Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-20 էջ 2–6
  • Մխիթարություն վհատվածներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մխիթարություն վհատվածներին
  • Մխիթարություն վհատվածներին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչը կօգնի նրանց
  • Երբ ոչ ոք այլևս չի վհատվի
  • Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ, երբ վհատված եմ
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Դեպրեսիա
    2013 Արթնացե՛ք
Մխիթարություն վհատվածներին
T-20 էջ 2–6

Մխիթարություն վհատվածներին

«Մինչև հիմա բոլոր ստեղծվածները միասին շարունակ հառաչում են և միասին ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Ավելի քան 1 900 տարի առաջ, երբ գրվեցին այս խոսքերը, մարդիկ մեծ տառապանքներ էին կրում։ Շատերը, այդ թվում նաև որոշ քրիստոնյաներ վհատված ու ընկճված էին։ Ուստի նրանց այսպիսի հորդոր տրվեց. «Սփոփե՛ք վհատված հոգիները» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։

Այսօր տառապանքն ավելի է շատացել, և ավելի շատ մարդիկ են վհատության մեջ ընկնում։ Դա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշունչը մեր ժամանակներն անվանում է «վերջին օրեր», «չափազանց դժվար ժամանակներ» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ վերջին օրերում «վախազդու երևույթներ» էին լինելու (Ղուկաս 21։7–11; Մատթեոս 24։3–14)։

Երբ անհանգստությունը, վախը, վիշտը և այլ բացասական զգացումներ երկար ժամանակ չեն անցնում, հնարավոր է՝ մարդը դեպրեսիայի մեջ ընկնի։ Դեպրեսիայի կամ ծայրաստիճան տխրության պատճառ կարող է լինել հարազատի մահը, ամուսնալուծությունը, աշխատանքի կորուստը կամ ծանր հիվանդությունը։ Բացի այդ, մարդիկ վհատվում են, երբ նրանց մեջ թերարժեքության զգացում է առաջանում. նրանք կարծում են, թե իրենք ձախողակ են և չեն արդարացնում ուրիշների ակնկալիքները։ Ցանկացած մարդ կարող է հայտնվել լարված իրավիճակում, սակայն եթե նա ոչ մի ելք չի տեսնում դրանից, գուցե ծանր դեպրեսիայի մեջ ընկնի։

Հնում մարդիկ համանման զգացումներ են ունեցել։ Օրինակ՝ Հոբ անունով մի մարդու մեծ դժբախտություններ պատահեցին, և, բացի այդ, նա ծանր հիվանդություն ձեռք բերեց։ Նրան թվում էր, թե Աստված լքել է իրեն, ուստի ասաց, որ զզվել է կյանքից (Յոբ 10։1; 29։2, 4, 5)։ Իսկ Հակոբը, որ նույնպես ապրել է հնում, խորապես վշտացել էր՝ կարծելով, թե իր որդին մահացել է։ Նա չէր ցանկանում մխիթարվել և ուզում էր մեռնել (Ծննդոց 37։33–35)։ Դավիթ թագավորն իր գործած ծանր մեղքի պատճառով ցավ էր զգում և տառապում էր. «Ամեն օր ման եմ գալիս սգաւոր։ Ես թուլացած.... եմ» (Սաղմոս 38։6, 8; 2 Կորնթացիներ 7։5, 6)։

Այսօր շատերը վհատվում են, քանի որ չափազանց ծանրաբեռնված են։ Նրանց ապրելակերպն այնպիսին է, որ իրենց մտավոր, ֆիզիկական և էմոցիոնալ ուժերը չեն բավարարում։ Ըստ ամենայնի, լարվածությունը, երբ գումարվում է բացասական մտքերին և հույզերին, կարող է ազդել օրգանիզմի վրա և խախտել ուղեղի քիմիական հավասարակշռությունը՝ այդպիսով առաջացնելով դեպրեսիա (համեմատի՛ր Առակաց 14։30)։

Ինչը կօգնի նրանց

Եպաֆրոդիտոսը՝ առաջին դարում ապրած մի փիլիպպեցի քրիստոնյա, ընկճվել էր՝ իմանալով, որ իր ընկերները լսել էին, որ ինքը հիվանդացել է։ Ընկերները նրան ուղարկել էին Հռոմ. նա պետք է Պողոսի համար որոշ անհրաժեշտ բաներ տաներ։ Սակայն այնտեղ հիվանդացել էր։ Եպաֆրոդիտոսը թերևս մտածում էր, որ չի արդարացրել իր ընկերների ակնկալիքները, և որ նրանք իրեն ձախողակ են համարում (Փիլիպպեցիներ 2։25–27; 4։18)։ Ինչպե՞ս Պողոս առաքյալն օգնեց նրան։

Պողոսը մի նամակ գրեց և Եպաֆրոդիտոսի հետ ուղարկեց իր փիլիպպեցի ընկերներին։ Այդ նամակում ասվում էր. «Ձեր սովորության պես՝ ամենայն ուրախությամբ ընդունեք [Եպաֆրոդիտոսին] Տիրոջով և այսպիսի մարդկանց թանկ գնահատեք» (Փիլիպպեցիներ 2։28–30)։ Այն, որ Պողոսը գովասանքով խոսեց նրա մասին, և որ փիլիպպեցիները ջերմորեն ու սիրով ընդունեցին նրան, անշուշտ, սփոփեց Եպաֆրոդիտոսին և թեթևացրեց նրա վհատությունը։

Անկասկած, լավագույն բանը «վհատվածներին սփոփելն է», ինչպես որ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը։ «Վհատված մարդը կարիք ունի իմանալու, որ իր մասին մտածող կա»,— ասաց դեպրեսիայով տառապող մի կին։— «Ուզում ես լսել այսպիսի խոսքեր. «Հասկանում եմ քեզ։ Ամեն ինչ լավ կլինի»»։

Վհատված մարդը կարիք ունի այնպիսի անձնավորության, որը կարեկից է, և որի առաջ նա կարող է բացել իր սիրտը։ Այդ անձնավորությունը պետք է ուշադիր լսի և շատ համբերատար լինի։ Նա չպիտի քննադատի նրան կամ ասի չմտածված խոսքեր, օրինակ՝ «այդպես մի՛ մտածիր» կամ «սխալ մտածելակերպ ունես»։ Վհատված մարդիկ շատ զգայուն են, և նման քննադատական խոսքերը միայն կբարդացնեն նրանց վիճակը։

Վհատված մարդը գուցե իրեն անարժեք զգա (Յովնան 4։3)։ Սակայն իրականում կարևորն այն է, թե ինչ է Աստված մտածում մեր մասին։ Մարդիկ Հիսուս Քրիստոսին «ոչինչ էին համարում», բայց դա բոլորովին չազդեց նրա մասին Աստծու տեսակետի վրա (Եսայիա 53։3)։ Վստահ եղեք՝ Աստված ինչպես որ սիրում է իր թանկագին Որդուն, այնպես էլ սիրում է ձեզ (Հովհաննես 3։16)։

Հիսուսը խղճաց ճնշված ու վհատված մարդկանց և օգնեց նրանց հասկանալու իրենց իսկական արժեքը (Մատթեոս 9։36; 11։28–30; 14։14)։ Նա բացատրեց, որ Աստված բարձր է գնահատում նույնիսկ փոքրիկ, աննշան ճնճղուկներին։ «Նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ»,— ասաց Հիսուսը։ Հապա որքա՜ն ավելի բարձր է նա գնահատում այն մարդկանց, ովքեր ջանում են կատարել իր կամքը։ Նրանց մասին Հիսուսն ասաց. «Ձեր գլխի բոլոր մազերն անգամ հաշվված են» (Ղուկաս 12։6, 7)։

Ինչ խոսք, այն անհատը, որը խոր դեպրեսիայի մեջ է կամ տառապում է իր թուլությունների ու թերացումների պատճառով, գուցե դժվարանա հավատալ, որ Աստված բարձր է գնահատում իրեն։ Հնարավոր է՝ նա մտածի, որ արժանի չէ Աստծու սիրուն և հոգատարությանը։ Ճիշտ է, «մեր սրտերը գուցե դատապարտեն մեզ», ինչպես ասվում է Աստծու Խոսքում, բայց արդյո՞ք դա վճռորոշ գործոն է։ Ո՛չ։ Աստված հասկանում է, որ մեղավոր մարդիկ կարող են բացասական և նույնիսկ ինքնամեղադրական մտքեր ունենալ։ Ուստի անչափ մխիթարական են Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։19, 20)։

Այո՛, մեր երկնային Հայրը միայն մեր մեղքերն ու սխալները չէ, որ տեսնում է։ Նա գիտի մեր հանգամանքները, մեր ամբողջ կյանքը, մեր մղումներն ու մտադրությունները։ Գիտի, որ մենք ժառանգել ենք մեղք, հիվանդություն և մահ, հետևաբար շատ թերություններ ունենք։ Այն, որ դրանց պատճառով անհանգստանում ենք և վշտանում, ինքնին ապացույց է, որ չենք ցանկանում մեղք գործել ու խորամուխ չենք եղել սխալ ընթացքի մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ մենք մեր կամքին հակառակ «հպատակվել ենք ունայնությանը»։ Ուստի Աստված շատ լավ հասկանում է, թե ինչ թշվառ վիճակում ենք գտնվում, և ըմբռնումով է մոտենում մեր թերացումներին (Հռոմեացիներ 5։12; 8։20)։

Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Բարեգութ եւ ողորմած է Տէրը.... Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։8, 12, 14)։ Իրոք որ, Եհովան «ամենայն մխիթարության Աստված է, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։

Վհատվածների համար լավագույն օգնությունը կարող է լինել այն, որ նրանք մտերմանան ողորմած Աստծու հետ և սրտանց ընդունեն նրա հրավերը՝ «քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր»։ Այո՛, նա կարո՛ղ է «կենդանացնել սրտով կոտրվածներին» (Սաղմոս 55։22; Եսայիա 57։15)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ապավինել Եհովային. «Ձեր ամբողջ հոգսը [Եհովայի] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Շատ կարևոր է աղոթել Աստծուն։ Աղոթքով և աղաչանքով անհատը կարող է մտերմանալ նրա հետ և զգալ այն «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7; Սաղմոս 16։8, 9)։

Ապրելակերպի մեջ որոշ փոփոխություններ մտցնելը նույնպես կարող է օգնել հաղթահարելու վհատությունը։ Կարևոր են ֆիզիկական վարժությունները, սննդարար կերակուրը, մաքուր օդում զբոսնելը և բավականաչափ հանգիստը։ Հարկավոր է խուսափել չափից շատ հեռուստացույց դիտելուց։ Օրինակ՝ մի կին օգնել է վհատված մարդկանց՝ խորհուրդ տալով զբաղվել արագ քայլքով։ Երբ դեպրեսիայով տառապող մի կին ասաց՝ «ես չեմ ցանկանում քայլել», նա մեղմորեն, բայց վճռականորեն պատասխանեց. «Դու պետք է քայլես»։ Նա պատմում է, որ իրենք քայլեցին 6 կիլոմետր։ «Երբ վերադարձանք տուն, այդ կինը հոգնած էր, սակայն իրեն ավելի լավ էր զգում։ Չեք կարող պատկերացնել, թե որքան օգտակար են ակտիվ զբոսանքները»։

Սակայն առանձին դեպքերում, նույնիսկ եթե անհատը ամեն ինչ փորձել է, այդ թվում նաև բժշկական միջոցներ, անհնար է լիովին հաղթահարել դեպրեսիան։ «Ես փորձել եմ ամեն ինչ,— ասում է միջին տարիքի մի կին,— բայց ոչինչ չի օգնել»։ Այո, դեպրեսիան բուժելը նման է կույր, խուլ կամ հաշմանդամ մարդուն բուժելուն, ինչը, ցավոք, հաճախ անհնար է մեր օրերում։ Այդուհանդերձ, վհատված մարդիկ կարող են մխիթարություն գտնել և հույս ձեռք բերել, եթե կանոնավորաբար ընթերցեն Աստծու Խոսքը, որը ամեն տեսակի հիվանդություններից վերջնականապես ազատվելու հույս է տալիս (Հռոմեացիներ 12։12; 15։4)։

Երբ ոչ ոք այլևս չի վհատվի

Հիսուսը, նկարագրելով, թե վերջին օրերում երկրի վրա ինչ ահավոր բաներ էին տեղի ունենալու, ասաց. «Երբ այս բաները սկսեն կատարվել, ուղի՛ղ կանգնեք և բարձրացրե՛ք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է» (Ղուկաս 21։28)։ Նա խոսում էր այն մասին, որ շուտով կհաստատվի արդար նոր աշխարհ, որտեղ «ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ծառայությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմեացիներ 8։21)։

Ի՜նչ թեթևացում կապրեն մարդիկ։ Անցյալի տառապանքներն այլևս չեն լինի։ Ամեն օր մարդիկ կարթնանան թարմ ուղեղով՝ ուրախ և պատրաստ՝ անցնելու առօրյա գործերին։ Ոչ ոք այլևս չի տառապի վհատությունից և դեպրեսիայից։ Աստված խոստանում է, որ անպայման «կսրբի ամեն արտասուք [մարդկանց] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը