Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lvs գլ. 11 էջ 147–158
  • Ամուսնական կյանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուսնական կյանք
  • Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Կարդալ «Աստծու սերը»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՄՏԵՐՄԱՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
  • ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ԿՕԳՆԻ՝ ՊԱՀՊԱՆԵՍ ԸՆՏԱՆԻՔԴ
  • ԹՈՂ ՔՈ ԽՈՍՔԵՐԻՑ ՈՒ ԳՈՐԾԵՐԻՑ ԵՐԵՎԱ, ՈՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԴ ՊԱՏՎԱԿԱՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ
  • «ԹՈՂ.... ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՆԿՈՂԻՆԸ ՉՊՂԾՎԻ»
  • ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՑՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԴ
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպես ունենալ հաջող ամուսնություն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նվիրված եղիր կողակցիդ
    2008 Դիտարան
Ավելին
Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
lvs գլ. 11 էջ 147–158
Ամուսինն ու կինը հաճույքով միասին աշխատում են խոհանոցում

ԳԼՈՒԽ 11

Ամուսնական կյանք

«Սերը երբեք չի վերջանում» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 13։8)

1, 2. Արդյոք խնդիրներ ունենալը նշանակո՞ւմ է, որ ամուսնությունը ձախողվել է։ Բացատրիր։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ պարգև է Եհովայից։ Այն կարող է մարդու կյանքը ավելի երջանիկ դարձնել։ Սակայն յուրաքանչյուր ամուսնության մեջ էլ լինում են խնդիրներ։ Ամուսինն ու կինը գուցե նույնիսկ մտածեն, թե դրանք երբեք չեն վերջանա, և իրենք երբեք առաջվա պես մտերիմ չեն լինի։

2 Երբ ամուսնական կյանքում ժամանակ առ ժամանակ խնդիրներ ունենանք, չպետք է անակնկալի գանք։ Դա չի նշանակում, որ մեր ամուսնությունը ձախողվել է։ Նույնիսկ շատ լուրջ խնդիրներ ունեցող զույգերն են կարողացել վերականգնել իրենց ջերմ փոխհարաբերությունները և ամրացնել իրենց ամուսնական միությունը։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։

ՄՏԵՐՄԱՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

3, 4. Ի՞նչ կարող է պատահել ամուսնական կյանքում։

3 Ամուսնությունը միավորում է երկու տարբեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնական նախասիրությունները, տեսակետները և վարվելակերպը։ Նաև ամուսինն ու կինը գուցե տարբեր ծագում կամ մշակույթ ունենան։ Ժամանակ ու ջանքեր են պահանջվում, որ կողակիցներն իրար ավելի լավ ճանաչեն ու հասկանան։

4 Բայց ժամանակի ընթացքում նրանք գուցե այնքան տարվեն իրենց անձնական գործերով, որ օտարանան իրարից, և այնպես ստացվի, ասես ամեն մեկն իր կյանքով է ապրում։ Ի՞նչը կօգնի նրանց մտերմանալ միմյանց հետ։

Ամուսինն ու կինը միասին Աստվածաշունչ են ուսումնասիրում

Աստվածաշնչի խորհուրդներին հետևելը անչափ կարևոր է լավ ամուսնություն ունենալու համար

5. ա) Ի՞նչը կօգնի, որ քրիստոնյան մտերմանա իր կողակցի հետ։ բ) Եբրայեցիներ 13։4-ի համաձայն՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք ամուսնական կառույցին։

5 Եհովան տվել է մի շարք հիանալի խորհուրդներ, որոնք կարող են օգնել, որ դու և կողակիցդ մտերմանաք ինչպես Նրա, այնպես էլ միմյանց հետ (Սաղմոս 25։4; Եսայիա 48։17, 18)։ Այդ խորհուրդներից մեկը գրված է Եբրայեցիներ 13։4-ում. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի»։ Սովորաբար մենք պատվական ենք համարում այն, ինչը մեզ համար թանկ է։ Եհովան ցանկանում է, որ ամուսնական կառույցը թանկ լինի մեզ համար։ Մենք պետք է փայփայենք այն և երբեք սովորական բան չհամարենք։

ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ԿՕԳՆԻ՝ ՊԱՀՊԱՆԵՍ ԸՆՏԱՆԻՔԴ

6. Մատթեոս 19։4–6-ը ի՞նչ է մեզ հայտնում ամուսնության վերաբերյալ Եհովայի տեսակետի մասին։

6 Եհովան է հիմնել առաջին ամուսնությունը։ Նրա Որդին՝ Հիսուսը, ասել է. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։4–6)։ Եհովան ի սկզբանե նախատեսել է, որ ամուսնությունը լինի հարատև միություն։ Նա ուզում է, որ ամուսինները լինեն մտերիմ, երջանիկ ու միասին վայելեն կյանքը։

7. Ի՞նչը կօգնի, որ ամուսինն ու կինը պահպանեն իրենց ամուսնությունը։

7 Այսօր, առավել քան երբևէ, ամուսնական զույգերը բախվում են սթրեսի ու ճնշումների։ Երբեմն ճնշումներն այնքան են սաստկանում, որ թվում է, թե անհնար է փրկել ամուսնությունը, և կողակիցները այլևս չեն էլ փորձում դա անել։ Բայց ամուսնական կառույցի վերաբերյալ Եհովայի տեսակետը հասկանալը կարող է օգտակար լինել այս հարցում (1 Հովհաննես 5։3)։

8, 9. ա) Հատկապես ե՞րբ պետք է հետևենք Եհովայի առաջնորդությանը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ամուսնությունը թանկ է մեզ համար։

8 Եհովայի տված առաջնորդությունը միշտ մեր օգտին է ծառայում։ Ինչպես տեսանք, նա խորհուրդ է տալիս. «Թող ամուսնությունը.... պատվական լինի» (Եբրայեցիներ 13։4; Ժողովող 5։4)։ Եթե նույնիսկ դժվարին իրավիճակներում հետևենք Եհովայի առաջնորդությանը, ապա անկասկած լավ արդյունքների կհասնենք (1 Թեսաղոնիկեցիներ 1։3; Եբրայեցիներ 6։10)։

9 Քանի որ ամուսնությունը թանկ է մեզ համար, ձգտում ենք չանել կամ չասել այնպիսի բան, ինչը կարող է քայքայել այն։ Ընդհակառակը՝ ցանկանում ենք ամրացնել մեր կողակցի հետ փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

ԹՈՂ ՔՈ ԽՈՍՔԵՐԻՑ ՈՒ ԳՈՐԾԵՐԻՑ ԵՐԵՎԱ, ՈՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԴ ՊԱՏՎԱԿԱՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ

10, 11. ա) Ի՞նչ լուրջ խնդիր կա որոշ ընտանիքներում։ բ) Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, թե ինչպես ենք խոսում մեր կողակցի հետ։

10 Կողակիցները գուցե միմյանց ցավ պատճառեն տարբեր կերպերով։ Մենք գիտենք, որ քրիստոնյաները չպետք է ձեռք բարձրացնեն իրենց կողակցի վրա կամ այլ կերպով ֆիզիկական վնաս հասցնեն նրան։ Բայց հնարավոր է միմյանց ցավ պատճառել նաև խոսքով։ Խոսքերը կարող են վտանգավոր զենք դառնալ։ Մի կին ասում է. «Ամուսինս անընդհատ խոսքերով ցավեցնում է ինձ։ Ճիշտ է, տեսանելի կապտուկներ չունեմ, բայց այնպիսի խոցող արտահայտությունները, ինչպիսիք են՝ «դու ինձ համար բեռ ես» կամ «դու ոչ մի բանի պիտանի չես», խոր վերքեր են բացել իմ սրտում»։ Մի ամուսին էլ նշում է, որ իր կինը շարունակ նվաստացուցիչ և ծաղրական խոսքեր է ասում իրեն։ Նա պատմում է. «Քաղաքակիրթ միջավայրում չեմ կարող կրկնել այն խոսքերը, որ կինս ասում է ինձ։ Դա է պատճառը, որ նրա հետ խոսել չի լինում, և որ աշխատանքի վայրում այդքան երկար եմ մնում։ Այդպես ավելի ապահով է, քան տուն վերադառնալը»։ Այո՛, այսօր սովորական բան է դարձել վիրավորական, ցավ պատճառող և դաժան բաներ ասելը։

11 Երբ ամուսինն ու կինը ցավեցնող խոսքեր են ասում իրար, էմոցիոնալ վերքեր են պատճառում, որոնց բուժման համար երկար ժամանակ է պահանջվում։ Անկասկած, Եհովան չի ցանկանում, որ ամուսինն ու կինը այդպես վերաբերվեն միմյանց։ Սակայն, հնարավոր է, վիրավորես կողակցիդ նույնիսկ առանց դա գիտակցելու։ Գուցե կարծում ես, թե սիրալիր ես նրա հանդեպ, սակայն նա՛ ի՞նչ է մտածում այդ մասին։ Եթե քո խոսքերը ցավ են պատճառում կողակցիդ, արդյոք պատրա՞ստ ես փոխվելու (Գաղատացիներ 5։15; կարդա Եփեսացիներ 4։31)։

12. Ի՞նչը կարող է ազդել ամուսնացած անհատի՝ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

12 Եհովայի համար կարևոր է, թե ինչպես ես խոսում կողակցիդ հետ թե՛ մյուսների ներկայությամբ, թե՛ առանձին (կարդա 1 Պետրոս 3։7)։ Հակոբոս 1։26-ում հիշեցում է տրվում. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է»։

Ամուսինն ու կինը հաճույքով միասին աշխատում են խոհանոցում

13. Ուրիշ ի՞նչ կերպով գուցե անհատը ցավ պատճառի իր կողակցին։

13 Ամուսինները պետք է ուշադիր լինեն միմյանց զգացմունքների հանդեպ նաև այլ հարցերում։ Օրինակ՝ ի՞նչ կզգա կողակիցդ, եթե սկսես շատ ժամանակ անցկացնել մեկ այլ անհատի հետ։ Թեև դա կարող է լինել պարզապես ծառայության գնալը կամ որևէ խնդրի հետ կապված նրան աջակցելը, սակայն հնարավո՞ր է, որ դա ցավ պատճառի կողակցիդ։ Մի քրիստոնյա կին ասում է. «Երբ ամուսինս չափից շատ ժամանակ և ուշադրություն է հատկացնում որևէ քրոջ, ես վիրավորվում եմ ու զգում եմ, որ այդքան էլ կարևոր չեմ նրա համար»։

14. ա) Ի՞նչ կարևոր ճշմարտություն ենք սովորում Ծննդոց 2։24-ից։ բ) Ի՞նչ պետք է հարցնենք ինքներս մեզ։

14 Որպես քրիստոնյաներ՝ մենք պարտավորություններ ունենք մեր ծնողների և ժողովի եղբայրների ու քույրերի նկատմամբ։ Սակայն երբ ամուսնանում ենք, ստանձնում ենք պարտավորություններ մեր կողակցի հանդեպ, որոնք ավելի առաջնային են։ Եհովան ասում է, որ ամուսինը «կմիանա [«ամուր կկպչի», ծնթ.] իր կնոջը» (Ծննդոց 2։24)։ Մեր կողակցի զգացմունքները պետք է շատ կարևոր լինեն մեզ համար։ Պետք է հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք կողակցիս տալի՞ս եմ այն ժամանակը, ուշադրությունն ու սերը, որի կարիքը նա զգում է և որին արժանի է»։

15. Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է չափից շատ մտերմանան մեկի հետ, ով իրենց կողակիցը չէ։

15 Եթե չափից շատ մտերմանաս մեկի հետ, ով քո կողակիցը չէ, ապա լարվածություն կառաջացնես քո ամուսնական կյանքում։ Գուցե այդ անհատի նկատմամբ էմոցիոնալ կապվածություն և ռոմանտիկ զգացումներ առաջանան (Մատթեոս 5։28)։ Այդ զգացումները գուցե ուժեղանան և դրդեն քեզ անելու մի բան, ինչը անպատվություն կբերի քո ամուսնությանը։

«ԹՈՂ.... ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՆԿՈՂԻՆԸ ՉՊՂԾՎԻ»

16. Ի՞նչ պատվեր է տալիս Աստվածաշունչը ամուսնական փոխհարաբերության վերաբերյալ։

16 Եբրայեցիներ 13։4-ում «թող ամուսնությունը.... պատվական լինի» խոսքերին հաջորդում են հետևյալ խոսքերը. «Եվ ամուսնական անկողինը չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին»։ Այստեղ «ամուսնական անկողին» արտահայտությունը վերաբերում է կողակիցների սեռական կյանքին (Առակներ 5։18)։ Ինչպե՞ս պետք է հարգանք դրսևորենք այս փոխհարաբերության հանդեպ և չպղծենք այն։

17. ա) Այսօր շատերը ի՞նչ տեսակետ ունեն ամուսնական անհավատարմության վերաբերյալ։ բ) Քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն ամուսնական անհավատարմությանը։

17 Ոմանք մտածում են, որ ոչ մի վատ բան չկա կողակցին դավաճանելու մեջ։ Մենք չպետք է թույլ տանք, որ այդպիսի մտածելակերպը ազդի մեզ վրա։ Եհովան հստակ հայտնել է, որ ատում է շնությունը՝ ամուսնական անհավատարմությունը, և առհասարակ ցանկացած սեռական անբարոյություն (կարդա Հռոմեացիներ 12։9; Եբրայեցիներ 10։31; 12։29)։ Եթե սեռական հարաբերություն ունենանք մեկի հետ, ով մեր կողակիցը չէ, կպղծենք մեր ամուսնությունը։ Այդպես ցույց կտանք, որ չենք հարգում Եհովայի չափանիշները, և կվնասենք նրա հետ մեր փոխհարաբերությունները։ Ուստի պետք է խուսափենք ամուսնական անհավատարմության տանող առաջին քայլից՝ այլ անհատի մասին անպատշաճ բաներ մտածելուց (Հոբ 31։1)։

18. ա) Ի՞նչ իմաստով է ամուսնական անհավատարմությունը նման կեղծ աստվածներին երկրպագելուն։ բ) Եհովան ի՞նչ տեսակետ ունի ամուսնական անհավատարմության վերաբերյալ։

18 Հին Իսրայելում, ըստ Մովսիսական օրենքի, կողակցին դավաճանելը շատ լուրջ մեղք էր, նույնքան լուրջ, որքան կեղծ աստվածներին երկրպագելը։ Երկու մեղքերի դեպքում էլ մահապատիժ էր սահմանված (Ղևտական 20։2, 10)։ Ի՞նչ իմաստով էր ամուսնական դավաճանությունը նման կեղծ աստվածներին երկրպագելուն։ Երբ իսրայելացին երկրպագում էր կեղծ աստվածներին, այդպիսով դրժում էր Եհովային հավատարիմ մնալու իր խոստումը։ Իսկ երբ դավաճանում էր իր կողակցին, դրժում էր նրան հավատարիմ մնալու խոստումը (Ելք 19։5, 6; 2 Օրենք 5։9; կարդա Մաղաքիա 2։14)։ Հստակ է, որ անցյալում Եհովան ամուսնական անհավատարմությունը շատ լուրջ մեղք էր համարում։

19. Ի՞նչը կօգնի, որ վճռենք երբեք չդավաճանել մեր կողակցին։

19 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Թեև մենք Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն ամուսնական անհավատարմության վերաբերյալ Եհովայի տեսակետը չի փոխվել։ Ճիշտ ինչպես մենք երբեք չենք երկրպագի որևէ կեղծ աստծու, այդպես էլ երբեք չպետք է դավաճանենք մեր կողակցին (Սաղմոս 51։1, 4; Կողոսացիներ 3։5)։ Եթե դավաճանենք մեր կողակցին, անպատվություն կբերենք թե՛ մեր ամուսնությանը, թե՛ Եհովա Աստծու անվանը (տես Ծանոթագրություն 26)։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՑՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԴ

20. Իմաստությունը ի՞նչ դեր կարող է ունենալ ամուսնական կյանքում։

20 Ինչպե՞ս կարող ես ավելի ամրացնել ընտանիքդ։ Աստծու Խոսքում գրված է. «Տունը իմաստությամբ կկառուցվի և խորաթափանցությամբ կհաստատվի» (Առակներ 24։3)։ Տունը կարող է լինել ցուրտ ու դատարկ կամ ջերմ, հարմարավետ ու ապահով։ Նույնը կարելի է ասել նաև ամուսնության մասին։ Իմաստուն մարդը ամեն բան կանի, որ ապահով, ջերմ և հաճելի միջավայր ստեղծի իր ամուսնական կյանքում։

21. Ինչպե՞ս կարող են գիտելիքները ամրացնել ամուսնությունը։

21 «Առակներ» գրքում նաև գրված է. «Գիտելիքների շնորհիվ [տան] ներքին սենյակները ամեն տեսակ թանկարժեք ու հաճույք պատճառող արժեքավոր բաներով կլցվեն» (Առակներ 24։4)։ Աստվածաշնչից ստացած գիտելիքները կարող են օգնել քեզ, որ բարելավես ամուսնական կյանքդ (Հռոմեացիներ 12։2; Փիլիպպեցիներ 1։9)։ Երբ դու և կողակիցդ միասին կարդում եք Աստվածաշունչը և մեր հրատարակությունները, քննարկեք՝ ինչպես կարող եք կիրառել ձեր սովորածը։ Մտածեք՝ ինչպես կարող եք միմյանց հանդեպ սեր ու հարգանք ցույց տալ, լինել բարի ու հոգատար։ Խնդրեք Եհովային, որ օգնի զարգացնելու այնպիսի հատկություններ, որոնք կամրացնեն ձեր ամուսնությունը և ձեզ ավելի սիրելի կդարձնեն միմյանց համար (Առակներ 15։16, 17; 1 Պետրոս 1։7)։

Ամուսինը իր կնոջ հետ աղոթում է նախքան ընտանեկան երկրպագությունը սկսելը

Ընտանեկան երկրպագություն անելիս Եհովայից աղոթքով առաջնորդություն խնդրեք

22. Ինչո՞ւ պետք է մեր կողակցին վերաբերվենք սիրով, հարգանքով և արժանապատվորեն։

22 Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ սիրով, հարգանքով և արժանապատվորեն վերաբերվենք մեր կողակցին։ Այդ դեպքում մեր ամուսնական միությունը ավելի ջերմ և ամուր կդառնա։ Եվ որ ավելի կարևոր է, այդպես կուրախացնենք Եհովային (Սաղմոս 147։11; Հռոմեացիներ 12։10)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

1 ՔՈ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԻՎ ԲԵՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

«Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։8)

Ի՞նչը կարող է օգնել, որ լուծեք ամուսնական կյանքում առաջացած խնդիրները։

  • Ժողովող 5։4; Մատթեոս 19։4–6

    Ամեն ընտանիքում էլ խնդիրներ լինում են։ Բայց մի՛ շտապիր մտածել, որ քո ամուսնությունը ձախողված է։

  • Սաղմոս 25։4; Եսայիա 48։17, 18; Մատթեոս 6։33, 34

    Եթե ամուսինն ու կինը ավելի մտերմանան Եհովայի հետ, նրանց ամուսնական միությունն էլ կամրանա։

2 ՔՈ ԽՈՍՔԵՐՆ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՔՈ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ

«Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)

Ինչպե՞ս կարող ես խուսափել կողակցիդ ցավ պատճառելուց։

  • Մատթեոս 5։28; Եփեսացիներ 4։31

    Հավատարիմ մնա կողակցիդ անգամ սրտիդ խորքում։ Իմացիր՝ ինչ է զգում ու մտածում նա։ Եթե իմանում ես, որ որևէ հարցում ցավ ես պատճառում նրան, պատրաստ եղիր փոխվելու։

  • Գաղատացիներ 5։15

    Ինչ խոսք, երբեք չես ցանկանա ցավ պատճառել կողակցիդ՝ լինի դա ֆիզիկապես, թե զգացապես։ Ցավեցնող խոսքերը վնասում են ամուսնական փոխհարաբերությունները։

  • Առակներ 5։18; Եբրայեցիներ 13։4

    Եհովան ամուսնական անհավատարմությունը լուրջ մեղք է համարում։ Պետք է վճռես հավատարիմ մնալ կողակցիդ և ձեր ամուսնական միությունը թանկ համարես։ Անկասկած, երբեք չես ցանկանա անպատվություն բերել Եհովայի անվանը կամ քո կողակցին։

3 ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ՔՈ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

«Տունը իմաստությամբ կկառուցվի» (Առակներ 24։3)

Ի՞նչ կարող ես անել, որ ամուր ու երջանիկ ընտանիք ունենաս։

  • Առակներ 24։4; Մատթեոս 6։14, 15; Հռոմեացիներ 12։2; 1 Պետրոս 3։1

    Ժամանակ հատկացրու կողակցիդ ու հաղորդակցվիր նրա հետ։ Նրան վերաբերվիր ջերմությամբ, բարությամբ ու հարգանքով։ Սովորիր արագ ներել։

  • Առակներ 14։1; 31։29; Փիլիպպեցիներ 1։9; 2։4; 1 Պետրոս 3։7

    Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ դառնալ ավելի լավ ամուսին կամ կին։ Մտածիր, թե ինչպես կարող ես ավելի բարի ու հոգատար լինել։

  • Հռոմեացիներ 12։10; 1 Պետրոս 4։8

    Եթե հնարավոր ամեն ձևով ցույց տաս կողակցիդ, որ թանկ ես համարում և հարգում ես նրան, կամրացնես ձեր միությունը և կուրախացնես Եհովային։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը