ԱԲԻՍԱԿ
Երիտասարդ կույս աղջիկ՝ Իսաքարի տարածքում գտնվող Սունամ քաղաքից, որը Հեզրայելի և Գելբուե լեռան հյուսիսում էր (Հս 19:17-23)։ Աբիսակը «անչափ գեղեցիկ էր»։ Դավթի ծառաները ընտրել էին այդ աղջկան, որ խնամի թագավորին և նրա կյանքի վերջին օրերում նրա կողքին լինի (1Թգ 1:1-4)։
Դավիթը մոտ 70 տարեկան էր (2Սմ 5:4, 5) և քանի որ տկարացել էր, նրա մարմինը չէր տաքանում։ Օրվա ընթացքում Աբիսակը սպասավորություն էր անում թագավորին՝ իր երիտասարդական թարմությամբ և գեղեցկությամբ լուսավորելով շուրջբոլորը, իսկ գիշերը թագավորի «կողքն էր պառկում», որ տաքացնի նրան։ Բայց «թագավորը հարաբերություն չունեցավ նրա հետ»։ Այդուհանդերձ, Աբիսակը համարվում էր Դավթի կինը կամ հարճը, ինչը պարզ է դառնում հետագայում Աբիսակին առնչվող մի հարցի վերաբերյալ Սողոմոն թագավորի արձագանքից։ Հին Արևելքում ընդունված կարգի համաձայն՝ Դավթի մահից հետո Աբիսակը դառնալու էր թագաժառանգի սեփականությունը։
Աբիսակի մասին արձանագրությունից անմիջապես հետո պատմվում է այն մասին, որ Ադոնիան, ով, հավանաբար, Դավթի ողջ մնացած որդիներից մեծն էր, փորձ է անում տիրանալ գահին։ Թերևս այդ հաջորդականությունը պատահական չէ, քանի որ այն օգնում է հասկանալու Ադոնիայի հետագա քայլերը, որ նա ձեռնարկեց Սողոմոնի իշխանության օրոք։ Սողոմոնը գահ բարձրանալուց հետո Ադոնիային որոշակի պայմանով ներում շնորհեց։ Որոշ ժամանակ անց Ադոնիան համոզեց Սողոմոնի մորը՝ Բերսաբեին, որ թագավորին խնդրի Աբիսակին իրեն կնության տալ։ Սողոմոնը նրա խնդրանքի մեջ նենգ դիտավորություն տեսավ. նա համոզված էր, որ Ադոնիան ոչ թե պարզապես հմայված է Աբիսակի գեղեցկությամբ, այլ մտադիր է մեծացնել գահը զավթելու իր հնարավորությունը։ Ուստի թագավորը զայրացավ, Ադոնիային շնորհած ներումը չեղյալ համարեց և հրամայեց սպանել նրան (1Թգ 2:13-25)։ Աստվածաշնչում այլևս չի հիշատակվում Աբիսակի մասին, սակայն, հնարավոր է, նա դարձավ Սողոմոնի կանանցից կամ հարճերից մեկը (տես ԱԴՈՆԻԱ, № 1)։