ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
Պաշտպանեք ձեր ընտանիքը վնասակար ազդեցություններից
1–3. ա) Ո՞ր աղբյուրներից են գալիս ընտանիքին վտանգ սպառնացող վնասակար ազդեցությունները։ բ) Ի՞նչ առումով պետք է հավասարակշռվածություն դրսևորեն ծնողները իրենց ընտանիքը պաշտպանելու հարցում։
ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ ձեր որդուն ճանապարհում եք դպրոց, իսկ դրսում տեղատարափ անձրև է։ Ինչպե՞ս կվարվեք։ Թույլ կտա՞ք նրան դուրս ցատկել առանց անձրևից պաշտպանող հագուստի կամ որևէ այլ իրի, թե՞ նրան այնպես կպարուրեք, որ հազիվ կկարողանա շարժվել։ Իհարկե ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Նրան կտաք հենց այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նա չթրջվի։
2 Նույն կերպով՝ ծնողները պետք է հավասարակշռված մոտեցում գտնեն՝ պաշտպանելու իրենց երեխաներին այն վնասակար ազդեցություններից, որոնք տեղատարափ անձրևի պես թափվում են նրանց վրա տարբեր աղբյուրներից՝ տարբեր տեսակի զվարճությունների տեսքով, զանգվածային լրատվական միջոցների կողմից, հասակակիցների կողմից, իսկ երբեմն էլ նույնիսկ դպրոցից։ Որոշ ծնողներ գրեթե ոչինչ չեն ձեռնարկում իրենց ընտանիքը պաշտպանելու համար։ Ուրիշներն էլ, վնասակար համարելով զվարճության գրեթե բոլոր տեսակները, այն աստիճանի սահմանափակումներ են դնում երեխաների առջև, որ վերջիններս իրենց պարզապես ճնշված են զգում։ Հնարավո՞ր է արդյոք հավասարակշռվածություն դրսևորել։
3 Այո, հնարավոր է։ Չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ, քանի որ դա կարող է կործանարար լինել (Ժողովող 7։16, 17)։ Բայց ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները հավասարակշռված մոտեցում ցուցաբերել իրենց ընտանիքը պաշտպանելու հարցում։ Եկեք քննարկենք հետևյալ երեք ոլորտները՝ կրթություն, ընկերակցություն և հանգիստ։
Ո՞Վ Է ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
4. Ինչպե՞ս են քրիստոնյա ծնողները վերաբերվում կրթությանը։
4 Քրիստոնյա ծնողները բարձր են գնահատում կրթությունը։ Նրանք գիտակցում են, որ դպրոցն օգնում է երեխաներին գրել–կարդալ սովորել, հաղորդակցվել ուրիշների հետ, ինչպես նաև իրենց հանդիպող դժվարությունների ու խնդիրների լուծումը գտնել։ Դպրոցում երեխաները հասկանում են, թե ի՛նչ է նշանակում սովորել։ Իսկ այնտեղ ձեռք բերված հմտությունները հետագայում կարող են օգնել երեխային լիարժեք կյանք վարել, չնայած այն բանին, որ ներկա կյանքը լի է դժվարություններով։ Բացի այդ, լավ կրթությունը կօգնի նրանց հմուտ աշխատողներ լինել (Առակաց 22։29, ՆԱ)։
5, 6. Ինչպե՞ս են երեխաները սեռական կյանքի վերաբերյալ երբեմն աղավաղված տեղեկություններ ստանում դպրոցում։
5 Սակայն դպրոցում երեխաները նաև շփվում են ուրիշների հետ, որոնցից շատերը տարբեր հարցերի շուրջ աղավաղված հայացքներ ունեն։ Օրինակ՝ նկատի առնենք նրանց տեսակետը սեռական հարաբերությունների և բարոյականության վերաբերյալ։ Նիգերիայի միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտուհիներից մեկը, որ սանձարձակ վարքի տեր էր, սեռական հարաբերությունների մասին խորհուրդներ էր տալիս իր համադասարանցիներին։ Բոլորն ագահաբար կլանում էին նրա խոսքերը՝ թեև այդ աղջկա պատկերացումները սեքսի վերաբերյալ բացարձակ անհեթեթություն էին, որով նա լցրել էր իր գլուխը պոռնկագրական գրականությունից։ Աղջիկներից ոմանք հետևել էին նրա խորհուրդներին։ Արդյունքում՝ նրանցից մեկը հղիացել էր ու արհեստական վիժման անհաջող փորձ կատարելու հետևանքով՝ մահացել։
6 Ցավալի է խոսել այս մասին, սակայն դպրոցում երբեմն սեռական հարաբերությունների մասին սխալ տեղեկությունների աղբյուր են դառնում ոչ թե աշակերտները, այլ ուսուցիչները։ Բազմաթիվ ծնողների սարսափեցնում է այն իրողությունը, որ չնայած դպրոցը երեխաներին սովորեցնում է սեռական կյանքի մասին, մինչդեռ ոչ մի տեղեկություն չի տալիս բարոյական չափանիշների և պատասխանատվության զգացումի վերաբերյալ։ Տասներկուամյա մի աղջկա մայր պատմում է. «Մենք ապրում ենք բավականին կրոնապաշտ և պահպանողական հայացքներով հագեցած տեղանքում, և, չնայած դրան, հենց դպրոցում երեխաներին պահպանակներ են բաժանում»։ Ինքն ու ամուսինը անհանգստացել էին՝ իմանալով, որ իրենց աղջկա հասակակից տղաները առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց ընտանիքը նման ապականիչ ազդեցությունից։
7. Ինչպե՞ս կարելի է լավագույն կերպով պայքարել սեքսի վերաբերյալ գոյություն ունեցող աղավաղված տեղեկությունների դեմ։
7 Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ծնողները սեքսին վերաբերող ցանկացած հարց երեխաներից ընդհանրապես ծածուկ պահեին։ Ոչ մի դեպքում։ Ճիշտն այն կլինի, որ ինքներդ պատմեք նրանց այդ մասին (Առակաց 5։1)։ Իհարկե, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի որոշ մասերում, տեղի սովորույթներից ելնելով, ծնողները խուսափում են այդ թեմայի շուրջ զրուցելուց։ Նույնն է պարագան նաև աֆրիկյան որոշ երկրներում, որտեղ ծնողները հազվադեպ են իրենց երեխաների հետ խոսում սեռական կյանքին վերաբերող հարցերի մասին։ «Աֆրիկյան մշակույթում դա ընդունված չէ»,— ասում է Սիեռա Լեոնեից մի հայր։ Որոշ ծնողներ այն կարծիքին են, որ երեխաներին սեքսի մասին գիտելիքներ տալով՝ նրանց «միտք» են տալիս, որն էլ անբարո արարքների պատճառ կարող է դառնալ։ Ո՞րն է, սակայն, Աստծո տեսակետը սեռային հարցերի վերաբերյալ։
ԱՍՏԾՈ ՏԵՍԱԿԵՏԸ ՍԵՌԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
8, 9. Սեռային հարցերին վերաբերող ի՞նչ արժեքավոր տեղեկություններ է պարունակում Աստվածաշունչը։
8 Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքերում բոլորովին էլ ամոթ չէ խոսել սեռային հարցերից։ Հին Իսրայելում Աստծո ժողովուրդը պատվիրան էր ստացել իրենց ‘երեխաների’ հետ միասին հավաքվել՝ լսելու Մովսիսական օրենքի բարձրաձայն ընթերցանությունը (Բ Օրինաց 31։10–12, ԷԹ; Յեսու 8։35)։ Օրենքում բացահայտորեն հիշատակվում էին սեռական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես՝ դաշտանը, զուգավորության սերմը, պոռնկությունը, շնությունը, համասեռամոլությունը, արյունապղծությունն ու անասնապղծությունը (Ղեւտացոց 15։16, 19; 18։6, 22, 23; Բ Օրինաց 22։22)։ Այդ ընթերցանությունից հետո ծնողներն, անկասկած, շատ բան ունեին իրենց հարցասեր երեխաներին բացատրելու։
9 «Առակաց» գրքի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ գլուխների որոշ համարներ սիրող ծնողի խորհուրդներ են պարունակում այն վտանգների մասին, որ կարող է իր հետ բերել անբարոյականությունը։ Այդ համարները ցույց են տալիս, որ անբարոյականությունը երբեմն կարող է գայթակղիչ լինել (Առակաց 5։3; 6։24, 25; 7։14–21)։ Միևնույն ժամանակ, դրանք սովորեցնում են, որ այն սխալ է և կործանարար հետևանքներ է ունենում։ Այդ համարները նաև խորհուրդ են տալիս, թե ինչպես կարող են երիտասարդները խուսափել անբարո արարքներից (Առակաց 5։1–14, 21–23; 6։27–35; 7։22–27)։ Ավելին՝ «Առակաց» գրքում անբարոյականությունը հակադրվում է սեռական ցանկությունները պարկեշտորեն բավարարելու միջոցին, որն է ամուսնությունը (Առակաց 5։15–20)։ Երեխաներին ուսուցանելու իրոք որ հիանալի օրինակ։
10. Ինչո՞ւ սեքսի մասին Աստծո չափանիշներին համապատասխանող գիտելիքները երեխաներին չեն դրդի անբարոյականության։
10 Արդյո՞ք նման ուսուցումը դրդում է երեխաներին անբարոյական արարքի։ Ամենևին։ Ընդհակառակը, Աստվածաշունչն ասում է. «Արդարները կ’ազատուին գիտութիւնով» (Առակաց 11։9)։ Մի՞թե չեք ցանկանում հեռու պահել ձեր երեխաներին այս աշխարհի ազդեցություններից։ «Սկսած այն ժամանակից, երբ մեր երեխաները դեռ փոքր էին՝ ես ու կինս ձգտել ենք նրանց հետ լիովին անկեղծ լինել սեռին վերաբերող հարցերում»,— ասում է մի հայր։ «Այնպես որ, երբ նրանք լսում են ուրիշ երեխաների զրույցները սեքսի մասին, դա բոլորովին չի շարժում նրանց հետաքրքրասիրությունը. այդ թեման նրանց համար առեղծված չէ»։
11. Ինչպե՞ս կարելի է երեխաներին աստիճանաբար գիտելիքներ տալ ինտիմ հարցերի վերաբերյալ։
11 Ինչպես արդեն նշվեց նախորդ գլուխներում, սեռական դաստիարակությունը պետք է սկսել երեխայի վաղ հասակից։ Փոքրիկներին իրենց մարմնի անդամների անունները սովորեցնելիս մի շրջանցեք սեռական անդամները և ամոթ բան մի համարեք դրանց մասին հիշատակելը։ Տվեք այդ անդամների ճիշտ անունները։ Ժամանակի ընթացքում շատ կարևոր է վարժեցնել նրանց պարկեշտության որոշակի չափանիշների։ Ցանկալի է, որ հայրն ու մայրը սովորեցնեն երեխաներին, որ սեռական անդամները մարմնի հատուկ մասեր են, և ոչ մի դեպքում չի կարելի թողնել, որ ուրիշները տեսնեն դրանք կամ էլ ձեռք տան, և երբեք չի կարելի այդ անդամների մասին վատ խոսել։ Երբ երեխաները փոքր–ինչ մեծանան, պետք է պատմել նրանց, թե ինչպես են տղամարդն ու կինը երեխա ունենում։ Նախքան սեռական հասունացման սկսվելը՝ երեխաներն արդեն պետք է տեղյակ լինեն այն փոփոխություններից, որ տեղի են ունենալու իրենց օրգանիզմում։ Ինչպես արդեն նշեցինք մեր գրքի 5–րդ գլխում, սեռական դաստիարակությունը երեխաներին պաշտպանում է նաև մանկապղծումից (Առակաց 2։10–14)։
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
12. Ի՞նչ աղավաղված գաղափարներ են հաճախ ուսուցանվում դպրոցում։
12 Ծնողները պետք է պատրաստ լինեն պայքարելու նաև այլ սխալ գաղափարների դեմ, որ կարող են ուսուցանվել դպրոցում, ինչպես օրինակ՝ այնպիսի աշխարհիկ փիլիսոփայությունների, ինչպիսիք են՝ էվոլյուցիայի ուսմունքը, ազգայնամոլությունը, նաև այն գաղափարը, թե բացարձակ ճշմարտություն ընդհանրապես գոյություն չունի (Ա Կորնթացիս 3։19; համեմատի՛ր Ծննդոց 1։27; Ղեւտացոց 26։1; Յովհաննէս 4։24; 17։17)։ Դպրոցի աշխատակիցներից շատերը, անկեղծ միտումներից մղված, չափից դուրս մեծ նշանակություն են տալիս հետագա կրթությանը։ Եվ չնայած լրացուցիչ կրթություն ստանալը կամ չստանալը անձնական ընտրության հարց է, որոշ ուսուցիչներ գտնում են, որ այն կյանքում հաջողության հասնելու միակ ճանապարհն էa (Սաղմոս 146։3–6)։
13. Ինչպե՞ս կարելի է դպրոցականներին պաշտպանել սխալ գաղափարներից։
13 Սխալ կամ աղավաղված ուսմունքների դեմ պայքարելու համար ծնողները պետք է նախ տեղյակ լինեն, թե ինչ է ուսուցանվում իրենց երեխաներին։ Ուստի, ծնողնե՛ր, հիշեցեք, որ դուք էլ տնային աշխատանք ունեք։ Անկեղծորեն հետաքրքրվեք ձեր երեխաների դպրոցական կյանքով։ Զրուցեք նրանց հետ, երբ դպրոցից տուն են վերադառնում։ Հարցրեք դասերից. ո՞ր առարկան են ամենից շատ սիրում, և ո՞րն է իրենց համար դժվարություն ներկայացնում։ Աչքի անցկացրեք տնային հանձնարարությունները, նշումներն ու ստուգողական աշխատանքների արդյունքները։ Աշխատեք ծանոթանալ նրանց ուսուցիչների հետ։ Թող վերջիններս իմանան, որ գնահատում եք իրենց աշխատանքն ու ցանկանում եք հնարավորին չափ օգտակար լինել։
ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
14. Ինչո՞ւ է կարևոր, որ աստվածավախ երեխաները լավ ընկերներ ունենան։
14 «Ումի՞ց ես դա սովորել»։ Քանի՜ ծնող է այս հարցը տվել՝ իր երեխայի խոսքերից կամ արարքից անակնկալի եկած ու սարսափած։ Եվ որքա՜ն հաճախ են նրանք լսում, որ այդպես է ասում կամ անում դպրոցի կամ բակի նոր ընկերներից մեկը։ Այո, անկախ այն բանից, թե քանի տարեկան ենք, մեզ վրա մեծ ազդեցություն կարող են թողնել մեր ընկերները։ Պողոս առաքյալը զգուշացրել է. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33; Առակաց 13։20)։ Հասակակիցների ճնշմանը ենթարկվում են հատկապես դեռահասները։ Սովորաբար նրանք վստահություն չունեն սեփական անձի հանդեպ, և հաճախ նրանց մեջ բուռն ցանկություն է առաջանում հաճեցնել ընկերներին կամ տպավորություն գործել նրանց վրա։ Ուստի խիստ կարևոր է, որ նրանք լավ ընկերներ ունենան։
15. Ինչպե՞ս կարող են ծնողները իրենց երեխաներին առաջնորդություն ցույց տալ ընկերներ ընտրելու հարցում։
15 Յուրաքանչյուր ծնող գիտի՝ միշտ չէ, որ երեխաները ճիշտ ընտրություն են կատարում. նրանք առաջնորդության կարիք ունեն։ Հարցն այն չէ, որ նրանց փոխարեն դո՛ւք ընտրեք ընկերներ։ Սակայն երեխաների մեծանալուն հետ զուգընթաց՝ սովորեցրեք նրանց խորաթափանց լինել և օգնեք հասկանալ, թե ինչպիսի հատկություններ պետք է գնահատել ընկերների մեջ։ Գլխավորը՝ Եհովայի հանդեպ սերն է և նրա տեսակետից ճիշտն անելու ցանկությունը (Մարկոս 12։28–30)։ Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել և հարգել ազնիվ, բարի, մեծահոգի ու ջանասեր մարդկանց։ Ընտանեկան ուսումնասիրության ընթացքում օգնեք նրանց նման հատկություններ տեսնել աստվածաշնչյան անձանց մեջ և ապա՝ այն անհատների մեջ, որոնց հանդիպում են ժողովում։ Օրինակ ծառայեք երեխաներին՝ նույն սկզբունքով առաջնորդվելով, երբ ձեզ համար ընկերներ եք ընտրում։
16. Ինչպե՞ս կարող են ծնողները տեղյակ լինել, թե ում հետ է ընկերություն անում իրենց երեխան։
16 Գիտե՞ք արդյոք, թե ովքեր են ձեր երեխայի ընկերները։ Ինչո՞ւ, օրինակ, թույլ չտալ, որ նա տուն հրավիրի իր ընկերներին, որպեսզի կարողանաք ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ։ Կարող եք նաև ձեր երեխային հարցնել, թե ինչ կարծիքի են մյուս երեխաները այդ ընկերների մասին։ Արդյո՞ք նրանց ճանաչում են որպես անկեղծ անձնավորությունների, թե՞ նրանք երկակի կյանք են վարում։ Եթե նրանց պարագայում վերջինն է ճիշտ, ապա օգնեք ձեր երեխային հասկանալ, թե ինչով կարող է նման ընկերակցությունը վնասել նրանց (Սաղմոս 26։4, 5, 9–12)։ Եթե անցանկալի փոփոխություններ եք նկատում ձեր երեխայի վարքագծի, հագուկապի, մտածելակերպի կամ խոսելաձևի մեջ, գուցե հարկ համարեք խոսել նրա հետ իր ընկերների մասին։ Հնարավոր է՝ ձեր երեխան ժամանակ է անցկացնում այնպիսի մեկի հետ, ով բացասաբար է ազդում նրա վրա (համեմատի՛ր Ծննդոց 34։1, 2)։
17, 18. Վատ ընկերակցությունների վերաբերյալ զգուշացումներ տալուց բացի՝ ի՞նչ գործնական օգնություն կարող են առաջարկել ծնողներն իրենց զավակներին։
17 Սակայն բավական չէ միայն սովորեցնել երեխաներին հեռու մնալ վատ ընկերակցություններից։ Հարկավոր է օգնել նրանց լավ ընկերներ գտնել։ Ահա թե ինչ է ասում մի երեխայի հայր. «Մենք միշտ աշխատում ենք փոխարենը ինչ–որ բան մտածել։ Օրինակ՝ երբ դպրոցում մեր որդուն առաջարկեցին ընդգրկվել ֆուտբոլի թիմում, ես ու կինս նստեցինք և նրա հետ միասին քննարկեցինք, որ դա այնքան էլ լավ միտք չէ, և որ այնտեղ նոր ընկերներ կհայտնվեն։ Ապա առաջարկեցինք ժողովից մի քանի տղաներ հրավիրել ու նրանց հետ միասին այգում ֆուտբոլ խաղալ։ Հարցը լուծված էր»։
18 Իմաստուն ծնողներն օգնում են իրենց երեխաներին լավ ընկերներ գտնել և նրանց հետ միասին օգտավետ ժամանակ անցկացնել։ Սակայն այդպիսի ժամանց կազմակերպելն ինքնին շատ ծնողների համար դժվար խնդիր է։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆԳԻՍՏԸ
19. Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ ընտանիքների համար մեղք չէ զվարճանալը։
19 Արդյո՞ք Աստվածաշունչը դատապարտում է ուրախությունը։ Իհարկե ոչ։ Աստվածաշունչն ասում է, որ կա «ծիծաղելու ժամանակ.... եւ պարելու ժամանակ»b (Ժողովող 3։4)։ Հին Իսրայելում Աստծո ժողովուրդը երգ ու պար էր սիրում, խաղեր ու հանելուկներ։ Հիսուս Քրիստոսն անձամբ ներկա եղավ մի հարսանեկան խնջույքի, ինչպես նաև Մատթեոսի՝ Ղևիի տանը կազմակերպված ‘մեծ ընդունելությանը’ (Ղուկաս 5։29; Յովհաննէս 2։1, 2)։ Հասկանալի է, որ Հիսուսը ուրիշների ուրախ տրամադրությունը չէր փչացնում։ Ուրեմն թող որ խինդն ու ծիծաղը երբեք մեղք չհամարվեն ձեր տանը։
Ընտանյոք հանդերձ կազմակերպված հանգիստը, ինչպես օրինակ՝ արշավը՝ վրաններով, կնպաստի երեխաների ուսուցմանն ու հոգևոր աճին
20. Ի՞նչ պետք է հիշեն ծնողները, երբ ուզում են ընտանիքով միասին հանգստանալ։
20 Եհովան ‘երանելի [«երջանիկ», ՆԱ] Աստված’ է (Ա Տիմոթէոս 1։11)։ Հետևաբար Եհովային երկրպագելը պետք է բավականություն պատճառի մարդուն և ոչ թէ նրան զրկի ուրախությունից (համեմատի՛ր Բ Օրինաց 16։15)։ Երեխաները բնականից կենսուրախ են և էներգիայով լի, որը նրանք ծախսում են խաղերի և ժամանցների մեջ։ Լավ մտածված ժամանցներն ավելին են, քան միայն ուրախությունը։ Դրանց շնորհիվ երեխան սովորում է և զարգանում։ Ընտանիքի գլուխը պատասխանատվություն է կրում իր ընտանիքի անդամներին ապահովելու բոլոր անհրաժեշտ բաներով, այդ թվում նաև հանգստով։ Սակայն հավասարակշռված մոտեցում է հարկավոր։
21. Ի՞նչ ծուղակներ են թաքնված ներկա աշխարհի զվարճությունների ետևում։
21 Այս անհանգիստ «վերջին օրերում» ամենուրեք մեզ շրջապատում են այնպիսի մարդիկ, ովքեր, ինչպես կանխագուշակված է եղել Աստվածաշնչում, «աւելի շատ հեշտասէր [են], քան աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3։1–5, ԷԹ)։ Շատերի համար զվարճությունը իրենց կյանքի միակ նպատակն է։ Իսկ այսօր զվարճություններն այնքան մատչելի են և այնքան բազմազան, որ հեշտությամբ կարողանում են մարդու կյանքից դուրս մղել ավելի կարևոր համարվող բաները։ Եվ բացի այդ, ժամանակակից աշխարհում զվարճությունները մեծամասամբ կապված են սեռային անբարոյականության, բռնության, թմրամոլության ու այլ ծայրաստիճան վնասակար զբաղմունքների հետ (Առակաց 3։31)։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի մեր երեխաներին այդ ամենից հեռու պահենք։
22. Ինչպե՞ս կարող են ծնողները սովորեցնել երեխաներին խելամիտ որոշումներ կայացնել զվարճությունների հարցում։
22 Ծնողները պետք է սահմաններ ու սահմանափակումներ դնեն իրենց երեխաների առջև։ Բայց ավելի կարևոր է, որ սովորեցնեն նրանց տարբերել վնասակար զվարճությունն օգտակարից և չափի զգացողություն ունենալ։ Նման ուսուցումը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Ահա մի օրինակ։ Մի հայր, որ երկու տղա ուներ, նկատել էր, որ ավագ որդին սկսել է բավականին հաճախ նոր ռադիոկայան ունկնդրել։ Մի օր իր բեռնատարով աշխատանքի գնալիս հայրը ռադիոընդունիչը նույն ալիքի վրա դրեց։ Ժամանակ առ ժամանակ նա կանգնեցնում էր մեքենան և նշումներ կատարում որոշ երգերի բովանդակության վերաբերյալ։ Ավելի ուշ՝ որդիների հետ քննարկեց իր լսածը։ Նա հարցեր էր տալիս՝ նախադասությունը սկսելով «ի՞նչ եք կարծում» բառերով, ինչը թույլ էր տալիս տղաներին արտահայտել իրենց տեսակետը։ Հայրը մեծ համբերությամբ լսում էր նրանց պատասխանները։ Աստվածաշնչի օգնությամբ այդ հարցի շուրջ տրամաբանելով՝ տղաները որոշեցին այլևս չլսել այդ ռադիոկայանը։
23. Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին անառողջ զվարճություններից։
23 Իմաստուն քրիստոնյա ծնողները հետևում են, թե ինչ երաժշտություն, հեռուստահաղորդումներ, տեսաֆիլմեր, կոմիքսներ, տեսախաղեր ու կինոֆիլմեր են հետաքրքրում իրենց երեխաներին։ Այդպիսի ծնողներն ուշադրություն են դարձնում դրանց շապիկին, երգի բառերին, փաթեթավորմանը, կարդում են լրագրերի ակնարկներն ու ֆիլմերից հատվածներ դիտում։ Շատերին ուղղակի ցնցում է այն, թե ինչ «զվարճություններ» են այսօր առաջարկվում երեխաներին։ Պիղծ ազդեցություններից իրենց երեխաներին պաշտպանել ցանկացող ծնողները ամբողջ ընտանիքով Աստվածաշնչի և նրա վրա հիմնված գրականության (օրինակ՝ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերում լույս տեսնող հոդվածների) օգնությամբ քննարկում են, թե ինչով է վտանգավոր այս կամ այն զվարճությունը։c Երբ ծնողները, լինելով հետևողական և ողջամիտ, հստակ սահմաններ են դնում, սովորաբար լավ արդյունքների են հասնում (Մատթէոս 5։37; Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։
24, 25. Ընտանեկան հանգստի ի՞նչ օգտակար տեսակներ կարող եք թվարկել։
24 Իհարկե, վնասակար զբաղմունքների վրա սահմանափակումներ դնելը միայն գործի կեսն է։ Վատին պետք է հակադրել լավը, այլապես երեխաները սխալ ընթացք կբռնեն։ Բազում քրիստոնյա ընտանիքներ անթիվ, ջերմ հիշողություններ ունեն միասին անցկացրած իրենց ժամանցներից՝ զբոսախնջույքներ, արշավներ, խաղեր, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ՝ հեռվում ապրող իրենց հարազատներին կամ ընկերներին։ Ոմանք էլ հայտնաբերել են, որ կարելի է հրաշալի հանգստանալ՝ ընտանիքով միասին նստելով և բարձրաձայն կարդալով, և որ դա մեծ բավականություն է պատճառում։ Ուրիշները սիրում են ծիծաղելի ու հետաքրքրաշարժ պատմություններ պատմել։ Մյուսներն էլ այլ ընդհանուր զբաղմունքներ են գտել, օրինակ՝ փայտի հետ աշխատել կամ այլ արհեստ սովորել, ինչպես նաև նվագել, նկարել կամ Աստծո ստեղծագործություններն ուսումնասիրել։ Այն երեխաները, ովքեր սովորում են սիրել նման զբաղմունքները, պաշտպանված են շատ ու շատ վնասակար զվարճություններից, քանզի հասկանում են, որ հանգստանալ կարելի է շատ ավելի հետաքրքիր ձևով, քան ձեռքերը ծալած նստելով ու նայելով, թե ինչպես են ուրիշները քեզ զվարճացնում։ Ինչ խոսք, մասնակցելն ավելի հաճելի է, քան լոկ դիտելը։
25 Օգտակար ժամանցի մեկ այլ տեսակ կարող են լինել նաև ընկերների հետ հանդիպումները։ Եթե նման հանդիպումները լավ են ղեկավարվում, հյուրերը թվով այնքան էլ շատ չեն, և ժամանակը երկար չի ձգվում, ապա ձեր երեխաները զվարճանալուց ավելին կարող են ստանալ։ Այդ հանդիպումները կարող են ամրացնել սիրո կապերը ժողովում (համեմատի՛ր Ղուկաս 14։13, 14; Յուդա 12)։
ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐՈ՛Ղ Է ՀԱՂԹԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
26. Ո՞ր հատկությունն է ամենից կարևորը, երբ խոսքը վերաբերում է ընտանիքը վատ ազդեցություններից պաշտպանելուն։
26 Ինչ խոսք, այս աշխարհի կործանարար ազդեցությունից մեր ընտանիքը պաշտպանելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Սակայն կա մի բան, որն ամենից շատ կարող է օգնել այս հարցում հաջողություն ունենալու։ Դա սերն է։ Սերտ ու ջերմ ընտանեկան կապերի շնորհիվ ձեր տունը ապահով հանգրվան կարող է դառնալ, ինչը կնպաստի հաղորդակցությանը, որն էլ իր հերթին հրաշալի պաշտպան կարող է լինել վատ ազդեցություններից։ Բացի այդ, շատ ավելի կարևոր է սիրո մի այլ տեսակ մշակել՝ սեր հանդեպ Եհովան։ Երբ նման սերը մուտք է գործում ընտանիք, ապա ավելի հավանական է, որ երեխաները մեծանան՝ ատելով անգամ գաղափարն այն մասին, որ աշխարհային որևէ ազդեցության տրվելու պատճառով կարող են Աստծուն դառնացնել։ Իսկ Եհովային սրտանց սիրող ծնողները կաշխատեն ընդօրինակել նրա սերը, իմաստությունն ու հավասարակշռությունը (Եփեսացիս 5։1; Յակոբոս 3։17)։ Եթե նրանք հետևեն այս օրինակին, ապա նրանց երեխաները ոչ մի պատճառ չեն ունենա Եհովայի երկրպագությունը համարել արգելքների շարան կամ կյանքի մի այնպիսի ճանապարհ, որը զուրկ է ծիծաղից և ուրախությունից, և որից նրանք ցանկանում են փախչել որքան հնարավոր է շուտ։ Փոխարենը՝ նրանք կտեսնեն, որ Աստծուն երկրպագելը կյանքի ամենաերջանիկ և իմաստալից ճանապարհն է։
27. Ինչպե՞ս կարող է ընտանիքը հաղթել աշխարհին։
27 Եհովային ուրախացնում են իր երկրպագության մեջ միացած, ուրախ և հավասարակշռված ընտանիքները, որոնք սրտանց ձգտում են այս աշխարհի կործանարար ազդեցություններից հեռու կանգնելով՝ մնալ «անբիծ եւ անարատ» (Բ Պետրոս 3։14; Առակաց 27։11)։ Այդ ընտանիքները հետևում են Հիսուս Քրիստոսի թողած օրինակին, որին հաջողվեց դիմադրել իրեն գայթակղելու Սատանայի աշխարհի բոլոր փորձերին։ Իր երկրային կյանքի ավարտից առաջ Հիսուսը կարող էր ասել. «Ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33)։ Թող որ ձեր ընտանիքն էլ հաղթի աշխարհին ու հավիտյան վայելի կյանքը։
a Լրացուցիչ կրթության հարցի վերաբերյալ խոսվում է «Եհովայի վկաները և կրթությունը» գրքույկի 4–7 էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Այս համարում «ծիծաղել» թարգմանված եբրայերեն բառը այլ ձևերում կարելի է թարգմանել «խաղալ», «որևէ զվարճություն առաջարկել», «տոնել» կամ նույնիսկ «ուրախանալ» արտահայտություններով։
c Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։