Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rr գլ. 12 էջ 129–136
  • «Նրանց մեկ ազգ կդարձնեմ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նրանց մեկ ազգ կդարձնեմ»
  • Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն»
  • Ինչպե՞ս Եհովան «ամեն տեղից հավաքեց» նրանց
  • «Իմ ծառա Դավիթը նրանց թագավորը կլինի»
  • Եհովան իրեն երկրպագողներին կմիավորի
  • «Նրանք իմ ժողովուրդը կլինեն»
  • «Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի»
  • «Խնդրում եմ, որ պահպանես Չարից»
  • Ընթերցողների հարցերը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Դուք կկենդանանաք»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Երկու փայտերը մեկ փայտ են դառնում
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Աստվածաշնչի գիրք համար 26. Եզեկիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
rr գլ. 12 էջ 129–136
Եզեկիելը կանգնած է Բաբելոնում գտնվող հրեա գերիների առջև՝ ձեռքին երկու փայտ

ԳԼՈՒԽ 12

«Նրանց մեկ ազգ կդարձնեմ»

ԵԶԵԿԻԵԼ 37։22

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Եհովան խոստանում է միավորել իր ժողովրդին։ Երկու փայտերի վերաբերյալ մարգարեությունը

1, 2. ա) Գերիները ինչո՞ւ գուցե տագնապի մեջ լինեին։ բ) Ինչո՞ւ էին նրանք թերևս զարմացած։ գ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

ԱՍՏԾՈՒ առաջնորդությամբ Եզեկիելը Բաբելոնում գերեվարվածներին բեմականացումների միջոցով մի շարք մարգարեություններ է հայտնել։ Նրա հայտնած առաջին մարգարեությունը, ինչպես նաև երկրորդը, երրորդը և մյուսները դատաստանական լուր էին բովանդակում (Եզեկ. 3։24-26; 4։1-7; 5։1; 12։3-6)։ Փաստորեն, նրա բեմականացրած բոլոր մարգարեությունները հրեաների դեմ ուղղված ահեղ դատաստանի մասին խոսքեր էին պարունակում։

2 Հիմա պատկերացրու, որ Եզեկիելը նորից կանգնում է նրանց առաջ, որպեսզի ևս մեկ մարգարեական բեմականացում ներկայացնի։ Գերության մեջ գտնվողները տագնապած են։ Նրանք գուցե մտածում են. «Այս անգա՞մ ինչ գույժ ենք լսելու»։ Բայց նրանց անակնկալ է սպասում։ Մարգարեությունը, որ նա բեմականացնելու է, տարբերվելու է նախորդներից։ Այն ոչ թե դատաստանական մռայլ լուր է պարունակում, այլ պայծառ և հուսադրող խոստում (Եզեկ. 37։23)։ Ինչի՞ մասին է այն, ի՞նչ նշանակություն ունի և ինչպե՞ս է առնչվում Աստծու ծառաներին այսօր։ Եկեք պարզենք։

«Իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն»

Եզեկիելի մարգարեության երկու փայտերը

ՇՐՋԱՆԱԿ 12Ա. «Երկու փայտերը մեկ փայտ են դառնում»

3. ա) Ի՞նչ էր ներկայացնում «Հուդա» գրությամբ փայտը։ բ) Ինչո՞ւ ենք ասում, որ «Եփրեմի փայտը» ներկայացնում էր տասցեղ թագավորությունը։

3 Եհովան Եզեկիելին պատվիրեց երկու փայտ վերցնել և մեկի վրա գրել «Հուդա», իսկ մյուսի վրա՝ «Հովսեփ՝ Եփրեմի փայտ» (կարդա Եզեկիել 37։15, 16)։ Ի՞նչ էին ներկայացնում այդ փայտերը։ Այն փայտը, որի վրա գրվեց «Հուդա», ներկայացնում էր Հուդայի ու Բենիամինի երկցեղ թագավորությունը։ Հուդայից սերած թագավորները իշխել էին երկու ցեղերի վրա։ Նաև այդ թագավորության հետ սերտ կապ ունեին քահանաները, որովհետև նրանք ծառայում էին Երուսաղեմում՝ տաճարում (2 Տար. 11։13, 14; 34։30)։ Հետևաբար Հուդայի թագավորությունում էին իշխում Դավթի դինաստիայի թագավորները, և ծառայում Ղևիից սերած քահանաները։ Իսկ «Եփրեմի փայտը» ներկայացնում էր Իսրայելի տասցեղ թագավորությունը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք, որ տասցեղ թագավորության առաջին թագավորը Հերոբովամն էր, որը Եփրեմի ցեղից էր։ Ժամանակի ընթացքում Եփրեմի ցեղը Իսրայելում գերիշխող դարձավ (2 Օրենք 33։17; 1 Թագ. 11։26)։ Ուշագրավ է, որ Իսրայելի տասցեղ թագավորությունում չկային Դավթից սերած թագավորներ ու Ղևիից սերած քահանաներ։

