ԳԼՈՒԽ 28
«Մինչև աշխարհի ծայրերը»
Եհովայի վկաները շարունակում են առաջին դարի քրիստոնյաների սկսած գործը
1. Ի՞նչ նմանություն կա Հիսուսի առաջին աշակերտների և մերօրյա քրիստոնյաների միջև։
ՆՐԱՆՔ եռանդորեն հռչակել են բարի լուրը։ Նրանք սրտանց ընդունել են սուրբ ոգու օգնությունն ու առաջնորդությունը։ Նրանք շարունակել են քարոզել նույնիսկ հալածանքի ներքո։ Իսկ Աստված առատապես օրհնել է նրանց։ Ո՞ւմ մասին է խոսքը։ Ե՛վ առաջին դարի աշակերտների, և՛ Հիսուսի ներկայիս հետևորդների՝ Եհովայի վկաների մասին։
2-3. Ինչո՞վ է եզակի «Գործեր» գիրքը։
2 «Գործեր» գրքում արձանագրված տպավորիչ իրադարձությունները անկասկած ոգևորեցին քեզ և զորացրին քո հավատը։ Չէ՞ որ դա Աստծու կողմից ներշնչված միակ գիրքն է, որը պատմում է վաղ քրիստոնյաների մասին։
3 «Գործեր» գրքում հիշատակվում են 95 անհատների անուններ՝ 32 երկրներից, 54 քաղաքներից և 9 կղզիներից։ Այնտեղ կարդում ենք հասարակ մարդկանց, կրոնական մոլեռանդների, ինքնահավան քաղաքական գործիչների և կատաղի հալածողների մասին։ Սակայն ամենակարևորը՝ այդ գիրքը պատմում է առաջին դարի քո եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ոչ միայն դիմագրավել են կյանքի խնդիրները, այլ նաև եռանդորեն հռչակել են բարի լուրը։
4. Պողոս առաքյալը, Տաբիթան և հնում ապրած մյուս քրիստոնյաները ինչո՞ւ են մեզ հարազատ։
4 Արդեն 2 000 տարի է անցել այն ժամանակվանից, երբ ապրել են նախանձախնդիր Պետրոս և Պողոս առաքյալները, սիրելի բժիշկ Ղուկասը, առատաձեռն Բառնաբասը, անվախ Ստեփանոսը, բարեսիրտ Տաբիթան, հյուրասեր Լիդիան և բազմաթիվ այլ հավատարիմ վկաներ։ Չնայած դրան՝ նրանք շատ հարազատ են մեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք նույնպես կատարում ենք աշակերտներ պատրաստելու գործը (Մատթ. 28։19, 20)։ Մեզ համար դա մեծ պատիվ է։
«.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)
5. Որտեղի՞ց սկսեցին քարոզել Հիսուսի առաջին հետևորդները։
5 Հիսուսն ասել էր. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Սկզբում սուրբ ոգին զորացրեց Հիսուսի աշակերտներին, և նրանք վկայություն տվեցին նախ «Երուսաղեմում» (Գործ. 1։1-8։3)։ Դրանից հետո նրանք քարոզեցին «ամբողջ Հրեաստանում [և] Սամարիայում» (Գործ. 8։4-13։3)։ Այնուհետև այդ քրիստոնյաները բարի լուրը տարածեցին «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 13։4-28։31)։
6-7. Ի՞նչ առավելություն ունենք մենք՝ ի տարբերություն առաջին դարի քրիստոնյաների։
6 Առաջին դարի քո հավատակիցները չունեին ամբողջական Աստվածաշունչը, որպեսզի այն օգտագործեին ծառայության ժամանակ։ Մինչև մ. թ. 41 թ. չկար Մատթեոսի Ավետարանը։ Իսկ Պողոսի որոշ նամակները գրվեցին մինչև մ. թ. մոտ 61 թ.՝ «Գործեր» գրքի ավարտը։ Վաղ քրիստոնյաները ո՛չ Սուրբ Գրքերի իրենց անձնական օրինակներն ունեին, ո՛չ էլ զանազան հրատարակություններ, որոնք կարող էին տալ հետաքրքրվող անձանց։ Հրեա քրիստոնյաները ճշմարտությունն ընդունելուց առաջ ժողովարաններում լսել էին Եբրայերեն Գրությունների ընթերցանությունը (2 Կորնթ. 3։14-16)։ Բայց նույնիսկ նրանք պետք է Աստծու Խոսքի ժրաջան ուսումնասիրողներ լինեին։ Չէ՞ որ քարոզելիս հիշողությամբ էին մեջբերումներ անելու այնտեղից։
7 Այսօր մեզանից գրեթե յուրաքանչյուրն ունի Աստվածաշնչի իր անձնական օրինակը, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված զանազան հրատարակություններ։ Մենք բազմաթիվ լեզուներով քարոզում ենք բարի լուրը և աշակերտներ պատրաստում ավելի քան 240 երկրներում։
Սուրբ ոգին զորություն է տալիս
8-9. ա) Սուրբ ոգու օգնությամբ ի՞նչ էին կարողանում անել Հիսուսի աշակերտները։ բ) Աստծու ոգու օգնությամբ ի՞նչ է թողարկում հավատարիմ ծառան։
8 Իր աշակերտներին հանձնարարելով քարոզել բարի լուրը՝ Հիսուսն ասաց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա»։ Աստծու գործուն ուժի առաջնորդությամբ քրիստոնյաները Թագավորության լուրը ի վերջո տարածելու էին աշխարհով մեկ։ Սուրբ ոգու օգնությամբ Պետրոսն ու Պողոսը բուժում էին հիվանդ մարդկանց, դևեր էին հանում և անգամ հարություն էին տալիս մահացածներին։ Սակայն այդ զորությունը տրվում էր շատ ավելի կարևոր նպատակով։ Դրա շնորհիվ առաքյալներն ու մյուս աշակերտները կարողանում էին մարդկանց ճշգրիտ գիտելիքներ փոխանցել, որոնցից կախված էր նրանց հավիտենական կյանքը (Հովհ. 17։3)։
9 Մ. թ. 33 թ. Պենտեկոստեին Հիսուսի աշակերտները «սկսեցին տարբեր լեզուներով խոսել, ինչպես ոգին նրանց խոսել էր տալիս»։ Այդպես նրանք վկայեցին «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործ. 2։1-4, 11)։ Այսօր մենք տարբեր լեզուներով խոսելու պարգև չենք ստանում։ Սակայն սուրբ ոգու օգնությամբ հավատարիմ ծառան աստվածաշնչյան հրատարակություններ է թողարկում բազմաթիվ լեզուներով։ Օրինակ՝ ամեն ամիս տպագրվում են «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի միլիոնավոր օրինակներ, իսկ մեր կայքում՝ jw.org-ում, առկա են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ և տեսանյութեր ավելի քան 1 000 լեզուներով։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք վկայել «Աստծու մեծամեծ բաների մասին» բոլոր ազգերին, ցեղերին և ժողովուրդներին (Հայտն. 7։9)։
10. 1989 թ.-ից ի վեր ի՞նչ աշխատանքներ են տարվել Աստվածաշնչի թարգմանության ուղղությամբ։
10 1989 թ.-ից ի վեր հավատարիմ ծառան մեծ կարևորություն է տալիս այն բանին, որ տարբեր լեզուներով հասանելի լինի «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Այն արդեն թարգմանվել է ավելի քան 200 լեզուներով։ Տպագրվել և տպագրվում են այդ թարգմանության միլիոնավոր օրինակներ։ Այսպիսի հաջողությունը հնարավոր է միմիայն Աստծու ոգու շնորհիվ։
11. Ինչպե՞ս են թարգմանվում մեր հրատարակությունները։
11 Թարգմանչական գործն արվում է հազարավոր քրիստոնյա կամավորների ջանքերով ավելի քան 150 երկրներում և տարածքներում։ Այս ամենը մեզ չպետք է զարմացնի։ Չէ՞ որ ուրիշ ոչ մի կազմակերպություն սուրբ ոգու առաջնորդությամբ աշխարհով մեկ հիմնովին վկայություն չի տալիս Եհովա Աստծու, նրա Թագավորության և Մեսիական Թագավորի մասին (Գործ. 28։23)։
12. Պողոսն ու մյուս քրիստոնյաները ինչի՞ շնորհիվ էին կարողանում կատարել քարոզչական գործը։
12 Երբ Պողոսը քարոզեց Պիսիդիայի Անտիոքում բնակվող հրեաներին և այլազգիներին, «բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան» (Գործ. 13։48)։ Ղուկասը «Գործեր» գրքի վերջում նշում է, որ Պողոսը «առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ.... Աստծու թագավորությունն էր քարոզում» (Գործ. 28։31)։ Իսկ որտե՞ղ էր առաքյալը դա անում։ Հռոմում՝ այն օրերի ամենահզոր տերության մայրաքաղաքում։ Անկախ նրանից՝ Հիսուսի առաջին աշակերտները ելույթներ էին ներկայացնում, թե այլ ձևերով էին վկայություն տալիս, դա անում էին սուրբ ոգու օգնությամբ և առաջնորդությամբ։
Անկոտրում՝ հալածանքների ներքո
13. Հալածանքների ենթարկվելիս ինչո՞ւ պետք է աղոթենք։
13 Երբ Հիսուսի առաջին աշակերտները բախվեցին հալածանքի, Եհովայից քաջություն խնդրեցին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նրանք «բոլորը սուրբ ոգով լցվեցին և համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում» (Գործ. 4։18-31)։ Մենք նույնպես հալածանքների ենթարկվելիս աղոթքով իմաստություն ու զորություն ենք խնդրում (Հակ. 1։2-8)։ Եհովան օրհնում է մեզ և աջակցում իր սուրբ ոգով, ինչի շնորհիվ կարողանում ենք շարունակել մեր ծառայությունը։ Ոչինչ երբեք չի կանգնեցրել ու չի էլ կանգնեցնի քարոզչական գործը՝ ո՛չ ուժեղ հակառակությունը, ո՛չ էլ դաժան հալածանքը։ Ուստի փորձության ենթարկվելիս պետք է Եհովայից սուրբ ոգի, իմաստություն ու քաջություն խնդրենք, որպեսզի շարունակենք քարոզել բարի լուրը (Ղուկ. 11։13)։
14-15. ա) Ի՞նչ տեղի ունեցավ «Ստեփանոսի սպանությանը հաջորդած հալածանքի» արդյունքում։ բ) Սիբիրում բնակվող բազմաթիվ մարդիկ ինչպե՞ս իմացան ճշմարտությունը։
14 Ստեփանոսը իր նահատակությունից առաջ համարձակորեն վկայություն տվեց (Գործ. 6։5; 7։54-60)։ Այդ ժամանակ աշակերտների դեմ «մեծ հալածանք սկսվեց», և բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանով ու Սամարիայով մեկ։ Սակայն քարոզչական գործը չկանգնեց։ Փիլիպոսը գնաց Սամարիա և այնտեղ սկսեց քարոզել Քրիստոսի մասին։ Դա հիանալի արդյունքներ բերեց (Գործ. 8։1-8, 14, 15, 25)։ Ավելին՝ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել, գնացին մինչև Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք, սակայն հրեաներից բացի ուրիշ ոչ ոքի խոսքը չէին հայտնում։ Այնուամենայնիվ, նրանց մեջ կային ոմանք՝ կիպրոսցիներ ու կյուրենացիներ, որ եկան Անտիոք և սկսեցին խոսել հունախոսների հետ՝ հռչակելով Տեր Հիսուսի մասին բարի լուրը» (Գործ. 11։19, 20)։ Փաստորեն, հալածանքը նպաստեց Թագավորության լուրի տարածմանը։
15 Մեր օրերում նման բան տեղի ունեցավ նախկին Խորհրդային Միությունում։ 1950-ականներին հազարավոր Եհովայի վկաներ աքսորվեցին Սիբիր։ Քանի որ նրանց ուղարկեցին տարբեր բնակավայրեր, բարի լուրը սկսեց կանոնավորաբար քարոզվել այդ հսկայական երկրամասում։ Սովորական պայմաններում այդքան Եհովայի վկաներ հազիվ թե բավականաչափ միջոցներ գտնեին, որպեսզի կարողանային անցնել մոտ 10 000 կմ (6 000 մղոն)՝ բարի լուրը քարոզելու համար։ Բայց կառավարությունը «հոգ տարավ» այդ մասին։ Ինչպես նշում է մի եղբայր, «պետությունն ինքը հնարավորություն տվեց Սիբիրում ապրող հազարավոր ազնվասիրտ մարդկանց ընդունելու ճշմարտությունը»։
Եհովայի առատ օրհնությունները
16-17. «Գործեր» գիրքն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան օրհնում էր բարի լուրի քարոզչությունը։
16 Եհովան, անկասկած, օրհնեց առաջին դարի քրիստոնյաներին։ Աստված «աճեցրեց» այն, ինչ Պողոսն ու մյուս աշակերտները «ցանեցին» և «ջրեցին» (1 Կորնթ. 3։5, 6)։ «Գործեր» գրքում տեղ գտած իրադարձությունները փաստում են, որ այդ աճը Եհովայի օրհնության արդյունքն էր։ «Աստծու խոսքը շարունակում էր աճել, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր» (Գործ. 6։7)։ Հետագայում «ժողովի համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան, և այն կերտվում էր։ Աշակերտների թիվը ավելանում էր, քանի որ ապրում էին Եհովայի հանդեպ [ակնածալից] վախով ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ» (Գործ. 9։31)։
17 Ասորիքի Անտիոքում անվախ վկաները ճշմարտությունը քարոզում էին թե՛ հրեաներին և թե՛ հունախոսներին։ «Եհովայի ձեռքը նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ, ովքեր հավատացին, դեպի Տերը դարձան» (Գործ. 11։21)։ Քարոզչական գործն այդ քաղաքում չդադարեց նաև հետագայում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այնտեղ «Եհովայի խոսքը աճում ու տարածվում էր» (Գործ. 12։24)։ Շնորհիվ այն բանի, որ Պողոսն ու մյուս աշակերտները հիմնովին վկայություն տվեցին այլազգիներին, «Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում» (Գործ. 19։20)։
18-19. ա) Որտեղի՞ց գիտենք, որ «Եհովայի ձեռքը» մեզ հետ է։ բ) Ո՞ր օրինակից է երևում, որ Եհովան աջակցում է իր ժողովրդին։
18 «Եհովայի ձեռքը», անկասկած, նաև մեզ հետ է այսօր։ Դա է պատճառը, որ հազարավոր մարդիկ ընդունում են ճշմարտությունը, նվիրվում են Աստծուն ու մկրտվում։ Ավելին՝ միմիայն Աստծու օգնությամբ և օրհնությամբ է, որ մենք, Պողոսի և առաջին դարի մյուս քրիստոնյաների պես, կարողանում ենք հաղթահարել ուժգին հալածանքն ու հակառակությունը և հաջողությամբ կատարել մեր ծառայությունը (Գործ. 14։19-21)։ Եհովան միշտ օգնության ձեռք է մեկնում։ Նրա «դարավոր բազուկները աջակցում են» մեզ բոլոր փորձությունների ժամանակ (2 Օրենք 33։27)։ Թող միշտ հիշենք, որ «Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին» (1 Սամ. 12։22; Սաղ. 94։14)։
19 Այս առումով ուշագրավ է եղբայր Հարալդ Աբտի օրինակը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստները նրան ուղարկեցին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, քանի որ այդ եղբայրը Թագավորության ակտիվ քարոզիչ էր։ 1942 թ. մայիսին գեստապոն ներխուժեց նրա տուն, ձերբակալեց նրա կնոջը՝ Էլզային, և վերջինիս ձեռքից խլեց նրանց փոքրիկ դստերը։ Քույր Աբտին ուղարկեցին տարբեր ճամբարներ։ Նա պատմում է. «Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում անցկացրած տարիներս ինձ մի կարևոր դաս սովորեցրին։ Ես տեսա, թե Եհովայի ոգին ինչպես է զորացնում մեզ կատաղի հալածանքների ներքո։ Բանտարկվելուց առաջ մի նամակ էի կարդացել, որում մի քույր պատմում էր, թե ինչպես է սուրբ ոգին ծանր փորձությունների ժամանակ հանգստություն պարգևում իրեն։ Ինձ թվացել էր, թե նա մի քիչ չափազանցնում է։ Բայց երբ ինքս փորձության մեջ հայտնվեցի, հասկացա, որ նա իրավացի էր։ Աստծու ոգին իրոք օգնում է։ Մինչև ինքդ չզգաս, չես համոզվի դրանում։ Ես էլ դա զգացի»։
Շարունակի՛ր հիմնովին վկայություն տալ
20. Չնայած տնային կալանքին՝ ի՞նչ էր շարունակում անել Պողոսը, և ինչպե՞ս կարող է նրա օրինակը քաջալերել մեր հավատակիցներին։
20 «Գործեր» գրքի վերջում ասվում է, որ Պողոսը ջերմեռանդորեն «Աստծու թագավորությունն էր քարոզում» (Գործ. 28։31)։ Քանի որ առաքյալը Հռոմում տնային կալանքի տակ էր, չէր կարողանում գնալ տնետուն ծառայության։ Այդուհանդերձ, նա շարունակում էր վկայություն տալ բոլոր նրանց, ովքեր այցելում էին իրեն։ Այսօր մեր սիրելի եղբայրներից և քույրերից ոմանք իրենց տարիքի կամ հիվանդությունների պատճառով չեն կարողանում դուրս գալ տնից, գամված են անկողնուն կամ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Չնայած այդ ամենին՝ Աստծու հանդեպ նրանց սերը չի մարում։ Այդ եղբայրներն ու քույրերը պահպանում են իրենց եռանդը ծառայության նկատմամբ։ Մենք աղոթում ենք նրանց համար։ Նաև խնդրում ենք, որ Եհովան օգնի այդ քրիստոնյաներին գտնելու այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են ճանաչել Աստծուն և ծանոթանալ նրա նպատակներին։
21. Ինչո՞ւ պետք է վկայություն տանք հրատապության զգացումով։
21 Մեզանից շատերն են ի վիճակի մասնակցելու տնետուն ծառայությանը, ինչպես նաև ծառայության այլ ձևերի։ Ուստի թող որ ամեն ինչ անենք, որպեսզի վկայություն տանք Թագավորության մասին «մինչև աշխարհի ծայրերը»։ Այս գործը հարկավոր է անել հրատապության զգացումով, քանի որ Քրիստոսի ներկայության «նշանն» ակնհայտ է (Մատթ. 24։3-14)։ Ամեն րոպեն թանկ է։ Մենք դեռ շատ բան ունենք անելու «Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։
22. Ի՞նչ պետք է վճռենք անել, մինչ սպասում ենք Եհովայի օրվան։
22 «Եհովայի մեծ ու ահազդու օրը» մոտ է։ Ուստի համարձակորեն և հավատարմորեն կատարիր քո ծառայությունը (Հովել 2։31)։ Դեռևս շատ են այն մարդիկ, ովքեր բերիացիների նման «մեծ հոժարամտությամբ կընդունեն խոսքը» (Գործ. 17։10, 11)։ Ուրեմն շարունակիր վկայություն տալ այնքան ժամանակ, մինչև Եհովան ասի. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25։23)։ Նախանձախնդրորեն մասնակցիր աշակերտ պատրաստելու գործին։ Մինչև վերջ հավատարիմ մնա Եհովային։ Այդ դեպքում ամբողջ հավիտենության ընթացքում կկարողանաս ուրախությամբ ասել. «Ես հիմնովին վկայություն եմ տվել Աստծու Թագավորության մասին»։