Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 4 էջ 93–էջ 96 պարբ. 2
  • Սահուն խոսք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սահուն խոսք
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Խոսքը բնական է հնչում
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ինչպես Դպրոցի համար ուսումնական առաջադրանք պատրաստել
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Տրամաբանական շեշտ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Հստակ արտասանություն
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 4 էջ 93–էջ 96 պարբ. 2

ԴԱՍ 4

Սահուն խոսք

Ի՞նչ է հարկավոր անել

Աշխատիր այնպես կարդալ ու խոսել, որ պահպանվի բառերիդ և մտքերիդ սահուն ընթացքը։ Եթե խոսելիս ընդհատումներով կամ չափից դուրս դանդաղ չես արտահայտվում, նաև եթե չես «սայթաքում» և բառերի ընտրության մասին չես մտածում, ապա կարելի է ասել, որ սահուն ես խոսում։

Ինչո՞ւ է դա կարևոր

Եթե հռետորը սահուն չի ներկայացնում իր ասելիքը, ունկնդիրները կդժվարանան կենտրոնանալ, նրանց մտքերը կսկսեն թափառել և արդյունքում, հնարավոր է, ճիշտ չընկալեն ասվածի իմաստը։ Նրա խոսքերը համոզիչ չեն հնչի։

ԵՐԲ ընթերցում ես բարձրաձայն, բացթողումներ թույլ տալի՞ս ես որոշ արտահայտություններում։ Իսկ բեմից ելույթ ունենալիս նկատե՞լ ես, որ հաճախ ես մտածում ճիշտ բառեր ընտրելու մասին։ Եթե այո, ապա հավանաբար սահունության պակասն է խնդիրդ։ Եթե անհատի խոսքերը և արտահայտած մտքերը հաջորդում են մեկը մյուսին առանց ընդհատումների, և նրա համար դա դժվարություն չի ներկայացնում, ապա կարող ենք ասել, որ նա սահուն է խոսում։ Սակայն դա չի նշանակում, որ նա պետք է խոսի չմտածված, առանց դադարների կամ չափազանց արագ։ Սահունությունը նրա խոսքերը դարձնում է գրավիչ և վայելուչ։ Աստվածապետական ծառայության դպրոցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահունությանը։

Խոսքի սահունությանը խոչընդոտող տարբեր պատճառներ կան։ Անհրաժեշտ չէ՞ արդյոք հատուկ ուշադրություն դարձնել ստորև նշված գործոններին։ 1) Երբ ուրիշների համար ընթերցելիս հանդիպում ես որոշ անծանոթ բառերի, դա կարող է կաշկանդվածություն առաջ բերել։ 2)  Հաճախակի արվող դադարների պատճառով, նույնիսկ եթե դրանք աննշան են, ելույթն ընդհատումներով կլինի։ 3) Պատճառներից մեկն է նաև թերի պատրաստվածությունը։ 4) Սովորաբար խոսքը սահուն չի հնչում, երբ ելույթ ունեցողը նախօրոք իր մտքերը չի բաշխել տրամաբանական հաջորդականությամբ։ 5) Աղքատ բառապաշարը նույնպես կարող է շփոթմունքի մեջ գցել, քանի որ խոսողը սկսում է մտածել համապատասխան բառեր ընտրելու մասին։ 6) Սահունությունը տուժում է նաև այն դեպքում, երբ հռետորը չափից դուրս շատ բառեր է շեշտում։ 7) Սահունությանը խանգարող գործոններից է նաև քերականական կանոնների վատ իմացությունը։

Եթե նյութը սահուն չես ներկայացնում, ապա Թագավորության սրահում գտնվողները, ճիշտ է, բառացիորեն դուրս չեն գա սրահից, սակայն նրանց ուշադրությունը կշեղվի, և արդյունքում բաց կթողնեն ասածներիդ մեծ մասը։

Մյուս կողմից՝ պետք է զգույշ լինել, որ համոզիչ և սահուն խոսելով իշխանություն ունեցողի տպավորություն չթողնենք, այնպես, որ նույնիսկ ունկնդիրներն իրենց անհարմար զգան։ Եթե խոսքերիդ մեջ աննրբանկատության և անկեղծության պակաս է նկատվում, ինչի պատճառ կարող է լինել մշակութային տարբերությունը, ապա դու քո նպատակին չես հասնի։ Այս առումով ուշադրության է արժանի Պողոս առաքյալի օրինակը, որը, լինելով փորձառու հռետոր, կորնթացիներին դիմեց «տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով», որպեսզի իր վրա անհարկի ուշադրություն չգրավի (Ա Կորնթ. 2։3)։

Սովորություններ, որոնցից պետք է խուսափել։ Շատերը խոսելիս սովորություն ունեն ավելորդ հնչյուններ արտաբերել, ինչպես օրինակ՝ «ը՜ը՜», «ը՜մմ» և այլն։ Ուրիշներն իրենց մտքերը շարադրելիս նախադասությունը հաճախ սկսում են «բանը» բառով, իսկ «էլի» արտահայտությունը սովորաբար ավելացնում են նախադասության վերջում։ Գուցե մտքովդ չի էլ անցնում, թե որքան հաճախ ես նման արտահայտություններ կիրառում։ Կարող ես խնդրել որևէ մեկին, որ հետևի, թե ինչպես ես խոսում և ամեն անգամ քեզնից հետո կրկնի այդ հնչյուններն ու արտահայտությունները։ Արդյունքը թերևս զարմացնի քեզ։

Իսկ ոմանք շարունակ վերադառնում են ասվածին, այսինքն՝ դեռ նախադասությունը չավարտած՝ ընդհատում են իրենք իրենց և ապա նորից կրկնում իրենց ասածի որոշ մասը։

Ոմանք էլ չնայած բավական արագ են խոսում, սակայն նախադասությունը սկսում են մի մտքից և ավարտում բոլորովին մեկ այլ մտքով։ Ճիշտ է, տվյալ դեպքում բառերն արտաբերվում են անկաշկանդ, սակայն իմաստային փոփոխության պատճառով տուժում է սահունությունը։

Ինչպես կարող ես ավելի սահուն խոսել։ Եթե նկատում ես, որ հստակ արտահայտվելու համար ստիպված ես լինում հաճախակի բառեր փնտրել, պետք է նպատակային ջանքեր ներդնես բառապաշարդ հարստացնելու ուղղությամբ։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, ինչպես նաև այլ հրատարակություններ ընթերցելիս հատուկ ուշադրություն դարձրու քեզ անծանոթ բառերի վրա։ Բառարանի օգնությամբ ստուգիր դրանց իմաստը և աշխատիր դրանք դարձնել բառապաշարիդ մեկ մասը։ Իսկ եթե բառարանից օգտվելու հնարավորություն չունես, ապա խնդրիր որևէ մեկին, ով լավ է խոսում տվյալ լեզվով, օգնել քեզ։

Կանոնավոր բարձրաձայն ընթերցանությունը կօգնի քեզ բարելավվել։ Նշիր այն բառերը, որոնք դժվարանում ես կարդալ, և բարձրաձայն կրկնիր մի քանի անգամ։

Սահուն ընթերցելու համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես են բառերն իրար կապակցված նախադասության մեջ։ Սովորաբար, որպեսզի փոխանցվի այն միտքը, որ ցանկացել է արտահայտել գրողը, բառերը պետք է կարդալ ոչ թե իրարից առանձին, այլ բառային խմբերով։ Հատուկ ուշադրություն դարձրու դրանց։ Ցանկության դեպքում կարող ես ընդգծել այդ բառային խմբերը։ Քո նպատակը պետք է լինի ոչ միայն բառերը ճիշտ ընթերցելը, այլ նաև մտքերը հստակ փոխանցելը։ Հերթականությամբ վերլուծիր պարբերության բոլոր նախադասությունները և փորձիր հասկանալ, թե ինչպես է զարգանում միտքը։ Իսկ հիմա բարձրաձայն ընթերցիր։ Շարունակիր ընթերցել պարբերությունը այնքան ժամանակ, մինչև որ դա անես առանց սայթաքումների և անտեղի դադարների։ Ապա անցիր հաջորդ պարբերություններին։

Այժմ փորձիր արագացնել ընթացքը։ Եթե ըմբռնես, թե ինչպես են բառերն իրար կապակցված նախադասության մեջ, ապա կարդացվելիք տեքստում կկարողանաս նկատել ոչ միայն բառերն առանձին վերցրած, այլ նաև գլխի կընկնես, թե ինչ է դրանց հաջորդելու։ Այս անելով՝ ընթերցանությունդ կբարելավես։

