ՀԱՐՑԵՐ ՄԿՐՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մաս 1։ Քրիստոնեական համոզմունքներ
Դու ճշմարտությանը ծանոթացել ես՝ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելով։ Այն, ինչ սովորել ես, անկասկած, օգնել է քեզ լավ փոխհարաբերություններ ունենալու Աստծու հետ, ինչպես նաև պարգևել է ապագայի հույս ու Աստծու Թագավորության ներքո դրախտ երկրի վրա օրհնություններ վայելելու հեռանկար։ Զորացել է քո հավատը Աստծու Խոսքի հանդեպ, և քրիստոնեական ժողովի հետ ընկերակցելու արդյունքում շատ օրհնություններ ես ստացել։ Դու հասկացել ես, թե ինչպես է Եհովան վարվում իր ժողովրդի հետ այսօր (Զաք. 8։23)։
Քանի որ այժմ պատրաստվում ես մկրտության, ժողովի երեցները քեզ հետ կքննարկեն հիմնական քրիստոնեական համոզմունքները, ինչը օգտակար կլինի քեզ համար (Եբր. 6։1–3)։ Թող որ Եհովան շարունակի օրհնել քո ջանքերը, որ թափում ես իր մասին գիտելիքներ ստանալու համար, և վարձատրի քեզ՝ տալով հավիտենական կյանք (Հովհ. 17։3)։
1. Ինչո՞ւ ես ցանկանում մկրտվել։
2. Ո՞վ է Եհովան։
• «Եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. ուրիշը չկա» (2 Օրենք 4։39)։
• «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղ. 83։18)։
3. Ինչո՞ւ է քեզ համար կարևոր գործածել Աստծու անձնանունը։
• «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»» (Մատթ. 6։9)։
• «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմ. 10։13)։
4. Որո՞նք են այն բառերից մի քանիսը, որոնցով Աստվածաշնչում նկարագրվում է Եհովան։
• «Եհովան՝ երկրի ծայրերի Արարիչը, Աստված է հավիտյան» (Ես. 40։28)։
• «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Մատթ. 6։9)։
• «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։
5. Ի՞նչ կարող ես տալ Եհովա Աստծուն։
• «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։
• «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Ղուկ. 4։8)։
6. Ինչո՞ւ ես ցանկանում նվիրված լինել Եհովային։
• «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ» (Առակ. 27։11)։
7. Ո՞ւմ ես աղոթում և ո՞ւմ անունով։
• «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից իմ [Հիսուսի] անունով, նա կտա ձեզ» (Հովհ. 16։23)։
8. Որո՞նք են այն բաներից մի քանիսը, որոնց մասին կարող ես աղոթել։
• «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր օրվա հացը և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից»» (Մատթ. 6։9–13)։
• «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։
9. Ինչո՞ւ գուցե Եհովան չլսի անհատի աղոթքը։
• «Այդ ժամանակ նրանք օգնության կկանչեն Եհովային, բայց նա չի պատասխանի։ Ի պատասխան նրանց չար գործերի» (Միք. 3։4)։
• «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին։ Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է» (1 Պետ. 3։12)։
10. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։
• «Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»» (Մատթ. 16։16)։
11. Ինչո՞ւ Հիսուսը երկիր եկավ։
• «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։
• «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։
12. Ինչպե՞ս կարող ես քո երախտագիտությունը ցույց տալ Հիսուսի զոհի հանդեպ։
• «Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։15)։
13. Ի՞նչ իշխանություն ունի Հիսուսը։
• «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթ. 28։18)։
• «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից» (Փիլիպ. 2։9)։
14. Հավատո՞ւմ ես, որ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Հիսուսի կողմից նշանակված «հավատարիմ և իմաստուն ծառան» է։
• «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։
15. Սուրբ ոգին անձնավորությո՞ւն է։
• «Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի»» (Ղուկ. 1։35)։
• «Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։
16. Ինչպե՞ս է Եհովան օգտագործել իր սուրբ ոգին։
• «Եհովայի խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի ոգով՝ նրա բոլոր զորքերը» (Սաղ. 33։6)։
• «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։
• «Սուրբ Գրքերի ոչ մի մարգարեություն ինչ-որ մեկի անձնական գաղափարների արդյունք չէ, որովհետև մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետ. 1։20, 21)։
17. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։
• «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դան. 2։44)։
18. Ի՞նչ օգուտներ կբերի քեզ Աստծու Թագավորությունը։
• «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտն. 21։4)։
19. Որտեղի՞ց գիտես, որ Թագավորությունը շուտով օրհնություններ կբերի։
• «Աշակերտները առանձին նրա մոտ եկան ու հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը»։ Հիսուսն էլ ասաց նրանց.... «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն։ Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»» (Մատթ. 24։3, 4, 7, 14)։
• «Իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթ. 3։1–5)։
20. Ինչպե՞ս ես ցույց տալիս, որ Թագավորությունը կարևոր է քեզ համար։
• «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել» (Մատթ. 6։33)։
• «Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի»» (Մատթ. 16։24)։
21. Ովքե՞ր են Սատանան և դևերը։
• «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից.... Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից» (Հովհ. 8։44)։
• «Ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտն. 12։9)։
22. Սատանան ինչո՞ւմ է մեղադրել Եհովային և նրան երկրպագողներին։
• «Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել։ Բայց պարտեզի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»»։ Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»» (Ծննդ. 3։2–5)։
• «Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Մորթի փոխարեն մորթ. մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն»» (Հոբ 2։4)։
23. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ Սատանայի մեղադրանքները սուտ են։
• «[Աստծուն] ծառայիր.... լիակատար սրտով» (1 Տար. 28։9)։
• «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5)։
24. Ինչո՞ւ են մարդիկ մահանում։
• «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմ. 5։12)։
25. Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները։
• «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժող. 9։5)։
26. Ի՞նչ հույս կա մահացածների համար։
• «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։
27. Քանի՞ հոգի է գնալու երկինք՝ Հիսուսի հետ թագավորելու համար։
• «Ահա Գառը կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը» (Հայտն. 14։1)։