Գլուխ ութերորդ
Ստեղծիչն իրեն ներկայացնում է մեր օգտի համար
Ամպրոպի ու կայծակի տակ շուրջ երեք միլիոն ժողովուրդ կանգնած էր Սինայի թերակղզու վրա գտնվող վեհապանծ լեռան մոտ։ Ամպերը պարուրել էին Սինա լեռը, գետինը դողում էր։ Այս անմոռանալի հանգամանքների ներքո՝ Մովսեսի միջոցով օրինականացվեցին հին Իսրայելի և երկնքի ու երկրի Ստեղծիչի փոխհարաբերությունները (Ելից 19–րդ գլուխ, Եսայիա 45։18)։
Ինչո՞ւ Տիեզերքի Արարիչը նման յուրահատուկ ձևով ներկայացավ այդ համեմատաբար փոքր ազգին։ Մովսեսը հետևյալ բացատրությունը տվեց. «Եհովան ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երդումը պահելու համար» արեց դա (Երկրորդ Օրինաց 7։6–8)։
Այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստվածաշունչը Տիեզերքի և կյանքի ծագման վերաբերյալ փաստերից բացի շատ ուրիշ տեղեկություններ էլ է պարունակում։ Այն բավականին շատ բան է պատմում անցյալում, ներկայումս և ապագայում մարդկանց հետ ունեցած Ստեղծիչի փոխհարաբերությունների մասին։ Աստվածաշունչն աշխարհի ամենատարածված և ամենից շատ ուսումնասիրվող գիրքն է, ուստի կրթությունը գնահատող յուրաքանչյուր մարդ պետք է ծանոթ լինի նրա բովանդակությանը։ Եկեք համառոտակի ամփոփենք և, նախ, ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի այն հատվածին, որը սովորաբար կոչում են Հին Կտակարան։ Այս քննարկումը կօգնի մեզ Տիեզերքի Ստեղծիչին՝ Աստվածաշնչի Հեղինակին հատուկ բնավորության գծերի մասին արժեքավոր տեղեկություն ստանալ։
«Արարչագործության վերաբերյալ հնագույն մի աղբյուր՝ արժանահավա՞տ է արդյոք» վերնագրի տակ (վեցերորդ գլուխ), տեսանք, որ արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը ներկայացնում է մի շարք փաստեր, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան, փաստեր մեր առաջին նախածնողների, մեր ծագման մասին։ Բայց Աստվածաշնչի այդ առաջին գրքում ավելին է պատմվում։ Տեսնենք, թե ինչ։
Ինչպես հույն, այնպես էլ մնացած հին ժողովուրդների առասպելներում խոսվում է մի վաղ ժամանակի մասին, երբ աստվածներն ու կիսաստվածները հաղորդակցվում էին մարդկանց հետ։ Բացի այդ, մարդաբանները հաղորդում են, որ աշխարհով մեկ լեգենդներ են տարածված այն մասին, թե հնում ջրհեղեղի պատճառով երկրի երեսից սրբվել է գրեթե ողջ մարդկությունը։ Գուցե լիովին հիմնավորված պատճառներով դուք չվստահեք այս պատմություններին։ Սակայն գիտեի՞ք արդյոք, որ միայն «Ծննդոց» գիրքն է հայտնում այդ առասպելների և լեգենդների հիմքում ընկած պատմական փաստերը (Ծննդոց 6–րդ, 7–րդ գլուխներ)։a
«Ծննդոցում» խոսվում է նաև իրականում ապրած տղամարդկանց և կանանց մասին, որոնց մտածելակերպն ու զգացումները շատ ծանոթ են մեզ, և որոնք ճանաչել են Ստեղծիչին ու իրենց կյանքում շարունակ հաշվի առել նրա կամքը։ Դուք կիմանաք այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը, որոնք Մովսեսի հիշատակած «հայրերի» թվին էին պատկանում։ Ստեղծիչը լավ էր ճանաչում Աբրահամին և նրան «իր սիրելին» էր կոչում («բարեկամը», ՆԱ) (Եսայիա 41։8; Ծննդոց 18։18, 19)։ Ինչո՞ւ։ Եհովան հետևել էր Աբրահամին և հավաստիացել, որ նա հավատի մարդ էր (Եբրայեցիս 11։8–10, 17–19; Յակոբոս 2։23)։ Աբրահամի ապրած կյանքը ցույց է տալիս, որ Աստված մատչելի է։ Նրա ուժն ու կարողություններն ակնածանք են ներշնչում, սակայն Աստված ինչ–որ անդեմ ուժ կամ պատճառ չէ։ Նա իրական անձնավորություն է, որի հետ մենք՝ մարդիկս, հօգուտ մեր հարատև բարօրության, կարող ենք հարգալից փոխհարաբերություն զարգացնել։
Եհովան խոստացել էր Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։18)։ Այդ խոստումը Ադամի օրոք տրված գալիք «սերնդի» մասին խոստման շարունակությունն էր, կամ էլ վերջինիս լրացումը (Ծննդոց 3։15)։ Աբրահամին ուղղված խոսքերն ամրացրին այն հույսը, որ ինչ–որ մեկը՝ Սերունդը, մի օր կհայտնվի և օրհնություն կբերի, որից կկարողանան օգտվել աշխարհի բոլոր ժողովուրդները։ Այս միտքը ողջ Աստվածաշնչի գլխավոր թեման է, ինչը ցույց է տալիս, որ այդ գիրքը առանձին–առանձին գրի առնված մարդկային ստեղծագործությունների ժողովածու չէ։ Իսկ հետևելով Աստվածաշնչի այս կարեվոր թեմային՝ կտեսնենք, որ Աստված հնագույն մի ազգ է օգտագործել երկրի բոլոր ազգերը օրհնելու համար (Սաղմոս 147։19, 20)։
Այն, որ Իսրայել ազգի հետ Եհովայի փոխհարաբերությունները հենց այս նպատակով էին թելադրված, ցույց է տալիս, որ «Աստծու կողմից աչառութիւն չկայ» (Գործք 10։34; Գաղատացիս 3։14)։ Բացի այդ, չնայած Եհովան կապ ուներ գլխավորապես Աբրահամի հետնորդների հետ, այլ ժողովուրդների ներկայացուցիչները ազատ կարող էին նրանց միանալ և նույնպես ծառայել Եհովային (Գ Թագաւորաց 8։41–43)։ Ինչպես դեռ կտեսնենք, Աստծո անաչառությունը արտահայտվում է նաև նրանում, որ այսօր բոլորս էլ, անկախ մեր քաղաքացիությունից կամ ազգային պատկանելիությունից, կարող ենք ճանաչել Աստծուն և նրան հաճելի լինել։
Շատ բան կարող ենք սովորել այն ազգի պատմությունից, որի հետ Ստեղծիչը դարեր շարունակ հաղորդակցվել է։ Եկեք այդ պատմությունը բաժանենք երեք մասի։ Յուրաքանչյուր մասը նկատի առնելիս՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Եհովան ներդաշնակ վարվել իր անվան իմաստի հետ, որը թարգմանվում է՝ «Դարձնում է», և թե ինչպես են նրա անձնավորությանը բնորոշ գծերը դրսևորվել որոշ մարդկանց հետ իր վարվելակերպում։
Մաս առաջին՝ Արարչի կողմից ղեկավարվող ժողովուրդ
Աբրահամի հետնորդները գերի են Եգիպտոսում։ Վերջապես Աստված ուղարկում է Մովսեսին, որը մ.թ.ա. 1513 թ.–ին ժողովրդին առաջնորդում է դեպի ազատություն։ Երբ Իսրայել ազգը կազմավորվում է որպես ժողովուրդ, Աստծո ղեկավարությունը սկսվում է նրա վրա։ Սակայն մ.թ.ա. 1117 թ.–ին ժողովուրդը ցանկություն է հայտնում, որ մարդկանցից մեկն իրենց թագավոր լինի։
Ի՞նչ հանգամանքների բերումով Իսրայելը Մովսեսի հետ միասին հայտնվեց Սինա լեռան մոտ։ Դրա նախապատմությունը շարադրված է Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում։ Այդ դեպքից դեռևս շատ առաջ, երբ Հակոբը (կոչվում է նաև Իսրայել) ապրում էր Եգիպտոսից դեպի հյուսիս–արևելք ընկած տարածքում, այն ժամանակվա ողջ հայտնի աշխարհում սով սկսվեց։ Ընտանիքի հոգսը Հակոբին ստիպեց սնունդ հայթայթելու համար դիմել Եգիպտոս. վերջինս ցորենի մեծ պաշար ուներ։ Ի զարմանս Հակոբի՝ ժողովրդին սնունդ մատակարարողն իր որդի Հովսեփն էր, որին նա վաղուց արդեն համարում էր զոհված։ Ընտանիքի հետ միասին Հակոբը տեղափոխվեց Եգիպտոս, որտեղ էլ նրան առաջարկեցին բնակություն հաստատել (Ծննդոց 45։25–46։5; 47։5–12)։ Սակայն Հովսեփի մահից հետո նոր փարավոնը ստրկացրեց Հակոբի բոլոր հետնորդներին, և եգիպտացիները, ինչպես կարդում ենք, «նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով» (Ելից 1։8–14)։ Այս և մնացած իրադարձությունների հուզիչ պատմությունը կարող եք կարդալ Աստվածաշնչի երկրորդ գրքում՝ «Ելից»–ում։
Տասնամյակներ շարունակ իսրայելացիներն իրենց նկատմամբ դաժան վերաբերմունք էին հանդուրժում, և «նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ»։ Եհովային դիմելը նրանց կողմից կատարված իմաստուն քայլ էր։ Նա Աբրահամի ժառանգների նկատմամբ անտարբեր չէր և վճռականորեն էր տրամադրված՝ կատարելու բոլոր ժողովուրդներին ապագայում օրհնելու իր նպատակը։ Եհովան ‘նորանց հեծութիւնը լսեց եւ իմացաւ նորանց վիճակը’, ինչը ցույց է տալիս Ստեղծիչի կարեկցանքը բոլոր հարստահարվողների և տառապանք կրողների հանդեպ (Ելից 2։23–25)։ Իսրայելին ստրկությունից ազատագրելու համար նա Մովսեսին ընտրեց։ Սակայն երբ Մովսեսն ու իր եղբայր Ահարոնը խնդրանքով դիմեցին փարավոնին՝ ստրկության մեջ գտնվող ժողովրդին արձակելու համար, փարավոնը հանդգնորեն պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ» (Ելից 5։2)։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ Տիեզերքի Ստեղծիչը խույս տար նման մարտահրավերից, նույնիսկ եթե մարտահրավեր նետողը ամենահզոր ռազմական տերության թագավորն էր։ Աստված փարավոնի և եգիպտացիների վրա մի շարք պատուհասներ բերեց։ Տասներորդ պատուհասից հետո փարավոնը վերջապես համաձայնվեց ազատ արձակել իսրայելացիներին (Ելից 12։29–32)։ Այս դեպքով Աբրահամի հետնորդները ճանաչեցին Եհովային որպես իրական անձնավորություն, որն ազատագրում է շնորհում իր ժամանակին։ Իսկապե՛ս, իր անվան բովանդակության համապատասխան, Եհովան դարձավ իր տված խոստումների փառահեղ կերպով կատարողը (Ելից 6։3)։ Այնուհանդերձ, ինչպես փարավոնը, այնպես էլ իսրայելացիները, այդ անվան մասին սովորելու դեռ շատ բան ունեին։
Այդ առիթը նրանց ներկայացավ այն ժամանակ, երբ փարավոնը անսպասելիորեն իր միտքը փոխեց։ Նա զորքով սկսեց կատաղորեն հետապնդել հեռացող ստրուկներին և Կարմիր ծովի մոտ գրեթե հասավ նրանց։ Իսրայելացիները ծուղակի մեջ ընկան ծովի և եգիպտական բանակի միջև։ Եվ հենց ա՛յդ ժամանակ միջամտեց Եհովան՝ Կարմիր ծովի միջով ճանապարհ բացելով։ Փարավոնին հարկավոր էր գիտակցել, որ դա Աստծո անդիմադրելի ուժի դրսևորումն էր։ Դրա փոխարեն՝ նա զորքը շեշտակի առաջնորդեց իսրայելացիների ետևից. արդյունքը եղավ այն, որ Աստված ետ դարձրեց ծովի ջրերն իրենց բնական դիրքին, իսկ փարավոնն ու իր բանակը խեղդվեցին։ «Ելից» գրքի հաղորդագրությունը ստույգ չի ներկայացնում, թե Աստված ինչպես կատարեց այս գործողությունները։ Մենք դա կարող ենք հրաշք անվանել, որովհետև այդ գործերն ու դրանց կատարման ժամանակը մարդկանց կողմից չէին ղեկավարվում։ Բայց, անշուշտ, այդ գործերը Տիեզերքի և նրա բոլոր օրենքների Ստեղծիչի կարողությունից վեր չէին (Ելից 14։1–31)։
Իսրայելացիներին այս դեպքը ցույց տվեց և մեզ ևս պետք է օգնի հասկանալ, որ Եհովան Փրկիչ է ու գործում է իր անվան նշանակության հետ ներդաշնակ։ Այս պատմությունից կարելի է ավելի շատ տեղեկություն քաղել Աստծո գործելակերպի մասին։ Տեսնում ենք չարչարող ազգի դեմ նրա հանդես բերած արդարությունը, և բարությունը իր ժողովրդի հանդեպ, որի միջից դուրս պիտի գար Սերունդը։ Վերջինիս վերաբերյալ «Ելից» գրքի տված հաղորդագրությունը հին պատմություն համարվելուց շատ ավելին է նշանակում. այն կապված է ողջ աշխարհի վրա օրհնություն բերելու Աստծո նպատակի հետ։
Դեպի Ավետյաց երկիր
Եգիպտոսից հեռանալով՝ Մովսեսի առաջնորդությամբ անապատի միջով ժողովուրդը դիմեց դեպի Սինա լեռը։ Այն, ինչ այստեղ տեղի ունեցավ, դրանից էր կախված, թե դարերի ընթացքում Աստված ինչ դեր խաղաց այդ ազգի կյանքում։ Նա օրենքներ տվեց ժողովրդին։ Իհարկե, շատ դարեր առաջ Ստեղծիչն արդեն նյութական Տիեզերքը ղեկավարելու համար օրենքներ էր դրել, որոնք առ այսօր գործում են։ Սակայն Սինա լեռան մոտ Մովսեսի միջոցով նա ազգային օրենքներ հաստատեց։ Աստծո կատարած գործերի և նրա տված Օրենքի մասին կարելի է կարդալ «Ելից» գրքում, ինչպես նաև հաջորդ երեք գրքերում՝ «Ղեւտացոց», «Թուոց», «Երկրորդ Օրինաց»։ Ըստ գիտնականների՝ Մովսեսի կողմից է գրվել նաև «Յոբ» գիրքը։ Դրա աչքի ընկնող մանրամասնություններին կանդրադառնանք մեր գրքի տասներորդ գլխում։
Նույնիսկ այսօր աշխարհի միլիոնավոր մարդիկ գիտեն և փորձում են կյանքում կիրառել Տասը պատվիրանները, որոնք օրենքների այս ամբողջական ժողովածուի հիմնական բարոյական դրույթներն են։ Օրենսգիրքը այլ հրահանգներ էլ էր պարունակում, որոնց կատարելությունը հիացմունք է առաջացնում։ Կանոններից շատերը, բնականաբար, վերաբերում էին իսրայելացիների կենցաղին, որոնց մեջ մտնում էին հիգիենայի, առողջապահական կանոնները և հիվանդություններին վերաբերող հրահանգները։ Թեպետ այս օրենքները նախատեսված էին հին ժամանակներում ապրող ժողովրդի համար, դրանք որոշ գիտական փաստերի մասին լավատեղյակություն են հանդես բերում, որոնք փորձագետները հայտնաբերել են, թերևս, միայն մեր դարաշրջանում (Ղեւտացոց 13։46, 52; 15։4–13; Թուոց 19։11–20; Երկրորդ Օրինաց 23։12, 13)։ Այստեղ էլ գուցե հարց առաջանա. «Ինչպե՞ս էր պատահել, որ հին Իսրայելին տրված օրենքների հիմքում ընկած գիտությունը և իմաստությունը գերազանցում էին այն ժամանակների հին ժողովուրդների գիտելիքներին ու իմաստությանը։ Հարցին միանգամայն ողջամիտ պատասխան է տրվում՝ այդ օրենքների հեղինակը Ստեղծիչն էր։
Օրենքները նպաստում էին նաև ընտանիքի տոհմի պահպանմանը և կրոնական պարտականություններ էին սահմանում, որոնց պետք է հետևեին իսրայելացիները մինչև Սերնդի գալը։ Աստծո բոլոր պահանջները կատարելու իրենց համաձայնությունը տալով՝ նրանք պատասխանատվություն էին վերցնելու այդ Օրենքի համաձայն ապրել (Երկրորդ Օրինաց 27։26; 30։17–20)։ Իհարկե, նրանք Օրենքը կատարելապես չէին կարողանա պահել։ Սակայն այդ իրողությունն իսկ բարի նպատակի էր ծառայում։ Ավելի ուշ մի օրենսգետ բացատրեց, որ «Օրէնքը աւելցաւ յանցանքը յայտնելու համար, մինչեւ գայ այն սերունդը՝ որուն խոստացուեր էր» (Գաղատացիս 3։19, 24, Արևմտ. Աստ.)։ Այսպիսով՝ Օրենքը նրանց առանձնացնում էր որպես ժողովուրդ, հիշեցնում, որ Սերնդի կամ Մեսիայի կարիքն ունեին և պատրաստում էր դիմավորելու նրան։
Սինա լեռան ստորոտին ժողովված իսրայելացիները Աստծո Օրենքի հետ ներդաշնակ ապրելու իրենց համաձայնությունը տվեցին։ Այդ քայլով նրանք դաշինք կնքեցին կամ, ինչպես Աստվածաշունչն է ասում, ուխտի մեջ մտան։ Ուխտը կնքվեց Աստծո և Իսրայել ազգի միջև։ Թեև Իսրայելացիները կամավոր էին կնքել այդ ուխտը, սակայն իրենց գործերով ցույց տվեցին, որ համառ ժողովուրդ են։ Օրինակ՝ նրանք մի ոսկե հորթ ձուլեցին, որն իբրև Աստծուն էր ներկայացնում։ Այս արարքը մեղք էր համարվում, քանի որ կռապաշտությունը ուղղակիորեն ոտնահարում էր Տասը պատվիրանները (Ելից 20։4–6)։ Բացի այդ, նրանք գանգատվեցին ունեցած սննդի համար, ապստամբեցին Աստծո կողմից նշանակված իրենց առաջնորդի (Մովսեսի) դեմ և անբարո հարաբերությունների մեջ մտան օտար, կռապաշտ կանանց հետ։ Ինչո՞ւ պետք է հեռավոր անցյալի այս դեպքերը մեզ համար այսօր հետաքրքրական լինեն։
Կրկին հարկ ենք համարում նշել, որ դա միայն զուտ հնագույն պատմություն չէ։ Իսրայելի անշնորհակալ վարքի և այդ վարքին տրված Եհովայի արձագանքների մասին Աստվածաշնչի պատմությունը ցույց է տալիս, որ նա իսկապես հոգատար Աստված է։ Աստվածաշունչը նշում է, որ իսրայելացիները «կրկին եւ կրկին» փորձեցին Եհովային, «դառնացրին» ու «նեղացրին» նրան (Սաղմոս 78։40, 41)։ Ուստի կարող ենք չկասկածել, որ Ստեղծիչը զգացմունքներ ունի, և նրա համար միևնույն չէ, թե ինչպե՛ս են վարվում մարդիկ։
Մարդկային տեսանկյունից նայելով՝ կարելի է մտածել, որ իսրայելացիների սխալ արարքների հետևանքով Աստված իր ուխտը չեղյալ պիտի համարեր կամ՝ իր խոստումը կատարելու համար մեկ ուրիշ ազգ ընտրեր։ Սակայն այդպես չվարվեց։ Դրա փոխարեն՝ նա պատժի ենթարկեց անուղղելի չարագործներին, իսկ մոլորված ժողովրդի հանդեպ, ընդհանուր առմամբ, գթասրտություն ցուցաբերեց։ Ինչ խոսք, Աստված հավատարիմ մնաց Աբրահամին տված իր խոստմանը։
Կարճ ժամանակ անց Իսրայելը հասավ Քանան, որն Աստվածաշունչը ներկայացնում է որպես Ավետյաց (Խոստացված) երկիր։ Այդ երկրի բնակչությունը բաղկացած էր հզոր ժողովուրդներից, որոնք թաղվել–մնացել էին բարոյապես ստոր արարքների մեջ։ Ստեղծիչը թույլ էր տվել, որ անցնի չորս հարյուր տարի և այդ ընթացքում չէր միջամտել նրանց գործերին, սակայն եկել էր պահը, երբ արդարացիորեն վճռել էր երկիրը հին Իսրայելին տալ (Ծննդոց 15։16; տե՛ս նաև «Նախանձոտ Աստված՝ ի՞նչ իմաստով» վերնագիրը, 132, 133 էջեր)։ Երկիրը նախապես հետախուզելու համար Մովսեսը տասներկու հետախույզ ուղարկեց, որոնցից տասը թերահավատություն ցուցաբերեցին Եհովայի ազատագրող բազկի հանդեպ։ Նրանց բերած տեղեկությունը պատճառ դարձավ, որ ժողովուրդը տրտնջա Աստծո դեմ և Եգիպտոս վերադառնալու ցանկություն հայտնի։ Արդյունքում ժողովուրդն Աստծուց պատիժ ստացավ՝ քառասուն տարի անապատում քոչվորի կյանք վարել (Թուոց 14։1–4, 26–34)։
