեն կայացված էր։
Այժմ նրանք վկաներ են փնտրում, որպեսզի կեղծ ցուցմունքներ տրվեն, և այդպիսով Հիսուսի դեմ գործ հարուցվի։ Սակայն նրանք չեն կարողանում գտնել այնպիսի վկաներ, որոնց ցուցմունքները կհամապատասխանեն իրար։ Ի վերջո երկու վկաներ են առաջ գալիս ու հայտարարում. «Լսեցինք սրան, որ ասում էր. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»։
«Ոչինչ չե՞ս պատասխանում,— հարցնում է Կայիափան։— Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ»։ Սակայն Հիսուսը լուռ է մնում։ Սինեդրիոնի համար ամոթալի է, որ նույնիսկ այս կեղծ մեղադրանքում վկաների ցուցմունքները չեն համընկնում իրար։ Ուստի քահանայապետը ուրիշ մեթոդ է փորձում։
Կայիափան գիտի, թե որքան հիվանդագին են հրեաները արձագանքում, երբ ինչ–որ մեկը պնդում է, թե ինքն Աստծու Որդին է։ Նախկինում երկու անգամ նրանք հապճեպորեն Հիսուսին հայհոյող էին անվանել՝ ասելով, որ նա մահվան է արժանի, և եկել էին սխալ եզրակացության, թե նա իրեն հավասար է դարձնում Աստծուն։ Այժմ Կայիափան խորամանկորեն պահանջում է. «Կենդանի Աստծով երդվեցնում եմ քեզ, որ ասես մեզ, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Անկախ նրանից, թե ինչ են մտածում հրեաները՝ Հիսուսն իրոք Աստծու Որդին է։ Եվ եթե նա լուռ մնա, կարող է հասկացվել, թե մերժում է, որ ինքը Քրիստոսն է։ Ուստի Հիսուսը խիզախորեն պատասխանում է. «Ե՛ս եմ. և դուք կտեսնեք մարդու Որդուն զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերով գալիս»։
Դա լսելով՝ Կայիափան ցուցադրաբար պատռում է իր զգեստներն ու բացականչում. «Հայհոյե՛ց։ Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա լսեցի՛ք հայհոյանքը։ Ի՞նչ եք մտածում»։
«Մահապա՛րտ է»,— հայտարարում է Սինեդրիոնը։ Այնուհետև հավաքվածները սկսում են ծաղրել Հիսուսին ու հայհոյելով ուրիշ շատ բաներ են ասում նրա դեմ։ Նրանք ապտակում են Հիսուսին և թքում նրա երեսին։ Ուրիշները ծածկում են նրա երեսը, բռունցքներով հարվածում են ու ծաղրում՝ ասելով. «Քրիստո՛ս, մարգարեացի՛ր մեզ համար, ո՞վ էր քեզ խփողը»։ Այս վիրավորական և անօրեն վերաբերմունքը Հիսուսի հանդեպ դրսևորվում է գիշերվա դատաքննության ժամանակ։ Մատթեոս 26։57–68, 26։3, 4; Մարկոս 14։53–65; Ղուկաս 22։54, 63–65; Հովհաննես 18։13–24; 11։45–53; 10։31–39; 5։16–18։
▪ Ո՞ւր են սկզբում տանում Հիսուսին, և ի՞նչ է պատահում այնտեղ։
▪ Այնուհետև ո՞ւր են տանում նրան և ի՞նչ նպատակով։
▪ Ինչպե՞ս է Կայիափան կարողանում այնպես անել, որ Սինեդրիոնը Հիսուսին մահապարտ հայտարարի։
▪ Ինչպե՞ս են վերաբերվում Հիսուսի հետ դատաքննության ժամանակ։