Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 25 էջ 166–էջ 169 պարբ. 5
  • Ինչպես օգտագործել խոսքի պլանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես օգտագործել խոսքի պլանը
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կազմել ելույթի պլան
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ազատ խոսք
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ինչպես հանրային ելույթներ պատրաստել
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ինչպես պատրաստել ելույթներ՝ ժողովում ներկայացնելու համար
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 25 էջ 166–էջ 169 պարբ. 5

ԴԱՍ 25

Ինչպես օգտագործել խոսքի պլանը

Ի՞նչ է հարկավոր անել

Պատրաստի տեքստի փոխարեն՝ խոսիր պլանի միջոցով՝ լինի այն թղթի վրա գրված, թե մտքում կազմված։

Ինչո՞ւ է դա կարևոր

Պլան կազմելը կօգնի քեզ ի մի բերել մտքերդ։ Ելույթի ընթացքում պլանը գործածելը կօգնի քեզ խոսակցական ոճով մատուցել ելույթը, և մտքերդ սրտից կբխեն։

ՇԱՏԵՐԸ, իմանալով, որ պետք է խոսեն պլանի միջոցով, սկսում են անհանգստանալ։ Նրանք իրենց շատ ավելի հանգիստ են զգում, երբ իրենց ասելիքի յուրաքանչյուր բառը տեսնում են թղթի վրա կամ էլ երբ դրանք անգիր են հիշում։

Բայց մի՞թե պատրաստի տեքստի կարիք ենք զգում մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ խոսելիս, քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև անձնական ու հրապարակավ աղոթքներ անելիս։ Անշուշտ ոչ։

Իսկ տարբերություն կա՞ պլանի ու պատրաստի տեքստի միջոցով ելույթ ունենալու միջև։ Թեև պատրաստի տեքստից կարդալը կարող է օգնել, որ խոսքը ճշգրիտ ու լավ ընտրված բառերով հնչի, այնուամենայնիվ դա հռետորին առանձնապես մեծ հնարավորություններ չի տալիս իր խոսքը մարդկանց սրտերին հասցնելու։ Երբ անհատը իրար ետևից մի քանի նախադասություններ է կարդում, սովորաբար փոխվում է նրա խոսելու տեմպն ու ձայնի երանգը՝ համեմատած սովորական խոսելաձևի հետ։ Եթե դու տեքստին ավելի շատ ես ուշադրություն դարձնում, քան մարդկանց, ապա նրանցից շատերը քեզ գրեթե չեն լսի։ Իսկ եթե նրանք զգան, որ մտածում ես իրենց մասին և ցույց ես տալիս, որ ելույթն առնչվում է իրենց կյանքին, կլսեն համակ ուշադրությամբ։ Խոսքի մատուցման ձևերից լավագույնը ազատ ոճով հանդես գալն է։ Այս ձևով խոսքդ կհասնի մարդկանց սրտին ու կմղի նրանց գործերի։

Աստվածապետական ծառայության դպրոցը նախատեսված է օգնելու մեզ ամենօրյա կյանքում։ Երբ հանդիպում ենք մեր ընկերներին, մենք գրպանից չենք հանում թուղթն ու սկսում կարդալ, որպեսզի մեր մտքերը ամենալավ ձևով ներկայացնենք։ Քարոզչական ծառայության գնալիս մեզ հետ պատրաստի տեքստ չենք վերցնում, վախենալով նրանից, որ հանկարծ կմոռանանք ասել այն կարևոր մտքերը, որոնք կցանկանայինք հաղորդել մարդկանց։ Ուստի, երբ Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունենալիս ցույց ես տալիս, թե ինչպես վկայություն տալ, սովորություն դարձրու հնարավորին չափ բնական արտահայտվել։ Եթե լավ նախապատրաստվես, ապա կտեսնես, որ ունենալով գրավոր կամ մտքում կազմված պլան՝ կկարողանաս հիշել այն գլխավոր մտքերը, որ ուզում էիր շոշափել։ Բայց ինչպե՞ս կարող ես վստահություն ձեռք բերել պլանի միջոցով խոսելու համար։

Մտքերդ ի մի բեր։ Պլանի միջոցով խոսելու համար հարկավոր է մտքերն ի մի բերել։ Սա չի նշանակում որոշել, թե որ բառերն ես օգտագործելու խոսքը մատուցելիս։ Դա նշանակում է՝ նախքան խոսելը հարկավոր է մտածել։

Կան մարդիկ, որոնք, առանց երկար մտածելու, ասում են բաներ, որոնց համար հետո զղջում են։ Մարդիկ էլ կան, որ խոսում են աննպատակ՝ մեկ թեմայից անցնելով բոլորովին այլ թեմայի։ Նման հակումներից խուսափելու համար հարկավոր է մինչև խոսելը մի պահ կանգ առնել ու մտքում կազմել մի պարզ պլան։ Իսկ դրա համար նախ՝ պետք է պարզել, թե որն է խոսքի նպատակը, ապա՝ որոշել, թե ինչ քայլեր պետք է անել դրան հասնելու համար, և հետո նոր խոսել։

Երբ պատրաստվում ես քարոզչական ծառայության դուրս գալու, ժամանակ հատկացրու ոչ միայն պայուսակդ դասավորելուն, այլև մտքերդ ի մի բերելուն։ Եթե մտադիր ես օգտվելու «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մատուցումից, կարդա այն մի քանի անգամ, որպեսզի հիմնական մտքերը պարզ լինեն։ Ձևակերպիր դրանք մեկ կամ երկու կարճ նախադասությամբ։ Մատուցումը ներկայացրու քո բառերով ու հարմարեցրու տվյալ տարածքի բնակիչների պրոբլեմներին։ Դու կտեսնես, որ մտքում պլան կազմելը օգտակար է։ Դրա համար կարող ես հետևյալ քայլերն անել՝ 1) Որպես առաջաբան՝ առաջ քաշիր այնպիսի հարց, որն անհանգստացնում է տվյալ տարածքում ապրողներից շատերին։ Խնդրիր զրուցակցիդ իր կարծիքը հայտնել։ 2) Տվյալ թեմայի հետ կապված՝ նախապատրաստիր կոնկրետ մի միտք ու մեկ–​երկու աստվածաշնչային համար, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված լուծելու այդ պրոբլեմը։ Եթե հնարավորություն է ընձեռվում, շեշտիր, որ Եհովան դա անելու է իր Թագավորության՝ երկնային կառավարության միջոցով։ 3) Քաջալերիր այդ անհատին գործելու իր լսածի համաձայն։ Կարող ես աստվածաշնչյան գրականություն և/կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել, ինչպես նաև պայմանավորվել, թե հաջորդ անգամ երբ և որտեղ կարող եք շարունակել քննարկումը։

Նման մատուցումով մարդկանց մոտենալու համար հարկավոր է ընդամենը մտքում կազմված պլան ունենալ։ Բայց եթե ցանկանում ես նախքան առաջին այցելությունը կազմել գրավոր պլան, ապա այն, ամենայն հավանականությամբ, պետք է բաղկացած լինի առաջաբանի մի քանի բառերից, մեկ–​երկու սուրբգրային համարից և կարճ վերջաբանից։ Նման պլանը կօգնի խուսափել տեղի–​անտեղի մտքեր արտահայտելուց, ինչպես նաև հնարավորություն կտա խոսքը բավական հստակ ներկայացնել։ Այս դեպքում մարդիկ չեն մոռանա իրենց լսածը։

Եթե քո քարոզչական տարածքում մարդիկ որոշ հարցեր հաճախակի են տալիս, կամ անընդհատ մերժում են մեր լուրը նույն պատճառով, լավ կլիներ տվյալ հարցի շուրջ փնտրտուքներ կատարել։ Սովորաբար բավական է գտնել երկու–​երեք գլխավոր միտք, որոնք հիմնված են սուրբգրային համարների վրա։ «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի կամ «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքի (անգլ.) թավատառ ենթավերնագրերի հիման վրա կարելի է կազմել հենց այն պլանը, որ քեզ պետք է։ Հնարավոր է՝ մեկ ուրիշ հրատարակությունից գտնես մեջբերում, որը կցանկանայիր ընդգրկել պլանի մեջ։ Կազմելով համառոտ գրավոր պլան՝ կցիր դրան այդ մեջբերումը և ծառայության ժամանակ հետդ ունեցիր։ Երբ հարց են տալիս կամ չեն համաձայնվում քեզ հետ, ասա, որ ուրախ ես ընձեռված հնարավորության համար՝ բացատրելու, թե ինչու ես հավատում տվյալ բանին (Ա Պետ. 3։15)։ Պատասխանելիս հետևիր պլանին։

Եթե աղոթքով պետք է ներկայացնես ընտանիքիդ, Գրքի ուսումնասիրության խմբին կամ ժողովին, ապա այս դեպքում նույնպես լավ կլինի, որ մտքերդ ի մի բերես։ Համաձայն Ղուկաս 11։2–4-ի՝ Հիսուսն իր աշակերտներին տվեց մի պարզ պլան, ըստ որի կարելի է իմաստալից կերպով աղոթել։ Երուսաղեմի տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնը հանգամանորեն աղոթեց։ Ակներևաբար նա մինչև աղոթելը մտածել էր, թե ինչ պիտի ասեր։ Նախ՝ նա կենտրոնացավ Եհովայի ու Դավիթին տրված Նրա խոստման վրա, հետո՝ տաճարի, իսկ վերջում՝ մեկ առ մեկ աղոթեց առանձին իրավիճակների, ինչպես նաև մարդկանց խմբերի մասին (Գ Թագ. 8։22–53)։ Մենք կարող ենք օգուտներ քաղել այս օրինակներից։

Ելույթի պլանը պետք է պարզ լինի։ Իսկ հիմա խոսենք ելույթի պլանի մասին։ Որքա՞ն ընդգրկուն այն պետք է լինի։

Հիշիր, որ պլանը նախատեսված է ասվելիք մտքերը հիշելու համար։ Գուցե հարկ համարես մի քանի նախադասություններ գրի առնել որպես առաջաբան։ Դրանից հետո կենտրոնացիր մտքերի, և ոչ թե բառերի վրա։ Եթե ուզում ես մտքերդ գրի առնել նախադասությունների տեսքով, ապա լավ կլիներ կարճ նախադասություններ օգտագործել։ Թեմայի գլխավոր կետերը ելույթի պլանում պետք է հստակորեն գրված լինեն։ Կարելի է գրել մեծատառերով, ընդգծել կամ էլ գրել ուրիշ գույնով։ Յուրաքանչյուր գլխավոր կետի տակ նշիր այն մտքերը, որոնք մտադիր ես օգտագործել ելույթի մեջ։ Նաև նշիր այն սուրբգրային համարները, որոնք նախատեսում ես կարդալ։ Ամենալավն այն կլինի, որ դա անմիջապես Աստվածաշնչից անես։ Պլանում նշիր նաև այն օրինակները, որոնք մտադիր ես օգտագործել։ Կարող ես նաև աշխարհիկ աղբյուրներից թեմային համապատասխանող մեջբերում կատարել։ Գրառումներդ պետք է այնքան ծավալուն լինեն, որ փաստեր բերելիս կարողանաս առանց ենթադրությունների խոսել։ Եթե ելույթի պլանը ընթեռնելի է գրված, ապա հեշտ կլինի նրանից օգտվել։

Որոշ հռետորներ իրենց ելույթի պլանում ընդգրկում են միայն ամենահիմնական մտքերը։ Նրանց պլանը սովորաբար կազմված է լինում մի քանի գլխավոր բառերից, սուրբգրային համարներից, որոնք նա մտադիր է մեջ բերել հիշողությամբ, ու նկարներից, որոնք կօգնեն իրեն վերհիշելու մտքերը։ Այս պարզ գրառումներով՝ հռետորը կկարողանա ներկայացնել իր թեման տրամաբանական հերթականությամբ ու խոսակցական ոճով։ Ահա հենց սա է այս դասի նպատակը։

Այս դասի վրա աշխատելիս շատ օգտակար կլինի կարդալ սույն գրքի 39–42 էջերում գտնվող «Ինչպես կազմել ելույթի պլան» թեման։

Ինչպես օգտվել պլանից։ Քո նպատակը ոչ միայն ելույթի պլան կազմելն է, այլև այն արդյունավետ կերպով օգտագործելը։

Առաջին քայլը, որ արվում է պլանն օգտագործելու ուղղությամբ, ելույթը նախապատրաստելն է։ Նայիր թեմայիդ, կարդա գլխավոր կետերը, տես, թե դրանցից ամեն մեկն ինչպես է կապված թեմայի հետ։ Նշիր, թե որքան ժամանակ պետք է հատկացվի գլխավոր կետերից յուրաքանչյուրին։ Հետո վերադարձիր առաջին կետին։ Գրի առ այն փաստարկները, սուրբգրային համարները և օրինակները, որոնք կօգնեն քեզ զարգացնել այդ կետը։ Մի քանի անգամ աչքի անցկացրու այս հատվածը, մինչև որ ամեն ինչ պարզ լինի։ Նույնը արա մյուս գլխավոր կետերի առնչությամբ։ Մտածիր, թե ելույթը ժամանակին ավարտելու համար ինչը հնարավոր կլիներ բաց թողնել։ Այս բոլորից հետո կրկնիր ամբողջ ելույթը։ Ուշադրություն դարձրու մտքերի, և ոչ թե բառերի վրա։ Մի փորձիր ելույթն անգիր անել։

Ելույթ ունենալիս պետք է կարողանաս ունկնդիրների հետ լավ տեսողական կապ պահպանել։ Սովորություն դարձրու սուրբգրային համարը կարդալուց հետո այն բացատրել Աստվածաշնչի միջոցով՝ առանց գրառումներին նայելու։ Իսկ երբ օրինակ ես բերում, գրառումներին դիմելու փոխարեն՝ այն պատմիր այնպես, ինչպես ընկերներիդ կպատմեիր։ Ամեն մի նախադասության համար մի նայիր գրառումներին։ Խոսիր սրտանց, և դու կհասնես ունկնդրիդ սրտին։

Տիրապետելով պլանով ելույթ ունենալու արվեստին՝ դու շատ կարևոր քայլ կկատարես՝ դառնալու հմուտ հռետոր։

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՊԼԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

  • Միշտ հիշիր, թե ինչ օգուտներ է տալիս պլանի միջոցով ելույթ ունենալը։

  • Ամենօրյա խոսակցությունների ժամանակ՝ նախքան խոսելը, մտքերդ ի մի բեր։

  • Որպեսզի կարողանաս պլանով ելույթ ունենալիս վստահությամբ խոսել, աղոթիր Եհովային ու սովորություն դարձրու ժողովի հանդիպումներին անկաշկանդ մեկնաբանություններ տալ։

  • Աշխատիր, որ պլանը լինի պարզ ու մեկ հայացքից՝ ընթեռնելի։

  • Նախապատրաստվիր ելույթին՝ քննելով մտքերը։ Կարիք չկա բառերն անգիր անելու։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Նախքան այս շաբաթ քարոզչական ծառայության գնալը մտքումդ կոնկրետ թեմայով պլան կազմիր, թե ինչ պիտի ասես (տե՛ս էջ 167, պարբ. 3)։ Քարոզելիս ուշադրություն դարձրու, թե քանի անգամ քեզ հաջողվեց խոսել ըստ այդ պլանի կամ՝ գոնե հիշատակել պլանի գլխավոր միտքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը