Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ie էջ 25–28
  • Անսասան հույս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անսասան հույս
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Մեր բարեկամը մահացավ’
  • «Յարութիւն կ’առնի»
  • «Բոլոր նրանք, որ գերեզմաններում են»
  • Հարություն՝ որտե՞ղ
  • Միակ սպեղանին
    2006 Դիտարան
  • Ի՞նչ է տեղի ունենում մեր մահացած հարազատների հետ
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Մահացածները հարություն կառնեն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
ie էջ 25–28

Անսասան հույս

«Մարդու ծնված օրից ի վեր նրան սպառնում է ցանկացած պահին մահանալու հավանականությունը, և, վերջ ի վերջո, այդ հավանականությունը մի օր դառնում է իրական փաստ»։

(Բրիտանացի պատմաբան՝ Առնոլդ Թոյնբի)

1. Ո՞ր իրողության հետ է մարդկությունը ստիպված եղել հաշտվելու, և ի՞նչ հարցեր են բարձրանում այդ կապակցությամբ։

ՈՐԵՎԷ մեկը կարող է առարկել այս հանրահայտ ճշմարտությանը։ Մարդկությունը միշտ էլ ստիպված է եղել հաշտվել մահվան դաժան իրողության հետ։ Եվ որքա՜ն անօգնական ենք մեզ զգում, երբ կորցնում ենք մեր հարազատներից որևէ մեկին։ Նման կորուստն անփոխարինելի է թվում։ Հնարավո՞ր է արդյոք վերամիանալ մեր կորցրած սիրելիներին։ Ի՞նչ հույս է Աստվածաշունչը տալիս հանգուցյալների համար։ Եկեք քննենք այս հարցերը։

‘Մեր բարեկամը մահացավ’

2–5. ա) Հիսուսն ինչպե՞ս ապացուցեց, որ և՛ ցանկանում է, և՛ ի վիճակի է հարություն տալու իր մահացած ընկերոջը։ բ) Ղազարոսին կյանքի վերադարձնելուց բացի, ի՞նչ տեղի ունեցավ այդ հրաշքի շնորհիվ։

2 Դեպքը պատահել է մ. թ. 32 թվականին։ Երուսաղեմից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեթանիա գյուղում ապրում էր Ղազարոսն իր երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հետ միասին։ Նրանք Հիսուսի մոտ ընկերներն էին։ Օրերից մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ։ Անհանգստացած քույրերն անմիջապես տեղեկացրին Հիսուսին, որն այդ ժամանակ Հորդանան գետի մյուս կողմում էր գտնվում։ Հիսուսը շատ մտերիմ էր Ղազարոսի ու նրա քույրերի հետ, ուստի ուղևորվեց Բեթանիա։ Ճանապարհին նա դիմելով իր աշակերտներին՝ ասաց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Քանի որ աշակերտներն անմիջապես չկռահեցին նրա խոսքերի իմաստը, Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մեռաւ» (Յովհաննէս 11։1–15)։

3 Լսելով, որ Հիսուսը մոտենում է Բեթանիային՝ Մարթան վազեց նրան դիմավորելու։ Մարթայի վշտից ազդված՝ Հիսուսը վստահեցրեց նրան. «Քո եղբայրը յարութիւն կ’առնի»։ Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ’առնի»։ Այդ ժամանակ Հիսուսն ավելացրեց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ’ապրի» (Յովհաննէս 11։20–25)։

4 Ապա Հիսուսը մոտեցավ գերեզմանին և պատվիրեց մի կողմ հրել մուտքը փակող քարը։ Աստծուն բարձրաձայն աղոթքով դիմելուց հետո նա հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ ահա բոլոր ներկաների աչքի առջև Ղազարոսը դուրս եկավ. Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին՝ կյանքի վերադարձրեց չորս օրվա մահացած մարդուն (Յովհաննէս 11։38–44)։

5 Մարթան մինչ այդ արդեն հավատում էր հարության խոստումին (Յովհաննէս 5։28, 29; 11։23, 24)։ Հրաշքով տեղի ունեցած Ղազարոսի հարությունն է՛լ ավելի ամրացրեց նրա հավատը և, բացի այդ, ուրիշներին նոր հավատ ներշնչեց (Յովհաննէս 11։45)։ Բայց ի՞նչ է նշանակում «հարություն» բառը։

«Յարութիւն կ’առնի»

6. Ի՞նչ է նշանակում «հարություն» բառը։

6«Հարություն» բառը թարգմանված է հունարեն անա՛ստասիս բառից, որի բառացի նշանակությունն է՝ «կրկին կանգնել»։ Եբրայերենի թարգմանիչները հունարեն անա՛ստասիս բառը թարգմանել են թեխիյա՛տ համմեթի՛մ արտահայտությամբ, որը նշանակում է «մահացածների վերադարձը դեպի կյանք»։a Սրանից հետևում է, որ հարությունը մարդու վերադարձն է մահվան անկենդան վիճակից՝ միևնույն անձնավորության վերակերտումն իր բոլոր առանձնահատկություններով։

7. Ինչո՞ւ մարդկանց հարություն տալը դժվար չէ Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի համար։

7 Անսահման իմաստության և կատարյալ հիշողության տեր Եհովա Աստված հեշտությամբ կարող է մարդուն հարություն տալ։ Նրան դժվար չէ մտաբերել մահացածի անցյալը, նրա բնավորության գծերն ու խառնվածքը (Յոբ 12։13; համեմատիր Եսայիա 40։26)։ Բացի այդ, Եհովան նաև կյանքին սկիզբ տվողն է։ Իսկ դա նշանակում է, որ նա սիրով կյանքի կվերադարձնի մարդուն իր նախկին խառնվածքով և նոր մարմնով։ Ղազարոսի հարության դեպքը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը և՛ կամենում է, և՛ ի վիճակի է հարություն տալու մահացածներին (համեմատիր Ղուկաս 7։11–17; 8։40–56)։

8, 9. ա) Ինչո՞ւ են հարության և հոգու անմահության գաղափարներն անհամատեղելի։ բ) Ո՞րն է մահվան կապանքներից ազատվելու միակ ճանապարհը։

8 Աստվածաշնչի հարության ուսմունքը, սակայն, անհամատեղելի է հոգու անմահության գաղափարի հետ։ Եթե անմահ հոգին մահից հետո շարունակեր իր գոյությունը, ապա հարություն առնելու կամ կյանքի վերադառնալու հարկ չէր լինի։ Մարթան ոչ մի բան չասաց անմահ հոգու մասին, որը պիտի ապրեր մահից հետո։ Նա բոլորովին էլ այն կարծիքին չէր, թե Ղազարոսն արդեն ուղևորվել էր ինչ–​որ հոգևոր ոլորտ իր գոյությունն այնտեղ շարունակելու համար։ Ընդհակառակը՝ մահվան բոլոր հետևանքները վերացնելու Աստծո նպատակի նկատմամբ նա իր հավատն արտահայտեց՝ ասելով. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ’առնի» (Յովհաննէս 11։23, 24)։ Ղազարոսը նույնպես ոչ մի բան չպատմեց հանդերձյալ կյանքի մասին. նա պատմելու ոչինչ չուներ։

9 Հստակ է ուրեմն, որ ըստ Աստվածաշնչի՝ հոգիները մահանում են, և մահվան կապանքներից ազատվելու միակ ճանապարհը հարությունն է։ Բայց չէ՞ որ առաջին մարդ Ադամից հետո միլիարդավոր մարդիկ են ծնվել ու մահացել։ Ովքե՞ր են հարություն առնելու և որտե՞ղ։

«Բոլոր նրանք, որ գերեզմաններում են»

10. Ի՞նչ խոստացավ Հիսուսը գերեզմաններում գտնվողների առնչությամբ։

10 Ահա թե ինչ ասաց Հիսուս Քրիստոսը. «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Այո՛, Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր Եհովայի հիշողության մեջ են, հարություն կառնեն։ Միլիարդավոր մարդիկ են ապրել ու մահացել։ Ովքե՞ր են նրանք, որոնց հարություն տալու համար հիշում է Աստված։

11. Ովքե՞ր հարություն կառնեն։

11 Հարություն կառնեն նրանք, ովքեր ծառայել են Եհովային և քայլել արդարության ճանապարհով։ Բայց միլիոնավոր մարդիկ մահացել են՝ այդպես էլ ցույց չտալով, թե արդյոք կուզեի՞ն ապրել Աստծո արդար չափանիշների համաձայն։ Նրանք կամ անտեղյակ են եղել Եհովայի պահանջներին, կամ էլ բավարար ժամանակ չեն ունեցել անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։ Աստված այդ անհատներին նույնպես հիշում է, և նրանք ևս հարություն կառնեն, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։

12. ա) Հարության հետ կապված՝ ինչպիսի՞ տեսիլք ստացավ Հովհաննես առաքյալը։ բ) Ի՞նչն է նետվելու «կրակէ լճի մէջ», և ինչպե՞ս հասկանալ այդ խոսքերը։

12 Հովհաննես առաքյալին տրվեց հրաշք–​տեսիլք, որտեղ հարություն առածները կանգնած էին Աստծո գահի առջև։ Նկարագրելով այդ տեսիլքը՝ Հովհաննեսը գրեց. «Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ» (Յայտնութիւն 20։12–14)։ Խորհե՛ք, թե ի՛նչ է դա նշանակում։ Աստծո հիշողության մեջ գտնվող բոլոր անհատները կազատագրվեն շեոլից (եբրայերեն) և հադեսից (հունարեն)՝ մարդկության ընդհանուր գերեզմանից (Սաղմոս 16։10; Գործք 2։31)։ Այնուհետև «մահը եւ դժոխքը [«հադեսը», ՆԱ]» կնետվեն վերջնական ոչնչացումը խորհրդանշող «կրակէ լճի մէջ»։ Մարդկության ընդհանուր գերեզմանն այլևս գոյություն չի ունենա։

Հարություն՝ որտե՞ղ

13. Ինչո՞ւ է Աստված ոմանց համար երկնային հարություն նախատեսել, և ինչպիսի՞ մարմին է Եհովան նրանց շնորհելու։

13 Տղամարդկանց ու կանանց սահմանափակ թվով մի խումբ հարություն է առնելու երկնային կյանքի։ Նրանք իշխելու են Քրիստոսի հետ միասին որպես թագավորներ ու քահանաներ և մասնակցելու են առաջին մարդ Ադամից մարդկության ժառանգած մահվան հետևանքների վերացման գործին (Հռովմայեցիս 5։12; Յայտնութիւն 5։9, 10)։ Աստվածաշնչի համաձայն՝ նրանց թիվը կազմում է ընդամենը 144 000, և նրանք ընտրվում են Քրիստոսի հետևորդներից՝ հավատարիմ առաքյալներից սկսած (Ղուկաս 22։28–30; Յովհաննէս 14։2, 3; Յայտնութիւն 7։4; 14։1, 3)։ Հարության ժամանակ Եհովան նրանց հոգեղեն մարմիններ կշնորհի, որպեսզի կարողանան ապրել երկնքում (Ա Կորնթացիս 15։35, 38, 42–45; Ա Պետրոս 3։18)։

14, 15. ա) Ինչպիսի՞ կյանք է սպասում այն մեծաթիվ անհատներին, ովքեր հարություն են առնելու։ բ) Ինչպիսի՞ օրհնությունների է արժանանալու հնազանդ մարդկությունը։

14 Մյուս մահացածների մեծամասնությունը երկրային կյանքի հարություն է առնելու (Սաղմոս 37։29; Մատթէոս 6։10)։ Ինչպիսի՞ երկրի վրա ապրելու համար։ Երկիրն այսօր մասնատված է, ամբողջովին արյամբ հեղեղված, լի է ապականությամբ ու բռնությամբ։ Եթե մահացածները հարություն ստանան այդպիսի երկրի վրա, դժվար թե նրանց երջանկությունը երկար տևի։ Սակայն Ստեղծիչը խոստանում է, որ շուտով վերջ պիտի դնի Սատանայի իշխանության տակ գտնվող համաշխարհային հասարակությանը (Առակաց 2։21, 22; Դանիէլ 2։44)։ Դրա տեղը կգրավի մարդկային արդար նոր հասարակությունը, այսինքն՝ «նոր երկիրը» (Բ Պետրոս 3։13)։ Այդ ժամանակ ոչ մի ‘բնակիչ չի ասելու թե ես տկար եմ’ (Եսայիա 33։24)։ Ոչ մեկն այլևս չի մտաբերի մահվան պատճառած ցավը, քանի որ Աստված «պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։4)։

15 Աստծո խոստացած նոր աշխարհում խոնարհները «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ Հիսուս Քրիստոսից և նրա 144 000 իշխանակիցներից բաղկացած երկնային իշխանությունը հնազանդ մարդկությանն աստիճանաբար կառաջնորդի դեպի կատարելություն, որը ժամանակին կորցրել էին մեր առաջին նախածնողները՝ Ադամն ու Եվան։ Հարություն առածները կկազմեն այդ երկրի բնակիչների մի մասը։

16–18. Ինչպիսի՞ ուրախություն կպատճառի ընտանիքներին հարությունը։

16 Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ի՜նչ ուրախություն կարող է ընտանիքներին պատճառել հարությունը։ Պատկերացրեք, թե որքա՜ն մեծ էր Նային քաղաքի որբևայրու երջանկությունը, երբ Հիսուսը, կանգնեցնելով թաղման թափորը, հարություն տվեց նրա միակ որդուն (Ղուկաս 7։11–17)։ Ավելի ուշ, Գալիլեայի ծովի մոտակայքում, երբ Հիսուսը հարություն տվեց տասներկուամյա աղջկան, երեխայի ծնողները «մեծապէս զարմացան» (Մարկոս 5։21–24, 35–42; տեսեք նաև Գ Թագաւորաց 17։17–24; Դ Թագաւորաց 4։32–37)։

17 Մահվան քնի մեջ գտնվող միլիոնավոր մարդիկ հարության շնորհիվ կյանքի կվերադառնան խաղաղ նոր աշխարհում։ Միայն մտածեք, թե ի՜նչ հրաշալի ապագա է սպասում Թոմիին և այն բիզնեսմենին, որոնց մասին հիշատակվեց մեր գրքույկի առաջին գլխում։ Երբ Թոմին Դրախտ–​երկրի վրա արթնանա մահվան քնից, նա կլինի նախկին Թոմին, ինչպես որ մայրն իրեն գիտեր, միայն մի տարբերությամբ՝ որ կլինի կատարյալ առողջ։ Մայրը կրկին իր գիրկը կառնի ու կգուրգուրի նրան։ Հնդիկ բիզնեսմենը նույնպես, ծուղակ հիշեցնող ծնունդների շրջապտույտում գտնվելու փոխարեն, Աստծո նոր աշխարհում աչքերը բացելու և իր որդիներին գրկելու հիանալի հեռանկարն ունի։

18 Հոգու, մահացածների վիճակի և հարության հույսի մասին ճշմարտության գիտությունը կարող է խորը ազդեցություն թողնել ներկայումս ապրող մարդկանց վրա։ Տեսնենք, թե ինչպե՛ս։

[ծանոթագրություն]

a  Թեև «հարություն» բառը չի գործածված Եբրայերեն Գրություններում, սակայն հարության հույսը պարզորոշ երևում է Յոբ 14։13, Դանիէլ 12։13 և Ովսէէ 13։14 համարներում։

[նկար 26–րդ Էջի վրա]

Հարությունը հարատև երջանկություն կբերի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը