Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • od գլ. 1 էջ 6–11
  • Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՍԸ
  • ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ԸՆԹԱՆՈՒՄ
  • Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր
    2013 Դիտարան
  • Ապահով եղեք Աստծո կազմակերպության մեջ
    1998 Դիտարան
  • «Ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Համաքա՞յլ ես ընթանում Եհովայի կազմակերպության հետ
    2014 Դիտարան
Ավելին
Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
od գլ. 1 էջ 6–11

ԳԼՈՒԽ 1

Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը

ԱՄԲՈՂՋ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ կրոնական, քաղաքական, առևտրային ու հասարակական կազմակերպություններ, որոնք ունեն տարբեր առանձնահատկություններ և նպատակներ։ Այդ կազմակերպությունները առաջնորդվում են մարդկային տեսակետներով ու փիլիսոփայական գաղափարախոսություններով։ Սակայն կա մի կազմակերպություն, որը մեծապես տարբերվում է մյուս բոլոր կազմակերպություններից։ Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ դա Եհովայի վկաների կազմակերպությունն է։

2 Մենք շատ ուրախ ենք, որ դու Եհովայի կազմակերպության մի մասն ես կազմում։ Համոզվելով, թե որն է Աստծու կամքը՝ դու կատարում ես այն (Սաղ. 143։10; Հռոմ. 12։2)։ Դու ակտիվորեն ծառայում ես Աստծուն համաշխարհային, սիրառատ եղբայրության հետ (2 Կորնթ. 6։4; 1 Պետ. 2։17; 5։9)։ Եվ ինչպես խոստացել էր Աստծու Խոսքը, այդ ծառայությունը քեզ առատ օրհնություններ է բերում ու անսահման երջանկություն պարգևում (Առակ. 10։22; Մարկ. 10։30)։ Հավատարմորեն կատարելով Եհովայի կամքը՝ դու նախապատրաստում ես քո անձը հավերժական, փառահեղ ապագայի համար (1 Տիմոթ. 6։18, 19; 1 Հովհ. 2։17)։

3 Մեր Մեծ Արարիչը մի անզուգական համաշխարհային աստվածապետական կազմակերպություն ունի։ Այն աստվածապետական է, քանի որ ղեկավարվում է Եհովայի կողմից, իսկ նա ամեն ինչի Գլուխն է։ Մենք լիովին վստահում ենք նրան։ Նա մեր Դատավորն է, Օրենսդիրը և հավիտենական Թագավորը (Ես. 33։22)։ Լինելով կարգուկանոնի Աստված՝ Եհովան մեզ համար միջոցներ է ձեռնարկել, որպեսզի կարողանանք «համագործակցել նրա հետ» հանուն իր նպատակի իրագործման (2 Կորնթ. 6։1, 2)։

4 Մինչ ավելի ու ավելի է մոտենում այս աշխարհի վախճանը, մենք անձնվիրաբար ու հնազանդորեն առաջ ենք ընթանում մեր Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ (Ես. 55։4; Հայտն. 6։2; 11։15)։ Հիսուսը կանխագուշակեց, որ իր հետևորդները ավելի մեծ գործեր էին անելու, քան ինքը կատարեց իր երկրային ծառայության ընթացքում (Հովհ. 14։12)։ Պատճառը լինելու էր այն, որ Հիսուսի հետևորդները ավելի շատ ժամանակ էին ունենալու իրենց գործը կատարելու համար, և նրանց թիվը մեծանալու էր, ուստի նրանք քարոզելու էին ավելի հեռավոր տարածքներում։ Նրանք հռչակելու էին Թագավորության բարի լուրը մինչև աշխարհի ծայրերը (Մատթ. 24։14; 28։19, 20; Գործ. 1։8)։

5 Այս ամենն արդեն իրականություն է։ Բայց ինչպես Հիսուսը հստակ ասաց, բարի լուրի հռչակման գործը կավարտվի Եհովայի նշանակած ժամանակին։ Եհովա Աստծու մարգարեական Խոսքի բոլոր մանրամասները վկայում են, որ նրա մեծ ու ահեղ օրը մոտեցել է (Հովել 2։31; Սոփ. 1։14–18; 2։2, 3; 1 Պետ. 4։7)։

Մենք պետք է հրատապության զգացումով անենք այն, ինչ Աստված պահանջում է մեզանից։ Իսկ դա նշանակում է, որ պետք է իմանանք, թե ինչպես է գործում Աստծու կազմակերպությունը

6 Գիտակցելով, թե որն է Եհովայի կամքը վերջին օրերի վերջին ժամանակահատվածում՝ մենք պետք է հրատապության զգացումով անենք այն, ինչ նա պահանջում է մեզանից։ Իսկ դա նշանակում է, որ պետք է իմանանք, թե ինչպես է գործում Աստծու կազմակերպությունը և լիարժեքորեն համագործակցենք նրա հետ։ Կազմակերպության գործունեությունը հիմնված է Աստծու ներշնչյալ Խոսքում տեղ գտած սկզբունքների, այդ թվում նաև պատվիրանների, օրենքների, կանոնների և ուսմունքների վրա (Սաղ. 19։7–9)։

7 Հետևելով Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդությանը՝ Եհովայի բոլոր ծառաները ապրում և ծառայում են խաղաղության ու միասնության մեջ (Սաղ. 133։1; Ես. 60։17; Հռոմ. 14։19)։ Ի՞նչն է ամրապնդում համաշխարհային եղբայրության կապերը։ Սերը։ Մենք սեր ենք հագել, և սերն է մեր գլխավոր շարժառիթը (Հովհ. 13։34, 35; Կող. 3։14)։ Պահպանելով միասնություն՝ մենք Աստծու հավանությանն ենք արժանանում և Եհովայի կազմակերպության երկնային մասի հետ համաքայլ ենք ընթանում։

ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՍԸ

8 Եսայիա, Եզեկիել և Դանիել մարգարեներին տրվեցին տեսիլքներ, որոնցում նրանք տեսան Եհովայի կազմակերպության երկնային մասը (Ես., գլ. 6; Եզեկ., գլ. 1; Դան. 7։9, 10)։ Հովհաննես առաքյալը նույնպես տեսիլքում տեսավ այդ երկնային կառույցը և գրի առավ այդ տեսիլքը «Հայտնություն» գրքում, ինչի շնորհիվ էլ մենք հնարավորություն ունենք որոշակի պատկերացում կազմելու կազմակերպության երկնային մասի վերաբերյալ։ Հովհաննեսը տեսավ, որ Եհովան նստած է փառավոր գահի վրա և շրջապատված է ոգեղեն արարածներով, որոնք բացականչում են. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովա Աստված՝ Ամենակարողը, որ եղել է, կա և գալիս է» (Հայտն. 4։8)։ Բացի այդ, առաքյալը «գահի մոտ.... կանգնած մի գառ» տեսավ։ Դա Աստծու Գառն է՝ Հիսուս Քրիստոսը (Հայտն. 5։6, 13, 14; Հովհ. 1։29)։

9 Հովհաննեսի տեսիլքից երևում է, որ կազմակերպության երկնային մասի գլուխը Եհովան է՝ նստած իր գահին։ Եհովայի և նրա անհամեմատելի բարձր դիրքի մասին 1 Տարեգրություն 29։11, 12-ում ասվում է. «Քոնն է, ո՛վ Եհովա, մեծությունը, հզորությունը, գեղեցկությունը, վեհությունն ու արժանապատվությունը, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են։ Քոնն է թագավորությունը, ո՛վ Եհովա, և դու՝ իբրև գլուխ, բարձրացրել ես քեզ ամենի վրա։ Քեզանից է հարստությունն ու փառքը, և դու ես ամեն ինչի վրա տիրողը։ Քո ձեռքում է ուժն ու զորությունը, և քո ձեռքում է ամեն մեկին մեծացնելու և զորացնելու կարողությունը»։

10 Որպես Եհովայի համագործակից՝ Հիսուս Քրիստոսը բարձր դիրք և մեծ իշխանություն ունի երկնքում։ Այո՛, Աստված «ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն ինչի վրա ժողովի օգտի համար» (Եփես. 1։22)։ Պողոս առաքյալը Հիսուսի մասին հետևյալն ասաց. «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները և թե՛ գետնի տակ լինողները, և ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար» (Փիլիպ. 2։9–11)։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահել Հիսուս Քրիստոսի արդար առաջնորդությանը։

11 Դանիել մարգարեն տեսիլքում տեսավ Հինավուրցին՝ գահին նստած, ինչպես նաև հրեշտակների, որոնց թիվն էր «հազար հազարներ, [որ] ծառայում էին նրան, և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ» (Դան. 7։10)։ Աստվածաշունչը հրեշտակների այս երկնային զորքի մասին ասում է. «Մի՞թե նրանք բոլորը ոգիներ չեն ծառայության համար, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Այս բոլոր ոգեղեն արարածները Աստծու կազմակերպության մեջ տարբեր իշխանական դիրքեր են զբաղեցնում (Կող. 1։16)։

12 Երբ խորհում ենք Եհովայի կազմակերպության երկնային մասի առանձնահատկությունների շուրջ, հասկանում ենք, թե ինչու Եսայիան հետևյալ կերպ արձագանքեց, երբ տեսավ Եհովային՝ «նստած իր բարձր ու վեհ գահին», և սերովբեներին, որոնք կանգնած էին նրա վերևում։ Նա բացականչեց. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան հենց իրեն՝ Թագավորին՝ Զորքերի Տեր Եհովային»։ Եսայիան լցվեց երկյուղածությամբ և խոնարհեցրեց իր անձը, երբ հասկացավ, թե որքան մեծ է Եհովայի կազմակերպությունը։ Նա այնքան էր տպավորվել այդ տեսարանից, որ երբ Եհովայի դատաստաններն ազդարարելու հետ կապված երկնքից հատուկ առաջադրանք կատարելու կոչ արվեց, անմիջապես արձագանքեց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։1–5, 8)։

13 Ճանաչելով Եհովայի կազմակերպությունը և բարձր գնահատելով այն՝ Աստծու ներկայիս ծառաները նույն ձևով են արձագանքում։ Քանի որ կազմակերպությունը առաջ է գնում, մենք ջանում ենք համաքայլ ընթանալ նրա հետ։ Մենք ձգտում ենք ցույց տալ, որ վստահում ենք Եհովայի կազմակերպությանը։

ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ԸՆԹԱՆՈՒՄ

14 «Եզեկիել» գրքի 1-ին գլխում Եհովան պատկերվում է հսկայական երկնային կառք վարելիս։ Այս փառահեղ կառքը խորհրդանշում է Եհովայի կազմակերպության անտեսանելի մասը։ Եհովան կառքը վարում է այն իմաստով, որ սիրալիր կերպով ղեկավարում և օգտագործում է այն իր նպատակներին ներդաշնակ (Սաղ. 103։20)։

15 Կառքի անիվներից յուրաքանչյուրն իր մեջ ունի միևնույն տրամագծի մեկ ուրիշ անիվ. այս երկու անիվները խաչաձև դրված են իրար մեջ։ Միայն այս ձևով է, որ անիվները կարող են գնալ «չորս ուղղություններից մեկով» (Եզեկ. 1։17)։ Անիվները կարող են ակնթարթորեն փոխել ուղղությունը։ Բայցևայնպես, կառքը հսկողության տակ է։ Եհովան թույլ չի տալիս, որ իր կազմակերպությունը շարժվի ցանկացած ուղղությամբ։ Եզեկիել 1։20-ում ասվում է. «Ուր որ ոգին ուղղում էր նրանց, այնտեղ էլ գնում էին»։ Ուստի կազմակերպությունը առաջ է ընթանում այն ուղղությամբ, որով Եհովան առաջնորդում է իր սուրբ ոգով։ Այդ պատճառով մենք մեզ հետևյալ հարցը պետք է տանք. «Ես համաքայլ ընթանո՞ւմ եմ Աստծու կազմակերպության հետ»։

16 Եհովայի կազմակերպության հետ համաքայլ ընթանալը ժողովի հանդիպումներին հաճախելուց ու քարոզչական ծառայությանը մասնակցելուց ավելին է նշանակում։ Համաքայլ ընթանալ կազմակերպության հետ նշանակում է առաջադիմել ու հոգևորապես աճել։ Իսկ դա նշանակում է միշտ օգտվել հոգևոր սննդից և «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպ. 1։10; 4։8, 9; Հովհ. 17։3)։ Չպետք է նաև մոռանանք, որ կազմակերպությունն առհասարակ գործում է գործողությունների կոորդինացման և համագործակցության շնորհիվ։ Ուստի մենք պետք է գիտակցենք, որ շատ կարևոր է լավագույնս օգտագործել մեր ժամանակը, ուժերը, ունակությունները և միջոցները, որ Եհովան տվել է մեզ, որպեսզի կատարենք նրա հանձնարարած գործը։ Համաքայլ ընթանալով Եհովայի երկնային կառքի հետ՝ մենք ապրում ենք այն լուրի համաձայն, որը հռչակում ենք։

17 Եհովայի կազմակերպության օգնությամբ բոլորս առաջ ենք ընթանում՝ կատարելով Աստծու կամքը։ Հիշենք, որ այդ երկնային կառքը Եհովան է վարում։ Հետևաբար, այդ կառքի հետ համաքայլ ընթանալով՝ մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և ապավինում մեր «Վեմին» (Սաղ. 18։31)։ Աստվածաշունչը խոստանում է. «Եհովան զորություն կտա իր ժողովրդին։ Եհովան կօրհնի իր ժողովրդին խաղաղությամբ» (Սաղ. 29։11)։ Աստծու կազմակերպության մի մասը լինելով՝ նրանից ուժ ենք ստանում ու վայելում այն խաղաղությունը, որը Եհովան պարգևում է իր կազմակերպված ժողովրդին։ Այո՛, չկա ոչ մի կասկած, որ կվայելենք անվերջ օրհնություններ, եթե շարունակ կատարենք Եհովայի կամքը այժմ և հավիտյան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը