Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bt գլ. 14 էջ 108–115
  • «Միաձայն համաձայնության եկանք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Միաձայն համաձայնության եկանք»
  • «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը» (Գործեր 15։13-21)
  • Ուղարկվում են «ընտրված մարդիկ» (Գործ. 15։22-29)
  • «Նրանք ուրախացան այդ քաջալերության համար» (Գործեր 15։30-35)
  • Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօր
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Իրականում ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին այսօր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Լուրջ «տարաձայնություն եղավ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ո՞րն է նրա դերը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
bt գլ. 14 էջ 108–115

ԳԼՈՒԽ 14

«Միաձայն համաձայնության եկանք»

Կառավարիչ մարմինը ինչպես որոշում ընդունեց, և դա ինչպես նպաստեց ժողովների միասնությանը

Գործեր 15։13-35

1-2. ա) Ի՞նչ լուրջ հարցերի առաջ էր կանգնել առաջին դարի կառավարիչ մարմինը։ բ) Ի՞նչն օգնեց այդ եղբայրներին ճիշտ որոշում կայացնել։

ԱՌԱՔՅԱԼՆԵՐՆ ու երեցները սպասողական վիճակում են։ Նրանք նայում են միմյանց՝ գիտակցելով, որ հասել է վճռորոշ պահը։ Թլփատության խնդիրը լուրջ հարցեր է բարձրացրել. արդյոք քրիստոնյաները պե՞տք է պահեն Մովսիսական օրենքը, որևէ տարբերություն դրվելո՞ւ է հրեա և այլազգի քրիստոնյաների միջև։

2 Եղբայրները բավականաչափ փաստեր են քննել. դիմել են Աստծու մարգարեական Խոսքին, լսել են ականատեսների վկայությունները, որոնք խոսում են Եհովայի օրհնության մասին։ Բոլորը պատմել են այն, ինչ գիտեն։ Ավելացնելու ոչինչ չկա։ Ժամանակն է որոշում կայացնելու։ Եհովան իր սուրբ ոգու միջոցով պարզ ցույց է տվել, թե ինչ է ակնկալում։ Արդյոք եղբայրները կհետևե՞ն առաջնորդությանը։

3. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ քննելով Գործեր 15-րդ գլուխը։

3 Սուրբ ոգու առաջնորդությունն ընդունելու համար նրանց ամուր հավատ և համարձակություն է պետք։ Բանն այն է, որ դրանով եղբայրներն, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կբորբոքեն հրեա կրոնական առաջնորդների զայրույթը։ Բացի այդ՝ ժողովում կան մարդիկ, ովքեր մեծ հակառակություն են ցույց տալիս և ցանկանում են ամեն գնով ստիպել Աստծու ժողովրդին պահել Մովսիսական օրենքը։ Ի՞նչ կանի կառավարիչ մարմինը։ Տեսնենք։ Պարզենք, թե այս տղամարդիկ ինչ հիանալի օրինակ են թողել, որին այսօր հետևում է Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը։ Դժվարությունների բախվելիս կամ լուրջ որոշումներ կայացնելիս մենք նույնպես պետք է ընդօրինակենք նրանց։

«Սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը» (Գործեր 15։13-21)

4-5. Ի՞նչ մեջբերում արեց Հակոբոսը Աստծու մարգարեական Խոսքից։

4 Երբ բոլորը լռեցին, խոսեց Հիսուսի եղբայր Հակոբոսը,a ով, ինչպես երևում է, հանդիպման նախագահողն էր։ Նա ամփոփեց քննարկման արդյունքները՝ ասելով. «Շմավոնը մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար։ Եվ սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը» (Գործ. 15։14, 15)։

5 Հավանաբար Շմավոնի՝ Սիմոն Պետրոսի խոսքերը, ինչպես նաև Բառնաբասի ու Պողոսի բերած փաստարկները Հակոբոսին հիշեցրին աստվածաշնչյան որոշ համարներ, որոնք լույս էին սփռում քննարկվող թեմայի վրա (Հովհ. 14։26)։ Ուստի այն բանից հետո, երբ նա ասաց, որ մարգարեների խոսքերը ներդաշնակ են դրա հետ, մեջբերեց Ամոս 9։11, 12-ը։ Այդ գիրքը գտնվում էր Եբրայերեն Գրությունների այն մասում, որը հայտնի էր «Մարգարեներ» անվամբ (Մատթ. 22։40; Գործ. 15։16-18)։ Ուշագրավ է, որ Հակոբոսի արած մեջբերումը փոքր-ինչ տարբերվում է «Ամոս» գրքում գրվածից։ Հավանաբար նա մեջբերում էր Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանությունից, որը կոչվում է «Յոթանասնից»։

6. Սուրբ Գրքերն ինչպե՞ս լույս սփռեցին քննարկվող հարցի վրա։

6 Ամոս մարգարեի միջոցով Եհովան հայտնել էր, որ մի օր կանգնեցնելու է «Դավթի.... տաղավարը»՝ Դավթի թագավորական տոհմը։ Դա տեղի էր ունենալու Մեսիական Թագավորության միջոցով (Եզեկ. 21։26, 27)։ Արդյոք սա նշանակո՞ւմ էր, թե Աստված նորից հատուկ փոխհարաբերություններ էր հաստատելու Իսրայել ազգի հետ։ Ո՛չ։ Ինչպես նշվում էր վերոհիշյալ մարգարեության մեջ, այն ժողովուրդը, «որն [Աստծու] անունով էր կոչվելու», հավաքվելու էր «բոլոր ազգերից»։ Հիշենք նաև Պետրոսի խոսքերը։ Նա ասաց, որ Աստված «ոչ մի խտրություն չդրեց մեր [հրեա քրիստոնյաների] և նրանց [այլազգի նորահավատների] միջև, այլ նրանց սրտերը մաքրեց հավատով» (Գործ. 15։9)։ Այլ կերպ ասած՝ Աստծու կամքն էր, որ Թագավորության ժառանգներն ընտրվեն ոչ միայն հրեաների, այլև այլազգիների միջից (Հռոմ. 8։17; Եփես. 2։17-19)։ Սուրբգրային մարգարեություններից և ոչ մեկում չէր նշվում, թե այլազգիները պետք է նախևառաջ թլփատվեին կամ դառնային պրոզելիտներ։

7-8. ա) Ի՞նչ առաջարկեց Հակոբոսը։ բ) Արդյոք Հակոբոսը իր կամքը չէ՞ր թելադրում եղբայրներին։

7 Աստվածաշնչյան մարգարեությունները, ինչպես նաև ականատեսների վկայությունները մղեցին Հակոբոսին առաջարկելու հետևյալը. «Հետևաբար, իմ կարծիքով՝ հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք դառնում են դեպի Աստված, այլ որ նրանց գրվի, որ հեռու մնան կուռքերից պղծված բաներից, պոռնկությունից, խեղդված կենդանիներից և արյունից։ Չէ՞ որ վաղեմի ժամանակներից Մովսեսը յուրաքանչյուր քաղաքում իրեն քարոզողներ է ունեցել, և նա ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում է ժողովարաններում» (Գործ. 15։19-21)։

8 Հակոբոսը՝ թերևս որպես հանդիպման նախագահող, արդյոք չէ՞ր չարաշահում իր դիրքը և իր կամքը չէ՞ր թելադրում եղբայրներին։ Ամենևի՛ն։ «Իմ կարծիքով» արտահայտությունն անելով՝ նա ոչ թե փորձում էր ազդեցություն բանեցնել խորհրդի վրա, այլ ընդամենը նրանց ուշադրությունը հրավիրում էր ականատեսների պատմածների և Սուրբ Գրքերում գրվածի վրա։

