2 ՆՈՅ
Նա դատապարտեց աշխարհը
ԵՆՈՔԻ մահից որոշ ժամանակ անց երկնքում Աստծու ոգեղեն որդիներից ոմանք ըմբոստություն բարձրացրին։ Կրքերով բորբոքված չարամիտ հրեշտակները, մարդկային մարմին հագած, իջան երկիր և սկսեցին կնության առնել բոլոր նրանց, ում ուզում էին։ Նրանց միությունից խառնածին սերունդ առաջ եկավ՝ դաժան և կատաղի հսկաներ, որոնց նեֆիլիմներ էին կոչում։ Դրա հետևանքով առանց այն էլ ապականված մարդկային սերունդը է՛լ ավելի չարացավ։ Աստծու աչքում իր չքնաղ ստեղծագործությունը՝ մարդկային հասարակությունը, կորցրեց երբեմնի գեղեցկությունը։ Բայց կար մի մարդ, ով խիստ տարբերվում էր իր ժամանակակիցներից՝ Ենոքի ծոռ Նոյը։
Նոյը Ենոքի պես արդար մարդ էր։ Նրա մասին գրված է. «Նա ճշմարիտ Աստծու հետ էր քայլում»։ Ժամանակի ընթացքում նա ամուսնացավ և երեք որդի ունեցավ։ Լավ օրինակ լինելով՝ Նոյն ու իր կինը սովորեցրին նրանց հնազանդվել Եհովային։ Դրա համար էլ նրանց ընտանիքը աչքի էր ընկնում շրջապատում։
Մի օր Եհովան ասաց Նոյին, որ որոշել է ջրհեղեղով վերացնել չար մարդկանց։ Բայց նա նաև ցանկանում էր արդարներին փրկել կործանումից, ուստի պատվիրեց Նոյին մի տապան կառուցել, որը վիթխարի արկղի տեսք էր ունենալու։ Այդ համաշխարհային ջրհեղեղը, որի մասին նախազգուշացրեց Եհովան, աննախադեպ էր լինելու։ Նոյը երբևէ նման բան չէր տեսել, ո՛չ էլ այդպիսի լայնամասշտաբ շինարարության էր ձեռնամուխ եղել։ Բայց քանի որ վստահում էր Եհովայի խոստումներին, գործի անցավ։
Նոյն ու իր ընտանիքը սարսափազդու հակառակորդներ ունեին, ովքեր ատում էին թե՛ նրանց արած գործը, թե՛ հայտնած լուրը
Նոյից ու նրա ընտանիքից քաջություն էր պահանջվում այս գործը գլուխ բերելու համար։ Ըստ ամենայնի, նրանք ուժգին հակառակության և ծաղրուծանակի էին բախվում։ Մարդու մարմին հագած հրեշտակները, անշուշտ, սարսափազդու թշնամիներ էին, իսկ նրանց որդիները՝ բիրտ ու դաժան ագրեսորներ։ Բայց Նոյը, նրա հավատարիմ կինը, երեք որդիները և հարսները աննահանջ աշխատում էին։ Տասնամյակներ շարունակ՝ թերևս մոտ 50 տարի աշխատելով՝ այս ութ հոգին աստիճանաբար վեր խոյացրին տապանը։
Այդ ընթացքում Նոյը լուռ չէր մնում։ Աստվածաշունչը այս նահապետին «արդարության քարոզիչ» է կոչում։ Որպես տան գլուխ՝ նա օրինակ էր ծառայում իր ընտանիքին՝ մարդկանց նախազգուշացնելով մոտալուտ կործանման մասին։ Սակայն ոչ ոք ականջ չդրեց նրան։ Անգամ Նոյի բարեկամներից շատերը անտարբեր մնացին։ Մարդիկ չէին ցանկանում հրաժարվել իրենց չար ապրելակերպից։ Այս հավատարիմ տղամարդու և նրա ժամանակակիցների միջև սարուձորի տարբերություն էր։ Զարմանալի չէ, որ Աստվածաշնչում Նոյի մասին ասվում է. «Իր հավատով նա դատապարտեց աշխարհը և այդ հավատի շնորհիվ արդար հայտարարվեց»։
Վերջապես շինարարությունը ավարտին հասավ։ Այժմ Նոյն ու իր ընտանիքը պետք է տապանը լցնեին իրենց և կենդանիների համար անհրաժեշտ պաշարներով։ Աստված հայտնեց, որ յոթ օրից անձրև է տեղալու, ու ժամանակն է, որ Նոյն իր ընտանիքի հետ տապան մտնի։ Եվ ահա մի զարմանալի բան եղավ։ Բոլոր տեսակի կենդանիները սկսեցին ինքնուրույն գալ դեպի տապան։ Նրանք «զույգերով՝ արու և էգ, Նոյի մոտ՝ տապան մտան»։
Միայն պատկերացրու, թե Նոյի ընտանիքը ինչ իրարանցման մեջ էր։ Օգտագործելով վերջին րոպեները՝ նրանք շտապում էին բարձել մնացած պաշարները և դասավորել տապանում եղածը։ Հավանաբար այդ ընթացքում ծաղրուծանակը ավելի էր ուժգնանում։ Բայց շուտով ծաղրողները պապանձվեցին, երբ Եհովան անձամբ փակեց բեռնված տապանի դուռը։ Սկսեց հորդ անձրև տեղալ։ Ջրերը, հեղեղելով ողջ երկիրը, 40 օր շարունակ բարձրանում էին, մինչև որ ծածկեցին անգամ բարձրաբերձ լեռները։ Այդպիսով Եհովան երկրից սրբեց չարությունը։
Ավելի քան մեկ տարի տապանը Նոյի ու նրա ընտանիքի ապահով հանգրվանն էր։ Այդ ընթացքում ջրերը աստիճանաբար նահանջում էին, և շուտով տապանը կանգ առավ Արարատի լեռներում։ Վերջապես Եհովան ասաց Նոյին, որ արդեն կարող են ելնել տապանից։ Երբ նրանք դուրս եկան, զոհ մատուցեցին Եհովային՝ ի երախտագիտություն իրենց փրկության։ Եհովան խոստացավ, որ այլևս երբեք ջրհեղեղ չի բերի և որպես իր խոստման երաշխիք՝ երկնքում ծիածան կամարեց։
Երկրի երեսին ապրող ամեն ոք Նոյի ընտանիքից է առաջ եկել։ Ուստի երախտապարտ ենք նրանց, որ քաջություն դրսևորեցին ու չվախեցան տարբերվել չար աշխարհից։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Նոյն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչպիսի՞ն էր աշխարհը նախքան Ջրհեղեղը (w02 3/1, էջ 5, պրբ. 3-էջ 6, պրբ. 4)։
2. Նոյը ե՞րբ ստացավ տապան կառուցելու հանձնարարությունը։ Նա ե՞րբ իմացավ Ջրհեղեղի սկսվելու կոնկրետ ժամանակը (w12 4/15, էջ 23, պրբ. 5-8)։
3. Ինչո՞ւ ենք համոզված, որ Ջրհեղեղն իսկապես եղել է (ijwbq, հոդված 156, պրբ. 2-5, շրջանակ)։ Ա
Historic Collection/Alamy Stock Photo
նկար Ա։ Համաձայն հինդուական լեգենդի՝ մի մարդ նավ է կառուցում, որ փրկվի համաշխարհային մի ջրհեղեղից։ Ջրհեղեղից հետո նա զոհ է մատուցում և դառնում բոլոր մարդկանց նախահայրը
4. Ջրհեղեղից մեկ դար անց ի՞նչ տեղի ունեցավ։ Դա թերևս ինչպե՞ս անդրադարձավ տարեց Նոյի վրա (it, «Նոյ», պրբ. 12)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Մեր ժամանակներն ինչո՞վ են նման Նոյի օրերին (Մատթ. 24։36-39)։
Նոյի օրինակից ի՞նչ ես սովորում հետևյալ հատկությունների կարևորության մասին.
կազմակերպվածություն Գ
նկար Գ
աշխատասիրություն Դ
նկար Դ
համբերատարություն Ե
նկար Ե
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Նոյի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Նոյին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Տես, թե ընտանիքի գլուխը ինչպես է ջանում ընդօրինակել Նոյին։
«Ընդօրինակիր հավատի տեր մարդկանց, ոչ թե անհավատներին—Նոյին, ոչ թե նրա շրջապատի մարդկանց» (2։57)
Օգնիր երեխաներիդ սովորել Նոյի օրինակից։
«Նոյը հավատ է դրսևորում Աստծու հանդեպ» (ijwis, պատմություն 18)