Դաս 14
Ինչպե՞ս են կազմակերպված Եհովայի վկաները
Ե՞րբ է սկզբնավորվել Եհովայի վկաների ժամանակակից կազմակերպությունը (1)
Ինչպե՞ս են անցկացվում Եհովայի վկաների ժողովի հանդիպումները (2)
Ինչպե՞ս են ծածկվում ծախսերը (3)
Ո՞ւմ է տրված յուրաքանչյուր ժողով ղեկավարելու պատասխանատվությունը (4)
Ի՞նչ ավելի մեծ հանդիպումներ են տեղի ունենում ամեն տարի (5)
Ի՞նչ աշխատանք է ծավալվում նրանց գլխավոր վարչությունում և մասնաճյուղերում (6)
1. Ներկայիս Եհովայի վկաների կազմակերպությունը սկզբնավորվել է 1870–ական թվականներին։ Սկզբում նրանք կոչվում էին Աստվածաշնչի ուսումնասիրողներ։ Սակայն 1931 թ.–ին նրանք ընդունեցին Աստվածաշնչից վերցրած «Եհովայի վկաներ» անվանումը (Եսայիա 43։10)։ Լինելով սկզբում փոքրաթիվ՝ կազմակերպությունն աճել է, և այժմ կան միլիոնավոր Վկաներ, որոնք քարոզում են ավելի քան 230 երկրներում։
2. Եհովայի վկաների ժողովի հանդիպումները հիմնականում տեղի են ունենում շաբաթը երեք անգամ։ Ձեզ հրավիրում ենք այցելել դրանցից որևէ մեկը (Եբրայեցիս 10։24, 25)։ Որպես ուսուցման հիմք օգտագործվում է Աստվածաշունչը։ Հանդիպումները սկսվում ու վերջանում են աղոթքով։ Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ երգում են զգացմունքով լի ‘հոգևոր երգեր’ (Եփեսացիս 5։18, 19)։ Մուտքն անվճար է, իսկ գումար չի հավաքվում (Մատթէոս 10։8)։
3. Ժողովի հանդիպումները հիմնականում տեղի են ունենում Թագավորության սրահներում։ Վերջիններս սովորաբար պարզ շինություններ են, որոնք կառուցվել են Վկա կամավորների կողմից։ Թագավորության սրահում չեք տեսնի սրբապատկերներ, խաչելություն և նման բաներ։ Ծախսերը ծածկվում են կամավոր նվիրատվություններով։ Նրանց համար, ովքեր ցանկանում են նվիրաբերել, գոյություն ունեն դրամատուփեր (Բ Կորնթացիս 9։7)։
4. Յուրաքանչյուր ժողով ունի երեցներ՝ վերակացուներ, ովքեր կրում են ժողովը ուսուցանելու պատասխանատվությունը (Ա Տիմոթէոս 3։1–7; 5։17)։ Երեցներին աջակցում են ծառայողական օգնականները (Ա Տիմոթէոս 3։8–10, 12, 13)։ Վերոհիշյալ պատասխանատվությունները կրող մարդիկ ժողովի մնացած անդամներից վեր չեն դասվում (Բ Կորնթացիս 1։24)։ Նրանք հատուկ տիտղոսներ չեն կրում (Մատթէոս 23։8–10)։ Մյուսներից չեն տարբերվում հատուկ զգեստներով։ Նրանց կատարած աշխատանքը չի վարձատրվում։ Երեցները սիրով հոգում են ժողովի հոգևոր կարիքները։ Նրանք կարող են սփոփել և խորհուրդներ տալ դժվար պահերին (Յակոբոս 5։14–16; Ա Պետրոս 5։2, 3)։
5. Ամեն տարի Եհովայի վկաներն անցկացնում են նաև համաժողովներ։ Այդ մեծ հանդիպումների ընթացքում բազմաթիվ ժողովներ միաժամանակ Աստվածաշնչի վրա հիմնված հատուկ ծրագիր են ունկնդրում։ Յուրաքանչյուր համաժողովի ընթացքում կատարվում է նոր աշակերտների մկրտություն (Մատթէոս 3։13–17; 28։19, 20)։
6. Եհովայի վկաների համաշխարհային գլխավոր վարչությունը գտնվում է Նյու Յորքում։ Այնտեղ է աշխատում Կառավարիչ մարմինը՝ փորձառու երեցների առաջնորդող խումբը, որը հոգ է տանում համաշխարհային ժողովի մասին։ Աշխարհի տարբեր մասերում կան նաև ավելի քան 100 մասնաճյուղեր։ Այդպիսի վայրերում մարդիկ հոժարակամ աշխատում են աստվածաշնչյան գրականություն տպագրելու և առաքելու նպատակով։ Ղեկավարություն է տրվում նաև քարոզչական գործի կազմակերպման համար։ Ինչո՞ւ չորոշեք այցելել ձեզ ամենամոտ մասնաճյուղը։