13 ՀԵՍՈՒ
Նա հետևեց արտասովոր հրահանգների
ՀԵՍՈՒԻ հայացքն ուղղված էր Երիքովին՝ այն քաղաքին, որը Աստծու հրամանով իսրայելացիները պետք է նվաճեին ու կործանեին։ Նա հիշում էր, թե Եհովան ինչ էր ասել իրեն Մովսեսի մահից առաջ. «Քաջ և ամուր եղիր» (2 Օրենք 31։23)։ Եհովան որոշ ժամանակ առաջ էլ էր նման մի բան ասել. «Քաջ և շատ ամուր եղիր» (Հեսու 1։7)։ Հեսուն իսկապես որ պետք է հավաքեր իր ողջ քաջությունը։ Ինչո՞ւ։
Երիքովը այնքան էլ մեծ չէր, բայց կարևոր նշանակություն ուներ. հենց այդ քաղաքից էր Իսրայելը սկսելու Խոստացված երկրի՝ Քանանի նվաճումը։ Այդ քաղաքը շրջապատված էր մեծ, ամուր պարսպով, որից ներս ծաղկում էր անօրենությունը։ Դարեր առաջ Եհովան Աբրահամի հետ խոսել էր «ամորհացիների» մասին՝ նկատի ունենալով Քանանի ողջ ժողովրդին, և ասել էր, որ նրանց «մեղքը դեռ չի հասել իր գագաթնակետին»։ Բայց գալու էր նրանց պատժելու ժամանակը, և Եհովան դատաստան էր տեսնելու նրանց հետ (Ծննդ. 15։16)։ Այդ ժամանակը արդեն եկել էր. Քանանի բնակիչները զբաղվում էին կռապաշտությամբ, տաճարային մարմնավաճառությամբ, միասեռականությամբ, արյունապղծությամբ, անասնապղծությամբ և նույնիսկ երեխաներ էին զոհաբերում իրենց գարշելի աստվածներին։ Նրանք այնքան նողկալի էին դարձել, որ իրենց իսկ երկիրը կարծես այլևս չէր դիմանում և պետք է փսխեր նրանց (Ղևտ. 18։3, 6, 21-27)։ Ինչպե՞ս էր դա լինելու։
Եհովան պարսպապատ քաղաքի նվաճման հետ կապված այնպիսի հրահանգներ տվեց Հեսուին, որոնք ռազմական տեսանկյունից խելամիտ չէին
Եհովան դատաստանն իրագործելու էր Հեսուի և նրա հավատարիմ զինակիցների միջոցով։ Այդ ռազմիկները պատրաստ էին հետևել Եհովայի հրահանգներին։ Երկիրը չարագործներից մաքրելու Եհովայի առաջին քայլը լինելու էր Երիքովի դեմ կռիվը։ Բայց Եհովան Հեսուին շատ արտասովոր հրահանգներ էր տվել. պատվիրել էր ոչ թե անմիջապես հարձակվել, ոչ թե երկար ժամանակ պաշարել քաղաքը, այլ պարզապես շարային քայլով պտտվել դրա շուրջը։ Նրանք պետք է այդպես վեց օր պտտվեին՝ օրը մեկ անգամ։ Քահանաներն էլ պետք է պտտվեին նրանց հետ. քահանաներից ոմանք պետք է տանեին տապանակը, ոմանք էլ պետք է եղջերափող հնչեցնեին։ Իսկ յոթերորդ օրը բոլորը պետք է քաղաքի շուրջը պտտվեին յոթ անգամ ու հետո աղաղակեին։
Մարդկային ու ռազմական տեսանկյունից՝ այդ մարտավարությունը կարող էր անտրամաբանական թվալ Հեսուին, ով որոշակի մարտական փորձ ուներ։ Նա գուցե մտածեր. «Իսկ եթե պարտվե՞նք։ Քանանացիների մյուս քաղաքների բնակիչները դրանից չե՞ն հանդգնանա ու նույնիսկ հարձակման անցնեն»։
Սակայն Եհովան Հեսուին արդեն իսկ բավարար հիմքեր էր տվել իրեն վստահելու։ Օրինակ՝ Հեսուի ուղարկած երկու հետախույզները հաղորդել էին, որ Երիքովի մարդկանց ուժգին վախ է համակել իսրայելացիների հանդեպ, ու նրանք ահից նվաղել են։ Բացի այդ՝ Եհովան հրաշքով կանգնեցրել էր Հորդանան գետի հոսքը, որպեսզի իսրայելացիները կարողանան անցնել։
Հեսուն անկասկած մտածել էր այս ամենի մասին։ Եվ քանի որ բոլոր հիմքերն ուներ վստահելու Եհովային, որոշել էր հնազանդվել նրան։ Ուստի նա իր զորքին խիզախորեն առաջնորդեց դեպի Երիքով։ Նրանք սկսեցին շարային քայլով պտտվել քաղաքի շուրջը, և այդ ընթացքում քահանաները հնչեցնում էին եղջերափողերը։ Բայց քաղաքը լուռ էր, հարձակման ահից «ամուր փակված»։ Հաջորդ օրը Հեսուի առաջնորդությամբ իսրայելացիները ևս մեկ պտույտ գործեցին քաղաքի շուրջը, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր։ Եվ այդպես՝ վեց օր շարունակ։
Եկավ յոթերորդ օրը։ Այդ օրը Հեսուի բանակը Երիքովի շուրջը պտտվեց յոթ անգամ։ Եվ յոթերորդ պտույտի ավարտին Հեսուն գոչեց. «Աղաղակե՛ք, որովհետև Եհովան այս քաղաքը ձեզ է տվել»։ Հանգուցալուծումը երկար սպասել չտվեց։ Կարդում ենք. «Հենց որ ժողովուրդը.... բարձր ձայնով գրոհի կոչ արձակեց, պարիսպը հիմնահատակ փլուզվեց»։
Հեսուն և իր մարդիկ ներխուժեցին քաղաք և կործանեցին ամեն շնչավոր էակի, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր։ Եհովայի օգնությամբ Հեսուն ու իր զորքը մեկը մյուսի հետևից քաղաքներ էին նվաճում և պարտության մատնում ազգերի։ Եհովան վերջապես մաքրում էր երկիրը չարագործ «ամորհացիների մեղքից»։
Բայց Երիքովի պարսպի մի փոքր հատված կանգուն էր մնացել։ Ինչո՞ւ։ Պատճառը մի կնոջ բացառիկ հավատն ու քաջությունն էր։ Նրա մասին կիմանանք հաջորդ գլխում։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հեսուն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Աստծու ներշնչմամբ գրի առնված ի՞նչ գրվածքներ էին թերևս առկա Հեսուի օրերում, որոնցից նա կարող էր օգտվել (w09 12/1, էջ 17, պրբ. 4, ծնթ.)։ Ա
նկար Ա
2. Նախքան իսրայելացիները շարային քայլով կպտտվեին Երիքովի շուրջը, Եհովան ի՞նչ ցուցումներ տվեց Հեսուին։ Ինչո՞ւ այդ ցուցումները գուցե այնքան էլ խելամիտ չթվային (Հեսու 5։2-8; w18.10, էջ 23, պրբ. 5-7)։
3. Ի՞նչ ապացույցներ կան, որ Երիքովը միայն կարճ ժամանակով է պաշարված եղել (w15 11/15, էջ 13)։ Բ
Kennedy, Titus (2023). The Bronze Age Destruction of Jericho, Archaeology, and the Book of Joshua. Accessed via researchgate.net. Licensed under CC BY 4.0
նկար Բ։ Երիքովում հայտնաբերված սափորներ, որոնց մեջ այրված հացահատիկ է
4. Հեսու 6։26-ում գրված Երիքովի մասին մարգարեությունը ինչպե՞ս կատարվեց (w98 10/1, էջ 29, պրբ. 8)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Ինչո՞ւ էր Հեսուն Եհովայի խոստումների նկատմամբ լիակատար համոզվածությամբ լցված (Հեսու 23։14)։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ նույնպիսի համոզվածություն ունենալ։
Հեսուի օրինակը ինչպե՞ս է մեզ օգնում հետևել Աստծու կազմակերպությունից եկող հրահանգներին։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հեսուի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հեսուին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Հեսուի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ պատրաստ լինենք սովորել տարեցներից, վստահենք Աստծու խոստումներին և հավատարիմ մնանք նրան, նույնիսկ երբ հավատակիցները ցավ են պատճառում մեզ։
Օգնիր երեխաներիդ օգտակար բաներ սովորել Հեսուի կյանքի կարևոր իրադարձություններից։