22 ՀՈՎՆԱԹԱՆ
Նվիրված մնալու համար նա պետք է քաջ լիներ
ԵՐԿՈՒ զինված մարդ արագ մագլցում էին կիրճի ժայռոտ, զառիվեր լանջով։ Նրանք պատրաստվում էին հարձակվել փղշտացիների մի ամբողջ կայազորի վրա։ Այդ ամենի նախաձեռնողը Հովնաթանն էր՝ Իսրայելի առաջին թագավոր Սավուղի որդին, իսկ նրա ուղեկիցը իր քաջ զինակիրն էր, որին ոգեշնչել էին Հովնաթանի հետևյալ խոսքերը. «Եհովայի համար ոչ մի խոչընդոտ չկա. նա կարող է փրկել ինչպես շատերի, այնպես էլ քչերի միջոցով»։ Շուտով Եհովան փաստեց Հովնաթանի խոսքերի ճշմարտացիությունը։ Ընդամենը 2 հոգով նրանք մոտ 20 զինվոր սպանեցին։ Ու դա Աստծու ժողովրդի համար ավելի մեծ հաղթանակի ճանապարհ հարթեց։
Հենց միայն այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ բացառիկ քաջություն ուներ Հովնաթանը։ Բայց նա իր կյանքի այլ իրավիճակներում էլ այդ հատկանիշը դրսևորեց։ Նա նվիրված մարդ էր, իսկ նվիրված լինելու համար շատ հաճախ քաջություն է անհրաժեշտ։ Հովնաթանը նվիրված էր իր հորը՝ Սավուղին, բայց ժամանակի ընթացքում Սավուղը սխալ ուղու վրա կանգնեց ու սկսեց չհնազանդվել Եհովային։ Այդ իրավիճակում Հովնաթանը պետք է քաջաբար ցույց տար, որ իր համար ավելի առաջնային էր Եհովային նվիրված լինելը։
Տասնամյակներ անց, երբ Հովնաթանը արդեն հավանաբար 50-ին մոտ էր, ընկերացավ երիտասարդ Դավթի հետ։ Դրանից անմիջապես առաջ այդ երիտասարդը սպանել էր փղշտացի մի հսկայի՝ Գողիաթին, և այժմ Սավուղն ու ողջ ժողովուրդը, անկասկած, գովասանքներով էին ողողում նրան։ Ի՞նչ էր զգում Հովնաթանը այդ ժամանակ։ Նրա մեջ նախանձի ոչ մի նշույլ չառաջացավ։ Հակառակը, նա Դավթին տվեց իր ռազմական հանդերձանքն ու զենքերը, այդ թվում՝ աղեղը։ Այդ վերջինը յուրահատուկ նվեր էր, քանի որ Հովնաթանը, ըստ ամենայնի, հայտնի աղեղնավոր էր։ Թեև Դավթի ու Հովնաթանի միջև մոտ 30 տարվա տարբերություն կար, նրանք ընկերության երդում տվեցին միմյանց, որը նրանցից ոչ մեկը երբևիցե չդրժեց։
Երկընտրանքի առաջ կանգնելով՝ Հովնաթանը Եհովային նվիրված մնալը իր հոր հանդեպ նվիրվածությունից վեր դասեց
Սկզբում Սավուղն էլ էր սիրում Դավթին։ Բայց շուտով նրա սերը թառամեց, և դրա փոխարեն աճեցին նախանձի թունավոր մոլախոտերը։ Սավուղը ակնկալում էր, որ Հովնաթանն էլ կփոխի Դավթի հանդեպ իր վերաբերմունքը։ Բայց Հովնաթանը մնաց Դավթի նվիրված ընկերը, չնայած գիտեր, որ Եհովան իր փոխարեն նրան էր ընտրել որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Երբ Սավուղն ասաց, որ մտադրվել է սպանել Դավթին, Հովնաթանը թիկունք կանգնեց իր ընկերոջը՝ լավը խոսելով նրա մասին։ Իսկ դրա համար մեծ քաջություն էր պահանջվում, քանի որ, թեև Սավուղը արդեն տարիքն առած էր, բայց դեռևս ուժեղ ռազմիկ էր։ Օրինակ՝ մի անգամ, երբ Հովնաթանը նորից խոսեց ի պաշտպանություն իր ընկերոջ, Սավուղը նիզակ նետեց իր սեփական որդու վրա։ Թագավորը վրիպեց, բայցևայնպես նրա արարքը մինչև հոգու խորքը խոցեց Հովնաթանին։ Հասկանալով, որ հայրը հաստատ վճռել է սպանել Դավթին, Հովնաթանը՝ որպես նվիրված ընկեր, գնաց ու Դավթին տեղեկացրեց այդ մասին։ Նա նաև ցույց տվեց իր վստահությունը Դավթի հանդեպ՝ խնդրելով հոգ տանել իր ընտանիքին, եթե հանկարծ իրեն մի բան պատահեր։
Սավուղի հետապնդումների պատճառով Դավիթը ստիպված եղավ փախուստի դիմել։ Թագավորը նույնիսկ իր զորքին ներգրավեց Դավթին հետապնդելու գործում՝ ստիպելով նրան փախչել մի թաքստոցից մյուսը։ Հովնաթանը երբևիցե մասնակցե՞լ է Դավթի դեմ ձեռնարկված այդ արշավանքներին։ Դա չափազանց անհավանական է, և Աստվածաշնչում նման բան չի հիշատակվում։ Դեռ ավելին՝ Աստվածաշնչում ասվում է, որ մի անգամ Հովնաթանը, իմանալով, թե որտեղ է թաքնված Դավիթը, գնաց նրան տեսնելու և «օգնեց նրան զորանալ Եհովայով»։ Նա ասաց իր ընկերոջը. «Մի՛ վախեցիր. իմ հայրը՝ Սավուղը, չի գտնի քեզ։ Դու կդառնաս Իսրայելի թագավորը, իսկ ես քեզնից հետո երկրորդը կլինեմ»։ Հետո երկու ընկերները հրաժեշտ տվեցին իրար։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։
Դրանից շատ չանցած, երբ փղշտացիները հարձակվեցին իսրայելացիների վրա, Հովնաթանը ցույց տվեց Եհովայի հանդեպ իր նվիրվածությունը՝ իր հոր հետ կողք կողքի կռվելով ընդդեմ Աստծու ժողովրդի իրական թշնամիների։ Բայց Սավուղը այնքան էր հեռացել Եհովայից, որ նույնիսկ ոգեհարցի էր դիմել։ Այդ ամենի պատճառով նա զրկվել էր Եհովայի օրհնությունից, ուստի պարտություն կրեց։ Կռվի ժամանակ նա ծանր վիրավորվեց և հետո ինքնասպան եղավ։ Նույն օրը կռվի դաշտում ընկան նաև նրա երեք որդիները, այդ թվում՝ Հովնաթանը։
Երբ Դավիթն իմացավ եղելությունը, նրա սիրտը վշտից կտոր-կտոր եղավ։ Նա մի ողբերգ հյուսեց, որում արտահայտում էր իր խոր ցավը ու իր թանկ ընկերոջ հանդեպ մեծ սերը։ Նա այդ երգն անվանեց «Աղեղ»՝ հավանաբար ի հիշատակ տարիներ առաջ Հովնաթանի տված նվերի։ Դավիթն այսպիսի խոսքեր գրեց. «Սիրտս ցավո՜ւմ է քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան։ Դու ինձ համար շատ սիրելի էիր»։ Դավիթը պահեց իր ընկերոջը տված խոստումը։ Երբ թագավոր դարձավ, սկսեց հարցուփորձ անել, թե Հովնաթանի տնից ով կա ողջ մնացած։ Եվ գտավ նրա որդուն, որը կաղ էր։ Դավիթը այդ որդուն՝ Մեմփիբոսթեին, բերել տվեց իր մոտ, բնակեցրեց Երուսաղեմի մոտակայքում և այդուհետ միշտ հոգ տարավ նրա մասին՝ փաստելով Հովնաթանի հանդեպ իր հավատարմությունը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հովնաթանն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ովքե՞ր էին փղշտացիները (w95 2/1, էջ 31)։
2. Ինչպե՞ս է 1 Սամուել 13։21-ում գրված «փիմ» բառը փաստում աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը (w05 3/15, էջ 29)։ Ա
նկար Ա։ Փիմի կշռաքար
3. Մաքմասի կիրճն անցնելը ինչո՞ւ գուցե դժվար լիներ։ Ի՞նչն է թերևս օգնել Հովնաթանին անել դա (it, «Մաքմաս», պրբ. 4)։ Բ
Todd Bolen/BiblePlaces.com
նկար Բ։ Մաքմասի կիրճի հավանական վայրը
Նկար Բ։ Մաքմասի կիրճի հավանական վայրը
Todd Bolen/BiblePlaces.com
4. Դավիթն ի՞նչ քայլեր ձեռնարկեց Հովնաթանին տված իր խոստումը պահելու համար (it, «Մեմփիբոսթե», № 2, պրբ. 1)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հովնաթանը Եհովային նվիրված մնալը ավելի առաջնային համարեց, քան իր հոր հանդեպ նվիրվածությունը։ Ե՞րբ գուցե նվիրվածության հարցում նմանատիպ երկընտրանքի առաջ կանգնենք։ Գ
նկար Գ
Դավթի հետ Հովնաթանի հարաբերություններից ի՞նչ ես սովորում՝
ընկերության մասին,
խոնարհության մասին,
նվիրվածության մասին։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովնաթանի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հովնաթանին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ինչի՞ շնորհիվ էր Հովնաթանի ու Դավթի միջև ամուր ընկերություն ձևավորվել։ Ի՞նչ կարող ենք անել, որ մենք էլ ունենանք այդպիսի ընկերական հարաբերություններ։
Օգնեք ձեր երեխաներին պատկերացնել Հովնաթանի կյանքի դեպքերը և մտածել, թե ինչ կարող են սովորել դրանցից։