ԴԱՍ 77
Ջրհորի մոտ եկած կինը
Պասեքից որոշ ժամանակ հետո Հիսուսը և նրա աշակերտները Գալիլեա վերադառնալու ճանապարհին անցան Սամարիա քաղաքի միջով։ Սյուքար քաղաքի մոտ Հիսուսը կանգ առավ մի վայրում, որը կոչվում էր Հակոբի աղբյուր։ Մինչ նա այնտեղ հանգստանում էր, աշակերտները գնացին քաղաք՝ ուտելիք գնելու։
Մի կին եկավ, որ ջրհորից ջուր հանի։ Հիսուսը նրան ասաց. «Ջո՛ւր տուր խմեմ»։ Կինը հարցրեց. «Ես սամարացի կին եմ, ինչո՞ւ ես խոսում ինձ հետ։ Չէ՞ որ հրեաները չեն խոսում սամարացիների հետ»։ Բայց Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե իմանայիր, թե ով եմ ես, դո՛ւ ինձնից ջուր կխնդրեիր, և ես քեզ կենդանի ջուր կտայի»։ «Ի՞նչ նկատի ունես,– հարցրեց կինը։– Դու նույնիսկ դույլ չունես»։ Հիսուսն ասաց. «Ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի»։ Կինն ասաց. «Տե՛ր իմ, տո՛ւր ինձ այդ ջրից»։
Հիսուսը ասաց. «Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ, որ գա ջրհորի մոտ»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Ճիշտ ես ասում։ Դու հինգ անգամ ամուսնացած ես եղել, իսկ հիմա ապրում ես մի մարդու հետ, որը քո ամուսինը չէ»։ Կինն ասաց. «Տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Իմ ժողովուրդը հավատում է, որ Աստծուն կարող ենք երկրպագել այս սարի վրա, բայց հրեաները ասում են, որ միայն Երուսաղեմում պետք է երկրպագություն անենք։ Ես հավատում եմ, որ երբ Մեսիան գա, նա մեզ կսովորեցնի, թե ինչպես է հարկավոր երկրպագություն անել»։ Այդ ժամանակ Հիսուսը մի այնպիսի բան հայտնեց նրան, որ մինչ այդ ոչ ոքի չէր հայտնել։ Նա ասաց. «Ես եմ Մեսիան»։
Դա լսելով՝ կինը շտապ գնաց քաղաք ու սամարացիներին ասաց. «Կարծում եմ՝ ես գտել եմ Մեսիային։ Նա իմ մասին ամեն ինչ գիտի։ Եկե՛ք ու տեսե՛ք»։ Նրանք այդ կնոջ հետ գնացին ջրհորի մոտ ու սկսեցին լսել այն, ինչ Հիսուսը սովորեցնում էր։
Սամարացիները Հիսուսին խնդրեցին, որ մնա իրենց քաղաքում։ Հիսուսը երկու օր մնաց այնտեղ և շատ բաներ սովորեցրեց նրանց։ Շատերը հավատացին նրան։ Այդ մարդիկ սամարացի կնոջը ասում էին. «Այս մարդուն լսելուց հետո հասկացանք, որ իսկապես նա է աշխարհի փրկիչը»։
«Ե՛կ։ Ով ծարավ է, թող գա, և ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22։17)։