Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bhs գլ. 15 էջ 154–163
  • Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը
  • Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Կարդալ Աստվածաշունչը սովորեցնում է
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՃԻՇՏ ԿՐՈՆԸ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ
  • Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ճշմարիտ երկրպագության մասին
    2010 Դիտարան
  • Ո՞րն է ճշմարիտ կրոնը
    Բարի լուր Աստծուց
  • Հեռու մնանք կեղծ կրոնից
    2006 Դիտարան
Ավելին
Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
bhs գլ. 15 էջ 154–163

ԳԼՈՒԽ 15

Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը

1. Միայն ո՞վ կարող է ասել, թե ինչպես է հարկավոր պաշտել Աստծուն։

ԳՐԵԹԵ բոլոր կրոններն էլ պնդում են, թե իրենք ճշմարտությունն են սովորեցնում Աստծու մասին։ Բայց դա հնարավոր չէ, քանի որ նրանք շատ տարբեր բաներ են սովորեցնում այն մասին, թե ով է Աստված, և թե ինչպես է հարկավոր պաշտել նրան։ Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է Աստծուն պաշտելու ճիշտ ձևը։ Միայն Եհովան կարող է ասել, թե ինչպես երկրպագենք իրեն։

2. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որն է Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը։

2 Եհովան տվել է Աստվածաշունչը, որպեսզի դրա միջոցով մարդիկ իմանան, թե որն է իրեն երկրպագելու ճիշտ ձևը։ Եհովան քեզ շատ է սիրում և ուզում է, որ օգուտ քաղես իր Խոսքից։ Եվ եթե ուսումնասիրես Աստվածաշունչը, նա կօգնի, որ հասկանաս այն (Եսայիա 48։17)։

3. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ է հարկավոր անել։

3 Ոմանք ասում են, թե Աստված բոլոր կրոններն էլ ընդունում է։ Բայց Հիսուսը նման բան չսովորեցրեց։ Նա ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը»։ Փաստորեն, հարկավոր է իմանալ, թե որն է Աստծու կամքը և վարվել դրա համաձայն։ Սա շատ կարևոր է, քանի որ Հիսուսը Աստծուն չհնազանդվող մարդկանց անվանեց «անօրենություն գործողներ» (Մատթեոս 7։21–23)։

4. Ի՞նչ նախազգուշացրեց Հիսուսը։

4 Հիսուսը նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր ուզում են կատարել Աստծու կամքը, դժվարություններ կունենան։ Նա ասաց. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Նեղ ճանապարհը, որը Աստծուն երկրպագելու ճիշտ ձևն է, տանում է հավիտենական կյանքի։ Իսկ լայն ճանապարհը, որը Աստծուն երկրպագելու սխալ ձևն է, տանում է մահվան։ Եհովան չի ուզում, որ որևէ մեկը մահանա, այդ պատճառով նա բոլորին է հնարավորություն տալիս սովորելու իր մասին (2 Պետրոս 3։9)։

ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՃԻՇՏ ԿՐՈՆԸ

5. Ինչպե՞ս կարող ենք ճանաչել նրանց, ովքեր ճիշտ ձևով են պաշտում Աստծուն։

5 Հիսուսը նշեց, թե ինչպես կարելի է ճանաչել նրանց, ովքեր Աստծուն ճիշտ ձևով են պաշտում։ Այդ մարդկանց հնարավոր է ճանաչել նրանց հավատալիքներից ու գործերից։ Հիսուսն ասաց. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»։ Հետո ավելացրեց. «Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս» (Մատթեոս 7։16, 17)։ Սա չի նշանակում, որ Աստծուն ճիշտ ձևով երկրպագողները կատարյալ են։ Այնուամենայնիվ, նրանք միշտ ձգտում են ճիշտն անել։ Այժմ քննենք վեց նշան, որոնցով կարող ենք ճանաչել ճիշտ կրոնը։

6, 7. Ինչո՞ւ են Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները հիմնված միմիայն Աստվածաշնչի վրա։ Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից։

6 Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Իսկ Պողոս առաքյալը քրիստոնյաներին գրեց. «Երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչը Աստծու խոսքն է, հետևաբար Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները պետք է հիմնված լինեն միմիայն Աստվածաշնչի վրա և ոչ թե մարդկային գաղափարների, ավանդույթների կամ որևէ այլ բանի։

7 Այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցնում էր, հիմնված էր Աստծու Խոսքի վրա (կարդա Հովհաննես 17։17)։ Նա հաճախ էր մեջբերումներ անում Սուրբ Գրքերից (Մատթեոս 4։4, 7, 10)։ Աստծու ծառաները հետևում են Հիսուսի օրինակին. նրանց սովորեցրած ամեն բան հիմնված է Աստվածաշնչի վրա։

