ԳԼՈՒԽ 22
Ինչո՞ւ պետք չէ սուտ խոսել
Պատկերացրու՝ աղջիկն ասում է մայրիկին. «Դասերից հետո իսկույն տուն կգամ», բայց մնում է դպրոցում ու խաղում իր ընկերների հետ, իսկ մայրիկին ասում է, թե ուսուցիչն էր պատվիրել դասերից հետո մնալ։ Ճիշտ կլինի՞ այդպես վարվելը։ ~
Ի՞նչ սխալ բան է արել այս տղան
Կամ ենթադրենք՝ տղան ասում է հայրիկին, որ տանը գնդակ չի խաղացել, այնինչ իրականում խաղացել է։ Սխալ չի՞ լինի դա։~
Մեծ Ուսուցիչը սովորեցրել է, թե ինչպես վարվելն է ճիշտ։ Նա ասել է. «Ձեր այոն թող այո լինի և ոչը՝ ոչ. դրանից ավելին չարից է գալիս» (Մատթէոս 5։37)։ Ի՞նչ են նշանակում Հիսուսի այս խոսքերը։ ~ Նշանակում է, որ մեր ասածը պետք է համապատասխանի իրականությանը։
Աստվածաշնչում մի պատմություն կա, որից երևում է, թե որքան կարևոր է ճշմարտությունը խոսելը։ Պատմությունը երկու մարդկանց մասին է, որոնք ասում էին, թե Հիսուսի աշակերտներից են։ Տեսնենք, թե ինչ պատահեց նրանց։
Հիսուսի մահից երկու ամիս չանցած՝ հեռու տեղերից մեծ թվով ժողովուրդ եկավ Երուսաղեմ՝ նշելու մի շատ կարևոր տոն, որը կոչվում էր Պենտեկոստե։ Հավաքված մարդկանց առջև Պետրոսը մի հիանալի ելույթ ունեցավ։ Նա պատմեց Հիսուսի մասին, որին Եհովան հարություն էր տվել։ Երուսաղեմ եկած մարդկանցից շատերը առաջին անգամ էին լսում Հիսուսի մասին։ Նրանց մեջ ցանկություն առաջացավ ավելին իմանալ։
Դրա համար նրանք իրենց նախատեսածից ավելի երկար մնացին Երուսաղեմում։ Որոշ ժամանակ անց նրանցից շատերի դրամը վերջացավ, ու նրանք չէին կարող ուտելիք գնել իրենց համար։ Նրանք օգնության կարիք ունեին։ Երուսաղեմի աշակերտները ցանկացան օգնել նրանց։ Ուստի շատերն իրենց ունեցվածքից որոշ բաներ էին վաճառում և ստացված գումարը բերում–տալիս էին Հիսուսի առաքյալներին։ Իսկ առաքյալները այդ գումարով օգնում էին կարիքավորներին։
Անանիան ու նրա կինը՝ Սափիրան, որ Երուսաղեմի քրիստոնեական ժողովի անդամներից էին, վաճառեցին իրենց ագարակը։ Ոչ ոք նրանց չէր պատվիրել նման բան անել։ Իրենք էին որոշել այդպես վարվել։ Բայց նրանք Հիսուսի աշակերտների հանդեպ սիրուց մղված չէր, որ վաճառեցին իրենց ագարակը։ Իրական պատճառն այն էր, որ Անանիան ու Սափիրան ուզում էին լավ մարդու տպավորություն թողնել։ Նրանք որոշեցին ասել, թե տալիս են ագարակի ամբողջ գումարը, բայց իրականում տալու էին գումարի միայն մի մասը։ Ինչպե՞ս կբնութագրեիր նրանց արարքը։ ~
Անանիան եկավ առաքյալների մոտ ու փողը տվեց նրանց։ Աստված, իհարկե, գիտեր, որ նա ամբողջ գումարը չէր տալիս, ուստի այնպես արեց, որ Պետրոսն իմանար Անանիայի անազնվության մասին։
Ի՞նչ սուտ է ասում Անանիան Պետրոսին
Պետրոսն ասաց նրան. «Անանիա, ինչո՞ւ թույլ տվեցիր Սատանային, որ քեզ դրդեր սուտ խոսելու։ Ագարակը քոնն էր։ Քեզ ոչ ոք չէր ստիպել այն վաճառել։ Եվ նույնիսկ վաճառելուց հետո էլ ինքդ կարող էիր որոշել, թե ինչ անել գումարը։ Բայց ինչո՞ւ ես ձևացնում, թե ամբողջ գումարն ես տալիս, երբ բերել ես մի մասը միայն։ Դրանով դու ստում ես ոչ թե մեզ, այլ Աստծուն»։
Սա շա՜տ վատ արարք էր։ Անանիան ստում էր. նրա խոսքերը չէին համապատասխանում իրականությանը։ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչ պատահեց հետո. «Անանիան Պետրոսի խոսքերը լսելուց հետո վայր ընկավ ու մահացավ»։ Աստված մահով պատժեց Անանիային։ Նրան դուրս տարան ու թաղեցին։
Ի՞նչ պատահեց Անանիային սուտ խոսելու պատճառով
Մոտ երեք ժամ հետո Սափիրան եկավ։ Նա չգիտեր, թե ինչ էր պատահել իր ամուսնուն։ Պետրոսը հարցրեց նրան. «Մեզ տված գումարի չափո՞վ եք վաճառել ագարակը»։
Սափիրան պատասխանեց. «Այո, այդքանով ենք վաճառել»։ Բայց դա սուտ էր։ Նրանք ստացված գումարի որոշ մասը իրենց էին պահել։ Աստված Սափիրային նույնպես մահով պատժեց (Գործք 5։1–11)։
Ի՞նչ դաս ենք սովորում Անանիայի և Սափիրայի հետ պատահած այս դեպքից։ ~ Իմանում ենք, որ Աստված չի սիրում ստախոսներին։ Նա ուզում է, որ մենք միշտ ճշմարտությունը խոսենք։ Բայց շատ մարդիկ ասում են, որ ոչ մի վատ բան չկա սուտ խոսելու մեջ։ Ի՞նչ ես կարծում, նրանք ճի՞շտ են մտածում։ ~ Գիտե՞ս, որ ընդամենը մի ստի պատճառով է, որ այսօր երկրի վրա կա հիվանդություն, ցավ ու մահ։ ~
Ըստ Հիսուսի՝ ո՞վ է առաջին անգամ ստել, և ի՞նչ հետևանք է դա ունեցել
Հիշենք, որ Բանսարկուն առաջին կնոջը՝ Եվային խաբեց։ Նա ասաց, որ Եվան չի մեռնի, եթե Աստծուն չհնազանդվի և ուտի այն պտուղը, որ Աստված պատվիրել էր չուտել։ Եվան հավատաց Բանսարկուին. նա կերավ ու Ադամին էլ համոզեց ուտել այդ պտղից։ Ուտելով՝ նրանք մեղավորներ դարձան, և նրանց բոլոր երեխաներն էլ մեղքով ծնվեցին։ Ու քանի որ Ադամի զավակները ժառանգել են մեղքը, նրանք տառապանքի մեջ են ապրում և ի վերջո մահանում են։ Ուրեմն՝ ինչի՞ց սկիզբ առան տանջանքն ու տառապանքը։ ~ Սկիզբ առան ընդամենը մի ստից։
Հասկանալի է, ուրեմն, թե ինչու Հիսուսն ասաց, որ Բանսարկուն «ստախոս է և ստության հայրը»։ Նա առաջինն էր, որ սուտ խոսեց։ Ուրեմն՝ երբ որևէ մեկը սուտ է խոսում, հետևում է Սատանայի օրինակին։ Մենք պետք է հիշենք այս մասին, երբ սուտ խոսելու փորձության առջև ենք կանգնում (Յովհաննէս 8։44)։
Ե՞րբ կարող է նման փորձություն առաջ գալ։ ~ Օրինակ՝ երբ ինչ–որ սխալ բան ես արած լինում, մեջդ ցանկություն չի՞ առաջանում սուտ խոսելու։ ~ Օրինակ՝ որքան էլ զգույշ լինես, կարող է այնպես պատահել, որ ինչ–որ բան կոտրես։ Երբ հարցնեն, թե ով է կոտրել, ի՞նչ կպատասխանես. կասե՞ս՝ քույրիկը կամ եղբայրն է արել, թե՞ կձևացնես, իբրև անտեղյակ ես պատահածին։ ~
Ե՞րբ կարող է սուտ խոսելու փորձություն առաջ գալ
Այժմ ենթադրենք՝ դասերդ պատրաստել ես ոչ ամբողջությամբ։ Կասե՞ս, թե սովորել ես բոլոր դասերդ։ ~ Հիշենք Անանիայի և Սափիրայի պատմությունը։ Նրանք ճշմարտությունը չհայտնեցին։ Եվ Աստված ցույց տվեց, թե ինչ վատ բան է սուտը՝ պատժելով նրանց մահով։
Ուրեմն՝ անկախ նրանից, թե ինչ ենք արել, եթե սուտ ենք խոսում կամ ասում ենք ճշմարտության միայն մի մասը, դա վատ հետևանքներ է ունենում։ Աստվածաշունչն ասում է. «Ճշմարտությունը խոսեցեք»։ Այնտեղ նաև գրված է. «Սուտ մի խոսեք իրար հետ»։ Եհովան միշտ ճշմարտությունն է խոսում և մեզանից ակնկալում է, որ մենք էլ ճշմարտությունը խոսենք (Եփեսացիս 4։25; Կողոսացիս 3։9)։
Մենք պետք է միշտ ճշմարտությունը խոսենք։ Դրա մասին եկ կարդանք Ելից 20։16; Առակաց 6։16–19; 12։19; 14։5; 16։6 և Եբրայեցիս 4։13 համարներում։