24 ԱԲԻԳԵԱ
Նա չվախեցավ երկու տղամարդկանց ցասումից
ԱԲԻԳԵԱՆ երկու քարի արանքում էր հայտնվել. մի կողմից նրա ամուսինն էր՝ Նաբաղը, մյուս կողմից՝ Դավիթը՝ Իսրայելի ապագա թագավորը։ Նաբաղը բռի, դաժան և անմիտ մարդ էր, իսկ Դավիթը, թեև Եհովային հավատարիմ, բարի անձնավորություն էր, բայց ցասումով էր լցված։ Նրան Նաբաղն էր զայրացրել, ինչի հետևանքով Աբիգեայի բոլոր տնեցիներին մեծ վտանգ էր սպառնում։ Աբիգեան ոչ միայն գեղեցկությամբ էր օժտված, այլև խոհեմությամբ։ Բայց նա բավական քաջություն կունենա՞ր, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր ստեղծված օրհասական դրությունից ելք գտնելու համար։
Աբիգեան հասունացող փոթորկի մասին տեղեկացավ, երբ ծառաներից մեկը եկավ իր մոտ ու ասաց, որ Դավիթը 400 զինված մարդկանցով գալիս է հաշվեհարդար տեսնելու Նաբաղի ու «նրա ամբողջ տան» հետ։ Բանն այն է, որ նա Նաբաղից ուտելիք էր խնդրել ու մերժում ստացել, թեև նրա խնդրանքը ողջամիտ էր ու պատշաճ։ Չէ՞ որ Դավիթն ու իր մարդիկ պարսպի պես պաշտպանել էին հարուստ Նաբաղին, նրա հովիվներին և բազմաթիվ հոտերը։ Չնայած Դավիթը Սավուղ թագավորի անհիմն հալածանքների պատճառով փախուստի մեջ էր, բայց որպես Եհովայի նվիրված ծառա՝ Իսրայելի տարածքն ու ժողովրդին հավատարմորեն պաշտպանում էր զավթիչներից ու ավազակախմբերից։ Եվ հիմա նա սիրալիր խնդրանքով իր մարդկանց ուղարկել էր Նաբաղի մոտ, որ վերջինս իրենց ուտելիք տա, բայց Նաբաղը գոռգոռացել ու վիրավորական խոսքեր էր ասել նրանց, նույնիսկ Դավթին կոչել էր իր տիրոջից փախչող ծառա։
Նաբաղի ծառաները հասկանում էին, որ անիմաստ է խոսել իրենց տիրոջ հետ և համոզել, որ փոխի իր միտքը։ Նրանցից մեկը նույնիսկ անկեղծորեն խոստովանեց դա Աբիգեային՝ ասելով. «Նա այնքան անպիտան մարդ է, որ նրա հետ խոսելն անհնար է»։ Բայց ծառան վստահ էր, որ Աբիգեան կլսի և խելամտորեն կգործի։ Ի՞նչ կաներ այդ խոհեմ կինը։
Աբիգեան խուճապի չմատնվեց, բայց և հասկանում էր, որ պետք է արագ գործի։ Նա Դավթի ու նրա մարդկանց համար առատաձեռնորեն ուտելիքի մեծ պաշար հավաքեց, բարձել տվեց ավանակների վրա և այդ ամենը ծառաների հետ ուղարկեց Դավթին։ Ինքն էլ, ավանակ հեծած, գնաց նրանց հետևից։ Աբիգեան Նաբաղին ոչինչ չասաց, քանի որ գիտեր, որ նա չէր թողնի իրեն ճիշտ վարվել։
Աբիգեան ընդառաջ գնաց մի խումբ ռազմիկների, որոնք խիստ վրդովված էին իր անմիտ ամուսնու հասցրած վիրավորանքից
Եվ ահա Աբիգեան իջնում էր լեռան արահետով, իսկ այդ ընթացքում լեռը փակում էր նրան Դավթի ու նրա մարդկանց տեսադաշտից։ Բայց շուտով նրանք դեմառդեմ հանդիպեցին։ Աբիգեան իսկույն իջավ ավանակի վրայից և մոտեցավ ցասումով լցված ռազմիկ առաջնորդին։ Նա ծնկի գալով խոնարհվեց Դավթի առաջ և նրա ոտքերն ընկած աղաչեց, որ լսի իրեն։ Աբիգեայի խոնարհությունը անկասկած զինաթափ արեց Դավթին։
Ստեղծված անախորժ իրավիճակի համար Աբիգեան ողջ մեղքն իր վրա վերցրեց և ասաց, որ Դավիթը արդարացիորեն է բարկացել իր ամուսնու վրա նրա անշնորհք ու անմիտ վարմունքի համար։ Եվ վստահ լինելով, որ Դավիթը մեծ հավատ և ակնածանք ունի Եհովայի հանդեպ՝ Աբիգեան նշեց, որ Եհովան հաստատ չի ուզում՝ Դավիթն անմեղ արյուն թափի և հետագայում խղճի խայթից տառապի։ Նաև ավելացրեց, որ Եհովան Դավթին Իսրայելի գահին կնստեցնի ու նրա թագավորական տունը հաստատուն կդարձնի, իսկ նրա թշնամիներին պարտության կմատնի։ Աբիգեայի խոսքերից ակնհայտ էր, որ նա գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել որպես Իսրայելի հաջորդ թագավոր։
Նրա իմաստուն և բարի խոսքերը հանդարտեցրին Դավթի ցասումը։ Դավիթն ասաց. «Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց»։ Ապա գովեց Աբիգեային նրա խոհեմության համար և խոնարհաբար ընդունեց նրա իմաստուն խորհուրդը։ Նա ասաց. «Ես լսեցի քեզ և կկատարեմ քո խնդրանքը»։
Նաբաղը այդ ամենի մասին ոչինչ չգիտեր։ Նա գիշերը կերուխումի մեջ էր եղել և «լավ հարբած էր»։ Աբիգեան սպասեց մինչև առավոտ, երբ Նաբաղը սթափ կլիներ, թեև, միևնույն է, նրա վայրագ էությունը չէր փոխվի։ Հետո Աբիգեան ամեն ինչ պատմեց նրան։ Ո՞վ գիտի, գուցե նա մտովի նախապատրաստվել էր, որ Նաբաղը կբորբոքվի, կգոռգոռա և նույնիսկ բռնության կդիմի։ Բայց նման բան տեղի չունեցավ։ Կարդում ենք. «[Նաբաղի] սիրտը մեռած մարդու սրտի պես եղավ. կաթվածահար լինելով՝ նա քարի պես անշարժ դարձավ»։ Իսկ մոտ տասը օր անց «Եհովան մահվան մատնեց Նաբաղին, ու նա մեռավ»։ Այդպիսով Եհովան Նաբաղին պատժեց Իր օծյալ ծառային չարությամբ վերաբերվելու համար։ Նաև այդպես նա օրհնեց Աբիգեային՝ ազատելով սարսափելի ամուսնուց։
Եհովան Աբիգեայի համար այլ օրհնություններ էլ էր պատրաստել։ Նաբաղի մահվան մասին լուրն իմանալով՝ Դավիթը խնդրեց Աբիգեային դառնալ իր կինը։ Նա էլ համաձայնեց։ Այդպիսով Աբիգեան ունեցավ բարի ու հոգատար ամուսին, որը պատրաստ էր պաշտպանել նրան։ Օրինակ՝ մի անգամ, երբ Աստծու ժողովրդի թշնամիները նրան առևանգեցին, նրա քաջ ամուսինը անհապաղ օգնության հասավ ու փրկեց նրան։ Հետագայում Դավիթը դարձավ թագավոր, նախ՝ Հուդայի, ապա՝ ամբողջ Իսրայելի, Աբիգեան էլ նրա համար որդի լույս աշխարհ բերեց։ Այո՛, Եհովան վարձատրեց Աբիգեային նրա քաջության և իմաստության համար։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Աբիգեան ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Թերևս ինչպե՞ս էր եղել, որ Աբիգեան ամուսնացել էր Նաբաղի հետ (ia, էջ 77, պրբ. 6)։
2. Ինչպիսի՞ արարողություն էր ոչխարներին խուզելը, որի ժամանակ Դավիթը Նաբաղից ուտելիք խնդրեց (w97 7/1, էջ 14, պրբ. 4)։ Ա
նկար Ա։ Ոչխար խուզելը ուրախ իրադարձություն էր
Նկար Ա։ Ոչխարներին խուզելը ուրախ իրադարձություն էր
3. Նաբաղն ինչո՞ւ պետք է շնորհակալ լիներ Դավթի ու իր մարդկանց ցուցաբերած օգնության համար (ia, էջ 77-78, պրբ. 9-10)։ Բ
Hanan Isachar/Alamy Stock Photo
նկար Բ։ Կարմեղոսի շուրջբոլորը չոր, բլրաշատ տեղանք էր
4. Ի՞նչ նկատի ուներ Աբիգեան՝ ասելով, որ Եհովան Դավթի «կյանքը ապահով կպահի իր մոտ՝ կյանքի քսակում» (1 Սամ. 25։29; it, «Կյանք», պրբ. 45)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Ամուսիններն ի՞նչ կարող են սովորել Դավթից, ով լսեց Աբիգեայի խորհուրդը։ Գ
նկար Գ
Ոչ Վկա ամուսին ունեցող քույրերն ի՞նչ կարող են սովորել Աբիգեայից։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Աբիգեայի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Աբիգեային, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ոչ Վկա կողակից ունեցող քրիստոնյան ինչպե՞ս կարող է ամրացնել իր ամուսնական կապը։
Աբիգեան օգնեց Դավթին, որ զսպի իր զայրույթը։ Իմացիր, թե ինչը կօգնի, որ դու էլ զսպես զայրույթդ, երբ քեզ վիրավորում են կամ զայրացնում։
«Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը» (w14 12/1, էջ 12-13)