Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 12 էջ 108–117
  • Դիմադրեք ոգեղեն չար ուժերին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիմադրեք ոգեղեն չար ուժերին
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Չար ոգիներ. նրանց ծագումն ու նպատակը
  • Ինչպես են չար ոգիները փորձում մոլորեցնել ձեզ
  • Ինչու է Աստվածաշունչը դատապարտում ոգեհարցությունը
  • Հրապուրելուց՝ հարձակվելուն
  • Ինչպես դիմադրել չար ոգիներին
  • Շարունակեք ձեր պայքարը չար ոգիների դեմ
  • Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Եհովայի օգնությամբ դիմադրիր չար ոգիներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պաշտպանվիր Սատանայի նենգություններից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ի՞նչ վատ բան կա ոգեհարցության մեջ
    2012 Դիտարան
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 12 էջ 108–117

Գլուխ 12

Դիմադրեք ոգեղեն չար ուժերին

1. Ինչպե՞ս էր վարվում Հիսուսը չար ոգիների հանդիպելիս։

ՄԿՐՏՎԵԼՈՒՑ անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը գնում է անապատ՝ աղոթելու և խորհրդածելու։ Այնտեղ Բանսարկու Սատանան փորձում է դրդել նրան խախտելու Աստծո օրենքը։ Բայց Հիսուսը մերժում է Սատանայի խայծը և չի ընկնում նրա թակարդը։ Իր երկրային ծառայության ընթացքում Քրիստոսը ուրիշ չար ոգիների էլ է հանդիպում, սակայն ամեն անգամ դատապարտում ու ընդդիմանում է նրանց (Ղուկաս 4։1–13; 8։26–34; 9։37–44 ա)։

2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Այդ դեպքերի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունները համոզիչ կերպով փաստում են, որ ոգեղեն չար ուժերը գոյություն ունեն։ Նրանք ջանում են մոլորության մեջ գցել մարդկանց։ Սակայն մենք կարող ենք դիմադրել նրանց։ Իսկ որտեղի՞ց են առաջացել չար ոգիները։ Ինչո՞ւ են փորձում մոլորեցնել մարդկանց։ Ի՞նչ մեթոդներ են գործի դնում իրենց նպատակներին հասնելու համար։ Այս և նման հարցերի պատասխանները գտնելով՝ կկարողանանք դիմադրել ոգեղեն չար ուժերին։

Չար ոգիներ. նրանց ծագումն ու նպատակը

3. Ինչպե՞ս է առաջ եկել Բանսարկու Սատանան։

3 Մարդու արարումից երկար ժամանակ առաջ Եհովա Աստված ստեղծել էր մեծ թվով ոգեղեն էակների (Յոբ 38։4, 7)։ Ինչպես արդեն բացատրվել է 6–րդ գլխում, հրեշտակներից մեկը սկսեց ձգտել այն բանին, որ մարդիկ Եհովայի փոխարեն իրեն երկրպագեն։ Իր նպատակին հասնելու համար այդ չար հրեշտակը դուրս եկավ Արարչի դեմ ու զրպարտեց նրան. նա նույնիսկ ակնարկեց առաջին կնոջը, թե Աստված ստախոս է։ Ուստի այդ ըմբոստ ոգեղեն արարածը, միանգամայն արդարացի, հայտնի դարձավ որպես Սատանա՝ հակառակորդ, և Բանսարկու՝ զրպարտիչ (Ծննդոց 3։1–5; Յոբ 1։6)։

4. Նոյի օրերում ի՞նչ մեղք գործեցին որոշ հրեշտակներ։

4 Հետագայում Բանսարկու Սատանային միացան ուրիշ հրեշտակներ ևս։ Արդար Նոյի օրերում նրանցից ոմանք, լքելով իրենց երկնային ծառայությունը, նյութական մարմիններ առան, որպեսզի կարողանան բավարարում տալ իրենց կրքերին՝ կանանց հետ սեռական կապի մեջ մտնելով։ Անշուշտ, անհնազանդության ուղին բռնելու այդ քայլին նրանց դրդեց Սատանան։ Այս ամենի հետևանքով առաջացավ մի խառնածին սերունդ։ Հրեշտակի ու մարդու միախառնումից առաջացած այդ հսկաները կոչվեցին նեֆիլիմներ։ Վերջիններս վայրագություններ գործող բռնի անհատներ էին։ Եհովայի բերած մեծ Ջրհեղեղի ժամանակ այլասերության աստիճանի հասած մարդկությունն ու անհնազանդ հրեշտակների անբնական ժառանգները կործանվեցին։ Ապստամբ հրեշտակները, սակայն, կարողացան փրկվել կործանումից, քանի որ թողեցին իրենց ֆիզիկական մարմիններն ու վերադարձան ոգեղեն ոլորտ։ Բայց Աստված սահմանափակումներ դրեց դև դարձած այդ հրեշտակների վրա և որպես վտարվածների՝ գցեց հոգևոր խավարի մեջ (Ծննդոց 6։1–7, 17; Յուդա 6)։ Այնուամենայնիվ, «դեւերի իշխան» Սատանան ու նրա չար հրեշտակները չհրաժարվեցին իրենց ըմբոստ ընթացքից (Ղուկաս 11։15)։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք։

5. Ի՞նչ նպատակ են հետապնդում Սատանան ու նրա դևերը, և ի՞նչ են նրանք օգտագործում մարդկանց իրենց թակարդը գցելու համար։

5 Սատանայի ու դևերի նպատակն է մարդկանց հեռացնել Եհովա Աստծուց։ Ուստի այս չար արարածները մարդկության պատմության ողջ ընթացքում մոլորեցրել ու ահաբեկել են մարդկանց և հարձակում են գործել նրանց վրա (Յայտնութիւն 12։9)։ Փաստերը պարզ ցույց են տալիս, որ դևերի գործողությունները այսօր շատ ավելի կատաղի են, քան երբևէ։ Մարդկանց իրենց թակարդը գցելու համար նրանք հաճախ օգտագործում են ոգեհարցությունը՝ իր բոլոր ձևերով։ Ինչպե՞ս են դևերը գործածում այդ խայծը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանվել դրանից։

Ինչպես են չար ոգիները փորձում մոլորեցնել ձեզ

6. Ի՞նչ է ոգեհարցությունը, և որո՞նք են նրա ձևերից մի քանիսը։

6 Ի՞նչ է ոգեհարցությունը։ Դա դևերի, կամ չար ոգիների հետ կապի մեջ մտնելն է՝ անմիջականորեն թե անուղղակի կերպով (ոգեհարցի միջոցով)։ Դևերի համար ոգեհարցությունը նույն նպատակին է ծառայում, ինչ որ խայծը՝ որսորդի. այն հրապուրում է զոհին։ Եվ ինչպես որսորդն է տարբեր տեսակի խայծեր օգտագործում կենդանիներին իր թակարդը գցելու համար, այնպես էլ չար ոգիներն են խրախուսում ոգեհարցության տարբեր ձևեր՝ մարդկանց իրենց ազդեցության տակ պահելու համար (համեմատի՛ր Սաղմոս 119։110)։ Այդ ձևերից են՝ գուշակությունը, մոգությունը, կախարդությունը, հմայությունը, մեռելահարցությունը, նախանշաններին հետևելն ու ոգեհարցներին դիմելը։

7. Որքանո՞վ է տարածված ոգեհարցությունը, և ինչո՞ւ է այն ծաղկում նույնիսկ այսպես կոչված քրիստոնեական երկրներում։

7 Ոգեհարցությունը բավական հաջող խայծ է, քանի որ գրավում է մարդկանց աշխարհի բոլոր ծայրերում։ Գյուղերում ապրողները դիմում են հեքիմներին, իսկ քաղաքաբնակ պաշտոնյաները՝ աստղագուշակներին։ Ոգեհարցությունը ծաղկում է նույնիսկ այսպես կոչված քրիստոնեական երկրներում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն Միացյալ Նահանգներում մոտ 30 պարբերագրեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 10 000 000 տպաքանակով, նվիրված են ոգեհարցության տարբեր ձևերին։ Բրազիլացիները ամեն տարի ավելի քան 500 միլիոն դոլար են ծախսում ոգեհարցության հետ կապ ունեցող առարկաների վրա։ Մինչդեռ այդ երկրում ոգեհարցության կենտրոններ հաճախողների 80%–ը մկրտված կաթոլիկներ են, որոնք մասնակցում են նաև պատարագների։ Քանի որ որոշ հոգևորականներ զբաղվում են ոգեհարցությամբ, կրոնասեր շատ մարդիկ կարծում են, թե այն ընդունելի է Աստծո կողմից։ Բայց արդյո՞ք այդպես է։

Ինչու է Աստվածաշունչը դատապարտում ոգեհարցությունը

8. Ի՞նչ են ասում Գրությունները ոգեհարցության վերաբերյալ։

8 Եթե ձեզ սովորեցրել են, որ ոգեհարցության որոշ ձևեր բարի ոգիների հետ կապ հաստատելու միջոց են, գուցե զարմանաք՝ իմանալով, թե Աստվածաշունչն ինչ է ասում ոգեհարցության մասին։ Եհովայի ժողովրդին տրվել էր հետևյալ նախազգուշացումը. «Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք» (Ղեւտացոց 19։31; 20։6, 27)։ Իսկ Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում ասվում է, որ ‘կախարդների’՝ ոգեհարցությամբ զբաղվողների վերջը «այ[ն] լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ [հավիտենական] մահը» (Յայտնութիւն 21։8; 22։15)։ Եհովան դատապարտում է ոգեհարցության բոլոր ձևերը (Բ Օրինաց 18։10–12)։ Ինչո՞ւ։

9. Ինչո՞ւ կարող ենք եզրակացնել, որ մեր օրերում ոգեղեն ոլորտից եկող լուրերը Եհովայից չեն։

9 Նախքան Աստվածաշնչի ամբողջովին գրի առնվելը Եհովան որոշ անհատների հետ հաղորդակցվել է բարի ոգիների՝ արդար հրեշտակների միջոցով։ Բայց Աստծո Խոսքի արձանագրման ավարտից հետո մարդկանց անհրաժեշտ առաջնորդությունը՝ Եհովային ընդունելի կերպով ծառայելու մասին, սկսեց տրվել այդ գրքի միջոցով (Բ Տիմոթէոս 3։16, 17; Եբրայեցիս 1։1, 2)։ Աստված չի շրջանցում իր սուրբ Խոսքը ու ոգեհարցների միջոցով լուրեր չի հայտնում։ Ներկայումս ոգեղեն աշխարհից եկող բոլոր լուրերը գալիս են չար ոգիներից։ Ոգեհարցությամբ զբաղվելը կարող է հանգեցնել այն բանին, որ դևերը սկսեն անհանգստացնել մարդուն կամ նույնիսկ իշխանություն ձեռք բերեն նրա վրա։ Հետևաբար՝ Աստված սիրով նախազգուշացնում է մեզ, որ չզբաղվենք ոգեհարցության որևէ ձևով (Բ Օրինաց 18։14; Գաղատացիս 5։19–21)։ Ավելին՝ եթե այս հարցում Եհովայի տեսակետն իմանալուց հետո շարունակենք զբաղվել ոգեհարցությամբ, ապա կբռնենք ըմբոստ ոգեղեն արարածների կողմը ու կդառնանք Աստծո թշնամին (Ա Թագաւորաց 15։23; Ա Մնացորդաց 10։13, 14; Սաղմոս 5։4)։

10. Ի՞նչ է գուշակությունը, և ինչո՞ւ պետք է խուսափենք դրանից։

10 Ոգեհարցության տարածված ձևերից մեկը գուշակությունն է, որը ոգիների օգնությամբ ապագայի կամ անհայտ բանի մասին իմանալու փորձ է։ Գուշակության ձևերից են՝ աստղագուշակությունը, մոգական բյուրեղով գուշակելը, երազահանությունը, ձեռնագուշակությունը և քարտերի միջոցով գուշակելը։ Շատերն այն համարում են անվնաս զվարճություն, սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բախտագուշակներն ու չար ոգիները գործում են ուս–​ուսի։ Օրինակ՝ Գործք 16։16–19-ում հիշատակվում է մի «հարցուկ ոգի», որը ‘գուշակություն անելու’ (ԱԱ) զորություն էր տվել մի երիտասարդ կնոջ։ Սակայն երբ դևը վտարվեց, այդ կինը կորցրեց ապագան գուշակելու ունակությունը։ Պարզ է, ուրեմն, որ գուշակությունը դևերի խայծն է, որի միջոցով նրանք մարդկանց իրենց ծուղակն են գցում։

11. Ինչպե՞ս են մահացածների հետ կապի մեջ մտնելու փորձերը ծուղակ հանդիսանում մարդու համար։

11 Եթե վշտացած եք սիրելի հարազատի կամ մտերիմ ընկերոջ մահվան պատճառով, հեշտությամբ կարող եք ընկնել մեկ ուրիշ ծուղակի մեջ։ Ոգեհարցը կարող է որոշակի տեղեկություններ հայտնել ձեզ կամ խոսել մահացածի ձայնով։ Զգո՛ւյշ եղեք։ Մահացածների հետ հաղորդակցվելու փորձերը կարող են թակարդը գցել։ Ինչո՞ւ։ Որովհետև մահացածները չեն կարող խոսել։ Ինչպես հավանաբար հիշում եք, Աստծո Խոսքում պարզ ասվում է, որ մահացած մարդը ‘դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորում են նրա խորհուրդները’։ Մահացածները «մի բան չ’գիտեն» (Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 10)։ Ավելին՝ հայտնի է, որ իրականում դևերն են ընդօրինակում հանգուցյալների ձայները և ոգեհարցին տեղեկություններ տալիս նրանց մասին (Ա Թագաւորաց 28։3–19)։ Ուստի՝ մահացածներին դիմող ցանկացած անհատ ընկնում է չար ոգիների ծուղակը և գործում է Եհովա Աստծո կամքին հակառակ (Բ Օրինաց 18։11, 12; Եսայիա 8։19)։

Հրապուրելուց՝ հարձակվելուն

12, 13. Ի՞նչ ապացույցներ կան, որ դևերը շարունակում են փորձության ենթարկել ու անհանգստացնել մարդկանց։

12 Ընդունելով Աստծո Խոսքում ոգեհարցության վերաբերյալ տրվող խորհուրդը՝ դուք մերժում եք դևերի խայծը (համեմատի՛ր Սաղմոս 141։9, 10; Հռովմայեցիս 12։9)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ չար ոգիները ձեզ իրենց գերին դարձնելու փորձերին վերջ կտան։ Ամենևի՛ն։ Հիսուսին երեք անգամ փորձելուց հետո Սատանան «հեռացաւ նորանից մինչեւ մի ժամանակ» (Ղուկաս 4։13)։ Նմանապես՝ համառ ոգիները ոչ միայն հրապուրում են մարդկանց, այլև հարձակում են գործում նրանց վրա։

13 Հիշենք մեր կողմից արդեն քննարկված այն պատմությունը, երբ Սատանան հարձակում գործեց Աստծո ծառա Հոբի վրա։ Բանսարկուն այնպես արեց, որ նա զրկվի իր բոլոր հոտերից ու կորցնի գրեթե բոլոր ծառաներին։ Սատանան նույնիսկ սպանեց Հոբի երեխաներին, իսկ հետո նրան զարկեց մի ծանր հիվանդությամբ։ Չնայած այս ամենին՝ Հոբը պահպանեց իր անարատությունը Աստծո առջև ու առատապես օրհնվեց (Յոբ 1։7–19; 2։7, 8; 42։12)։ Այդ ժամանակներից ի վեր դևերը որոշ մարդկանց զրկել են խոսելու ունակությունից, կուրացրել են նրանց՝ շարունակելով հաճույք ստանալ մարդկանց տառապանք պատճառելուց (Մատթէոս 9։32, 33; 12։22; Մարկոս 5։2–5)։ Փաստերը ցույց են տալիս, որ այսօր դևերը ոմանց անհանգստացնում են սեռական առումով, ոմանց հասցնում են խելագարության, ոմանց էլ դրդում են մարդասպանության կամ ինքնասպանության, որոնք լուրջ մեղքեր են Աստծո դեմ (Բ Օրինաց 5։17; Ա Յովհաննէս 3։15)։ Այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ, ովքեր մի ժամանակ ընկած են եղել չար ոգիների թակարդը, կարողացել են ազատագրվել։ Ինչպե՞ս։ Շնորհիվ այն բանի, որ շատ կարևոր քայլեր են ձեռնարկել։

Ինչպես դիմադրել չար ոգիներին

14. Հետևելով առաջին դարում ապրող եփեսացի քրիստոնյաների օրինակին՝ ինչպե՞ս կարող եք դիմադրել չար ոգիներին։

14 Ո՞րն է այն քայլերից մեկը, որ կօգնի դիմակայել չար ոգիներին և պաշտպանել ձեզ ու ձեր ընտանիքը նրանց ծուղակներից։ Առաջին դարում Եփեսոսի քրիստոնյաները, որոնք նախքան քրիստոնյա դառնալը զբաղվել էին ոգեհարցությամբ, դրական քայլեր ձեռնարկեցին։ Ահա թե ինչ ենք կարդում նրանց մասին. «Կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում» (Գործք 19։19)։ Նույնիսկ եթե դուք չեք զբաղվել ոգեհարցությամբ, ազատվեք ոգեհարցության մեջ գործածվող կամ դրա հետ որևէ առնչություն ունեցող բոլոր առարկաներից, ինչպես օրինակ՝ գրքերից, պարբերագրերից, տեսաֆիլմերից, պլակատներից, ձայնագրություններից և այլն։ Դրանց թվում են նաև կուռքերը, թալիսմանները և պաշտպանության նպատակով գործածվող մյուս առարկաները, ինչպես նաև ոգեհարցությամբ զբաղվող անհատների կողմից տրված նվերները (Բ Օրինաց 7։25, 26; Ա Կորնթացիս 10։20 բ, 21)։ Օրինակ՝ դևերը երկար ժամանակ անհանգստություն էին պատճառում Թաիլանդում ապրող մի ամուսնական զույգի։ Հետագայում նրանք ազատվեցին ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր առարկաներից։ Արդյունքո՞ւմ։ Դևերի հարձակումները դադարեցին, և նրանք հոգևորապես առաջադիմեցին։

15. Ո՞րն է չար ոգիներին դիմադրելու հաջորդ կարևոր քայլը։

15 Չար ոգիներին դիմակայելու համար անհրաժեշտ է կատարել ևս մի քայլ. Պողոս առաքյալի խորհրդին հետևելով՝ ամբողջովին «զինվել» Աստծո կողմից տրված հոգևոր սպառազինությամբ (Եփեսացիս 6։11–17)։ Քրիստոնյաները պետք է ամրապնդեն չար ոգիներից պաշտպանվելու իրենց միջոցները։ Ի՞նչ է ներառում այս քայլը։ «Ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել»,— ասել է Պողոսը։ Եվ իրոք, որքան ամուր լինի ձեր հավատը, այնքան ավելի լավ կդիմադրեք չար ոգիներին (Մատթէոս 17։14–19)։

16. Ինչպե՞ս կարող եք ամրացնել ձեր հավատը։

16 Իսկ ինչպե՞ս կարող եք ամրացնել ձեր հավատը։ Շարունակելով ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել նրա խորհուրդները։ Հավատի ամրությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է ամուր նրա հիմքը՝ Աստծո գիտությունը։ Ճշգրիտ գիտությունը, որ ի սրտե ընդունել եք Աստվածաշունչն ուսումնասիրելու միջոցով, ամրացրել է ձեր հավատը, այնպես չէ՞ (Հռովմայեցիս 10։10, 17)։ Ուրեմն՝ եթե շարունակեք ձեր ուսումնասիրությունը ու Եհովայի վկաների ժողովներին հաճախելը սովորություն դարձնեք, անկասկած, է՛լ ավելի կզորացնեք ձեր հավատը (Հռովմայեցիս 1։11, 12; Կողոսացիս 2։6, 7)։ Եվ այն շատ ամուր պատնեշ կդառնա չար ոգիների գրոհների դեմ (Ա Յովհաննէս 5։5)։

17. Ուրիշ ի՞նչ քայլեր գուցե անհրաժեշտ լինի ձեռնարկել ոգեղեն չար ուժերի դեմ պայքարելու համար։

17 Ուրիշ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն մարդը, որը վճռել է դիմադրել ոգեղեն չար ուժերին։ Եփեսոսի քրիստոնյաները պաշտպանության կարիք ունեին, քանզի ապրում էին մի քաղաքում, որ ողողված էր դիվայնությամբ։ Ուստի Պողոսը գրեց նրանց. «Աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով» (Եփեսացիս 6։18)։ Քանի որ մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որը լի է դևերի ազդեցությամբ, Աստծո պաշտպանությունը ստանալու համար ջերմեռանդորեն աղոթելը շատ կարևոր է չար ոգիներին դիմակայելու հարցում (Մատթէոս 6։13)։ Այս առումով օգտակար կարող են լինել քրիստոնեական ժողովի երեցների հոգևոր աջակցությունն ու աղոթքները (Յակոբոս 5։13–15)։

Շարունակեք ձեր պայքարը չար ոգիների դեմ

18, 19. Ի՞նչ կարելի է անել այն դեպքում, երբ դևերը նորից անհանգստացնում են անհատին։

18 Այս հիմնական քայլերը ձեռնարկելուց հետո անգամ չար ոգիները շարունակել են անհանգստացնել ոմանց։ Օրինակ՝ Կոտ դ’Իվուարում ապրող մի մարդ Եհովայի վկաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց հետո ոչնչացրեց իր բոլոր թալիսմանները։ Նա հասավ հաջողությունների, իր կյանքը նվիրեց Եհովային ու մկրտվեց։ Բայց իր մկրտությունից մի շաբաթ անց դևերը նորից սկսեցին անհանգստացնել նրան։ Ձայները հրամայում էին այդ մարդուն հրաժարվել իր նոր հավատից։ Եթե նման բան պատահեր ձեզ հետ, արդյո՞ք դա կնշանակեր, թե կորցրել եք Եհովայի պաշտպանությունը։ Անպայման չէ։

19 Թեև Հիսուս Քրիստոսը կատարյալ մարդ էր և ուներ Աստծո պաշտպանությունը, բայց նա լսեց ոգեղեն չար արարածի՝ Բանսարկու Սատանայի ձայնը։ Հիսուսը ցույց տվեց, թե նման դեպքում ինչպես պետք է վարվել։ Նա ասաց Բանսարկուին. «Դէն գնա, սատանայ» (Մատթէոս 4։3–10)։ Նույն ձևով դուք էլ պետք է մերժեք ոգեղեն աշխարհից եկող ձայները։ Հակառակվեք չար ոգիներին՝ օգնության համար Եհովային կանչելով։ Այո՛, բարձրաձայն աղոթեք՝ տալով Եհովայի անունը։ Առակաց 18։10–ում ասվում է. «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում»։ Կոտ դ’Իվուարում ապրող քրիստոնյան այդպես էլ արեց, և չար ոգիները դադարեցրին իրենց հարձակումները (Սաղմոս 124։8; 145։18)։

20. Ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ է հարկավոր անել չար ոգիներին դիմադրելու համար։

20 Թեպետ Եհովան թույլ է տվել, որ չար ոգիները գոյատևեն, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս իր զորությունը, հատկապես հօգուտ իր ժողովրդի, և նրա անունը հռչակվում է ողջ աշխարհում (Ելից 9։16)։ Դուք չար ոգիներից վախենալու կարիք չեք ունենա, եթե շարունակեք մտերիմ հարաբերություններ պահպանել Աստծո հետ (Թուոց 23։21, 23; Յակոբոս 4։7, 8; Բ Պետրոս 2։9)։ Դևերի զորությունը սահմանափակ է։ Նոյի օրերում նրանք պատժվեցին, ոչ այնքան վաղուց դուրս նետվեցին երկնքից, իսկ հիմա սպասում են իրենց վերջնական դատաստանին (Յուդա 6; Յայտնութիւն 12։9; 20։1–3, 7–10, 14)։ Իրականում, նրանք սարսափում են գալիք կործանումից (Յակոբոս 2։19)։ Ուստի անկախ այն բանից՝ կփորձեն չար ոգիները ինչ–​որ բանով հրապուրել ձեզ, թե որևէ ձևով հարձակում գործել ձեզ վրա, դուք կարող եք դիմադրել նրանց (Բ Կորնթացիս 2։11)։ Հեռու մնացեք ոգեհարցության բոլոր ձևերից, կիրառեք Աստծո Խոսքում տրվող խորհուրդը և ջանացեք արժանանալ Եհովայի հավանությանը։ Արեք դա առանց հետաձգելու, քանի որ չար ոգիներին դիմադրելուց կախված է ձեր կյանքը։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ինչպե՞ս են չար ոգիները փորձում մոլորեցնել մարդկանց։

•Ինչո՞ւ է Աստվածաշունչը դատապարտում ոգեհարցությունը։

•Ինչպե՞ս կարելի է ազատվել ոգեղեն չար արարածների ազդեցությունից։

•Ինչո՞ւ պետք է շարունակեք դիմադրել չար ոգիներին։

[Նկար 110–րդ էջի վրա]

Ո՞րն է ձեր տեսակետը ոգեհարցության վերաբերյալ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը