ՀԱՆՑԱՆՔ ԵՎ ՊԱՏԻԺ
Մարդը ստեղծված է «արդարության Աստծու» պատկերով (Ծն 1։26; Սղ 37։28; Մղք 2։17), և դեռևս ամենավաղ ժամանակներից նրան բնորոշ է արդարության զգացումը (Ես 58։2; Հռ 2։13-15)։ Արդարություն գործադրելու նպատակով Եհովայի կայացրած առաջին դատավճիռը առաջին մարդկային զույգի և օձի կերպարանքով ներկայացած Բանսարկուի նկատմամբ էր։ Մահապատիժ էր սահմանված Աստծու հանդեպ անհնազանդության համար, ինչը, ըստ էության, ապստամբություն էր տիեզերքի Գերիշխանի իշխանության դեմ (Ծն 2։17)։ Ավելի ուշ Կայենը, գիտակցելով, որ մարդիկ օժտված են արդարության զգացումով, հասկացավ, որ նրանք կմղվեն վրեժ առնելու իր եղբոր՝ Աբելի սպանության համար։ Սակայն Եհովան ոչ ոքի լիազորություն, կամ՝ իրավունք չտվեց մահապատժի ենթարկելու Կայենին և իրեն վերապահեց վրեժ առնելու իրավունքը։ Աստված ինքը պատժեց Կայենին՝ Ջրհեղեղի ժամանակ վերջ դնելով նրա սերունդներին (Ծն 4։14, 15)։ Ջրհեղեղից մոտ 700 տարի առաջ Ենոքը նախազգուշացնում էր մարդկանց, որ Աստված դատելու է բոլոր նրանց, ովքեր աստվածանարգ գործեր են անում (Ծն 5։21-24; Հդ 14, 15)։
Ջրհեղեղից հետո։ Ջրհեղեղից հետո Աստծու սահմանած օրենքների թվում էր այն օրենքը, որը մարդուն առաջին անգամ լիազորություն էր տալիս սպանության դեպքում մահապատիժ իրականացնել (Ծն 9։3-6)։ Հետագայում Եհովան Աբրահամի մասին ասաց. «Ես մտերմացել եմ նրա հետ՝ համոզված լինելով, որ նա իր որդիներին ու իր գալիք սերունդներին կպատվիրի պահել իմ ճանապարհները՝ Եհովայի ճանապարհները, և անել այն, ինչ ճիշտ է ու արդար» (Ծն 18։19)։ Փաստորեն, նահապետական հասարակարգում մարդիկ ծանոթ էին Աստծու օրենքներին և առաջնորդվում էին դրանցով։
Եհովան հայտնեց իր տեսակետը ամուսնական դավաճանության վերաբերյալ և թե ինչ պատիժ էր հասնում դրա համար, երբ Աբիմելեքին ասաց, որ նա կմեռնի, քանի որ ուզում էր Սառային իր կինը դարձնել (թեև Աբիմելեքը չգիտեր, որ Սառան Աբրահամի կինն էր) (Ծն 20։2-7)։ Հուդան մահվան դատավճիռ կայացրեց Թամարի նկատմամբ՝ մտածելով, թե նա մարմնավաճառությամբ է զբաղվել (Ծն 38։24)։
Իսրայելին տրված Աստծու Օրենքը։ Երբ Իսրայելը կազմավորվեց որպես ազգ, Աստված դարձավ նրա Թագավորը, Օրենսդիրը և Դատավորը (Ես 33։22)։ Նա տվեց «Տասը խոսքերը» կամ, ինչպես ավելի հայտնի է, «Տասը պատվիրանները»՝ սահմանելով սկզբունքներ, որոնց վրա հիմնված էին մոտ 600 ուրիշ օրենքներ։ Տասը պատվիրանները այսպես են սկսվում. «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից» (Ելք 20։2)։ Այսպիսով՝ Աստված նշեց գլխավոր պատճառը, թե իսրայելացիները ինչու պետք է հնազանդվեին ամբողջ Օրենքին։ Անհնազանդ լինելով՝ նրանք ոչ միայն կխախտեին կառավարական համակարգի Գլխի սահմանած օրենքը, այլև կվիրավորեին կրոնական համակարգի Գլխին՝ իրենց Աստծուն, իսկ Աստծուն անարգելը դավաճանություն էր Գերագույն անձի հանդեպ և հավասարազոր էր պետական դավաճանության։
Մովսիսական օրենքի ներքո ուժի մեջ էին այն սկզբունքները, որոնցով մարդիկ առաջնորդվում էին նահապետական հասարակարգում։ Սակայն Օրենքը ավելի շատ մանրամասներ էր պարունակում և ընդգրկում էր մարդու կյանքի բոլոր ոլորտները։ «Հնգամատյանում» արձանագրված այդ ողջ Օրենքում այնքան բարձր բարոյական չափանիշներ էին սահմանված, որ ցանկացած մարդ, ով կփորձեր կատարելապես պահել այն, ստիպված կլիներ ընդունել, որ Օրենքը բացահայտում էր իր մեղավոր ու անկատար վիճակը։ Պողոս առաքյալն ասել է. «[Օրենքի] պատվիրանն էլ է սուրբ, արդար ու լավը.... Օրենքն Աստծուց է»։ Նա նաև նշել է. «Այն հետագայում տրվեց, որպեսզի մարդկանց հայտնի դարձնի իրենց հանցանքները» (Հռ 7։12, 14; Գղ 3։19)։ Իսրայելին տրված Օրենքը ոչ թե պարզապես հնարավոր կամ արդեն իսկ տեղի ունեցած մի քանի դատական գործերի լուծում տվող օրենքների հավաքածու էր, այլ համապարփակ Օրենք էր, որն ընդգրկում էր Աստծու բոլոր սկզբունքներն ու վճիռները։
Այսպիսով՝ Օրենքով նախատեսված պատժամիջոցները ցույց էին տալիս, «թե ինչ ահավոր բան է մեղքը»։ (Հռ 7։13)։ Հատուցման, կամ՝ տալիոնի սկզբունքը («աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»), համաձայն որի՝ պատժի չափը և ձևը պետք է համարժեք լիներ կատարված հանցանքի չափին և ձևին, արդարության չափանիշ էր համարվում։ Օրենքը նպաստում էր Իսրայելի ազգի խաղաղությանն ու հանգստությանը և պաշտպանում էր ժողովրդին, երբ նրանք հնազանդվում էին դրան։ Այն նաև յուրաքանչյուր մարդու պաշտպանում էր վնասից՝ հանցագործին պարտավորեցնելով փոխհատուցում տալ գողացված կամ ոչնչացված ունեցվածքի դիմաց։
Տասը պատվիրաններում, որոնք շարադրված են Ելք 20-րդ և 2 Օրենք 5-րդ գլուխներում, կոնկրետ նշված չէ, թե ինչ պատիժ էր սահմանված դրանք խախտելու համար։ Սակայն պատժամիջոցների մասին հստակ նշվում է աստվածաշնչյան այլ համարներում։ Առաջին յոթ պատվիրանները խախտելու համար մահապատիժ էր նախատեսված։ Եթե ինչ-որ մեկը գողություն աներ, պետք է վերադարձներ գողացվածը և փոխհատուցում տար տուժած կողմին։ Սուտ վկայություն տված մարդուն պետք է անեին այն, ինչ նա ծրագրել էր անել ուրիշին։ Վերջին պատվիրանը խախտելու համար, որն արգելում էր սխալ ցանկություններ ունենալը և ագահ լինելը, դատավորները պատիժ չէին սահմանում։ Այդ պատվիրանը գերազանց էր մարդկանց կողմից ստեղծված օրենքներից, քանի որ յուրաքանչյուր մարդու հնարավորություն էր տալիս լինելու իր իսկ «հոգևոր ոստիկանը»՝ անձամբ հսկելու իր մղումները, և բացահայտում էր, թե որն է մյուս բոլոր պատվիրանները խախտելու արմատը, կամ՝ պատճառը։ Եթե մեկը սխալ ցանկություն զարգացներ, ի վերջո դա կհանգեցներ նրան, որ նա կխախտեր ինը պատվիրաններից մեկը։
Ըստ Օրենքի՝ ծանր համարվող հանցանքներ։ Մահապատժի արժանի հանցանքներ։ Օրենքով մահապատիժ էր հասնում հետևյալ հանցանքների համար՝ 1) Աստծուն հայհոյելը, նրա անունը անարգելը (Ղև 24։14, 16, 23), 2) բացի Եհովայից՝ ուրիշ աստծու պաշտելը, կռապաշտության բոլոր ձևերը (Ղև 20։2; 2Օր 13։6, 10, 13-15; 17։2-7; Թվ 25։1-9), 3) կախարդությունը, ոգեհարցությունը (Ելք 22։18; Ղև 20։27), 4) սուտ մարգարեանալը (2Օր 13։5; 18։20), 5) Շաբաթը խախտելը (Թվ 15։32-36; Ելք 31։14; 35։2), 6) մարդասպանությունը (Թվ 35։30, 31), 7) շնությունը (Ղև 20։10; 2Օր 22։22), 8) ամուսնացող աղջկա կողմից իր կույս չլինելը թաքցնելը (2Օր 22։21), 9) նշանված աղջկա հետ կենակցելը (2Օր 22։23-27), 10) արյունապղծությունը (Ղև 18։6-17, 29; 20։11, 12, 14), 11) նույնասեռականությունը (Ղև 18։22; 20։13), 12) անասնապղծությունը (Ղև 18։23; 20։15, 16), 13) մարդ առևանգելը (Ելք 21։16; 2Օր 24։7), 14) ծնողին հարվածելը կամ անիծելը (Ելք 21։15, 17), 15) կեղծ վկայությունը, ինչի պատճառով մեղադրվողը մահապատժի կենթարկվեր (2Օր 19։16-21), 16) խորանին կողմնակի անձանց մոտենալը (Թվ 17։13; 18։7)։
Շատ դեպքերում, երբ խոսվում է մարդուն մահապատժի ենթարկելու մասին, ասվում է, որ նա պետք է «վերացվի»։ Սովորաբար այդ դատավճիռը իրագործվում էր քարկոծման միջոցով։ Այդպիսի պատիժ կիրառվում էր միտումնավոր գործված մեղքի, Եհովային անարգելու և արհամարհելու (Թվ 15։30, 31), ինչպես նաև ուրիշ շատ հանցանքների դեպքում։ Դրանցից էին չթլփատվելը (Ծն 17։14; Ելք 4։24), միտումնավոր կերպով Պասեքը չնշելը (Թվ 9։13), Քավության օրը անտեսելը (Ղև 23։29, 30), այլ նպատակների համար օծման սուրբ յուղը պատրաստելը կամ օգտագործելը (Ելք 30։31-33, 38), արյուն ուտելը (Ղև 17։10, 14), անմաքուր լինելով հանդերձ՝ զոհի մսից ուտելը (Ղև 7։20, 21; 22։3, 4, 9), Անթթխմոր հացերի տոնին թթխմորով պատրաստված հաց ուտելը (Ելք 12։15, 19), խորանից բացի՝ ուրիշ որևէ վայրում զոհ մատուցելը (Ղև 17։8, 9), երրորդ օրը խաղաղության զոհից ուտելը (Ղև 19։7, 8), մաքրագործման մասին պատվերն անտեսելը (Թվ 19։13-20), սուրբ բաներին առանց իրավունք ունենալու դիպչելը (Թվ 4։15, 18, 20), կնոջ դաշտանի ժամանակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալը (Ղև 20։18), զոհերի ճարպից ուտելը (Ղև 7։25; տես ՎԵՐԱՑՎԵԼ)։
Օրենքով սահմանված պատժամիջոցներ։ Եհովայի Օրենքով սահմանված պատժամիջոցները նպաստում էին նրան, որ երկիրը մաքուր մնար ու չպղծվեր Աստծու աչքում, քանի որ դրանք նախատեսում էին գարշելի բաներ անողներին վերացնել ժողովրդի միջից։ Բացի այդ՝ պատժամիջոցները զսպող ազդեցություն ունեին՝ մարդկանց հետ էին պահում սխալ արարքներից, օգնում էին սրբությամբ վերաբերվել կյանքին, հարգանք զարգացնել երկրի օրենքների, Աստծու՝ Օրենսդրի, ինչպես նաև դիմացինի հանդեպ։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին Օրենքին, երկիրը կայուն տնտեսություն էր ունենում, հասարակությունը զերծ էր մնում բարոյական անկումից և դրա հետևանքով առաջացող առողջական խնդիրներից ու գարշելի հիվանդություններից։
