ԴԱՍ 43
Օգտագործիր հանձնարարված նյութը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ քրիստոնեական ժողովը նմանեցվում է մարդկային մարմնի։ Յուրաքանչյուր անդամ էլ կարևոր է, սակայն «անդամները միեւնոյն գործը չ’ունին»։ Համաձայն դրա՝ մենք պետք է ջանադրաբար կատարենք յուրաքանչյուր առաջադրանք, որ վստահված է մեզ։ Դա նշանակում է, որ մենք պետք է հասկանանք և պատասխանատվության զգացումով մոտենանք մեզ հանձնարարված բոլոր ելույթներին և չթերագնահատենք որոշ թեմաների կարևորությունը՝ մտածելով, որ մյուս թեմաներն ավելի հետաքրքիր կլինեին (Հռովմ. 12։4–8)։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը պատասխանատվություն է կրում հոգևոր կերակուր մատակարարելու «ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45, ԱՆԹ)։ Գործի դնելով մեր ունակությունները և աշխատելով ելույթները մշակել մեզ տրված ցուցումների համաձայն՝ ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը հավատարիմ ծառայի կատարած աշխատանքի հանդեպ։ Նման վերաբերմունքը նպաստում է ամբողջ ժողովի ներդաշնակ գործունեությանը։
Ինչ կարելի է ընդգրկել։ Երբ Դպրոցում որևէ թեմա ներկայացնելու առաջադրանք ես ստանում, պետք է աշխատես զարգացնել հենց այդ թեման և ոչ թե մի ուրիշ բան։ Հիմնականում, դրա հետ միասին տրվում է նաև կոնկրետ նյութ, որի վրա պետք է հիմնված լինի թեման։ Իսկ եթե քեզ չեն տեղեկացրել, թե ինչը պետք է լինի քո ելույթի համար հիմք հանդիսացող նյութը, ապա կարող ես ինքդ ընտրել, թե ինչպիսի աղբյուրներից հավաքել այն։ Սակայն, նախապատրաստվելիս միշտ հիշիր, որ ամբողջ ելույթը պետք է հիմնված լինի հանձնարարված թեմայի վրա։ Երբ որոշում ես, թե ինչ ընդգրկել ելույթի մեջ, լավ կլինի հաշվի առնես, թե ովքեր են քեզ լսողները։
Հանգամանորեն ուսումնասիրիր հիմք հանդիսացող նյութը՝ վերլուծելով դրանում տեղ գտած սուրբգրային համարները։ Ապա խորհիր, թե ինչպես կարող ես լավագույնս կիրառել այն, որպեսզի ունկնդիրները հնարավորին չափ շատ օգուտներ քաղեն։ Տպված նյութից ընտրիր երկու կամ երեք մտքեր, որոնք էլ կլինեն ելույթիդ գլխավոր կետերը։ Նաև այնտեղից առանձնացրու աստվածաշնչյան այն համարները, որ պատրաստվում ես կարդալ և քննարկել։
Հարց է ծագում՝ ո՞ր չափով է հարկավոր օգտագործել հանձնարարված նյութը։ Միայն այնքան, որքան որ կարող ես արդյունավետ կերպով կիրառել։ Մի փորձիր մեծ քանակությամբ տեղեկություն ընդգրկել, քանի որ դրանից տուժում է ուսուցման որակը։ Եթե նյութի որևէ մաս չի համապատասխանում ելույթիդ նպատակին, աշխատիր հիմնական ուշադրությունդ կենտրոնացնել այն հատվածների վրա, որոնք կօգնեն քեզ հասնելու պետք եղած արդյունքների։ Նախատեսված նյութից օգտագործիր այն ամենը, ինչն առավել օգտակար ու բովանդակալից կլինի ունկնդիրների համար։ Այս դասի վրա աշխատելիս քո նպատակը պետք է լինի ոչ թե շատ տեղեկություն հաղորդելը, այլ հանձնարարված նյութը օգտագործելը որպես ելույթի հիմք։
Ելույթը չպետք է դիտել ուղղակի որպես նախատեսված նյութի ամփոփում։ Հարկավոր է բացատրել որոշ մտքեր, տալ հավելյալ մանրամասնություններ դրանց վերաբերյալ, օրինակով ներկայացնել, կամ էլ ինչ–որ ձևով ցույց տալ դրանց գործնական կիրառումը։ Լրացուցիչ մտքերը ոչ թե պետք է փոխարինեն հանձնարարված նյութին, այլ օգնեն զարգացնելու դրանում տեղ գտած գլխավոր կետերը։
Այն եղբայրները, ովքեր հմուտ ուսուցիչներ են, ժամանակ առ ժամանակ ուսուցանելու հանձնարարություն կստանան Ծառայողական հանդիպմանը։ Նրանք քաջ գիտակցում են, որ հարկավոր է լավագույնս գործածել նախատեսված նյութը և չփոխարինել այն որևէ ուրիշ նյութով։ Նմանապես, հանրային ելույթով հանդես եկող եղբայրներին տրվում է ելույթի պլան, որին նրանք պետք է հավատարիմ մնան։ Այս դեպքում հռետորները կարող են որոշ չափով ազատ մոտեցում հանդես բերել, սակայն նրանք պետք է զարգացնեն այնտեղ նշված գլխավոր կետերը, կիրառեն թիկունք կանգնող փաստարկները, ինչպես նաև սուրբգրային համարները, որ ելույթի հիմքն են կազմում։ Շատ կարևոր է սովորեցնելիս հմուտ կերպով կիրառել հանձնարարված նյութը որպես հիմք, քանի որ դա կօգնի պատրաստ լինել հանդես գալու նաև այլ առաջադրանքներով։
Այս հարցում վարժվելը կնպաստի նաև Աստվածաշնչի հաջող ուսումնասիրություններ անցկացնելուն։ Կսովորես ուշադրությունդ կենտրոնացնել ուսումնասիրվող նյութի վրա և չշեղվել քննարկվող թեմայից՝ ընդգծելով այնպիսի մտքեր, որոնք գուցե հետաքրքիր են, բայց թեման հասկանալու համար ոչ այնքան էական։ Սակայն մյուս կողմից՝ եթե ըմբռնես այս դասի ոգին, չափից դուրս չես կառչի ուսումնասիրվող նյութին, այլ կաշխատես տալ հավելյալ բացատրություններ, որոնք թերևս անհրաժեշտ լինեն ուսումնասիրողի համար։