Գլուխ 13
Ճանաչվում ենք մեր վարքով
ՄԵՆՔ ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդկանց մեծամասնությունը արհամարհում է բարոյական շատ արժեքները, որոնք տարիներ շարունակ կարևոր են համարվել։ Քրիստոնեական աշխարհի շատ կրոններ նույն կերպ են վարվում՝ անվանելով դա հանդուրժողականություն կամ պատճառաբանելով, թե ժամանակները փոխվել են, և թե նախկինում արգելված բաներն այսօր թույլատրելի են։ Սեմուել Միլլերը՝ Հարվարդի Աստվածաբանության համալսարանի դեկանը, այդ իրավիճակը մեկնաբանելով, ասաց. «Եկեղեցին կորցրել է իր հեղինակությունը։ Այն որդեգրել է այսօրվա մշակութային չափանիշները»։ Այն մարդիկ, ովքեր հետևում են այդպիսի եկեղեցիների առաջնորդությանը, իրենց կյանքում մեծ վնասներ են կրում։
Դրան հակառակ՝ Եհովայի վկաների մասին Մոնրեալի (Կանադա) կաթոլիկ թեմի շաբաթաթերթում ասվում էր. «Նրանք բարձր բարոյական չափանիշներ ունեն» (L’Eglise de Montréal)։ Նույն կարծիքին են բազմաթիվ ուսուցիչներ, գործատերեր և պետական պաշտոնյաներ։ Ինչի՞ շնորհիվ են Եհովայի վկաները այդպիսի համբավ ձեռք բերել։
Եհովայի վկա լինելը ավելին է, քան պարզապես որոշակի ուսմունքների հավատալը և դրանց մասին ուրիշներին քարոզելը։ Վաղ քրիստոնեությունը հայտնի էր որպես «Ճանապարհ», և Եհովայի վկաները գիտակցում են, որ այսօր էլ ճշմարիտ կրոնը պետք է լինի կյանքի ճանապարհ (Գործ. 9։2)։ Սակայն ինչպես մյուս հարցերում, այս հարցում ևս ժամանակակից Վկաները անմիջապես ճիշտ հասկացողություն ձեռք չբերեցին։
«Վարքագի՞ծը, թե՞ ուխտը. ո՞րն է ավելի կարևոր»
Թեև սկզբում Աստվածաշունչ ուսումնասիրողները կարևորություն էին տալիս Քրիստոսին նմանվելու վերաբերյալ սուրբգրային խորհրդին, սակայն նրանցից ոմանք սկսեցին հատուկ շեշտ դնել, այսպես կոչված, «վարքագծի բարելավման» վրա, որի պատճառով ավելի քիչ ուշադրություն էին դարձնում ճշմարիտ քրիստոնեության որոշ կողմերին։ Ոմանք այն կարծիքին էին, որ երկինք գնալու երաշխիք կլիներ բարեկիրթ լինելը՝ բարի ու սիրալիր լինելը, մեղմ խոսելը, զայրույթի ցանկացած դրսևորումից խուսափելը, ինչպես նաև ամեն օր Աստվածաշունչ կարդալը։ Բայց նրանք անտեսում էին այն փաստը, որ Քրիստոսը իր հետևորդներին հանձնարարել է մի կարևոր գործ։
Այս խնդիրը լրջորեն քննարկվում էր «Դիտարանի» 1926-ի մայիսի 1-ի համարում՝ «Վարքագի՞ծը, թե՞ ուխտը. ո՞րն է ավելի կարևոր» վերնագրով հոդվածումa։ Այնտեղ ասվում էր, որ ոմանք, ջանալով «կատարյալ վարքագիծ» զարգացնել, քանի դեռ երկրի վրա են, հիասթափություն են ապրել, մինչդեռ ուրիշները սկսել են իրենց «մյուսներից ավելի արդար համարել» և աչքաթող են արել Քրիստոսի քավիչ զոհի արժեքը։ Քրիստոսի թափած արյան հանդեպ հավատ դրսևորելու անհրաժեշտությունն ընդգծելուց հետո հոդվածում շեշտվեց, որ կարևոր է Աստծու ծառայության մեջ ակտիվ գործեր կատարել, ինչն էլ ցույց կտա, որ քրիստոնյան ձգտում է հաճեցնել Աստծուն (2 Պետ. 1։5–10)։ Մինչ քրիստոնեական աշխարհի եկեղեցիների մեծ մասը ձևացնում էր, թե հետևում է Աստվածաշնչի բարոյական չափանիշներին, Եհովայի վկաները սկսեցին ավելի մեծ շեշտ դնել գործերի վրա, ինչի շնորհիվ ավելի հստակ երևաց նրանց և քրիստոնեական աշխարհի միջև եղած տարբերությունը։ Այդ տարբերությունը ավելի ակնհայտ եղավ, երբ իրենց քրիստոնյա համարող բոլոր մարդիկ բախվեցին բարոյականությանը վերաբերող խնդիրների, որոնք գնալով ավելի էին տարածվում։
«Հեռու մնալ պոռնկությունից»
Բարոյականության վերաբերյալ քրիստոնեական չափանիշները դեռ վաղուց հստակ լեզվով շարադրված են եղել Աստվածաշնչում։ «Սա է Աստծու կամքը, որ դուք սրբացվեք, որ հեռու մնաք պոռնկությունից.... Չէ՞ որ Աստված կանչել է մեզ սուրբ լինելու, ոչ թե անմաքուր կյանքով ապրելու համար։ Ուրեմն ով արհամարհում է սա, ոչ թե մարդու է արհամարհում, այլ Աստծուն» (1 Թեսաղ. 4։3–8)։ «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբր. 13։4)։ «Չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները.... ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթ. 6։9, 10)։
Դեռևս 1879թ. նոյեմբերին «Դիտարանը» ճշմարիտ քրիստոնյաների ուշադրությունը հրավիրեց այդ չափանիշների վրա։ Սակայն այս հարցը հաճախակի և մանրամասնորեն չէր քննարկվում, քանի որ Աստվածաշունչ ուսումնասիրողների շրջանում այդպիսի խնդիր չկար։ Բայց քանի որ աշխարհն ավելի հանդուրժող էր դառնում բարոյականության հարցում, ավելի շատ ուշադրություն դարձվեց այդ սկզբունքներին, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Դա անհրաժեշտ էր, քանի որ Եհովայի վկաներից ոմանք այնպիսի տեսակետ էին որդեգրել, որ եթե իրենք զբաղված են վկայություն տալու գործով, ապա կարող են իրենց փոքր-ինչ ազատություն տալ բարոյականությանը վերաբերող հարցերում՝ համարելով դա անձնական որոշման հարց։ Թեև «Դիտարանի» 1935-ի մարտի 1-ի համարում հստակ նշվել էր, որ քարոզչական ծառայությանը մասնակցելը անբարո վարք ունենալու իրավունք չի տալիս, սակայն ոչ բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ հարցին։ Ուստի «Դիտարանի» 1941-ի մայիսի 15-ի համարում՝ «Նոյի օրերը» վերնագրով հոդվածում, դարձյալ քննարկվեց այդ հարցը, այս անգամ ավելի մանրամասնորեն։ Այնտեղ ընդգծվեց, որ Նոյի օրերում անառակությունն էր պատճառներից մեկը, թե ինչու Աստված կործանեց այն ժամանակվա աշխարհը։ Հոդվածում նաև նշվեց, որ այդ կործանումով Աստված ցույց տվեց, թե ինչ կանի մեր օրերում։ Այնտեղ հստակորեն գրվեց, որ Աստծու աչքում անարատություն պահող քրիստոնյան չի կարող իր օրվա մի մասը նվիրել Տիրոջ կամքը կատարելուն, իսկ հետո տրվել «մարմնի գործերին» (Գաղ. 5։17–21)։ Այնուհետև «Դիտարանի» 1942-ի հուլիսի 1-ի համարում տպագրվեց մեկ այլ հոդված, որում դատապարտվում էր այն վարքը, որը հակասում էր ամուրի և ամուսնացած անհատների համար սահմանված Աստվածաշնչի բարոյական չափանիշներին։ Այսպիսով ոչ ոք չէր կարող եզրակացնել, որ եթե Եհովայի վկան մասնակցում է Թագավորության բարի լուրի քարոզչությանը, ապա կարող է անբարո կյանքով ապրել (1 Կորնթ. 9։27)։ Ժամանակի ընթացքում ավելի վճռական միջոցներ ձեռնարկվեցին կազմակերպության մեջ բարոյական մաքրություն պահպանելու համար։
Ոմանք, ովքեր ցանկանում էին դառնալ Եհովայի վկա, մեծացել էին այնպիսի վայրերում, որտեղ ընդունված են եղել փորձնական ամուսնությունը կամ նշանված անհատների միջև սեռական հարաբերությունները, կամ որտեղ օրենքով չամուսնացած անհատների համատեղ կյանքը նորմալ է համարվել։ Իսկ որոշ ամուսնական զույգեր խուսափում էին սեռական հարաբերություններից։ Ուրիշներն էլ թեև չէին ամուսնալուծվում, սակայն անհիմն պատճառներով անջատ էին ապրում իրենց կողակիցներից։ Հարկ եղած առաջնորդությունը տալու համար «Դիտարանում» 1950-ականների ընթացքում քննարկվեցին այդ բոլոր իրավիճակները և ամուսնական պարտականությունները, նաև շեշտվեց, որ Աստվածաշունչը արգելում է պոռնկությունը, և բացատրվեց, թե ինչ է պոռնկությունը, որպեսզի բոլորի համար ամեն բան պարզ լինիb (Գործ. 15։19, 20; 1 Կորնթ. 6։18)։
Այս հարցին հատուկ ուշադրություն դարձվեց այն վայրերում, որտեղ մարդիկ սկսում էին համագործակցել Եհովայի կազմակերպության հետ, բայց լուրջ չէին վերաբերվում Աստվածաշնչի բարոյական չափանիշներին։ 1945-ին եղբայր Ն. Հ. Նորը՝ «Դիտարան ընկերության» երրորդ նախագահը, Կոստա Ռիկայում ներկայացրեց մի ելույթ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ, որում ասաց. «Բոլոր նրանց, որ այստեղ ներկա են և ունեն կին, որի հետ օրենքով ամուսնացած չեն, մի խորհուրդ եմ տալիս։ Գնացեք և կաթոլիկ եկեղեցու անդամ դարձեք, քանի որ այդպիսի գործեր կարող եք այնտեղ անել։ Բայց սա Աստծու կազմակերպությունն է, և այստեղ նման բաներով չեք կարող զբաղվել»։
1960-ականներից սկսած՝ երբ համասեռամոլները սկսեցին ավելի բացահայտորեն գործել, շատ եկեղեցիներ քննարկեցին այդ հարցը, ապա սկսեցին ընդունել նրանց որպես իրենց եկեղեցիների անդամներ։ Այսօր որոշ եկեղեցիներում համասեռամոլներին նույնիսկ ձեռնադրում են քահանաներ։ Եհովայի վկաների հրատարակություններում նույնպես քննարկվում էին համասեռամոլության վերաբերյալ հարցեր, որպեսզի օգնություն տրվեր անկեղծ սրտով մարդկանց, որոնց հետաքրքրում էին այդպիսի հարցեր։ Բայց Վկաների մեջ երբևէ հարց չի առաջացել, թե ինչ տեսակետ պետք է ունենալ համասեռամոլության վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք Աստվածաշնչի չափանիշները երբեք չեն համարել պարզապես հնում ապրած մարդկանց տեսակետ (1 Թեսաղ. 2։13)։ Նրանք պատրաստ են ուսումնասիրություն անցկացնել համասեռամոլների հետ, որպեսզի վերջիններս սովորեն Եհովայի պահանջների մասին։ Նաև այդպիսի մարդիկ կարող են ներկա լինել Վկաների հանդիպումներին, բայց եթե նրանք շարունակում են համասեռամոլի կյանքով ապրել, չեն կարող Եհովայի վկա դառնալ (1 Կորնթ. 6։9–11; Հուդա 7)։
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում սովորական բան է դարձել այն, որ պատանիները սեռական կյանքով են ապրում։ Եհովայի վկաների ընտանիքներում մեծացող երիտասարդները ենթարկվել են աշխարհի ճնշմանը, և ոմանք սկսել են ընդօրինակել շրջապատում ընդունված վարվելակերպը։ Ինչպե՞ս կազմակերպությունը արձագանքեց այդ խնդրին։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում տպագրվեցին հոդվածներ, որոնց նպատակն էր օգնել ծնողներին և պատանիներին այդ խնդրին նայել Աստվածաշնչի տեսանկյունից։ Համաժողովների ժամանակ իրականությանը համապատասխանող ներկայացումներ սկսեցին ցուցադրվել, որոնք օգնում էին հասկանալ, թե ինչ հետևանքներ է ունենում Աստվածաշնչի բարոյական չափանիշները մերժելը, և թե ինչ օգուտներ է բերում Աստծու պատվերներին հնազանդվելը։ Սկզբնական տարիներին ցուցադրված ներկայացումներից մեկը, որը բեմադրվեց 1969-ին, կոչվում էր «Փշեր ու որոգայթներ անկախ մարդու ճանապարհին»։ Հրատարակվեցին հատուկ գրքեր, որոնք նախատեսված էին օգնելու երիտասարդներին տեսնել, թե որքան իմաստուն են աստվածաշնչյան խորհուրդները։ Դրանցից էին «Լավագույնը քաղեք ձեր երիտասարդությունից» (հրատարակված 1976թ.-ին) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (հրատարակված 1989թ.-ին) գրքերը։ Երեցները նույնպես հոգևոր օգնություն էին ցույց տալիս առանձին անհատների և ընտանիքների։ Նաև Եհովայի վկաների ժողովներն էին պաշտպանված, քանի որ սխալ գործող և չզղջացող անհատները հեռացվում էին ժողովից։
Աշխարհի բարոյական անկումը պատճառ չի եղել, որ Եհովայի վկաները ավելի հանդուրժողական տեսակետ զարգացնեն։ Ընդհակառակը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հատուկ շեշտ է դրել այն բանի վրա, որ անհրաժեշտ է խուսափել ոչ միայն անթույլատրելի սեռական կապերից, այլև այն ազդեցություններից և իրավիճակներից, որոնք քայքայում են բարոյական արժեքները։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Կառավարիչ մարմինը խորհուրդներ է տվել, որ օգնի Վկաներին խուսափել այնպիսի «գաղտնի մեղքերից», ինչպիսին ձեռնաշարժությունն է, և զգուշացնի նրանց պոռնկագրության, հեռուստասերիալների և ապականիչ երաժշտության վտանգների մասին։ Այսպիսով՝ մինչ աշխարհի բարոյական արժեքները գնալով ընկնում են, Եհովայի վկաների բարոյական չափանիշները գնալով բարձրանում են։
Ընտանեկան կյանքը և Աստծու չափանիշները
Ամուր կառչելով բարոյականության վերաբերյալ սուրբգրային չափանիշներին՝ Եհովայի վկաները զգալիորեն բարելավել են իրենց ընտանեկան կյանքը։ Բայց Եհովայի վկա լինելը երաշխիք չէ այն բանի, որ անհատը ընտանեկան խնդիրներ չի ունենա։ Այդուհանդերձ, նրանք համոզված են, որ Աստծու Խոսքը լավագույն խորհուրդներն է տալիս այդ խնդիրների լուծման համար։ Կազմակերպությունը բազմաթիվ միջոցներ է տրամադրել, որոնք օգնում են կիրառել այդ խորհուրդները։ Դրանց հետևելը հրաշալի արդյունքներ է բերում։
Դեռևս 1904-ին լույս տեսած «Գրությունների ուսումնասիրություն» աշխատության վեցերորդ հատորում մանրամասնորեն քննարկվել են ամուսնական և ծնողական պարտականությունները։ Այդ ժամանակից ի վեր հարյուրավոր հոդվածներ են տպագրվել, և բազմաթիվ ելույթներ են ներկայացվել Եհովայի վկաների ժողովներում, որոնք օգնել են ընտանիքի յուրաքանչյուր անդամի հասկանալու իր դերը ընտանեկան կառույցում։ Հաջող ընտանեկան կյանք ունենալու համար տրվող այս կրթությունը միայն նոր ամուսնացած զույգերի համար չէ։ Այն օգուտներ է բերում ողջ ժողովին (Եփես. 5։22–6։4; Կող. 3։18–21)։
Բազմակնության խնդիրը
Թեև ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ սովորությունները տարբերվում են երկրից երկիր, Եհովայի վկաները գիտեն, որ Աստվածաշնչի չափանիշները կիրառելի են ամենուրեք։ Երբ նրանք 20-րդ դարում սկսեցին իրենց գործունեությունը Աֆրիկայում, այնտեղ, ինչպեսև ամենուրեք, նրանք սովորեցնում էին, որ քրիստոնյան պետք է ունենա միայն մեկ կողակից (Մատթ. 19։4, 5; 1 Կորնթ. 7։2; 1 Տիմոթ. 3։2)։ Հարյուրավոր անհատներ ուրախությամբ ընդունել էին այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է կռապաշտության և Աստծու Թագավորության վերաբերյալ, բայց մկրտվել էին՝ առանց բազմակնությունը մերժելու։ Իրավիճակը շտկելու նպատակով «Դիտարանի» 1947-ի հունվարի 15-ի համարում ընդգծվեց, որ բազմակնությունը տեղ չունի քրիստոնեության մեջ՝ անկախ երկրի սովորություններից։ Ժողովներին նամակ ուղարկվեց, որում նշվում էր, որ բոլոր նրանք, ովքեր իրենց Եհովայի վկա են համարում, բայց մի քանի կին ունեն, վեց ամսվա ընթացքում պետք է կարգավորեն իրենց ընտանեկան կյանքը՝ համապատասխանեցնելով այն Աստվածաշնչի չափանիշներին։ Այդ պահանջը կրկին շեշտվեց մի ելույթում, որն այդ տարի եղբայր Նորը ներկայացրեց Աֆրիկայում։
Նիգերիայում ոչ Վկա շատ մարդիկ ասում էին, որ եթե Եհովայի վկաները փորձեն իրենց միջից վերացնել բազմակնությունը, ապա նրանց շարքերում մարդ չի մնա։ Պետք է նշել, որ նույնիսկ 1947-ին նախկինում մկրտված բազմակին անհատներից ոչ բոլորը հարկ եղած փոփոխություններն արեցին։ Օրինակ՝ Ասուկվո Ակպաբիո անունով մի շրջագայող վերակացու, որը Իֆիայոնգում մնում էր մի Վկայի տանը, պատմում է, որ կեսգիշերին Վկան արթնացրեց իրեն և պահանջեց, որ նա փոխի միակնության վերաբերյալ հրահանգը, որի մասին հայտարարվել էր ժողովում։ Քանի որ վերակացուն հրաժարվեց նրա պահանջը կատարել, նա նրան կեսգիշերին տնից դուրս հանեց՝ չնայած տեղատարափ անձրևին։
Եհովայի հանդեպ սերը ուժ է տվել շատերին հնազանդվելու նրա պատվերներին։ Ահա մի քանի օրինակ։ Զաիրից մի բազմակին մարդ, որը նախկինում կաթոլիկ էր, բաժանվեց իր երկու կանանցից, որպեսզի կարողանար դառնալ Եհովայի վկա։ Դա նրա համար լուրջ փորձություն էր, քանի որ ստիպված էր բաժանվել իր ամենասիրելի կնոջից, որովհետև վերջինս նրա «երիտասարդության կինը» չէր (Առակ. 5։18)։ Դահոմեայում (այժմ՝ Բենին) մի մարդ, որը նախկինում մեթոդիստ էր և ուներ հինգ կին, իրավաբանական լուրջ խնդիրներ հաղթահարեց իր չորս կանանցից բաժանվելու համար, որպեսզի համապատասխաներ մկրտության պահանջներին։ Բայց և այնպես, նա շարունակեց իր նախկին կանանց ու իրենց երեխաներին նյութապես ապահովել, ինչպես որ վարվում էին մյուս Վկաները։ Նիգերիայից մի կին՝ Վարիբգանի Վիտինգտոն անունով, իր ամուսնու երկրորդ կինն էր։ Երբ նա որոշեց հաճեցնել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, քանի որ դա իր համար ամենակարևոր բանն էր, կատաղի հակառակության բախվեց սկզբում ամուսնու, իսկ հետո նաև իր հարազատների կողմից։ Ամուսինը նրան թույլ տվեց հեռանալ երկու երեխաների հետ, բայց ֆինանսական օգնություն չտրամադրեց, նույնիսկ ճանապարհածախս չտվեց։ Քույրն ասում է. «Ոչ մի նյութական բարիք, որից զրկվել եմ, չի կարող համեմատվել Եհովայի հավանությանը արժանանալու հետ»։
Ի՞նչ կարելի է ասել ամուսնալուծության մասին
Արևմտյան երկրներում բազմակնությունն ընդունված չէ, բայց Աստվածաշնչին հակասող այլ տեսակետներ են տարածված։ Դրանցից մեկն այն է, որ ավելի լավ է ամուսնալուծվել, քան ապրել անհաջող ամուսնական կյանքով։ Վերջին տարիներին Եհովայի վկաներից ոմանք սկսել են ընդօրինակել այդ ոգին և ամուսնալուծվում են՝ որպես պատճառ բերելով, օրինակ, «անհամապատասխան լինելը»։ Ինչպե՞ս է արձագանքել կազմակերպությունը այս խնդրին։ Ամուսնալուծության վերաբերյալ Եհովայի տեսակետը բացատրելու համար այն կանոնավորաբար կրթություն է տրամադրում, որից օգուտներ են քաղում և՛ նրանք, որ վաղուց են ծառայում Եհովային, և՛ հարյուր հազարավոր նոր անհատներ, որ միանում են նրանց ամեն տարի։
Ո՞ր սկզբունքների վրա է ուշադրություն հրավիրել «Դիտարան» պարբերագիրը։ Ահա դրանցից մի քանիսը. առաջին ամուսնության մասին Աստվածաշնչի արձանագրության մեջ շեշտվում է ամուսնու և կնոջ միասնությունը՝ ասելով. «Տղամարդը.... կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդ. 2։24)։ Իսկ հետագայում Իսրայել ազգին տրվեց Օրենքը, որով արգելվում էր «շնությունը», և այդպիսի բան անող մարդը մահվան էր դատապարտվում (2 Օրենք 22։22–24)։ Ճիշտ է, Օրենքը թույլ էր տալիս ամուսնալուծվել այլ հիմքերով, բայց, ինչպես Հիսուսը բացատրեց, միայն նրանց «սրտերի կարծրության պատճառով» էր այդպիսի բան թույլ տրվում (Մատթ. 19։7, 8)։ Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն բանին, որ մարդիկ լքում էին իրենց կողակցին՝ ուրիշի հետ ամուսնանալու նպատակով։ Մաղաքիա 2։16-ում կարդում ենք նրա խոսքերը. «Ես ատում եմ ապահարզանը»։ Այնուամենայնիվ, Եհովան թույլ էր տալիս, որ ամուսնալուծված անհատները մնային Իսրայելի ժողովում։ Այդպիսով եթե նրանք ընդունեին Եհովայի խրատը՝ ուղղված իր ժողովրդին, հնարավոր էր, որ ժամանակի ընթացքում նրանց կարծր սրտերը փափկեին, և նրանք անկեղծորեն սիրեին Եհովայի ճանապարհները (համեմատի՛ր Եզեկիել 11։19, 20)։
«Դիտարանում» հաճախ է նշվել, որ հին Իսրայելում տեղի ունեցող ամուսնալուծությունների մասին խոսելիս Հիսուսը ցույց է տվել, որ իր հետևորդները պետք է ավելի բարձր չափանիշներ ունենան։ Նա ասել է, որ եթե ինչ-որ մեկը բաժանվում է իր կնոջից՝ առանց պոռնկության (պոռնի՛ա՝ «անօրինական սեռական հարաբերություն») պատճառի, և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում. իսկ եթե նույնիսկ չի ամուսնանում, իր կնոջն է դրդում շնություն գործելու (Մատթ. 5։32; 19։9)։ Այդպիսով՝ «Դիտարանը» շեշտել է, որ քրիստոնյաների համար ամուսնալուծությունը պետք է ավելի լուրջ հարց լինի, քան Իսրայելում էր։ Թեև Աստվածաշունչը չի ասում, որ ամուսնալուծվող անհատը պետք է հեռացվի ժողովից, սակայն նրանք, ովքեր շնություն են գործում ու չեն զղջում, զրկվում են ընկերակցությունից (1 Կորնթ. 6։9, 10)։
Վերջին տարիներին ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ աշխարհի տեսակետը արմատապես փոխվել է։ Չնայած դրան՝ Եհովայի վկաները շարունակում են ամուր կառչել Աստծու՝ ամուսնության Հիմնադրի սահմանած չափանիշներին, որոնք արձանագրված են Աստվածաշնչում։ Այդ սկզբունքների օգնությամբ նրանք ջանում են օգնել ազնվասիրտ մարդկանց հաղթահարելու դժվար իրավիճակները, որոնց բախվում են շատ-շատերը։
Արդյունքում՝ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել շատերի կյանքում, ովքեր Եհովայի վկաների հետ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ կիրառել են սուրբգրային խորհուրդները։ Հազարավոր տղամարդիկ, ովքեր նախկինում ծեծում էին իրենց կանանց, չէին կատարում իրենց ընտանեկան պարտականությունները կամ թեև նյութապես ապահովում էին իրենց ընտանիքներին, բայց չէին հոգում նրանց զգացական և հոգևոր կարիքները, այսօր դարձել են սիրող ամուսիններ և հայրեր, որոնք ինչպես հարկն է հոգում են իրենց ընտանիքի կարիքները։ Իսկ բազմաթիվ կանայք, որոնք չափազանց անկախ էին, անտեսում էին իրենց երեխաներին, հոգ չէին տանում իրենց և իրենց տան մասին, դարձել են գլխավորությունը հարգող կանայք և այնպիսի վարվելակերպ են դրսևորում, որ արժանանում են իրենց ամուսինների և երեխաների սիրուն։ Շատ երիտասարդներ էլ, որոնք մի ժամանակ հանդգնորեն չէին հնազանդվում իրենց ծնողներին և ըմբոստանում էին առհասարակ հասարակության դեմ, ովքեր իրենց ապրելակերպով կործանում էին իրենց կյանքը և ցավ էին պատճառում իրենց ծնողներին, սկսել են աստվածահաճո նպատակներ դնել կյանքում, ինչի շնորհիվ էապես փոխվել է նրանց ներքին անձնավորությունը։
Ինչ խոսք, ընտանեկան կյանքում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է ազնիվ լինել միմյանց հանդեպ։ Ազնվությունը կարևոր է նաև այլ փոխհարաբերություններում։
Ազնվություն կյանքի բոլոր ոլորտներում
Եհովայի վկաները գիտեն, որ բոլոր գործերում պետք է ազնիվ լինեն։ Իրենց այդ տեսակետի համար հիմք են ծառայում մի շարք սուրբգրային համարներ, օրինակ՝ Սաղմոս 31։5-ը, որտեղ ասվում է, որ Եհովան «ճշմարտության Աստված» է։ Իսկ ինչպես Հիսուսն ասաց, Սատանան «ստության հայրն» է (Հովհ. 8։44)։ Ուստի հասկանալի է, թե ինչու է Եհովան ատում «ստախոս լեզուն» (Առակ. 6։16, 17)։ Նա իր Խոսքում ասում է. «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը.... ճշմարտությունը խոսեք» (Եփես. 4։25)։ Եվ քրիստոնյաները ոչ միայն պետք է «ճշմարտությունը խոսեն», այլև Պողոս առաքյալի նման՝ պետք է «ամեն ինչում ազնվությամբ վարվեն» (Եբր. 13։18)։ Եհովայի վկաները պետք է կյանքի բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, ապրեն միևնույն բարոյական արժեքներով։
Երբ Հիսուսն այցելեց հարկահավաք Զաքեոսին, վերջինս ընդունեց, որ իր գործերում ազնիվ չի եղել և քայլեր ձեռնարկեց փոխհատուցելու այն ամենի համար, որ նախկինում շորթել էր (Ղուկ. 19։8)։ Վերջին տարիներին որոշ անհատներ, սկսելով համագործակցել Եհովայի վկաների հետ, Զաքեոսի նման, քայլեր են ձեռնարկել, որպեսզի մաքուր խիղճ ունենան։ Օրինակ՝ Իսպանիայում մի մարդ, որը տարիներ շարունակ գողություն էր արել, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Որոշ ժամանակ անց նրա խիղճը սկսեց տանջել, ուստի իր գողացած իրերը վերադարձրեց նախկին գործատիրոջը և հարևաններին, ումից դրանք գողացել էր, իսկ որոշ բաներ էլ տարավ ոստիկանություն։ Նա ստիպված եղավ տուգանք վճարել և կարճ ժամանակով բանտ նստել։ Բայց հիմա նա մաքուր խիղճ ունի։ Իսկ Անգլիայում մի մարդ, որը նախկինում ադամանդներ էր գողանում, Եհովայի վկաների հետ ընդամենը երկու ամիս Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո հանձնվեց ոստիկանությանը։ Ոստիկանները, որոնք վեց ամիս շարունակ նրան էին փնտրում, պարզապես ապշած էին։ Երկուսուկես տարի բանտում անցկացնելու ընթացքում նա շարունակեց ժրաջանորեն ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորեց իր իմացած ճշմարտությունների մասին պատմել ուրիշներին։ Բանտից ազատվելուց հետո նա մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա (Եփես. 4։28)։
Եհովայի վկաները հայտնի են իրենց ազնվությամբ։ Գործատերերը գիտեն, որ Վկաները ոչ միայն չեն գողանա, այլև չեն ստի և չեն կեղծի տվյալները՝ նույնիսկ գործատիրոջ պահանջով, անգամ եթե դրա պատճառով աշխատանքը կորցնելու սպառնալիքի առաջ կանգնեն։ Եհովայի վկաների համար Աստծու հետ լավ փոխհարաբերություններն ավելի կարևոր են, քան մարդկանց հավանությունը ստանալը։ Նրանք գիտակցում են, որ որտեղ էլ լինեն և ինչ էլ անեն, «բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբր. 4։13; Առակ. 15։3)։
Իտալական մի թերթում Եհովայի վկաների մասին հետևյալն էր ասվում. «Նրանք կիրառում են այն, ինչ քարոզում են.... Նրանք իրենց առօրյա կյանքում առաջնորդվում են այնպիսի բարոյական սկզբունքներով, ինչպիսիք են դրացու հանդեպ սեր ունենալը, քաղաքական իշխանության չձգտելը, բռնությունից խուսափելը և ազնվությամբ վարվելը (այս սկզբունքները քրիստոնյաների մեծամասնությունը հիշում է միայն եկեղեցի գնալիս, երբ դրանք քարոզվում են ամբիոնից)» (La Stampa)։ Միացյալ Նահանգներում Լուիս Քասելսը, որը Վաշինգտոնի «United Press International»-ի կրոնի բաժնի խմբագիրն է, նշում է. «Վկաները ամուր կառչած են իրենց հավատալիքներին, նույնիսկ եթե դա շատ թանկ է նստում իրենց վրա»։
Ինչո՞ւ մոլեխաղերի հարցը երբեք չի բարձրացվել
Անցյալում ազնվությունը կապում էին ջանադրաբար աշխատելու պատրաստակամության հետ։ Մոլեխաղը, որը որոշակի գումարով գրազ գալն է ինչ-որ մի խաղի կամ իրադարձության վերջնական արդյունքի վրա, ընդհանուր առմամբ անընդունելի է եղել։ Բայց 20-րդ դարում հասարակությունը վարակվեց արագ հարստանալու եսասիրական փափագով, և մոլեխաղերը՝ օրինական թե ապօրինի, դարձան համատարած։ Մոլեխաղերի հետևում միայն հանցագործ աշխարհը չի կանգնած, դրանց աջակցում են նաև եկեղեցիներն ու պետական իշխանությունները, որոնք բարեգործական նպատակներով նման խաղեր են կազմակերպում։ Ինչպե՞ս արձագանքեցին Եհովայի վկաները հասարակության մեջ մտածելակերպի այսպիսի փոփոխությանը։ Նրանք առաջնորդվեցին Աստվածաշնչի սկզբունքներով։
Ինչպես նշվում է Վկաների գրականության մեջ, Աստվածաշնչում չկա կոնկրետ պատվեր այն մասին, որ չի կարելի մոլեխաղով զբաղվել։ Բայց մոլեխաղերը միշտ էլ վատ պտուղներ են բերում, և մոտ կես դար «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում նշվել է այդ «փտած» պտուղների մասին։ Դեռ ավելին, այդ պարբերագրերը ցույց են տվել, որ մոլեխաղի ցանկացած տեսակի մեջ դրսևորվում են այնպիսի հատկություններ, որոնք Աստվածաշունչը դատապարտում է։ Այդ հատկություններից է, օրինակ, փողասիրությունը՝ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթ. 6։10), կամ եսասիրությունը՝ «եսասիրաբար մի՛ ցանկացիր տիրանալու.... որևէ բանի, որ մերձավորիդ է պատկանում» (2 Օրենք 5։21; համեմատի՛ր 1 Կորնթացիներ 10։24)։ Մեկ այլ հատկություն է ագահությունը՝ «այլևս շփում չունենաք այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում.... ագահ [է]» (1 Կորնթ. 5։11)։ Դեռ ավելին, Աստվածաշունչը զգուշացնում է «բախտին» հավատալու դեմ, ասես դա ինչ-որ գերբնական ուժ է, որ կարող է հաջողություն բերել (Ես. 65։11)։ Եհովայի վկաները լուրջ են վերաբերվում Աստվածաշնչի այս նախազգուշացումներին և հեռու են մնում մոլեխաղերից։ 1976-ից ի վեր նրանք հատուկ ջանքեր են թափել, որ օգնեն եղբայրներին հասկանալու, որ անհատը չի կարող մոլեխաղերի բիզնեսի հետ առնչվող աշխատանք կատարել և մնալ Եհովայի վկա։
Եհովայի վկաները երբևիցե չեն զբաղվել մոլեխաղերով։ Նրանք գիտեն, որ փոխարեն ձգտելու շահույթ ստանալ ուրիշների հաշվին՝ Աստվածաշունչը հորդորում է աշխատել «իրենց ձեռքերով», հավատարմորեն կատարել իրենց վստահված գործը, լինել առատաձեռն և օգնել կարիքի մեջ լինողներին (Եփես. 4։28; Ղուկ. 16։10; Հռոմ. 12։13; 1 Տիմոթ. 6։18)։ Արդյոք Եհովայի վկաների հետ առնչվելիս մարդիկ նկատո՞ւմ են դա։ Այո՛, դա նկատում են հատկապես նրանք, ովքեր գործարքային հարցերով են առնչվում Վկաների հետ։ Զարմանալի չէ, որ գործատերերը հաճախ Եհովայի վկա աշխատող են փնտրում, քանի որ գիտեն, որ նրանք բարեխիղճ են և հուսալի։ Նրանք հասկանում են, որ Եհովայի վկաները իրենց կրոնի շնորհիվ են այդպիսի մարդիկ դարձել։
Ի՞նչ կարելի է ասել ծխախոտի օգտագործման և թմրամոլության մասին
Աստվածաշնչում չի հիշատակվում ծխախոտի մասին, ոչ էլ նշվում է շատ ուրիշ թմրադեղերի մասին, որոնք այսօր մարդիկ չարաշահում են։ Սակայն այնտեղ կան սկզբունքներ, որոնք օգնել են Եհովայի վկաներին հասկանալու, թե ինչպիսի վարքը հաճելի կլինի Աստծուն։ Դեռևս 1895-ին «Դիտարանը», քննարկելով ծխախոտի գործածության հարցը, ուշադրություն հրավիրեց 2 Կորնթացիներ 7։1-ի վրա. «Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ այս խոստումներն ունենք, եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից»։
Տարիներ շարունակ այդ խորհուրդը կարծես թե բավարար էր։ Բայց երբ ծխախոտ արտադրող ընկերությունները սկսեցին գովազդների միջոցով լավ լույսի ներքո ներկայացնել ծխելը, և տարածվեց «ապօրինի» թմրանյութերի գործածությունը, հարկ եղավ ավելի շատ ուշադրություն դարձնել այդ հարցին։ Քննարկվեցին այլ աստվածաշնչյան սկզբունքներ։ Օրինակ՝ հարկավոր է հարգել Եհովային՝ կյանքի աղբյուրին (Գործ. 17։24, 25), պետք է սիրել մերձավորին (Հակ. 2։8), նա, ով չի սիրում մերձավորին, իրականում չի սիրում Աստծուն (1 Հովհ. 4։20), անհրաժեշտ է հնազանդվել պետական իշխանություններին (Տիտոս 3։1)։ Նաև նշվեց, որ հունարեն ֆարմակիա բառը, որը հիմնականում նշանակում է «թմրանյութեր», Աստվածաշնչի գրողները գործածել են ոգեհարցության հետ կապված, քանի որ թմրանյութերը օգտագործվել են ոգեհարցական արարողությունների մեջ (Գաղ. 5։20)։
1946-ին «Մխիթարություն» պարբերագիրը ցույց տվեց, որ ծխախոտի գովազդներում հնչող մտքերն այն մասին, իբր ծխելն օգտակար է, իրականում խաբեություն է։ Իսկ երբ արդեն կային գիտական փաստեր, «Արթնացե՛ք»-ը (հաջորդեց «Մխիթարություն» պարբերագրին) հրատարակեց ապացույցներ այն մասին, որ ծխախոտի օգտագործումը առաջացնում է քաղցկեղ, սրտի հիվանդություններ, վնասում է դեռ չծնված երեխային, ինչպես նաև վնասում է չծխող մարդկանց առողջությունը, որոնք ստիպված են շնչել ծխախոտի ծուխը։ Այնտեղ բերվում էին փաստեր, որ նիկոտինը անհատի մեջ կախվածություն է առաջացնում։ Նաև նշվում էր, որ մարիխուանան թմրեցնող ազդեցություն ունի և կարող է վնասել ուղեղը։ Բացի այդ, կախվածություն առաջացնող թմրանյութերի լուրջ վտանգների մասին կանոնավորաբար քննարկվել է «Դիտարան» պարբերագրում՝ ընթերցողներին օգնելու նպատակով։
Մինչ իշխանությունները համաձայնության կգային այն հարցում, թե ինչ չափով պետք է զգուշացնեն հասարակությանը ծխախոտի վնասների մասին, դեռ տարիներ առաջ «Դիտարան» պարբերագիրը 1935-ի մարտի 1-ի համարում հստակ նշեց, որ ծխախոտ օգտագործող ոչ մի անհատ չի կարող լինել «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» գլխավոր վարչության անդամ կամ նշանակված ներկայացուցիչ։ Այն բանից հետո, երբ Եհովայի վկաների ժողովներում բոլոր ծառայողները սկսեցին նշանակվել Ընկերության կողմից (այդ կարգը սկսեց գործել 1938-ին), «Դիտարանի» 1942-ի հուլիսի 1-ի համարում նշվեց, որ ծխախոտի արգելքը վերաբերում էր նաև այդ բոլոր նշանակված եղբայրներին։ Որոշ վայրերում այս հրահանգը ամբողջությամբ կիրառվեց միայն տարիներ անց։ Այնուամենայնիվ, Եհովայի վկաների մեծամասնությունը սիրով ընդունեց վերոհիշյալ սուրբգրային խորհուրդը և հետևեց առաջնորդություն վերցնող եղբայրների լավ օրինակին։
Աստվածաշնչյան այդ խորհուրդը հետևողականորեն կիրառելու համար հաջորդ քայլը այն էր, որ 1973-ից ի վեր ծխախոտ օգտագործող անհատներին այլևս թույլ չէր տրվում մկրտվել։ Այդ որոշումը ընդունելուց հետո հաջորդ ամիսների ընթացքում նրանց, ովքեր մասնակցում էին ծխախոտի արտադրությանը կամ վաճառքին, կազմակերպությունը օգնեց հասկանալու, որ այլևս չէին կարող շարունակել այդպիսի գործ կատարել և մնալ Եհովայի վկա։ Աստծու Խոսքի խորհուրդները հարկավոր է հետևողականորեն կիրառել կյանքի բոլոր բնագավառներում։ Ծխախոտի, մարիխուանայի և այլ թմրանյութերի գործածության առնչությամբ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու շնորհիվ Վկաները պաշտպանվել են դրանց բերած հետևանքներից։ Աստվածաշնչի օգնությամբ նրանք նաև կարողացել են օգնել հազարավոր մարդկանց, որոնք, թմրանյութեր օգտագործելով, կործանում էին իրենց կյանքը։
Ի՞նչ կարելի է ասել ալկոհոլ օգտագործելու մասին
Եհովայի վկաների գրականության մեջ երբևիցե չի նշվել այն միտքը, թե ալկոհոլ օգտագործելը նույնն է, ինչ որ թմրանյութեր օգտագործելը։ Ինչո՞ւ։ Նրանք բացատրում են, որ Արարիչը գիտի, թե մենք ինչպես ենք ստեղծված, և իր Խոսքում չի արգելում ոգելից խմիչքների չափավոր գործածությունը (Սաղ. 104։15; 1 Տիմոթ. 5։23)։ Մինչդեռ Աստվածաշունչը խստորեն դատապարտում է հարբեցողությունը (Առակ. 23։20, 21, 29, 30; 1 Կորնթ. 6։9, 10; Եփես. 5։18)։
Քանի որ չափից շատ ոգելից խմիչքներ օգտագործելը խորտակում էր շատերի կյանքը, Չարլզ Թեյզ Ռասելը նախընտրում էր ընդհանրապես ալկոհոլ չօգտագործել։ Մինչդեռ նա ընդունում էր, որ Հիսուսը գործածել է գինի։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին հասարակության շրջանում կոչեր էին արվում, որ ալկոհոլը օրինականապես արգելվի Միացյալ Նահանգներում։ «Դիտարանը» բացահայտորեն հավանություն էր տալիս նրանց, ովքեր փորձում էին կանխել ալկոհոլի պատճառած վնասները, սակայն չէր միանում նրանց պայքարին, որով նրանք պահանջում էին օրենք ընդունել ալկոհոլի օգտագործման դեմ։ Սակայն պարբերագիրը հստակորեն ցույց էր տալիս ալկոհոլի չարաշահման բերած վնասները և հաճախ նշում էր, որ ավելի լավ կլինի ընդհանրապես խուսափել ոգելից խմիչքներ օգտագործելուց։ Այն անհատներին, ովքեր կարծում էին, որ կարող են չափավոր կերպով գործածել ալկոհոլ, խորհուրդ էր տրվում ուշադրություն դարձնել Հռոմեացիներ 14։21-ի վրա, որտեղ ասվում է. «Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է»։
Սակայն 1930-ին, երբ Միացյալ Նահանգներում ալկոհոլի դեմ պայքարող հայտնի մի կազմակերպության (Anti-Saloon League) ղեկավարը հայտարարեց, որ իր կազմակերպությունը «Աստծուց է տրված», «Դիտարան ընկերության» նախագահ Ջ. Ֆ. Ռադերֆորդը, այդ առիթն օգտագործելով, մի քանի ելույթ ներկայացրեց ռադիոյով և ցույց տվեց, որ այդպիսի պնդումները զրպարտում են Աստծուն։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու Խոսքը չի արգելում առհասարակ գինի օգտագործելը, բացի այդ ալկոհոլը արգելող օրենքներ ընդունելը վերջ չի դրել հարբեցողությանը, որն Աստված դատապարտում է։ Դեռ ավելին, այդպիսի օրենքները նպաստել են ալկոհոլի ապօրինի արտադրությանն ու վաճառքին, ինչպես նաև կաշառակերությանը։
Եհովայի վկաները ոգելից խմիչքներ գործածելը կամ դրանցից խուսափելը համարում են անձնական որոշման հարց։ Սակայն նրանք հետևում են նաև Աստվածաշնչում վերակացուների համար տրված պատվերին, որ հարկավոր է «սովորությունների մեջ չափավոր» լինել։ Այս արտահայտությունը թարգմանվել է հունարեն նեֆալիոն բառից, որը բառացի նշանակում է «սթափ, չափավոր. գինու օգտագործումից ընդհանրապես խուսափող կամ չափավոր օգտագործող»։ Աստվածաշնչում ասվում է, որ ծառայող օգնականները նույնպես չպետք է «չափից շատ գինի խմող» լինեն (1 Տիմոթ. 3։2, 3, 8)։ Հետևաբար, հարբեցողները չեն համապատասխանում ծառայության հատուկ առանձնաշնորհումներ ստանալու պահանջներին։ Քանի որ Եհովայի վկաների մեջ առաջնորդություն վերցնողները օրինակելի են, դա նրանց խոսքի ազատություն է տալիս, երբ օգնում են այն անհատներին, ովքեր ոգելից խմիչքների օգնությամբ փորձում են հաղթահարել սթրեսները, կամ նրանց, ովքեր սթափ լինելու համար կարիք ունեն ընդհանրապես խուսափելու ալկոհոլից։ Ինչպիսի՞ն են եղել արդյունքները։
Օրինակ՝ Զամբիայի (Աֆրիկա) մի թերթում ասվում էր. «Ինչպես ցույց են տալիս բոլոր փաստերը, այն վայրերում, որտեղ Եհովայի վկաները մեծ ազդեցություն ունեն աֆրիկացիների շրջանում, այժմ միջին հաշվով ավելի քիչ խնդիրներ կան, քան երկրի մյուս մասերում։ Նրանք դեմ են խռովարարներին, կախարդությանը, հարբեցողությանը և ցանկացած բռնության» (The Northern News)։
Կա նաև մեկ այլ բնագավառ, որում Եհովայի վկաները իրենց վարքով տարբերվում են աշխարհից։
Հարգանք կյանքի հանդեպ
Կյանքի հանդեպ հարգանքը հիմնված է այն փաստի վրա, որ կյանքը Աստծու պարգևն է (Սաղ. 36։9; Գործ. 17։24, 25)։ Հարգել կյանքը նշանակում է գիտակցել, որ նույնիսկ չծնված երեխայի կյանքը թանկ է Աստծու աչքում (Ելք 21։22–25; Սաղ. 139։1, 16)։ Դա նաև նշանակում է հասկանալ, որ «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։
Վարվելով Աստվածաշնչի այս սկզբունքների համաձայն՝ Եհովայի վկաները միշտ խուսափել են աբորտից։ Իր ընթերցողներին ողջամիտ առաջնորդություն տալու համար «Արթնացե՛ք» պարբերագիրը օգնել է նրանց հասկանալու, որ բարոյական մաքրությունը Աստծու պահանջն է։ Այն նաև մանրամասնորեն նկարագրել է նոր կյանքի ստեղծման զարմանահրաշ պրոցեսը և ծննդաբերության հետ կապված հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոնները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ աբորտը սովորական երևույթ դարձավ, «Դիտարանը» հստակորեն ցույց տվեց, որ այն հակասում է Աստծու Խոսքին։ «Դիտարանի» 1969-ի դեկտեմբերի 15-ի համարում պարզ ու կոնկրետ ասվեց. «Անցանկալի երեխայից ձերբազատվելու համար աբորտ անելը նույնն է, ինչ գիտակցաբար մարդու կյանքը խլելը»։
Ինչո՞ւ են հրաժարվում արյան փոխներարկումից
Կյանքի հանդեպ հարգանք դրսևորելու վերաբերյալ Եհովայի վկաների տեսակետը անդրադարձել է արյան փոխներարկման հարցում նրանց դիրքորոշման վրա։ Երբ արյան փոխներարկման հարցի պատճառով սկսեցին լուրջ խնդիրներ առաջանալ, «Դիտարանի» 1945-ի հուլիսի 1-ի համարում մանրամասնորեն քննարկվեց, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյայի տեսակետը արյան սրբության վերաբերյալc։ Այնտեղ նշվեց, որ Նոյին և նրա հետևորդներին տրված՝ արյունից հեռու մնալու պատվերը վերաբերում էր և՛ կենդանիների, և՛ մարդկանց արյանը (Ծննդ. 9։3–6)։ Նաև ընդգծվեց, որ այս պատվերի մասին կրկին հիշեցվեց առաջին դարում, երբ քրիստոնյաներին հորդոր տրվեց «հեռու մնալ.... արյունից» (Գործ. 15։28, 29)։ Նույն հոդվածում գրվեց, որ համաձայն Աստվածաշնչի՝ արյան գործածությունը Աստծուն ընդունելի է միայն այն դեպքում, երբ այն տրվում է որպես զոհաբերություն։ Եվ քանի որ Մովսիսական օրենքով մատուցվող կենդանական զոհերը նախապատկերում էին Քրիստոսի քավիչ զոհը, ապա արյունից հեռու մնալու վերաբերյալ քրիստոնյաներին տրված պատվերն անտեսելը կնշանակեր խիստ անհարգալից վերաբերմունք դրսևորել Քրիստոսի զոհի հանդեպ (Ղևտ. 17։11, 12; Եբր. 9։11–14, 22)։ Այդ հասկացողությանը ներդաշնակ՝ Եհովայի վկաների ժողովներում 1961-ից ի վեր նրանք, ովքեր արհամարհելով Աստծու պահանջը՝ արյան փոխներարկում էին ընդունում և չէին զղջում իրենց արարքի համար, զրկվում էին ընկերակցությունից։
Սկզբում «Դիտարանի» հրատարակություններում արյան փոխներարկման կողմնակի բարդությունները չէին քննարկվում։ Սակայն հետագայում, երբ այդպիսի տեղեկությունները մատչելի դարձան, դրանց մասին նույնպես հիշատակվեց հրատարակություններում, բայց ոչ որպես հիմք այն բանի համար, թե ինչու են Վկաները հրաժարվում արյան փոխներարկումից։ Դրանց նպատակն էր օգնել եղբայրներին ավելի բարձր գնահատել արյունից հեռու մնալու վերաբերյալ Աստծու պատվերը (Ես. 48։17)։ Ուստի 1961թ.-ին հրատարակվեց «Արյունը, բժշկությունը և Աստծու օրենքը» վերնագրով գրքույկը, որում բերվում էին հիմնավոր փաստեր այդ թեմայի վերաբերյալ։ 1977-ին մեկ այլ գրքույկ լույս տեսավ։ Այն կոչվում էր «Եհովայի վկաները և արյան հարցը», որում դարձյալ ընդգծվում էր, որ Եհովայի վկաների դիրքորոշումը կրոնական բնույթ ունի, հիմնված է Աստվածաշնչի վրա, և որ այդ դիրքորոշման գլխավոր պատճառը առողջությանը սպառնացող վտանգները չեն։ Հետագայում այդ հարցի վերաբերյալ ավելի թարմ տեղեկություններ ներկայացվեցին 1990թ.-ին «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկում։ Այս հրատարակությունների օգնությամբ Եհովայի վկաները ձգտել են օգնել բժիշկներին հասկանալու իրենց դիրքորոշումը և համագործակցելու իրենց հետ։ Այնուամենայնիվ, երկար տարիներ արյան փոխներարկումը բժշկության բնագավառում լայնորեն ընդունված բուժման մեթոդ է եղել։
Թեև Եհովայի վկաները տեղեկացնում էին բժիշկներին, որ իրենց կրոնական համոզմունքները թույլ են տալիս օգտվել բուժման այլընտրանքային մեթոդներից, բայց, միևնույնն է, արյան փոխներարկումը մերժելը միշտ էլ խնդիրներ է առաջ բերել։ Հաճախ մեծ ճնշում է գործադրվել Եհովայի վկաների և նրանց ընտանիքների վրա, որպեսզի նրանք ընդունեն ավանդական բուժմեթոդները։ Ահա մի դեպք. 1976թ.-ին նոյեմբերին Պուերտո Ռիկոյում 45-ամյա Աննա Պազ դե Ռոզարիո անունով մի քույր բուժանձնակազմին հայտնել էր, որ իր վիրահատության ժամանակ կարող են հարկ եղած դեղորայքն օգտագործել, միայն թե արյուն չներարկեն՝ հարգելով իր կրոնական համոզմունքները։ Այնուամենայնիվ, ունենալով դատարանի որոշումը՝ հինգ ոստիկան և երեք բուժքույր կեսգիշերին մտան նրա հիվանդասենյակ, կապեցին նրան մահճակալին և բռնի կերպով արյուն ներարկեցին՝ հակառակ նրա, նրա ամուսնու և երեխաների կամքին։ Նա շոկային վիճակի մեջ ընկավ և մահացավ։ Սա միակ դեպքը չէր։ Բռնության այդպիսի դեպքեր տեղի ունեցան նաև այլ վայրերում։
1975-ին Դանիայում ոստիկանությունը սկսեց հետապնդել մի տղայի Վկա ծնողներին, որոնք թույլ չէին տվել, որ իրենց որդուն ստիպողաբար արյուն ներարկեն, և փոխարենը՝ բուժման այլ մեթոդներ էին փնտրել։ 1982-ին Իտալիայից մի ամուսնական զույգ անբուժելի հիվանդությամբ տառապող իրենց դստեր համար չորս երկրներում բուժօգնություն էր փնտրում։ Սակայն դատարանի որոշմամբ՝ աղջկան արյուն ներարկեցին և այդ ժամանակ նա մահացավ, և դրանից հետո ծնողներին, մարդասպանության մեղադրանքով, դատապարտեցին 14 տարվա ազատազրկման։
Հաճախ զանգվածային լրատվական միջոցները ատելություն էին հրահրում Եհովայի վկաների դեմ, քանի որ նրանք թույլ չէին տալիս, որ իրենց երեխաներին հարկադրաբար արյուն ներարկեն։ Երբեմն դատարանը, առանց ծնողների վկայությունը լսելու, որոշում էր կայացնում, որ երեխաներին արյուն ներարկեն։ Կանադայում տեղի է ունեցել ավելի քան 40 դեպք, երբ փոխներարկումից հետո երեխաներին մահացած վիճակում վերադարձրել են ծնողներին։
Ոչ բոլոր բժիշկներն ու դատավորն են կողմ այդպիսի կամայական մեթոդների կիրառմանը։ Մի քանիսը հորդորում էին ավելի պատրաստակամ լինել օգնություն ցույց տալու հարցում։ Որոշ բժիշկներ գործի էին դնում իրենց ունակությունները՝ առանց արյան փոխներարկման բուժում տրամադրելու համար։ Ժամանակի ընթացքում նրանք ավելի մեծ փորձ ձեռք բերեցին առանց արյան փոխներարկման ցանկացած վիրահատություն կատարելու հարցում։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ հնարավոր է առանց արյան փոխներարկման հաջողությամբ կատարել բոլոր տեսակի վիրահատությունները թե՛ չափահաս մարդկանց, թե՛ երեխաների պարագայումd։
Արտակարգ իրավիճակներում անհարկի բախումներից խուսափելու համար 1960-ականների սկզբին Եհովայի վկաները սկսեցին այցելել իրենց բժիշկներին հատուկ այն բանի համար, որ նրանց հետ քննարկեն իրենց դիրքորոշումը և համապատասխան գրականություն տան նրանց։ Հետագայում նրանք նաև խնդրեցին, որ իրենց բժշկական քարտին կցվի տեղեկագիր արյան փոխներարկումից հրաժարվելու մասին։ 1970-ականներին Վկաները սկսեցին իրենց մոտ պահել բժշկական անձնական քարտ, որի նպատակն էր բուժանձնակազմին տեղեկացնել, որ ոչ մի դեպքում իրենց արյուն չներարկեն։ Բժիշկների և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո քարտի բովանդակությունը փոփոխվեց, որպեսզի այն իրավական ուժ ունենա՝ դառնալով փաստաթուղթ։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո ստեղծվեցին Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ, որոնց նպատակն էր օգնել Վկաներին ամուր պահել արյան փոխներարկման վերաբերյալ իրենց դիրքորոշումը, օգնել բժիշկներին և բուժանձնակազմին շտկել իրենց սխալ տեսակետները, ինչպես նաև ավելի լավ համագործակցություն ստեղծել հիվանդանոցների և Վկա հիվանդների միջև։ 1979-ին այդ կոմիտեները շատ քիչ էին, բայց հետագայում դրանց թիվը անցավ 800-ից, և դրանք գործում էին 70-ից ավելի երկրներում։ Այդ կոմիտեների համար ընտրվեցին երեցներ, որոնք հատուկ մարզում ստացան և ծառայում են Հյուսիսային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում, Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանների երկրներում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ Բուժանձնակազմին Եհովայի վկաների դիրքորոշման մասին տեղեկացնելուց բացի, այդ երեցները բժիշկներին հայտնում են, որ գոյություն ունեն արյան փոխներարկման այլընտրանքային տարբերակներ։ Ծայրահեղ իրավիճակներում նրանք խորհրդակցություն են կազմակերպում բժիշկների և այն վիրաբույժների միջև, ովքեր նման դեպքերում Վկաներին առանց արյան փոխներարկման վիրահատելու փորձ ունեն։ Եթե անհրաժեշտ է լինում, կոմիտեները այցելում են ոչ միայն բուժանձնակազմին, այլև դատավորներին այն դեպքերում, երբ բժիշկները դիմում են դատարան արյան փոխներարկման կարգադրություն ստանալու համար։
Երբ բուժանձնակազմը չի հարգում Եհովայի վկաների կրոնական տեսակետը արյան սրբության վերաբերյալ, երբեմն Վկաները դատական հայց են ներկայացնում բժիշկների և հիվանդանոցների դեմ։ Հիմնականում նրանց նպատակն է պարզապես արյան փոխներարկումը արգելող դատական որոշում ստանալ։ Սակայն վերջին տարիներին նրանք նաև վնասի փոխհատուցման հայցեր են ներկայացրել բժիշկների և հիվանդանոցների դեմ, երբ վերջիններս կամայականորեն են վարվել։ 1990-ին Կանադայում Օնտարիոյի վերաքննիչ դատարանը բավարարեց վնասի փոխհատուցման այդպիսի մի հայց, քանի որ բժիշկը հաշվի չէր առել Վկա հիվանդի դրամապանակում եղած բժշկական քարտը, որտեղ հստակ նշված էր, որ նա ոչ մի դեպքում արյան փոխներարկում չի ընդունում։ 1985-ից ի վեր մի քանի տարիների ընթացքում Միացյալ Նահանգների տարբեր մասերում փոխհատուցման այդպիսի տասը հայցեր են ներկայացվել, և հաճախ այն մարդիկ, ում դեմ ուղղվել է հայցը, որոշել են առանց դատարանի լուծել հարցը, վճարելով պահանջված գումարը, քանի որ դատարանը գուցե ավելի մեծ գումար սահմաներ։ Եհովայի վկաները վճռել են հնազանդվել արյունից հեռու մնալու վերաբերյալ Աստծու պատվերին։ Նրանք չեն ցանկանում բժիշկների դեմ հայց ներկայացնել, սակայն անհրաժեշտության դեպքում դիմում են դատարան, որպեսզի թույլ չտան բժիշկներին պարտադրել այնպիսի բուժում, որը բարոյապես անընդունելի է իրենց համար։
Հասարակությունը գնալով ավելի շատ տեղեկություններ է ստանում արյան փոխներարկման հետ կապված վտանգների մասին։ Մասամբ պատճառն այն է, որ մարդիկ վախենում են վարակվել ՁԻԱՀ-ով։ Սակայն Վկաները առաջին հերթին ցանկանում են Աստծուն հաճեցնել։ 1987-ին մի ֆրանսիական օրաթերթում ասվում էր. «Գուցե Եհովայի վկաները ճիշտ են վարվում, որ հրաժարվում են արյուն պարունակող դեղամիջոցներից, քանի որ իրականում արյան փոխներարկման միջոցով բազմաթիվ ախտածին հարուցիչներ կարող են փոխանցվել» (Le Quotidien du Médecin)։
Եհովայի վկաների այդպիսի դիրքորոշման պատճառը բժշկության բնագավառում խոր գիտելիքներ ունենալը չէր։ Պարզապես նրանք վստահ են, որ Եհովայի ցույց տված ուղին ճիշտ է, և որ նա «ոչ մի բարիքից չի զրկի» իր հավատարիմ ծառաներին (Սաղ. 19։7, 11; 84։11)։ Նույնիսկ եթե Վկան մահանա արյուն կորցնելու պատճառով, և այդպիսի դեպքեր երբեմն պատահել են, Եհովայի վկաները լիովին վստահ են, որ Աստված չի մոռանա իր հավատարիմներին և նրանց կրկին կյանք կշնորհի հարության միջոցով (Գործ. 24։15)։
Երբ անհատը արհամարհում է Աստվածաշնչի սկզբունքները
Միլիոնավոր անհատներ Աստվածաշունչ են ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, բայց բոլորը չէ, որ դարձել են Վկաներ։ Որոշ անհատներ, երբ սովորում են այն բարձր չափանիշների մասին, որոնցով պետք է ապրեն, որոշում են, որ դա այն ապրելակերպը չէ, որ ցանկանում են ունենալ։ Իսկ նրանք, ովքեր վճռում են մկրտվել, նախ մանրամասն տեղեկություններ են ստանում Աստվածաշնչի հիմնական ուսմունքների մասին, որից հետո (այս կարգը սկսել է գործել հատկապես 1967-ից) ժողովի երեցները զրուցում են մկրտության յուրաքանչյուր թեկնածուի հետ այդ ուսմունքների մասին։ Ամեն ջանք գործադրվում է, որպեսզի մկրտվող անհատը ոչ միայն լավ հասկանա սուրբգրային ուսմունքները, այլև գիտակցի, թե ինչպիսի վարք է պահանջվում քրիստոնյայից։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, եթե մկրտված անհատը հետագայում թույլ է տալիս, որ աշխարհի հանդեպ սերը լուրջ մեղքի դրդի իրեն։
Դեռևս 1904թ.-ին «Նոր ստեղծագործություն» գրքում նշվեց, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել ժողովը ապականությունից զերծ պահելու համար։ Այնտեղ քննարկվում էր, թե համաձայն այն ժամանակվա հասկացողության՝ ինչպիսի քայլեր էին ձեռնարկվում՝ հիմնվելով Մատթեոս 18։15–17 համարների վրա, երբ անհատը մեղք էր գործում։ Ըստ այդ կարգի՝ երբեմն անցկացվում էր «եկեղեցու դատ», որի ժամանակ ողջ ժողովի առաջ ներկայացվում էին կատարված լուրջ մեղքի փաստերը։ Տարիներ անց «Դիտարանի» 1944թ. մայիսի 15-ի համարում այդ հարցը վերանայվեց ողջ Աստվածաշնչի լույսի ներքո, և ցույց տրվեց, որ ժողովին առնչվող այդպիսի հարցերը պետք է քննեն պատասխանատու եղբայրները, որոնք ժողովում վերակացություն են ստանձնել (1 Կորնթ. 5։1–13; համեմատի՛ր 2 Օրենք 21։18–21)։ Դրանից հետո «Դիտարանի» 1952թ. մարտի 1-ի համարում տպագրվեցին հոդվածներ, որոնցում ոչ միայն ընդգծվում էր, թե որն է ճիշտ կարգը, այլև նշվում էր, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կազմակերպությունը մաքուր պահելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար քննարկվել է այդ հարցը։ Բայց նպատակները միշտ մնացել են նույնը՝ 1) մաքուր պահել կազմակերպությունը, 2) օգնել մեղք գործած անհատին հասկանալու անկեղծորեն զղջալու անհրաժեշտությունը, որպեսզի նա հոգևորապես ապաքինվի։
Առաջին դարում որոշ անհատներ թողեցին հավատը և սկսեցին անառակ կյանքով ապրել։ Ոմանք էլ հեռացան՝ հետևելով հավատուրաց ուսմունքների (1 Հովհ. 2։19)։ Նույնը տեղի է ունենում այսօր Եհովայի վկաների ժողովներում։ Ցավոք, ամեն տարի տասնյակ հազարավոր անհատներ զրկվում են ընկերակցությունից, քանի որ չեն զղջում իրենց գործած մեղքի համար։ Նրանց թվում եղել են հեղինակություն ունեցող երեցներ։ Բոլորի առնչությամբ կիրառվում է միևնույն աստվածաշնչյան սկզբունքը (Հակ. 3։17)։ Եհովայի վկաները գիտակցում են, որ Աստծու հավանությունը ունենալու համար անչափ կարևոր է բարոյապես մաքուր պահել կազմակերպությունը։
Նոր անձնավորություն են հագնում
Հիսուսը հորդորում էր մարդկանց, որ մաքուր լինեն ոչ միայն արտաքուստ, այլև ներքուստ (Ղուկ. 11։38–41)։ Նա բացատրեց, որ մեր խոսքերը և գործերը ցույց են տալիս, թե ինչ կա մեր սրտում (Մատթ. 15։18, 19)։ Պողոս առաքյալն ասաց, որ եթե իսկապես սովորում ենք Քրիստոսից, ապա «պետք է նորոգենք մեր միտքը խթանող ուժը» և «հագնենք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։17–24)։ Նրանք, ովքեր սովորում են Քրիստոսից, ձգտում են «այն նույն մտածելակերպն ունենալ, որը Քրիստոս Հիսուսն ուներ», որպեսզի մտածեն ու վարվեն նրա պես (Հռոմ. 15։5)։ Եհովայի վկաների վարքը ցույց է տալիս, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ չափով է այդպես վարվում։
Եհովայի վկաները չեն մտածում, թե իրենց վարքն անթերի է։ Բայց ջանում են ընդօրինակել Քրիստոսին՝ իրենց վարքը համապատասխանեցնելով Աստվածաշնչի բարձր չափանիշներին։ Նրանք չեն ժխտում, որ կան նաև այլ մարդիկ, ովքեր ապրում են բարոյական բարձր չափանիշներով։ Բայց իրենք՝ Եհովայի վկաները, Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվելու շնորհիվ ճանաչվում են ոչ միայն որպես առանձին անհատներ, այլև որպես միջազգային կազմակերպություն։ Նրանք հետևում են 1 Պետրոս 2։12-ում արձանագրված խորհրդին. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ, որ.... ականատես լինելով ձեր բարի գործերին՝ [ազգերը] փառավորեն Աստծուն»։
[ծանոթագրություններ]
a «Դիտարանի» 1941-ի հոկտեմբերի 15-ի համարում կրկին քննարկվեց այդ հարցը, սակայն ավելի համառոտ «Վարքագի՞ծը, թե՞ անարատությունը. ո՞րն է ավելի կարևոր» վերնագրով հոդվածում։
b «Դիտարանի» 1951-ի ապրիլի 15-ի համարում տրվեց «պոռնկություն» բառի սահմանումը՝ «հակառակ սեռի չամուսնացած անհատների միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն»։ 1952-ի հունվարի 1-ի համարում նաև նշվեց, որ համաձայն Աստվածաշնչի՝ այդ բառը կարող է վերաբերել նաև ամուսնացած անհատի գործած անբարոյությանը։
c Ավելի վաղ արյան սրբության հարցը քննարկվել է «Դիտարանի» 1927թ. դեկտեմբերի 15-ի համարում, ինչպես նաև 1944թ. դեկտեմբերի 1-ի համարում, որտեղ կոնկրետ հիշատակվում էր արյան փոխներարկման հարցը։
d «Ժամանակակից վիրաբուժություն» (Contemporary Surgery, 1990, մարտ, էջ 45–49), «Ամերիկյան վիրաբուժությունը» (The American Surgeon, 1987, հունիս, էջ 350–356), «Բժշկությունը Մայամիում» (Miami Medicine, 1981, հունվար, էջ 25), «Նյու Յորքի պետական բժշկական հանդես» (New York State Journal of Medicine, 1972, հոկտեմբերի 15, էջ 2524–2527), «Ամերիկյան բժշկական ընկերության հանդես» (The Journal of the American Medical Association, 1981, նոյեմբերի 27, էջ 2471, 2472), «Նորություններ սրտանոթային համակարգի վերաբերյալ» (Cardiovascular News, 1984, փետրվար, էջ 5), «Շրջանառություն» (Circulation, 1984, սեպտեմբեր)։
[մեջբերում 172-րդ էջի վրա]
«Նրանք աչքի ընկնող բարոյական չափանիշներ ունեն»
[մեջբերում 174-րդ էջի վրա]
Վկաների մեջ երբևէ հարց առաջացե՞լ է, թե ինչ տեսակետ պետք է ունենալ համասեռամոլության վերաբերյալ
[մեջբերում 175-րդ էջի վրա]
Աշխարհի բարոյական անկումը պատճառ չի եղել, որ Վկաները ավելի հանդուրժողական լինեն
[մեջբերում 176-րդ էջի վրա]
Ոմանք փորձում էին մնալ Վկա՝ առանց բազմակնությունը մերժելու
[մեջբերում 177-րդ էջի վրա]
Հատուկ կրթություն՝ ամուսնալուծության վերաբերյալ Եհովայի տեսակետը սովորեցնելու համար
[մեջբերում 178-րդ էջի վրա]
Զգալի փոփոխություններ մարդկանց կյանքում
[մեջբերում 181-րդ էջի վրա]
Ծխախոտի օգտագործումն անընդունելի է
[մեջբերում 182-րդ էջի վրա]
Ոգելից խմիչքներ. եթե օգտագործում էին, ապա չափավոր
[մեջբերում 183-րդ էջի վրա]
Հաստատակամորեն վճռել են հեռու մնալ արյունից
[մեջբերում 187-րդ էջի վրա]
Ընկերակցությունից զրկելը նպաստում է կազմակերպությունը բարոյապես մաքուր պահելուն
[շրջանակ 173-րդ էջի վրա]
«Վարքագծի բարելավումը» միշտ չէ, որ լավ պտուղներ էր բերում
Հաշվետվություն Դանիայից. «Շատերը, հատկապես տարիքով եղբայրները, անկեղծորեն ձգտելով քրիստոնեական անձնավորությունը հագնել, ջանում էին խուսափել ցանկացած բանից, ինչը նույնիսկ շատ քիչ առնչություն ուներ այս աշխարհի հետ և այդպիսով կարծես իրենց ավելի արժանի էին դարձնում երկնային Թագավորությանը։ Հաճախ նույնիսկ անպատշաճ էր համարվում ժպտալ ժողովի հանդիպումների ժամանակ, իսկ տարիքով եղբայրներից շատերը կրում էին միայն սև կոստյում, սև կոշիկներ և սև փողկապ։ Նրանք գոհ էին, որ հանգիստ ու խաղաղ կյանք են վարում Տիրոջով։ Նաև կարծում էին, որ իրենց համար բավական է միայն հանդիպումներ անցկացնելը, իսկ քարոզչությամբ կարող են զբաղվել գրքեր տարածողները»։
[շրջանակ 179-րդ էջի վրա]
Ինչ կարծիք ունեն ուրիշները Եհովայի վկաների մասին
◆ Գերմանական «Մունխներ Մերկուր» թերթում Եհովայի վկաների մասին հետևյալն էր ասվում. «Ողջ Ֆեդերատիվ Հանրապետությունում նրանք ամենաազնիվ և ամենաճշտապահ քաղաքացիներն են հարկեր վճարելու հարցում։ Նրանց օրինապահությունը երևում է այն բանից, թե ինչպես են մեքենա վարում։ Դա երևում է նաև հանցագործության վիճակագրական տվյալներից.... Նրանք հնազանդվում են իշխանություն ունեցողներին (ծնողներին, ուսուցիչներին, կառավարությանը).... Բոլոր հարցերում նրանք առաջնորդվում են Աստվածաշնչով» (Münchner Merkur)։
◆ Երբ Վկաները Լանս քաղաքի (Ֆրանսիա) մարզադաշտում անցկացրին իրենց համաժողովը, քաղաքապետը նրանց հետևյալ խոսքերն ասաց. «Ինձ դուր է գալիս, որ դուք պահում եք ձեր խոստումներն ու պայմանավորվածությունները, բացի այդ, դուք կազմակերպված եք, մաքրասեր եք ու կարգապահ։ Ինձ դուր են գալիս Վկաները։ Ես տանել չեմ կարող անկարգությունը և այն մարդկանց, ովքեր աղտոտում են շրջակայքը և փչացնում ամեն ինչ»։
◆ «Ձայներ Հոլոքոստից» գրքում գրված են մի լեհ կնոջ խոսքեր, որը վերապրել է Օսվենցիմի և Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարներից։ Նա գրում է. «Ես տեսա մարդկանց, ովքեր ավելի ու ավելի լավն էին դառնում, և մարդկանց, ովքեր դառնում էին չափազանց ստոր։ Ամենալավ մարդիկ Եհովայի վկաներն էին։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ.... Նրանք զարմանալի գործեր էին անում մյուսների համար։ Օգնում էին հիվանդներին, կիսում էին իրենց հացը ուրիշների հետ և հոգևորապես սփոփում էին իրենց կողքին գտնվող ցանկացած մարդու։ Գերմանացիները ատում էին և միևնույն ժամանակ հարգում նրանց։ Տալիս էին նրանց ամենավատ գործը, բայց նրանք կատարում էին այն արժանապատվությամբ» (Voices From the Holocaust)։