Գլուխ 128
Հիսուսը կենդանի է
ԵՐԲ կանայք Հիսուսի գերեզմանը դատարկ են գտնում, Մարիամ Մագդաղենացին վազելով գնում է, որ Պետրոսին ու Հովհաննեսին պատմի եղելությունը։ Սակայն մյուս կանայք, ակներևաբար, մնում են գերեզմանի մոտ։ Շուտով մի հրեշտակ է հայտնվում և նրանց ներս է հրավիրում։
Կանայք այստեղ մեկ ուրիշ հրեշտակ էլ են տեսնում, և այդ հրեշտակներից մեկն ասում է. «Մի՛ վախեցեք, որովհետև գիտեմ, որ ցցին գամված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել, ինչպես որ ասել էր։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ նա պառկած էր։ Եվ շտապ գնացե՛ք ու ասե՛ք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել մահացածների միջից»։ Ուստի վախով ու միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ լցված՝ նրանք նույնպես վազելով գնում են։
Այս ընթացքում Մարիամը գտնում է Պետրոսին ու Հովհաննեսին և նրանց պատմում. «Տիրոջը տարե՛լ են գերեզմանից, և չգիտե՛նք, թե որտեղ են դրել նրան»։ Երկու առաքյալները իսկույն վազելով գնում են գերեզման։ Հովհաննեսն ավելի արագ է վազում, որովհետև, ըստ երևույթին, ավելի երիտասարդ է, և առաջինն է հասնում գերեզման։ Այնտեղ ոչ ոք չկա, որովհետև կանայք արդեն գնացել են։ Կռանալով՝ Հովհաննեսը նայում է գերեզմանի մեջ և տեսնում պատանքը, բայց ներս չի մտնում։
Երբ Պետրոսը տեղ է հասնում, առանց երկմտելու իսկույն մտնում է գերեզմանի ներսը։ Նա տեսնում է, որ պատանքն ընկած է, և այն կտորը, որ Հիսուսի գլխին էր եղել, առանձին փաթաթված ու մի կողմ է դրված։ Հովհաննեսը նույնպես մտնում է գերեզմանի մեջ և հավատում է Մարիամի ասածներին։ Սակայն ո՛չ Պետրոսը, ո՛չ էլ Հովհաննեսը չեն հասկանում, որ Հիսուսը հարություն է առել, չնայած նա հաճախ էր ասում նրանց այդ մասին։ Նրանք շփոթված վերադառնում են տուն, բայց Մարիամը, որը վերադարձել է գերեզման, մնում է այնտեղ։
Այդ ժամանակ մյուս կանայք շտապելով գնում են աշակերտների մոտ, որպեսզի պատմեն, որ Հիսուսը հարություն է առել, ինչպես որ հրեշտակները պատվիրել էին նրանց։ Երբ նրանք արագ վազելով գնում են, ճանապարհին Հիսուսը հանդիպում է նրանց ու ասում. «Ողջո՛ւյն»։ Ընկնելով Հիսուսի ոտքերը՝ նրանք խոնարհվում են։ Հիսուսն ասում է. «Մի՛ վախեցեք։ Գնացե՛ք և հայտնե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ»։
Դրանից առաջ, երբ երկրաշարժ եղավ և հայտնվեցին հրեշտակները, պահապան զինվորները շփոթվեցին ու մեռելների պես եղան։ Ուշքի գալով՝ նրանք իսկույն գնացին քաղաք և ավագ քահանաներին պատմեցին պատահածը։ Նրանք էլ հրեաների «երեցների» հետ խորհրդակցելուց հետո որոշեցին կաշառել զինվորներին, որպեսզի նրանք ուրիշ ոչ ոքի չպատմեն այդ մասին։ Նրանք պատվիրեցին. «Ասացե՛ք, որ նրա աշակերտները գիշերով եկան, և մինչ մենք քնած էինք, գողացան նրան»։
