Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Աստված»
  • Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • 5 Եհովայի տիտղոսներն ու նրան բնութագրող արտահայտությունները
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Աստծո և Հիսուսի մասին։
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Արդյո՞ք միայն մեկ ճշմարիտ Աստված գոյություն ունի
    2006 Արթնացե՛ք
  • Աղոթք
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Աստված»

ԱՍՏՎԱԾ

Աստված կարելի է կոչել ցանկացած անձնավորության, առարկա կամ երևույթ, որին մարդիկ երկրպագում են ու մեծարում՝ համարելով իրենցից ավելի զորավոր։ Որոշ մարդկանց համար աստված է անգամ իրենց որովայնը (Հռ 16։18; Փպ 3։18, 19, ծնթ.)։ Աստվածաշունչն ասում է, որ շատ աստվածներ կան (Սղ 86։8; 1Կթ 8։5, 6), բայց նաև նշում է, որ ժողովուրդների աստվածները փուչ են (Սղ 96։5; տես ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆԵՐ)։

Եբրայերեն բառերը։ «Աստված» թարգմանված եբրայերեն բառերից է Էլ բառը, որը հավանաբար նշանակում է «հզոր», «զորեղ»։ Այդ բառը գործածվում է Եհովայի, ուրիշ աստվածների և մարդկանց առնչությամբ։ Այն նաև բազմաթիվ անձնանունների մաս է կազմում, օրինակ՝ Ելիմելեք (նշանակում է «իմ Աստված Թագավոր է») և Միքայել (նշանակում է «ո՞վ է Աստծու նման»)։ Էլ բառը Եհովայի առնչությամբ երբեմն գործածվում է որոշիչ հոդով (հաԷլ, բառացի՝ «Աստվածը») և այդպիսով առանձնացնում է նրան ուրիշ աստվածներից (Ծն 46։3; 2Սմ 22։31; տես Rbi8-E, հավելված, էջ 1567)։

Եսայիա 9։6-ում Հիսուս Քրիստոսը մարգարեաբար կոչվում է Էլ Գիբբոր՝ «Հզոր Աստված» (ոչ թե Էլ Շադդայ [Ամենակարող Աստված], որը Ծննդոց 17։1-ում օգտագործվում է Եհովայի առնչությամբ)։

Այդ բառի հոգնակի ձևը՝ էլիմ, գործածվում է ուրիշ աստվածների վերաբերյալ, ինչպես որ Ելք 15։11-ում է («աստվածներ»)։ Այն նաև ցույց է տալիս մեծություն և գերազանցություն, ինչպես Սաղմոս 89։6-ում, որտեղ գրված է. «Աստծու՝ Եհովայի որդիներից [բիվենե Էլիմ] ո՞վ կարող է նրան հավասար լինել»։ Այստեղ և մի շարք այլ համարներում գործածված հոգնակի ձևը մատնացույց է անում մեկ անձնավորություն։ Դա է փաստում այն, որ հունարեն «Յոթանասնից»-ում և լատիներեն «Վուլգատայում» Էլիմ-ը թարգմանվել է եզակի թվով դրված գոյականով. «Յոթանասնից»-ում այն թարգմանվել է Թեոս, «Վուլգատայում»՝ Դեուս։

Եբրայերեն էլոհիմ (աստվածներ) բառը ըստ ամենայնի կազմվել է մի արմատից, որը նշանակում է «զորեղ լինել»։ Էլոհիմ-ը էլոհահ (աստված) բառի հոգնակի ձևն է։ Երբեմն այս հոգնակի ձևը մատնանշում է մի քանի աստվածներ (Ծն 31։30, 32; 35։2), սակայն ավելի հաճախ հաղորդում է մեծության, արժանապատվության և գերազանցության իմաստ։ Էլոհիմ բառը Աստվածաշնչում գործածվում է Եհովայի, հրեշտակների, կուռքերի (մեկ կամ մի քանի) ու մարդկանց առնչությամբ։

Երբ Էլոհիմ բառը վերաբերում է Եհովային, հոգնակի թիվը հաղորդում է մեծության, արժանապատվության և գերազանցության իմաստ (Ծն 1։1)։ Այդ մասին Ահարոն Էմբերը գրել է. «Այն, որ Հ[ին] Կ[տակարանում].... [Էլոհիմը] բոլորովին չի արտահայտում հոգնակիություն (երբ կիրառվում է Իսրայելի Աստծու առնչությամբ), երևում է հատկապես նրանից, որ գրեթե միշտ գործածվում է եզակի թվով դրված բայական ստորոգյալի հետ և ստանում է ածականով արտահայտված որոշիչ՝ դրված եզակի թվով.... [Էլոհիմը] ավելի շուտ պետք է հասկանալ որպես սաստկական հոգնակի, որը ցույց է տալիս մեծություն ու վեհություն, և հավասարազոր է «Մեծ Աստված» արտահայտությանը» (The American Journal of Semitic Languages and Literatures, հտր XXI, 1905, էջ 208)։

Էլոհիմ տիտղոսը ընդգծում է որպես Արարիչ Եհովայի ունեցած զորությունը։ Այդ տիտղոսը 35 անգամ հանդիպում է արարչագործության մասին արձանագրության մեջ, և բոլոր դեպքերում Աստծու ասածներն ու արածները նկարագրող բայերը դրված են եզակի թվով (Ծն 1։1-2։4)։ Եհովայի զորությունն անսահման է։

Սաղմոս 8։5-ում էլոհիմ բառը վերաբերում է հրեշտակներին, ինչը հստակ երևում է Եբրայեցիներ 2։6-8-ից, որտեղ Պողոսը մեջբերում է այդ համարը։ Ծննդոց 6։2, 4 և Հոբ 1։6; 2։1 համարներում նրանք կոչվում են բենե հաԷլոհիմ, այսինքն՝ «Աստծու որդիներ» (Նոր ԱԹ) և «ճշմարիտ Աստծու որդիներ» (ՆԱԹ)։ Քյոլերի և Բաումգարտների աստվածաշնչյան բառարանի 134-րդ էջում նրանք հիշատակվում են որպես «(առանձին) աստվածային էակներ, աստվածներ»։ Իսկ 51-րդ էջում գրված է՝ «աստվածները (առանձին վերցված)», և հղում է արվում Ծննդոց 6։2 և Հոբ 1։6; 2։1; 38։7 համարներին (L. Koehler, W. Baumgartner, Lexicon in Veteris Testamenti Libros, 1958)։ Այսպիսով՝ Սաղմոս 8։5-ում էլոհիմը թարգմանվել է «հրեշտակներ» (LXX), «աստվածանման էակներ» (ՆԱԹ)։

Էլոհիմ բառը գործածվում է նաև կեղծ աստվածների առնչությամբ։ Երբեմն այդ հոգնակի ձևը պարզապես նշանակում է «աստվածներ» (Ելք 12։12; 20։23)։ Այլ դեպքերում հոգնակի ձևը գերազանցություն է ցույց տալիս և վերաբերում է միայն մեկ աստծու (աստվածուհու)։ Ամեն դեպքում հստակ է, որ այդ աստվածները երրորդություն չէին (1Սմ 5։7բ (Դագոն); 1Թգ 11։5 (Աստարտե աստվածուհի); Դն 1։2բ (Մարդուկ))։

Սաղմոս 82։1, 6-ում էլոհիմը գործածվում է մարդկանց՝ Իսրայելի դատավորների առնչությամբ։ Հովհաննես 10։34, 35-ում Հիսուսը մեջբերում արեց այդ սաղմոսից։ Այդ մարդիկ աստվածներ էին այն իմաստով, որ Եհովայի ներկայացուցիչներն ու խոսնակներն էին։ Մովսեսին ասվել էր, որ նա Ահարոնի և փարավոնի համար պետք է լիներ ինչպես Աստված (Ելք 4։16; 7։1)։

Աստվածաշնչի շատ համարներում Էլոհիմ բառից առաջ դրված է հա որոշիչ հոդը (Ծն 5։22)։ ՀաԷլոհիմ ձևի կիրառության մասին Ֆ. Զորելը գրում է. «Աստվածաշնչում այս բառը առաջին հերթին գործածվում է միակ ճշմարիտ Աստված Յահվեի առնչությամբ.... «Յահվեն [միակ ճշմարիտ] Աստվածն է» (2Օր 4։35, 39; Հս 22։34; 2Սմ 7։28; 1Թգ 8։60 և այլն)» (Lexicon Hebraicum Veteris Testamenti, Rome, 1984, էջ 54; ուղիղ փակագծերը հեղինակինն են)։

Հունարեն բառը։ Էլ և Էլոհիմ բառերը «Յոթանասնից» թարգմանությունում որպես կանոն թարգմանվել են թեոս բառով։ Այս բառը Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում թարգմանվել է «Աստված» կամ «աստված»։

Ճշմարիտ Աստված Եհովա։ Ճշմարիտ Աստված անանուն Աստված չէ։ Նրա անունը Եհովա է (2Օր 6։4; Սղ 83։18)։ Նա Աստված է, քանի որ ամեն բան նա է արարել (Ծն 1։1; Հտն 4։11)։ Ճշմարիտ Աստված իրական է (Հվ 7։28), նա անձնավորություն է։ Նա բնության անկենդան օրենք չէ, որը գործում է առանց կենդանի օրենսդրի, ոչ էլ անդեմ ուժ է, որը մի շարք պատահականությունների միջոցով առաջ է բերել այս կամ այն բանը։ «Ամերիկյան հանրագիտարանի» 1956 թ. հրատարակության մեջ «Աստված» վերնագրի տակ ասվում է. «Քրիստոնեության, մահմեդականության և հուդայականության մեջ՝ Բարձրյալ՝ Սկզբնապատճառ, իսկ ավելի լայն իմաստով, ինչպես որ համարվում է ներկայիս քաղաքակիրթ աշխարհում, հոգևոր էակ, ինքն իրեն գոյություն ունեցող, հավիտենական, բացարձակապես ազատ, ամենազոր և տարբերվող այն մատերիայից, որից նա ստեղծել է բազմազան տեսակներ, և որը նրա կողմից պահպանվում ու վերահսկվում է։ Մարդկության պատմության մեջ թերևս չի եղել որևէ ժամանակահատված, որ մարդիկ չհավատան տիեզերքի գերբնական արարչի և տիրակալի» (The Encyclopedia Americana, 1956, հտր XII, էջ 743)։

«Կենդանի Աստծու» գոյության ապացույցները։ Աստծու գոյության մասին վկայում են այն կարգուկանոնը, զորությունն ու բարդությունը, որ առկա են արարչագործության մեջ թե՛ մակրոսկոպիկ, թե՛ միկրոսկոպիկ մակարդակներում։ Նրա գոյությունը փաստում է նաև այն, թե ողջ պատմության ընթացքում ինչպես է նա վերաբերվել իր ժողովրդին։ Ուսումնասիրելով այսպես կոչված «Արարչագործության գիրքը»՝ գիտնականները շատ բաներ են սովորում։ Իսկ որևէ գրքից ինչ-որ բան կարելի է սովորել միայն այն դեպքում, եթե հեղինակը դրա մեջ խելացի մտքեր է ընդգրկել։

Ի տարբերություն ազգերի անկենդան աստվածների՝ Եհովան «կենդանի Աստված է» (Եր 10։10; 2Կթ 6։16)։ Ամենուրեք կարելի է տեսնել նրա գործերն ու մեծափառության ապացույցները։ «Երկինքը Աստծու փառքն է հռչակում, և երկնակամարը նրա ձեռքի գործի մասին է պատմում» (Սղ 19։1)։ Մարդիկ որևէ հիմնավոր պատճառ և արդարացում չունեն հերքելու Աստծու գոյությունը, քանի որ «ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց աչքի առաջ է. Աստված հստակ ցույց է տվել նրանց։ Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները։ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին և փաստում են, որ նա իսկապես Աստված է։ Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն» (Հռ 1։18-20)։

Աստվածաշնչում Եհովա Աստծու մասին ասվում է, որ նա ապրում է հավիտյանս հավիտենից (Սղ 90։2, 4; Հտն 10։6), որ նա հավիտենության Թագավոր է, անտեսանելի, անմահ ու անապականելի է և միակ ճշմարիտ Աստվածն է (1Տմ 1։17)։ Նրանից առաջ ոչ մի աստված գոյություն չի ունեցել (Ես 43։10, 11)։

Անսահմանորեն մեծ ու վսեմ, միևնույն ժամանակ՝ մատչելի։ Ճշմարիտ Աստված անսահմանորեն մեծ է ու վսեմ, և մարդն ի վիճակի չէ ամբողջությամբ ըմբռնելու նրա էությունը։ Ստեղծվածները երբեք չեն կարող հավասար լինել իրենց Արարչին կամ հասկանալ նրա մտքերը (Հռ 11։33-36)։ Այնուամենայնիվ, հնարավոր է գտնել ու մոտենալ Աստծուն։ Նա իր ծառաներին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրանց բարօրության ու երջանկության համար (Գրծ 17։26, 27; Սղ 145։16)։ Աստված միշտ կարող է և ի սրտե ցանկանում է լավ պարգևներ տալ իր ստեղծած էակներին։ Աստվածաշունչն ասում է. «Ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր վերևից է՝ երկնային լույսերի Հորից, ով չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հկ 1։17)։ Եհովան միշտ գործում է արդարության իր չափանիշների սահմաններում և ամեն ինչ օրինական հիմքով է անում (Հռ 3։4, 23-26)։ Հետևաբար նրա ստեղծած բոլոր էակները կարող են լիովին վստահել նրան՝ համոզված լինելով, որ նա միշտ առաջնորդվում է իր հաստատած սկզբունքներով։ Նա չի փոխվում (Մղք 3։6) և չի խախտում իր սկզբունքները։ Աստված կողմնապահություն չի անում (2Օր 10։17, 18; Հռ 2։11)։ Անհնար է, որ նա սուտ խոսի (Թվ 23։16, 19; Տիտ 1։1, 2; Եբ 6։17, 18)։

Նրա անձնավորությունը և հատկությունները։ Ճշմարիտ Աստված ամենագո չէ, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նա բնակության վայր ունի (1Թգ 8։49; Հվ 16։28; Եբ 9։24)։ Նրա գահը երկնքում է (Ես 66։1)։ Լինելով Ամենակարող Աստված՝ նա ի զորու է անելու ամեն բան (Ծն 17։1; Հտն 16։14)։ «Ամեն ինչ մերկ ու բացահայտ է նրա առաջ», և նա «հենց սկզբից ասում է այն, ինչ լինելու է վերջում» (Եբ 4։13; Ես 46։10, 11; 1Սմ 2։3)։ Աստծու զորությունը կարող է հասնել տիեզերքի ամենահեռավոր ծայրերը, և ոչինչ ծածկված չէ նրա «աչքերից» (2Տգ 16։9; Սղ 139։7-12; Ամս 9։2-4)։

Ճշմարիտ Աստված ոգեղեն է. նա չունի ֆիզիկական մարմին (Հվ 4։24; 2Կթ 3։17), թեև երբեմն իր կարողությունները, օրինակ՝ տեսողությունը և ուժը նկարագրելիս օգտագործում է մարդկանց համար հասկանալի տերմինններ։ Նա խոսում է իր փոխաբերական «բազկի» (Ելք 6։6), «աչքերի» ու «ականջների» մասին (Սղ 34։15)։ Աստված ասում է, որ լինելով մարդու աչքն ու ականջը Ստեղծողը՝ անշուշտ կարող է տեսնել ու լսել (Սղ 94։9)։

Աստծու գլխավոր հատկություններից են սերը (1Հվ 4։8), իմաստությունը (Առ 2։6; Հռ 11։33), արդարությունը (2Օր 32։4; Ղկ 18։7, 8) և զորությունը (Հոբ 37։23; Ղկ 1։35)։ Աստված չի սիրում անկարգություն, նա խաղաղություն է սիրում (1Կթ 14։33)։ Նա բացարձակապես սուրբ է և մաքուր (Ես 6։3; Ամբ 1։13; Հտն 4։8), երջանիկ է (1Տմ 1։11) ու գթասիրտ (Ելք 34։6; Ղկ 6։36)։ Աստվածաշնչում խոսվում է նաև Աստծու բազում այլ հատկությունների մասին։

Նրա դիրքը։ Եհովան տիեզերքի Գերիշխանն է, հավիտենության Թագավորը (Սղ 68։20; Դն 4։25, 35; Գրծ 4։24; 1Տմ 1։17)։ Նրա գահը ամենաբարձր դիրքն է զբաղեցնում (Եզկ 1։4-28; Դն 7։9-14; Հտն 4։1-8)։ Եհովան Մեծափառ է (Եբ 1։3; 8։1), հզոր Աստված է և փառավոր է (1Սմ 4։8; Ես 33։21, ԱԹ)։ Նա ամեն տեսակ կյանքի Աղբյուրն է (Հոբ 33։4; Սղ 36։9; Գրծ 17։24, 25)։

Նրա արդարությունն ու փառքը։ Ճշմարիտ Աստված արդար Աստված է (Սղ 7։9)։ Նա փառահեղ Աստված է (Սղ 29։3; Գրծ 7։2)։ Նա իր վեհությամբ գերազանցում է բոլորին (2Օր 33։26)։ Աստված «վայելչությամբ է զգեստավորված» .... զորություն է հագած» (Սղ 93։1; 68։34)։ Նա շրջապատված է վայելչությամբ, վեհությամբ, մեծափառությամբ, շքեղությամբ ու փառքով (Սղ 104։1; 1Տգ 16։27; Հոբ 37։22; Սղ 8։1)։ «Փառահեղ ու հոյակապ են նրա գործերը» (Սղ 111։3)։ Նրա թագավորության փառքը վեհաշուք է (Սղ 145։11, 12)։

Նրա նպատակը։ Աստված ունի նպատակ, որն անպայման կիրագործի, և ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել նրան ի կատար ածելու այն (Ես 46։10; 55։8-11)։ Ինչպես կարդում ենք Եփեսացիներ 1։9, 10-ում, նրա նպատակն է՝ «Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են»։ Քրիստոսի միջոցով կվերականգնվեն Աստծու և բոլոր բանական էակների միջև խաղաղ հարաբերությունները (հմմտ. Մթ 6։9, 10)։ Ոչ ոք Եհովայից առաջ գոյություն չի ունեցել, հետևաբար ոչ մի աստված չի կարող համեմատվել նրա հետ (Ես 44։6)։ Նա է Արարիչը, ուստի նրանից առաջ ոչ մի աստված գոյություն չի ունեցել և «նրանից հետո էլ չի հայտնվել», քանի որ ազգերը երբեք չեն կարող ստեղծել իրական, կենդանի աստված, որը կկարողանա կանխատեսել ապագան (Ես 43։10; 46։9, 10)։ Եհովան Ալֆան և Օմեգան է (Հտն 22։13), միակ Ամենակարող Աստվածն է։ Նա վերջնականապես կլուծի գերիշխանության հարցը և մեկընդմիշտ կփաստի, որ ինքն է միակ Ամենակարող Աստվածը (Հտն 1։8; 21։5, 6)։ Նա երբեք չի մոռանում իր նպատակներն ու ուխտերը և երբեք չի հրաժարվում դրանցից, ինչը վկայում է, որ նա վստահելի ու նվիրված Աստված է (Սղ 105։8)։

Հաղորդակցվելու պատրաստ Աստված։ Աստված շատ է սիրում իր ստեղծած էակներին, այդ պատճառով բազմաթիվ հնարավորություններ է տալիս նրանց ճանաչելու իրեն և հասկանալու իր նպատակները։ Մարդիկ երեք անգամ պատիվ են ունեցել լսելու անձամբ Աստծու ձայնը (Մթ 3։17; 17։5; Հվ 12։28)։ Նա մարդկանց հետ խոսել է հրեշտակների միջոցով (Ղկ 2։9-12; Գրծ 7։52, 53), այն անհատների միջոցով, ում տվել է առաջնորդություն և հայտնություններ (օրինակ՝ Մովսեսի), և գլխավորապես իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եբ 1։1, 2; Հտն 1։1)։ Աստված իր ծառաների հետ հաղորդակցվում է իր գրավոր Խոսքի միջոցով՝ օգնելով նրանց ամբողջովին սպառազինված լինել իրեն ծառայելու համար և առաջնորդելով նրանց կյանքի տանող ճանապարհին (2Պտ 1։19-21; 2Տմ 3։16, 17; Հվ 17։3)։

Նա բոլորովին նման չէ ազգերի աստվածներին։ Ճշմարիտ Աստված՝ փառահեղ երկնային մարմինների Արարիչը, այնքան փառավոր ու լուսափայլ է, որ միս ու արյունից մարդը ի վիճակի չէ նայելու նրան։ «Ոչ մի մարդ չի կարող տեսնել [Աստծուն] ու ողջ մնալ» (Ելք 33։20)։ Միայն հրեշտակները, որոնք ոգեղեն արարածներ են, կարող են բառացիորեն տեսնել նրա երեսը (Մթ 18։10; Ղկ 1։19)։ Ճիշտ է, Աստված այդպիսի հնարավորություն չի տալիս մարդկանց, սակայն հավատարիմ սիրուց մղված՝ օգնում է նրանց իր Խոսքի միջոցով տեսնել իր հրաշալի հատկությունները։ Աստված իր մասին տեղեկություններ է հայտնել նաև Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Մթ 11։27; Հվ 1։18; 14։9)։

«Հայտնություն» գրքի միջոցով Աստված մեզ օգնում է պատկերացնելու, թե ինչ տպավորություն կարող է թողնել իր ներկայությունը։ Հովհաննեսը մի տեսիլք տեսավ, ինչը մոտավորապես համարժեք էր Աստծուն տեսնելուն։ Նա նկարագրում է, թե ինչ տպավորություն էր ստացել՝ այդ տեսիլքում Աստծուն իր գահի վրա տեսնելով։ Հովհաննեսը չտեսավ ինչ-որ մարդկային կերպարանք. իրականում Աստված երբևէ մարդուն չի հայտնվել որևէ կերպարանքով։ Հովհաննեսն ինքն էլ հետագայում ասաց. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հվ 1։18)։ Սակայն Աստծու մասին ասվում է, որ նա նման էր հղկված թանկարժեք քարերի՝ շողշողուն, գեղեցիկ, որոնք շլացուցիչ հմայք ունեն և հիացմունք են պատճառում մարդուն։ Նա «հասպիս ու սարդիոն քարերի էր նման, իսկ գահի շուրջբոլորը զմրուխտանման ծիածան էր» (Հտն 4։3)։ Այսպիսով՝ Աստված այնպիսի հիասքանչ ու գեղեցիկ տեսք ունի, որ նրան տեսնողը հիացմունքից քարանում է։ Նրա գահը նույնպես շրջապատված է փառքով, և շուրջբոլորը հանգստություն ու անդորր է տիրում։ Դա է խորհրդանշում զմրուխտանման շրջանաձև ծիածանը, որը հիշեցնում է փոթորկից հետո տիրող հանգստություն (հմմտ. Ծն 9։12-16)։

Որքա՜ն է ճշմարիտ Աստված տարբերվում ազգերի աստվածներից, որոնք հաճախ պատկերվում են անճոռնի, չար, դաժան, անգութ, անողոք, բարկացած, կատաղի, քմահաճ, դիվային, սարսափազդու և երկրային արարածներին դժոխքում չարչարելու պատրաստ։

«Բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված»։ «Ճիշտ է, կան կարծեցյալ աստվածներ երկնքում կամ երկրի վրա։։ Բայց ինչքան էլ մարդկանց համար շատ «աստվածներ» ու «տերեր» լինեն, մեզ համար միայն մեկ Աստված կա՝ Հայրը» (1Կթ 8։5, 6)։ Եհովան Ամենակարող Աստվածն է՝ միակ ճշմարիտ Աստվածը, և իրավունք ունի բացարձակ նվիրվածություն պահանջելու (Ելք 20։5)։ Աստծու ծառաները չպետք է թույլ տան, որ ինչ-որ մեկը իրենց սրտում և կյանքում զբաղեցնի այն տեղը, որն Աստծուն է պատկանում։ Նա պահանջում է, որ իրեն երկրպագողները ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն իրեն (Հվ 4։24)։ Նրանք պետք է միայն նրա հանդեպ ակնածանք ունենան (Ես 8։13; Եբ 12։28, 29)։

Աստվածաշունչը որոշ հզոր անձնավորությունների նույնպես կոչում է «աստվածներ»։ Նրանցից մեկը Հիսուս Քրիստոսն է՝ «միածին աստվածը»։ Սակայն նա ինքը հստակ ասաց. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք» (Հվ 1։18; Ղկ 4։8; 2Օր 10։20)։ Թեև հրեշտակները «աստվածանման էակներ» են, բայց երբ Հովհաննեսը ուզեց երկրպագել նրանցից մեկին, վերջինս թույլ չտվեց դա անել և ասաց. «Մի՛ արա այդ բանը։ Զգո՛ւյշ եղիր.... Աստծո՛ւն երկրպագիր» (Սղ 8։5; Եբ 2։7; Հտն 19։10)։ Իսրայելի ազգում իշխանությամբ օժտված որոշ մարդիկ կոչվում էին «աստվածներ» (Սղ 82։1-7)։ Բայց Աստծու կամքը երբեք չի եղել, որ որևէ մարդու երկրպագություն մատուցվի։ Երբ Կոռնելիոսը խոնարհվեց Պետրոսի առաջ, առաքյալը թույլ չտվեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ» (Գրծ 10։25, 26)։ Ինչ խոսք, այն կեղծ աստվածները, որոնց մարդիկ հորինել ու ստեղծել են դարերի ընթացքում՝ Եդեմում բարձրացված ըմբոստությունից ի վեր, երկրպագության արժանի չեն։ Մովսիսական օրենքով՝ խստորեն արգելվում էր Եհովայից բացի ուրիշ աստվածներ պաշտելը (Ելք 20։3-5)։ Ճշմարիտ Աստված Եհովան անվերջ չի հանդուրժելու իր հետ մրցակցող կեղծ ու փուչ աստվածներին (Եր 10։10, 11)։

Հազարամյա Իշխանության ընթացքում Քրիստոսը կոչնչացնի բոլոր իշխանությունները և ուժերը, որ հակառակվում են Աստծուն, և դրանից հետո Թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը։ Այդ ժամանակ Աստված «ամեն ինչ կլինի ամենքի համար» (Հռ 8։33; 1Կթ 15։23-28)։ Երկրի վրա ապրող բոլոր մարդիկ թիկունք կկանգնեն Եհովայի գերիշխանությանը և շարունակ կգովաբանեն նրա անունը (Սղ 150; Փպ 2։9-11; Հտն 21։22-27; տես ԵՀՈՎԱ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը