1 ԵՆՈՔ
Նա քայլեց Աստծու հետ
ԵՆՈՔԸ լավ գիտեր, թե ինչ է միայնության զգացումը։ Նա խիստ տարբերվում էր իր ժամանակակիցներից և միակն էր այդ օրերում, ում մասին Աստվածաշունչն ասում է, որ նա «շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ»։ Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր։ Մի՞թե աննշան մարդ արարածը կարող էր քայլել Աստծու հետ։ Ինչպե՞ս կարող է Ենոքի օրինակն օգնել մեզ, որ քաջ լինենք։
Ենոքը քայլեց ճշմարիտ Աստծու հետ առնվազն երկու կերպով՝ որոշ բաներ չանելով և որոշ բաներ անելով։ Ենոքը չնմանվեց աստվածամերժ աշխարհին ու չձուլվեց շրջապատին։ Նա, Ադամից ու Եվայից հաշված, յոթերորդ սերունդն էր, և նրա կենդանության օրոք Ադամը դեռ ողջ էր, թեև զառամյալ ծերունի էր (տես «Նահապետների օրերից մինչև դատավորներ» ժամանակագրական սանդղակը)։ Այդ օրերի մարդիկ վարակվել էին իրենց նախածնողների ըմբոստ ոգով։ Ադամի ու Եվայի որդին՝ Կայենը, սպանել էր իր հարազատ եղբայր Աբելին՝ Աստծու հանդեպ մեծ հավատ ունեցող առաջին մարդուն։ Կայենի ժառանգներից ոմանք նրա պես դաժան էին, դեռ մի բան էլ ավելին (Ծննդ. 4։23, 24)։ Սակայն քաջ Ենոքը չընկավ իր օրերի դաժան մարդկանց ազդեցության տակ։ Նա խաղաղասեր մարդ էր, վեհ արժեքներին անդավաճան, ուստի և հաճելի էր Աստծուն։
Ենոքի ծննդից մի քանի սերունդ առաջ «մարդիկ սկսել էին կանչել Եհովայի անունը» (Ծննդ. 4։26)։ Ըստ երևույթին, նրանք Աստծու անունը գործածում էին կեղծ պաշտամունքի մեջ աստվածանարգ կերպով։ Ենոքը չէր մասնակցում այդ ամենին։ Նա սիրում ու խորապես հարգում էր Եհովայի սուրբ անունը և այդպիսով ակնհայտ տարբերվում էր իր ժամանակակիցներից։
Երբ Ենոքի հայտնած լուրը մահաշունչ ատելության ալիք բարձրացրեց, Եհովան գործի անցավ, որ պաշտպանի նրան
Բայց Ենոքից է՛լ ավելի մեծ քաջություն պահանջվեց, որ աներ Եհովայի հանձնարարությունը՝ լիներ նրա մարգարեն։ Ենոքը պետք է մի լուր հայտներ իրենից մեծապես տարբերվող այդ չար մարդկանց։ Ի՞նչ լուր էր դա. «Ահա Եհովան եկավ իր տասնյակ հազարավոր սուրբ հրեշտակների հետ, որպեսզի դատի ամենքին և Աստծուց չվախեցողներին դատապարտի իրենց աստվածանարգ գործերի ու բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որոնցով Աստծուց չվախեցող այդ մեղավորները վիրավորեցին նրան»։
Նկատիր, որ Ենոքի հայտնած մարգարեական խոսքերը ձևակերպված էին անցյալ ժամանակով, ասես Աստծու դատաստանն արդեն իսկ կատարված պատմական իրողություն լիներ։ Դա երաշխիք էր, որ Ենոքի հաղորդած այդ խոսքերը իրականություն էին դառնալու։ Դրանք խիստ դատաստանի մասին գույժ էին։ Ենոքը օգտագործեց «Աստծուց չվախեցող» և «աստվածանարգ» արտահայտությունները։ Այս խոսքերն անկասկած բորբոքեցին նրան լսողների բարկությունը։ Չնայած դրան՝ Ենոքը քաջաբար հայտնեց այն, ինչ Եհովան ուզում էր՝ մարդիկ լսեին։
Ինչպիսի՞ն եղավ արձագանքը։ Թեև Աստվածաշնչում այդ մասին հստակ չի նշվում, բայց այնտեղ կարդում ենք. «Իսկ հետո [Ենոքին] այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան»։ Այս տողերից եզրակացնում ենք, որ Ենոքի կյանքը վտանգվել էր։ Ի՞նչ էր պատահել։ Ըստ երևույթին, այդ չար մարդիկ սկսել էին հալածել Ենոքին։ Բայց Եհովան թույլ չտվեց, որ նրան վնասեն կամ դաժանորեն սպանեն։ Սիրուց մղված՝ նա ազատեց իր թանկագին ընկերոջը նրան սպառնացող վտանգներից՝ նրա վրա մահվան խաղաղ քուն բերելով։ Այդպես Ենոքը մնաց Եհովայի հիշողության մեջ՝ ապահով ու զերծ ամեն տեսակ վնասներից։
Սակայն մինչ այդ Եհովան Ենոքին մի առանձնահատուկ նվեր էր պարգևել։ Կարդում ենք. «Աստված փոխադրել էր նրան, իսկ մինչ այդ նա հավաստիացում էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն»։ Թերևս Եհովան տեսիլքի միջոցով Ենոքին ցույց էր տվել նրան սպասող հիասքանչ ապագան. խաղաղ կյանք՝ դրախտ երկրում։ Եվ այսպես, փակելով աչքերը, Ենոքը խորասուզվեց մահվան քնի մեջ՝ լի համոզվածությամբ, որ Եհովան սիրում է իրեն և գնահատում ամուր հավատի ու անսասան քաջության համար։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Ենոքն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Մարդիկ թերևս ի՞նչ իմաստով «սկսեցին կանչել Եհովայի անունը» (Ծննդ. 4։26; w01 9/15, էջ 29, պրբ. 3)։
2. Ենոքը առաջինն էր, ով մի առանձնահատուկ հանձնարարություն ստացավ։ Ի՞նչ էր դա, և ինչի՞ շնորհիվ նա կարողացավ կատարել այն (w01 9/15, էջ 31, պրբ. 5)։
3. Ինչո՞ւ է հավանական, որ Ենոքը նախքան մարգարե դառնալը արդեն գիտեր, որ իր քաջությունը փորձվելու է (w06 10/1, էջ 19, պրբ. 13-14)։ Ա
նկար Ա
4. Ոմանք ասում են, որ Աստված Ենոքին երկինք է տարել։ Ինչպե՞ս կբացատրես, որ այդ պնդումը սխալ է (Հովհ. 3։13; Եբր. 11։5, 13)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Քարոզելու համար հատկապես ե՞րբ է քաջություն անհրաժեշտ։ Ի մտի ունենալով Ենոքի օրինակը՝ ի՞նչը կարող է օգնել մեզ այդ ժամանակ։ Բ
նկար Բ
Ի՞նչ է զգում Եհովան, երբ քաջաբար քայլում ենք իր հետ (Առակ. 27։11; Եբր. 11։5)։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ենոքի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Ենոքին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ենոքի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել քեզ բռնության բախվելիս։
«Ընդօրինակիր հավատի տեր մարդկանց, ոչ թե անհավատներին—Ենոքին, ոչ թե Ղամեքին» (2։53)
Իմացիր, թե ինչն օգնեց Ենոքին ամուր հավատ զարգացնել։
«Քայլենք Աստծու հետ այս անհանգիստ ժամանակներում» (w05 9/1, էջ 13-17)