Ովքե՞ր են
Եհովայի վկաների ցանկությունն է, որ դուք նրանց հետ ավելի լավ ծանոթանաք։ Վկաների թերևս ճանաչում եք ձեր հարևանների կամ գործընկերների շրջանում կամ էլ, հնարավոր է, առօրյա կյանքում եք նրանց հետ առնչվել։ Թերևս հանդիպել եք նրանց փողոցում անցորդներին պարբերագրեր առաջարկելիս։ Կամ էլ, միգուցե, ձեր տուն են այցելել և, դռան շեմին կանգնած, կարճատև զրույց եք ունեցել նրանց հետ։
Եհովայի վկաներն անկեղծորեն հետաքրքրվում են ձեզանով և ձեր բարօրությամբ։ Նրանք ցանկանում են ընկերանալ ձեզ հետ և ավելի շատ բան պատմել իրենց, իրենց համոզմունքների ու կազմակերպության մասին և այն, թե ինչ են մտածում ներկայիս մարդկանց ու մեզ շրջապատող աշխարհի վերաբերյալ։ Այդ նպատակով էլ հենց լույս է տեսել սույն գրքույկը։
Շատ բաներում Եհովայի վկաները ոչնչով չեն տարբերվում ուրիշներից։ Մյուսների նման, նրանք էլ սովորական խնդիրներ ունեն՝ տնտեսական, առողջական, էմոցիոնալ։ Երբեմն նրանք էլ են սխալներ թույլ տալիս, քանի որ կատարյալ չեն, սխալվելու հակում ունեն և ներշնչված չեն Աստծուց։ Սակայն նրանք աշխատում են սեփական փորձից դաս քաղել և անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար ջանասիրաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Վկաները նվիրվել են Աստծուն՝ նրա կամքը կատարելու նպատակով, և ձգտում են այդ նվիրման համաձայն ապրել։ Իրենց բոլոր գործերում նրանք փնտրում են Աստծո Խոսքի ու նրա սուրբ ոգու առաջնորդությունը։
Եհովայի վկաների համար շատ կարևոր է, որ իրենց համոզմունքները հիմնված լինեն ոչ թե մարդկային գաղափարների կամ կրոնական դավանանքների վրա, այլ՝ Աստվածաշնչի։ Նրանք համամիտ են Պողոս առաքյալի հետ, որն Աստծուց ներշնչված գրեց. «Թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ» (Հռովմայեցիս 3։4)։a Ինչ վերաբերում է այն ուսմունքներին, որոնք ներկայացվում են որպես աստվածաշնչյան ճշմարտություն, Վկաները վճռականորեն հետևում են բերիացիների օրինակին, որոնք Պողոս առաքյալի քարոզից հետո «ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են» (Գործք 17։11, ԷԹ)։ Եհովայի վկաները գտնում են, որ բոլոր տեսակի կրոնական ուսմունքները պետք է Գրությունների հիման վրա նմանօրինակ քննության ենթարկել՝ լինի դա իրենց, թե մեկ ուրիշի կողմից առաջարկված։ Նրանք Ձեզ էլ են հրավիրում, ավելի շուտ՝ հորդորում՝ իրենց հետ միասին կատարելու այդ քննությունը։
Այս ամենից պարզ երևում է, որ Եհովայի վկաները հավատում են, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է։ Նրանք հավատացած են, որ Աստվածաշնչի վաթսունվեց գրքերը գրված են Աստծո ներշնչմամբ և պատմականորեն ճշգրիտ են։ Աստվածաշնչի այն բաժինը, որը հայտնի է Նոր Կտակարան անունով, նրանք անվանում են Քրիստոնեական Հունարեն Գրություններ, իսկ Հին Կտակարանը՝ Եբրայերեն Գրություններ։ Նրանք հիմնվում են այս երկու բաժինների վրա և գրվածն ընդունում ուղիղ իմաստով՝ բացառությամբ այն տեղերի, որտեղ բերված արտահայտությունները կամ նկարագրված դեպքերը բացահայտորեն մատնանշում են իրենց փոխաբերական կամ խորհրդանշական իմաստ ունենալը։ Վկաները գիտեն, որ Աստվածաշնչի շատ մարգարեություններ արդեն ունեցել են իրենց կատարումը, որոշ մասը կատարման ընթացքի մեջ է, իսկ մի քանիսն էլ դեռ պիտի կատարվեն։
իրենց անունը
Եհովայի վկանե՞ր։ Այո, նրանք այսպես են իրենց կոչում։ Սա մի նկարագրական անուն է, որը ցույց է տալիս, որ նրանք վկայություն են տալիս Եհովայի, նրա աստվածային էության և նպատակների մասին։ «Աստված», «Տեր», «Արարիչ», կամ՝ «Ստեղծիչ» բառերը, ինչպես և «նախագահ», «թագավոր» կամ «զորավար»–ը տիտղոսներ են և կարող են կիրառվել տարբեր անձանց մատնանշելու համար։ Սակայն «Եհովա»–ն անձնական անուն է և մատնացույց է անում ամենակալ Աստծուն՝ տիեզերքի Արարչին։ Դա երևում է Սաղմոս 83։18 համարից, որտեղ ասվում է. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։
Եհովա անունը (կամ՝ Յահվե, ինչպես օգտագործված է Հռոմի կաթոլիկ «Երուսաղեմի Աստվածաշնչում», և ինչպես նախընտրում են օգտագործել որոշ աստվածաշնչագետներ) Եբրայերեն Գրությունների բնագրում օգտագործված է գրեթե 7 000 անգամ։ Աստվածաշնչի շատ թարգմանություններում այս անունը փոխարինված է «Աստված» կամ «Տեր» բառերով։ Սակայն նույնիսկ այդ թարգմանություններում սովորաբար ճանաչելի են այն տեղերը, որտեղ եբրայերեն բնագիր տեքստում օգտագործված է եղել «Եհովա» անունը, քանի որ փոխարինված բառերը գրված են մեծատառերի մեծ և փոքր տառատեսակներով՝ ՏԵՐ կամ ԱՍՏՎԱԾ։ Եհովա կամ Յահվե անունը օգտագործվում է Աստվածաշնչի մի քանի ժամանակակից թարգմանություններում։ Օրինակ՝ «Արարատ» հրատարակության մեջ Եսայիա 42։8–ում կարդում ենք. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը»։
Աստվածաշնչյան այն համարը, որով Եհովայի վկաները հիմնավորում են իրենց անունը, գտնվում է «Եսայիա» գրքի 43–րդ գլխում։ Այս գլխում համաշխարհային բեմը ներկայացված է որպես մի դահլիճ, որտեղ դատական նիստ է տեղի ունենում. ազգերի աստվածները հրավիրված են վկաներ բերելու՝ իրենց իրավացի լինելը ապացուցելու կամ էլ Եհովայի կողմը դիրք բռնող վկաներին լսելու և ճշմարտությունը ճանաչելու համար։ Այս այլաբանական նիստի ժամանակ Եհովան դիմում է իր ժողովրդին. «Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. որպէսզի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ Ես՝ ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ» (Եսայիա 43։10, 11)։
Նախքան Հիսուսի որպես մարդ ծնվելը, Եհովա Աստված հազարավոր տարիների ընթացքում վկաներ է ունեցել երկրի վրա։ Եբրայեցիս 11–րդ գլխում թվարկվում են նրանցից մի քանիսի անունները, իսկ 12։1 խոսքն ավելացնում է. «Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»։ Դիմելով Պոնտացի Պիղատոսին՝ Հիսուսն ասել էր. «Դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ»։ Ինքը Հիսուսը կոչվել է «հաւատարիմ եւ ճշմարիտ Վկա» (Յովհաննէս 18։37; Յայտնութիւն 3։14)։ Իսկ իր աշակերտներին նա ասաց. «Դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։
Ուստի այսօր մոտ 6 միլիոն անհատներ, որոնք ավելի քան 230 երկրներում հռչակում են Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ Եհովայի Թագավորության ավետիսը, տեղին են համարում «Եհովայի վկաներ» անունը կրելը։
[ծանոթագրություն]
a Եթե այլ կերպ նշված չէ, ապա Աստվածաշնչի մեջբերումներն արված են Արարատ թարգմանությունից։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
Նրանք նվիրվել են Աստծուն՝ իր կամքը կատարելու համար
[մեջբերում 4–րդ էջի վրա]
Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Անվանումը կապված է դատական նիստի հետ
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Մոտ 6 միլիոն Վկաներ՝ աշխարհի ավելի քան 230 երկրներում
[նկար 3–րդ էջի վրա]
Նրանք անկեղծորեն հետաքրքրվում են ձեզանով
[նկար 4–րդ էջի վրա]
Աստծո անձնական անունը հին եբրայերենով