Գլուխ 18
Նպատակ դրեք ծառայել Աստծուն հավիտյան
1, 2. Ի՞նչ է պահանջվում մեզանից՝ Աստծո գիտությունը իմանալուց բացի։
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, թե կանգնած եք գանձերով լի սենյակի առջև, որի դուռը փակ է։ Իշխանություն ունեցող մեկը տվել է ձեզ բանալին՝ թույլատրելով վերցնել ինչ որ կկամենաք։ Սակայն եթե բանալին գործի չդնեք, այն ոչ մի օգուտ չի տա։ Նմանապես՝ որպեսզի գիտությունը օգուտ բերի, հարկավոր է գործադրել այն։
2 Այս բանը տեղին է հատկապես Աստծո գիտության առնչությամբ։ Ճիշտ է, որ Եհովայի ու Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտությունը հավիտենական կյանքի է առաջնորդում (Յովհաննէս 17։3)։ Բայց միայն գիտելիքներ ունենալով՝ դրան չեք հասնի։ Հարկավոր է կյանքում գործադրել Աստծո գիտությունը, ինչպես որ գործի կդնեիք այն արժեքավոր բանալին։ Հիսուսի խոսքերով՝ Աստծո կամքը կատարողները կմտնեն «երկնքի արքայութիւնը»։ Այդ անհատները պատիվ կունենան Աստծուն ծառայելու հավիտյան (Մատթէոս 7։21; Ա Յովհաննէս 2։17)։
3. Ո՞րն է Աստծո կամքը՝ մեզ հետ կապված։
3 Տեղեկանալով, թե որն է Աստծո կամքը՝ չափազանց կարևոր է այն կատարել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Աստծո կամքը ձեր նկատմամբ։ Դա կարելի է ամփոփել երկու խոսքով՝ ընդօրինակել Հիսուսին։ Ա Պետրոս 2։21–ում ասվում է. «Դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք»։ Ուստի՝ Աստծո կամքը կատարելու համար պետք է հնարավորին չափ ճշգրիտ հետևեք Հիսուսի թողած օրինակին։ Դա անելով՝ կիրառած կլինեք Աստծո գիտությունը։
Ինչպե՞ս հիսուսը կիրառեց Աստծո գիտությունը
4. Ինչո՞ւ Հիսուսն այդքան շատ բան գիտեր Եհովայի մասին, և ինչպե՞ս էր նա գործադրում այդ գիտելիքները։
4 Ոչ ոք այնքան մոտիկից չի ճանաչել Աստծուն, որքան Հիսուս Քրիստոսը։ Նախքան երկիր գալը նա դարեր շարունակ ապրել ու աշխատել է Եհովայի հետ երկնքում (Կողոսացիս 1։15, 16)։ Ի՞նչ արեց Հիսուսը իր այդ գիտելիքների հետ։ Նա չբավականացավ զուտ դրանք ունենալով։ Հիսուսը ապրում էր այդ գիտելիքների համաձայն։ Ահա թե ինչու էր նա մարդկանց հանդեպ այդքան բարի, համբերատար ու սիրառատ։ Հիսուսը ընդօրինակում էր իր երկնային Հորը ու գործում այն գիտելիքներին համապատասխան, որ ուներ Եհովայի ճանապարհների և նրա հատկությունների վերաբերյալ (Յովհաննէս 8։23, 28, 29, 38; Ա Յովհաննէս 4։8)։
5. Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց, և ինչպե՞ս էր նա ապրում իր մկրտության նշանակության համաձայն։
5 Գիտելիքները մղեցին Հիսուսին մի շատ վճռական քայլի ևս։ Նա Գալիլեայից գնաց Հորդանան գետը՝ Հովհաննեսի կողմից մկրտվելու (Մատթէոս 3։13–15)։ Ի՞նչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը։ Նա հրեա էր, իսկ այդ ազգը նվիրված էր Աստծուն։ Ուստի Հիսուսը Եհովային նվիրված էր ծննդյան օրվանից (Ելից 19։5, 6)։ Մկրտվելով՝ Հիսուսը իրեն ներկայացրեց Աստծուն, որպեսզի կատարի այն, ինչ իրենից կամենում էր Եհովան այդ ժամանակ (Եբրայեցիս 10։5, 7)։ Եվ նա ապրեց իր մկրտության նշանակության համաձայն։ Հիսուսն իր բոլոր ուժերը ներդրեց Եհովային ծառայելու գործին՝ յուրաքանչյուր առիթի դեպքում Աստծո գիտությունը փոխանցելով մարդկանց։ Նա ուրախություն էր ստանում Աստծո կամքը կատարելուց, նույնիսկ ասում էր, որ իր համար դա նման է կերակուրի (Յովհաննէս 4։34)։
6. Ի՞նչ իմաստով Հիսուսը ուրացավ իր անձը։
6 Հիսուսը լիովին հասկանում էր, որ Եհովայի կամքը կատարելու համար մեծ զոհողությունների պետք է գնա, նույնիսկ տա իր կյանքը։ Սակայն նա ուրացավ իր անձը՝ սեփական կարիքներին երկրորդական տեղ հատկացնելով։ Աստծո կամքը կատարելը միշտ առաջին տեղում էր։ Այս հարցում ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի կատարյալ օրինակին։
Քայլեր, որ առաջնորդում են հավիտենական կյանքի
7. Ինչպիսի՞ քայլեր պետք է կատարենք մկրտության հասնելու համար։
7 Ի տարբերություն Հիսուսի՝ մենք անկատար ենք և մկրտության կարող ենք հասնել միայն որոշ կարևոր քայլեր կատարելուց հետո։ Նախ՝ պետք է սրտով ընդունենք ճշգրիտ գիտությունը Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին։ Դրա շնորհիվ Աստծո հանդեպ հավատ ու մեծ սեր կցուցաբերենք (Մատթէոս 22։37–40; Հռովմայեցիս 10։17; Եբրայեցիս 11։6)։ Եհովայի օրենքներին, սկզբունքներին ու չափանիշներին հնազանդվելը կմղի մեզ զղջալու՝ ցույց տալով, որ խորապես ցավում ենք նախկինում գործած մեղքերի համար։ Դա կհանգեցնի այն բանին, որ դարձի գանք, այսինքն՝ ետ դառնանք կամ հրաժարվենք այն սխալ ընթացքից, որ ունեինք Աստծո գիտությունը ձեռք բերելուց առաջ (Գործք 3։19)։ Բնականաբար, եթե արդար գործեր անելու փոխարեն՝ գաղտնի շարունակում ենք ինչ–որ մեղք գործել, ապա իրականում դարձի չենք եկել։ Մենք չենք կարող խաբել Աստծուն։ Եհովան տեսնում է ցանկացած կեղծիք (Ղուկաս 12։2, 3)։
8. Ի՞նչ քայլ պետք է կատարեք, եթե ցանկանում եք մասնակցություն բերել Թագավորությունը քարոզելու գործին։
8 Աստծո գիտությունը ընդունելու հետ մեկտեղ ինչո՞ւ չխորհեք հոգևոր բաները անձամբ կիրառելու մասին։ Հավանաբար մեծ ցանկություն ունեք ձեր սովորածը պատմել բարեկամներին, ընկերներին և ուրիշներին։ Թերևս արդեն այդպես էլ անում եք, ճիշտ ինչպես Հիսուսը, որ ցանկացած հարմար առիթի դեպքում մարդկանց հայտնում էր բարի լուրը (Ղուկաս 10։38, 39; Յովհաննէս 4։6–15)։ Այժմ գուցե ցանկանում եք ավելին անել։ Քրիստոնյա երեցները ուրախ կլինեն զրուցել ձեզ հետ՝ որոշելու համար, թե արդյոք պատրաստ եք Եհովայի վկաների կանոնավոր քարոզչական գործունեությանը մասնակցելու։ Եթե պատրաստ լինեք, ապա երեցները միջոցներ կձեռնարկեն, որ դուք Վկաներից մեկի հետ մասնակցեք ծառայության։ Իրենց ծառայությունը կազմակերպված ձևով կատարելու համար Հիսուսի աշակերտները հետևում էին նրա խորհուրդներին (Մարկոս 6։7, 30; Ղուկաս 10։1)։ Նման օգնությունը օգտակար կլինի նաև ձեզ համար Թագավորության լուրը տնից տուն կամ որևէ այլ ձևով քարոզելու ժամանակ (Գործք 20։20, 21)։
9. Ինչպե՞ս է մարդ նվիրվում Աստծուն, և ինչպե՞ս է այդ նվիրումն անդրադառնում իր կյանքի վրա։
9 Բարի լուրը ժողովի տարածքում ապրող տարբեր մարդկանց քարոզելը հնարավորություն է տալիս գտնել ճիշտ տրամադրված անհատների։ Դա այն բարի գործերից է, որոնք վկայում են ձեր հավատի մասին (Գործք 10։34, 35; Յակոբոս 2։17, 18, 26)։ Քրիստոնեական հանդիպումներին կանոնավորապես հաճախելով և քարոզչական ծառայությանը իմաստալից մասնակցություն բերելով՝ ցույց կտաք նաև, որ զղջացել եք ու դարձի եկել և այժմ լի եք Աստծո գիտությանը համապատասխան ապրելու վճռականությամբ։ Իսկ ո՞րն է հաջորդ տրամաբանական քայլը։ Եհովային նվիրվելը։ Դա նշանակում է, որ սրտաբուխ աղոթքով պետք է հայտնենք Աստծուն, որ հոժարակամորեն ու ամբողջ հոգով ձեր կյանքը նվիրում եք իրեն ծառայելուն և իր կամքը կատարելուն։ Հենց սա է Եհովային նվիրվելու և Հիսուս Քրիստոսի «քաղցր» լուծն ընդունելու ձևը (Մատթէոս 11։29, 30)։
Մկրտություն. ի՞նչ է այն նշանակում ձեզ համար
10. Եհովային նվիրվելուց հետո ինչո՞ւ պետք է մկրտվեք։
10 Հիսուսի խոսքերի համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր դառնում են իր աշակերտները, պետք է մկրտվեն (Մատթէոս 28։19, 20)։ Աստծուն նվիրվելուց հետո ինչո՞ւ է անհրաժեշտ կատարել այդ քայլը։ Շնորհիվ ձեր նվիրման Եհովան գիտի, որ սիրում եք իրեն։ Բայց դուք, անշուշտ, կցանկանաք, որ նրա հանդեպ ձեր սիրո մասին իմանան նաև բոլորը։ Մկրտությունը հնարավորություն կտա հրապարակավ հայտնելու ձեր նվիրումն առ Աստված (Հռովմայեցիս 10։9, 10)։
11. Ինչպիսի՞ իմաստ ունի մկրտությունը։
11 Մկրտությունը խորհրդանշական խոր իմաստ ունի։ Ջրի մեջ ընկղմվելով կամ թաղվելով՝ ասես մահանում եք ձեր վարած նախկին կյանքի նկատմամբ։ Իսկ ջրից դուրս գալով՝ նոր կյանք եք մտնում, որը վարելու եք ըստ Աստծո կամքի, և ոչ թե ձեր։ Դա, իհարկե, չի նշանակում, թե այլևս սխալներ չեք գործի. բոլորս էլ անկատար ենք և հետևաբար ամեն օր մեղքեր ենք գործում։ Սակայն Եհովայի նվիրված ու մկրտված ծառա դառնալով՝ նրա հետ առանձնահատուկ փոխհարաբերությունների մեջ եք մտնում։ Շնորհիվ այն բանի, որ ապաշխարել եք ու խոնարհաբար մկրտվել՝ Եհովան պատրաստ է ներել ձեր մեղքերը Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա։ Այսպիսով՝ մկրտությունը առաջնորդում է Աստծո առջև մաքուր խիղճ ունենալուն (Ա Պետրոս 3։21)։
12. Ի՞նչ է նշանակում մկրտվել՝ ա) Հոր անունով. բ) Որդու անունով. գ) սուրբ ոգու անունով։
12 Իր հետևորդներին Հիսուսը պատվիրել էր, որ նրանք նոր աշակերտներին մկրտեին «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթէոս 28։19)։ Ի՞նչ է դա նշանակում։ Մկրտվելով Հոր անունով՝ անհատը ցույց է տալիս, որ ամբողջ սրտով ընդունում է Եհովա Աստծուն՝ որպես Արարչի և տիեզերքի լիիրավ Գերիշխանի (Սաղմոս 36։9; 83։18; Ժողովող 12։1)։ Մկրտվելով Որդու անունով՝ անհատը ընդունում է Հիսուս Քրիստոսին և հատկապես նրա քավիչ զոհաբերությունը՝ որպես Աստծո կողմից փրկության համար տրամադրված միակ միջոց (Գործք 4։12)։ Սուրբ ոգու անունով մկրտվելը ցույց է տալիս, որ մկրտության թեկնածուն ընդունում է Եհովայի սուրբ ոգին՝ նրա գործուն ուժը, իբրև միջոց, որով Աստված իրականացնում է իր նպատակները և զորացնում իր ծառաներին, որպեսզի նրանք կատարեն իր արդար կամքը՝ սուրբ ոգով առաջնորդվող իր կազմակերպության հետ համագործակցելով (Ծննդոց 1։2; Սաղմոս 104։30; Յովհաննէս 14։26; Բ Պետրոս 1։21)։
Պատրա՞ստ եք մկրտության
13, 14. Ինչո՞ւ չպետք է վախենանք Եհովա Աստծուն ծառայելու ուղին ընտրելուց։
13 Եթե մկրտությունն այդքան խորիմաստ է և անհատի կյանքում նման շրջադարձային դեր է խաղում, պե՞տք է արդյոք վախենալ այդ քայլից։ Բոլորովին։ Թեև մկրտվելու որոշմանը չպետք է մոտենալ թեթևամտորեն, սակայն դա, անկասկած, կլինի ձեր կյանքի ամենաիմաստուն որոշումը։
14 Ձեր մկրտությամբ ցույց կտաք, որ Եհովային ծառայելու որոշում եք կայացրել։ Խորհեք այն մարդկանց մասին, ում հետ ծանոթ եք։ Այսպես թե այնպես՝ մի՞թե նրանցից յուրաքանչյուրը չի ծառայում որևէ տիրոջ։ Ոմանք ծառայում են հարստությանը (Մատթէոս 6։24)։ Ոմանք մեծ եռանդով ձգտում են լավ կարիերայի կամ իրենք իրենց են ծառայում՝ կյանքում կարևորագույն տեղը սեփական ցանկությունների բավարարմանը հատկացնելով։ Ոմանք էլ ծառայում են կեղծ աստվածների։ Ի տարբերություն նրանց՝ դուք որոշել եք ծառայել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Ոչ ոք չի կարող այնքան բարություն, կարեկցանք ու սեր ցուցաբերել, որքան նա։ Եհովան մարդկանց պատվի է արժանացրել՝ տվել է մի նպատակասլաց աշխատանք, որը փրկության է առաջնորդում։ Նա իր ծառաներին պարգևատրելու է հավիտենական կյանքով։ Անկասկած, պետք չէ վախենալ Հիսուսի օրինակին հետևելուց ու Եհովային նվիրվելուց։ Իրականում, դա Աստծուն գոհացնելու միակ ուղին է։ Այդ քայլը լիովին ողջամիտ է (Գ Թագաւորաց 18։21)։
15. Սովորաբար ի՞նչը կարող է խոչընդոտել մկրտվելուն։
15 Սակայն մկրտությունը չպետք է կատարվի ստիպողաբար։ Դա անձնական հարց է, որ վերաբերում է միայն ձեզ ու Եհովային (Գաղատացիս 6։4)։ Հոգևորապես առաջադիմելով՝ գուցե մտածեք. «Ի՞նչն է արգելում ինձ, որ մկրտվեմ» (Գործք 8։35, 36)։ Կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ. «Ընտանիքի հակառակությո՞ւնն է ետ պահում ինձ։ Արդյոք չե՞մ շարունակում անել այնպիսի մի բան, որն ըստ Աստվածաշնչի՝ մեղք է համարվում։ Գուցե վախենում եմ շրջապատի մարդկանց բարեհաճությո՞ւնը կորցնել»։ Արժե խորհել նման հարցերի շուրջ։ Բայց դա անելիս եղեք իրատես։
16. Ի՞նչ օգուտներ կքաղեք՝ Եհովային ծառայելով։
16 Իրատեսորեն չեք վարվի, եթե Եհովային ծառայելու օգուտները հաշվի չառնելով՝ մտածեք լոկ այն մասին, թե ինչ զոհողությունների ստիպված կլինեք գնալ։ Վերցնենք ընտանիքի հակառակության հարցը։ Հիսուսը խոստացել է, որ եթե իրեն հետևելու պատճառով նույնիսկ հարազատները հրաժարվեն իր աշակերտից, վերջինս ավելի մեծ հոգևոր ընտանիք կգտնի (Մարկոս 10։29, 30)։ Հավատակիցները եղբայրական սեր կցուցաբերեն ձեր հանդեպ, կօգնեն դիմանալ փորձություններին և նեցուկ կկանգնեն կյանքի ճանապարհին (Ա Պետրոս 5։9)։ Խնդիրներն ու մյուս դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու հարցում հատկապես կարող են օգնել ժողովի երեցները (Յակոբոս 5։14–16)։ Իսկ ինչ վերաբերում է այս աշխարհի բարեհաճությունը կորցնելուն, ապա հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչը կարող է համեմատվել տիեզերքի Արարչի հավանությունն ունենալու և նրան իմ ընտրած կյանքի ուղով ուրախություն պատճառելու հետ» (Առակաց 27։11)։
Ապրեք ձեր նվիրման ու մկրտության համաձայն
17. Ինչո՞ւ պետք է մկրտությունը դիտեք որպես սկիզբ, և ոչ թե վերջ։
17 Հարկավոր է հիշել, որ մկրտությունը ձեր հոգևոր առաջադիմության վերջը չէ։ Դրանով նշանավորվում է անժամկետ ծառայության սկիզբը. այն ծառայության, որ մատուցելու եք Աստծուն՝ իբրև նրա կողմից պաշտոնապես նշանակված ծառայող ու Եհովայի վկա։ Թեպետ մկրտությունը կենսական նշանակություն ունի, բայց դա դեռ փրկության երաշխիք չէ։ Հիսուսը չասաց, թե ով որ մկրտվի, կփրկվի, այլ՝ «Ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի» (Մատթէոս 24։13)։ Հետևաբար չափազանց կարևոր է փնտրել Աստծո Թագավորությունը՝ կյանքում առաջնային տեղը դրան հատկացնելով (Մատթէոս 6։25–34)։
18. Ի՞նչ նպատակներ կարող եք դնել մկրտվելուց հետո։
18 Ծառայության մեջ համբերություն ցուցաբերելու համար պետք է հոգևոր նպատակներ դնեք ձեր առջև։ Արժեքավոր նպատակ է ավելացնել Աստծո մասին ձեր գիտելիքները նրա Խոսքի կանոնավոր անձնական ուսումնասիրության միջոցով։ Ծրագրեք Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանություն (Սաղմոս 1։1, 2)։ Կանոնավորապես հաճախեք քրիստոնեական հանդիպումներին։ Ընկերակցությունը, որ կունենաք այնտեղ, հոգևորապես կամրացնի ձեզ։ Իսկ ինչո՞ւ նպատակ չդնեք մեկնաբանություններ տալ ժողովի հանդիպումներին։ Այդպես դուք կփառաբանեք Եհովային և առիթներ կունենաք ուրիշներին ամրապնդելու (Հռովմայեցիս 1։11 ԱՆԹ, 12)։ Աղոթքները բարելավելը ևս մեկ նպատակ է (Ղուկաս 11։2–4)։
19. Սուրբ ոգու օգնությամբ ինչպիսի՞ հատկություններ կկարողանաք դրսևորել։
19 Եթե մտադիր եք ապրել ձեր մկրտության նշանակությանը համապատասխան, ապա պետք է միշտ ուշադրություն դարձնեք այն բանի վրա, թե ինչ եք անում։ Թույլ տվեք, որ Աստծո սուրբ ոգին ձեր մեջ առաջ բերի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատը, հեզությունը և ժուժկալությունը (Գաղատացիս 5։22, 23; Բ Պետրոս 3։11)։ Հիշեք. Եհովան իր սուրբ ոգին տալիս է բոլոր նրանց, ովքեր աղոթում են այն ստանալու համար, և որպես հավատարիմ ծառաներ՝ հնազանդվում են իրեն (Ղուկաս 11։13; Գործք 5։32)։ Ուստի աղոթեք Աստծուն նրա ոգին ստանալու համար։ Խնդրեք նրանից, որ օգնի ձեզ դրսևորել իրեն հաճելի հատկություններ։ Աստծո ոգու ազդեցությանը արձագանքելուն զուգընթաց այդ հատկությունները ավելի վառ կարտահայտվեն ձեր խոսքի ու վարքի մեջ։ Ինչ խոսք, քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամ ջանք է թափում հագնել «նոր մարդը», որպեսզի ավելի նմանվի Հիսուսին (Կողոսացիս 3։9–14)։ Այդ հարցում մեզանից յուրաքանչյուրն էլ տարբեր դժվարությունների է բախվում, քանզի յուրաքանչյուրիս հոգևոր առաջադիմության աստիճանը տարբեր է։ Քանի որ դուք անկատար եք, պետք է մեծ ջանքեր թափեք Քրիստոսի նման անձնավորություն դառնալու համար։ Երբեք մի հուսահատվեք. Աստծո օգնությամբ հնարավոր է հասնել դրան։
20. Ծառայության մեջ ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Հիսուսին։
20 Ձեր հոգևոր նպատակներից պետք է լինի հնարավորին չափ լավ դրսևորել այն ուրախությունը, որ ուներ Հիսուսը (Եբրայեցիս 12։1–3)։ Նա սիրում էր ծառայությունը։ Եթե պատիվ ունեք մասնակցելու Թագավորության քարոզման գործին, ապա թույլ մի տվեք, որ այն սովորական բան դառնա ձեզ համար։ Հիսուսի նման ձգտեք բավականություն ստանալ ուրիշներին Աստծո Թագավորության մասին ուսուցանելուց։ Կիրառեք այն խորհուրդները, որ տրվում են ժողովում՝ ձեր ուսուցչական հմտությունները բարելավելու նպատակով։ Վստահ եղեք, որ Եհովան կարող է անհրաժեշտ զորությունը տալ ձեզ՝ իր ծառայությունը կատարելու համար (Ա Կորնթացիս 9։19–23)։
21. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան բարձր է գնահատում մկրտված հավատարիմ անհատներին։ բ) Ինչի՞ց է երևում, որ մկրտությունը կարևոր է այս չար համակարգի նկատմամբ Աստծո դատաստանից փրկվելու համար։
21 Նվիրված ու մկրտված անհատը, որ հավատարմորեն ջանք է թափում Հիսուսին ընդօրինակելու, թանկագին է Եհովայի աչքին։ Աստված, որ քննում է թվով միլիարդների հասնող մարդկանց սրտերը, գիտի, թե որքան հազվագյուտ են նման անհատները։ Այդպիսի մարդկանց Եհովան համարում է գանձեր՝ ‘ցանկալիք’ (Անգէ 2։7)։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Աստծո տեսանկյունից նման անհատներն ունեն այս չար համակարգի մոտալուտ դատաստանից փրկվելու նշանը (Եզեկիէլ 9։1–6; Մաղաքիա 3։16, 18)։ Արդյո՞ք դուք ճիշտ եք տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։ Ձգտո՞ւմ եք ունենալ Աստծո ծառաների այդ նշանը։ Նվիրումն ու մկրտությունը այդ նշանի մասն են կազմում և չափազանց կարևոր են փրկության համար։
22. Ի՞նչ ակնկալիքներ ունի ‘մեծ բազմությունը’։
22 Երբ Նոյն ու իր ընտանիքը Համաշխարհային ջրհեղեղից հետո դուրս եկան տապանից, երկիրը մաքրված էր։ Նույնը կլինի նաև այս անգամ. Աստծո գիտությունը կյանքում կիրառող մարդկանց մի «մեծ բազմութիւն» (ԱԱ) արժանացել է Աստծո հավանությանը։ Նրանք ունեն այս չար համակարգից փրկվելու և մեկընդմիշտ մաքրված երկրի վրա հավիտենական կյանք վայելելու հեռանկարը (Յայտնութիւն 7։9, 14)։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու այդ կյանքը։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Եհովայի տեսանկյունից ինչպե՞ս պետք է գործածեք իր մասին ձեր գիտելիքները։
• Ո՞ր քայլերն են առաջնորդում մկրտության։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ մկրտությունը ոչ թե վերջ է, այլ սկիզբ։
• Ինչպե՞ս կարող ենք ապրել մեր նվիրմանն ու մկրտությանը ներդաշնակ։
[Նկար 172–րդ էջի վրա]
Նվիրվե՞լ եք Աստծուն աղոթքի միջոցով
[Նկար 174–րդ էջի վրա]
Ի՞նչն է խանգարում ձեզ մկրտվել