Օրենքով նախատեսված ոչ մի պատժամիջոց դաժան ու անմարդկային չէր։ Ոչ մի մարդ չպետք է պատժվեր ուրիշի հանցանքների համար։ Սկզբունքները հստակ էին սահմանված։ Դատավորներին որոշակի ազատություն էր տրված. յուրաքանչյուր դեպք նրանք առանձին էին քննում, հաշվի էին առնում բոլոր հանգամանքները, ինչպես նաև մեղադրյալի շարժառիթներն ու տրամադրվածությունը։ Ամեն ինչ պետք է արվեր, որ արդարություն գործադրվեր (Եբ 2։2)։ Դիտավորյալ սպանություն կատարած մարդը չէր կարող փրկագին վճարելով խուսափել մահապատժից (Թվ 35։31)։ Եթե որևէ մեկը առանց դիտավորության մարդ սպաներ, կարող էր փախչել ապաստանի քաղաքներից մեկը։ Քաղաքի սահմաններից դուրս գալու արգելքը ստիպում էր նրան գիտակցել, որ կյանքը սուրբ է, որ չի կարելի թեթևամտորեն վերաբերվել նույնիսկ առանց դիտավորության մարդ սպանելուն, և որ ինքը դրա համար որոշակի պատիժ պետք է կրի։ Միևնույն ժամանակ այդպիսի մարդը բեռ չէր դառնում հասարակության համար, քանի որ բարեխղճորեն աշխատում էր՝ վաստակելով իր ապրուստը (Թվ 35։26-28)։
Գողության և ուրիշի ունեցվածքը վնասելու համար նախատեսված պատժի նպատակն էր՝ փոխհատուցել տուժածին բարոյական և նյութական վնասի դիմաց։ Եթե գողը ի վիճակի չէր վճարելու սահմանված գումարը, նրան կարող էին որպես ստրուկ վաճառել կա՛մ տուժածին, կա՛մ մեկ ուրիշի։ Այդպես տուժածը փոխհատուցում կստանար, իսկ հանցագործը ստիպված կլիներ աշխատել, որ վաստակի իր ապրուստը և բեռ չլինի հասարակության համար, ինչը լինում է օրինազանցներին բանտարկելու դեպքում։ Այդ օրենքները արդար էին և օգնում էին հանցագործին ուղղվել (Ելք 22։1-6)։
Ըստ Օրենքի՝ մահապատիժն իրագործվում էր քարկոծման միջոցով (Ղև 20։2, 27)։ Երբեմն հանցագործներին սրով էին սպանում, հատկապես եթե շատ մարդիկ պետք է մահվան մատնվեին (Ելք 32։27; 1Թգ 2։25, 31, 32, 34)։ Եթե որևէ քաղաքի բնակիչներ հավատուրաց դառնային, նրանց բոլորին պետք է սրի քաշեին (2Օր 13։15)։ Ելք 19։13-ում խոսքը նիզակով կամ հավանաբար նետով սպանելու մասին է (տես Թվ 25։7, 8)։ Աստվածաշնչում նշվում է նաև գլխատելու մասին, սակայն, հնարավոր է, մարդուն մեկ այլ կերպ էին սպանում և հետո գլխատում դիակը (2Սմ 20։21, 22; 2Թգ 10։6-8)։ Օրենքի համաձայն՝ առանձնապես ծանր հանցանքներ կատարած մարդուն պետք է կրակով այրեին կամ կախեին (Ղև 20։14; 21։9; Հս 7։25; Թվ 25։4, 5; 2Օր 21։22, 23)։ Ինչպես հստակ ցույց են տալիս նշված աստվածաշնչյան համարները, այդ դատավճիռներն ի կատար էին ածվում միայն այն բանից հետո, երբ մարդուն սպանում էին։
Եթե Աստված պատվիրում էր կործանել պատերազմի ժամանակ գերեվարվածներին, ապա սովորաբար նրանց սրով էին սպանում (1Սմ 15։2, 3, 33)։ Իսկ ովքեր ինքնակամ հանձնվում էին, պետք է հարկադիր աշխատանք անեին (2Օր 20։10, 11)։ Աստվածաշնչի հին թարգմանություններում 2 Սամուել (Բ Թագաւորաց) 12։31-ն ընթերցելիս գուցե թվա, թե Դավիթը տանջամահ է արել ամմոնացիների Ռաբա քաղաքի բնակիչներին, սակայն ժամանակակից թարգմանությունները ցույց են տալիս, որ նա պարզապես հարկադիր աշխատանքի է դրել նրանց (տես ՆԱԹ, ԷԹ, Նոր ԷԹ, Նոր ԱԹ)։
Թեև Օրենքով սահմանված չէր պատժի այնպիսի ձև, ինչպիսին գահավեժ անելն էր, այսինքն՝ մարդուն ժայռից կամ բարձր տեղից ցած նետելը, սակայն Հուդայի Ամասիա թագավորը այդպիսի պատժամիջոց կիրառեց Սեիրի 10 000 մարդկանց նկատմամբ (2Տգ 25։12)։ Մի անգամ Նազարեթի բնակիչները փորձեցին այդպես սպանել Հիսուսին (Ղկ 4։29)։
Դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքում լիակատար արդարություն հաստատվում էր տալիոնի սկզբունքի կիրառմամբ. հանցավորին հասցվում էր այն վնասը, ինչ նա պատճառել էր տուժողին (2Օր 19։21)։ Աստվածաշնչում կա առնվազն մեկ արձանագրություն, երբ այդպիսի պատիժ է կիրառվել (Դտ 1։6, 7)։ Դատավորները ապացույցների հիման վրա պետք է որոշեին՝ հանցանքը դիտավորությա՞մբ է կատարվել, թե՞ մարդը տուժել է ինչ-որ մեկի անզգուշության պատճառով, դժբախտ պատահարի հետևանքով և այլն։ Բացառություն էր այն իրավիճակը, երբ կինը, փորձելով օգնել իր ամուսնուն, որը կռվում էր ուրիշի հետ, բռնում էր հարձակվողի սեռական օրգաններից։ Այդ դեպքում նրա սեռական օրգանը վնասելու փոխարեն կտրում էին ձեռքը (2Օր 25։11, 12)։ Այդ օրենքն ընդգծում էր Աստծու հարգալից վերաբերմունքը վերարտադրողական օրգանների նկատմամբ։ Բացի այդ՝ քանի որ կինը պատկանում էր ամուսնուն, այն պաշտպանում էր ամուսնու՝ իր կնոջից երեխաներ ունենալու իրավունքը և այդպիսով արտացոլում Աստծու գթասրտությունը։
Միշնայում հիշատակվում է մահապատժի չորս ձև՝ քարկոծելը, այրելը, գլխատելը և խեղդելը։ Սակայն Օրենքը երբեք թույլ չի տվել կամ պատվիրել կիրառել վերջին երեք ձևերը։ Միշնայում նշված պատժաձևերը իրականում ավելացված ավանդույթների մի մասն էին, ավանդույթներ, որոնք ոտնահարում էին Աստծու պատվիրանները (Մթ 15։3, 9)։ Հետևելով իրենց ավանդույթներին՝ հրեաները ծայրաստիճան բարբարոսության հասան. դա երևում է այն բանից, թե ինչպես էին նրանք այրում մահապատժի դատապարտվածներին։ Միշնայում գրված է. «Օրենք նրանց մասին, ում պետք է այրել. [հանցագործին] մինչև ծնկները մտցնել թրիքի մեջ, փափուկ կտորի մեջ դնել կոշտ կտոր և փաթաթել նրա վզին։ Մեկը [վկան] մի ծայրը քաշում է դեպի իրեն, մեկ ուրիշն էլ դեպի իրեն է քաշում մյուս ծայրը, մինչև որ [դատապարտյալը] բացի իր բերանը։ Պատրույգը [ըստ Գեմարայի (52ա)՝ դա կապարի մի շերտ էր] վառել ու գցել նրա բերանը, որ այն իջնի նրա ստամոքսը և այրի փորոտիքը» (Սանհեդրին 7։2; թարգմ.՝ Հ. Դենբի)։
Մարդիկ ի սկզբանե առաջնորդվել են օրենքներով՝ կա՛մ Աստծու օրենքներով, կա՛մ Աստծու կողմից տրված խղճի օրենքներով, ուստի որքան նրանք մոտ են եղել ճշմարիտ երկրպագությանը, այնքան ավելի ողջամիտ ու մարդկային են եղել նրանց օրենքներով սահմանված պատիժները։ Եվ հակառակը՝ որքան նրանք հեռացել են ճշմարիտ երկրպագությունից, այնքան աղավաղվել է արդարության նրանց զգացումը։ Դա ակնհայտ երևում է հին ազգերի օրենքների և Իսրայելի օրենքների համեմատությունից։
Եգիպտական օրենքներ։ Քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչ պատժամիջոցներ էին կիրառում եգիպտացիները։ Նրանց պատժաձևերից էին ծեծը (Ելք 5։14, 16), ջրում խեղդելը (Ելք 1։22), գլխատելը և հետո դիակը սյունից կախելը (Ծն 40։19, 22), սրով սպանելը և բանտարկությունը (Ծն 39։20)։
Ասորեստանյան օրենքներ։ Ասորեստանյան կայսրությունում շատ դաժան պատժամիջոցներ էին կիրառվում։ Դրանցից էին սպանելը, խեղելը (օրինակ՝ ականջները, քիթը, շուրթերը կտրելը, ինչպես նաև ամորձատելը), ցցին շամփրելը, թաղել թույլ չտալը, գավազանով հարվածներ հասցնելը, որոշակի քանակությամբ կապար վճարելը և թագավորի համար հարկադիր աշխատանք կատարելը։ Ասորեստանյան օրենքով՝ մարդասպանին հանձնում էին սպանվածի ամենամոտ ազգականին, որը, ըստ իր հայեցողության, կարող էր սպանել նրան կամ վերցնել նրա ունեցվածքը։ Դա կարող էր հանգեցնել տոհմերի միջև թշնամանքի և արյան վրեժի, քանի որ հարցը անվերահսկելի էր, և չկային ապաստանի քաղաքներ, ինչպես որ Իսրայելում էր։ Եթե կինը ամուսնական դավաճանություն գործեր, ամուսինն էր որոշում՝ ինչպես պատժել նրան։ Նա կարող էր սպանել կնոջը, խեղանդամել նրան, պատժել ըստ իր հայեցողության կամ թողնել, որ գնա։ Ինչպես որ նա վարվեր իր կնոջ հետ, այդպես էլ պարտավոր էր վարվել շնություն գործած տղամարդու հետ։ Ռազմագերիներից շատերին ողջ-ողջ մաշկազերծ էին անում, կուրացնում էին, պոկում էին նրանց լեզուն, ցցին էին շամփրում, վառում էին կամ սպանում ուրիշ կերպերով։
Բաբելոնական օրենքներ։ Ընդունված է այն կարծիքը, որ Համմուրաբիի օրենքները (կամ՝ Համմուրաբիի օրենսգիրքը, թեև օրենսգետներն այսօր «օրենսգիրք» բառն այլ կերպ են սահմանում), որոնք հիմնված էին ավելի վաղ գոյություն ունեցող օրենքների վրա, որոշումների կամ նախադեպերի ժողովածու է՝ արձանագրված կավե տախտակների վրա։ Ավելի ուշ այն արտագրել են (թերևս ուրիշ գրելաձևով) ստելայի վրա, որը կանգնեցվել է Բաբելոնում գտնվող Մարդուկի տաճարում։ Դրա կրկնօրինակները հավանաբար դրվել են ուրիշ քաղաքներում։ Այդ ստելան, որը հետագայում Բաբելոնը նվաճողներից մեկը տարել է Շոշ, հայտնաբերվել է 1902 թ.-ին։
Համմուրաբիի օրենքները Մովսիսական օրենքի հի՞մքն են եղել
Ի տարբերություն Մովսիսական օրենքի՝ Համմուրաբիի օրենսգիրքը սկզբունքներ չէր պարունակում։ Ըստ ամենայնի, դրա նպատակն էր՝ օգնել դատավորներին որոշումներ կայացնել կոնկրետ գործերի վերաբերյալ. նրանք կարող էին օրենսգրքում նախադեպեր կամ հին որոշումների շտկումներ գտնել, որոնք օգտակար կլինեին ապագայում այլ գործեր քննելիս։ Օրինակ՝ Համմուրաբիի օրենքներում չէր նշվում, թե ինչ պատիժ էր նախատեսված մարդասպանության համար, քանի որ այդ և, անկասկած, այլ տարածված հանցանքների համար արդեն իսկ սահմանված էին հստակ պատժամիջոցներ։ Համմուրաբին չէր փորձում իր օրենսգրքում ընդգրկել օրենքի բոլոր դրույթները։ Այդ օրենսգրքում յուրաքանչյուր կանոն սկսվում էր հետևյալ խոսքերով. «Եթե մարդը այսպես և այնպես անի....»։ Քանի որ այդ օրենքներում կոնկրետ դեպքեր էին քննվում և ոչ թե սկզբունքներ էին սահմանվում, դրանցում պարզապես նշվում էր, թե ինչ դատավճիռ պետք է կայացվի այս կամ այն իրավիճակում։ Համմուրաբիի օրենքները գլխավորապես հիմնված էին արդեն իսկ գոյություն ունեցող օրենքների վրա, և դրանցում ընդամենը մանրամասնություններ էին ավելացված որոշ բարդ իրավիճակների հետ կապված, որ հատուկ էին այդ ժամանակվա բաբելոնյան հասարակությանը։
Համմուրաբիի օրենքները ոչ մի դեպքում չի կարելի համարել Մովսիսական օրենքի հիմքը։ Օրինակ՝ այդ օրենքներով նախատեսված էր «համապատասխան» պատիժ կիրառել, և կանոններից մեկն ասում էր. «Եթե [շինարարը] տան տիրոջ որդուն մահ պատճառի [քանի որ տունը անորակ էր կառուցված և փլուզվել էր], հարկավոր է սպանել այդ շինարարի որդուն»։ Սակայն Մովսեսի միջոցով տրված Աստծու օրենքն ասում էր. «Հայրերը չպետք է մահվան մատնվեն երեխաների արածների պատճառով, և երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի արածների պատճառով» (2Օր 24։16)։ Համմուրաբիի օրենքներով՝ արժեքավոր իրեր գողանալու համար սովորաբար մահապատիժ էր նախատեսված և ոչ թե փոխհատուցում, ինչպես որ Մովսիսական օրենքով էր։ Որոշ դեպքերում պահանջվում էր որպես փոխհատուցում տալ գողոնի երեսնապատիկը։ Եթե մարդը ի վիճակի չէր վճարելու, նրան պետք է մահվան մատնեին։ Նաբուգոդոնոսորը մարդկանց պատժում էր՝ անդամահատելով, նաև այրելով։ Օրինակ՝ նա հրամայեց, որ երեք երիտասարդ եբրայեցիների գցեն կրակով բորբոքված հնոցը (Դն 2։5; 3։19, 21, 29; Եր 29։22)։
Պարսկական օրենքներ։ Մարաց Դարեհ թագավորի իշխանության օրոք Դանիելին գցեցին առյուծների գուբը։ Նրա դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրած մարդիկ, ինչպես նաև նրանց որդիներն ու կանայք ավելի ուշ նույն պատժին արժանացան. նրանց գցեցին առյուծների գուբը, որտեղ և նրանք մահացան (Դն 6։24)։ Հետագայում Պարսկաստանի Արտաքսերքսես թագավորը Եզրասին լիազորեց պատժել ցանկացած մարդու, ով չէր կատարի Աստծու կամ թագավորի օրենքը։ Նա ասաց, որ այդ մարդը պետք է «պատժի ենթարկվի՝ լինի մահ, արտաքսում, տուգանք, թե բանտարկություն» (Եզր 7։26)։ Ասուերոսը հրամայեց կախել Համանին 50 կանգուն (22 մ; 73 ֆուտ) բարձրության սյունից։ Նա նաև սյունից կախել տվեց այն երկու դռնապաններին, որոնք իրեն սպանելու նպատակով դավադրություն էին կազմակերպել (Եսթ 7։9, 10; 2։21-23)։
Հայտնաբերվել են մի քանի տախտակներ, որոնց վրա արձանագրված են պարսից Դարեհ I-ի օրենքները։ Համաձայն այդ օրենքների՝ այն մարդը, ով զենքով կհարձակվեր ուրիշի վրա և կվիրավորեր կամ կսպաներ նրան, պետք է խարազանվեր. նա 5-ից 200 հարված պետք է ստանար։ Երբեմն մարդուն պատժում էին ցցին շամփրելու միջոցով։ Ըստ հույն գրողների, որոնք գրել են պարսկական օրենքների մասին՝ պետության, թագավորի, նրա ընտանիքի դեմ գործած հանցանքների, ինչպես նաև նրա ունեցվածքի հանդեպ ոտնձգության համար, որպես կանոն, մահապատիժ էր հասնում։ Այդ պատժամիջոցները հաճախ աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ։ Շատ տեղեկություն չկա այն մասին, թե ինչպիսի պատիժ էր սահմանված սովորական հանցանքների համար, սակայն, ըստ երևույթին, մարդկանց կուրացնում էին կամ խեղում էին նրանց ձեռքերը կամ ոտքերը։
Պաղեստինում և դրա շրջակայքում բնակվող ազգերի օրենքները։ Խոստացված երկրում և դրա շուրջը բնակվող ազգերը (բացի Իսրայելից) օրինազանց մարդկանց պատժում էին՝ բանտարկելով ու շղթայելով, խեղելով, կուրացնելով, ռազմագերիներին սրով սպանելով, հղի կանանց որովայնը պատռելով և նրանց փոքրիկներին պատին կամ քարին հարվածելով (Դտ 1։7; 16։21; 1Սմ 11։1, 2; 2Թգ 8։12)։
Հռոմեական օրենքներ։ Ամենատարածված պատժամիջոցներից էին սրով սպանելը, այդ թվում՝ գլխատելը (Մթ 14։10), ինչպես նաև ծեծի ենթարկելը, խարազանելը (մտրակի վրա երբեմն մեկընդմեջ ամրացված էին լինում ոսկորներ կամ մետաղի ծանր կտորներ, կամ ծայրերին կեռեր էին լինում), կախաղան հանելը, բարձր ժայռից ցած նետելը, ջրում խեղդելը և այրելը։ Դատապարտյալներին նաև գցում էին գազանների առաջ արենաներում և ստիպում էին մասնակցել գլադիատորական մարտերի։ Բանտարկյալներին հաճախ կոճղի մեջ էին դնում (Գրծ 16։24) կամ շղթաներով կապում էին պահապան զինվորին (Գրծ 12։6; 28։20)։ Հռոմեական օրենքները արգելում էին Հռոմի քաղաքացիներին խարազանելը։ Վալերիոսի օրենքի համաձայն՝ քաղաքացին չէր խարազանվի, եթե բողոքարկեր վճիռը ժողովրդին, իսկ Պորցիոսի օրենքի համաձայն՝ չէր խարազանվի, եթե անգամ չբողոքարկեր վճիռը ժողովրդին։
Հունական օրենքներ։ Հույները հաճախ կիրառում էին նույն պատժամիջոցները, ինչ հռոմեացիները։ Հանցագործներին ցած էին նետում ժայռից կամ խոր քարանձավի մեջ էին գցում, ծեծելով սպանում էին, խեղդում էին ջրում, թունավորում էին ու սրի քաշում։
Հանցանքների և պատժամիջոցների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է գտնել համապատասխան հոդվածներում։