33 ՀՈՎԻԱԴԱ
Նա պաշտպանեց օրինական գահաժառանգին
ՀՈՎԻԱԴԱՆ տարեց էր, բայց դեռևս ուժը տեղն էր, ու Եհովային ծառայելու և ճիշտն անելու եռանդը բոցավառվում էր նրա մեջ։ Նա Երուսաղեմի տաճարում քահանայապետ էր՝ Աստծու ժողովրդի հոգևոր առաջնորդը։ Բայց նրա օրերում երկիրը լի էր կռապաշտությամբ ու չարագործությամբ։
Չարագործության տարածման գլխավոր մեղավորներից էր Գոթողիա անունով մի կին։ Նրա ծնողները Իսրայելի Աքաաբ թագավորն ու Հեզաբել թագուհին էին, որոնք այնքան չար էին, որ Եհովան վճռել էր բնաջնջել նրանց ողջ դինաստիան։ Թեև Գոթողիան ամուսնացել էր Հուդայի թագավորի հետ, նա ատում էր մաքուր երկրպագությունը։ Գոթողիայի ամուսնու մահից հետո գահին նստեց նրա որդին, բայց Եհովան նրան մահվան դատապարտեց։ Այդ ժամանակ Գոթողիան ինքը զավթեց գահը, թեև Եհովան միայն տղամարդկանց էր թագավոր նշանակում, բացի այդ՝ գահի օրինական ժառանգորդն պետք է լիներ Դավթի տոհմից։ Իր դիրքերն ամրապնդելու համար Գոթողիան որոշեց ճանապարհից վերացնել բոլոր մրցակիցներին։ Նա նույնիսկ հրամայեց սպանել իր իսկ թոռներին, քանի որ նրանք կարող էին լինել գահի հավակնորդ։
Քահանայապետն ու նրա կինը, վտանգելով իրենց կյանքը, անօգնական երեխային պաշտպանեցին արյունարբու թագուհուց
Հովիադան ամուսնացած էր Հոսաբեեի՝ մի համարձակ կնոջ հետ, ով թագավորական ընտանիքից էր։ Հոսաբեեն և Հովիադան չէին կարող հանգիստ նայել, թե ինչպես է Դավթի թագավորական տոհմը բնաջնջվում։ Չէ՞ որ Եհովան խոստացել էր, որ Դավթի սերունդը հավիտյան է թագավորելու (2 Սամ. 7։12, 13)։ Ուստի Հոսաբեեն որոշեց փրկել օրինական ժառանգներից մեկին՝ փոքրիկ մի երեխայի, որը դեռ մեկ տարեկան էլ չկար։ Հավաքելով քաջությունը՝ նա մանկանը գաղտնաբար դուրս հանեց թագավորական պալատից։ Հետո երեխային ու նրա դայակին բերեց իր ամուսնու՝ Հովիադա քահանայապետի մոտ։ Հովիադան այդ անգին մանկանը թաքցնելու համար հատկացրեց տաճարի սենյակներից մեկը, որը հեռու էր մարդկանց աչքից։
Վեց տարի շարունակ երեխան՝ Հովասը, ապրեց Աստծու տանը՝ Հովիադայի պաշտպանության ներքո։ Այդ ողջ ընթացքում նրանց բոլորի կյանքը վտանգի տակ էր, որովհետև եթե գաղտնիքը բացահայտվեր, Գոթողիան իր իշխանությունը պաշտպանելու համար ոչնչի առաջ կանգ չէր առնի։ Բայց ահա եկավ ժամանակը, երբ Հովիադան պետք է վճռական քայլեր ձեռնարկեր։ Նա կանչեց հինգ հավատարիմ զորագլուխների և նրանց հայտնեց կարևոր գաղտնիքը. Դավթի օրինական ժառանգորդներից մեկը ողջ էր։ Նրա կարգադրությամբ տաճարի և դրա մոտակայքի կարևոր նշանակություն ունեցող մասերում ջոկատներ տեղակայվեցին։ Մինչ Հովիադան կատարում էր թագադրման արարողությունը, 500 զինվորներ, որոնք սպառազինված էին տաճարից վերցված վահաններով ու զենքերով, ամեն կողմից պաշտպանում էին տղային։ Երբ Հովասը թագադրվեց, բուռն ծափահարությունների և ուրախ բացականչությունների մեծ ալիք բարձրացավ։ Այդ ձայները լսելով՝ Գոթողիան անմիջապես եկավ տաճար։
Տաճարի գավիթ մտնելուն պես Գոթողիան իսկույն գլխի ընկավ՝ ինչ է կատարվում, և իշխանությունը իր ձեռքում պահելու վերջին հուսահատ փորձն արեց։ Նա բղավեց՝ «Դավադրությո՜ւն է։ Դավադրությո՜ւն», թեև հենց ինքն էր իրական դավադիրը։ Եթե նա հույս էր փայփայում, թե աջակցություն կգտնի, ապա շատ իզուր։ Հովիադան շարունակեց քաջաբար ու հաստատակամությամբ գործել։ Նա զորագլուխներին կարգադրեց տաճարից դուրս հանել չար թագուհուն։ Նրանք էլ դուրս տարան Գոթողիային ու սպանեցին։ Տարիներ առաջ Եհովան վճռել էր, որ «Աքաաբի ամբողջ տունը ոչնչանալու էր» (2 Թագ. 9։8)։ Եվ Գոթողիան այդ չարագործ ընտանիքից թերևս վերջինն էր, որ սպանվեց։
Բայց Հովիադան չսահմանափակվեց այդ հաղթանակով։ Նա նախաձեռնեց, որ ժողովուրդն ու թագավորը Եհովայի հետ հավատարմության ուխտ կապեն։ Այնուհետև նրա հրահանգով քարուքանդ արեցին Բահաղի տաճարը և սպանեցին քահանային։ Իսկ հետագա տարիներին Հովիադան ամեն կերպ օգնեց Հովասին, որ նա լավ մարդ մեծանա և Եհովային հավատարիմ թագավոր լինի։ Հովիադա քահանայապետը մինչև իր կյանքի վերջ լավ ազդեցություն ունեցավ Հովասի վրա։ Հովիադան մահացավ 130 տարեկանում։ Նրան մեծ պատվի արժանացրին՝ թաղելով Երուսաղեմում իշխած թագավորների կողքին։
Ցավոք, այդ հավատարիմ մարդու մահից հետո Հովասը սխալ ուղի բռնեց։ Հուդայի կռապաշտ իշխանների ազդեցության տակ ընկնելով՝ նա սկսեց կեղծ աստվածների պաշտամունք խրախուսել։ Նա ուշադրություն չդարձրեց մարգարեներին, ովքեր փորձում էին ուղղել իրեն։ Եվ երբ Հովիադայի որդի Զաքարիան, համարձակորեն դեմ գնաց թագավորին և հարց ուղղեց ժողովրդին՝ ասելով՝ «Ինչո՞ւ եք խախտում Եհովայի պատվիրանները», թագավորը հրամայեց քարկոծել նրան։ Զաքարիան մինչև մահ քաջաբար գործեց, ինչպես իր հայրը։ Դարեր անց Հիսուս Քրիստոսը նրա մասին խոսեց որպես արդար մարդու։ Ակնհայտ է, որ Հիսուսն ու իր Հայրը երբեք չեն մոռանում Հովիադայի ու նրա որդու նման հավատարիմ և խիզախ մարդկանց։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հովիադան ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ըստ որոշ գիտնականների՝ ովքե՞ր էին «կարիական թիկնապահները», որոնք Հովիադային օգնեցին գահընկեց անել և սպանել Գոթողիային (2 Թագ. 11։4, 19; it, «Կարիական թիկնապահներ»)։
2. Հավանաբար ի՞նչ էր «Վկայությունը», և ինչո՞ւ Հովիադան այն դրեց Հովասի գլխին (2 Թագ. 11։12, ծնթ.; w91 2/1, էջ 31, պրբ. 5-6)։ Ա
նկար Ա
3. Հովասն ինչո՞ւ կարգադրեց վերանորոգել Եհովայի տունը (2 Տար. 24։4-7, 11-14; it, «Հովաս», № 1, պրբ. 5)։
4. Եթե Զաքարիան Հովիադայի որդին էր, այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը նրան կոչեց «Բարաքիայի որդի» (Մատթ. 23։35-ի «Բարաքիայի որդի» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հովիադան ըստ ամենայնի արդեն 100-ն անց էր, երբ թաքցրեց Հովասին։ Նրա օրինակն ինչո՞վ է քաջալերական Եհովայի տարեց ծառաների համար (Սաղ. 92։12, 14)։ Բ
նկար Բ
Այն ողջ ընթացքում, երբ Հովասը լսում էր Հովիադային, ճիշտ էր վարվում։ Սա ինչո՞վ է ուսանելի երիտասարդների համար։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովիադայի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հովիադային, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ընկերներ ընտրելու վերաբերյալ երեխաներն ի՞նչ կարող են սովորել Հովասի օրինակից։
«Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային» (w09 4/1, էջ 24-25)
Իմացիր, թե ինչ լավ օրինակ թողեց Հովիադան ճշմարիտ երկրպագության համար նվիրատվություն անելու և այդ միջոցները ճիշտ օգտագործելու հարցում։
«Նվիրատվություններ, որ ջերմացնում են Աստծու սիրտը» (w05 11/1, էջ 26-27)