27 ՄԵՄՓԻԲՈՍԹԵ
Նա դառնությամբ չլցվեց
ՄԵՄՓԻԲՈՍԹԵՆ հզոր թագավորի թոռ էր և քաջարի ու հավատարիմ մարդու զավակ։ Բայց երբ ընդամենը հինգ տարեկան երեխա էր, նրա կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Մեմփիբոսթեի պապը՝ Սավուղ թագավորը, վիրավորվեց պատերազմում և ինքնասպան եղավ։ Այդ նույն պատերազմում զոհվեց նաև տղայի հայրը՝ Հովնաթանը։ Երբ Մեմփիբոսթեի դայակը լսեց այդ ցավալի լուրը, վերցրեց երեխային ու խուճապահար փախուստի դիմեց։ Այդ իրարանցման պահին երեխան ընկավ նրա ձեռքից, ու ոտքերը շատ լուրջ վնասվեցին։ Այդպես նա ողջ կյանքում հաշմանդամ մնաց։
Բայց այդ տառապանքներից Մեմփիբոսթեն դառնությամբ չլցվեց։ Նա երախտապարտ էր իր կյանքում եղած ամեն լավ բանի համար։ Մաքիր անունով մի իսրայելացի բարություն դրսևորեց նրա հանդեպ՝ օթևան տալով իր հարկի տակ։ Հետագայում Դավիթ թագավորը հիշեց, որ իր սիրելի ընկերոջը՝ Մեմփիբոսթեի հայր Հովնաթանին, խոստացել է հոգ տանել նրա տնեցիների մասին (1 Սամ. 20։14-17)։ Ուստի գտավ Մեմփիբոսթեին ու իր մոտ կանչեց։
Մեմփիբոսթեն վախեցած էր այդ հրավերից, քանի որ իր պապը՝ Սավուղը, մի ժամանակ հալածել էր Դավթին։ Թերևս Մեմփիբոսթեն մտածում էր, որ թագավորն ուզում է սպանել իրեն։ Այդուհանդերձ նա հնազանդվեց ու գնաց թագավորի մոտ։ Դավիթը բարությամբ խոսեց նրա հետ և դեռ մի բան էլ նրան վերադարձրեց իր պապ Սավուղի հողերը։ Թագավորը նույնիսկ ասաց Մեմփիբոսթեին. «Դու միշտ իմ սեղանի՛ց հաց կուտես»։ Երախտագիտությամբ լի սրտով՝ Մեմփիբոսթեն հարցրեց, թե ինչու է թագավորը այդպիսի մեծ պատվի արժանացնում իր նման աննշան մեկին։ Նա նույնիսկ իրեն համեմատեց մեռած շան հետ, քանի որ կարծում էր, որ արժանի չէ այդ ամենին։
Մանկությունից հաշմանդամ դարձած Մեմփիբոսթեն բախվեց հարազատի կորստի ցավին, դավաճանության և անարդարության
Սակայն որոշ ժամանակ անց դարձյալ փոթորկոտ ժամանակներ եկան։ Դավթի որդին՝ Աբիսողոմը, խռովություն բարձրացրեց, և թագավորը ստիպված եղավ փախչել Երուսաղեմից։ Մեմփիբոսթեի ծառան՝ Սիբան, գնաց իր աջակցությունը ցույց տալու Դավթին, բայց իր տիրոջը չտարավ իր հետ։ Մեմփիբոսթեն առանց օգնության չէր կարող գնալ Դավթի հետևից, բայց նա այլ կերպով ցույց տվեց Դավթի հանդեպ իր նվիրվածությունը և իր մեծ վիշտը տեղի ունեցածի համար։ Նա չէր կտրում իր մորուքն ու բեղերը, ինչը սովորաբար սուգ պահելու նշան էր։ Ի վերջո Աբիսողոմի ապստամբությունը ճնշվեց, և Դավիթն ապահով վերադարձավ Երուսաղեմ։ Բայց նա խորապես հիասթափված էր Մեմփիբոսթեից։ Ինչո՞ւ։
Երբ Սիբան գնացել էր Դավթին օգնելու, նրա առաջ զրպարտել էր իր տիրոջը։ Նա Մեմփիբոսթեին որպես դավաճան էր ներկայացրել՝ ասելով, թե նա մնացել է Երուսաղեմում, քանի որ թագավոր դառնալու հույսեր է փայփայում։ Կարելի է պատկերացնել՝ ինչ էր զգացել Դավիթը։ Նրան դեռ վերջերս դավաճանել էր իր սեփական որդին, հետո էլ՝ վստահելի ընկերն ու խորհրդատուն՝ Աքիտոփելը։ Դավաճանություն՝ դավաճանության հետևից։ Ուստի Դավիթն արդեն վատթարագույնն էր սպասում բոլորից։ Եվ նա հրամայել էր, որ Մեմփիբոսթեի ժառանգությունը՝ Սավուղ թագավորի ողջ ունեցվածքը, փոխանցվի Սիբային։
Մեմփիբոսթեն իմացել էր Սիբայի զրպարտության մասին, ու երբ թագավորը վերադարձավ, նա անձամբ գնաց նրան դիմավորելու։ Մեմփիբոսթեն ուզում էր վիրավորված արքային պատմել, թե ինչ էր եղել իրականում։ Եվ երբ Դավիթը նրանից բացատրություն պահանջեց, թե ինչու իր հետ չի հեռացել Երուսաղեմից, նա բացատրեց, որ իր ծառան՝ Սիբան, խաբել է իրեն ու չի տարել իր հետ, իսկ ինքը, կաղ լինելով, մենակ չէր կարող գնալ։ Դավիթը հավանաբար նկատեց, որ Մեմփիբոսթեն անխնամ է թողել իր բեղերն ու մորուքը։ Իսկ դա նշան էր, որ Մեմփիբոսթեն իսկապես վշտի մեջ էր եղել թագավորի համար, ոչ թե նրա դեմ դավադրություն էր ծրագրել։ Բայց այդ ամենից նյարդայնացած՝ թագավորը Մեմփիբոսթեին կտրուկ ասաց, որ էլ չխոսի այդ թեմայով։ Հետո նա ուղղեց իր կայացրած սխալ որոշումը, բայց միայն մասամբ։ Նա հրամայեց, որ Մեմփիբոսթեն ու Սիբան իրար մեջ բաժանեն Սավուղի կալվածքը։
Ժառանգությունը կիսել իրեն զրպարտած դավաճան ծառայի՞ հետ։ Այս միտքը կարող էր խորապես վիրավորել ու վրդովեցնել Մեմփիբոսթեին։ Չէ՞ որ անարդարության բախվելով՝ մարդը սովորաբար դառնությամբ է համակվում (2 Օրենք 19։18, 19)։ Բարոյական ուժ և քաջություն է անհրաժեշտ, որ մարդ ոչ թե ինքնախղճահարությամբ լցվի ու կենտրոնանա իր հանդեպ արված սխալների վրա, այլ մտածի ավելի կարևոր բաների մասին, օրինակ՝ խաղաղությունը պահպանելու։ Ինչպե՞ս կվարվեր Մեմփիբոսթեն այս իրավիճակում։
Նա Դավթին պատասխանեց ամենամեղմ խոսքերով. «Թող [Սիբան] ամբողջը վերցնի։ Ինձ համար բավական է այն, որ իմ տեր թագավորը խաղաղությամբ իր տուն է վերադարձել»։ Այս խոնարհ մարդու համար ամենակարևորը Եհովայի արդար իշխանությունը ներկայացնող թագավորի բարօրությունն էր ու նրան թիկունք կանգնելը։ Նա թույլ չտվեց, որ զրպարտությունը կամ ունեցվածքի կորուստը դառնացնի իր սիրտը ու խանգարի հավատարմորեն ծառայել Եհովային։ Ճիշտ է, այս մարդը երբևիցե սուր չէր մերկացրել ռազմի դաշտում, բայց պատերազմ մղած շատ մարտիկներից էլ քաջ էր ու մեծ կամքի ուժ ուներ։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Մեմփիբոսթեն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Նախքան Դավթի մոտ բերվելը Մեմփիբոսթեն ապրում էր «Մաքիրի տանը»։ Ի հավելումն այս փաստի՝ է՞լ ինչն է ցույց տալիս, որ Մաքիրը Աստծուն հավատարիմ և հյուրասեր մարդ էր (2 Սամ. 9։3, 4; it, «Մաքիր», № 2)։
2. Մեմփիբոսթեն ինչո՞ւ իրեն համեմատեց «մեռած շան» հետ (2 Սամ. 9։8; it, «Շուն», պրբ. 5)։ Ա
PhotoStock-Israel/Photodisc via Getty Images
նկար Ա։ Հին Իսրայելում շները պիղծ կենդանիներ էին համարվում, քանի որ ինչ ասես ուտում էին
3. Հաշվի առնելով Մեմփիբոսթեի էությունն ու նրա ստացած դաստիարակությունը՝ ինչո՞ւ ենք եզրակացնում, որ նա երբևիցե չէր փորձի զավթել իշխանությունը (w02 2/15, էջ 14, պրբ. 11, ծնթ.)։ Բ
նկար Բ։ Հովնաթանը հավանաբար Մեմփիբոսթեին պատմել էր, թե Եհովան ում է թագավոր ընտրել
4. Այս պատմության մեջ նկարագրված դեպքերից հետո Եհովան ինչպե՞ս օրհնեց Մեմփիբոսթեին (it, «Մեմփիբոսթե», № 2, պրբ. 3)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Շատերը տառապում են դեպրեսիայով կամ այլ դժվարություններ ունեն, և հավատակիցները գուցե ամբողջությամբ չհասկանան նրանց ապրումները։ Մեմփիբոսթեի օրինակը ինչո՞վ է ուսանելի և մխիթարական նրանց համար։
Ընդամենը մեկ տեղեկության հիման վրա Դավիթը Մեմփիբոսթեի ունեցվածքը տվեց ուրիշի։ Այս դեպքը ինչպե՞ս է ցույց տալիս, թե որքան վտանգավոր է հապճեպ գործելը, և թե ինչու է կարևոր տեղեկանալ բոլոր փաստերին։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մեմփիբոսթեի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Մեմփիբոսթեին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Իմացիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել Մեմփիբոսթեին, երբ զգում ես, որ քեզ հետ անարդար են վարվել։
Եթե երեխան զգում է, որ ընդունված չէ շրջապատում, ծնողներն ինչպե՞ս կարող են Մեմփիբոսթեի պատմության միջոցով օգնել նրան։