Ո՞րն էր այդ դատավճռի օգուտը։ Մահից առաջ Մովսեսը հորդորեց Իսրայելի որդիներին հիշել այն տարիները, որոնց ընթացքում Եհովան խոնարհեցրել էր նրանց։ Մովսեսն ասաց. «Իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կ‘խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում» (Երկրորդ Օրինաց 8։1–5)։ Չնայած իսրայելացիներն իրենց վարքով անարգեցին Եհովային, բայց Աստված շարունակում էր խնամել նրանց՝ ցույց տալով, որ բոլորն էլ իրենից էին կախված։ Ժողովուրդը ողջ մնաց շնորհիվ Աստծո պարգևած մանանայի, որը մեղրով պատրաստված գաթայի համ ունեցող կերակուրի էր նման։ Պարզ է, որ անապատում անցկացրած իրենց կյանքի փորձառությունից իսրայելացիները շատ բան սովորած պիտի լինեին։ Դա նրանց պետք է հասկացներ, թե որքան կարևոր է հնազանդվել իրենց գթառատ Աստծուն և միայն նրան հուսալ (Ելից 16։13–16, 31; 34։6, 7)։
Մովսեսի մահից հետո Աստված Իսրայելի առաջնորդությունը հանձնեց Հեսուին։ Այս անվեհեր ու հավատարիմ այր մարդը ժողովրդին առաջնորդեց Քանան և խիզախորեն ձեռնարկեց երկրի նվաճումը։ Կարճ ժամանակահատվածում Հեսուն երեսունմեկ թագավոր տապալեց և գրավեց Ավետյաց երկրի մեծ մասը։ Այս հետաքրքրաշարժ պատմությունը կարելի է ընթերցել «Յեսուի» գրքում։
Երբ Իսրայելում չկար մարդկանց միջից թագավոր
Անապատում եղած տարիներին և Ավետյաց երկրում բնակվելու սկզբնական շրջանում ժողովուրդն ուներ առաջնորդ, նախ՝ Մովսեսին, ապա Հեսուին։ Իսրայելացիներն իրենց միջից նշանակված թագավորի կարիք չունեին, քանի որ ինքը Եհովան էր նրանց Գերիշխանը։ Նա կարգադրություն արեց նշանակել տարեց մարդկանց՝ քաղաքի դարպասների մոտ դատական գործերը լսելու համար։ Այդ մարդկանց շնորհիվ կարգ ու կանոն էր պահպանվում, և ժողովուրդը հոգևոր աջակցություն էր ստանում (Երկրորդ Օրինաց 16։18; 21։18–20)։ «Հռութի» գրքում համառոտակի նկարագրվում է այն մասին, թե ինչպես այդ տարեց մարդիկ Երկրորդ Օրինաց 25։7–9 խոսքերում արձանագրված օրենքի հիման վրա իրավական վճիռ կայացրին։
Տարիներ էին անցնում, և ժողովուրդը հաճախ էր Աստծո դժգոհությանն արժանանում նրան կրկին ու կրկին չհնազանդվելու և քանանացիների աստվածներին դիմելու պատճառով։ Սակայն, երբ նեղն էին ընկնում ու օգնության կանչում, Եհովան հիշում էր նրանց։ Նա դատավորներ էր նշանակում, որպեսզի Իսրայելի ազատագրման առաջնորդությունն իրենց ձեռքը վերցնեին և հարևան ճնշող ժողովուրդներից նրանց փրկեին։ «Դատաւորաց» գիրքը այդ քաջարի դատավորներից տասներկուսի սխրագործությունների մասին է պատմում (Դատաւորաց 2։11–19; Նէեմիա 9։27)։
Այնտեղ կարդում ենք նաև հետևյալ տողերը. «Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում» (Դատաւորաց 21։25)։ Ժողովուրդն ուներ Օրենքում ամփոփված բարոյական չափանիշները, և իր ծերերի, ինչպես նաև քահանաներից ստացած հրահանգների օգնությամբ մարդիկ հիմքեր ունեին ‘աչքին հաճելի եղածն անելու’ և լիովին վստահ լինելու իրենց քայլերի մեջ։ Օրենքի պահանջների մեջ էր մտնում նաև խորանի կամ դյուրակիր տաճարի առկայությունը, որտեղ կատարվում էին զոհաբերությունները։ Ճշմարիտ պաշտամունքը կենտրոնացված էր խորանում և մեծ օգնություն էր այն օրերում ժողովրդին միության մեջ պահելու համար։
Մաս երկրորդ՝ բարգավաճումը թագավորների օրոք
Իսրայելում Սամուելի դատավորության օրոք ժողովուրդը թագավոր է պահանջում։ Առաջին երեք թագավորների՝ Սավուղի, Դավիթի և Սողոմոնի իշխանությունը տևում է մ.թ.ա. 1117—997 թթ.՝ յուրաքանչյուրինը քառասուն տարի։ Իսրայելը հասնում է հարստության ու փառքի գագաթնակետին, և Ստեղծիչը կարևոր քայլեր է ձեռնարկում՝ նախապատրաստումներ տեսնելով գալիք Սերնդի իշխանության համար։
Սամուելը, որը միաժամանակ և՛ դատավոր էր, և՛ մարգարե, բարեխղճորեն հոգ էր տանում Իսրայելի հոգևոր վիճակի մասին, բայց նրա որդիներն իրենց հոր օրինակին չէին հետևում։ Ժողովուրդը վերջապես Սամուելից պահանջեց. «Արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը»։ Եհովան Սամուելին բացատրեց ժողովրդի խոսքերի նշանակությունը. «Լսիր ժողովրդի խօսքին,— ասաց նա,— որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ»։ Նա հեռուն էր նայում և արդեն տեսնում էր այդ քայլի տխուր հետևանքները (Ա Թագաւորաց 8։1–9)։ Այնուհանդերձ, համաձայն նրանց ներկայացրած պահանջի, Եհովան Սավուղ անունով մի համեստ մարդու Իսրայելի վրա թագավոր նշանակեց։ Չնայած Սավուղի թագավոր դառնալու սկզբնական ժամանակաշրջանը շատ խոստումնալից էր, միառժամանակ հետո նա կամակոր հակումներ դրսևորեց և սկսեց խախտել Աստծո պատվիրանները։ Աստծո մարգարեն հայտարարեց, որ թագավորությունը տրվելու է Եհովայի հավանությունն ունեցող մեկ այլ անձնավորության։ Սա վկայում է այն մասին, թե Ստեղծիչը որքա՜ն է գնահատում սրտից բխող հնազանդությունը (Ա Թագաւորաց 15։22, 23)։
Իսրայելի հաջորդ թագավոր էր օծվելու Դավիթը՝ Հուդայի ցեղից մի ընտանիքի կրտսեր որդին։ Այդ անսպասելի ընտրության կապակցությամբ Աստված Սամուելին ասաց. «Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։ Մի՞թե չի քաջալերում այն միտքը, որ Ստեղծիչը նայում է մեր ներքին էությանը և ոչ միայն մեր արտաքինին։ Սակայն Սավուղն իր մտածելակերպն ուներ։ Եհովայի կողմից որպես ապագա թագավոր Դավիթի ընտրվելուց հետո նրան միայն մի միտք էր տանջում՝ վերացնել Դավիթին։ Եհովան թույլ չտվեց Սավուղին իրականացնելու իր չար ծրագիրը, և, ի վերջո, Սավուղն իր որդիների հետ միասին զոհվեց իրենց դեմ պատերազմող մի ժողովրդի՝ փղշտացիների հետ ճակատամարտելիս։
Դավիթն իր թագավորությունը սկսեց Քեբրոն քաղաքից, այնուհետև, Երուսաղեմը նվաճելուց հետո մայրաքաղաքն այնտեղ տեղափոխեց։ Բացի այդ, Դավիթն ընդարձակեց նաև Իսրայելի տարածքները մինչև այն հողերի սահմանները, որոնք Աստված խոստացել էր տալ Աբրահամի հետնորդներին։ Այս ժամանակահատվածի նկարագրությունը (ինչպես նաև հետագա թագավորների պատմությունը) շարադրված է Աստվածաշնչի վեց պատմական գրքերում։b Արձանագրություններից իմանում ենք, որ Դավիթի կյանքը զերծ չէր դժվարություններից։ Իմանում ենք այն մասին, որ Դավիթը, անձնատուր լինելով կրքին, անբարոյություն է գործում գեղեցիկ Բերսաբեի հետ, իսկ հետո իր մեղքը ծածկելու համար այլ սխալ արարքների է դիմում։ Արդարության Աստված Եհովան չէր կարող անտեսել Դավիթի գործած մեղքը, սակայն նրա անկեղծ ապաշխարության համար Աստված չպահանջեց, որ Օրենքով նախատեսված խստագույն պատիժը կիրառվի. բայց, որպես հատուցում իր մեղքերի, Դավիթն ընտանեկան շատ խնդիրների էր դեռ բախվելու։
Իր կրած այս բոլոր դժբախտությունների ընթացքում Դավիթը ճանաչեց Աստծուն՝ այն, որ նա զգացմունքների տեր անձնավորություն է։ Նա գրեց. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին.... եւ նորանց աղաղակին լսում [է]» (Սաղմոս 145։18–20)։ Դավիթի անկեղծությունն ու հավատարմությունը շատ հստակ են արտահայտվում նրա ստեղծագործած քնարական երգերում, որոնք կազմում են «Սաղմոսների» գրեթե կեսը։ Միլիոնավոր մարդիկ մխիթարություն և ուժ են ստանում այս բանաստեղծական գրվածքներն ընթերցելիս։ Ահա Սաղմոս 139։1–4 խոսքերը, որոնք ցույց են տալիս, թե Աստծուն որքան մոտիկ էր Դավիթն իրեն զգում. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները.... Որովհետեւ դեռ բնաւ խօսք չ’կայ իմ լեզուի վերայ.... դու ամենը գիտում ես»։
Դավիթին հատկապես հայտնի էր Աստծո ազատագրող բազկի զորությունը (Սաղմոս 20։6; 28։9; 34։7, 9; 37։39)։ Ամեն անգամ, երբ նա զգում էր իր վրա այդ ուժը, վստահությունը դեպի Եհովան աճում էր։ Դա երևում է Սաղմոս 30։5, 62։8 և 103։9 խոսքերից։ Կամ կարող եք ընթերցել 51–րդ սաղմոսը, որը Դավիթը գրել է Բերսաբեի հետ գործած իր մեղքի համար հանդիմանություն ստանալուց հետո։ Որքա՜ն խրախուսիչ է այն միտքը, որ կարող ենք մեր սիրտը բաց անել Ստեղծիչի առջև՝ վստահ լինելով, որ նա գոռոզ անձնավորություն չէ և խոնարհաբար պատրաստ է մեզ լսելու (Սաղմոս 18։35; 69։33; 86։1–8)։ Սակայն պատճառը միայն սեփական փորձառությունը չէր, որ Դավիթը նման բարձր կարծիք էր կազմել Եհովայի մասին։ «Մտածում եմ քո բոլոր գործերի վերայ,— գրել է նա,— խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Սաղմոս 63։6; 143։5)։
Եհովան Դավիթի հետ հավիտենական թագավորության առանձնահատուկ ուխտ հաստատեց։ Վերջինս, ըստ երևույթին, ամբողջապես չըմբռնեց այդ ուխտի նշանակությունը, սակայն, Աստվածաշնչում ավելի ուշ ներկայացված մանրամասնություններից ելնելով, տեղեկանում ենք, որ ուխտը կապելիս Աստված նկատի ուներ խոստացյալ Սերնդի գալը Դավիթի ազգատոհմից (Բ Թագաւորաց 7։16)։
Իմաստուն Սողոմոն թագավորը և կյանքի իմաստը
Դավիթի որդի Սողոմոնն իր իմաստության շնորհիվ փառք էր ձեռք բերել։ Այդ իմաստությունից կարող ենք օգտվել՝ կարդալով «Առակաց» և «Ժողովող» գրքերը, որոնք իրենցից գործնական մեծ արժեք են ներկայացնումc (Գ Թագաւորաց 10։23–25)։ «Ժողովող» գիրքը օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր Սողոմոն թագավորի նման փնտրում են կյանքի իմաստը։ Սողոմոնն առաջին իսրայելացի թագավորն էր, որը ծնվել էր արքայական ընտանիքում, ուստի իր առջև անսահման հնարավորություններ ուներ։ Նա հրաշալի կառույցների նախագծեր էր կազմել, նրա սեղանին ամենաբազմազան ուտեստներ էին միշտ լինում, Սողոմոնը երաժշտություն էր սիրում և ընկերակցում էր հռչակավոր մարդկանց հետ։ Չնայած այս ամենին՝ Սողոմոնը գրեց. «Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. եւ ահա բոլորն ունայն էր» (Ժողովող 2։3–9, 11)։ Ի՞նչ եզրակացության նա եկավ։
Ահա Սողոմոնի խոսքերը. «Բոլոր խօսքի վախճանը լսեք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։13, 14)։ Իր այս խոսքերի համեմատ էլ Սողոմոնը ձեռնարկեց փառահեղ տաճարի կառուցման յոթնամյա նախագիծը, որպեսզի մարդիկ այնտեղ երկրպագեն Աստծուն (Գ Թագաւորաց 6–րդ գլուխ)։
Սողոմոնի իշխանության օրոք երկար տարիներ խաղաղություն էր տիրում (Գ Թագաւորաց 4։20–25)։ Այնուամենայնիվ, նա իր ամբողջ հոգով չկապվեց Եհովայի հետ, ինչպես որ Դավիթն էր կապվել։ Սողոմոնը օտարերկրացի կանայք առավ և թույլ տվեց նրանց իր սիրտը թեքել դեպի իրենց աստվածները։ Ի վերջո, Եհովան ասաց. «Պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը.... մէկ ցեղը պիտի տամ քո որդիին իմ ծառայ Դաւիթի պատճառով, եւ իմ ընտրած Երուսաղէմի պատճառովը» (Գ Թագաւորաց 11։4, 11–13)։
Մաս երրորդ՝ թագավորությունը մասնատվում է
Մ.թ.ա. 997 թ.–ին՝ Սողոմոնի մահից հետո, հյուսիսային տասը ցեղերն անջատվում են։ Դրանցից կազմավորվում է Իսրայելի թագավորությունը, որը մ.թ.ա. 740–ին նվաճում են ասորեստանցիները։ Իսկ Երուսաղեմում նստող թագավորներն իշխում են մնացած երկու ցեղերի վրա։ Հուդայի այս թագավորությունը տևում է մինչև մ.թ.ա. 607–ը, այսինքն՝ մինչև այն տարին, երբ բաբելոնացիները նվաճում են Երուսաղեմը և գերի վերցնում բնակչությանը։ Յոթանասուն տարի շարունակ Հուդան մնում է ամայի։
Սողոմոնի մահից հետո գահը ժառանգել էր նրա որդի Ռոբովամը, որի օրոք ժողովրդի կյանքը խիստ ծանրացել էր։ Դա ապստամբության պատճառ էր դարձել, և տասը ցեղերն անջատվել էին՝ կազմելով Իսրայելի թագավորությունը (Գ Թագաւորաց 12։1–4, 16–20)։ Այդ դեպքերին հաջորդող տարիների ընթացքում հյուսիսային թագավորությունը հավատարիմ չմնաց ճշմարիտ Աստծուն։ Մարդիկ հաճախակի կռապաշտությամբ էին զբաղվում, ինչպես օրինակ՝ ոսկե հորթին խոնարհվում կամ էլ միջամուխ էին լինում զանազան կեղծ պաշտամունքների մեջ։ Թագավորներից ոմանք դավադրաբար սպանվում էին, իսկ թագավորող տունն ընկնում էր զավթիչների ձեռքով։ Եհովան մեծ համբերատարություն էր ցուցաբերում ժողովրդի հանդեպ՝ կրկին ու կրկին ուղարկելով մարգարեներին՝ զգուշացնելու, որ իրենց ապստամբությունը չդադարեցնելու դեպքում նրանց վտանգ է սպառնում։ «Ովսէէի» և «Ամովսի» գրքերը գրող մարգարեների նախազգուշացումներն ուղղված էին հենց հյուսիսային թագավորությանը։ Վերջապես, մ.թ.ա. 740 թ.–ին ասորեստանցիները բերեցին այն կործանումը, որի մասին մարգարեացել էին Աստծո մարգարեները։
Հարավում՝ Հուդայում, մինչև մ.թ.ա. 607–ը իշխում էին Դավիթի տան հաջորդ տասնինը թագավորները։ Ասա, Հովսափատ, Եզեկիա և Հովսիա թագավորները հետևեցին իրենց նախահոր Դավիթի օրինակին և Եհովայի հաճությունը ստացան (Գ Թագաւորաց 15։9–11; Դ Թագաւորաց 18։1–7; 22։1, 2; Բ Մնացորդաց 17։1–6)։ Այս թագավորների օրոք Եհովան օրհնեց ժողովրդին։ Մի աշխատությունում նշվում է. «Հ[ուդայի] պահպանմանը նպաստող փառահեղ առանձնահատկություններն էին Աստծո կարգադրությամբ կառուցված տաճարը, քահանայությունը, գրավոր օրենքը և միակ ճշմարիտ Աստված Եհովայի՝ իբրև իր իսկական աստվածապետական թագավորի ճանաչումը.... Շնորհիվ դեպի Օրենքն ունեցած այս կապվածության՝ իրար էին հաջորդում թագավորներ, որոնց մեջ եղան իմաստուն և բարի միապետներ.... Ուստի Հ[ուդան] իր քրոջից՝ բնակչության թվով իրեն գերազանցող Հյուսիսային թագավորությունից ավելի երկարակյաց գտնվեց» («The Englishman’s Critical and Expository Bible Cyclopoedia»)։ Այդ հավատարիմ թագավորները թվով զիջում էին նրանց, ովքեր չգնացին Դավիթի ճանապարհով։ Բայց Եհովան այնպես առաջնորդեց դեպքերը, որպեսզի ‘իր ծառա Դավիթը միշտ մեկ ճրագ ունենա իր առաջին Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը նա ընտրել էր, որ իր անունը դներ այնտեղ’ (Գ Թագաւորաց 11։36)։
Դեպի կործանում
Մանասեն մեկն էր Հուդայի այն թագավորներից, որոնք ճշմարիտ պաշտամունքից երես դարձրին։ Նա «իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ» (Դ Թագաւորաց 21։6, 16)։ Մանասե թագավորը մոլորեցրեց իր հպատակներին, «որ չարիք գործեն առաւել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տէրը»։ Մանասեին և ժողովրդին մի քանի անգամ զգուշացումներ տալուց հետո Ստեղծիչը հայտարարեց. «Պիտի սրբեմ Երուսաղէմը ինչպէս որ ամանն են սրբում» (Բ Մնացորդաց 33։9, 10, ԷԹ; Դ Թագաւորաց 21։10–13)։
Նախ՝ Եհովան թույլ տվեց, որ ասորեստանցիները վերցնեն Մանասեին ու կապանքների մեջ գերի տանեն (Բ Մնացորդաց 33։11)։ Գերության մեջ նա գիտակցեց իր անխոհեմությունը և «շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը»։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ «[Աստված] նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած»։ Մանասեն և նրա թոռ Հովսիա թագավորը անհրաժեշտ բարեփոխություններ մտցրեցին, սակայն ժողովրդի դարձը բարոյական և կրոնական անկումից վերջնական չէր (Բ Մնացորդաց 33։1–20; 34։1–35։25; Դ Թագաւորաց 22–րդ գլուխ)։
Նշանակալից է, որ Եհովան նախանձախնդիր մարգարեների միջոցով իր վերաբերմունքն էր ցույց տալիս տեղի ունեցող դեպքերի նկատմամբ։d Երեմիան այսպես հաղորդեց Եհովայի խոսքերը. «Այն օրից որ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից մինչեւ այսօր, ես ուղարկում եմ ձեզ մօտ իմ ամեն ծառաներին՝ մարգարեներին ամեն օր կանուխ վեր կենալով ուղարկում եմ»։ Բայց ժողովուրդն ականջ չդրեց Աստծուն։ Նրանք իրենց հայրերից ավելի չար եղան (Երեմիա 7։25, 26)։ Աստված շարունակ զգուշացումներ էր անում, «որովհետեւ խնայում էր իր ժողովրդին»։ Սակայն զգուշացումները դարձյալ մնում էին անարձագանք։ Այդ պատճառով էլ մ.թ.ա. 607 թ.–ին նա թույլ տվեց բաբելոնացիներին ավերել Երուսաղեմը և երկիրն ամայի դարձնել։ Յոթանասուն տարի շարունակ այն մնաց լքված (Բ Մնացորդաց 36։15, 16; Երեմիա 25։4–11)։
Եհովայի գործերի այս համառոտ վերաքննությունից տեսնում ենք Նրա հոգատարությունը և արդար վարվելակերպն իր ժողովրդի հանդեպ։ Նա, մի կողմ կանգնած, անտարբերությամբ չէր սպասում, թե ժողովուրդն ինչ պիտի անի, կարծես դա իրեն չէր հետաքրքրում, այլ գործերով ցույց էր տալիս, որ ուզում էր օգնել նրանց։ Հասկանալի է, թե ինչու Եսայիան ասաց. «Ով Տէր, դու ես մեր հայրը.... քո ձեռքի գործն ենք մենք ամենքս» (Եսայիա 64։8)։ Շատերն այսօր էլ դիմում են Ստեղծիչին որպես «հայր», որովհետև նա ինքը արձագանքում է այնպես, ինչպես սիրող, հոգատար հայրը կարձագանքեր։ Սակայն, Եհովան նաև հասկանում է, որ մենք ինքներս պետք է պատասխանատվություն կրենք մեր արարքների և դրանց հետևանքների համար։
Ժողովրդի յոթանասուն տարվա գերությունից հետո Եհովա Աստված իրագործեց Երուսաղեմի վերականգնման մասին իր մարգարեությունը։ Ժողովուրդն ազատագրվեց և հայրենիք վերադառնալու իրավունք ստացավ, որ ‘շինէ Եհովայի տունը, որ Երուսաղէմումն է’ (Եզրաս 1։1–4; Եսայիա 44։24–45։7)։ Աստվածաշնչի մի քանի գրքերe ներկայացնում են այդ վերանորոգումները, տաճարի վերականգնումը և դրա հետ կապված իրադարձությունները։ Դրանցից հատկապես հետաքրքրական է «Դանիէլի» գիրքը. այնտեղ ճշգրտորեն նախագուշակված է, թե երբ պետք է հայտնվեր Սերունդը՝ Մեսիան, և տրված է մեր ժամանակներին վերաբերող իրադարձությունների նկարագրությունը։
Տաճարը, վերջ ի վերջո, վերակառուցվեց, սակայն Երուսաղեմը ողորմելի վիճակում էր։ Պարիսպներն ու դարպասները ավերակ էին դարձել։ Այդ ժամանակ Աստված ընտրեց որոշ մարդկանց, որոնց թվում էր Նեեմիան, որպեսզի հորդորեն և կազմակերպեն հրեաներին։ «Նէեմիայի» գրքի 9–րդ գլխում ներկայացված աղոթքից շատ լավ երևում է, թե ինչպես էր Եհովան իսրայելացիների հետ վերաբերվում։ Այնտեղ Եհովայի մասին ասվում է, որ նա «ներող, ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած» է։ Այս աղոթքից պարզ է նաև, որ Եհովան արդարության իր կատարյալ չափանիշների հետ ներդաշնակ է գործում։ Նույնիսկ երբ նա դատաստան տեսնելու համար իր զորությունը ցուցաբերելու բավարար պատճառներ է ունենում, արդարության հետ մեկտեղ նա ցուցաբերում է նաև իր սերը։ Այդ հատկությունները գերազանցորեն չափավորելու համար իմաստություն է պահանջվում։ Պարզ է, որ Ստեղծիչի ցուցաբերած վերաբերմունքն Իսրայել ազգի հանդեպ մեզ ավելի պիտի մոտեցնի իրեն և մղի պատրաստակամորեն կատարելու իր կամքը։
Աստվածաշնչի այս հատվածը (Հին Կտակարանը) եզրափակվում է նրանով, որ Հուդայի թագավորությունն արդեն Երուսաղեմի իր տաճարով հանդերձ վերականգնվել էր, բայց գտնվում էր հեթանոսների իշխանության ներքո։ Այդ պայմաններում ինչպե՞ս պիտի կատարվեր «սերնդի» մասին Դավիթի հետ կնքած Աստծո ուխտը. «սերնդի», որը պետք է իշխեր «յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 89։3, 4; 132։11, 12)։ Հրեաները դեռ սպասում էին «Մեսիա իշխանի» հայտնվելուն, որը պետք է Աստծո ժողովրդին ազատագրեր և աստվածապետական (Աստծո կողմից ղեկավարվող) թագավորություն հաստատեր երկրի վրա (Դանիէլ 9։24, 25)։ Եհովայի նպատակն արդյո՞ք դրանում էր կայանում։ Եթե ոչ, ապա խոստացյալ Մեսիան ինչպե՞ս էր փրկություն բերելու։ Եվ այսօր ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը մեզ համար։ Հաջորդ գլխում կմեկնաբանվեն այս կարևոր հարցերը։
[Ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի գրքերի անունները գրված են թավատառերով՝ դրանց բովանդակության մասին հեշտությամբ պատկերացում կազմելու համար։
b Դրանք են՝ «Ա Թագաւորաց», «Բ Թագաւորաց», «Գ Թագաւորաց», «Դ Թագաւորաց», «Ա Մնացորդաց», «Բ Մնացորդաց» գրքերը։
c Սողոմոնը գրել է նաև «Երգ երգոց» սիրո պոեմը, որտեղ գովերգվում է մի համեստ հովվի հանդեպ երիտասարդ աղջկա հավատարմությունը։
d Մի շարք Աստվածաշնչի գրքեր նման մարգարեական բովանդակություն ունեցող պատգամներ են պարունակում։ Դրանց մեջ են մտնում «Եսայիայի», «Երեմիայի», «Երեմիայի Ողբերը», «Եզեկիէլի», «Յովէլի», «Միքիայի», «Ամբակումի», «Սոփոնիայի» գրքերը։ «Աբդիայի», «Յովնանի» և «Նաումի» գրքերում պատմվում է հարևան ժողովուրդների մասին, որոնք ինչ–որ ձևով Աստծո ժողովրդի վրա ազդեցություն էին գործում։
e Պատմական և մարգարեական այդ գրքերի մեջ են մտնում «Եզրասի», «Նէեմիայի», «Եսթերի», «Անգէի», «Զաքարիայի» և «Մաղաքիայի» անունները կրող գրքերը։
[126–րդ էջի վրայի շրջանակը]
Կարելի՞ է հավատալ հրաշքներին
«Անհնար է օգտագործել էլեկտրական լույսը և ռադիոն, օգտվել ժամանակակից բժշկության ու վիրաբուժության նվաճումներից և, միևնույն ժամանակ, հավատալ Նոր Կտակարանում նկարագրված ոգիների աշխարհի գոյությանը և հրաշքներին»։ Գերմանացի աստվածաբան Ռուդոլֆ Բուլտմանի այս խոսքերը համընկնում են հրաշքների նկատմամբ ներկայումս շատ մարդկանց ունեցած տեսակետին։ Ունե՞ք արդյոք Աստվածաշնչում նկարագրված հրաշքների վերաբերյալ միևնույն կարծիքը, օրինակ՝ թե Աստված ինչպես բաժանեց Կարմիր ծովը։
«Օքսֆորդի համառոտ բառարանը» («The Concise Oxford Dictionary») «հրաշք» բառը սահմանում է որպես «գերբնական մի զորության վերագրված արտասովոր դեպք»։ Այդ արտասովոր դեպքի ժամանակ բնական կարգն ընդհատվում է, ինչի պատճառով էլ շատերը տրամադրված չեն հրաշքներին հավատալու։ Սակայն, բնության ինչ–որ օրենքի թվացյալ խախտումը կարելի է հեշտությամբ բացատրել բնության այլ օրենքներից վերջինիս կախվածությամբ։
Օրինակ՝ «Նյու Սայենթիսթ» պարբերաթերթը հաղորդում էր Տոկիոյի համալսարանի երկու ֆիզիկոսների մասին, որոնք փորձել էին մասամբ ջրով լցված հորիզոնական խողովակի շուրջը արտակարգ ուժեղ մագնիսական դաշտ ստեղծել։ Ջուրն արագորեն հավաքվել էր խողովակի երկու ծայրերում՝ մեջտեղի մասը թողնելով դատարկ։ 1994 թ.–ին հայտնագործված այս երևույթը բացատրվում էր նրանով, որ ջուրը թույլ դիամագնիսական է (մագնիսամերժ), այսինքն՝ վանվում է մագնիսից։ Ջրի տեղաշարժման երևույթն այն տարածքից, որտեղ մագնիսական դաշտը շատ ուժեղ է, դեպի թույլ մագնիսական դաշտ ունեցող տարածքները անվանվել է «Մովսեսի էֆեկտ»։ «Նյու Սայենթիսթը» նշում էր. «Բավականին մեծ մագնիս ունենալու դեպքում ջուրը ցրելն իրենից դժվարություն չի ներկայացնում։ Իսկ եթե դա հնարավոր է, ապա հնարավոր է գրեթե ամեն բան»։
Իհարկե, հնարավոր չէ բացարձակ ճշտությամբ ասել, թե Աստված ի՛նչ պրոցեսներ է օգտագործել՝ իսրայելացիների համար Կարմիր ծովը բաժանելիս։ Ստեղծիչը կատարելապես գիտի բնության օրենքները։ Նա հեշտությամբ կարող էր ղեկավարել որևէ օրենքի որոշակի երեսակները՝ կիրառելով իր ստեղծած օրենքներից մեկ ուրիշը։ Արդյունքը մարդկանց կարող էր հրաշք թվալ, հատկապես, եթե նրանք մինչև վերջ չեն գիտակցել, թե ինչ օրենքներ են կիրառվել։
Կիոտոյի (Ճապոնիա) համալսարանի պաշտոնաթող վաստակավոր պրոֆեսոր Ակիրա Յամադան Աստվածաշնչի հրաշքների մասին հետևյալ կարծիքն է հայտնում. «Ճիշտ է ասել, որ [ինչ–որ հրաշք] տվյալ պահին չի կարող հասկացվել գիտության այն ճյուղի տեսանկյունից, որով անհատը զբաղվում է (կամ չի կարող հասկացվել գիտության զարգացման տվյալ էտապում), սակայն սխալ է սոսկ ժամանակակից ֆիզիկայի կամ առաջադեմ մատենագիտության հեղինակությունից ելնելով եզրակացնել, թե այդպիսի բան չկա։ Ներկայիս գիտությունը տասը տարի անց կհամարվի հնացած։ Որքան արագ է առաջադիմում գիտությունը, այնքան ավելի հավանական է, որ մեր ժամանակների գիտնականները ապագայում սրամտությունների թիրախ են դառնալու, և նրանց մասին ասվելու է. «Տասը տարի առաջ գիտնականները լրջորեն հավատում էին այսինչ կամ այնինչ բանին»» («Gods in the Age of Science»)։
Եհովան Ստեղծիչն է և կարող է միմյանց հետ համաձայնեցնել բնության բոլոր օրենքները, ուստի և կարող է հրաշքներ գործելու համար օգտվել իր զորությունից։
[132–րդ էջի վրայի շրջանակը]
Նախանձոտ Աստված՝ ի՞նչ իմաստով
«Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա»։ Այս խոսքերը գտնվում են Ելից 34։14 համարում. ինչո՞ւմն է կայանում այս խոսքերի էությունը։
«Նախանձոտ» թարգմանված բառը եբրայերեն լեզվում կարող է նշանակել «բացարձակ նվիրվածություն պահանջող, ոչ մի մրցակցություն չհանդուրժող»։ Եհովան նախանձոտ է բառի դրական իմաստով՝ նա նախանձախնդիր է իր անվան և իրեն տրվող երկրպագության հանդեպ՝ հօգուտ իր արարածների (Եզեկիէլ 39։25)։ Իր անվան նշանակությունը գործով ցույց տալու նրա եռանդը վկայում է, որ նա կամբողջացնի մարդկության նկատմամբ ունեցած նպատակը։
Այժմ տեսնենք, թե Քանանի ժողովրդի դեմ գործադրած նրա դատաստանն ինչի մասին է խոսում։ Գիտնականներից մեկը տալիս է այդ ժողովրդի զազրելի նկարագրությունը. «Բահաղի, Աստարովթի և քանանական այլ աստվածների պաշտամունքն անց էր կացվում անչափ սանձարձակ կերուխումներով. նրանց տաճարները լի էին անառակությամբ.... Քանանացիներն իրենց կրոնական պաշտամունքը կատարում էին անբարո սովորույթներով.... և իրենց առաջնեկներին զոհում էին հենց այդ աստվածներին»։ Հնագետները զոհաբերված երեխաների աճյուններով լի սափորներ են հայտնաբերել։ Դեռևս Աբրահամի ժամանակ արդեն Աստված նկատել էր քանանացիների չարագործությունները, սակայն չորս հարյուր տարի շարունակ նրանց հանդեպ համբերատարություն դրսևորեց՝ ուղղվելու բավականաչափ ժամանակ տալով նրանց (Ծննդոց 15։16)։
Գիտակցո՞ւմ էին արդյոք քանանացիներն իրենց մեղսագործությունների լրջությունը։ Անշուշտ, նրանք զուրկ չէին միայն մարդուն հատուկ խղճի զգացումից, որը փաստաբաններն ընդունում են որպես բարոյականության և արդարության համընդհանուր հիմք (Հռովմայեցիս 2։12–15)։ Այնուհանդերձ, քանանացիները շարունակում էին իրենց երեխաների գարշելի զոհաբերությունները և անառակ կյանքը։
Համաձայն իր հավասարակշռված արդարության՝ Եհովան վճռեց, որ երկիրը հարկավոր է սրբել։ Դա ցեղասպանություն չէր։ Քանանացիներից փրկվողներ եղան, ինչպես անհատական մարդիկ, օրինակ՝ Ռախաբը, այնպես էլ ամբողջ խմբեր՝ ինչպես գաբավոնացիները, բոլոր նրանք, ովքեր ինքնակամ ընդունեցին Աստծո բարոյական բարձր չափանիշները (Յեսու 6։25; 9։3–15)։ Ռախաբը դարձավ դեպի Մեսիան առաջնորդող արքայական տոհմի կապող օղակներից մեկը, իսկ գաբավոնացիները Եհովայի տաճարում ծառայելու առանձնաշնորհում ստացան (Յեսու 9։27; Եզրաս 8։20; Մատթէոս 1։1, 5–16)։
Հետևաբար, եթե ջանում եք փաստերի վրա հիմնված, ամբողջական և պարզ պատկեր ունենալ, հեշտ է տեսնել Եհովային որպես սքանչելի ու արդար Աստված, որը պատշաճ իմաստով է նախանձոտ՝ ի օգուտ իր հավատարիմ արարածների։
[Նկար 123–րդ էջի վրա]
Ստեղծիչը ազատագրեց ստրկության մեջ գտնվող ժողովրդին և օգտագործեց իր նպատակն իրագործելու համար
[Նկար 129–րդ էջի վրա]
Սինա լեռան մոտ հին Իսրայելը ուխտի մեջ մտավ Ստեղծիչի հետ
[Նկար 130–րդ էջի վրա]
Պահելով Ստեղծիչի կատարյալ օրենքները՝ նրա ժողովուրդը կարողացավ վայելել կյանքը Ավետյաց երկրում
[Նկար 136–րդ էջի վրա]
Կարող եք տեսնել Երուսաղեմի պարիսպներից դեպի հարավ գտնվող Դավիթ թագավորի աթոռանիստ քաղաքի հնավայրը