4. Ի՞նչ գործողություն կատարեց Եզեկիելը երկու փայտերով (տես առաջին նկարը)։

4 Ապա Աստված Եզեկիելին կարգադրեց իրար միացնել երկու փայտերը, որ դրանք «մեկ փայտ դառնան»։ Անհանգստությամբ դիտելով Եզեկիելի ցույց տվածը՝ ականատեսները հարցրին նրան. «Կասե՞ս, թե այս ամենն ինչ է նշանակում»։ Եզեկիելը պատասխանեց, որ իր գործողությունները ցույց են տալիս, թե Եհո՛վան ինչ է անելու։ Այդ փայտերի վերաբերյալ Եհովան ասաց. «Ես դրանք մեկ փայտ կդարձնեմ, իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն» (Եզեկ. 37։17-19)։

5. Ո՞րն էր Եզեկիելի բեմականացման նշանակությունը (տես «Երկու փայտերը մեկ փայտ են դառնում» շրջանակը)։

5 Այնուհետև Եհովան բացատրեց, թե ինչ է նշանակում երկու փայտերն իրար միացնելը (կարդա Եզեկիել 37։21, 22)։ Հուդայի երկցեղ և Իսրայելի (Եփրեմի) տասցեղ թագավորությունների հպատակները հետ էին բերվելու Իսրայելի երկիր, որտեղ դառնալու էին «մեկ ազգ» (Երեմ. 30։1-3; 31։2-9; 33։7)։

6. Միմյանց լրացնող ի՞նչ մարգարեություններ են արձանագրված Եզեկիել 37-րդ գլխում։

6 Ի՜նչ հիանալի կերպով են իրար լրացնում Եզեկիել 37-րդ գլխում արձանագրված մաքուր երկրպագության վերականգնման մասին մարգարեությունները։ Եհովան ցույց կտա, որ այն Աստվածն է, ով ոչ միայն «կենդանացնում» է իր ժողովրդին (1-14 համարներ), այլև միավորում է (15-28 համարներ)։ Այս երկու հուսադրող մարգարեությունների ասելիքը սա էր՝ «մահն» անդառնալի չէ, պառակտումը՝ նույնպես։

Ինչպե՞ս Եհովան «ամեն տեղից հավաքեց» նրանց

7. Ինչպե՞ս է 1 Տարեգրություն 9։2, 3 համարներում գրված տեղեկությունը հաստատում, որ «Աստծու համար անհնարին բան չկա»։

7 Մարդկային տեսանկյունից՝ հրեաներին գերությունից ազատելն ու նրանց միավորելը միանգամայն անհնարին էր թվում։a Սակայն «Աստծու համար անհնարին բան չկա» (Մատթ. 19։26)։ Եհովան իրագործեց իր մարգարեական խոստումը։ Բաբելոնյան գերությունն ավարտվեց մ.թ.ա. 537 թ.-ին, և երկու թագավորություններին պատկանող մարդիկ եկան Երուսաղեմ, որպեսզի աջակցեն մաքուր երկրպագությունը վերականգնելու գործին։ Սրա մասին վկայում է Աստվածաշնչի հետևյալ արձանագրությունը. «Հուդայի, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի սերունդներից ոմանք բնակություն հաստատեցին Երուսաղեմում» (1 Տար. 9։2, 3; Եզր. 6։17)։ Այո՛, ինչպես որ Եհովան ասել էր, Իսրայելի տասցեղ թագավորության ներկայացուցիչները միավորվեցին Հուդայի երկցեղ թագավորության ներկայացուցիչների հետ։

8. ա) Ինչի՞ մասին էր մարգարեացել Եսայիան։ բ) Ի՞նչ երկու կարևոր բան ենք իմանում Եզեկիել 37։21-ից։

8 Մոտ 200 տարի առաջ Եսայիան մարգարեացել էր գերության ավարտից հետո Իսրայելի և Հուդայի միավորման մասին։ Համաձայն այդ մարգարեության՝ Եհովան «երկրի չորս ծայրերից [այդ թվում՝ Ասորեստանից] հավաքելու էր Իսրայելի ցիրուցան եղած բնակիչներին և Հուդայի ցաքուցրիվ եղած ժողովրդին» (Ես. 11։12, 13, 16)։ Այդպես էլ եղավ. Եհովան, իր խոստման համաձայն, «իսրայելացիներին հանեց.... ազգերի միջից» (Եզեկ. 37։21)։ Ուշադրություն դարձնենք երկու կարևոր մտքի. Եհովան այլևս գերիներին չի կոչում «Հուդա» և «Եփրեմ», այլ կոչում է «իսրայելացիներ»՝ նրանց համարելով մեկ ժողովուրդ։ Բացի այդ՝ իսրայելացիները դուրս էին գալու ոչ միայն Բաբելոնից, այլև ուրիշ երկրներից՝ «երկրի չորս ծայրերից»։

9. Եհովան ինչպե՞ս միավորեց հայրենադարձ իսրայելացիներին։

9 Գերիների՝ Իսրայել վերադառնալուց հետո Եհովան ինչպե՞ս միավորեց նրանց։ Նա Իսրայելին հոգևոր հովիվներ տվեց, ինչպիսիք էին Զորաբաբելը, քահանայապետ Հեսուն, Եզրասն ու Նեեմիան։ Աստված նաև մարգարեներ նշանակեց Անգեին, Զաքարիային և Մաղաքիային։ Այս բոլոր հավատարիմ տղամարդիկ իրենց ձեռքից եկածն արեցին, որ խրախուսեն ժողովրդին հնազանդվել Աստծու օրենքներին (Նեեմ. 8։2, 3)։ Բացի այս ամենից՝ Եհովան պաշտպանեց իսրայելացիներին՝ անհաջողության մատնելով նրանց դեմ թշնամիների նյութած նենգ դավերը (Եսթ. 9։24, 25; Զաք. 4։6)։

Եզրասը և այլ տղամարդիկ Եհովայի օրենքն են ուսուցանում ժողովրդին

Եհովան հոգևոր հովիվների միջոցով միավորում էր իր ժողովրդին (տես պարբերություն 9)

10. Սատանային ի վերջո ի՞նչ հաջողվեց անել։

10 Չնայած այն ամենին, ինչ Եհովան, սիրուց մղված, արեց իսրայելացիների համար, նրանցից շատերը կառչած չմնացին մաքուր երկրպագությանը։ Իսրայելացիների արարքների մասին արձանագրված է աստվածաշնչյան այն գրքերում, որոնք գրվել են նրանց գերությունից վերադառնալուց հետո (Եզր. 9։1-3; Նեեմ. 13։1, 2, 15)։ Փաստացի, գերության ավարտից մեկ դար էլ չէր անցել, իսկ իսրայելացիներն այնքան էին հեռացել մաքուր երկրպագությունից, որ Եհովան հորդորեց. «Վերադարձեք ինձ մոտ» (Մաղ. 3։7)։ Այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր, հուդայականությունը բաժանված էր մի շարք ուղղությունների, որոնց առաջնորդները անհավատարիմ հովիվներ էին (Մատթ. 16։6; Մարկ. 7։5-8)։ Սատանային հաջողվել էր խաթարել Աստծու ժողովրդի կատարյալ միասնությունը։ Բայց միասնության վերաբերյալ Եհովայի մարգարեությունը անպայման կատարվելու էր։ Ինչպե՞ս։

«Իմ ծառա Դավիթը նրանց թագավորը կլինի»

11. ա) Միավորման մասին մարգարեության միջոցով Եհովան ի՞նչ բացահայտեց։ բ) Երկնքից վռնդվելուց հետո Սատանան կրկին ի՞նչ փորձեց անել։

11 Կարդա Եզեկիել 37։24։ Եհովան բացահայտեց, որ իր ժողովրդի միավորման վերաբերյալ մարգարեությունը լիարժեքորեն կիրագործվի միայն այն բանից հետո, երբ նրա «ծառա Դավիթը»՝ Հիսուսը, սկսի իշխել որպես Թագավոր, ինչն էլ տեղի ունեցավ 1914 թ.-ինb (2 Սամ. 7։16; Ղուկ. 1։32)։ Այդ ժամանակ բառացի Իսրայելն արդեն փոխարինվել էր հոգևոր Իսրայելով՝ օծյալ քրիստոնյաներով (Երեմ. 31։33; Գաղ. 3։29)։ Երբ Սատանան երկնքից ցած շպրտվեց, նորից փորձեր արեց քայքայելու Աստծու ժողովրդի միասնությունը (Հայտն. 12։7-10)։ Օրինակ՝ երբ 1916 թ.-ին եղբայր Ռասելը մահացավ, Սատանան առիթը բաց չթողեց, որ հավատուրացների միջոցով փորձի բաժանություն մտցնել օծյալների մեջ։ Շատ չանցած, սակայն, այդ հավատուրացները լքեցին կազմակերպությունը։ Նաև Սատանան այնպես արեց, որ առաջնորդող եղբայրներին բանտարկեն, բայց անգամ դա անդառնալի վնաս չհասցրեց Եհովայի ժողովրդին։ Օծյալները, որոնք հավատարիմ մնացին Եհովային, պահպանեցին միասնությունը։

12. «Հոգևոր Իսրայելը» պառակտելու Սատանայի ջանքերն ինչո՞ւ ձախողվեցին։

12 Ի տարբերություն բառացի Իսրայելի՝ հոգևոր Իսրայելը դիմակայեց Սատանայի պառակտիչ նենգություններին։ Նրա ջանքերը ինչո՞ւ ձախողվեցին։ Քանի որ օծյալները ամեն բան արեցին, որ կառչած մնան Եհովայի չափանիշներին։ Արդյունքում նրանց Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, իր պաշտպանության տակ առավ նրանց և մինչ օրս շարունակում է իր հաղթական արշավը Սատանայի դեմ (Հայտն. 6։2)։

Եհովան իրեն երկրպագողներին կմիավորի

13. Երկու փայտերի միավորման մասին մարգարեությունից ի՞նչ կարևոր ճշմարտություն ենք իմանում։

13 Երկու փայտերը միացնելու վերաբերյալ մարգարեությունը ի՞նչ նշանակություն ունի մեր օրերի համար։ Հիշենք. այս մարգարեությունը մարդկանց երկու խմբի միավորման մասին է։ Եվ, որ ամենակարևորն է, դրանում ընդգծվում է այն միտքը, որ նրանց միավորողը Եհովան է։ Այսպիսով՝ այս մարգարեությունից ի՞նչ կարևոր ճշմարտություն ենք սովորում մաքուր երկրպագության վերաբերյալ։ Եհովան ինքն է այնպես անելու, որ իրեն երկրպագողները «մեկ փայտ լինեն» (Եզեկ. 37։19)։

14. Սկսած 1919-ից՝ ինչպե՞ս է երկու փայտերի մասին մարգարեությունը իրականանում ավելի մեծ ծավալով։

14 Սկսած 1919 թ.-ից, երբ Աստծու ժողովուրդը հոգևոր առումով մաքրվեց և ոտք դրեց հոգևոր դրախտ, երկու փայտերի միավորման մասին մարգարեությունը սկսեց կատարվել ավելի մեծ ծավալով։ Այդ ժամանակ միավորված ժողովրդի մեծամասնությունը երկնքում որպես թագավորներ և քահանաներ ծառայելու հույս ուներ (Հայտն. 20։6)։ Փոխաբերական իմաստով այդ օծյալները «Հուդայի» փայտն էին՝ մի ազգ, որի վրա իշխում էին Դավթից սերած թագավորները, և որում որպես քահանաներ էին ծառայում ղևտացիները։ Սակայն ժամանակին զուգընթաց այս օծյալ քրիստոնյաներին՝ հոգևոր հրեաներին միացան երկրի վրա ապրելու հույս ունեցող շատ ու շատ մարդիկ։ Նրանք նման էին «Եփրեմի փայտին»՝ ազգ, որում չկային Դավթից սերած թագավորներ և ղևտացի քահանաներ։ Այս երկու խմբերը մեկ ժողովուրդ են և իրենց մեկ Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո միասնականորեն ծառայում են Եհովային (Եզեկ. 37։24)։

«Նրանք իմ ժողովուրդը կլինեն»

15. Եզեկիել 37։26, 27 համարներում արձանագրված մարգարեական խոսքերն ինչպե՞ս են իրականանում այսօր։

15 Եզեկիելի մարգարեության շուրջ խորհելով՝ կարող ենք եզրակացնել, որ շատ մարդիկ են միանալու օծյալներին և նրանց հետ մաքուր երկրպագություն մատուցելու Աստծուն։ Եհովան իր ժողովրդի վերաբերյալ հետևյալն է ասել. «Ես նրանց.... կշատացնեմ», և «իմ խորանը նրանց վրա կլինի» (Եզեկ. 37։26, 27, ծնթ.)։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են Հովհաննես առաքյալի մարգարեական խոսքերը, որ նա արձանագրել է Եզեկիելի ժամանակներից մոտ 700 տարի հետո. «Գահին նստածը իր վրանը կտարածի» «մարդկանց մի մեծ բազմության» վրա (Հայտն. 7։9, 15)։ Այսօր օծյալներն ու մեծ բազմությունը մեկ ազգ են՝ Աստծու ժողովուրդը, և բնակվում են նրա ապահով վրանում։

16. Զաքարիան հոգևոր Իսրայելի և երկրային կյանքի հույս ունեցողների միավորման մասին ի՞նչ մարգարեություն հայտնեց։

16 Զաքարիան, ով հայրենադարձ գերիների թվում էր, նույնպես մարգարեացել է հոգևոր հրեաների ու երկրային կյանքի հույս ունեցողների միավորման մասին։ Նա ասել է, որ «բոլոր.... ազգերից տասը մարդ կբռնեն հրեայի փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23)։ «Հրեա» բառը վերաբերում է ոչ թե մեկ մարդու, այլ մարդկանց խմբի (այս մտքին թիկունք է կանգնում «ձեզ» դերանունը), որին այսօր ներկայացնում է երկրի վրա ապրող օծյալների խումբը՝ հոգևոր հրեաները (Հռոմ. 2։28, 29)։ «Տասը մարդը» երկրի վրա ապրելու հույս ունեցողներն են։ Նրանք «ամուր բռնում են» օծյալների «փեշից» և գնում են նրանց հետ (Ես. 2։2, 3; Մատթ. 25։40)։ «Ամուր կբռնեն» և «գալ ձեզ հետ» արտահայտություններն ընդգծում են այս երկու խմբերի լիակատար միավորման մասին միտքը։

17. Հիսուսն ինչպե՞ս է նկարագրել մեր օրերում տիրող միասնությունը։

17 Հավանաբար, Հիսուսը միավորման մասին Եզեկիելի մարգարեությունն է ի մտի ունեցել, երբ իրեն նկարագրել է որպես հովիվ, ում առաջնորդության ներքո օծյալները և երկրային կյանքի հույս ունեցողները («ուրիշ ոչխարները») «մեկ հոտ» էին դառնալու (Հովհ. 10։16; Եզեկ. 34։23; 37։24, 25)։ Հիսուսի և հնում ապրած մարգարեների խոսքերը հրաշալի նկարագրում են այն չքնաղ հոգևոր միասնությունը, որը, անկախ մեր ունեցած հույսից, այսօր զարդարում է մեր եղբայրությանը։ Ի տարբերություն անհաշիվ ուղղությունների բաժանված կեղծ կրոնի՝ մենք միասնական ենք։ Մի՞թե դա իսկական հրաշք չէ։

Ժողովի հանդիպման ժամանակ, որին ներկա է օծյալ եղբայր, բոլորը լսում են մի աղջնակի մեկնաբանությունը

Այսօր օծյալները և «ուրիշ ոչխարները» որպես «մեկ հոտ» միասնականորեն երկրպագում են Եհովային (տես պարբերություն 17)

«Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի»

18. Եզեկիել 37։28-ի համաձայն՝ Աստծու ժողովրդի համար ինչո՞ւ է կենսական «աշխարհի մաս չկազմելը»։

18 Միավորման մասին Եզեկիելի մարգարեության եզրափակիչ խոսքերն ընդգծում են, թե ինչու ենք վստահ, որ մեր միասնությունը երբեք չի խաթարվի (կարդա Եզեկիել 37։28)։ Եհովայի ծառաները միասնական են, քանի որ նրա սրբարանը՝ մաքուր երկրպագությունը, «նրանց մեջ» է։ Եվ քանի դեռ նրանք սուրբ են՝ Սատանայի աշխարհից առանձնացած, Եհովայի սրբարանը շարունակում է մնալ նրանց մեջ (1 Կորնթ. 6։11; Հայտն. 7։14)։ Իր առաքյալների համար արած ջերմ աղոթքում Հիսուսը նշել է, թե որքան կարևոր է աշխարհի մաս չկազմել։ Նա ասել է. «Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց.... որպեսզի նրանք մի լինեն.... Նրանք աշխարհի մաս չեն կազմում.... Նրանց սուրբ դարձրու ճշմարտությամբ» (Հովհ. 17։11, 16, 17)։ Նկատի առնենք, որ Հիսուսը «մի լինելը» կապում է «աշխարհի մաս չկազմելու» հետ։

19. ա) Ինչի՞ց է երևում, որ ընդօրինակում ենք Աստծուն։ բ) Իր երկրային կյանքի վերջին երեկոյին Հիսուսը միասնության մասին ի՞նչ կարևոր ճշմարտություն սովորեցրեց։

19 Սա միակ արձանագրությունն է, որում Հիսուսը Աստծուն դիմում է՝ ասելով. «Սուրբ Հայր»։ Եհովան կատարելապես մաքուր է և արդար։ Հին Իսրայելին նա պատվիրել էր. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (Ղևտ. 11։45)։ Մենք ուզում ենք «ընդօրինակել Աստծուն», դրա համար ձգտում ենք սուրբ լինել ամեն ինչում (Եփես. 5։1; 1 Պետ. 1։14, 15)։ «Սուրբ» բառը մարդկանց առնչությամբ կիրառվելիս նշանակում է «առանձնացված»։ Ուստի Հիսուսը իր երկրային կյանքի վերջին երեկոյին ընդգծեց, որ իր աշակերտները միասնական կմնան, քանի դեռ անմասն են մնում այս մասնատված աշխարհից։

«Խնդրում եմ, որ պահպանես Չարից»

20, 21. ա) Ի՞նչն է ավելացնում Եհովայի պաշտպանության հանդեպ մեր համոզվածությունը։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

20 Ողջ աշխարհում Եհովայի վկաների մեջ տիրող բացառիկ միասնությունը փաստում է, որ Եհովան պատասխանել է Հիսուսի հետևյալ խնդրանքին. «Խնդրում եմ, որ [նրանց] պահպանես Չարից» (կարդա Հովհաննես 17։14, 15)։ Սատանային չի հաջողվել խաթարել Աստծու ժողովրդի միասնականությունը, և դա գիտակցելով՝ էլ ավելի ենք համոզվում, որ գտնվում ենք Եհովայի պաշտպանության տակ։ Եզեկիելի մարգարեության համաձայն՝ երկու փայտերը մեկ փայտ դարձան Եհովայի ձեռքում։ Փաստորեն, Եհովան ինքն է հրաշքով միավորել իր ժողովրդին՝ նրան առնելով իր ապահով բազուկների մեջ, ուր Սատանայի ձեռքը չի կարող հասնել։

21 Այսպիսով՝ ինչի՞ է մղում մեզ այս ամենն իմանալը։ Եկեք շարունակենք նպաստել այն անգին միասնությանը, որը վայելում ենք այսօր։ Իսկ ինչպե՞ս կարող ենք անել դա. ամեն օր Եհովային մաքուր երկրպագություն մատուցելով նրա հոգևոր տաճարում։ Այն, թե ինչ է ներառում այդ երկրպագությունը, կիմանանք հաջորդող գլուխներից։

a Այս մարգարեության ազդարարումից մոտ երկու դար առաջ տասցեղ թագավորության բնակիչները («Եփրեմի փայտը») գերեվարվել էին ասորեստանցիների կողմից (2 Թագ. 17։23)։

b Այս մարգարեության մասին մանրամասնորեն խոսվում է այս գրքի 8-րդ գլխում։

ՔՈ ԴԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  1. Երկու փայտերի մասին մարգարեությունը ի՞նչ կարևոր ճշմարտություն է ընդգծում մաքուր երկրպագության վերաբերյալ (Եզեկ. 37։19)։

  2. Ինչո՞ւ ենք ասում, որ միասնության մասին մարգարեությունը ավելի մեծ մասշտաբով պետք է կատարվեր 1914 թ.-ից հետո (Եզեկ. 37։24)։

  3. Ինչպե՞ս կարող ես նպաստել մեր անգին միասնությանը (1 Պետ. 1։14, 15)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը