31 ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ԱՂՋՆԱԿԸ
Նա գերի էր, բայց համարձակությամբ խոսեց
ՄԵՆՔ չգիտենք նրա անունը, բայց գիտենք նրա կյանքում տեղի ունեցած մի կարևոր դեպքի մասին։ Նա մի փոքրիկ աղջիկ էր, ով ապրում էր Իսրայելում Հովրամ թագավորի իշխանության օրոք։ Թագավորն ու ժողովուրդը ըմբոստացել էին Եհովայի դեմ, ուստի Եհովան թույլ տվեց, որ ասորիները բազմիցս հարձակվեն երկրի վրա, կողոպտեն ու գերեվարեն ժողովրդին։ Ասորի զավթիչները գերեվարեցին նաև այդ փոքրիկ աղջկան ու իրենց հետ տարան Ասորիք։
Կարելի է պատկերացնել, թե որքան վախեցած էր աղջիկը, և ինչ խոր ցավ էր ապրում նրա ընտանիքը։ Նա դարձավ հզոր զորագլուխ Նեեմանի սեփականությունը, և Նեեմանը նրան որպես աղախին տվեց իր կնոջը։ Երեխան թերևս փորձում էր համակերպվել իր նոր կյանքին։ Նա ակներևաբար նկատում էր, որ այդ ընտանիքը մեծ վշտի մեջ է։ Նեեմանը տառապում էր սարսափելի հիվանդությամբ՝ բորոտությամբ։ Այդ հիվանդությունը այլանդակում էր մարդուն և որոշ դեպքերում նույնիսկ անբուժելի էր։
Անգամ գերության մեջ, կեղծ աստվածներ պաշտող մարդկանցով շրջապատված՝ նա կարեկից ու քաջ գտնվեց
Թեև աղջիկը հասկանում էր, որ Նեեմանը իսրայելացիների թշնամին է, բայց ցավում էր նրա ու նրա ընտանիքի համար։ Այդ փոքրիկ իսրայելուհին իսկապես մեծ սիրտ ուներ։ Եվ նա գիտեր, որ այդ իրավիճակից ելք կա։ Թերևս աղջնակի ծնողները նրան պատմել էին, թե Եհովայի տված զորությամբ Եղիսե մարգարեն ինչ զորավոր բաներ է արել։ Իհարկե, նա չգիտեր՝ Եղիսեն երբևիցե նման հիվանդություն բուժել էր, թե ոչ, բայց վստահ էր, որ իր Աստվածը՝ Եհովան, կարող է իր մարգարեին հարկ եղած զորությունը տալ ցանկացած բան անելու համար։
Հնարավոր է՝ աղջիկը տատանվում էր. խոսե՞ր, թե՞ ոչ։ Նա հասկանում էր, որ դա կարող է վտանգավոր լինել։ Նեեմանը պաշտում էր ասորական Ռեմոն աստծուն և Ասորիքի թագավոր Բենադադին էլ կանոնավոր տանում էր Ռեմոնի տաճար, որ նա պաշտամունք մատուցի այնտեղ։ Ասորիները հավատում էին, որ Ռեմոնը ամպրոպի ու փոթորկի զորեղ աստված է։ Եթե աղջիկը պատմեր Եհովայի մասին ու ասեր, թե նա ինչ կարող է անել, ի՞նչ կզգար Նեեմանը։ Գուցե մտածեր, որ նա նկատի ունի, թե Եհովան իր աստված Ռեմոնից ուժեղ է, ու վիրավորվեր դրանից։ Ուստի աղջկան քաջություն էր պետք։ Թերևս նա աղոթեց Եհովային դրա համար և համարձակորեն խոսեց իր տիրուհու հետ՝ ասելով. «Երանի՜ թե իմ տերը գնար Սամարիայում գտնվող մարգարեի մոտ։ Այդ ժամանակ նա կբուժեր նրան բորոտությունից»։
Աստվածաշնչում աղջկա այս մի քանի խոսքերն են արձանագրված, ու թեև դրանք պարզ են ու հակիրճ, բայց աներևակայելի արդյունքներ բերեցին։ Անմիջապես այդ խոսքերից հետո կարդում ենք, որ Նեեմանը մոտեցավ թագավորին և հայտնեց աղջկա ասածները։ Թագավորն էլ Նեեմանին Իսրայել ուղարկեց և նրան տվեց Հովրամ թագավորին ուղղված պաշտոնական նամակ, որում խնդրում էր բուժել Նեեմանին։
Նեեմանի գնալուց հետո նրա ընտանիքը անհանգիստ սպասման մեջ էր։ Իսկ փոքրիկ աղջիկը անկասկած նորից ու նորից աղոթում էր Եհովային՝ խնդրելով, որ Նա իր զորավոր գործերով Նեեմանին ցույց տա, որ ինքն է ճշմարիտ Աստվածը։ Այդպես անցան օրեր, գուցե և շաբաթներ։ Եվ ահա մի օր Նեեմանը վերջապես վերադարձավ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հուզիչ իրարանցում էր ամբողջ ընտանիքում, երբ նրանք տեսան, որ Նեեմանը բուժվել է։ Հիվանդությունից այլանդակված նրա մաշկը հիմա արդեն մաքուր էր, փոքր տղայի մաշկի պես թարմ ու առողջ։
Հետո Նեեմանը հավանաբար սկսեց պատմել ողջ եղելությունը։ Աղջիկը, ըստ ամենայնի, կլանված լսում էր այդ պատմությունը, թե Եղիսեն ինչպես է ընդունել զորագլուխ Նեեմանին և տվել հրահանգներ, որոնք փորձել էին նրա խոնարհությունը և անգամ վրդովեցրել նրան, թե ինչպես էին Նեեմանի ծառաները համոզել նրան կատարել մարգարեի պարզ ցուցումները, ինչպես էր նա յոթ անգամ սուզվել Հորդանան գետում և դուրս եկել ամբողջովին բուժված։ Եվ այդ ողջ պատմության մեջ աղջկա համար ամենաուրախալին այն էր, որ Նեեմանը վճռել էր այդուհետ երկրպագել Եհովա Աստծուն։
Ամեն ինչ եղավ շնորհիվ այն բանի, որ այդ փոքրիկ աղջիկը քաջաբար խոսեց իր Աստծու և նրա մարգարեի մասին։ Ճիշտ է, մենք չգիտենք նրա անունը, բայց Եհովան անշուշտ գիտի։ Եվ եթե մենք էլ այդ դեռատի իսրայելուհու պես քաջ լինենք և հավատարիմ մնանք Եհովային, մեր աչքով կտեսնենք նրան նոր աշխարհում, երբ հարություն առնի։ Ի՜նչ հաճելի կլինի անձամբ խոսել նրա հետ, իմանալ նրա անունը և նրա կյանքի ողջ պատմությունը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Իսրայելացի աղջնակը ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչո՞ւ գուցե ասորիները ահազդու և տարօրինակ թվային փոքրիկ աղջկան (w96 5/15, էջ 8, պրբ. 3)։ Ա
Courtesy of Musée du Louvre, Paris
նկար Ա։ Հնագույն ասորական կուռք, հնարավոր է՝ Ռեմոն աստվածն է
2. Ի՞նչ է լինում բորոտությամբ տառապող մարդուն (it, «Բորոտություն», պրբ. 3-5)։
3. Եղիսեն ինչո՞ւ չընդունեց Նեեմանի նվերը (w05 8/1, էջ 9, պրբ. 2)։
4. Ինչո՞ւ էր Եղիսեն վստահ, որ Եհովան կների Նեեմանին Ռեմոնի առաջ խոնարհվելու համար (2 Թագ. 5։18, 19; w05 8/1, էջ 9, պրբ. 3)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Նեեմանը Իսրայելի վրա հարձակված ասորական բանակի զորագլուխներից էր, բայց Եհովան բուժեց նրան։ Այս դեպքից ի՞նչ ենք սովորում Եհովայի գթասրտության ու անկողմնակալության մասին։ Գ
նկար Գ
Փոքրիկ աղջկա օրինակն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ խոսես քո հավատի մասին, անգամ եթե վախենում ես։
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել իսրայելացի աղջնակի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ իսրայելացի աղջկան, երբ նա հարություն առնի։a
Բացահայտիր ավելին
Այն, որ իսրայելացի աղջկա անունը չի հիշատակվում, նշանակո՞ւմ է արդյոք, որ նա այդքան էլ կարևոր չէր Եհովայի համար։
«Ինչո՞ւ Աստվածաշնչում ոմանց անունները չեն նշվում» (w13 8/1, էջ 10)
Իմացիր, թե ինչպես կարող են երեխաները իսրայելացի աղջկա պես քաջ լինել։
a Եթե աղջիկը մեծացել և չափահաս է դարձել, ըստ ամենայնի, նա հարություն կառնի որպես չափահաս։