Քանի որ հռոմեացի զինվորներին կարող էին մահապատժի ենթարկել պահակակետում քնելու համար, քահանաները խոստացան. «Իսկ եթե այս բանը [ձեր քնելու մասին տեղեկությունը] ընկնի կուսակալի ականջը, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք»։ Կաշառքը բավականին մեծ գումար էր կազմում, ուստի զինվորներն արեցին այնպես, ինչպես որ իրենց պատվիրեցին։ Արդյունքում՝ հրեաների մեջ սխալ տեղեկություն տարածվեց, թե Հիսուսի մարմինը գողացել են։
Մարիամ Մագդաղենացին, որը մնացել է գերեզմանի մոտ, վշտից արտասվում է։ Որտե՞ղ կարող է լինել Հիսուսը։ Նա կռանում է, որպեսզի նայի գերեզմանի ներսը, և տեսնում է սպիտակ հանդերձներով այն երկու հրեշտակներին, որոնք կրկին հայտնվել են։ Նրանք նստած են այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն է եղել, մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի։
— Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցնում են նրանք։
— Իմ Տիրոջը տարել են,— պատասխանում է Մարիամը,— և չգիտեմ, թե որտեղ են դրել։
Ապա նա շրջվում է և տեսնում մեկ ուրիշին, որը նույն հարցն է տալիս. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա նաև հարցնում է. «Ո՞ւմ ես փնտրում»։
Կարծելով, թե այս մարդը պարտիզպանն է՝ Մարիամը ասում է նրան.
— Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա՛ ինձ, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան։
— Մարիա՛մ,— ասում է այդ մարդը։
Մարիամը նրա խոսելու ձևից իսկույն ճանաչում է Հիսուսին։ Նա բացականչում է. «Ռաբբունի՛» (որը նշանակում է «ուսուցիչ»)։ Անսահման ուրախությունից Մարիամը բռնում է նրան։ Բայց Հիսուսն ասում է. «Մի՛ կառչիր ինձ։ Որովհետև ես դեռ չեմ բարձրացել Հոր մոտ։ Այլ գնա՛ իմ եղբայրների մոտ և ասա՛ նրանց, որ ես բարձրանում եմ ի՛մ Հոր մոտ և ձե՛ր Հոր մոտ, ի՛մ Աստծու մոտ և ձե՛ր Աստծու մոտ»։
Մարիամը վազելով գնում է այնտեղ, որտեղ հավաքվել են առաքյալները և մյուս աշակերտները։ Նա պատմում է, թե ինչպես է տեսել հարություն առած Հիսուսին, ինչի մասին արդեն պատմել են նաև մյուս կանայք։ Սակայն նրանք ինչպես որ չեն հավատացել առաջին կանանց, այնպես էլ, ակներևաբար, չեն հավատում Մարիամին։ Մատթեոս 28։3–15; Մարկոս 16։5–8; Ղուկաս 24։4–12; Հովհաննես 20։2–18։
▪ Ի՞նչ է անում Մարիամ Մագդաղենացին, երբ գերեզմանը դատարկ է գտնում, և ի՞նչ է պատահում մյուս կանանց։
▪ Ինչպե՞ս են Պետրոսն ու Հովհաննեսը արձագանքում, երբ գերեզմանը դատարկ են գտնում։
▪ Ճանապարհին ո՞ւմ են հանդիպում մյուս կանայք, երբ գնում են աշակերտներին պատմելու, որ Հիսուսը հարություն է առել։
▪ Ի՞նչ պատահեց պահապան զինվորներին, և ինչպե՞ս արձագանքեցին քահանաները նրանց բերած լուրին։
▪ Ի՞նչ է տեղի ունենում, երբ Մարիամ Մագդաղենացին մենակ է մնում գերեզմանի մոտ, և ինչպե՞ս են արձագանքում աշակերտները՝ լսելով կանանց պատմածը։