9. Հակոբոսի առաջարկն ի՞նչ օգուտներ կբերեր։

9 Արդյոք Հակոբոսը լա՞վ առաջարկ արեց։ Այո՛, քանի որ առաքյալներն ու երեցները ավելի ուշ ընդունեցին այն։ Ի՞նչ օգուտներ կբերեր նրանց որոշումը։ Նախևառաջ՝ այն «նեղություն» չէր տա այլազգի քրիստոնյաներին՝ պարտադրելով պահել Մովսիսական օրենքը (Գործ. 15։19)։ Բացի այդ՝ եղբայրները դրանով հաշվի առած կլինեին հրեա քրիստոնյաների խիղճը, ովքեր տարիներ շարունակ իրենց ժողովարաններում ամեն շաբաթ լսել էին Մովսեսի գրքերի ընթերցանությունըb (Գործ. 15։21)։ Այդ որոշման շնորհիվ հրեա և այլազգի քրիստոնյաների միջև եղբայրական կապը կամրանար։ Իսկ ամենակարևորը, այն կուրախացներ Եհովա Աստծուն, քանի որ ներդաշնակ կլիներ նրա կամքին։ Աստծու ժողովրդի միասնությանն ու բարօրությանը սպառնացող խնդիրը ի՜նչ հիանալի լուծում ստացավ։ Դա լավ օրինակ է ներկայիս քրիստոնյաների համար։

Ալբերտ Շրյոդերը ելույթ է ներկայացնում 1998 թ. միջազգային համաժողովի ժամանակ

10. Այսօր Կառավարիչ մարմինն ինչպե՞ս է հետևում առաջին դարի կառավարիչ մարմնի օրինակին։

10 Ինչպես նշվեց նախորդ գլխում, այսօր Կառավարիչ մարմինը ընդօրինակում է առաջին դարի կառավարիչ մարմնին։ Այն ձգտում է բոլոր հարցերում հետևել Եհովայի՝ Տիեզերքի Գերիշխանի, և Հիսուսի՝ ժողովի գլխի առաջնորդությանըc (1 Կորնթ. 11։3)։ Ինչպե՞ս է դա արվում։ Ալբերտ Շրյոդերը, ով 1974 թ.-ից մինչև 2006 թ. մարտը՝ իր երկրային կյանքի ավարտը, ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ, մի առիթով ասաց. «Կառավարիչ մարմինը հանդիպում է չորեքշաբթի։ Եղբայրները այդ հանդիպումը սկսում են աղոթքով և Եհովայից խնդրում են նրա ոգու առաջնորդությունը։ Մեծ ջանքեր են գործադրվում՝ հավաստիանալու համար, որ քննարկվող ամեն հարց և կայացվող ամեն որոշում ներդաշնակ է Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին»։ Իսկ Միլթոն Հենշելը, ով նույնպես երկար ժամանակ ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ և իր երկրային կյանքն ավարտել է 2003 թ. մարտին, «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 101-րդ դասարանի շրջանավարտներին այսպիսի հարց ուղղեց. «Երկրի վրա կա՞ մեկ այլ կազմակերպություն, որի Կառավարիչ մարմինը որևէ կարևոր որոշում կայացնելուց առաջ դիմում է Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին»։ Պատասխանն ակնհայտ է։

Ուղարկվում են «ընտրված մարդիկ» (Գործ. 15։22-29)

11. Ժողովներն ինչպե՞ս իմացան կառավարիչ մարմնի որոշման մասին։

11 Երուսաղեմի կառավարիչ մարմինը թլփատության վերաբերյալ միաձայն որոշում ընդունեց։ Հարկավոր էր այն ներկայացնել հավատակիցներին հստակ և քաջալերական կերպով, որպեսզի քրիստոնեական ժողովի միասնությունը չխաթարվեր։ Ո՞րն էր դա անելու լավագույն միջոցը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Առաքյալներին ու երեցներին ամբողջ ժողովի հետ միասին հաճելի երևաց Պողոսի ու Բառնաբասի հետ իրենց միջից ընտրված մարդիկ ուղարկել Անտիոք՝ Հուդային, որ Բարսաբա էր կոչվում, և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջատարներ էին»։ Բացի այդ՝ Կառավարիչ մարմինը այդ եղբայրների հետ մի նամակ ուղարկեց, որը պետք է ընթերցվեր Անտիոքի, Ասորիքի և Կիլիկիայի բոլոր ժողովներում (Գործ. 15։22-26)։

12-13. ա) Ինչո՞ւ էր ճիշտ Հուդային և Շիղային ընդգրկել պատվիրակության մեջ։ բ) Ի՞նչ դրական արդյունք բերեց կառավարիչ մարմնի նամակը։

12 Հուդան ու Շիղան «եղբայրների մեջ առաջատարներ էին»։ Ուստի նրանք համապատասխանում էին կառավարիչ մարմնի ներկայացուցիչը լինելու նշանակմանը։ Չորս հոգուց բաղկացած այդ պատվիրակության առաքելությունն էր պարզ ցույց տալ, որ իրենք ոչ միայն պատասխանում են բարձրացված հարցին, այլև ներկայացնում են կառավարիչ մարմնի նոր առաջնորդությունը։ Այդ «ընտրված մարդիկ» ջերմ կապ էին ստեղծելու հրեա և այլազգի քրիստոնյաների միջև։ Իրոք որ, որոշումը իմաստուն էր և սիրուց մղված։ Այն նպաստեց Աստծու ժողովրդի խաղաղությանն ու միասնությանը։

ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆՆ ԱՅՍՕՐ

Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր Եհովայի ծառաներն առաջնորդություն են ստանում Աստծուն նվիրված և սուրբ ոգով օծված տղամարդկանց կողմից, ովքեր կազմում են Կառավարիչ մարմինը։ Շաբաթը մեկ տեղի է ունենում Կառավարիչ մարմնի հանդիպումը։ Դրա անդամները նաև ծառայում են ստորև ներկայացված վեց կոմիտեներում, և յուրաքանչյուրն իր պատասխանատվություններն ունի։

  • Կոորդինատորների կոմիտեն վերահսկում է իրավաբանական գործերը և հարկ եղած դեպքում, օգտվելով զանգվածային լրատվական միջոցներից, ճշգրտորեն ներկայացնում է, թե ինչին ենք հավատում։ Այս կոմիտեն նաև արագ արձագանքում է աղետների, հալածանքների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ, որոնք անդրադառնում են աշխարհի ցանկացած մասում բնակվող Եհովայի վկաների վրա։

  • Կադրերի կոմիտեն հոգ է տանում աշխարհով մեկ Եհովայի վկաների մասնաճյուղերում ծառայող Բեթելի ընտանիքի անդամների հոգևոր և ֆիզիկական բարօրության մասին։ Այն նաև վերահսկում է մասնաճյուղերում նոր անդամների նշանակումը։

  • Հրատարակչական կոմիտեն պատասխանատու է աստվածաշնչյան գրականության տպագրման, հրատարակման և առաքման համար։ Այս կոմիտեի ենթակայության տակ են տպարանները, ինչպես նաև այն սեփականությունը, որը ձեռք է բերվել ու շահագործվում է Եհովայի վկաների իրավաբանական անձանց կողմից։ Այն կազմակերպում է մասնաճյուղերի համալիրների, Թագավորության սրահների ու համաժողովների սրահների շինարարությունը։ Հրատարակչական կոմիտեն նաև վերահսկում է նվիրատվությունների օգտագործումը։

  • Ծառայողական կոմիտեն վերահսկում է քարոզչական գործը և զբաղվում է այնպիսի հարցերով, որոնք առնչվում են երեցներին, շրջանային վերակացուներին ու լիաժամ ծառայողներին։ Այս կոմիտեն նաև «Գաղաադ» դպրոց է հրավիրում ուսանողներին և նրանց նշանակումներ է տալիս, որպեսզի ամբողջ աշխարհում զորացնեն և հաստատեն ժողովները։

  • Ուսումնական կոմիտեն պատասխանատու է ժողովների ու համաժողովների ծրագրերի, ինչպես նաև ձայնագրությունների ու տեսագրությունների պատրաստման համար։ Այն նաև կազմում է «Գաղաադ» դպրոցի, Ռահվիրայական ծառայության դպրոցի և մյուս դպրոցների կրթական ծրագրերը։ Ուսումնական կոմիտեն հոգևոր ծրագրեր է պատրաստում նաև մասնաճյուղերում ծառայողների համար։

  • Գրական կոմիտեն վերահսկում է թե՛ ժողովների, թե՛ հանրության համար հոգևոր սննդի պատրաստումը։ Այն նաև պատասխանում է աստվածաշնչյան հարցերին, վերահսկում է համաշխարհային թարգմանչական գործը և վերջնական հավանություն է տալիս այնպիսի նյութերի, ինչպիսիք են ֆիլմերի սցենարներն ու ելույթների պլանները։

Կառավարիչ մարմինն առաջնորդվում է սուրբ ոգով։ Դրա անդամները իրենց չեն համարում Եհովայի ժողովրդի ղեկավարներ։ Փոխարենը երկրի վրա ապրող մյուս օծյալների նման «հետևում են Գառանը [Հիսուս Քրիստոսին], ուր էլ որ նա գնա» (Հայտն. 14։4)։

13 Նամակում տրված հստակ առաջնորդությունը վերաբերում էր ոչ միայն թլփատությանը, այլև այն բանին, թե ինչ պետք է անեին այլազգի քրիստոնյաները Եհովայի հավանությանն ու օրհնությանը արժանանալու համար։ Նամակի գլխավոր միտքը հետևյալն էր. «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից և պոռնկությունից։ Եվ եթե ձեր անձերը պահեք այս ամենից, հաջողություն կունենաք։ Ո՛ղջ եղեք» (Գործ. 15։28, 29)։

14. Եհովայի ժողովրդին ինչպե՞ս է հաջողվում միասնություն պահպանել այս պառակտված աշխարհում։

14 Մեր օրերում աշխարհով մեկ ապրող ավելի քան 8 000 000 Եհովայի վկաներ, ովքեր ծառայում են ավելի քան 100 000 ժողովներում, նույն հավատալիքներն ունեն և նույն գործն են կատարում։ Ինչպե՞ս է հնարավոր նման միասնություն պահպանել այս պառակտված աշխարհում։ Գլխավորապես այն բանի շնորհիվ, որ ժողովի գլուխը՝ Հիսուս Քրիստոսը, հստակ առաջնորդություն է տալիս «հավատարիմ և իմաստուն ծառայի»՝ Կառավարիչ մարմնի միջոցով (Մատթ. 24։45-47)։ Այդ միասնությունը նաև այն բանի արդյունքն է, որ համաշխարհային եղբայրությունը պատրաստակամորեն համագործակցում է Կառավարիչ մարմնի հետ։

«Նրանք ուրախացան այդ քաջալերության համար» (Գործեր 15։30-35)

15-16. Ժողովներն ինչպե՞ս արձագանքեցին թլփատության վերաբերյալ կառավարիչ մարմնի որոշմանը, և ի՞նչը նպաստեց դրան։

15 Այնուհետև «Գործեր» գրքում պատմվում է, որ երբ Երուսաղեմի եղբայրները հասան Անտիոք, «ժողովրդին մեկտեղ հավաքելով՝ նամակը տվեցին նրանց»։ Իսկ եղբայրներն ինչպե՞ս արձագանքեցին կառավարիչ մարմնի որոշմանը։ «Կարդալով [նամակը]՝ նրանք ուրախացան այդ քաջալերության համար» (Գործ. 15։30, 31)։ Բացի այդ՝ Հուդան և Շիղան «շատ ելույթներով քաջալերեցին եղբայրներին ու զորացրին նրանց»։ Ուշագրավ է, որ Աստվածաշունչը այդ երկու տղամարդկանց անվանում է «մարգարեներ», ճիշտ ինչպես Բառնաբասին, Պողոսին ու մյուս եղբայրներին, չէ՞ որ նրանք բոլորը հռչակում էին Աստծու կամքը (Գործ. 13։1; 15։32; Ելք 7։1, 2)։

16 Ակնհայտ էր, որ Եհովան օրհնեց կառավարիչ մարմնի որոշումը, և ամեն բան հաջողությամբ պսակվեց։ Ի՞նչը նպաստեց դրան։ Անկասկած, հաջողության գրավականն այն էր, որ տրված հրահանգները հստակ էին, ժամանակահարմար և հիմնված էին Աստծու Խոսքի ու սուրբ ոգու առաջնորդության վրա։ Բացի այդ՝ որոշումը ժողովներին ներկայացվեց ջերմությամբ և սիրով։

17. Ի՞նչ նմանություն կա առաջին դարի և մերօրյա շրջանային վերակացուների ծառայության միջև։

17 Այսօր Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, հետևելով առաջին դարի կառավարիչ մարմնի օրինակին, ժամանակահարմար առաջնորդություն է տալիս համաշխարհային եղբայրությանը։ Երբ որոշումներ են կայացվում, դրանք հստակ և ուղիղ կերպով փոխանցվում են ժողովներին։ Օրինակ՝ դա արվում է շրջանային վերակացուների միջոցով։ Այդ անձնուրաց եղբայրները, այցելելով տարբեր ժողովներ, հստակ ցուցումներ են տալիս և ջերմորեն քաջալերում են հավատակիցներին։ Պողոսի ու Բառնաբասի նման՝ այդ եղբայրները բավական ժամանակ են անցկացնում ծառայության մեջ՝ «շատերի հետ սովորեցնելով ու հռչակելով Եհովայի խոսքի մասին բարի լուրը» (Գործ. 15։35)։ Հուդայի և Շիղայի պես՝ շրջանային վերակացուները «շատ ելույթներով քաջալերում են եղբայրներին ու զորացնում նրանց»։

18. Ի՞նչ պետք է անեն Աստծու ծառաները, որ շարունակաբար ստանան Եհովայի օրհնությունը։

18 Իսկ ի՞նչ կարող ենք ասել ժողովների մասին։ Ի՞նչն է օգնում, որ աշխարհի բոլոր ժողովները շարունակեն խաղաղություն և համերաշխություն վայելել այս պառակտված աշխարհում։ Ահա թե հետագայում ինչ գրեց Հակոբոս աշակերտը. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ.... Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։17, 18)։ Չենք կարող ասել՝ այս խոսքերը գրելիս Հակոբոսը ի մտի ուներ Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումը, թե ոչ։ Սակայն մի բան հստակ է. «Գործեր» գրքի 15-րդ գլխի ուսումնասիրությունից տեսնում ենք, որ Եհովան օրհնում է միայն այն ժամանակ, երբ միասնություն ու համագործակցության ոգի է տեսնում։

19-20. ա) Ի՞նչն էր ցույց տալիս, որ Անտիոքի ժողովում խաղաղություն ու միասնություն հաստատվեց։ բ) Ի՞նչ կարող էին անել Պողոսն ու Բառնաբասը։

19 Անտիոքի ժողովում խաղաղություն և միասնություն հաստատվեց։ Այնտեղի քրիստոնյաները չվիճեցին Երուսաղեմից եկած եղբայրների հետ։ Ընդհակառակը, նրանք շատ գնահատեցին Հուդայի և Շիղայի այցը. «Մի որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրները նրանց խաղաղությամբ ճանապարհ դրեցին [Երուսաղեմ]»d (Գործ. 15։33)։ Կարող ենք վստահ լինել, որ Երուսաղեմի եղբայրները նույնպես ուրախացան, երբ այդ երկու քրիստոնյաները պատմեցին իրենց ճամփորդության մասին։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ պատվիրակության առաքելությունը հաջողությամբ պսակվեց։

20 Պողոսն ու Բառնաբասը մնացին Անտիոքում։ Այժմ նրանք կարող էին իրենց ուժերն ամբողջովին ներդնել քարոզչական գործում՝ լավ օրինակ ծառայելով մյուսների համար։ Այսօր նույնն են անում շրջանային վերակացուները, երբ այցելում են իրենց հոգածությանը հանձնված ժողովներին (Գործ. 13։2, 3)։ Ի՜նչ օրհնություն են նրանք Եհովայի ժողովրդի համար։ Իսկ վերոհիշյալ դեպքերից հետո Եհովան ի՞նչ գործեր հանձնարարեց Պողոսին ու Բառնաբասին և ինչպե՞ս օրհնեց նրանց։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ գլխում։

Համաժողովի ժամանակ մայր ու աղջիկ թերթում են «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի առաջին հատորը

Այսօր քրիստոնյաները մեծ օգուտներ են ստանում Կառավարիչ մարմնի ու նրա ներկայացուցիչների առաջնորդության շնորհիվ

ՀԱԿՈԲՈՍ՝ «ՏԻՐՈՋ ԵՂԲԱՅՐԸ»

Հակոբոսը՝ Հովսեփի ու Մարիամի որդին, առաջինն է հիշատակվում Հիսուսի եղբայրների մեջ (Մատթ. 13։54, 55)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նա Մարիամի երկրորդ որդին է եղել։ Հակոբոսը մեծացել է Հիսուսի հետ, եղել է նրա ծառայության ականատեսը և առնվազն լսել է նրա կատարած «զորավոր գործերի» մասին, թեպետ հայտնի չէ՝ անձամբ տեսել է դրանք, թե ոչ։ Սակայն նա և իր մյուս եղբայրները «իրականում.... չէին հավատում [Հիսուսին]» նրա երկրային ծառայության ընթացքում (Հովհ. 7։5)։ Նույնիսկ հնարավոր է, որ Հակոբոսն իր ազգակիցների նման կարծել է, թե իր ավագ եղբայրը «խելագարվել է» (Մարկ. 3։21)։

Հակոբոսը փաթույթից հատված է ընթերցում

Ամեն բան փոխվեց Հիսուսի մահից ու հարությունից հետո։ Թեև Հունարեն Գրություններում Հակոբոս անունով այլ երեք մարդիկ էլ են հիշատակվում, ակներևաբար Հիսուսը հարություն առնելուց հետո՝ 40 օրերի ընթացքում, հենց իր եղբայր Հակոբոսին երևաց (1 Կորնթ. 15։7)։ Հավանաբար այս դեպքն օգնեց Հակոբոսին հասկանալ, թե իրականում ով է եղել իր ավագ եղբայրը։ Որն էլ լիներ պարագան, Հիսուսի համբարձվելուց 10 օր չանցած՝ Հակոբոսը, իր մայրն ու եղբայրները առաքյալների հետ վերնասենյակում հավաքված աղոթում էին (Գործ. 1։13, 14)։

Ի վերջո Հակոբոսը Երուսաղեմի ժողովում մեծ հարգանք վայելող եղբայր դարձավ։ Ակներևաբար նա այդ ժողովում առաքյալ (ուղարկված) էր համարվում (Գաղ. 1։18, 19)։ Այն, որ նա մեծ դեր ուներ ժողովում, երևում է նաև նրանից, որ Պետրոսը բանտից հրաշքով ազատվելուց հետո աշակերտներին պատվիրեց այդ մասին «պատմել Հակոբոսին ու եղբայրներին» (Գործ. 12։12, 17)։ Հետագայում, երբ «առաքյալներն ու երեցները» հավաքվեցին քննարկելու թլփատության հարցը, Հակոբոսն ակներևաբար այդ հանդիպման նախագահողն էր (Գործ. 15։6-21)։ Պողոսի նամակներից երևում է նաև, որ Հակոբոսը, Կեփասը (Պետրոս) և Հովհաննեսը Երուսաղեմի ժողովում «սյուներ էին համարվում» (Գաղ. 2։9)։ Տարիներ անց, երբ Պողոսը Երուսաղեմ վերադարձավ իր երրորդ միսիոներական շրջագայությունից, ներկայացավ Հակոբոսին և բոլոր երեցներին, որ պատմի իր ծառայության մասին (Գործ. 21։17-19)։

Հակոբոսը, որին Պողոս առաքյալն անվանում է «Տիրոջ եղբայր», գրել է իր անունը կրող սուրբգրային նամակը (Գաղ. 1։19)։ Այնտեղ նա, համեստություն ցուցաբերելով, իրեն ո՛չ առաքյալ է անվանել, ո՛չ էլ Հիսուսի եղբայր, այլ «Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա» (Հակ. 1։1)։ Հակոբոսի նամակից երևում է, որ նա Հիսուսի նման դիտունակ էր և լավ էր հասկանում մարդու բնույթն ու շրջապատող աշխարհը։ Հոգևոր ճշմարտությունները բացատրելու համար Հակոբոսը բոլորին ծանոթ օրինակներ է բերել բնությունից։ Նա հիշատակել է ալեկոծ ծովը, երկնային լուսատուները, կիզիչ արևը, ծաղիկները, կրակը, կենդանիներին և այլն (Հակ. 1։6, 11, 17; 3։5, 7)։ Բացի դրանից, սուրբ ոգու օգնությամբ ըմբռնելով մարդու էությունը, Հակոբոսը հիանալի խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես կարելի է լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ (Հակ. 1։19, 20; 3։2, 8-18)։

1 Կորնթացիներ 9։5-ից երևում է, որ Հակոբոսն ամուսնացած է եղել։ Աստվածաշնչում չի նշվում, թե երբ և ինչ հանգամանքներում է նա մահացել։ Սակայն հրեա պատմիչ Հովսեպոսի վկայությամբ՝ հռոմեական կառավարիչ Պորկիոս Ֆեստոսի մահից (մ. թ. մոտ 62 թ.) կարճ ժամանակ անց, երբ հաջորդ կառավարիչ Ալբինուսը դեռ չէր ստանձնել իր պաշտոնը, քահանայապետ Անանուսը (Հաննա) «հավաքեց Սինեդրիոնի դատավորներին և նրանց առաջ կանգնեցրեց Հակոբոս անունով մի մարդու, որը Քրիստոս կոչվող Հիսուսի եղբայրն էր, և ուրիշներին»։ Հովսեպոսը նշում է նաև, որ Անանուսը նրանց «մեղադրեց օրենքը խախտելու մեջ և դատապարտեց քարկոծման»։

a Տես «Հակոբոս՝ «Տիրոջ եղբայրը»» շրջանակը։

b Հակոբոսն իմաստություն դրսևորեց՝ հիշատակելով Մովսեսի գրքերը, քանի որ դրանք ընդգրկում էին ոչ միայն Մովսիսական օրենքը, այլև ուրիշ տեղեկություններ։ Այդ գրքերում պատմվում էր, թե ինչ գործեր է արել Աստված Օրենքը տալուց առաջ, և ինչպես է նա վերաբերվել այս կամ այն հարցին։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքից պարզ երևում է Աստծու տեսակետը արյան, պոռնկության և կռապաշտության վերաբերյալ (Ծննդ. 9։3, 4; 20։2-9; 35։2, 4)։ Այսպիսով Եհովան տվել էր սկզբունքներ, որոնց պետք է հետևեին ոչ միայն հրեաները, այլև ողջ մարդկությունը։

c Տես «Ինչպե՞ս է գործում Կառավարիչ մարմինն այսօր» շրջանակը։

d Ըստ որոշ թարգմանությունների՝ 34-րդ համարում ասվում է, թե Շիղան որոշեց մնալ Անտիոքում («Արարատ» թարգմանություն)։ Սակայն այդ միտքը հետագայում է ավելացվել Աստվածաշնչի տեքստին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը