Գլուխ 132
Աստծու աջ կողմում
ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ժամանակ սուրբ ոգու թափվելը ապացույցն է այն բանի, որ Հիսուսը վերադարձել է երկինք։ Դրանից կարճ ժամանակ անց Ստեփանոս աշակերտին տրված տեսիլքը նույնպես փաստում է դա։ Հավատարմորեն վկայություն տալու պատճառով քարկոծվելուց առաջ Ստեփանոսը բացականչում է. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն Աստծու աջ կողմում կանգնած»։
Նստելով Աստծու աջ կողմը՝ Հիսուսը սպասում է, մինչև Հայրը հրամայի. «Տիրապետիր քո թշնամիների մեջ»։ Բայց մինչև իր թշնամիների դեմ գործի անցնելը ի՞նչ է անում Հիսուսը։ Նա թագավորում, կամ՝ իշխում է իր օծված աշակերտների վրա՝ առաջնորդելով նրանց քարոզչական գործում և պատրաստելով, որ հարություն առնելուց հետո նրանք իր հետ թագավորեն Հոր Թագավորության մեջ։
Օրինակ՝ Հիսուսն ընտրում է Սողոսին (ավելի ուշ նա հայտնի դարձավ հռոմեական անունով՝ Պողոս), որպեսզի նա գլխավորի աշակերտներ պատրաստելու գործը այլ երկրներում։ Սողոսը նախանձախնդիր է Աստծու Օրենքի հանդեպ, սակայն հրեա կրոնական առաջնորդները մոլորեցրել են նրան։ Արդյունքում՝ նա ոչ միայն հավանություն է տալիս Ստեփանոսի սպանությանը, այլև քահանայապետ Կայիափայի կողմից լիազորված լինելով՝ գնում է Դամասկոս, որ այնտեղ գտնի ու ձերբակալելով Երուսաղեմ բերի Հիսուսին հետևող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ։ Սակայն ճանապարհին հանկարծ երկնքից մի լույս է փայլատակում Սողոսի շուրջը, և նա գետին է ընկնում.
— Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում,— հարցնում է մի ձայն։
— Ո՞վ ես դու, Տե՛ր,— հարցնում է Սողոսը։
— Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես,— լսվում է պատասխանը։
Հիսուսը պատվիրում է Սողոսին, որը կուրացել է այդ գերբնական լույսից, գնալ Դամասկոս և սպասել հրահանգների։ Այնուհետև Հիսուսը տեսիլքում հայտնվում է իր աշակերտներից մեկին՝ Անանիային։ Սողոսի վերաբերյալ Հիսուսն ասում է նրան. «Այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար՝ իմ անունը տանելու ազգերին, ինչպես նաև թագավորներին և Իսրայելի որդիներին»։
Եվ իսկապես, Հիսուսի աջակցությամբ՝ Սողոսը (որն այժմ հայտնի է Պողոս անունով) և ուրիշ ավետարանիչներ հսկայական հաջողություն են ունենում քարոզչության և ուսուցանելու իրենց գործում։ Դամասկոսի ճանապարհին Հիսուսի հայտնվելուց մոտ 25 տարի անց Պողոսը գրում է, որ «բարի լուրը» «քարոզվեց երկընքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը»։
Դրանից շատ տարիներ հետո Հիսուսը մի քանի տեսիլքներ է տալիս իր սիրելի առաքյալ Հովհաննեսին։ Այդ տեսիլքների միջոցով, որոնք Հովհաննեսը նկարագրել է Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում, նա, փաստորեն, դեռևս կենդանի ժամանակ տեսնում է թագավորական իշխանությամբ Հիսուսի վերադարձը։ Հովհաննեսն ասում է, որ «ոգու ներշնչմամբ» նա տեղափոխվել էր դեպի ապագա՝ «Տիրոջ օրվա մեջ»։ Ի՞նչ է այդ «օրը»։
Աստվածաշնչյան մարգարեությունների, ինչպես նաև վերջին օրերի վերաբերյալ Հիսուսի մարգարեության ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Տիրոջ օրը» սկսվեց պատմական նշանակություն ունեցող 1914 թ.–ին։ Ուստի հենց այդ թվականին էր, որ Հիսուսն անտեսանելի կերպով վերադարձավ, և միայն նրա հավատարիմ ծառաներն իմացան այդ մասին։ Այդ տարի Եհովան Հիսուսին հրաման տվեց, որ նա տիրապետի իր թշնամիների մեջ։
Հնազանդվելով իր Հոր պատվերին՝ Հիսուսը մաքրեց երկինքը Սատանայից ու նրա դևերից և նրանց ցած նետեց երկրի վրա։ Տեսիլքի մեջ դա տեսնելուց հետո Հովհաննեսը երկնքից մի ձայն է լսում, որը հայտարարում է. «Հիմա եղավ փրկությունը, զորությունը և մեր Աստծու թագավորությունն ու նրա Քրիստոսի իշխանությունը»։ Այո՛, 1914 թ.–ին Քրիստոսը սկսեց իշխել որպես Թագավոր։
Ի՜նչ լավ լուր է սա Եհովայի երկնային երկրպագուների համար։ Նրանց հետևյալ կոչն է արվում. «Ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում»։ Իսկ ի՞նչ իրավիճակ է տիրում երկրի վրա։ «Վա՜յ երկրին և ծովին,— շարունակում է ասել երկընքից եկող ձայնը,— որովհետև Բանսարկուն ցած իջավ ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։
Այժմ մենք գտնվում ենք այդ քիչ ժամանակի մեջ։ Մեր օրերում մարդիկ ցույց են տալիս, թե ինչի են արժանի՝ մտնել Աստծու նոր աշխարհ, թե կործանվել։ Ճշմարտությունն այն է, որ քո ապագան հիմա կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքես Աստծու Թագավորության մասին բարի լուրին, որը Քրիստոսի առաջնորդության ներքո քարոզվում է ամբողջ աշխարհում։
Այնուհետև Հիսուս Քրիստոսը, ծառայելով որպես Աստծու Ներկայացուցիչ, երկրի վրայից կվերացնի Սատանայի ողջ համակարգը և բոլոր նրանց, ովքեր թիկունք են կանգնում դրան։ Նա ամբողջ չարությունը կոչնչացնի մի պատերազմի ժամանակ, որն Աստվածաշնչում կոչվում է Արմագեդոն։ Դրանից հետո Հիսուսը՝ տիեզերքում Եհովա Աստծուց հետո մեծագույն Անձնավորությունը, կբռնի Սատանային ու նրա դևերին և նրանց հազար տարով կկապի «անդունդում», այսինքն՝ նրանք անգործունյա վիճակում կլինեն, ասես մահացած։ Գործեր 7։55–60; 8։1–3; 9։1–19; 16։6–10; Սաղմոս 110։1, 2; Եբրայեցիներ 10։12, 13; 1 Պետրոս 3։22; Ղուկաս 22։28–30; Կողոսացիներ 1։13, 23; Հայտնություն 1։1, 10; 12։7–12; 16։14–16; 20։1–3; Մատթեոս 24։14։
▪ Երկինք համբարձվելուց հետո որտե՞ղ է գտնվում Հիսուսը և ինչի՞ն է սպասում։
▪ Ո՞ւմ վրա է իշխում Հիսուսը երկինք համբարձվելուց հետո, և ինչպե՞ս է դրսևորվում նրա իշխանությունը։
▪ Ե՞րբ սկսվեց «Տիրոջ օրը», և ի՞նչ տեղի ունեցավ դրանից անմիջապես հետո։
▪ Ինչպե՞ս է այսօր կատարվող քարոզչական գործը անդրադառնում յուրաքանչյուրիս վրա։
▪ Երբ այս քարոզչական աշխատանքն ավարտվի, ի՞նչ իրադարձություններ տեղի կունենան։