Վարժվիր կանոնավորաբար ընթերցել հանպատրաստից, և դա շատ օգտակար կլինի քեզ համար։ Օրինակ՝ սովորություն դարձրու առանց պատրաստվելու բարձրաձայն ընթերցել օրվա խոսքն ու դրա մեկնաբանությունը։ Աշխատիր վարժվել՝ տեսնելու ոչ թե առանձին բառերը, այլ ամբողջական մտքեր արտահայտող բառային խմբերը։

Որպեսզի զրուցելիս սահուն արտահայտվես, հարկավոր է նախօրոք մտածել, հետո նոր խոսել։ Սովորություն դարձրու այդպես անել քո առօրյա խոսակցություններում։ Նախ մտածիր, թե ի՛նչ մտքեր ես ուզում արտահայտել և ի՛նչ հերթականությամբ, ապա սկսիր խոսել։ Մի՛ շտապիր։ Ջանք թափիր ամբողջական մի միտք արտահայտել՝ առանց ճանապարհի կեսին կանգ առնելու կամ մտքերդ փոխելու։ Քեզ համար հեշտ կլինի, եթե քո խոսքում գործածես համառոտ ու պարզ նախադասություններ։

Եթե գիտես, թե ի՛նչ ես ուզում ասել, ապա բառերը բնական կերպով դուրս կբխեն։ Ընդհանուր առմամբ, կարիք չկա մտածել բառերի ընտրության մասին։ Պատրաստվելիս լավ կլինի ուղղակի ստուգել, թե արդյոք քեզ համար որքանով է պարզ ասածդ միտքը, իսկ բառերի մասին կարելի է մտածել միայն խոսելու ընթացքում։ Եթե դու այդպես վարվես և ուշադրությունդ կենտրոնացնես ոչ թե արտասանելիք բառերի, այլ մտքերի վրա, ապա բառերը դուրս կբխեն ինքնաբերաբար, և մտքերդ կարտահայտես ճիշտ այնպես, ինչպես զգում ես։ Մինչդեռ, եթե մտքերի շուրջը կենտրոնանալու փոխարեն մտածես բառերի մասին, կսկսես կցկտուր խոսել։ Կանոնավոր պարապմունքների շնորհիվ սահունությունդ, անկասկած, կբարելավես, որն անչափ կարևոր է լավ ընթերցելու և խոսելու համար։

Երբ Եհովան Մովսեսին հանձնարարություն տվեց իր անունից խոսելու Իսրայել ազգի և Եգիպտոսի փարավոնի առջև, Մովսեսը մտածեց, թե այդ պատվերը կատարելու համար ունակ չէ։ Ինչո՞ւ։ Մովսեսը սահուն չէր խոսում և հավանաբար լեզվի արատ ուներ (Ելից 4։10; 6։12)։ Նա փորձեց ինքն իրեն արդարացնել և դրա համար պատճառաբանություններ բերեց, սակայն Աստծո համար դրանք լուրջ հիմնավորումներ չէին։ Թեև Եհովան նրա հետ Ահարոնին ուղարկեց որպես խոսնակ, սակայն իր հերթին ինքն էլ օգնեց Մովսեսին խոսելու։ Հետագայում Մովսեսը մի շարք հիանալի ելույթներ ունեցավ ոչ միայն առանձին անհատների և մարդկանց փոքր խմբերի առաջ, այլ նաև ամբողջ ազգի (Բ Օրին. 1։1–3; 5։1; 29։2; 31։1, 2, 30; 33։1)։ Եթե ապավինես Եհովային և սահունությունդ բարելավելու համար բարեխղճորեն քո ուժերից եկածն անես, ապա դու էլ կկարողանաս քո ելույթներով փառաբանել Աստծուն։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կակազություն են առաջ բերում։ Բուժումները կարող են որոշ մարդկանց օգուտ տալ, իսկ ուրիշներին միայն մասամբ օգնել։ Այնուհանդերձ, եթե ցանկանում ես ուրախանալ քո ձեռք բերած հաջողություններով, շատ կարևոր է շարունակական ջանքեր գործադրել։

Քեզ անհանգստացնում կամ նույնիսկ խուճապի մե՞ջ է գցում այն միտքը, որ պետք է մեկնաբանություններ տաս հանդիպումների ժամանակ։ Եթե այո, ապա աղոթքով օգնություն խնդրիր Եհովայից (Փիլիպ. 4։6, 7)։ Կենտրոնացիր այն մտքի վրա, որ հնարավորություն ունես Եհովային փառաբանելու և ուրիշներին օգնելու։ Մի սպասիր, թե քո խնդիրն ամբողջությամբ «կանհետանա», այլ ուշադրություն դարձրու, թե ինչ օգնություն է քեզ ցույց տրվում այն հաղթահարելու համար։ Տեսնելով Եհովայի օրհնությունները և այն, թե ինչպես են եղբայրները քեզ քաջալերում՝ կցանկանաս ավելին անել։

Աստվածապետական ծառայության դպրոցը քեզ հիանալի հնարավորություն է տալիս, որպեսզի մարդկանց առջև ելույթ ունենալու փորձ ձեռք բերես։ Հավանաբար կզարմանաս, թե որքան լավ ես ելույթ ունենում մարդկանց փոքր խմբի առաջ, որոնք պատրաստ են քեզ օգնելու և շահագրգռված են քո հաջողություններով։ Դա քեզ կօգնի ավելի վստահ խոսել նաև այլ իրավիճակներում։

Լավ նախապատրաստիր բոլոր ելույթներդ։ Ամբողջությամբ կլանվիր նյութիդ մատուցմամբ։ Խոսելիս արտահայտիր զգացմունքներդ։ Եթե սկսում ես կակազել, փորձիր որքան հնարավոր է հանգիստ խոսել և ինքդ քեզ տիրապետել։ Թուլացրու ծնոտիդ մկանները և խոսիր համառոտ նախադասություններով։ Որքան հնարավոր է քիչ արտաբերիր այնպիսի հնչյուններ, ինչպիսիք են՝ «ը՜ը՜» կամ «ը՜մմ»։

Ինչ են անում ոմանք, ովքեր փորձում են հաղթահարել կակազության խնդիրը։ Նախևառաջ պարզում են, թե որ բառերն են նախկինում դժվար արտասանել և աշխատում են դրանք չկիրառել։ Փոխարենը՝ օգտվում են դրանց հոմանիշներից։ Ոմանք էլ նորից ու նորից վարժություններ են անում, որպեսզի կարողանան արտաբերել այն հնչյունները, որոնք դժվարանում են արտասանել։

Երբ խոսակցության ժամանակ սկսում ես կակազել, մի՛ հուսահատվիր և մի՛ խուսափիր հաղորդակցվել մարդկանց հետ։ Կարող ես խնդրել, որ խոսակցությունը շարունակի զրուցակիցդ, մինչև որ ի վիճակի լինես խոսելու։ Եթե գտնում ես, որ անհրաժեշտ է, գրություն գրիր կամ ասելիքդ նախօրոք տպիր առանձին թղթի վրա և հարկ եղած դեպքում ցույց տուր զրուցակցիդ։

ԻՆՉՊԵՍ ՍԱՀՈՒՆ ԽՈՍԵԼ

  • Պարբերագրեր և գրքեր ընթերցելիս նշիր քեզ համար անծանոթ բառերը, պարզիր դրանց իմաստը և ապա կիրառիր։

  • Օրական ամենաքիչը հինգից տասը րոպե տրամադրիր բարձրաձայն ընթերցանությանը։

  • Երբ ստանում ես բարձրաձայն ընթերցելու առաջադրանք, լավ նախապատրաստվիր։ Հատուկ ուշադրություն դարձրու այն բոլոր բառային խմբերին, որոնք ամբողջական մտքեր են արտահայտում։ Փորձիր լավ հասկանալ, թե ինչպես է զարգանում միտքը։

  • Առօրյայում սովորիր նախ մտածել, և հետո՛ խոսել։ Առանց կանգ առնելու՝ մտքերդ արտահայտիր ավարտուն նախադասություններով։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Ուշադիր աչքի անցկացրու Դատաւորաց 8։1–35 համարները՝ հերթականությամբ ուսումնասիրելով բոլոր պարբերությունները։ Համոզվիր, որ հասկանում ես գրվածի իմաստը։ Բառարանի օգնությամբ ստուգիր անծանոթ բառերը։ Ապա բարձրաձայն արտասանիր բոլոր հատուկ անունները։ Աշխատիր առանց վրիպումների բարձրաձայն կարդալ պարբերությունը։ Եթե արդյունքները քեզ գոհացնում են, անցիր հաջորդ պարբերություններին։ Իսկ հիմա կարդա ամբողջ գլուխը։ Կարդա ևս մեկ անգամ, բայց փոքր–​ինչ արագ։ Երրորդ անգամ ավելի արագ ընթերցիր այն հատվածները, որոնք համապատասխան արագություն են պահանջում, սակայն զգույշ եղիր, որ չսայթաքես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը