Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից
Բարի լուրի սիրելի՛ ծառայակիցներ
Ի՜նչ մեծ պատիվ է միասնաբար երկրպագել միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Մենք նրա «համագործակիցներն» ենք, և մեզ հանձնարարվել է սուրբ, նաև կյանքեր փրկող գործ՝ քարոզել և ուսուցանել հաստատված Թագավորության մասին բարի լուրը (1 Կորնթ. 3։9; Մատթ. 28։19, 20)։ Սակայն մենք պետք է կազմակերպված լինենք, որպեսզի խաղաղությամբ և միասնությամբ կատարենք համաշխարհային այս գործը (1 Կորնթ. 14։40)։
Այս գիրքն ընթերցելով՝ կհասկանաս, թե ինչպես է քրիստոնեական ժողովը գործում այսօր։ Գրքում խոսվում է նաև այն առանձնաշնորհումների ու պարտականությունների մասին, որ դու ունես որպես Եհովայի վկա։ Եթե գնահատում ես քո ունեցած առանձնաշնորհումները և կատարում ես քո պարտականությունները, «կհաստատվես հավատի մեջ» (Գործ. 16։4, 5; Գաղ. 6։5)։
Մենք հորդորում ենք քեզ մանրամասնորեն ուսումնասիրել այս գիրքը և քո կարդացածը կիրառել կյանքում։ Օրինակ՝ եթե վերջերս դարձել ես չմկրտված քարոզիչ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկես, որ մկրտվես ու դառնաս Եհովայի վկա։ Իսկ եթե մկրտված ես, ի՞նչ կարող ես անել հոգևորապես առաջադիմելու և ծառայությունդ ընդլայնելու համար (1 Տիմոթ. 4։15)։ Ինչպե՞ս կարող ես նպաստել ժողովի խաղաղությանը (2 Կորնթ. 13։11)։ Այս հարցերի պատասխանները կգտնես այս գրքում։
Եթե մկրտված եղբայր ես, ի՞նչ կարող ես անել, որ ծառայես որպես ծառայող օգնական, իսկ հետագայում որպես երեց։ Հազարավոր անհատներ միանում են Աստծու կազմակերպությանը, այդ պատճառով առաջնորդություն վերցնող եղբայրների մեծ կարիք կա։ Այս գիրքը կօգնի քեզ իմանալու, թե ինչպես կարող ես «ձգտել» նման հոգևոր նպատակների (1 Տիմոթ. 3։1)։
Մենք աղոթում ենք, որ այս գրքի օգնությամբ դու գտնես քո տեղը Եհովայի կազմակերպության մեջ և թանկ գնահատես այն։ Մենք շատ ենք սիրում ձեզ բոլորիդ և շարունակ աղոթում ենք, որ դու լինես նրանց թվում, ովքեր ամեն ժամանակ ցնծում են՝ մեր երկնային Հայր Եհովային երկրպագելով (Սաղ. 37։10, 11; Ես. 65։21–25)։
Քո եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին