37 ԴԱՆԻԵԼ
Նա վճռել էր, որ «չի պղծի իրեն»
ԴԱՆԻԵԼԸ հեռու էր իր հայրենի երկրից, տնից-տեղից։ Նրա ընտանիքը բազմաթիվ հրեական այլ ընտանիքների պես Հուդայից գերի էր տարվել հեռավոր Բաբելոն։ Նրանք հավանաբար մոտ չորս ամիս ճանապարհ էին անցել։ Այնտեղ՝ Բաբելոնում, Դանիելին և այլ երիտասարդների բաժանեցին իրենց ընտանիքներից ու տարան մայրաքաղաք։ Դանիելը ընկերացել էր երեք այլ հրեա երիտասարդների՝ Հանանիայի, Միսայելի ու Ազարիայի հետ։ Նրանք շուտով հասկացան, թե ինչն էր բաբելոնացի զավթիչների ուզածը՝ զրկել հրեաներին ինքնությունից և ձուլել իրենց։
Հայրենի երկրից ու ընտանիքից հեռու, ուժգին ճնշման ներքո Դանիելը պետք է փաստեր, որ հավատարիմ է Եհովային
Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը նախևառաջ իր գլխավոր պալատական Ասփանեզին հրամայեց փոխել երիտասարդների անունները։ Եբրայական անունների մեծ մասը ճշմարիտ Աստծուն էր փառաբանում։ Օրինակ՝ Դանիել անունը նշանակում է «իմ դատավորն Աստված է»։ Իսկ բաբելոնական անունները փառաբանում էին այդ երկրի աստվածներին։ Ուստի Դանիելին տվեցին բաբելոնական Բաղդասասար անունը, որն, ըստ ամենայնի, կեղծ աստված Բելին ուղղված աղոթքի մի մաս էր և նշանակում էր «պաշտպանիր թագավորի կյանքը»։ Բացի այդ՝ թագավորը նպատակ ուներ իրենց գաղափարները արմատավորել երիտասարդների մեջ։ Դրա համար էլ Ասփանեզին նշանակեց, որ նրա վերահսկողությամբ երիտասարդներին ուսուցանեին քաղդեացիների գիրն ու լեզուն, որպեսզի նրանք հետագայում կարողանային ծառայել թագավորական պալատում։ Եվ դա դեռ սկիզբն էր։
Թագավորի հրամանով երիտասարդները պետք է սնվեին արքայական ճոխ կերակուրներով՝ ամենաընտիր ուտեստներով, և խմեին նրա բարձրորակ գինուց։ Ոմանք այդպիսի հատուկ վերաբերմունքը գուցե պատիվ համարեին, բայց Դանիելը հասկանում էր, որ բոլոր այդ արտոնությունների հետևում թաքնված վտանգ կար իր և իր երեք ընկերների համար։ Ի՞նչն էր նրան մտահոգում։
Թերևս Դանիելը մտածում էր. «Մեզ գերեվարողները շատ լավ գիտեն, որ Եհովայի օրենքը մեզ թույլ չի տալիս ուտել որոշ բաներ։ Արդյոք նրանք չե՞ն ստիպի խախտել Եհովայի օրենքը՝ մեզ մատուցելով այնպիսի ուտեստներ, որոնք նա անմաքուր է համարում։ Եթե անգամ այնպիսի միս մատուցեն, որ մենք կարող ենք ուտել, արդյոք արյունը ինչպես հարկն է թափված կլինի՞, թե՞ կփորձեն մեզ մոլորեցնել, որ խախտենք արյուն չուտելու վերաբերյալ Եհովայի օրենքը։ Եվ եթե նույնիսկ արյունը ինչպես հարկն է թափված լինի, արդյոք այդ միսն ուտելը չի՞ համարվի մասնակցություն կեղծ պաշտամունքին։ Բացի այդ՝ եթե մեզ այսքան շատ գինի են տալիս, դժվար չի՞ լինի չափը չանցնել և սթափ մնալ»։a
Դանիելը անկասկած շատ աղոթեց այդ ամենի մասին ու խորհրդակցեց իր երեք ընկերների հետ։ Նա «իր սրտում վճռեց», թե ինչ է անելու, որ Եհովայի սիրտը ուրախացնի։ Այնուհետև մոտեցավ Ասփանեզին և նրբանկատորեն ու խոր հարգանքով խնդրեց, որ ինքն ու իր ընկերները չօգտվեն այն կերակուրներից, որոնք կպղծեն իրենց Եհովայի աչքում։ Եհովան Դանիելի հետ էր և այնպես արեց, որ գլխավոր պալատականը բարեհաճ լինի նրա հանդեպ։ Այդուհանդերձ, այդ մարդը անհանգիստ էր, որ եթե երիտասարդները չուտեն իրենց տրված ուտելիքը, գուցե դա վատ անդրադառնա նրանց առողջության վրա, իսկ Նաբուգոդոնոսորը իրենից էր հաշիվ պահանջելու դրա համար։ Դանիելը չառարկեց, բայց հետո նա մի լուծում մտածեց և համարձակորեն առաջարկ արեց այն պահապանին, որին Ասփանեզը նշանակել էր իր և իր ընկերների վերակացու։ Նա խնդրեց, որ հաջորդ տասը օրերին իրենց թույլ տրվի միայն բանջարեղեն ուտել ու ջուր խմել, և ապա իրենց համեմատեն մյուս երիտասարդների հետ։ Պահապանը համաձայնեց այդ փորձարկմանը։
Տասը օր անց արդյունքն ակնհայտ էր։ Այդ չորս երիտասարդները ավելի լավ տեսք ունեին, քան մյուս բոլորը։ Փորձաշրջանը այնքան հրաշալի արդյունքներ բերեց, որ նրանց թույլ տվեցին հետագայում էլ նույն կերպ սնվել։ Ակնհայտ էր, որ Եհովան Դանիելին և իր ընկերներին օրհնում էր նրանց դրսևորած քաջության ու հավատի համար։ Այն, ինչ նրանք սովորեցին այդ իրավիճակից, երբեք չէին մոռանա։
Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, Դանիելի երեք ընկերները հետագայում սարսափազդու փորձության բախվեցին, որի ժամանակ նրանց քաջությունը ավելի շատ փորձվեց։ Դանիելի քաջությունն էլ փորձվեց նրա ապրած մոտ հարյուրամյա կյանքի ընթացքում։ Նա համարձակորեն հայտնեց այն երազների նշանակությունը, որոնք Եհովան տվել էր Նաբուգոդոնոսորին, նույնիսկ երբ դրանք չարագույժ էին այդ հպարտ թագավորի ու նրա իշխանության համար։ Տասնամյակներ անց Դանիելը բացատրեց հրաշքով պատին հայտնված ձեռագիր տեքստը, թեև Աստծուց տրված այդ խոսքերը դատապարտություն էին՝ ուղղված այդ ժամանակ իշխող թագավորին՝ Բաղդասարին։ Իսկ խոր ծերության ժամանակ Դանիելը նույնիսկ մահվան սպառնալիքի առաջ կանգնեց, երբ նրան գցեցին քաղցած առյուծներով լի գուբը։ Այդ բոլոր իրավիճակներում էլ նա նույն քաջությունը դրսևորեց, ինչ երիտասարդ տարիքում։ Ահա թե ինչու Եհովայի հրեշտակներից մեկը Դանիելին կոչեց «թանկագին մարդ»։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Դանիելը ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Դանիել 1։1-ը հակասո՞ւմ է Երեմիա 25։1-ին (dp, էջ 18-19, պրբ. 14-15)։
2. Բաբելոնական արձանագրություններում ո՞ր տեղեկությունն է փաստում, որ Նաբուգոդոնոսորը իր աստծու տաճարում գանձատուն է ունեցել (Դան. 1։2; it, «Գանձարան», պրբ. 3)։ Ա
© The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source. Modifications: Box added
նկար Ա։ Նաբուգոդոնոսորի արձանագրություններից մեկը, որում հիշատակվում է Մարոդաք աստծու տաճարում գտնվող «գանձատան» մասին
3. Բաբելոնում ի՞նչ դեր ունեին «մոգությամբ զբաղվող քրմերը» (Դան. 1։20; it, «Մոգություն և կախարդություն», պրբ. 2-6)։ Բ
նկար Բ։ Բաբելոնական սալիկ, որում նկարագրվում է, թե ինչպես է պետք բուժել այն մարդուն, որն իբրև թե ուրվականի կողմից ենթարկվել է հարձակման
4. Ըստ ամենայնի, ի՞նչ մթերքներ էր ներառում Դանիելին ու իր երեք ընկերներին մատուցվող բանջարեղենը (Դան. 1։12; dp, էջ 40, պրբ. 25)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Երիտասարդները ի՞նչ կարող են սովորել Դանիելից, ով հավատարիմ մնաց Եհովային, նույնիսկ երբ հեռու էր իր ընտանիքից։
Այն, որ Դանիելը նախօրոք «իր սրտում վճռել» էր իր անելիքը, ինչպե՞ս օգնեց նրան քաջ լինել (Դան. 1։8)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Գ
նկար Գ
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Դանիելի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Դանիելին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Դիտեք աստվածաշնչյան այս պատմության էկրանավորումը։
«Դանիել. նա ապրեց անկոտրում հավատով» (մաս 1) — հատված (13։07)
Երիտասարդներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Դանիելի քաջությունն ու հավատարմությունը։