ՀԱՎԵԼՎԱԾ
Ծնողների հարցերը
«Ի՞նչ անեմ, որ երեխաս խոսի ինձ հետ»։
«Պե՞տք է արդյոք պահանջեմ, որ ժամանակին տուն գա»։
«Ինչպե՞ս կարող եմ օգնել աղջկաս հավասարակշռված տեսակետ ունենալու դիետայի վերաբերյալ»։
Սրանք այն 17 հարցերից մի քանիսն են, որոնց պատասխանները տրված են այս հավելվածում։ Նյութը բաղկացած է վեց բաժնից և համապատասխանում է «Երիտասարդների հարցերը» գրքի 1-ին և 2-րդ հատորների գլուխներին։
Կարդա նյութը։ Եթե հնարավոր է, քննարկիր այդ տեղեկությունը կողակցիդ հետ։ Այնուհետև տրված խորհուրդներով օգնիր երեխաներիդ։ Պատասխանները վստահարժան են և հիմնված են ոչ թե մարդկային իմաստության, այլ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա (2 Տիմոթեոս 3։16, 17)։
290 Հաղորդակցություն
297 Կանոններ
302 Ազատություն
315 Հոգևոր մարդ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Կողակցիս կամ երեխայիս հետ վիճելը ի՞նչ վնաս կարող է հասցնել»։
Ամուսնության մեջ տարաձայնություններն անխուսափելի են։ Սակայն թե ինչպես կլուծես խնդիրը, քո հայեցողությանն է թողնված։ Պատանիների վրա մեծ ազդեցություն են թողնում ծնողների վեճերը։ Սա իրոք մտահոգության առիթ է, քանի որ ձեր ամուսնությունը ձեր երեխաների համար օրինակ է, որին նրանք կհետևեն, երբ ամուսնանան։ Հետևաբար, տարաձայնությունները հարմար առիթ համարեք, որ ցույց տաք, թե ինչպես կարելի է հարթել խնդիրները։ Փորձեք հետևյալը։
Լսեք։ Աստվածաշունչն ասում է, որ լինենք «արագ լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Կրակի վրա յուղ մի՛ լցրու՝ «չարի փոխարեն չարով» հատուցելով (Հռոմեացիներ 12։17)։ Անգամ եթե կողակիցդ այդքան էլ տրամադրված չէ լսելու, դու լսիր։
Ձգտեք բացատրել, ոչ թե քննադատել։ Հանգիստ տոնով ասա կողակցիդ, թե իր պահվածքը ինչպես է ազդում քեզ վրա («Ես վիրավորվում եմ, երբ դու...»)։ Խուսափիր նրան մեղադրելուց կամ քննադատելուց («Դու իմ մասին չես մտածում», «Դու երբեք չես լսում»)։
Ժամանակ թող անցնի։ Երբեմն ավելի լավ է մի կողմ դնել խնդիրը և խոսել դրա մասին այն ժամանակ, երբ երկուսդ էլ հանդարտվել եք։ Աստվածաշունչն ասում է. «Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (Առակներ 17։14)։
Ներողություն խնդրեք իրարից և եթե անհրաժեշտ է, նաև երեխաներից։ 14-ամյա Բրիանը ասում է. «Երբեմն վեճից հետո ծնողներս ներողություն են խնդրում ինձնից և մեծ եղբորիցս, քանի որ հասկանում են, թե ինչ ազդեցություն կարող են թողնել մեզ վրա այդ վեճերը»։ Ամենաարժեքավոր դասերից մեկը, որ կարող ես սովորեցնել երեխաներիդ, խոնարհաբար ներողություն խնդրելն է։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե երեխաներիդ հետ ես վիճում։ Արդյոք պատահաբա՞ր ես կրակի վրա յուղ լցնում։ Օրինակ՝ կարդա այն դրվագը, որը գրված է այս հատորի 2-րդ գլխի 15-րդ էջում։ Կարո՞ղ ես նշել, թե ինչ արեց Ռեյչլի մայրը, որի պատճառով վեճ սկսվեց։ Ինչպե՞ս կարող ես խուսափել երեխաներիդ հետ վիճելուց։ Փորձիր հետևյալը։
● Խուսափիր անտեղի արտահայտություններից, օրինակ՝ «դու միշտ...» կամ «դու երբեք...»։ Նման խոսքերը պաշտպանական ռեակցիա են առաջացնում։ Բացի այդ, դրանք չափազանցություն են, և երեխադ հասկանում է դա։ Նա նաև գիտի, որ այդպիսի արտահայտությունները քո բարկության արդյունքն են և ոչ թե իր անպատասխանատվության։
● Կոպիտ խոսքեր ասելու փոխարեն, որոնք սովորաբար սկսվում են «դու»-ով՝ փորձիր ասել, թե ինչպես է երեխայիդ պահվածքը անդրադառնում քեզ վրա։ Կարող ես ասել. «Երբ դու..., ես զգում եմ...»։ Համաձայնվես, թե ոչ, երեխաների համար կարևոր են քո զգացմունքները։ Երբ ասում ես նրանց, թե ինչ ես զգում, ավելի ես մղում քեզ հետ համագործակցելուa։
● Որքան էլ դժվար լինի, զսպիր էմոցիաներդ, մինչև որ կարողանաս կառավարել քեզ (Առակներ 29։22)։ Եթե վիճում ես այն պատճառով, որ երեխադ չի անում տան գործերը, ապա նրա հետ քննարկիր այդ հարցը։ Գրի առ, թե կոնկրետ ինչ պետք է նա անի, և եթե անհրաժեշտ է, հստակ ասա, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նա չարդարացնի քո սպասելիքները։ Համբերատարությամբ լսիր երեխայիդ, անգամ եթե քո կարծիքով նրա տեսակետը սխալ է։ Շատ պատանիներ ավելի լավ են արձագանքում, երբ իրենց լսում են, քան երբ իրենց գլխին ճառ են կարդում։
● Շտապ մի՛ եզրակացրու, որ երեխադ ըմբոստ է, հասկացիր, որ ավելի շատ այդ պահվածքը կապված է նրա զարգացման հետ։ Երեխան կարող է վիճել պարզապես այն պատճառով, որ ապացուցի, թե ինքը արդեն մեծ է։ Խուսափիր վեճերից։ Հիշիր, քո վերաբերմունքով դու կարևոր դաս ես սովորեցնում երեխայիդ։ Համբերատար և ինքնատիրապետում ունեցող մարդու օրինակ թող, և տղադ կամ աղջիկդ հավանաբար կընդօրինակի քեզ (Գաղատացիներ 5։22, 23)։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 2 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 24
«Ի՞նչ պետք է երեխաս իմանա իմ անցյալի մասին»։
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Դու, ամուսինդ և աղջիկդ ընթրում եք ձեր ընկերների հետ։ Զրույցի ընթացքում ընկերներիցդ մեկը հիշատակում է այն մարդուն, որի հետ ընկերություն ես արել և հետո բաժանվել նախքան կողակցիդ հանդիպելը։ Աղջկադ ձեռքից պատառաքաղն ընկնում է։ «Մա՞մ, ուրեմն հայրիկից առաջ ուրիշի հե՞տ ես հանդիպել»,— ապշած հարցնում է նա։ Դու չէիր պատմել նրան այդ մասին։ Հիմա աղջիկդ ուզում է ավելի շատ բան իմանալ։ Ի՞նչ կանես։
Պետք է ուրախ լինես, որ երեխադ հարցնում է քեզ ինչ-որ բանի մասին, քանի որ երբ հարցեր է տալիս ու լսում է քո պատասխանները, նա հաղորդակցվում է քեզ հետ, մի բան, որը շատ ծնողների ցանկությունն է։
Իսկ ինչե՞ր պետք է պատմես տղայիդ կամ աղջկադ քո անցյալի մասին։ Ինչ խոսք, կան բաներ, որ չարժե երեխան իմանա։ Այդուհանդերձ, քո սխալների ու պատանեկան դժվարությունների մասին պատմելը օգտակար կլինի նրա համար։ Ինչո՞ւ։
Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա իր մասին գրել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է.... Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (Հռոմեացիներ 7։21–24)։ Եհովա Աստված թույլ է տվել, որ այս խոսքերը գրի առնվեն Աստվածաշնչում մեր օգտի համար։ Եվ այս խոսքերն իսկապես օգտակար ու քաջալերական են, քանի որ դրանք կարող են վերաբերել մեզնից յուրաքանչյուրին։
Փաստորեն, լսելով ձեր կատարած լավ ընտրությունների, նաև թույլ տված սխալների մասին՝ երեխաները ավելի հեշտությամբ կարտահայտեն իրենց զգացմունքները։ Ճիշտ է, դուք ուրիշ ժամանակներում եք մեծացել, սակայն պետք է նշել, որ տարիների ընթացքում մարդու էությունը չի փոխվում և չեն փոխվում նաև աստվածաշնչյան սկզբունքները (Սաղմոս 119։144)։ Եթե երեխաները իմանան, թե ինչ դժվարությունների եք բախվել պատանեկան տարիներին և թե ինչպես եք հաղթահարել դրանք, կկարողանան լուծել իրենց խնդիրները։ Կամերոն անունով մի երիտասարդ տղա ասում է. «Երբ իմանում ես, որ ծնողներդ էլ են նույն դժվարություններն ունեցել, քեզ համար ավելի հեշտ է լինում հասկանալ նրանց»։ Նա ավելացնում է. «Հետո, երբ մի ուրիշ խնդիր է առաջանում, ուզում ես իմանալ, թե արդյոք ծնողներիդ հետ էլ է նույն բանը պատահել»։
Նախազգուշացում. պարտադիր չէ, որ զրույցի վերջում երեխային խորհուրդ կամ խրատ տաս։ Գուցե անհանգստանաս, որ երեխան քո պատմածի հիման վրա սխալ եզրակացություններ կանի, կամ գուցե մտածես, որ իմանալով քո կատարած սխալների մասին՝ կարդարացնի իր սխալները։ Ուստի փոխանակ նրան ասելու, թե ինչ դաս պետք է քաղի քո պատմածից («Ահա թե ինչու դու երբեք չպետք է...»)՝ լավ կլինի հակիրճ նշես, թե դու ինչ ես զգում («Երբ հետ եմ նայում, մտածում եմ՝ երանի՜ այսինչ կամ այնինչ բանը արած չլինեի, որովհետև...»)։ Այդպես երեխադ արժեքավոր դասեր կսովորի քո օրինակից և չի ունենա այն զգացողությունը, թե իր գլխին քարոզ են կարդում (Եփեսացիներ 6։4)։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 1
«Ի՞նչ անեմ, որ երեխաս խոսի ինձ հետ»։
Երբ երեխաներդ փոքր էին, հավանաբար ամեն բան պատմում էին քեզ։ Երբ հարց էիր տալիս, առանց վարանելու պատասխանում էին։ Հաճախ նույնիսկ երբ հարցեր էլ չէիր տալիս, տեղեկությունները ջրի նման հոսում էին քեզ մոտ։ Այսօր, սակայն, երբ պատանի են, այդպիսին չեն, նրանց հետ խոսելը անօգուտ է, դա նման է չորացած ջրհորից ջուր հանելուն։ Դու մտածում ես. «Եթե խոսում են իրենց ընկերների հետ, ինչո՞ւ ինձ հետ չեն խոսում»։
Մի՛ մտածիր, որ նրանց լռությունն այն բանի նշանն է, թե մերժում են քեզ կամ չեն ուզում, որ մտնես իրենց կյանք։ Իրականում, նրանք հիմա քո կարիքն ավելի շատ ունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատանիների մեծ մասը շարունակում է գնահատել իրենց ծնողների խորհուրդները, նույնիսկ ավելի շատ, քան հասակակիցների կամ էլեկտրոնային մեդիայով հնչող խորհուրդները։
Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք վարանում ասել քեզ իրենց մտքինը։ Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասում որոշ պատանիներ այն մասին, թե ինչու չեն ուզում խոսել ծնողների հետ։ Այնուհետև տուր քեզ ստորև բերված հարցերը և կարդա նշված աստվածաշնչային համարները։
«Ինձ համար դժվար է մոտենալ հորս, քանի որ նա միշտ շատ զբաղված է թե՛ աշխատավայրում, թե՛ ժողովում։ Թվում է՝ հարմար պահ չկա նրա հետ խոսելու համար» (Էնդրյու)։
Արդյոք ակամայից այնպիսի տպավորություն թողնո՞ւմ եմ, որ շատ զբաղված եմ և երեխայիս հետ խոսելու ժամանակ չունեմ։ Եթե այո, ինչպե՞ս կարող եմ ավելի մատչելի դառնալ։ Ե՞րբ կարող եմ ժամանակ տրամադրել, որ կանոնավորաբար խոսեմ երեխայիս հետ (2 Օրենք 6։7)։
«Արցունքոտված աչքերով մոտեցա մորս, որ պատմեմ, թե ինչ կռիվ է եղել դպրոցում։ Ուզում էի, որ նա մխիթարի ինձ, բայց հանդիմանեց։ Այդ օրվանից էլ ոչ մի կարևոր հարցով չեմ մոտեցել նրան» (Քենջի)։
Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ երեխաս ինչ-որ հարցով մոտենում է ինձ։ Նույնիսկ եթե պետք է խրատել նրան, կարո՞ղ եմ լռել և խորհուրդ տալուց առաջ կարեկցանքով լսել (Հակոբոս 1։19)։
«Ամեն անգամ, երբ ծնողներս ասում են, որ կարող ենք խոսել, և խոստանում են, որ չեն բարկանա, միևնույնն է, ջղայնանում են։ Հետո քեզ խաբված ես զգում» (Ռեյչլ)։
Եթե երեխաս ասում է մի բան, որ ինձ բարկացնում է, ինչպե՞ս կարող եմ կառավարել ինձ և շտապ չարձագանքել (Առակներ 10։19)։
«Շատ անգամ, երբ սիրտս բացել եմ մորս առաջ ու խոսել նուրբ հարցերի մասին, հետո նա այդ ամենը պատմել է իր ընկերուհիներին։ Երկար ժամանակ չեմ կարողացել վստահել նրան» (Չենթել)։
Արդյոք ուշադի՞ր եմ երեխայիս զգացմունքների նկատմամբ։ Գաղտնի պահո՞ւմ եմ այն ամենը, ինչ նա վստահել է ինձ (Առակներ 25։9)։
«Շատ բաների մասին եմ ուզում խոսել ծնողներիս հետ։ Ինձ ընդամենը պետք է, որ նրանք օգնեն սկսելու զրույցը» (Քորթնի)։
Կարո՞ղ եմ նախաձեռնություն վերցնել և խոսել երեխայիս հետ։ Ո՞րն է նրա հետ խոսելու ամենահարմար ժամանակը (Ժողովող 3։7)։
Որպես ծնող՝ դու միայն կշահես, եթե հաղորդակցության կամուրջ գցես քո և երեխայիդ միջև։ Ճապոնիայում ապրող 17-ամյա Ջունկոն պատմում է. «Մի անգամ մորս խոստովանեցի, որ ինձ ավելի ազատ եմ զգում դասընկերներիս, քան հավատակիցներիս հետ։ Հաջորդ օրը սեղանիս վրա մի նամակ տեսա։ Նամակում մայրս պատմում էր, որ իր համար էլ է դժվար եղել ընկերներ գտնել հավատակիցների մեջ։ Սակայն նա նշել էր նաև մի քանի աստվածաշնչյան մարդկանց անուններ, ովքեր ծառայել են Աստծուն, անգամ երբ իրենց կողքին չի եղել մեկը, ով կքաջալերեր ու կզորացներ իրենց։ Բացի այդ, մայրս գովասանքի խոսքեր էր գրել ինձ այն բանի համար, որ ձգտում եմ լավ ընկերներ ընտրել։ Ես զարմացել էի։ Փաստորեն, մի ժամանակ մայրս էլ է իմ իրավիճակում եղել։ Շատ էի հուզվել նամակից ու լաց եղա։ Դրանից հետո քաջություն ունեցա անելու այն, ինչ ճիշտ է»։
Ինչպես Ջունկոյի մայրն էր հասկացել, պատանիները հակված են բացելու իրենց սիրտը ծնողի առաջ, երբ համոզված են, որ նա չի ծաղրի կամ քննադատի իրենց մտքերն ու զգացմունքները։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե պատանին նյարդայնանում է կամ նույնիսկ բարկանում է քեզ հետ խոսելիս։ Նույն կերպ մի՛ արձագանքիր (Հռոմեացիներ 12։21; 1 Պետրոս 2։23)։ Որքան էլ դժվար լինի, քո օրինակով ցույց տուր, թե ինչպես ես ուզում, որ նա խոսի կամ վարվի։
Հիշի՛ր, անցումային շրջանից հետո են նրանք չափահաս դառնում։ Իսկ մասնագետները նկատել են, որ այդ ընթացքում պատանիները փոփոխական լինելու հակում ունեն՝ մե՛կ իրենց մեծի պես են պահում, մե՛կ երեխայի պես։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել, հատկապես երբ նա փոքր երեխայի պես է պահում իրեն։
Խուսափիր քննադատելուց կամ երեխայական վեճերի մեջ ներքաշվելուց։ Ընդհակառակը՝ նրա հետ մեծ մարդու պես վարվիր (1 Կորնթացիներ 13։11)։ Օրինակ՝ եթե պատանու մեջ հայտնվում է «փոքր երեխան», և նա ասում է՝ ի՞նչ ես գլուխս տանում, հավանաբար, դու բարկությամբ կպատասխանես։ Եթե այդպես անես, չես կարողանա խոսել նրա հետ և ամենայն հավանականությամբ, վեճի կբռնվես։ Կարող ես ասել. «Երևի շատ ջղայնացած ես։ Ուզո՞ւմ ես խոսենք այն ժամանակ, երբ հանդարտված կլինես»։ Այդպես վարվելով՝ կկարողանաս կառավարել քեզ և պատրաստ կլինես զրուցելու, ոչ թե կռվելու։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 1 ԵՎ 2
ԿԱՆՈՆՆԵՐ
«Պե՞տք է արդյոք պահանջեմ, որ ժամանակին տուն գա»։
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Քո սահմանած ժամից 30 րոպե անցել է, և հանկարծ լսում ես, որ տղադ կամաց բացում է դուռը։ Մտածում ես. «Ըհը՛, երևի կարծում է, որ արդեն քնած եմ»։ Այնինչ նստել ես դռան մոտ ու սպասում ես նրան։ Դուռն արդեն բաց է։ Ձեր հայացքները հանդիպում են իրար։ Ի՞նչ կասես։ Ի՞նչ կանես։
Մի քանի տարբերակ կա։ Կարող ես թեթև նայել այդ հարցին։ Թերևս ասես. «Դե տղա է, էլի՜»։ Կամ կարող ես մեկ ուրիշ ծայրահեղության մեջ ընկնել. «Վե՛րջ ազատությանդ»։ Սակայն հապճեպ որոշում մի՛ կայացրու։ Նախ լսիր, գուցե հիմնավոր պատճառ կա, որ ուշացել է։ Ապա կարող ես առիթից օգտվել ու կարևոր դաս սովորեցնել տղայիդ։ Ինչպե՞ս։
Առաջարկ։ Ասա երեխայիդ, որ վաղը կխոսեք։ Հետո հարմար ժամի քննարկեք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի։ Որոշ ծնողներ հետևյալն են արել։ Երբ իրենց աղջիկը կամ տղան սահմանված ժամից ուշ է տուն եկել, հաջորդ անգամ պահանջել են, որ 30 րոպե շուտ տուն գա։ Իսկ եթե երեխադ միշտ ժամանակին է տուն գալիս և ապացուցում է, որ վստահելի է, ապա երբեմն կարելի է ավելի շատ ազատություն տալ նրան, օրինակ՝ սահմանված ժամանակը մի քիչ էլ երկարացնել։ Շատ կարևոր է, որ երեխան հասկանա, թե որ ժամին պետք է տանը լինի և թե ինչ հետևանքներ կլինեն, եթե ուշանա։ Իսկ երբ ուշանա, դու պետք է խոսքիդ տերը լինես։
Ուշադրություն դարձրու, սակայն, թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)։ Հետևաբար կոնկրետ ժամ սահմանելուց առաջ լավ կլինի այդ մասին խոսես երեխայիդ հետ ու հարցնես նրան, թե որ ժամին կուզեր տանը լինել և ինչու։ Հաշվի առ նրա առաջարկը։ Եթե երեխադ պատասխանատվության զգացում ունի, ապա կարելի է ընդառաջել, եթե նրա առաջարկը, ըստ քեզ, խելամիտ է։
Ճշտապահ լինելը կարևոր է։ Ուստի կոնկրետ ժամ սահմանելու նպատակը երեխային պարզապես փողոցներից կտրելը չէ, այլ այնպիսի հմտություն զարգացնելն է, որը պետք կգա հետագայում, երբ նա առանձին ապրի (Առակներ 22։6)։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 3 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 22
«Ինչպե՞ս հարթեմ հագուկապի հետ կապված տարաձայնությունները»։
Քննիր այս հատորի 77-րդ էջում գտնվող տեսարանի առաջաբանը։ Պատկերացրու՝ Ռիտան քո աղջիկն է։ Դու տեսնում ես, որ նա շատ բաց է հագնվել, ըստ քեզ՝ նրա հագին գրեթե ոչինչ չկա։ Անմիջապես ասում ես. «Գնա՛ ու փոխվի՛ր, թե չէ՝ ոչ մի տեղ էլ չես գնա»։ Գուցե ինչ-որ բանի հասնես։ Չէ՞ որ նա ուրիշ ընտրություն չունի, ուզած-չուզած պետք է հնազանդվի։ Բայց ինչպե՞ս կարող ես սովորեցնել նրան ոչ միայն շորերը, այլև մտածելակերպը փոխել։
● Առաջին՝ հիշիր, անպատշաճ հագուկապի հետևանքները որքան քեզ են մտահոգում, այնքան էլ (կամ ավելի շատ) պետք է երեխային մտահոգեն։ Իրականում, քո երեխան չի ուզում ծիծաղելի տեսք ունենալ կամ անտեղի ուշադրություն հրավիրել իր վրա։ Համբերատարությամբ բացատրիր, որ անպատշաճ հագուկապը գրավիչ չէ, և նշիր, թե ինչուb։ Փոխարենը՝ ուրիշ առաջարկներ արա։
● Երկրորդ՝ եղիր խելամիտ։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյոք նման հագուստը ոտնահարո՞ւմ է Աստվածաշնչի սկզբունքները, թե՞ ճաշակի հարց է» (2 Կորնթացիներ 1։24; 1 Տիմոթեոս 2։9, 10)։ Եթե ճաշակի հարց է, մի՛ պարտադրիր քո տեսակետը։
● Երրորդ՝ մի՛ ասա երեխայիդ, թե որ ոճը ընդունելի չէ։ Օգնիր նրան ընտրելու այն ոճը, որն ընդունելի է։ Այս հատորի 82-րդ և 83-րդ էջերում գտնվող շրջանակի օգնությամբ տրամաբանիր նրա հետ։ Ինչ խոսք, դա քեզնից ժամանակ ու ջանքեր կպահանջի։
«Պե՞տք է արդյոք թույլ տամ երեխայիս էլեկտրոնային խաղեր խաղալ»։
Այսօրվա էլեկտրոնային խաղերը տարբերվում են քո պատանեկան ժամանակվա խաղերից։ Որպես ծնող՝ ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ տեսնելու հնարավոր վտանգները և խուսափելու դրանցից։
Շատ բանի չես հասնի, եթե քննադատես ողջ արդյունաբերությունը կամ կտրականապես նշես, որ այդ խաղերը ժամանակի գող են։ Հիշի՛ր, բոլոր խաղերը չէ, որ վատն են։ Բայց պետք է գիտակցես, որ այդ խաղերի հանդեպ երեխան կարող է կախվածություն ձեռք բերել։ Ուստի ուշադիր եղիր, թե որքան ժամանակ է տրամադրում էլեկտրոնային խաղերին։ Նաև տես, թե որ խաղերն են գրավում նրան։ Անգամ կարող ես հարցնել՝
● քո դասընկերները ո՞ր խաղերն են ամենաշատը սիրում
● ի՞նչ է տեղի ունենում խաղի ժամանակ
● ինչո՞ւ է այդ խաղը այդքան հայտնի
Գուցե տեսնես, որ երեխադ քեզնից ավելի շատ բան գիտի էլեկտրոնային խաղերի մասին, քան կարծում էիր։ Թերևս նույնիսկ այնպիսի խաղեր է խաղում, որոնք, քո կարծիքով, կասկածելի են։ Եթե իրոք այդպես է, սուր մի՛ արձագանքիր։ Դա հարմար առիթ է, որ օգնես երեխայիդ ըմբռնողականություն զարգացնելու (Եբրայեցիներ 5։14)։
Հարցեր տուր երեխային, որոնք կօգնեն նրան հասկանալու, թե ինչու է տարված կասկածելի խաղերով։ Հարցրու՝
● քեզ ինչ-որ լավ բանից զրկվա՞ծ ես զգում, որ չես խաղում այս խաղը
Որոշ պատանիներ գուցե այնպիսի խաղ խաղան, որ հետո ընկերների հետ խոսելու թեմա ունենան։ Միգուցե քո երեխան էլ է նույն իրավիճակում, այդ դեպքում դու չես վարվի այնպես, ինչպես կվարվեիր այն դեպքում, երբ նկատեիր, որ երեխայիդ դուր են գալիս բռնություն, արյունահեղություն և անբարոյություն պարունակող խաղեր (Կողոսացիներ 4։6)։
Իսկ ի՞նչ անել, եթե երեխայիդ իրոք դուր են գալիս վատ խաղերը։ Որոշ պատանիներ արագ ընդդիմանում են և չեն ընդունում, որ բռնի խաղերը ազդում են իրենց վրա։ Նրանք այսպես են տրամաբանում. «Եթե խաղի մեջ անում եմ, չի նշանակում, որ կյանքում էլ կանեմ»։ Եթե քո երեխան էլ է այսպես մտածում, նրա ուշադրությունը հրավիրիր Սաղմոս 11։5-ի վրա։ Համարը հստակ նշում է, որ Աստված հավանություն չի տալիս ոչ միայն բռնի մարդուն, այլև բռնություն սիրողին։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև անբարոյությանը կամ այլ վատ բաներին, որոնք Աստծու Խոսքում դատապարտվում են (Սաղմոս 97։10)։
Եթե էլեկտրոնային խաղերը խնդիր են ստեղծում երեխայի համար, փորձիր հետևյալը։
● Թույլ մի՛ տուր, որ երեխան քո աչքից հեռու խաղեր խաղա, օրինակ՝ իր ննջարանում։
● Հստակ կանոններ սահմանիր (օրինակ՝ ոչ մի խաղ, մինչև որ չանես տնային աշխատանքը, չճաշես կամ ուրիշ կարևոր բաներ չանես)։
● Շեշտիր, որ շատ կարևոր է զբաղված լինել այնպիսի գործերով, որոնք ֆիզիկական ջանքեր են պահանջում։
● Տես, թե ինչ խաղեր են խաղում երեխաներդ, կամ ավելի լավ է, որ երբեմն նրանց հետ դու էլ խաղաս։
Ինչ խոսք, պետք է լավ օրինակ լինես, որ կարողանաս ազատորեն խոսել այդ մասին երեխայիդ հետ։ Ուստի հարցրու քեզ. «Ի՞նչ հեռուստահաղորդումներ կամ ֆիլմեր եմ դիտում»։ Եթե անում ես մի բան, բայց պահանջում ուրիշ բան, երեխադ անպայման կնկատի դա։
«Ի՞նչ անեմ, եթե երեխաս տարված է էլեկտրոնային մեդիայով»։
Երեխաներդ շա՞տ ժամանակ են տրամադրում ինտերնետին, հաճա՞խ են ուղարկում և ստանում sms-ներ, ավելի շատ սիրում են MP3 նվագարկչի՞, թե՞ քեզ հետ ժամանակ անցկացնել։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կարող ես անել։
Կարող ես պարզապես վերցնել երեխայից այդ սարքը։ Բայց մի՛ եզրակացրու, որ էլեկտրոնային մեդիան չարիք է։ Չէ՞ որ դու էլ ես օգտվում մեդիայի այնպիսի տեսակից, որը չի եղել քո ծնողների ժամանակ։ Հետևաբար այդ սարքավորումները «առգրավվելու» փոխարեն, եթե իհարկե այդպես վարվելու հիմնավոր պատճառ ունես՝ առիթն օգտագործիր ու սովորեցրու երեխայիդ, թե ինչպես կարող է խելամտորեն և չափավորությամբ օգտվել մեդիայից։ Ինչպե՞ս կարող ես դա անել։
Քննարկիր այս հարցը երեխայիդ հետ։ Առաջին՝ հայտնիր նրան քո անհանգստությունները։ Երկրորդ՝ լսիր, թե ինչ է նա ասում (Առակներ 18։13)։ Երրորդ՝ գործնական առաջարկներ արա։ Մի՛ վախեցիր սահմանափակումներ դնելուց, բայց եղիր խելամիտ։ Էլեն անունով մի աղջիկ ասում է. «Ես sms-ներ գրելու հետ կապված խնդիր ունեի, բայց ծնողներս անմիջապես իմ ձեռքից չվերցրին հեռախոսը։ Նրանք կանոններ հաստատեցին։ Ծնողներիս մոտեցումը օգնել է ինձ հավասարակշռված տեսակետ ձեռք բերելու այդ հարցում և ճիշտ վարվելու նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք իմ կողքին չեն»։
Իսկ ի՞նչ անել, եթե երեխան անմիջապես արդարանում է։ Մի՛ եզրակացրու, որ նա անտեսում է քո ասածները։ Եղիր համբերատար և մտածելու ժամանակ տուր նրան։ Հնարավոր է՝ նա արդեն համաձայնվել է քեզ հետ, բայց դեռ պետք է փոփոխություններ անի։ Շատ պատանիներ Հեյլիի պես են մտածում, որն ասում է. «Սկզբում վիրավորվում էի, երբ ծնողներս ասում էին, որ տարված եմ համակարգչով։ Հետո ինչքան շատ էի մտածում, այնքան շատ էի հասկանում, որ նրանք ճիշտ են»։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
«Ինչքա՞ն ազատություն պետք է տամ երեխայիս»։
Գուցե սա բարդ հարց թվա։ Ինչպե՞ս կվարվես, եթե տղադ իր ննջասենյակում է, և դուռը փակ է։ Առանց թակելու կմտնե՞ս նրա սենյակ։ Կամ պատկերացրու՝ աղջիկդ թողել է իր հեռախոսը տանը դպրոց վազելիս։ Կկարդա՞ս sms-ները։
Հեշտ չէ պատասխանել այս հարցերին։ Ինչ խոսք, որպես ծնող՝ դու իրավունք ունես իմանալու, թե ինչ է կատարվում երեխայիդ կյանքում, քանի որ քո պարտականությունն է պաշտպանել նրան վտանգներից։ Բայց չես կարող ուղղաթիռի նման անվերջ պտտվել նրա գլխավերևում։ Ինչպե՞ս լինել հավասարակշռված։
Առաջին՝ հասկացիր, որ եթե պատանին ուզում է որոշ չափով ազատություն ունենալ, անպայման չէ, որ նա ինչ-որ վատ բան անելու մտադրություն ունի։ Դա բնական է, քանի որ նա մեծանում է։ Որոշ հարցերում ավելի շատ ազատություն տալը կօգնի երեխային ինքնուրույն դառնալու, մինչ ընտրում է իր ընկերներին, և մտածելու իր խնդիրների մասին՝ գործի դնելով «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1, 2)։ Դրա շնորհիվ նա կզարգացնի մտածելու կարողությունը, մի հատկություն, որը շատ կարևոր է չափահաս և պատասխանատու անհատի համար։ Նաև կմտածի նախքան որոշումներ կայացնելը կամ բարդ հարցերին պատասխանելը (Առակներ 15։28)։
Երկրորդ՝ գիտակցիր, որ անընդհատ պատանու կյանքը վերահսկելը կբարկացնի նրան ու կդրդի ըմբոստության (Եփեսացիներ 6։4; Կողոսացիներ 3։21)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պետք է հանձնվես։ Իհա՛րկե ոչ, չէ՞ որ դու նրա ծնողն ես։ Սակայն պետք է նպատակ ունենաս մարզելու երեխայիդ խիղճը (2 Օրենք 6։6, 7; Առակներ 22։6)։ Ի վերջո, առաջնորդությունն ավելի արդյունավետ է, քան հսկողությունը։
Երրորդ՝ խոսիր խնդրի մասին։ Լսիր, թե ինչն է նրան մտահոգում։ Կարո՞ղ ես որոշ հարցերում զիջել։ Թող երեխադ իմանա, որ կտաս նրան ավելի շատ ազատություն, եթե չկորցնի քո վստահությունը։ Նշիր, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նա անհնազանդ լինի, ու եղիր հետևողական։ Վստահ եղիր, որ դու կարող ես նրան որոշակի ազատություն տալ ու միևնույն ժամանակ հոգատար ծնող լինել։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 3 ԵՎ 15
_______
«Ե՞րբ պետք է երեխաս թողնի դպրոցը»։
«Դասատուներս ձանձրացնում են»։ «Այնքա՜ն շատ տնային աշխատանք ունեմ»։ «Ինչքան էլ սովորում եմ, միայն «բավարար» եմ ստանում. իմաստ ունի՞, որ շարունակեմ ուսումս»։ Այս և այլ պատճառներով որոշ պատանիներ ուզում են թողնել դպրոցը, երբ դեռ չեն էլ հասցրել ապրուստը վաստակելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել։ Եթե տղադ կամ աղջիկդ ցանկանում է թողնել դպրոցը, ի՞նչ կարող ես անել։ Փորձիր հետևյալը։
● Քննիր, թե ինչ վերաբերմունք ունեիր դու կրթության նկատմամբ։ Արդյոք դպրոցը քեզ համար ժամանակի կորո՞ւստ էր, ասես բանտում լինեիր և պետք է դիմանայիր այնքան, մինչև ազատվեիր ու այլ կարևոր նպատակներ դնեիր քո կյանքում։ Եթե այո, ուրեմն երեխաներդ գուցե դրսևորեն հենց նույն վերաբերմունքը։ Փաստն այն է, որ լիարժեք կրթություն ստանալու շնորհիվ նրանք կունենան «իմաստություն և խորհելու կարողություն», հատկություններ, որոնք անհրաժեշտ են իրենց նպատակներին հասնելու համար (Առակներ 3։21)։
● Բարենպաստ պայմաններ ստեղծիր։ Ոմանք, ովքեր կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ, պարզապես չգիտեն՝ ինչպես սովորեն, կամ չունեն համապատասխան պայմաններ։ Սովորելու համար լավ պայմաններ կստեղծես, եթե երեխայի սեղանի վրա թափթփված իրեր չլինեն, բավարար տեղ լինի դասերը սովորելու համար, սենյակը լավ լուսավորված լինի ու եթե նա փնտրտուքներ անելու միջոցներ ունենա։ Դու կարող ես նպաստել քո երեխայի առաջընթացին՝ հոգևոր թե կրթական, եթե բավարար պայմաններ ստեղծես, որ խորհրդածի նոր մտքերի ու գաղափարների շուրջ (համեմատի՛ր 1 Տիմոթեոս 4։15)։
● Համագործակցիր։ Ուսուցիչներին և խորհրդատուներին համարիր դաշնակիցներ, ոչ թե թշնամիներ։ Հանդիպիր նրանց հետ։ Իմացիր նրանց անունները։ Խոսիր երեխայի նպատակների ու դժվարությունների մասին։ Եթե երեխան գնահատականների հետ կապված խնդիրներ ունի, փորձիր իմանալ պատճառը։ Օրինակ՝ նա կարծո՞ւմ է, որ եթե լավ գնահատականներ ստանա ու դրա պատճառով աչքի ընկնի, կարող է ծաղրուծանակի առարկա դառնալ։ Խնդիր ունի՞ ուսուցչի հետ։ Դժվարանո՞ւմ է յուրացնել ծրագիրը։ Ուսուցման ծրագիրը ոչ թե պետք է ճնշի երեխային, այլ պետք է նպաստի նրա կարողությունների աստիճանական զարգացմանը։ Մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել առողջությունը. գուցե տեսողությունը լավ չէ կամ սովորելու հետ կապված խնդիր ունի։
Որքան մեծ լինի քո մասնակցությունը երեխայի հոգևոր դաստիարակության և կրթության հարցում, այնքան հավանականությունը մեծ կլինի, որ նա հաջողության կհասնի (Սաղմոս 127։4, 5)։
«Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք երեխաս պատրաստ է առանձին ապրելու»։
Սերենան, որի խոսքերը մեջբերվել էին 7-րդ գլխում, վախենում է առանձին ապրելուց։ Ինչո՞ւ։ Նա նշում է պատճառներից մեկը. «Անգամ երբ ուզում եմ ինչ-որ բան գնել իմ փողերով, հայրս չի թողնում։ Նա ասում է, որ դա իր գործն է։ Դրա համար այն միտքը, որ պետք է ինքս վճարեմ վարձերը, արդեն վախեցնող է»։ Սերենայի հայրը, անկասկած, լավ միտումներ ունի, բայց ի՞նչ ես կարծում, նա օգնո՞ւմ է իր աղջկան պատրաստ լինել առանձին ապրելու և տնտեսվար լինելու (Առակներ 31։10, 18, 27)։
Երեխաներիդ չափից շա՞տ ես պաշտպանում և այդպիսով թույլ չե՞ս տալիս, որ պատրաստված լինեն ինքնուրույն կյանքին։ Ինչպե՞ս իմանալ։ Նկատի առ հետևյալ չորս հմտությունները, որոնց մասին խոսվել է 7-րդ գլխի՝ «Պատրա՞ստ եմ» ենթավերնագրի տակ, և այժմ քննիր այդ տեղեկությունը ծնողի տեսանկյունից։
Ինչպես տնօրինել փողը։ Երեխաներդ գիտե՞ն հարկագիր լրացնելու ձևը կամ ինչ պետք է անեն, որ ենթարկվեն տեղի հարկային օրենքներին (Հռոմեացիներ 13։7)։ Գիտե՞ն վարկաքարտ օգտագործելու ձևը (Առակներ 22։7)։ Կարո՞ղ են իրենց եկամտից բյուջե կազմել և իրենց միջոցներով ապրել (Ղուկաս 14։28–30)։ Զգացե՞լ են այն ուրախությունը, որը գալիս է վաստակած գումարով որևէ բան գնելուց։ Իսկ ավելի մեծ ուրախություն ստանո՞ւմ են տալուց, երբ իրենց ժամանակը կամ միջոցները տրամադրում են ուրիշներին օգնելու համար (Գործեր 20։35)։
Ինչպես կազմակերպել տան գործերը։ Աղջիկդ և տղադ կարո՞ղ են կերակուր պատրաստել։ Սովորեցրե՞լ ես նրանց լվանալ շորերը և արդուկել դրանք։ Եթե մեքենա են վարում, կարո՞ղ են ամենահասարակ բաների մասին հոգ տանել, օրինակ՝ փոխել յուղը կամ անիվները։
Ինչպես լեզու գտնել ուրիշների հետ։ Երբ երեխաներդ տարաձայնություններ են ունենում, դու միշտ հանդես ես գալիս որպես դատավո՞ր՝ վերջնական լուծում տալով, թե՞ նրանց այնպես ես դաստիարակել, որ խնդիրները խաղաղությամբ հարթեն և հետո քեզ ասեն այդ մասին (Մատթեոս 5։23–25)։
Ինչպես հետևել հոգևոր գործունեության գրաֆիկին։ Ասո՞ւմ ես երեխաներիդ, թե ինչի պետք է հավատան, թե՞ համոզիչ փաստարկներ ես բերում (2 Տիմոթեոս 3։14, 15)։ Սովորեցնո՞ւմ ես նրանց «խորհելու կարողություն» զարգացնել, թե՞ միշտ պատասխանում ես կրոնին և բարոյականությանը վերաբերող նրանց հարցերին (Առակներ 1։4)։ Ուզում ես, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու հարցում նրանք հետևեն քո՞ օրինակին, թե՞ ավելին անեն այդ հարցումc։
Ինչ խոսք, ժամանակ ու ջանքեր են պահանջվում նշված բնագավառներում երեխաներիդ կրթելու համար։ Բայց վարձատրությունն այնքան մեծ է, որ արժե կրթել նրանց։ Հատկապես կվարձատրվես այն ժամանակ, երբ գա իրարից բաժանվելու հուզիչ պահը։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 7
ՍԵՔՍ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Պե՞տք է արդյոք երեխայիս հետ խոսեմ սեքսի մասին»։
Սեքսի մասին երեխաները շատ վաղ տարիքից են տեղեկություններ ստանում։ Աստվածաշնչում դեռ վաղուց կանխագուշակվել էր, որ «վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու», իսկ մարդիկ լինելու են «ինքնատիրապետում չունեցող» և «ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1, 3, 4)։ Այն, որ այսօր մեծ տարածում է գտել պատահական սեքսը, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս մարգարեությունը իրոք կատարվում է։
Այսօրվա աշխարհը նման չէ ձեր ապրած ժամանակներին։ Սակայն ինչ-որ առումով խնդիրները նույնն են։ Ուստի չափից շատ մի՛ մտահոգվիր կամ մի՛ վախեցիր, որ երեխաներդ գտնվում են վատ միջավայրում։ Հակառակը՝ վճռիր օգնել նրանց հետևելու Պողոս առաքյալի խորհրդին, որը նա տվեց մոտ 2000 տարի առաջ. «Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6։11)։ Փաստն այն է, որ շատ երիտասարդ քրիստոնյաներ, չնայած բացասական ազդեցություններին, մեծ պայքար են մղում, որ անեն այն, ինչ ճիշտ է։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ այս հարցում։
Կերպերից մեկը քննարկում անելն է՝ օգտվելով այս գրքի 4-րդ բաժնից և 2-րդ հատորի 1-ին և 7-րդ բաժիններից։ Այդ գլուխներում մտածելու տեղիք տվող աստվածաշնչային համարներ կան մեջբերված։ Որոշ համարներում բերված են և՛ այն մարդկանց օրինակները, ովքեր ճիշտ են վարվել և դրա համար էլ օրհնություններ են հնձել, և՛ նրանց օրինակները, ովքեր անտեսել են Աստծու օրենքները ու ցավալի հետևանքներ են կրել։ Ուրիշ համարներ էլ պարունակում են սկզբունքներ, որոնք կարող են օգնել երեխաներիդ հասկանալու, թե ինչ մեծ առանձնաշնորհում է, որ իրենք և դուք ապրում եք Աստծու օրենքներով։ Հնարավորինս շուտ քննարկիր այդ նյութերը երեխաներիդ հետ։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 23, 25, 32 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 4–6, 28, 29
«Պե՞տք է արդյոք թույլ տամ երեխայիս ընկերություն անել»։
Վաղ թե ուշ երեխաներդ պետք է կանգնեն այս հարցի առաջ։ Ֆիլիպը ասում է. «Ես բան էլ չեմ անում։ Աղջիկները ընկնում են հետևիցս, ու ես մտածում եմ՝ հիմա ի՞նչ պետք է անեմ։ Դժվար է մերժել, քանի որ նրանցից մի քանիսը շատ գեղեցիկ են»։
Ամենալավ միջոցը, որ կարող ես անել, երեխաներիդ հետ այդ թեմայի շուրջ խոսելն է։ Օգտվիր «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորից, գլուխ 1-ին։ Պարզիր, թե ինչ է զգում տղադ կամ աղջիկդ, երբ դպրոցում, անգամ ժողովում այդպիսի դժվարություններ է ունենում։ Նման հարցերի շուրջ հաճախ կարելի է խոսել ոչ պաշտոնական իրավիճակներում, օրինակ՝ «երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով» (2 Օրենք 6։6, 7)։ Անկախ ամեն ինչից՝ հիշիր, որ պետք է «արագ լինես լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։
Եթե աղջիկդ կամ տղադ հետաքրքրություն է դրսևորում հակառակ սեռի անհատի հանդեպ, խուճապի մեջ մի՛ ընկիր։ Մի պատանի աղջիկ ասում է. «Երբ հայրս իմացավ, որ ընկեր ունեմ, շատ անհանգստացավ։ Նա փորձեց ինձ հարցերով վախեցնել, որ ցույց տա, թե պատրաստ չեմ ամուսնության։ Նման մոտեցումը մղում է քեզ ավելի երկարացնելու ընկերությունը և ապացուցելու ծնողներիդ, որ նրանք սխալ են»։
Եթե երեխադ գիտի, որ դու չես ուզում խոսել այդ թեմայի մասին, շատ աղետալի բան կարող է պատահել. նա կարող է գաղտնի ընկերություն անել։ Մի աղջիկ ասում է. «Երբ ծնողները բուռն են արձագանքում, երեխաները ավելի շատ են ուզում ծածուկ պահել իրենց ընկերությունը։ Նրանք չեն դադարեցնում այն, այլ ավելի շատ են թաքուն բաներ անում»։
Դու արդյունքի կհասնես, եթե անկեղծ քննարկումներ անես երեխաներիդ հետ։ 20-ամյա Բրիտանին ասում է. «Ծնողներս միշտ ազատ խոսել են ինձ հետ ընկերություն անելու մասին։ Նրանց համար կարևոր է, թե ես ումով եմ հետաքրքրված։ Կարծում եմ՝ դա լավ է։ Հայրս խոսում է այդ անձնավորության հետ։ Եթե ինչ-որ բան անհանգստացնում է նրան, ասում է ինձ։ Սովորաբար նախքան ընկերություն սկսելը գալիս եմ այն եզրակացության, որ չեմ ուզում հանդիպել այդ տղայի հետ»։
2-րդ հատորի 2-րդ գլուխը կարդալուց հետո գուցե մտածես. «Արդյոք տղաս կամ աղջիկս թաքուն ընկերություն կանի՞»։ Նկատի առ մի քանի պատանիների խոսքերը այն մասին, թե ինչու են ոմանք գաղտնի ընկերություն անում, և հետո մտածիր ստորև բերված հարցերի շուրջ։
«Որոշ պատանիներ ընտանիքում ջերմություն չեն ստանում, դրա համար էլ ուզում են ընկեր կամ ընկերուհի ունենալ» (Վենդի)։
Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ ճիշտ կերպով հոգ եմ տանում երեխայիս էմոցիոնալ կարիքների մասին։ Այս հարցում բարելավումներ անելու կարիք կա՞։ Եթե այո, ապա ինչպիսի։
«Երբ 14 տարեկան էի, մի տղա առաջարկեց ինձ ընկերություն անել։ Ես համաձայնվեցի։ Մտածում էի՝ լավ կզգամ ինձ, երբ մի տղա ձեռքը գցի ուսիս» (Դայանա)։
Եթե Դայանան իմ աղջիկը լիներ, ինչպե՞ս կվարվեի այս պարագայում։
«Բջջային հեռախոսները հեշտացնում են թաքուն ընկերություն անելը։ Ծնողները ոչ մի բան էլ չեն իմանում» (Անետ)։
Ի՞նչ քայլեր կարող եմ ձեռնարկել այս առնչությամբ։
«Թաքուն ընկերություն անելը շատ ավելի հեշտ է, քանի որ ծնողները չեն հետևում, թե ինչ են անում իրենց երեխաները և ում հետ» (Թոմաս)։
Կարո՞ղ եմ մտնել երեխայիս ներաշխարհ և միևնույն ժամանակ ազատություն տալ նրան։
«Հաճախ ծնողները երեխաներին տանը մենակ են թողնում կամ չափից շատ են վստահում՝ թույլ տալով, որ ուրիշների հետ տեղ գնան» (Նիկոլաս)։
Երեխաս ո՞ւմ հետ է մտերիմ։ Գիտե՞մ, թե ինչ են նրանք անում, երբ միասին են լինում։
«Երբ ծնողները չափից շատ խիստ են, երեխաները կարող են գաղտնի ընկերություն անել» (Փոլ)։
Առանց Աստվածաշնչի օրենքներն ու սկզբունքները ոտնահարելու՝ ինչպե՞ս կարող եմ իմ «խոհեմությունը հայտնի» դարձնել (Փիլիպպեցիներ 4։5)։
«Երբ փոքր էի, անարժեքության զգացումով էի տառապում և շատ էի ուզում, որ ինձ ուշադրություն դարձնեն։ Սկսեցի էլեկտրոնային փոստով նամակներ գրել հարևան ժողովից մի տղայի ու սիրահարվեցի։ Նա առանձնահատուկ ուշադրության էր արժանացնում ինձ» (Լինդա)։
Ի՞նչ կարելի էր անել, որ Լինդայի կարիքները բավարարվեին ընտանիքում։
Տղայիդ կամ աղջկադ հետ կարող ես քննարկել 2-րդ հատորի 2-րդ գլուխը, ինչպես նաև հավելվածի այս բաժինը։ Գաղտնի հանդիպումները կանխելու լավագույն միջոցը սրտանց և անկեղծ հաղորդակցությունն է (Առակներ 20։5)։
ՏԵ՛Ս 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 1–3
ԶԳԱՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
«Ինչպե՞ս պետք է արձագանքեմ, եթե երեխաս խոսի ինքնասպանության մասին»։
Ցավոք, որոշ երկրներում պատանիների շրջանում ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել։ Միացյալ Նահանգներում 15–25 տարեկան երեխաների շրջանում մահվան դեպքերի երրորդ պատճառը ինքնասպանությունն է։ Իսկ վերջին քսան տարիների ընթացքում նկատվել է, որ 10–14 տարեկան երեխաների շրջանում կրկնապատկվել է ինքնասպանություն գործողների թիվը։ Ավելի շատ այն պատանիներն են ինքնասպանություն գործում, ովքեր մտային խանգարում ունեն, ում ցեղի մեջ ինքնասպանության դեպքեր եղել են և ովքեր անցյալում ինքնասպանության փորձ են կատարել։ Նախանշաններն են՝
● ընտանիքից և ընկերներից մեկուսացում
● ուտելու և քնելու սովորությունների փոփոխություն
● անտարբերություն սիրած գործերի հանդեպ
● նկատելի փոփոխություններ բնավորության մեջ
● թմրանյութերի օգտագործում և ալկոհոլի չարաշահում
● արժեքավոր իրերից ձերբազատում
● մահվան մասին զրույցներ կամ նման թեմաների հանդեպ ուժեղ հետաքրքրություն
Եթե անտեսես այս նախանշանները, շատ մեծ սխալ թույլ տված կլինես։ Լրջորեն վերաբերվիր բոլոր նշաններին։ Մի՛ մտածիր, որ երեխադ պարզապես անցումային շրջանում է։
Բացի այդ, ամոթ չէ օգնության դիմել, եթե երեխադ տառապում է դեպրեսիայով կամ մտային խանգարում ունի։ Ի վերջո, կարող ես հարցեր տալ նրան, եթե զգում ես, որ կյանքին վերջ տալու մտադրություն ունի։ Այն կարծիքը, թե երեխան ավելի շատ հակված կլինի ինքնասպանություն գործելու, եթե նրա հետ զրուցես այդ մասին, սխալ է։ Շատ պատանիներ խոսում են այդ մասին, երբ ծնողներն են նախաձեռնություն վերցնում։ Եթե երեխադ նման մտքեր ունի, իմացիր, թե արդյոք արդեն պլան է կազմել, և եթե այո, ապա որքա՞ն մանրակրկիտ է պլանավորել, քանի որ հավանականությունը մեծ է, որ արագ գործի կանցնի։ Դու պետք է անմիջապես միջամտես։
Մի՛ եզրակացրու, որ դեպրեսիան ինքնաբերաբար կանցնի։ Իսկ եթե թվում է՝ թե անցել է, մի՛ մտածիր, թե խնդիրը լուծված է։ Ընդհակառակը՝ դա կարող է շատ վտանգավոր նշան լինել։ Ինչո՞ւ։ Որովհետև քանի դեռ պատանին խոր դեպրեսիայի մեջ է, նա այնքան ուժ չունի, որ իր մտադրությունն իրագործի։ Բայց երբ բացասական զգացումներն անցնեն, նա կվերականգնի իր ուժերը և գուցե դիմի այդ քայլին։
Իրականում, ողբերգական է, որ վհատության արդյունքում որոշ պատանիներ որոշում են վերջ տալ իրենց կյանքին։ Հաշվի առնելով նախանշանները և արձագանքելով՝ ծնողները և ուրիշ չափահաս մարդիկ «կսփոփեն վհատված հոգիներին» և «ապաստան» կլինեն նրանց համար (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 13, 14 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 26
«Պե՞տք է արդյոք թաքցնեմ իմ վիշտը երեխաներիցս»։
Կողակից կորցնելը իրոք մեծ ցավ է։ Այդուհանդերձ, չպետք է մոռանաս, որ երեխադ քո օգնության կարիքն ունի։ Ինչպե՞ս կարող ես նրան օգնել հաղթահարելու իր վիշտը և միևնույն ժամանակ չանտեսել քո կարիքները։ Փորձիր հետևյալը։
● Մի՛ թաքցրու զգացմունքներդ։ Երեխադ շատ արժեքավոր բաներ է սովորել՝ հետևելով քո օրինակին։ Հետևաբար այս հարցում նույնպես քեզ կհետևի։ Այդ պատճառով մի՛ մտածիր, թե դու պետք է ցույց տաս, որ ուժեղ ես՝ երեխայից թաքցնելով դառնացած զգացմունքներդ։ Այդպես նրան էլ կդրդես նույն կերպ վարվելու։ Իսկ երբ արտահայտում ես ցավդ, նա հասկանում է, որ նորմալ է տխրել, վշտանալ, նույնիսկ բարկանալ և որ հաճախ ավելի լավ է արտահայտել զգացմունքները, քան թաքցնել դրանք։
● Քաջալերիր երեխայիդ խոսել։ Առանց ճնշում բանեցնելու՝ հորդորիր երեխայիդ ասել իր սրտում եղածը։ Եթե նա չի ուզում, կարող ես նրա հետ քննարկել այս հատորի 16-րդ գլուխը։ Բացի այդ, միասին մտաբերեք մահացած կողակցիդ հետ կապված լավ հուշերը։ Ընդունիր, որ քեզ համար շատ դժվար է մենակ շարունակել ապրել։ Երբ երեխադ լսի, որ դու արտահայտում ես զգացմունքներդ, ինքն էլ նույն ձևով կվարվի։
● Ընդունիր, որ սահմանափակ հնարավորություններ ունես։ Բնական է, որ ուզում ես այդ դժվարին պահերին երեխայիդ համար կատարյալ աջակից լինել։ Սակայն հիշիր, որ դու իրոք մեծ սթրես ես տանում կողակցիդ կորցնելու պատճառով։ Հետևաբար էմոցիոնալ, մտային և ֆիզիկական առումով ուժերդ սպառվել են (Առակներ 24։10)։ Այդ դեպքում գուցե հարմար լինի, որ ընտանիքի անդամներից կամ հասուն ընկերներից մեկի օգնությանը դիմես։ Օգնություն խնդրելը հասունության նշան է։ Առակներ 11։2-ում գրված է. «Իմաստությունը համեստների հետ է»։
Ամենամեծ օգնության աղբյուրը Եհովա Աստված է, որը իր ծառաներին հետևյալ խոստումն է տվել. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13)։
«Ինչպե՞ս օգնեմ աղջկաս հավասարակշռված տեսակետ ունենալու դիետայի վերաբերյալ»։
Ի՞նչ կարող ես անել, եթե աղջիկդ ուտելու հետ կապված խնդիրներ ունիd։ Նախ փորձիր հասկանալ պատճառը։
Նկատվել է, որ նրանք, ովքեր նման խանգարումներ ունեն, թերարժեքության զգացումով են տառապում, ամեն ինչում կատարելության ձգտող մարդ են և իրենցից շատ մեծ ակնկալիքներ ունեն։ Համոզվիր, որ ինքդ չես նպաստում, որ աղջիկդ այդպիսի հատկություններ ձևավորի իր մեջ։ Կերտիր նրան (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։
Բացի այդ, ինքնաքննություն արա և տես, թե դու ինչ վերաբերմունք ունես սննդի և քաշի վերաբերյալ։ Գուցե քո խոսքերով կամ օրինակով ոչ միտումնավոր կերպով շատ մեծ շեշտ ես դնում այդպիսի բաների վրա։ Մի՛ մոռացիր նաև, որ պատանիները հակված են չափից շատ ուշադրություն դարձնելու արտաքինի վրա։ Անգամ եթե կատակում ես «երեխայական գիրության» կամ կտրուկ հասունացման շուրջ, կարող ես անհանգստության առիթ տալ առանց այն էլ շուտ տպավորվող երեխայիդ։
Այս հարցի մասին աղոթելուց հետո անկեղծ զրուցիր աղջկադ հետ։ Փորձիր հետևյալը։
● Նախապես մտածիր, թե ինչ ասես և երբ։
● Հստակ ասա, որ մտահոգված ես և ուզում ես օգնել նրան։
● Մի՛ զարմացիր, եթե անմիջապես սկսի պաշտպանել իրեն։
● Համբերատարությամբ լսիր նրան։
Ամենակարևորը, ակտիվորեն օգնիր աղջկադ հաղթահարելու այդ խանգարումը։ Ընտանիքով ջանքեր թափեք, որ օգնեք նրան հաղթահարելու այդ խնդիրը։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 10 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 7
ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴ
«Ինչպե՞ս երեխաներիս հոգևոր արժեքներ փոխանցեմ, մինչ նրանք մեծանում են»։
Աստվածաշնչում կարդում ենք, որ Տիմոթեոսը «վաղ մանկությունից» էր հոգևոր կրթություն ստացել, և դու նույնպես հավանաբար այդպես ես մեծացնում երեխաներիդ (2 Տիմոթեոս 3։15)։ Սակայն երբ երեխաներդ մտնեն պատանեկության շրջան, նրանց թերևս կրթելու քո մեթոդները փոխելու անհրաժեշտություն առաջանա։ Նրանք արդեն սկսում են հասկանալ բարդ բաներ, որոնք գուցե չէին հասկանում, երբ փոքր էին։ Այժմ ավելի քան երբևէ պետք է օգնես նրանց օգտագործելու իրենց «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1)։
Տիմոթեոսին գրելիս Պողոսը նշեց այն բաները, որոնք նա «սովորել էր և որոնցում հաստատ համոզվել էր» (2 Տիմոթեոս 3։14)։ Այժմ գուցե կարիք կա, որ երեխաներդ էլ «հաստատ համոզվեն», որ աստվածաշնչային ճշմարտությունները, որոնք սովորեցրել ես նրանց մանկուց, ճշմարիտ են։ Նրանց սրտին հասնելու համար պետք է ավելին անել, ոչ թե միայն ասել, թե ինչ անեն և ինչին հավատան։ Նրանք անձամբ պետք է համոզվեն։ Ի՞նչ կարող ես անել։ Օգնիր տրամաբանելու և խոսիր ստորև բերված հարցերի մասին։
● Ի՞նչն է համոզում ինձ, որ Աստված գոյություն ունի (Հռոմեացիներ 1։20)։
● Որտեղի՞ց գիտեմ, որ ծնողներիս սովորեցրած բաները ճշմարիտ են (Գործեր 17։11)։
● Ի՞նչն է համոզում ինձ, որ Աստվածաշնչի չափանիշները իմ օգտին են ծառայում (Եսայիա 48։17, 18)։
● Որտեղի՞ց գիտեմ, որ աստվածաշնչային մարգարեությունները կկատարվեն (Հեսու 23։14)։
● Ի՞նչն է համոզում ինձ, որ այս աշխարհում ոչ մի բան չես կարող համեմատել «Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի» հետ (Փիլիպպեցիներ 3։8)։
● Քրիստոսի քավիչ զոհը ի՞նչ է նշանակում ինձ համար (2 Կորնթացիներ 5։14, 15; Գաղատացիներ 2։20)։
Գուցե չուզենաս նման հարցեր տալ երեխաներիդ՝ վախենալով, որ չեն կարողանա պատասխանել դրանց։ Բայց դա նման կլինի այն բանին, որ չուզենաս նայել վառելիքի ցուցիչին՝ վախենալով, որ կտեսնես՝ բաքը դատարկ է։ Սակայն ավելի լավ է իմանաս, որ կարողանաս մի բան ձեռնարկել։ Ուստի քանի դեռ երեխաներդ քեզ հետ են ապրում, օգնիր նրանց քննելու հավատի հետ կապված հարցերը ու «հաստատ համոզվելու»e։
Հիշի՛ր, ոչ մի սխալ բան չկա, եթե երեխադ հարցնի. «Ի՞նչ հիմքեր ունեմ հավատալու»։ 22-ամյա Դայանան հիշում է, որ պատանեկան տարիներին ինքն էլ է այսպիսի հարցեր տվել։ Նա ասում է. «Ես չէի ուզում կասկածներ ունենալ իմ համոզմունքների վերաբերյալ։ Հստակ և հիմնավոր պատասխանների օգնությամբ հասկացա, որ ինձ դուր է գալիս Եհովայի վկա լինելը։ Երբ հարցնում էին, թե ինչու այսինչ բանը չեմ անում, ես ոչ թե պատասխանում էի՝ դա դեմ է իմ կրոնին, այլ ասում էի՝ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Այսինքն՝ Աստվածաշնչի տեսակետը իմ տեսակետն էի դարձրել»։
Առաջարկ։ Որպեսզի օգնես պատանուն օգտագործելու իր բանականությունը, առաջարկիր նրան ստանձնել ծնողի դերը, երբ խնդիրներ են առաջանում։ Ենթադրենք՝ աղջիկդ թույլտվություն է խնդրում մասնակցելու որևէ հավաքույթի, որին ներկա լինելը դու (հավանաբար նաև նա) կարծում ես, որ տեղին չի լինի։ «Ոչ» ասելու փոխարեն՝ կարող ես ասել. «Ես շատ կուզեի, որ քեզ իմ տեղը պատկերացնես։ Մտածիր այն հավաքույթի մասին, որին ուզում ես ներկա լինել, փնտրտուքներ արա (կարդա այս գրքի 37-րդ գլուխը կամ 2-րդ հատորի 32-րդ գլուխը) և վաղը ինձ հետ խոսիր։ Ես քո դերը կխաղամ և քեզնից թույլտվություն կխնդրեմ այդ հավաքույթին մասնակցելու համար, իսկ դու՝ որպես ծնող, կասես, թե արդյոք արժե գնալ այնտեղ»։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 38 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 34–36
«Երեխաս անտարբեր է դարձել հոգևոր բաների հանդեպ։ Ի՞նչ անել»։
Նախ շտապ մի՛ եզրակացրու, որ երեխադ մերժում է քո կրոնը։ Հաճախ ուրիշ բան է դրա հետևում թաքնված լինում։ Գուցե նա
● ենթարկվում է հասակակիցների ճնշմանը և չի ուզում աստվածաշնչային սկզբունքները պահելու պատճառով տարբերվել ուրիշներից
● տեսնում է, որ ուրիշ պատանիներ (անգամ իր քույրը կամ եղբայրը) ապրում են քրիստոնեական չափանիշներով, և մտածում է, որ ինքը չի կարող նրանց պես լինել
● ուզում է ընկերներ գտնել, բայց իրեն մենակ է զգում հավատակիցների մեջ կամ իր տեղը ժողովում չի գտնում
● տեսնում է, որ մյուս «քրիստոնյա» պատանիները երկակի կյանքով են ապրում
● ուզում է ինքնահաստատվել և արդյունքում քեզ համար թանկ արժեքները կասկածի է ենթարկում
● տեսնում է, որ դասընկերները սխալ բաներ են անում, և մտածում է, թե նրանց արարքները վատ հետևանքներ չեն ունենում
● փորձում է արժանանալ ոչ Վկա ծնողի հավանությանը
Ինչ խոսք, այսպիսի հարցերը այդքան էլ չեն վերաբերում քո հավատի սկզբունքներին։ Դրանք ավելի շատ վերաբերում են այն հանգամանքներին, որոնց պատճառով դժվար է հավատ դրսևորել, համենայն դեպս այս պահին։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որ օգնես երեխայիդ։
Զիջիր՝ առանց փոխզիջումների գնալու։ Փորձիր հասկանալ, թե ինչու է երեխադ վհատվում, և փոփոխություններ արա, որ նա այնպիսի միջավայրում լինի, որը կնպաստի նրա հոգևոր աճին (Առակներ 16։20)։ Օրինակ՝ 2-րդ հատորի 132-րդ և 133-րդ էջերում գտնվող «Ինչ կանեմ, երբ ինձ ճնշեն» շրջանակը կարող է օգնել երեխային չվախենալու հասակակիցների ճնշումից։ Իսկ եթե երեխադ իրեն մենակ է զգում, օգնիր նրան լավ ընկերներ գտնելու։
Գտիր վստահելի օգնականի։ Երբեմն երեխաներին կարող է օգնել որևէ հասուն անձնավորություն, որը ընտանիքի անդամ չէ։ Ճանաչո՞ւմ ես մեկին, ով կարող է հոգևորապես օգնել երեխայիդ։ Այնպես արա, որ նա որոշ ժամանակ անցկացնի նրա հետ։ Այդպիսով դու քո պատասխանատվությունները ուրիշի վրա չես գցում։ Հիշիր Տիմոթեոսին։ Նա մեծ օգուտներ ստացավ Պողոս առաքյալի օրինակից, իսկ վերջինս էլ մեծ օգուտներ ստացավ Տիմոթեոսի հետ համագործակցելուց (Փիլիպպեցիներ 2։20, 22)։
Քանի դեռ երեխադ քեզ հետ է ապրում, դու իրավունք ունես պահանջելու, որ նա մասնակցի հոգևոր գործունեությանը։ Սակայն քո նպատակը պետք է լինի նրա մեջ Աստծու հանդեպ սեր սերմանելը և ոչ թե նրան մեխանիկորեն ինչ-որ բաներ անելու դրդելը։ Որպեսզի երեխայիդ օգնես գտնելու ճշմարիտ կրոնը, լավ օրինակ թող նրա համար։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր։ Ձգտիր այնպես անել, որ երեխադ լավ օրինակ ունենա, և օրինակելի ընկերներ գտիր նրա համար։ Եվ գուցե գա մի օր, երբ երեխադ կասի այն խոսքերը, որ ասաց սաղմոսերգուն. «Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը» (Սաղմոս 18։2)։
ՏԵ՛Ս 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽ 39 ԵՎ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ, ԳԼՈՒԽՆԵՐ 37, 38
[ծանոթագրություններ]
a Միևնույն ժամանակ, պետք չէ մեղավորության զգացում առաջացնել երեխայի մեջ, որ նա մղվի ինչ-որ բան անելու։
b Երեխադ, ամենայն հավանականությամբ, իր արտաքինին մեծ ուշադրություն է դարձնում։ Ուստի զգույշ եղիր, որ ակնարկներ չանես նրա մարմնի թերությունների մասին։
c Տե՛ս 315–318-րդ էջերը։
d Թեև խոսվում է աղջիկների մասին, սակայն սկզբունքները վերաբերում են նաև տղաներին։
e 2-րդ հատորի 36-րդ գլուխը կօգնի պատանիներին օգտագործելու իրենց բանականությունը և համոզվելու, որ Աստված գոյություն ունի։