8. Հիսուսն ի՞նչ սովորեցրեց Աստծուն երկրպագելու վերաբերյալ։

8 Նրանք երկրպագում են միայն Եհովային։ Սաղմոս 83։18-ում գրված է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Հիսուսն ուզում էր, որ մարդիկ իմանային, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը, և պատմում էր նրանց Աստծու անվան մասին (կարդա Հովհաննես 17։6)։ Հիսուսն ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)։ Ճշմարիտ քրիստոնյաները հետևում են Հիսուսի օրինակին։ Նրանք պաշտում են միայն Եհովային, օգտագործում են նրա անունը, պատմում են մարդկանց այդ անվան մասին և հայտնում են, թե ինչ է նա անելու մարդկության համար։

9, 10. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները սեր դրսևորում միմյանց հանդեպ։

9 Նրանք անկեղծորեն սիրում են իրար։ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին, որ սիրեն իրար (կարդա Հովհաննես 13։35)։ Ուստի Աստծու ճշմարիտ ծառաները սիրում են միմյանց և մեկ միասնական ընտանիք են, անկախ նրանից, թե որտեղից են, ինչ մշակույթի են պատկանում, հարուստ են, թե աղքատ (Կողոսացիներ 3։14)։ Նրանք չեն մասնակցում պատերազմների և մարդ չեն սպանում։ Աստվածաշունչն ասում է. «Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում.... մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ և չլինենք Կայենի պես, որը Չարից էր և սպանեց իր եղբորը» (1 Հովհաննես 3։10–12; 4։20, 21)։

10 Ճշմարիտ քրիստոնյաները իրենց ժամանակը, ուժը և նյութական միջոցները օգտագործում են, որպեսզի քաջալերեն իրար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանք «բարին են անում բոլորի հանդեպ» (Գաղատացիներ 6։10)։

11. Ինչո՞ւ են Աստծու ծառաները հնազանդվում Հիսուսին։

11 Նրանք հավատում են, որ միայն Հիսուսի միջոցով է հնարավոր փրկություն ստանալ, և հնազանդվում են նրան։ Աստվածաշունչն ասում է. «Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4։12)։ Այս գրքի 5-րդ գլխից իմացանք, որ Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, որպեսզի նա իր կյանքը որպես փրկանք տա հնազանդ մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Եհովան Հիսուսին Թագավոր է նշանակել, որ նա իշխի երկրի վրա։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ եթե ուզում ենք հավիտյան ապրել, պետք է հնազանդվենք Հիսուսին (կարդա Հովհաննես 3։36)։

12. Ինչո՞ւ Աստծու ծառաները չեն խառնվում քաղաքականությանը։

12 Նրանք չեն խառնվում քաղաքականությանը։ Հիսուսը չէր խառնվում քաղաքականությանը։ Երբ հռոմեացի կառավարիչ Պիղատոսը նրան հարցաքննում էր, նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (կարդա Հովհաննես 18։36)։ Հիսուսի ճշմարիտ հետևորդները, նրա պես, նվիրված են Աստծու երկնային Թագավորությանը։ Այդ պատճառով որտեղ էլ ապրելիս լինեն, նրանք երբեք չեն մասնակցում քաղաքական գործերին։ Բայց քանի որ Աստվածաշունչը պատվիրում է հնազանդվել «վերին իշխանություններին», Աստծու ծառաները ենթարկվում են իրենց երկրի օրենքներին (Հռոմեացիներ 13։1)։ Իսկ այն դեպքերում, երբ պետության օրենքը հակասում է Աստծու օրենքներին, նրանք վարվում են առաքյալների պես, որոնք ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29; Մարկոս 12։17)։

13. Ինչի՞ մասին են քարոզում ճշմարիտ քրիստոնյաները։

13 Նրանք քարոզում են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել աշխարհի խնդիրները։ Հիսուսն ասաց, որ «Թագավորության բարի լուրը» կքարոզվի ամբողջ երկրով մեկ (կարդա Մատթեոս 24։14)։ Մարդկային ոչ մի կառավարություն չի կարող անել այն, ինչ կանի Աստծու Թագավորությունը (Սաղմոս 146։3)։ Հիսուսը սովորեցրեց աղոթել այդ Թագավորության մասին՝ ասելով. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու Թագավորությունը վերացնելու է մարդկային բոլոր կառավարությունները, իսկ «ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։

14. Քո կարծիքով՝ ովքե՞ր են ճիշտ ձևով երկրպագում Աստծուն։

14 Այս վեց նշանները քննելուց հետո ինքդ քեզ հարցրու. «Ովքե՞ր են իրենց հավատալիքները հիմնում Աստվածաշնչի վրա։ Ովքե՞ր են մարդկանց պատմում Աստծու անվան մասին։ Ովքե՞ր են անկեղծ սեր ցուցաբերում իրար հանդեպ և հավատում, որ միայն Հիսուսի միջոցով է հնարավոր փրկություն ստանալ։ Ովքե՞ր են, որ չեն խառնվում քաղաքականությանը։ Ովքե՞ր են քարոզում, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության խնդիրները»։ Համաձայն չե՞ս, որ միայն Եհովայի վկաներն են այդպես վարվում (Եսայիա 43։10–12)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ

15. Ի՞նչ պետք է անենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը։

15 Բավական չէ միայն հավատալ, որ Աստված գոյություն ունի։ Դևերն էլ են հավատում Աստծու գոյությանը, բայց չեն հնազանդվում նրան (Հակոբոս 2։19)։ Ուստի եթե ուզում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը, պետք է ոչ միայն հավատանք նրան, այլև անենք այն, ինչ նա ասում է։

16. Ինչո՞ւ պետք է մերժենք կեղծ կրոնը։

16 Եթե ուզում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը, պետք է նաև մերժենք կեղծ կրոնը։ Եսայիա մարգարեն գրեց. «Դո՛ւրս եկեք այդտեղից.... մաքո՛ւր մնացեք» (Եսայիա 52։11; 2 Կորնթացիներ 6։17)։ Այդ պատճառով մենք պետք է մերժենք ցանկացած բան, ինչը կապ ունի կեղծ կրոնի հետ։

17, 18. Ի՞նչ է «Մեծ Բաբելոնը», և ինչո՞ւ է կարևոր հնարավորինս շուտ դուրս գալ դրա միջից։

17 Իսկ ո՞ր կրոնն է համարվում կեղծ։ Ցանկացած կրոն, որը երկրպագության այնպիսի ձև է սովորեցնում, որը դեմ է Աստծու Խոսքին։ Աստվածաշնչում բոլոր կեղծ կրոնները միասին վերցրած կոչվում են «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17։5)։ Ինչո՞ւ։ Քանի որ Նոյի օրերի ջրհեղեղից հետո շատ կեղծ կրոնական ուսմունքներ առաջացան հենց Բաբելոն քաղաքում և հետո տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ։ Օրինակ՝ այդ քաղաքում մարդիկ պաշտում էին երեք աստվածներից բաղկացած աստվածությունների։ Այսօր էլ շատերը հավատում են, որ Աստված Երրորդություն է։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա միայն մեկ ճշմարիտ Աստված՝ Եհովան, և որ Հիսուսը նրա որդին է (Հովհաննես 17։3)։ Բաբելոնում ապրող մարդիկ նաև հավատում էին, որ մահանալուց հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել, և այն կարող է տանջվել դժոխքում։ Բայց դա ճիշտ չէ (տես Ծանոթագրություններ 14, 17 և 18)։

18 Աստված ասել է, որ շուտով բոլոր կեղծ կրոնները ոչնչացվելու են (Հայտնություն 18։8)։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ դուրս գաս «Մեծ Բաբելոնից»։ Եհովան ուզում է, որ անես այդ քայլը, քանի դեռ շատ ուշ չէ (Հայտնություն 18։4)։

Տարբեր ազգերից հավաքված Եհովայի վկաների մի խումբ ուրախությամբ ողջունում է մի մարդու

Երբ սկսես ծառայել Եհովային նրա ժողովրդի հետ, կդառնաս այդ համաշխարհային ընտանիքի մի մասը

19. Երբ որոշես ծառայել Եհովային, ինչպե՞ս նա հոգ կտանի քո մասին։

19 Երբ որոշես դուրս գալ կեղծ կրոնից և ծառայել Եհովային, գուցե քո ընկերները կամ ընտանիքիդ անդամները չհասկանան, թե ինչու ես նման որոշում կայացնում։ Ուստի հնարավոր է՝ նրանք սկսեն հակառակվել քեզ կամ այլևս չշփվեն քեզ հետ։ Բայց Եհովան քեզ երբեք չի թողնի։ Դու ձեռք կբերես միլիոնավոր մարդկանցից բաղկացած մի մեծ ընտանիք, որի անդամները իսկապես սիրում են իրար։ Բացի այդ՝ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս կունենաս (Մարկոս 10։28–30)։ Ժամանակի ընթացքում քո ընտանիքի անդամներից և ընկերներից ոմանք, ովքեր դեմ են եղել Եհովային ծառայելու քո որոշմանը, գուցե սկսեն ուսումնասիրել Աստվածաշունչը։

20. Ինչո՞ւ է կարևոր այսօրվանից սկսել Եհովային ճիշտ ձևով երկրպագել։

20 Շատ շուտով Աստված կվերացնի չարությունը երկրի վրայից, և երկրի վրա կսկսի իշխել նրա Թագավորությունը (2 Պետրոս 3։9, 13)։ Ի՜նչ հրաշալի ժամանակներ կլինեն։ Բոլորը կերկրպագեն Եհովային այնպես, ինչպես որ նա է ուզում։ Ուստի շատ կարևոր է այսօրվանից գործի անցնել և միանալ նրանց, ովքեր Աստծուն պաշտում են ճիշտ ձևով։

ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ ՃԻՇՏ ՁԵՎՈՎ

Տարբեր ռասայի, տարիքի և տարբեր կարգավիճակում գտնվող մարդիկ քայլում են ճշմարտության ճանապարհով
  • իրենց հավատալիքները հիմնում են Աստվածաշնչի վրա

  • երկրպագում են միայն Եհովային և մարդկանց պատմում են նրա անվան մասին

  • անկեղծորեն սիրում են իրար

  • հավատում են, որ միայն Հիսուսի միջոցով է հնարավոր փրկվել

  • չեն խառնվում քաղաքականությանը

  • քարոզում են, որ միայն Աստծու Թագավորությունը կլուծի աշխարհի խնդիրները

ԱՄՓՈՓՈՒՄ

1 ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՃԻՇՏ ԿՐՈՆԸ

«Նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։14)։

Ինչի՞ց ենք իմանում, որ Աստված ոչ բոլոր կրոններն է ընդունում։

  • Մատթեոս 7։21–23

    Աստված ոչ բոլոր կրոններն է ընդունում, քանի որ բոլորը չէ, որ կատարում են Աստծու կամքը։

  • Մատթեոս 7։13, 14

    Ճիշտ կրոնը հավիտենական կյանքի է տանում, իսկ կեղծ կրոնը՝ հավիտենական կործանման։

  • Մատթեոս 7։16, 17

    Աստծու ճշմարիտ ծառաներին կարելի է ճանաչել նրանց գործերից։ Ճիշտ կրոնը գտնելու համար կարիք չկա ուսումնասիրել բոլոր կրոնները, պարզապես պետք է իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

2 ԱՍՏԾՈՒՆ ՃԻՇՏ ՁԵՎՈՎ ԵՐԿՐՊԱԳՈՂՆԵՐԸ

  • 1 Թեսաղոնիկեցիներ 2։13; 2 Տիմոթեոս 3։16, 17

    Հավատում են այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում, և իրենց հավատալիքները հիմնում են միմիայն Աստվածաշնչի վրա։

  • Մատթեոս 4։10; Հովհաննես 17։6

    Երկրպագում են Եհովային և օգտագործում են նրա անունը։

  • Հովհաննես 13։35

    Անկեղծ սեր են դրսևորում միմյանց հանդեպ։

  • Հովհաննես 3։36; Գործեր 4։12

    Հնազանդվում են Հիսուսին և հավատում, որ Աստված Հիսուսի միջոցով է փրկելու մեզ։

  • Հովհաննես 18։36; Գործեր 5։29

    Չեն խառնվում քաղաքականությանը։

  • Մատթեոս 24։14; 6։10

    Քարոզում են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել աշխարհի խնդիրները։

3 ՀԱՎԱՏԸ ՊԵՏՔ Է ԵՐԵՎԱ ԳՈՐԾԵՐԻՑ

Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի Աստված ընդունի մեր երկրպագությունը։

  • Հակոբոս 2։19

    Աստծուն հավատալը քիչ է։ Հարկավոր է կատարել նրա ասածները, որ գրված են Աստվածաշնչում։

  • Եսայիա 52։11; Հայտնություն 17։5

    Բոլոր կեղծ կրոնները, կամ՝ «Մեծ Բաբելոնը», երկրպագության այնպիսի ձև են սովորեցնում, որն ընդունելի չէ Աստծուն։ «Մեծ Բաբելոնի» սովորեցրած սուտ ուսմունքներից են՝ Երրորդության, հոգու անմահության և դժոխքի կրակների մասին ուսմունքները։

  • Հայտնություն 18։4, 8

    Շուտով Եհովան կվերացնի բոլոր կեղծ կրոնները։ Հարկավոր է հեռու մնալ ցանկացած բանից, ինչը կապ ունի դրանց հետ։

  • Մարկոս 10։28–30

    Երբ որոշես Եհովային ծառայել, գուցե հակառակության հանդիպես, բայց Եհովան քեզ մենակ չի թողնի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը